Համարյա ամեն օր ընթերցողի սեղանին դրվող նոր գրքերի շարքում հազվադեպ կհանդիպես դրամատիկական գործերի: Ընդ որում, նման դիտարկումը միայն մեր իրականությանը չի վերաբերում՝ նույն պատկերն է այլոց դեպքում: Սա պայմանավորված է ինչպես գրական այս սեռի առանձնահատկությամբ, այն է՝ արտահայտչամիջոցների ընտրության սահմանափակությամբ, երբ գրողի գործիքներն են միայն հերոսների ուղիղ խոսքը, երկխոսությունները, որոնց օգնությամբ ու շնորհիվ նա պիտի կարողանա ոչ միայն հանդիսատեսի հետաքրքրությունը առաջացնել, այլև պահել այն մինչև վարագույրի իջնելը, այնպես էլ նման գրականության ընթերցանության «դժվարամարսությամբ»: Ուստի առավել ուրախալի է Դավիթ Խաչիյանի «ԴՐԱՄԱturgia» պիեսների ժողովածուի ծնունդը, որը համալրելու է արդի հայ դրամատուրգիայի գրադարակը:
Դավիթ Խաչիյանը գրական հայտ է ներկայացրել դեռևս 2002 թվականին՝ «Զրադաշտի անտիպներից» պատմվածքների ժողովածուով, ստեղծագործական իր ընթացքը շարունակել մինչև 2021 թվականը՝ պատմվածքներ, վիպակ, նոր հայկական դետեկտիվ, հրապարակախոսություն, և վերջապես, իր խոստովանությամբ, համոզվելով, որ «եթե պատմվածքը սիրելի կին է, ապա պիեսը՝ կրակոտ սիրուհի», հերթական գրքի համար մի քանի տասնյակ պիեսներից ընտրել է տասնութը, հեղինակի բնորոշմամբ՝ տասներեք ստերեոպիես և հինգ մոնոպիես:
Հատկանշական է, որ Դ. Խաչիյանը ստեղծել է իր գրական թատրոնը, որտեղ «չկա ազգություն, և չկա ժամանակ», բայց կերպարները անշփոթելի են ինքնության խոր գիտակցությամբ, որտեղ մարդու հիմնական արժեքներն ու պահանջները փոփոխության ենթակա չեն, որտեղ հերոսները որքան մտացածին, նույնքան էլ ճանաչելի են՝ դրամատուրգը «հողից կտրված չէ», կյանքի ճանաչողությունն ու փորձը ոչ միայն նրա ասելիքի բազմազանությունն ու բազմաշերտությունն են ապահովել, այլև ապահովագրել են ծայրահեղությունների, էպատաժի, էժանագին հնարքներով ուշադրություն գրավելու գայթակղությունից:
Խաչիյանի հերոսը մտածող մարդն է՝ սթափ տրամաբանողից մինչև ռոմանտիկ գերզգացմունքային: Նրա հերոսները գործում են իրականից մինչև երևակայականից անդին տիրույթներում՝ ամեն անգամ ընթերցողին փոխանցելով ապրումակցումի հուսատու լիցք, բայց նաև՝ մտորելու հնարավորություն:
«Երեկ, այսօր, վաղը» պիեսն, ըստ հեղինակի, տրագիֆարս է, և այդ տրագիֆարսը մշտակա ներկայություն է մեր երեկվա, այսօրվա և վաղվա կյանքում: Բնականաբար, քաղաքական ենթատեքստով, հրապարակախոսական սուր ու դիպուկ ուղղվածությամբ: Մտածված է կերպարների ընտրությունը՝ Առևտրական, Դերասան, Զինվոր, Կին, Ուսանող, Քահանա, Քաղաքական գործիչ,- հասարակության մանրակերտը, իսկ Հիմարը որպես պիեսի շարժիչ ուժ և «Մի հիմար քարը գցեց փոսը, հազար խելոք չկարողացան հանել» ասացվածքի հեղինակային ինքնատիպ մեկնաբանում:
Բեմի կենտրոնում չգիտես որտեղից հայտնված քարն ու նրա մետամորֆոզ-հետևանքները: Բնական է, որ քարի ներկայությունը պիտի տեսնի Հիմարը, Առաջին պատկերում՝ «լկտի ժպիտով» և «լկտի ծիծաղով», «հեգնանքով» (կերպարի ռեմարկային հուշում) և գործողության մղի բոլոր կերպարներին՝ ի ցույց դնելով հասարակության ողբալի վիճակն ու հոգեկան սնանկությունը, ինքն էլ քարը գցի փոսը, իսկ հաջորդ պատկերներում հնարավորություն տա կանգ առնելու, խորհելու, անկեղծանալու. «ԱՌԵՎՏՐԱԿԱՆ. Քարը մասերի կբաժանեինք ու ամեն մեկիս, հաստատ, մի բան կհասներ: Մենք մի բուռ, բայց իմաստուն ազգ ենք: Պիտի կարողանանք արդարացիորեն ծախել ու կիսել ամեն ինչ… ԶԻՆՎՈՐ. Կռվել է պետք… Խոսք ասողները շատ են ինչ-որ… ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ. Բայց ո՞ւմ դեմ կռվենք: ԶԻՆՎՈՐ. (գազազած ձայնով): Բոլորի՛: ԿԻՆ. Դարձյա՞լ կռվենք: Ինչքան ինձ հիշում եմ՝ մենք միշտ կռվում ենք: ՈՒՍԱՆՈՂ. Ճիշտ է: Դասագրքերում էլ է այդպես գրված: Երեսուն տարի է՝ հեղափոխություն ենք անում: ԶԻՆՎՈՐ. Ուրեմն՝ լավ չենք կռվում: ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ. Մենք խելոք ազգ ենք: Մի ճար կգտնենք: ԴԵՐԱՍԱՆ. Ուրեմն այդքան էլ խելոք չենք: Կռվում ենք, երբ դրա կարիքը չկա և չենք կռվում, երբ կռվե՛լ է պետք: ԿԻՆ. Երևի հիմար ենք, հա՞: ԲՈԼՈՐԸ. Երևի…»:
Աստիճանաբար բոլորն են գիտակցում՝ քարը, որ սկզբում խանգարում էր բոլորին, հիմա, պարզվում է, պետք է: Բոլորին ու ամեն մեկին: Բոլորն էլ միասին փոսից հանում են քարը: Վրա է հասնում ճշմարտության պահը՝ այդ ի՞նչ քար է: Պատասխանը Հիմարն է տալիս. «Երեսուն տարի այս քարը դրված էր այստեղ: Նվեր էր մեզ՝ և՛ Աստծո օրհնանք, և՛ սեր, և՛ գիտություն, և՛ արվեստ, և՛ ամեն ինչ… Եվ ի՞նչ արեցինք: Արհամարհեցինք՝ ով ինչպես կարող էր: Անգամ թքեցինք վրան: Երևի թե պետք էր գցել փոսը, որ հասկանայինք արժեքը, թե ինչ էր մեզ համար»: 44-օրյա պատերազմ ու պարտություն պիտի լիներ, որ վերջապես ազգովի առերեսվեինք իրականությանը, թեկուզ աններելի ուշացած, բայց Հիմարի հարցերը տայինք ինքներս մեզ ու փորձեինք գտնել պատասխանները: Ով երբ կգտնի ի՛ր պատասխանները՝ հայտնի չէ, իսկ Դավիթ Խաչիյանի Հիմարը իր պատասխանը գտել է. «Նախքան ինչ-որ բան անելը եկեք նստենք ու մտածենք: Մտածենք ու փորձենք հասկանալ, թե մենք ինչ ենք ուզում: Ընդհանրապես… Գուցե մի տեղ հասնենք…»:
«Պատը» տրագիկոմեդիան կյանքի հարահոսության ու նույն կյանքի ընդարմ ընթացքի, ապրելու ծարավի ու ապրելու վախի, հայրերի-որդիների… կարճ՝ հնից կառչելու և նորին չվստահելու պատմություն է: Գործող անձինք (չաղլիկ կատվին չհաշված) ՊԱՏ-ի պատանդներն են, նրանց սկզբունքներն ու կենսակերպը բանաձևվում է. համարիչը՝ ՊԱՏ, հայտարարը՝ Մարիա, Ասպետ, Սոնա, Մարտին, Պապիկ: Ու սա ախտորոշում է, երբ նույն Պատը մեկի համար նախնիների գնդակահարության վկայություն է, մյուսի համար՝ լվացքը կախելու միջոց, երորրդը կարող է միայն պատի կեսը քանդել, իսկ չորրորդը՝ հիմնովին: Արտաքուստ առօրեական, բայցև հոգեբանական անցումներով հագեցած պատմություն է ծավալվում բեմում, իսկ պիեսի ներքին զարգացումը տանում է կտրուկ վճիռների, անսպասելի շրջադարձերի՝ հուսադրելով, որ պատանդառվածներն ուր որ է կազատագրվեն վերջնականապես, բայց… հավատարիմ ժանրի օրենքներին՝ ավարտը անխնա ծաղրն է. «Մարիան մոտենում է աղյուսների կույտին, վերցնում մեկն ու տեղադրում պատի գծով: Ապա մյուսը, երրորդը: Նրա օրինակին է հետևում Ասպետը: Սոնան ու Մարտինն են միանում ջահելներին, միասին բարձրացնում են պատը, ինչպես նախկինում էր: Մարտինը ծաղկամանից վերցնում է ծաղկեփունջը, ամրացնում պատի ճեղքի մեջ, համբուրում պատն ու խոնարհում գլուխը: Սոնան բռնում է ամուսնու ձեռքն ու ինքն էլ է խոնարհում գլուխը: Մարիան և Ասպետը, ձեռք-ձեռքի բռնած, խոնարհում են գլուխները պատի առջև»:
Դաժա՞ն է… Այո, բայց սա է իրականությունը:
«Կղզին» այս ծողովածուի ծավալով ամենափոքր պիեսն է (3 էջ), ինչը փոխհատուցվում է կերպարների գերխտացած ապրումներով: Վիրահատական սեղանին Զինվորն է՝ կյանքի ու մահվան սահմանագծում, կողքի սենյակում Զինվորի հայրն է, կյանքի հետ կապող թելը՝ Վիրաբույժի ու Բուժքույրի ձեռքերում… Նրանցից յուրաքանչյուրի համար դրամատուրգը գտել է այն միակ ու անհրաժեշտ բառերը, որոնք հոգեբանորեն արդարացված են և իրենց տրված կարճ ժամանակամիջոցում ստեղծում են ամեն մեկի Պատմությունը, որը կարող էր լրիվ այլ լինել, բայց հենց այս պահին ճզմվում է պատերազմի մամլիչների տակ:
Պատերազմական թեմայով ևս մեկ պիես՝ «Լոհենգրինի նախերգանքը», որը երկու տարի առաջ միայն ֆանտաստիկ հորինվածք կընկալվեր, իսկ այսօր ավելի քան իրական վտանգը՝ միջուկային ռումբի հնարավոր պայթյունը, դրամատիկական գործը վերածում է ողբերգական տեսլականի: Առիթից օգտվելով ասեմ, որ հենց այս պիեսը դարձավ մեր գրական բարեկամության սկիզբը, երբ 2016 թվականի ամռանը Դավիթը տվեց կարդալու, և որը տպագրվեց նույն թվականին «Դրամատուրգիա» հանդեսում՝ «37-րդ օրը» վերնագրով: Աղետը կատարվել է, ոչինչ այլևս փոխել հնարավոր չէ, անհուսություն, վերջին մոմի հետ մարող սպասում… Եվ մարդկային ամենաաներելի հանցագործությանը նետվող հուսահատ մարտահրավեր է Ադամի (դե իհարկե, երկրի առաջին ու վերջին մարդը նույն անունն էին ունենալու) սահմռկեցնող արարքը՝ իր ձեռքով մկնդեղը լցնում է դստեր՝ կոմպոտով բաժակի մեջ. կարթնանա ու կխմի… Մնացածը ինքն է խմում… Ահավոր դեպրեսիվ, հուսալքող ավարտ, հույսի ոչ մի շող: Եվ սա այն դեպքն է, երբ դրամատուրգի փոխզիջման չգնալը դառնում է թեկուզ և կասկածելի, բայց և՝ փրկօղակ:
Աստվածաշնչյան թեմաները ակնհայտորեն Խաչիյանի նախասիրությունների վերին սանդղակում են: Ահա «Բեատրիչե» անտիկ տրագիկոմեդիան, որտեղ Դանտեն ու Վերգիլիուսը ասելիքի փոխատեղվող պտույտում քննում են սիրո, գեղեցկության և սրանցից ամենայն ածանցյալի, այսինքն՝ Առեղծվածի առեղծվածը ամեն անգամ նորովի ու ճանաչելի, բացահայտված ու անծանոթ Բեատրիչեի օրինակով, իսկ նրանց փիլիսոփայական բարձր նշանակետին միտված մտահայեցումներն ընդմիջվում են բեմական բանվորների «հայտնություններով», որոնք բեմում ծավալող իրենց գործողություններով մեկ անգամ ևս ապահովում են հեղինակի հեգնական քմծիծաղը աշխարհի պես հին ու ամեն անգամ նորոգվող պատումի վրա…
Դավիթ Խաչիյանի Կայենն ու Աբելը կոնկրետ ժամանակից ու տարածությունից դուրս են, բայց որպես կալանավոր ու զինվոր՝ «Փշալարերից անդին» պիեսում: Նրանց անվերջ ձգվող զրույցը ոչ այնքան դիմացինին, որքան սեփական անձը ճանաչելու սին ձգտումով, նման է տեղատվություն-մակընթացության, որի դեպքում է միայն փոխվել ոչ միայն անձերով, այլև մտքով թելադրված արարքով…
«Լաց մի՛ եղիր, հայրիկ» մոնոպիեսը «Անառակ որդու վերադարձն» է՝ ըստ Խաչիյանի: Իսկ «Եվան»… այս մոնոպիեսը Կնոջը ձոնված հերթական օրհներգ է: Դրամատուրգի կողմից արարված Եվան մեկ Լիլիթ է դառնում, մեկ՝ Սալոմե, Հեղինե ու Գալաթեա, վրեժի ծարավ Մեդեա ու անմեղ Դեզդեմոնա, նաև Հովսեփի կին Մարիամ… Եվ այդ բոլոր փոխակերպումների հենքին այն միակ ու կարևոր Պատմությունն է Սոնա աղջկա մասին, իսկ ռաուշենբերգյան վիշապի տարիմաստ գալարներ հիշեցնող պիեսի միակ զուլալ լեյտմոտիվը կոմիտասյան երգն է… Ի դեպ, եթե ոմանց դեռ տանջում է, թե ինչ է վերջապես ուզում կինը, Խաչիյանը ունի ի՛ր պատասխանը. «Կինը լոկ մի բան է փնտրում, փոքրիկ ու տաք, խելահեղ ու անսահման մի բան… Կինը սե՜ր է փնտրում… Այդքա՜ն պարզ և, միաժամանակ, այդքա՜ն բարդ մի բան…»:
«Ստերեոպիեսներ» շարքից «Դաշնամուրը» կբնորոշեի պիես-ռոնդո, առավել զուգորդելով երաժշտական ռոնդոյի հետ, երբ գլխավոր թեման՝ ամուսնական կյանքի առօրեական ձանձրույթ-ճահճից սպրդելու սին ջանքերը, զուգահեռվում են տարբեր բովանդակության էպիզոդների հետ (գորգ, ծաղկաման, երկնաքեր և, իհարկե, դաշնամուր): Համաձայն կանոնի՝ գլխավոր թեման գոնե երեք անգամ է անցկացվում (դաշնամուրի վաճառք), իսկ էպիզոդները՝ երկուսից-չորս, բայց արդեն տարբեր տոնայնության: Այսքանը՝ պիեսի կառուցիկ ընթացքի, զարգացման և կանխատեսելի ավարտի մասին: Իսկ այդ տարածքում՝ երկուսը. երբ մեկը կարգախոսում է վստահել-հավատալ-սիրել եռամիասնության անհրաժեշտության մասին, իսկ մյուսը իր լռությամբ հաստատում է դրանց երերուն իրողությունը… Կինը իր մենախոսություններով (թեև անընդմեջ երկխոսում է տղամարդու հետ) աստիճանաբար երևակում է թեև ակներև, բայց և բացահայտվող իրականության ճգնաժամը. այդ երկուսը իրար չեն լսում, ու թեև հեղինակի (կամա, թե՞ ակամա) միտումնավորությամբ մեղադրանքի մեծ բաժինը հասնում է կնոջը, վերջնարդյունքում նրանք պարտվում են հավասարաչափ, ի տրիտուր ավելի քան հեգնական ենթատեքստով ուղղորդված ռոմանտիկ ավարտի… Իսկ համր Միմոսն ընդամենը հաստատում է ամենայն երրորդի ավելորդությունը, երբ երկուսի օտարացումն արդեն սահմանագծից անդին է:
«Դաշնամուրին» (2022, հունվար) հաջորդած «Անձրևին սպասելով» պիեսը (2022, փետրվար) ասես առաջինի շարունակությունն է, բայց սա այն դեպքն է, երբ երկու պիեսն էլ հավակնում են լինել և սկիզբ, և շարունակություն, ի վերջո սիրո թեման հավերժական պտույտն է՝ ռոնդոն, բայց տարբեր վարիացիաներով: Այստեղ էլ՝ կին ու տղամարդ, և անընդմեջ երկխոսություն, բայց Համր միմոսին փոխարինել է խոսքաշեն Անծանոթը, որը խուժելով անծանոթ բնակարանը՝ բառապտույտ զգացմունքների մեջ խճճված զույգին փորձում է դուրս հանել փակ շրջանակից, զզվելիության աստիճան սովորականին նայել նորովի, չի զլանում անգամ գործնական խորհուրդներ տալ (օրինակ՝ երազելու փոխարեն իրական ծաղիկ պահել): Եվ որքան անսպասելի էր Անծանոթի հայտնվելը, նույնքան էլ մշուշոտ պիտի լիներ հեռանալը՝ «Առաքելությունն անհնար է» արդարացմամբ: Երկու պիեսներն էլ համակված են ռոմանտիկ, տեղ-տեղ չափազանցված սենտիմենտալ մտորումներով, տպավորույթյուն է՝ հեղինակը հատուկ սրում, ուռճացնում է իրավիճակը՝ շեշտելու ավելի շատ սիրո մասին խոսող, քան սիրող, կարևոր մի բանի մասին երազող, քան իրականացնող, սպասումով ինքնակաշկանդված մարդկանց խնդիրը կամ ողբերգությունը, որովհետև նման հոգեկան ինքնակենտրոնացման հայտարարն է՝ «Ստանում են այն, ինչ ուզում են, ոչ թե այն, ինչ պետք է»:
Մինչև ո՞ւր կարող է հասնել մտածող, զգացող հերոսների՝ սեփական մենակությունից մինչև սիրելիին հասկանալու, ի սկզբանե դատապարտված, ձգտումը… Դավիթ Խաչիյանը «Անձրևին սպասելիս» պիեսին տվել է «գրեթե տրագիկոմեդիա» բնորոշումը՝ ընթերցողին հնարավորություն տալով գործի մտահղացումից մինչև վերջին տեսարան ձգվող պատմությանը տալ finite la comedia դատավճիռը:
Իհարկե, այս ձևաչափում անհնար է որոշակիորեն ամբողջացնել Դավիթ Խաչիյանի դրամատուրգիան, սա ընդամենը ներկայացում է, ու ցավոք, խոսքը բեմական ներկայացումի մասին չէ: Բացի «Եվա» մոնոպիեսից, որը ընթերցքումը ներկայացվեց Արմմոնո 2023 միջազգային փառատոնում, հեղինակի գործերը բեմական կյանքի հավաստագիր դեռևս չեն ստացել: Բայց ես համոզված եմ, որ Դավիթ Խաչիյանի պիեսները հայտնվելու են թատրոնների խաղացանկերում, և համոզմունքս հիմնված է նրա բերած թեմաների, հերոսների, հարցադրումների ու բացահայտումների արդիականության ու ժամանակին համահունչ զարկերակ ունենալու վրա: