ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ

«ՀԱՅՐԵՆԻՔ» շաբաթաթերթ, Watertown, Massachusetts, USA.

ԴԱՒԻԹ ԽԱՉԻԵԱՆԻ «ՊԱՏԵՐԱԶՄ» ՎԻՊԱԿԸ

Արցախեան 44-օրեայ պատերազմը չէր կարող իր ցաւայոյզ անդրադարձը չունենալ ժողովրդի ցաւով ապրող հայ գրողի ու մեր ժամանակների գրական ստեղծագործութիւնների վրայ:

Արձակագիր, թատերագիր, թարգմանիչ Դաւիթ Խաչիեանի 8-րդ եւ նոր գիրքը՝ «Պատերազմ» խորագրով վիպակը, իւրովի անդրադարձ է այդ ողբերգական իրադարձութեանը:

Դաւիթ Խաչիեանի գրականութեան ինքնուրոյնութեան եւ գրական, արդիական, նորարարական արժէքի մասին առիթ եմ ունեցել արտայայտուելու դեռ տարիներ առաջ՝ 2011 թուականին լոյս տեսած յօդուածովս:

Խաչիեանի կարծիքով արուեստը եւ գրականութիւնը հասարակութիւնից կտրուած չեն կարող լինել: Եւ ինչպիսին հասարակութիւնն է, ինչպիսին հասարակական ու ընկերային կեանքն է, այնպէս էլ դա պէտք է իր արտացոլումն ունենայ արուեստագէտի, գրողի ստեղծագործութիւններում:

Խաչիեանի նոր վիպակը սիրոյ եւ պատերազմի համատեղելիութիւնն է, որի իմաստով էլ այն ներկայանում է «Խաղաղութիւն» եւ «Պատերազմ» երկու մասերով:

Պատմութեան առաջին մասով,- հեղինակի բնութագրմամբ,- քառասուներկուամեայ, ալեխառն մազերով, աչքերում փայլի, հայեացքում՝ հանդարտութեան, վստահութեան, յոգնութեան դրսեւորումներով, ժպիտը դէմքին սառած Միքայէլի մտամշուշ աշխարհն է, ուր նա երջանկութեան իմաստը գտնելու հոգեկան փնտրտոււքի մէջ է: Միքայէլը սիրում է Էլիզային, իսկ դա միակողմ սէր է: Էլիզան սիրում է ուրիշին: Խաթարուած է երջանկութիւնը: «Երջանկութիւն չկայ: Կան միայն երջանիկ պահեր: Պէտք է ապրել այդ պահերով»,- իր մօրը խոստովանում է Էլիզան, ով ուրիշին է սիրում, իսկ այդ ուրիշի ինքնութեան մասին վիպակում այլ բան չի ասւում: Հեղինակը ուրիշի ով լինելը գեղարուեստօրէն առեղծուածային է թողնում: «Ես սիրում եմ մենակութիւնս: Ես արդէն սովորել եմ դրան, եւ ինձ շատ հաճելի է»,- ասում է Էլիզան: Եւ երեւի առեղծուածային ուրիշը հենց մարդկային մենութիւն-մենակութիւնն է: Էլիզայի կերպարով Դաւիթ Խաչիեանը ընդհանրացրել եւ վարպետօրէն է ներկայացրել աշխարհում ապրող այն անհատների կենսաշխարհը, որոնց ուրիշը հենց իրենց տիեզերական մենութիւնն է:

Վիպակի մարդկանց մօտ մտատանջ կծիկի է վերածւուում նաեւ Երեւանում հետզհետէ ահագնացող COVID-19 համավարակի հարցը: Երեւանում,- կամ ինչպէս Խաչիեանն է բնորոշում,- անծով այդ քաղաքում, ոմանք համավարակը լուրջի են առել, իսկ ուրիշներ անլրջօրէն են վերաբերւում մահատարած այդ հիւանդութեանը: Վիպակը անդրադառում է նաեւ այն վնասներին, որոնք առաջացան համավարակի տարածումը կանխելու  միջոցառումների հետեւանքով: «Մարտ ամսին, պարզ դարձաւ, որ զբօսաշրջութիւնը լրջօրէն վտանգուած է: Իսկ Հայաստանում գրեթէ բոլորը այս կամ այն չափով առնչւում էին զբօսաշրջութեանը՝ որպէս դրսից եկող հիմնական աղբիւր: Աստիճանաբար փակուեցին հիւրանոցները, ռեստորանները, թանգարանները… Գարունը շատ ծանր էր սկսւում»,- գրում է հեղինակը:

Համավարակի հետեւանքով ստեղծուած անորոշ իրավիճակից, առօրեայի տուայտանքներից եւ Էլիզայի սիրոյ մերժողական վարանքից ձերբազատուելու համար Միքայէլին հոգեկան մխիթարանք է պատճառում, երբ,- վիպակի բառերով,- մատները խանդաղատանքով,- սեղմում է դաշնամուրի ստեղներին ու նուագում Բախի երկրորդ Անգլիական սուիտը: «Բախը ամէն ինչի պատասխանը տալիս է: Բախն աստուածային է:  Բախն ինքն աստուած է: Նրա հետ կարելի է զրուցել: Նրա հետ կարելի է անգամ լռել: Եւ նրա հետ կարելի է ապրել ողջ կեանքն այս յոգնած ու անծով քաղաքում…»,- գրում է Դաւիթ Խաչիեանը:

Վիպակի գլխաւոր կերպարի՝ քառասուներկուամեայ, ալեխառն մազերով Միքայէլի կենսաշխարհում իրենց ուրոյն տեղն ունեն ծնողները, պապիկը եւ որդին, ովքեր թւում է, թէ խորհրդանշում են կեանքի անցեալ, ներկայ եւ գալիք ժամանակները: Միքայէլի կապուածութիւնը պապիկի հետ խորհրդանշւում է նաեւ իրենց ձախողած սիրոյ պատմութեամբ: Երկուսի մօտ էլ չկայացած սիրոյ յուշեր են ապրում:

Խաչիեանը յաջողել է հարազատօրէն եւ հեռու չափազանցութիւնների դրսեւորումներից իր կերպարներին ներկայացնել իրապաշտական աշխարհում, ցոյց տալով նրանց համեմատական աշխարհայեացքն ու կեանքը կշռադատելու ունակութիւնները:

2020 թուականի Սեպտեմբեր 27-ին բռնկած արցախեան պատերազմը Խաչիեանի վիպակի երկրորդ մասն է, որին, ըստ իս, կարելի է գրական-գեղարուեստական իւրովի ռեկվիեմ համարել, նուիրուած՝ 44-օրեայ մեր զոհերի յիշատակին:

Դաւիթ Խաչիեանը տխուր, բայց իրական անդրադարձներով է գնահատում երկրում համավարակի մտահոգութիւնը դեռ չդիմակայած արցախեան ողբերգական պատերազմի բռնկումն ու պարտութիւնը: «Մենք չզգացինք ու չգնահատեցինք այն, ինչ ունէինք: Մենք քսանվեց տարի ոչ թէ ապրելու եւ յաղթելու ենք պատրաստուել, այլ պարտութեան,- վիպակի գլխաւոր կերպարի անունից գրում է հեղինակը եւ ընդգծում,- «Մենք չհասկացանք, որ Արցախը մեր Եդեմն է, մեր դրախտավայրը՝ իր Դրախտիկ գիւղով, Խաչենի հովտով, աղբիւրներով ու անտառներով… Հադրութի բարբառով, որը մեզ Ս. Մաշտոց է հասցնում»:

Հեղինակը հաստատելով, որ բոլոր պատերազմներում էլ անխուսափելիօրէն զոհեր լինում են, դիտել է տալիս, որ այդ զոհերը յաղթանակի զոհասեղանին պիտի դրուէին, բայց ո՛չ թէ պարտութեան, բայց ո՛չ թէ  հայրենակործան, ազգադաւ կապիտուլացիայի: Եւ ապա խոր ցաւով է նկարագրում երիտասարդ որդիներ կորցրած ծնողների անսահման ողբը եւ վշտահեղձօրէն աղաղակում՝ «ներեցէք մեզ, տղերք, ներեցէք մեզ, որ դուք ընկաք, իսկ մենք ապրում ենք… Հազար վայ այսպէս ապրելուն…»: Եւ յետոյ դառնօրէն ակնարկում է, որ առաջատար երկրները եւ միջազգային հանրութիւնը այդ օրերին իրենց «տաք տեղերում նստած» հանդէս եկան միայն «մտահոգութիւն» եւ «քննադատութիւն» արտայայտելով: Ոչ մի կարգի միջամտութիւն, մինչդեռ, – հեղինակի բառերով,- «պատերազմական մեքենան ահաւոր ոռնոցով շարունակում էր թափ հաւաքել»:

Սովորաբար պատերազմում պարտուող երկրի հասարակարգը սկսում է ապրել յուսահատութեան եւ անորոշութեան մթնոլորտում: Հասարակութեան մէջ տիրում է արտագաղթելու  վտանգաւոր նկրտումներ: Իսկ Հայաստանում, պատերազմից դեռ առաջ շատերի մօտ նկատելի էր այդ իրավիճակը: Խաչիեանը «Պատերազմ» վիպակում եւս անդրադառնում է այդ իրավիճակին, երբ Միքայէլի հարեւանուհին տան աստճանավանդակի վրայ իրեն հանդիպելիս հարցնում է՝ «կարո՞ղ ենք այս երկրից վերջապէս մեկնել: Այստեղ ոչ կեանք կայ, ոչ էլ ապագայ: Միայն մեկնելը կը փրկի,- եւ յետոյ՝ աւելացնում,- «Այո, ես կը գաղթեմ: Տղայիս կը վերցնեմ ու կը գաղթեմ: Կեանքը մէկ անգամ է տրւում, եւ մենք պարտաւոր չենք այս աղբի ու կեղտի մէջ ապրել այդ միակ կեանքը»:

Յուսահատութեան եւ արտագաղթի ահագնացող ծանր ալիքը, սակայն, իր արմատական գնահատականն է ստանում արձակագիր Դաւիթ Խաչիեանի մօտ, երբ վիպակի գլխաւոր կերպարի անունից աղաղակում է՝ «Գնացէք, եթէ ուզում էք գաղթական լինել: Ես մնում եմ: Ես ապրելու եմ, կռուելու եմ եւ յաղթելու եմ: Որդուս կողքին, ընկերներիս կողքին: Յանուն Եռաբլուրում ննջող մեր հերոս տղաների, յանուն իմ զաւակների, յանուն Ձեզ ու Ձեր որդու, յանուն Արարատ սարի…»: Պատգամը պարզ է ու յստակ:  «Երկիրն ինքն իրեն նորմալ ու խելքը գլխին երկիր չի դառնում,- գրում է նա,- նորմալ ու խելքը գլխին երկիր այդ երկրում ապրող մարդիկ են սարքում՝ օր օրի, քարը քարի վրայ դնելով, ծառ տնկելով ու խնամելով, ամուսնանալով ու երեխաներ ունենալով, երեխաներին հայ դաստիարակելով ու հպարտանալով, որ իրենց երեխաները հայոց բանակում են ծառայում»: Հեղինակի պատգամը պարզ է ու յստակ:

Վիպակում ազգային, հերոսական բարձր արժէքների գնահատմամբ են ընդգծւում  այն աւանդները, որոնք ժառանգել են ազգը, հայ զինուորը՝ Գարեգին Նժդեհից, իսկ Արցախի ազգային ազատագրման պայքարում մարտնչած՝ Մոնթէից ու Պետոյից, Թաթուլ Կրպէեանից, Շահէն Մեղրեանից, Դուշման Վարդանից ու Սիմոն Աչիկգոյզաեանից:

«Պատերազմ» վիպակը աւարտւում է «Կղզին» վերնագիրը կրող մէկ արարով դրամայով, ուր բեմը  ներկացնում է հիւանդանոցի վիրաբուժարանը եւ սեղանին պառկած ու մահաքունի մէջ գտնուող վիրաւոր զինուորը, որի երկու ոտքերը ոչնչացել են պատերազմի դաշտում թշնամու ռումբի պայթիւնի հետեւանքով: Զինուորը աղերսել էր խնայել ու չկտրել իր ոտքերը: Վիրաբոյժն ու բուժքոյրը կանգնած են զինուորի գլխին, իսկ նրա հայրը դառնագին խօսքերով իր անմորմոք վիշտն է յայտնում որդուն կորցնելու համար: Տեսարանը խիստ ծանր է: Բեմի լոյսը աստիճանաբար մարում է, որին զուգահեռ ետնաբեմում մի այլ լոյս է վառւում ուղղուած վիրահատասեղանին պառկած զինուորին: Զինուորի սրտի բաբախիւնն աստիճանաբար դանդաղում եւ մարում է,- նկարագրում է հեղինակը:

Հայ զինուորը նահատակուեց, սակայն,- ըստ «Պատերազմ» վիպակի,- «Կռուել ենք, կռւում ենք եւ կռուելու ենք: Մենք զիջելու հայրենիք չունենք: Մեր հայրենիքը մեր տունն է, մեր հողը… Մենք թուրքին տալու հող չունենք»:

1 Comments

  1. Նաիրա

    Բարև ձեզ
    Ինձ հետաքրքրեցին Ձեր պիեսները, կցանկանայի “Սարդարապատ 2028” բեմադրել դպրոցականների հետ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *