Սարօ Նազարեան

Արձակագիր Դաւիթ Խաչիեանի Հետ

Posted By Asbarez Staff On February 7, 2012 @ 5:03 pm In Մշակոյթ

Հաւանաբար շատերը ինձ նման նրա հետ ծանօթացել են «Լեւոն Թրաւըլ» ճամբորդական ընկերութեան գծով: Նա Դաւիթ Խաչիեանն է՝ «Լեւոն Թրաւըլ» ընկերութեան երեւանեան գրասենեակի պատասխանատուն: Այդ տարի դպրոցական մեծ խմբով Հայաստան էինք այցելել եւ մեզ հիւրընկալում էր Դաւիթ Խաչիեանը: Այցելութիւնը անսպասելի, բայց պատեհ առիթ հանդիսացաւ ինձ համար՝ իմանալու, որ զբօսաշրջութեան գործարարութեամբ զբաղուող Դաւիթը՝ Հայաստանի վերանկախացման շրջանի երիտասարդ արձակագիրների ներկայացուցիչներից է եւ որի հոգում գործարարական աշխարհի հոգսերից դուրս, ապրում է հայ գրականութիւնը՝ իր ոգեղէն ու յուզական նրբերանգներով: Արդարեւ, այցի վերջին օրերին անակնկալ ուրախութեամբ հեղինակի մակագրութեամբ ստացայ «Զրադաշտի Անտիպներից» խորագրով իր առաջին գիրքը, ուր ներակայացուած էին նրա աւելի քան չորս տասնեակ ստեղծագործութիւնները:

Գրքի հրապարակումից հինգ տարի անց, այսինքն՝ 2007 թուականին լոյս տեսաւ նրա երկրորդ ժողովածուն՝ «12» խորագրով, ուր տեղ են գտել 2003-2007 թուականներին գրած նրա 12 ստեղծագործութիւնները: Գրական սոյն գործերից բացի, ունի բազմաթիւ ուսումնասիրութիւններ ու աշխատութիւններ՝ Հայաստանի զբօսաշրջութեան մասին:

Դաւիթ Խաչիեանի նորարարական արձակի նիւթը յաւերժական մարդն է՝ իր իմացական բարդ աշխարհով, բարութեան ու չարութեան բազմաշերտ հայեացքներով: Խաչիեանի պատկերած մարդուն լաւապէս ճանաչելու համար, պիտի պեղել ակունքները, ամէն ինչ պիտի սկսել արարչագործութեան ժամանակներից, մտովի պիտի վերադառնալ յունական հին դիցաբանութեանը, վերապրել ու վերիմաստաւորել հոգեւոր հնաւանդ պատումները, վերախորանալ մարգարէների, առաքեալների, պատմիչների, փիլիսոփաների, իմաստասէրների, Նիցչէների ու Շեքսպիրների համամարդկային կշիռ ու արժէք ներկայացնող խօսքերի ու մտքերի մէջ, որպէսզի հնարաւոր լինի հասնել մարդակերտման նուիրական գաղափարին:

«Ու նայելով տեսայ, որ Ինքնս Ինձ եմ կերտել այս եօթ օրում՝ Իմ պատկերով եւ նմանութեամբ: Օրհնեցի եօթերորդ օրը եւ սրբեցի այն: Ապա շունչ փչեցի Տաճարիս մէջ ու նա կենդանի հոգի եղաւ: Ես շա՜տ սիրեցի իմ կառուցած Տաճարը ու կնքեցի այն Իմ սուրբ անունով՝ Մարդ: Եւ կատարուեցին երկինքն ու երկիրը եւ նրանց բոլոր զարդերը որպէս մեծ փայլատակութիւն Իմ փառահեղ կառոյցի վրայ», կարդում ենք «Տաճարաշինութիւն» գրուածքում:

Յունական դիցաբանութեան պատումների իւրայատուկ կնիք է կրում «Զրադաշտի Անտիպներից» շարքից Խաչիեանի «Ազատութեան Հրաշքը» գրուածքը, որում, հեղինակը ազատատենչութեան նուիրական ակունքները փորձում է պեղել յունական հին դիցաբանութեան պատումներում՝ Պրոմեթէոսի ու Զեւսի պայքարում եւ սակայն զուգահեռներ գծելով իր ապրած ժամանակի հետ, համակւում է ահաւոր յուսալքութեամբ, երբ այդ ակունքների փոխարէն ամէնուրեք անտարբերութեան վերածուած ունայնութեան է հանդիպում:

«Ես ճախրում էի աստղից միւսը, վազում Յարդագողի ճանապարհով ու երգերս սփռում Տիեզերքով մէկ: Վայելում էի Ազատութիւնս՝ չցանկանալով նոյնիսկ յիշել ձիւնագագաթ լեռների ցուրտն ու լեարդս կրծող Արծուի հեգնոտ հայեացքը: Ու շուտով մոռացայ այդ ամէնը, ուղղակի աճիւնափոշու պէս ցրեցի Տիեզերքի սեւ անվերջութիւններում անցեալիս վերաբերող ամէն մի յուշ ու միտք: Բայց այն պահին, երբ դարձայ Ազատութեան շրջագնդի միակ կենտրոնը Տիեզերքում, մի անծանօթ ունայնութիւն համակեց ինձ, որ շուտով զիջեց իր տեղը համատարած անտարբերութեանը, ապա՝ ինքնասպանութեան չար խորհրդին: Վախի ճիրաններից ինձ պոկելով՝ ես մեծագոյն զգուշութեամբ ու ներքին աննկարագրելի տագնապով բացեցի հոգուս աչքերը ու սարսափահար տեսայ, որ… ձեռքերիս փոխարէն ուսերիցս երկաթէ շղթաներ են կախուած»: Զարհուրելի այս տեսիլքից յետոյ, հեղինակին պատում է յուսահատութեան եւ ունայնութեան մռայլ զգացումը:

«Ազատութիւնն ինձ համար սկսեց օտար դառնալ, ապա՝ սարսափելի», դառնացած գրում է Խաչիեանը:

Ակամայ հարց է ծագում ընթերցողի մօտ: Ինչո՞ւ այսքան դառնութիւն, յուսալքութիւն: Չէ՞ որ ազատութիւնը հրաշք է եւ հրաշք էլ պիտի մնայ: Եթէ ընդունենք այն իրողութիւնը, որ գրողը իր ապրած միջավայրի հայելակերպ ու անպաճոյճ անդրադարձն է, ապա մասամբ կը կարողանանք գտնել այդ «ինչո՞ւ»ների պատասխանը, թէեւ պատմուածքի աւարտին հեղինակը մի վերջին ճիգով փորձում է թոյլ չտալ, որ այրուեն յոյսի բոլոր կամուրջները:

«Ահա ճախրելով գալիս է Արծիւը, որ կտցի լեարդս: Բայց ես ուրախ եմ, չէ՞ որ այդ ցաւից միայն կը բորբոքուի ծարաւս Ազատութեան»:

Չարութեան արհաւիրքները ցոլացնող նորարարական հեքիաթ է «Քաղաք» ստեղծագործութիւնը՝ «Զրադաշտի Անտիպներից» շարքից: Հեքիաթը պատմում է, թէ ինչպէս երկնքից նետուած խնձորի երեք կորիզներից մէկը արեւի ջերմութեամբ, հողի ուժով ու ջրի զովութեամբ արմատ նետեց անծայրածիր տափաստանում, դարձաւ բերքառատ խնձորենի ու իր շուրջը բոլորուեցին մարդիկ, ովքեր կառուցեցին դպրոց, խանութներ, զօրանոցներ, գրադարաններ, գերեզմանատներ, դատարաններ, նախարարութիւններ, սրճարաններ ու խաղատներ եւ ի վերջոյ՝ անբարոյ վայրեր, ու իրենց քաղաքը անուանեցին Մեծ Քաղաք: Յետոյ մարդիկ կտրեցին խնձորենին ու նրա փոխարէն քարէ աշտարակներ կառուցեցին: «Ու մոռացան աստուածներին ու կարծեցին, թէ հէնց իրենք են աստուածները: Թախծեցին աստուածները, ու վերացաւ նրանց օրհնանքը քաղաքի վրայից, ու բազմալեզու դարձան մարդիկ»: Ապա շատացան անբարոյ մարդիկ, ովքեր մտան զօրանոցները, գրադարանները, գերեզմանատները, դատարանները, նախարարութիւնները, սրճարաններն ու խաղատները եւ գրաւեցին քաղաքը: «Ու լռեցին երգերը, ճահճացան գիտութիւնն ու արուեստը, երկնքի սեւ խոռոչներում կորան տիեզերանաւերը: Չորացան հրապարակների շատրուանները, ու փոշիացան ծաղիկները: Կանգնեցին գործարանները, փակուեցին խանութները, ամայացան համալսարանները: Յեսոյ փլուեցին տները, իսկ մարդիկ կամաց-կամաց լքեցին քաղաքը: «Ու ամէն ինչ, որ հողից էր սերել, վերածուեց հողի»…:

Իւրօրինակ են Խաչիեանի այս եւ միւս ստեղծագործութիւնների պատկերները, որոնցմով հեղինակը ստանում է ինքնատիպութիւն, արտայայտութեան առանձնայատկութիւն: Իմաստասիրական բարդ ու խորաբովանդակ մտքերով ու արտայայտութիւններով հարուստ Խաչիեանի ստեղծագործութիւնները յագեցուած են համամարդկային հարցերի ու ժամանակակից մարտահրաւէրների արծարծմամբ, որոնց լուծումները գտնելու համար, հեղինակը մտածելու եւ վերակշռադատելու լայն հնարաւորութիւն է տալիս ընթերցողին:

Այնուամենայնիւ, խօսելով գրողին ընձեռուած հնարաւորութիւնների մասին՝ Խաչիեանը շեշտում է, թէ «Արուեստագէտը մեծ ընտրութիւն չունի: Ընդամէնը մի քանի թեմաներ գոյութիւն ունեն՝ ծնունդ, սէր, աստուածներ, մարդ, կենդանիներ, ովկիանոսի մէջ թաքնուած կղզի, մահ… Դրանք յաջորդում են իրար գարունից ամառ, աշունից ձմեռ: Ու տասներկու ամիսների տեսքով դառնում են կեանքը»: Այս նախաբանով էլ սկսում է իր «12» խորագրով գիրքը, որի տասներկու պատմուածքները հիմնականում շօշափում են այդ նիւթերը:

Խաչիեանի երկու գրքերի մէջ ընթերցողը կարող է յայտնաբերել նուրբ թելի նման իրար շաղկապուող նիւթերի շարան, ընդ որում առաջին գրքի մէջ նորարար, փորձապաշտ հեղինակը հանդէս է գալիս որոնումներով, իսկ երկրորդում՝ այդ որոնումները բիւրեղանում, իսկ պատգամը առաւել առարկայական է դառնում: Այդ մասին ակնարկել է նաեւ ինքը՝ հեղինակը:

«Ընդհանրապէս, գոյութիւն ունի մէկ հիմնարար հարց՝ բանալիների եւ դռների հարցը: Գոյութիւն ունեն դռներ, եւ պէտք է գտնել դրանց բանալիները: Ու նաեւ գոյութիւն ունեն բանալիներ, եւ պէտք է գտնել դրանց համապատասխանող դռները», գրել նա:

Իսկ ես համոզուած եմ, որ մենք դեռ պիտի գտնենք նոր բանալիներ ու բացուող նոր դռներ՝ Խաչիեանի ապագայ ստեղծագործութիւններում…:

Գլենդէյլ,

27 Դեկտ. 2011

Article printed from Asbarez News – Armenian Edition: http://asbarez.com/arm

URL to article: http://asbarez.com/arm/122243/

1 Comments

  1. Սարօ Նազարեան

    Հիացմունքով ու բարձր գնահատանքով եմ կարդացել Դաւիթ Խաչիեանի «37-րդ օրը» հոյակապ թատերգութիւնը, որը նաեւ որպէս դասանիւթ դասաւանդում եմ իմ 12-րդ դասարանի աշակերտներին: Ըստ իս, թատերգութեան բովանդակութիւնը եւ հեղինակի մատուցման գրելաոճը նորարարական եզակի գործ է: Միջուկային պատերազմը ահազանգող ողբերգական ահաւոր ու ցնցող պատկեր է ներկայացնում թատերգութիւնը, ուր հերոսները որպէա մարդկային տեսակի ամենավերջին մոհիկանները անյոյս փորձում են լուսաւոր ելք գտնել միջուկային զէնքից ամայացած աշխարհի համար: Տխուր եւ սարսափելի իրականութիւն է, որը թատերգութեան աւարտին վարագոյրը իջնում է մարդկային տեսակից Երկիր մոլորակի մնացած երեք արարածների՝ Ադամի, իր դստեր եւ նրանց բարեկամ՝ Ռոբերտի ողբերկական մահուամբ:
    Թատերգութեան մէջ Դաւիթ Խաչիեանը նաեւ գիտական խորաթափանց ուսումնասիրութեամբ է անդրադարձել միջուկային զէնքի արհաւիրքին: «Փոշու ու հողի միլիոնաւոր տոննաներ փակել են երկնակամարը: Օզոնային պաշտպանիչ շերտը հաստատ վերացել է: Դրա վերականգնման համար բարենպաստ պայմաններում հազարաւոր տարիներ են պէտք»,- յոսաբեկ բարձրաձայնում է Ադամը:
    «37-րդ օրը» համամարդկային լուրջ մարտահրաւէր եւ ազդարարող ահեղ կոչ է բոլոր նրանց՝ աշխարհի բոլոր տէրութիւններին, որոնք միջուկային զէնքը համարում են ուժի եւ պաշտպանութեան վահան՝ իրենց անզօրութիւնն ու վախը ծածկելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *