Իմ մասին

david

Ես ծնվել եմ 19.. չեմ հիշում քանի թվականին Հացի հերթում: Ինձ մի փաստաթուղթ էին կապել` նշելով քաշս, հասակս և մորս անունը: Հիմա այդ փաստաթուղթը կորած է, և ես չգիտեմ, թե երբ եմ ծնվել: Հայրս ու մայրս էլ են Հացի հերթում ծնվել, պապս ու տատս էլ, հարևան շենքի երկրորդ հարկի լուսամուտից նայող շիզոֆրենիկ տղան էլ, նրա մայրն ու անհայտ հայրն էլ: Հացի ու հացամթերքների նախարարն էլ է Հացի հերթում ծնվել, նրա երեխաներն էլ: Բոլոր մարդիկ ծնվել են Հացի հերթում: Բոլո՛րը: Պարզապես մի մասն ամոթխածությամբ լռում է: Մյուսները չգիտեն կամ էլ չեն ցանկանում իմանալ: Երրորդները փորձում են ապացուցել չորրորդներին, որ իրենք Հացի համար չեն կանգնած, այլ մի ուրիշ բանի, բայց ու՜մ են խաբում: Չէ՞ որ բոլորիս ճակատին հացի նշանը կա…

Ես ծնվել եմ 19.. չեմ հիշում քանի թվականին Հացի հերթում: Յոթ տարեկանում գնացի դպրոց: Հենց այստեղ` Հացի հերթում: Առաջին դասը Հացի մասին էր: Տասը տարի անց ավարտական շարադրությանս թեման էլ էր Հացին վերաբերում: Հետո ընդունվեցի Հացի բարձրագույն դպրոց: Ասենք` ուրիշ դպրոց չկար էլ: Երբ լրացավ տասնութս, ինձ երկու տարով ընդգրկեցին Հացի հերթը պաշտպանող ջոկատի մեջ: Ավարտեցի Հացի բարձրագույն դպրոցը և դիպլոմ ստացա, որն ավելի ամրացրեց իմ տեղը հերթում: Հիմա կանգնած եմ Հացի հերթում և շատ երջանիկ եմ, քանզի ունեմ իմ անձնական համարը: Կան ինձանից առաջ և ինձանից հետո կանգնածներ: Նրանք էլ են երջանիկ: Իսկ յոթմիլարդերորդին հատուկ մրցանակ էր նախատեսված. նրան մի փոքրիկ կտոր Հաց նվիրեցին: Նա երջանկությունից խելքը թռցրեց և հիմա բուժվում է Հացի հերթի հիվանդանոցում:

Մենք շատ երջանիկ ենք, որ կանգնած ենք Հացի հերթում: Մեր կյանքն իմաստավորված է, իդեալը հայտնի` Հացը: Ոչինչ, որ ոչ ոք իր կյանքի ընթացքում չի հասցնում կշտանալ Հացից: Կարևորը Հացի հերթում կանգնած լինելն է և այն ջերմացնող միտքը, որ քո մահախոսականում կգրվի. «Նա մինչև կյանքի վերջին րոպեն կանգնեց Հացի հերթում: Օրինա՛կ վերցնենք նրանից: Նա Մեծ հերթ կանգնող էր (մեծատառով)»:

Ես խղճում եմ հարևան շենքի երկրորդ հարկի լուսամուտից նայող շիզոֆրենիկ տղային: Նա Հացի հերթ համարյա չի կանգնել: Ասում են` նա զառանցում է ինչ-որ լույսի, ինչ-որ երկնային արքայության մասին, թեև ինքն էլ հանապազօրյա հաց է խնդրում: Նաև պատմում են, որ նա հաճախ հորն է հիշում ու լաց է լինում: Ինչ-որ հիմար խորհուրդներ է տալիս, թե ինչ անենք և ինչ չանենք: Մի անգամ մի էշ հեծնած նա փորձեց մոտենալ Հացի հերթին և իր ցնդած գաղափարները քարոզել: Բայց մենք, բարեբախտաբար, ժամանակին գլխի ընկանք, թե ինչ վտանգով է դա հղի: Նրան լավ ծեծեցինք ու ետ ուղարկեցինք. թող գնա ու զառանցի ինչքա՜ն ուզում է, բայց մեզանից հեռու: Խե՜ղճ շիզոֆրենիկ, մի՞թե կարծում ես, թե կարող ես այս ազնիվ մարդկանց կտրել մեծ ու փառավոր գործից` Հացի հերթ կանգնելուց: Մի՞թե մարդիկ Հացի հերթ կանգնելու երջանկությունը կփոխեն քո խոստացած ապուշությունների հետ: Այս երկար ու հզոր հերթը, որը միավորում է մարդկանց իր դրոշի ներքո, մեզ ոչ միայն իր անդամը լինելու երջանկությունն է պարգևում, այլև ջերմացնում է մեր միտքն այն գաղափարով, որ մենք Մեծ գործի համար ենք ծնված` Հացի հերթ կանգնելու: Հացի հերթը մեզ է պաշտպանում, և մենք` նրան: Օր-օրի, ժամ-ժամի, ամեն րոպե ու վայրկյան:

Մենք հպարտ ենք, որ Հացի հերթում ենք կանգնած: Եվ շա՜տ է նրա փառքը, ով առավել ամուր է կանգնած այդ հերթում: Հացը մեր կուռքն է. նրան մոտենալ չի կարելի, կարելի է միայն ձգտել: Եվ այդ ձգտումը, որի վրա ծախսվում են մեր կյանքի օրերը, լավագույնն է, որ մենք կարող ենք անել: Հացի հե՛րթ կանգնեք և երջանիկ կլինեք: Եվ երբեք մի՛ մտածեք այն ապուշ բաների մասին, որոնցով իր գլուխն է լցրել հարևան շենքի երկրորդ հարկի լուսամուտից նայող շիզոֆրենիկ տղան:

Հացի հերթում ես մի լավ աղջիկ եմ նկատել` հացագույն մազերով: Ես կամուսնանամ նրա հետ, և մենք միասին ավելի երջանիկ կլինենք: Ես որդի կունենամ և անունը Հացիկ կդնեմ: Երբ նա մեծանա և հասկանա Հացի հերթ կանգնելու երջանկությունը, հպարտ կլինի ինձանով` իր հորով: Եվ, երբ ես արդեն չեմ լինի, նրան կասեն. «Քո հայրը Մեծ հերթ կանգնող էր: Օրինա՛կ վերցրու նրանից: Նա մինչև կյանքի վերջին րոպեն կանգնեց Հացի հերթում»:

Հացի հերթ