Ես ուզում եմ, որ սա կարդան թատրոնի բեմադրիչ իմ ընկերները: Ընդհանրապես՝ թատրոնի բեմադրիչները, գրական մասերի ղեկավարները, դերասանները… Մոլիեր ու Սունդուկյան բեմադրելը, գուցե, տուրք է, գուցե՝ չգիտեմ ինչ, բայց մեր ժամանակի գրողին, դրամատուրգին բեմադրելը նշանակում է մեր ժամանակի մասին խոսել հենց մեր ժամանակի մարդու լեզվով: Մանավանդ, որ այսօրվա թատրոնն այլևս եզովպոսյան լեզվի կարիքը չունի:
Դավիթ Խաչիյանը տաղանդավոր մարդ է՝ գրող, դրամատուրգ, հրապարակախոս: Իսկ Դավիթ Խաչիյանի գրականությունը մեր մասին է: Ուղղակիորեն մեր մասին:
Օրինակ վերջերս լույս տեսած նրա «Պատերազմ» ժողովածուն էլի մեր մասին էր: Պատերազմի ու խաղաղության ու նաև մեր պատերազմի ու մեր խաղաղության մասին:
Իսկ օրերս լույս տեսած նրա «ԴՐԱՄԱտուրգիա» ժողովածուն՝ իր բնորոշմամբ նրա «կրակոտ սիրուհին» է, որում զետեղված գործերը կարող են հայտնվել մեր թատրոնների բեմերում և մեզ հետ մեր մասին խոսել շատ լավ լեզվով, շատ լավ նյութով:
Դավիթի արձակ ստեղծագործությունները նաև հրաշալի նյութ են հեռուստատեսային սերիալների համար, հատկապես նրա «Գալուայի վերջին գիշերը» ժողովածուն, որը կարող է մեզ ազատել նողկալի սերիալներից և հեռուստատեսային սերիալի նոր մշակույթ բերել:
Ինչևէ: Հույս ունեմ, որ արձագանքները չեն ուշանա:
Նյութը, որ զետեղում ենք, մեր ժամանակի լավագույն դրամատուրգներից՝ Կարինե Խոդիկյանի «Խմբագրի կողմից» գրված հրաշալի անդրադարձն է Դավիթի նոր գրքին ու դրամատուրգիական ստեղծագործություններին և զետեղված է ժողովածուում՝ Կարինե Խոդիկյանի գրչին ու մտքին հավատարիմ: Ազնիվ:
Շնորհակալ ենք Դավիթ Խաչիյանին՝ այն «ՀԱՅԵՐ» մեդիահարթակին տրամադրելու համար: