ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Երբ Դավիթ Խաչիյանն «անհետացավ», հասկացանք, որ հայտնությունն անակնկալներով է լինելու: Մտածում էինք, որ հերթական սքանչելի նոթը կծնվի «ՀԱՅԵՐ»-ի համար: Դավիթի դիտողունակությունն ուղղակի ապշեցնող է և նա կարող է հրաշալի մի նոթ գրել շենքի ճակատից պոկված սալիկի, ճամփեզրին ընկած ծխախոտի տուփի, օտար քաղաքի սալահատակ փողոցի և այլնի մասին՝ համեմված հումորով, մտահոգությամբ, փրկության դուռը ցույց տալու ճանապարհով:

Դավիթը նաև խորը վերլուծություններ կարող է անել՝ հատկապես զբոսաշրջության խնդիրների հետ կապված: Այնքան խորությամբ գիտի ամեն ինչ, որ երբեմն չենք համարձակվում այնտեղ սուզվելու խնդրանքով դիմել: Այստեղ էլ «անհետանալու» վտանգը մեծ է:

Գիտեինք, որ կարող է նաև հերթական գիրքը նվիրել ընթերցողին, որովհետև Դավիթը նաև գրող է: Լավ գրող, որն անընդհատ ապացուցում է ժամանակակից գրականության մահվան մասին գուշակությունների չափազանցված լինելու հանգամանքը, որովհետև ինքը նաև հենց այդ գրականության ստեղծողներից է և հավատում է մեծ մտածողին, որն ասում էր «երբ քամի է փչում, ոչ թե պատ, այլ հողմաղաց կառուցիր»:

Բայց, որ Դավիթի հերթական գիրքը կլիներ դետեկտիվ ժանրում, որքան էլ, որ, ինչպես ինքն է գրում իր կենսագրականում՝ «ֆիզիկներից ամեն ինչ սպասելի է», այնուամենայնիվ, չէինք սպասում:

«Դավիթ Խաչիյանի «Գալուայի վերջին գիշերը» վիպակների ժողովածուն նոր հայկական դետեկտիվի յուրահատկություններն արտացոլող բացառիկ ստեղծագործական իրացում է: Ավանդական կրիմինալի, սպանությունների ու բացահայտումների, պարզունակ առեղծվածների փոխարեն՝ Խաչիյանն առաջարկում է հոգեբանական բարդ ու ինտելեկտուալ լուծումներ, որոնց պարագայում յուրաքանչյուր բացահայտում վերաճում է իմացաբանական վայելքի»:

Այս դիպուկ բնութագիրը քմահաճ գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանինն է, որը նաև գրքի խմբագիրն է, և որը տառացիորեն արձանագրում է Դավիթի ստեղծած դետեկտիվի բովանդակային եզրերը: Իսկապես, անարյուն դետեկտիվ, որը կինոյի լեզվամտածողության նմանությամբ դրվագ առ դրվագ տանում է դեպի հանգուցալուծում՝ լարվածության մեջ պահելով ողջ ընթացքում:

Ի դեպ, Դավիթի հինգ գործերն էլ կինոդրամատուրգիական լավ հիմք են.սքանչելի տեսարաններ կինոլուծումների համար, պատկերներ՝ ծանոթ կամ անծանոթ, բայց մտերմության նման հարազատ, լավ երկխոսություններ՝ թեթևություն ու խոսքի մշակույթ բերող, կերպարներ, որոնց և ճանաչում ենք և՝ ոչ, քանզի տարբեր են մեր ճանաչածի ու Դավիթի ստեղծածի բովանդակային հիմքերը:

Եվ ամենակարևորը. Դավիթ Խաչիյանի դետեկտիվը կոտրում է այն կարծրատիպերը, որ գրականության այդ տեսակը «քնելուց առաջ ընթերցելու», «նյարդային բեռնաթափումներ իրականացնելու» համար է, որովհետև Դավիթն անում է բացահայտումներ, որոնք ոչ այնքան քրեական են, որքան, իրապես, իմացաբանական: Որովհետև, գիտակության մի բացառիկ աստիճանով Դավիթ Խաչիյանը տանում է տարբեր ոլորտներ, խորասուզում հետաքրքիր մանրամասների մեջ և ստիպում ճանապարհներ, որոնումներ պրպտել մտային տիրույթներում՝ ստեղծելով ինտելեկտուալ դետեկտիվի առաջարկը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *