Անտիկ տրագիկոմեդիա սիրո մասին՝ 3 արարով և անախրոնիզմի տարրերով
Գործող անձինք՝
ԴԱՆՏԵ
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
ԲԵԱՏՐԻՉԵ (Համր դեր)
ԲԵՄԱԿԱՆ ԲԱՆՎՈՐՆԵՐ (Հիմնականում՝ համր դերեր)
ԱՐԱՐ 1 – ԴՐԱԽՏ
Տարբեր կողմերից մտնում են Դանտեն և Վերգիլիուսը։ Զարմացած իրար են նայում, ապա՝ հանդիսատեսին։ Քայլում են դեպի բեմի տարբեր կողմերը։ Դանտեն ինչ-որ բան է ցանկանում ասել, բայց հայտնվում են բեմական բանվորները, իրենց հետ դեկոր բերում, այդ թվում՝ մի գրոտեսկային քար, և աղմուկով ու անկանոն շարում բեմում։ Մի անկյունում Մելպոմենեի արձանն են դնում։ Դանտեն և Վերգիլիուսը լուռ հետևում են բանվորների աշխատանքին։ Վերգիլիուսը գրպանից մանրադրամ է հանում ու նետում բանվորներին։ Վերջիններս ուրախացած հավաքում են դրամներն ու, իրար հետ գռեհիկ կատակներ անելով, հեռանում։ Դանտեն և Վերգիլիուսը մնում են մենակ։ Վերջինս նստում է։ Դանտեն մոտենում է քարին, ոտքով ստուգում ամրությունը և բերում-տեղադրում բեմի կենտրոնում՝ հանդիսատեսին մոտիկ։
Երաժշտությունը՝ ըստ բեմադրիչի հայեցողության։ Որպես հնարավոր տարբերակ՝ Վիվալդիի «Տարվա եղանակները»։
ԴԱՆՏԵ (Բարձրանալով քարին և բանաստեղծական պաթոսով)
–Կիսաճամփին մեր այս կյանքի նախընթաց
Ես կորցըրի ճանապարհը ճշմարիտ
Եվ ինձ գտա մի անտառում մթամած։
Օ՜, դժվար է արտահայտել, թե որքան
Վայրի, դժնի ու մռայլ էր անտառն այդ.
Պակուցիչ է հիշելն անգամ սոսկական…
Նա դառնաշունչ ու ահեղ էր մահվան պես,
Բայց ցույց տալու համար բարիքն իմ գտած՝
Կպատմեմ, թե ինչեր տեսա այնտեղ ես։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Ծափ է տալիս)
– Դե ինձ պատմիր՝ ինչեր տեսար ցավալի
Քո այդ դժնի և պակուցիչ անտառում։
ԴԱՆՏԵ (Զարմացած նկատելով Վիրգիլիոսին)
–Ո՞վ ես դու, իմ հանդիսատես բաղձալի։
Շատ են ականջ դնողները այս կյանքում,
Սակայն քիչ են լսողները ցանկալի։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
–Սեգ Մանտուան ինձ կյանք տվեց,
Հետո փախցրին կալաբրացիք,
Պահում է արդ Պարթենոպեն։
Երգել եմ արտ, արոտ, քաջեր…
ԴԱՆՏԵ (Մտածկոտ)
– Տողերը այս հնչում են շատ հարազատ։
Աստվածներն ինձ հիշողություն պարգևեն․․․
Բայց մի րոպե, կարդացել եմ բառերն այդ՝
Դամբարանում, հին Նեապոլ քաղաքի…
Մեջբերումդ հաջող է շատ ու տեղին,
Բայց անունըդ դու ինձ կասե՞ս թանկագին։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Ընկերներս և մի կայսր
Ինձ Վիրգիլ են սիրով կոչում։
ԴԱՆՏԵ
– Եվ մի կա՞յսր։ Ճի՞շտ լսեցի։ Կկրկնե՞ս։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Ճի՛շտ լսեցիր։ Մեկը միայն,
Բայց կերպարը՝ երանելի՜…
ԴԱՆՏԵ
– Երանելի՞… Իսկ անու՞նը պատվական․․․
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Ես կակնարկեմ՝ իշխում է նա
Հավերժական մեծ քաղաքում։
Եվ սերում է Հուլիոսների
Հայտնի տոհմից պարթևազուն։
Նա ինձ սիրով և հարգանքով
Մեծ Վարպետ էր միշտ անվանում։
ԴԱՆՏԵ
–Ասում ես՝ Վարպե՞տ։ Այն էլ՝ մեծանու՞ն․․․
Ինչու՞ գաղտնիքներդ մեկեն չես բացում։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Ընդհատելով)
– Դարձյալ շեղվեցինք արվեստից սիրուն․․․
Գեղեցիկ բան էիր դու արտասանում։
ԴԱՆՏԵ
– Բաց չթողնես մտքիս թելը անհատնում․․․ (Շունչ է քաշում, դադար)
Նախաժամն էր արշալույսի վաղորդյան,
Եվ արևն այն աստղերի հետ էր ծագում,
Որոնց հետ էր այնժամ, երբ Սերն աստվածյան
Շարժում տվեց մարմիններին գեղատես։
Գտնելով պահն ու եղանակն հուսալի,
Արդեն այնքան երկյուղ չէի զգում ես
Այն գազանից պատած մորթով գույնզգույն,
Բայց ես նորից համակվեցի սոսկումով,
Երբ երևաց ինձ մի առյուծ հանկարծույն։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Սպասողական)
– Ի՞նչ եղավ հետո։ Այդքա՞նը միայն։
ԴԱՆՏԵ
– Թղթին չեմ հանձնել… Մտածում եմ դեռ…
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Վերնագիր չունի՞։ Անավա՞րտ է այն։
ԴԱՆՏԵ
– Մտքերս շատ են՝ որպես ծանր բեռ․․․
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Կարծես հասկացա՝ անուն չգտած՝
Տանջվում է միտքդ ցավից երկունքի։
Ո՞վ է տեսել, որ մորից նոր ծնված
Երեխան ապրի առանց կնունքի։
ԴԱՆՏԵ
– Ասում ես՝ անու՞ն… Մի պահ մտածեմ․․․
Կանվանեմ նրան ես «Էնեական»՝
Մեր մեծ հերոսին Դժոխք կտանեմ։
Արդար կլինի և արդիական։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Սու՜րբ անմեղություն․․․ Այս ի՞նչ եմ լսում․․․
Թույլ տուր քեզ մի բան հայտնեմ ցավալի՝
Վաղուց գրված է պոեմ այդանուն,
Գիտեմ՝ հնչում է շատ զարմանալի․․․
Բոլորն անխտիր քեզ կմեղադրեն
Գրագողության դժնի հանցանքում։
Հուսամ, որ հիմա, դժոխքի եզրին,
Դու մի անպատեհ կատակ չես անում…
ԴԱՆՏԵ (Շփոթված)
– Իրա՞վ։ Չգիտեի… Չեմ լսել երբեք։
Ես այն կանվանեմ «Կատակերգություն»։
Լավ չէ, որ հոգուս անեմ մի նոր մեղք․․․
Կողքին՝ մի մակդիր կամ մի բառ խոսուն…
Թեև քեզ կասեմ առանց խարդավանք՝
Անսպառ են այնտեղ ցավ ու տառապանք…
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Ցավ ու տառապանք․․․ Կատակերգության
Դեմքերը երկու․․․
ԴԱՆՏԵ
– Ա՜խ, ի՜նչ ճիշտ ես դու,
Ոչինչ մի՛ թաքցրու։ Բա՛ց եղիր ինձ պես։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Կոչիր ինձ Վիրգիլ՝ ինչպես մի մարդու։
Կամ էլ՝ Էնեաս, թե այդպես կուզես։
ԴԱՆՏԵ (Ակնածանքով)
– Բայց, ախր, ինչպե՞ս… (Իջնում է քարից)։ Մեծագու՛յն Վարպետ։
«Էնեականի» հեղինա՞կն ես դու… (Հիացմունքով և ակնածանքով)։
Մարո Պաբլիու՞ս… Կամ թե՝ Վերգիլիու՞ս…
Մարո Պաբլիուս Մեծն Վերգիլիու՞ս…
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Ձեռքը թափ տալով)
–Վա՜զն անցիր արդեն։ Դարեր են անցել։
Իմ Էնեասին մոռացել եմ ես…
ԴԱՆՏԵ
– Եվ եթե անգամ դու էլ մոռանաս…
Մարդիկ կհիշեն․․․
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Ախ, խնդրու՜մ եմ քեզ…
Գաղափար մի կար՝ անունն՝ «Էնեաս»…
Օգոստոսափայլ կեսարը հուշեց։
Մեղքըս ի՞նչ թաքցնեմ՝ երբ կարկամեցի՝
Հոմերոսն էլ ծեր իր ձեռքը մեկնեց…
ԴԱՆՏԵ (Հիացմունքով)
– Շա՜տ էլ ճիշտ արեց։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Վստահ չեմ, ավա՜ղ…
Ուզեցի ջարդել ու ոչնչացնել…
Բայց ինձնից թաքուն Կեսարն հրամայեց
Այն հրատարակել, փույթով բազմացնել։
Ես կիսատ-պռատ չեմ սիրում գործեր ։
Կատարելության ծառան եմ վաղուց․․․
Մտքերս պիտի ես սարքեի տաղեր․․․
Հոգնել էի, սակայն, պարապ ապրելուց։
Կայսրն հրամայեց Պալադիում կանչել
Հռոմի բոլոր բանաստեղծներին։
Նրանց հրամայեց ավարտին հասցնել
«Էնեականի» տողերը խրթին։
Սակայն շեղվեցինք, իմ սրտի ընկեր,
Անունդ վսեմ չես հայտնել ինձ դեռ ։
ԴԱՆՏԵ (Խոնարհվելով)
– Տարիներ առաջ իմ հին քաղաքում
Il Sommo Poeta անունն էր թնդում․․․
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Գերագույն պոետ… Շատ վեհ է հնչում,
Բայց համեստության նա չի հավակնում։
Իսկ առավել պարզ տարբերակ չունե՞ս։
ԴԱՆՏԵ
– Քեզ համար՝ Դանտե։ Համեստ է, կարծես։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Լուսե մի անուն․․․ Դանտե թանկագին,
Բայց ինչու՞ կրկին թողեցիր կիսատ
Տաղընթերցումը չքնաղ պոեմիդ։
Ես չեմ ընկալում գործերն անավարտ…
ԴԱՆՏԵ (Հեռանում է դեպի քարը)
– Ուրեմն՝ լսիր։ Օրերից մի օր
Դուրս եկա փողոց իմ Ֆիրենցեում։
Կենտրոնին հասա։ Մարդիկ օրնիբուն
Հենց այդ մայթով էին վերուվար անում։
Ամենաշատը նրանք գինետան
Եվ Հին կամրջի մոտ էին հավաքվում։ (Կարճ դադար)։
Մի քար կար այնտեղ…Սրա պես մի բան։
(Ցույց է տալիս քարը և կանգնում վրան)։
Վստահ եմ՝ վաղուց նա ինձ էր սպասում։
Բարձրացա քարին, աջ-ձախ նայեցի,
Խոր շունչ քաշեցի, նայեցի հեռուն․․․
Սեգ Էվտերպայի շնչով հարբեցի։
Ջրի պես հորդաց լեզուն իմ բեղուն․․․
Հետո կարդացի իմ տաղերգության
Տողերն առաջին։ Ա՜խ, իմ աստվածներ․․․
Մարդիկ վազեցին ասես խելքահան՝
Արհեստավորներ ու հարբեցողներ,
Ներս են գալիս բեմի բանվորներն ու շուրջանակի կանգնում Դանտեի մոտ։
Վաճառականներ, գեղանի կանայք
Ու երեխաներ անդ հավաքվեցին…
Անգամ շուկայից ու հրապարակից
Եկան փոքր ու մեծ, շուրջըս խմբվեցին։
Արեգակը բորբ փողոցի վերջում
Հոգնած քաղաքի մեղքերն էր այրում։
Իսկ գետը Առնո հեռու լեռներից
Մելամաղձության հուշեր էր բերում…
Միայն շուրթերս էի բացուխուփ անում։
Եվ իրար կապում բառերը համակ։
Տերցիններն իրենք իրենց էին ծնվում։
Ինչպես ծառերի բողբոջները տաք․․․
Ասա՛ ինձ, Վարպետ, շնորհը չէ՞ սա
Մեր հավերժական խենթ մուսաների
Կամ էլ պարգևը մեզնից ձանձրացող,
Բայց երես տվող հին աստվածների․․․
Իսկ ֆլորենտացիք՝ բերանները բաց,
Քար էին կտրել լուռ և գլխահակ։
Եվ ես այդ պահին ինձ զգացի աստված
Կամ էլ մարգարե՝ աստծո հրեշտակ…
(Բարձրացնում է ձեռքերը և նայում վեր) ։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Քմծիծաղով)
– Պատկերացրեցի… Իսկ մուսաները
Քեզ համեստության դասեր չտվի՞ն։
ԴԱՆՏԵ
– Զգում եմ հեգնանքդ, օ՜վ Մեծն Վարպետ։
Կարո՜ղ ես կառչել ամեն իմ խոսքին։
Բայց ես քեզ կասեմ առանց քաշվելու՝
Կեղծ համեստության կարիք չունեմ ես։
Երբ գործ ես բռնում ու ճամփա ընկնում՝
Քայլերդ պիտ մեծ ու հաստատ դնես։
Վստահ եմ՝ գիտես, որ ոչինչ մարդուն
Չի տալիս երբեք թևեր մնայուն,
Քան հողը ամուր ոտքերի տակի
Եվ վստահությունը զգացումը կայուն։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Մտքերի մեջ)
– Միգուցե, եղբայր… Խաղաղվի՜ր հոգով․․․
Իսկ ձեռնարկըդ խենթ ինչո՞վ ավարտվեց։
ԴԱՆՏԵ
– Կիսատ թողեցի մի պարզ պատճառով,
Իրիկնաժամին հրաշք կատարվեց․․․
(Կարճ դադար։ Լույսի շող է ընկնում Բեատրիչեի վրա)։
Մեկեն փոթորկվեց հոգիս անխռով…
Երբ հորիզոնում մի կին հայտնվեց։
Քայլերի ձայնը Հին կամրջի քով
Սալահատակից խուլ արձագանքեց։
Իսկ նրա բույրը՝ հոգիս փոթորկող,
Խենթացրեց ինչպես համբույրն առաջին։
Ես չեմ կասկածում՝ ինձ ոգեշնչող
Մուսաներն անգամ լուռ պապանձվեցին…
(Մատնացույց է անում Մելպոմենեի արձանը)։
Իմ Մելպոմենեն… Այլայլված է, տե՛ս․․․
Աստվածներն, իրոք, խանդում են, գիտե՞ս։ (Կարճ դադար)
Լռություն տիրեց։ Ֆիրենցեն համակ
Նրան էր նայում քար արձանի պես։
Իսկ գեղեցկուհին հմայքով դյութիչ
Վեստալուհու պես մեզ էր մոտենում։
Եվ, ինձ հավատա, նրա նազանքից
Լոկ գեղեցկություն ու սեր էր բուրում։
Ամեն շնչի հետ կուրծքը գեղատես
Վեր էր բարձրանում ու վար էր իջնում՝
Վաղ լուսաբացի ալյակների պես
Ադրիատիկի լուրթ մի ծովախորշում…
Դանտեն դադար է տալիս։ Լուսերը թուլանում են։ Հոգեպարար երաժշտություն։ Բեմի անկյունից հայտնվում է ճերմակազգեստ Բեատրիչեն ու անշտապ նազանքով անցնում բեմով։ Դանտեի մոտ կանգ է առնում, մի ժպիտ պարգևում վերջինիս, ուղղում գլխաշորն ու շարունակում քայլել։ Վերգիլիուսին ուշադրություն չի դարձնում։ Անցնում և անհետանում է բեմի մյուս անկյունում։ Դանտեն և Վերգիլիուսը լուռ նայում են նրա հետևից, մինչև որ դուրս է գալիս։ Դանտեն իջնում է քարից, մի քանի անվստահ քայլ անում Բեատրիչեի հետևից, ապա վերադառնում Վերգիլիուսի մոտ։ Երկուսն էլ լուռ են։ Վերգիլիուսն ուշադիր նայում է Դանտեին։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Շանթահարվեցի՜ր, ո՜վ Մեծն Դանտե։
ԴԱՆՏԵ
– Հիրավի, Վարպետ, շանթահարվեցի… (Դադար)։
Դու գիտես, հարկավ, ապրում է մարդը,
Աշխատում հանուն մի կտոր հացի։
Նուրբ քաղաքական հարցեր քննարկում,
Ժառանգներ ծնում, փորձում հոգ տանել․․․
Սրիկաների խաղերը խաղում․․․ (Ցույց է տալիս բեմական բանվորներին)
Ձգտում բարձրանալ, բայց չապականվել…
Այս խենթ հևքի մեջ ինչ-որ հրաշքով
Ուզում ես փրկվել, մնալ երազող՝
Անուրջնե՜ր տեսնել ու պոե՜մ գրել՝
Ձոն աստվածներին ամենակարող։
Ու հանկարծ մի օր հայտնվում է նա՝
Նորին մեծություն Կինը սրտակեր․․․
Ու հասկանում ես, որ քո ողջ կյանքում
Նրան ես սպասել, թաքուն երազել…
Այդ պահին անգամ աչքերը հոգուդ
Սառույց են կտրում, մտնում փակուղի…
Ու հասկանում ես պարզագույն մի բան՝
Որ նա է սրտիդ մուսան բաղձալի…
Որ այսքան տարի ինչպես երազում
Ապրել ես որպես մի սիրո ասպետ։ (Կարճ դադար)։
Լսու՞մ ես ինչի մասին եմ խոսում։
Միտքդ այլ տեղ է։ Որտե՞ղ ես, Վարպետ։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Իրեն հավաքելով)
– Այստեղ եմ, այստեղ…Հուշերով ընկա…
ԴԱՆՏԵ
– Դու գիտե՞ս ինչ է սերը առաջին…
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Տխուր հոգոցով)
– Առաջինը հենց վերջինն է, որ կա։
ԴԱՆՏԵ
– Ճիշտ նկատեցիր՝ (կիսաձայն)։ Ու նաև վերջին… (Ոգևորությամբ)
Հիմա դու լսիր խոսքս ոգեղեն՝
Բարեբախտաբար, քիչ րոպեներ անց,
Երբ գեղեցկուհին շրջվել էր արդեն
Հարևան փողոց՝ միտքս բոցկլտաց։
Քարից ցատկեցի խանդավառությամբ,
Ճեղքեցի մարդկանց ամբոխը դժնի,
Ջահել պատանու խենթ հանդգնությամբ
Նրա քայլերի հետքով վազեցի…
Դանտեն վազում է դուրս։ Բանվորները աճապարանքով վազում են նրա հետևից։ Վերգիլիուսը կանգնում է և նայում Դանտեի կողմը, որը շուտով գլխահակ վերադառնում է։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Անհամբեր)
– Հասա՞ր հետևից։ Դե ասա՛, պատմի՛ր։
Համբերությունըս մի՛ շահագործիր։
ԴԱՆՏԵ
– Ավա՜ղ, չգտա… Ձուլվել էր մարմնով
Հին փողոցների մթնշաղին գաղջ։
Սակայն հիշեցի սրտի թրթիռով՝
Տեսել էի նրան տարիներ առաջ։
Երևի թե՝ ութ տարեկան աղջնակ…
Այդքան կլիներ։ Ես՝ մի տարով մեծ։
Պատկերացնու՞մ ես։ Դեռ այն ժամանակ
Սիրահարված էի հասուն մարդու պես։
Հետո նա կորավ… Լոկ հուշը մնաց…
Քաղցր անունը սրտիս անկյունում՝
Բեատրիչեն իմ… Սերում էր, կարծեմ,
Պորտինարիի տոհմից հնագույն։
Ու տարիներ անց, երբ քարին կանգնած՝
Առյուծ էի կտրել, դարձյալ հայտնվեց՝
Ցնդած պոետիս խելքահան արեց։
Կամ էլ, թե կուզես, խելքըս հետ բերեց…
Այդժամ հիշեցի, որ ցավից անել
Երազ էի տեսել ես նրա մասին։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Երա՞զ։ Կպատմե՞ս։
ԴԱՆՏԵ
– Ուզում ես լսե՞լ։
Վաղուց էի թողել հույսերը իմ սին․․․ (Դադար)
Երազներ կան շատ, որ տեսիլքի պես
Քո միտքն են մտնում ու այնտեղ մնում։
Այդ մեկը, հաստատ, երազ չէր անտես,
Այլ պատկեր մի խենթ, ցնորք սիրասուն։
Հատկապես, որ այն վաղուց եմ տեսել՝
Մինչ հանդիպումը մեր այդ տարաժամ։
Վիրգիլ, իսկապե՞ս ուզում ես լսել։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Ինձ տես՝ վառվու՜մ եմ։ Մի՛ եղիր դաժան․․․
Լուսերը թուլանում են։ Հոգեպարար երաժշտություն։ Բեմի անկյունից հայտնվում է ճերմակազգեստ Բեատրիչեն, դանդաղ նազանքով անցնում բեմով ու անհետանում կուլիսներում։ Միայն լույսի մի շող հետևում է նրան։ Վերգիլիուսը և Դանտեն անշարժ և ապշահար նրան են հետևում։ Երաժշտությունը մարում է։ Լույսերը կրկին ուժեղ անում են։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Մտքերի մեջ՝ ինքն իրեն)
– Անմեղությու՞նն էր… Գեղեցկությու՞նը…
Սե՞րը անապակ… Մուսաս անբասիր․․․
Տեսե՞լ եմ նրան… Բայց որտե՞ղ ու ե՞րբ…
ԴԱՆՏԵ (Մի կերպ իրեն հավաքելով)
– Կասկածներդ թո՛ղ, երա՜զս լսիր։ (Դադար)
Քաղաքն էր դատարկ։ Թրև էի գալիս
Փողոցներով հին՝ լուռ, բայց աներկյուղ,
Երբ տեսա նրան՝ տանից դուրս գալիս՝
Այլայլված, տխուր, ձեռքին՝ մի զամբյուղ…
Գեղանկարչի կտավից պոկված
Սուրբ կույսի նման՝ մաքուր և փխրուն․․․
Նրա տխրահեգ պատկերից ազդված՝
Որպես հին ծանոթ տվեցի ողջույն։
Մի պահ զարմացավ ու պատասխանեց՝
Իսկ դուք ինձ կօգնե՞ք, թե տամ Ձեզ բարև։
Ասացի՝ այո, կարելվույն չափով։
Դուռը բացեցի, բարձրացանք վերև։
Պորտինարիի տունը հնավետ՝
Դրսից լոկ երեք, ներսում՝ բազմահարկ։
Տանը՝ լիքը մարդ՝ ծնողները հեգ,
Երեխաներ շատ, մի կին գլխահակ․․․
Բեատրիչեն ինձ խնդրեց քիչ սպասել
Ու իր սենյակը փութով հեռացավ։
Ի՞նչ պիտի անեի։ Մի տեղ թիկնեցի,
Եվ ինձ այդ պահին հայրը մոտեցավ։
Ձեռքը իմ բռնեց, բարևեց տխուր…
Դանտե, ինձ ասաց, քո տեսքն է դաժան,
Սակայն վստահ եմ՝ սիրտ ունես մաքուր,
Ուստի դու մարդ ես հարգանքի արժան…
Ես քո համեմատ մանուկ եմ անուս։
Շա՜տ եմ ամաչում, բայց պիտի ասեմ՝
Բեատրիչեն իմ հիվանդ է անհույս,
Սակայն ի՞նչ անեմ, եթե փող չունեմ։
Անգամ չեմ կարող մի բժիշկ կանչել…
Երեխաներ, կին… Ո՞ր մեկը ասեմ․․․
Ինքը որոշեց միայնակ ապրել,
Որ իմ հոգսերը մի քիչ պակասեն։
Երեխաներս՝ խեղճ ու սովալլուկ․․․
Խնդրում եմ՝ նրան դու մոտիկ պահես։
Սառել է դեմքին ժպիտը դալուկ․․․
Դու իմ դստրիկին մենակ չթողնես․․․ (Դադար)
Մենք իջանք ներքև։ Փողոցը դատարկ
Հազարապատկեց տխրությունը խոր։
Ո՞ւր պիտի գնաս, նրան դիմեցի,
Գիտեմ՝ տեղ չունես, կանգնել ես մոլոր։
Ասաց՝ Չգիտեմ, ու՞ր պիտի գնամ։
Մարդիկ՝ անտարբեր, քաղաքը՝ օտար․․․
Բառերն այս դաժան դանակի նման
Սիրտըս ծակեցին ցավով միալար։
Կասկածներ չունեի, ուստի ասացի՝
Իմ տանը կապրես, չքնաղ հրեշտակ,
Առանց վախերի դու ինձ մոտեցիր,
Ապահով եղիր իմ տանիքի տակ։ (Դադար)
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Այդքա՞նը միայն։ Պատմություն մի ստերջ․․․
ԴԱՆՏԵ
– Այդքանը միայն… Իսկ ի՞նչ էիր սպասում։
Ինչ որ ունի սկիզբ՝ ունի նաև վերջ։
Սա՞ չէ խորհուրդը մտքի իմաստուն։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Քո տուն չհասա՞ք։
ԴԱՆՏԵ
– Ավա՜ղ, չհասանք։
Վեր թռա քնից ճամփի կեսերին։
Երազում, գուցե, այդ ճամփան անցանք,
Իսկ հուշը մնաց կամրջի մոտ Հին։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Իսկ հետո նա քեզ ոչինչ չհայտնե՞ց։
Երբ հանդիպեցիր դու նրան կրկին։
Հրաշք տեսիլքդ էլ քեզ չայցելե՞ց։
Արդյոք ամոքվե՞ց քո նրբին հոգին։
ԴԱՆՏԵ
– Շատ են հարցերըդ, բայց կռահեցիր՝
Մենք հանդիպեցինք՝ Առնո գետի մոտ։
Որպիսությունը նրա հարցրեցի։
Ասաց՝ ամուսին ունի շատ խանդոտ։
Չգիտեմ՝ խաբե՞ց, որ ինձնից պրծնի,
Թե՞ ճշմարտության բառերն էին դրանք…
Գեղեցկուհուց ո՞վ գլուխ կհանի…
Միշտ էլ ինչ-որ բան թաքցնում են նրանք։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Ես նկատեցի։ Մի՛ փորձիր ժխտել՝
Խելքահան անող կին է նա, հաստատ։
ԴԱՆՏԵ
– Սիրում են կանայք մեզ խելքից հանել։
Նրանց խաղն է դա՝ ամեն ինչից զատ։
Բայց և կան կանայք, երբ դու՛ ես ուզում,
Որ խելքըդ համակ քեզանից տանի․․․
Երկա՜ր տարիներ Բեատրիչեն իմ
Մուսան է եղել և սերը գաղտնի…
Գիտեմ՝ հնչում է մի քիչ անհեթեթ,
Բայց կամքը Զևսի մենք չենք քննարկում։
Դու դա լավ գիտես, իմ ազնիվ Վարպետ։
Պոեմդ անմահ նույն բանն է ասում։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Ձեռքը դնելով Դանտեի ուսին)
– Il Sommo Poeta, ռոմանտիկ ընկեր,
Դու Magnum Opus ունես գրելու,
Ես ցավըդ գիտեմ, բայց աստվածները
Մեր չարածները մեզ չեն ներելու։
ԴԱՆՏԵ (Մոտենալով Մելպոմենեի արձանին և ուսը շոյելով)
– Այո՜, ես գիտեմ… Ու ես դա կանեմ…
Հանրահայտ փաստ է, որ սերը մերժված
Վեհ ու մեծագույն արարումների
Ակունք է անսպառ…
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Տխուր ժպիտով դեպի հանդիսատեսը)
– Մեղքերով շպարված․․․
Վերգիլիուսը քայլում է բեմով։ Դանտեն կանգնած է Մելպոմենեի արձանի մոտ։ Ներս են խուժում բեմական բանվորները և սկսում փնթիաբար ու աղմուկով հավաքել դեկորները և դուրս տանել։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Բարկացած)
– Ովքե՞ր են սրանք՝ լկտի և անկիրթ
Ստահակները այս՝ բոլորն անխտիր։
ԴԱՆՏԵ
– Քաղաքագլխի զինվորներն են բիրտ։
Իմ տունն են քանդում։ Բայց անհոգ եղիր։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Բարկացած)
– Չե՛ն համարձակվի։ Ես հիմա անձամբ
Կայսրին կդիմեմ։ Պատասխա՜ն կտան…
Ո՞վ է տեսել, որ Ֆիրենցեն պաշտող
Պոետին թողնեն առանց ապաստան։
ԴԱՆՏԵ
– Շնորհակալ եմ քեզ, բայց պե՛տք չէ, Վարպետ,
Քանզի անպատեհ նեղություն է դա։
Ու՞մ է պետք շքեղ տունըս ձեռակերտ
Առանց տիրուհու… Լոկ հուշն է ներկա…
Նույնն է, թե առանց սուրբ հոգու բուժիչ
Մարմինը պահես հույսերով անել… (Մոտենալով Վերգիլիուսին)։
Վիրգիլ, դու գիտե՞ս, թե իմ համար ինչ
Դաժան պատիժ են սրանք մոգոնել։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Բարեկամական հեգնանքով)
– Մի՞թե ավարտին պոեմդ հասցնել
Վեհ հերոսների և սիրո մասին։
ԴԱՆՏԵ (Ծիծաղում է)
– Նման մի գիժ բան՝ մարմինս այրել
Կրակների մեջ՝ մինչ հասնեմ մահին։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Քմծիծաղով)
– Եվ ընդամե՞նը… Ես չեմ տեսնում վերջ։
Դու պատմությունը հիշիր ցավագին
Այրվող Իլիոնի, ձիու սնամեջ,
Գոռ հերոսների և սիրո մասին․․․
ԴԱՆՏԵ
– Ես չեմ մոռանում Մեծ Հոմերոսի
Վեհ ռապսոդների խոհը բարեբեր։
(Մտամոլոր դադար։ Սթափվում է)։
Ինչևէ, գնա՛նք, գրչակից ընկեր։
Ավարտին հասցնենք պատմությունը մեր ։
Աստվածները մեզ չարից պաշտպանեն,
Իսկ մուսաները` պարգևեն մտքեր։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Փայլու՛ն գաղափար։ Վե՛ր կաց, գնացինք։
Հերի՛ք է, որքան դատարկ խոսեցինք։
Դանտեն և Վերգիլիուսը ոգևորված դուրս են գալիս։
ԱՐԱՐ 2 – ՔԱՎԱՐԱՆ
Բեմում Դանտեն և Վերգիլիուսն են։ Զարմացած իրար են նայում, ապա՝ հանդիսատեսին։ Հետո քայլում բեմի տարբեր կողմերը։ Մի անկյունից ներս են խուժում բեմական բանվորները։ Կոպիտ ու գռեհիկ պահվածքով անցնում են կուլիսներ։ Դանտեն և Վերգիլիուսը լուռ հետևում են նրանց, մինչև որ դարձյալ մնում են մենակ։ Վերգիլիուսը փորձում է նստել, սակայն աթոռ չի գտնում։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Անգամ մի աթոռ չեն թողել այստեղ։
Անարդարության բարքերն են տիրում։
Ատում էր Կայսրը, երբ պլեբեյներին
Առանց վաստակի հեծյալ էին կարգում,
Քանզի մնում են նրանք պլեբեյներ.
Բուն էությունը երբեք չի փոխվում՝
Աթոռներ զավթած անտաշ ստահակներ՝
Գլուխներն եփած, ականջները հում…
Արժանի չեն իսկ դրանք մեր խոսքին․․․
Բայց շատ շեղվեցինք։ Թույլ կտա՞ս հարցնել՝
Ու՞ր ես ամփոփել իմ Օգոստոսին։
Հույս ունեմ՝ նրան Գեհեն չես ճամփել։
ԴԱՆՏԵ
– Ի՞նչ մեղքս թաքցնեմ՝ պահերիս անքուն
Նման ցանկություն ելել է ինձնից։
Փաստորեն նրա՛ մասին էիր խոսում՝
Մեծն Օգոստոսի՝ Հուլիոսի տոհմից։
Արդար է նրան Քավարան տանել։
Արել է մի գործ նշանակալից՝
Մեծ խոհեմությամբ փորձել է փրկել
Անմահ պոեմըդ լուռ մոռացումից։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Օ՜, բարի գործեր, նա շա՜տ է արել՝
Ոսկեդարն է մեր նրան պարտական։
Իմ Էնեասին նա է պահպանել,
Թեև ես դրան դեմ էի անսահման…
Ես չհասցրեցի… Օրերից մի օր
Ապուլիայի բորբ արևը դաժան
Այն աշխարհ ճամփեց բախտս անցավոր
Եվ ձգտումներս կատարելության…
Երևի հենց դա ու ոչ մի այլ բան
Շանթարձակ Զևսի զայրույթը շարժեց։
Քանզի կորովը անբասիրության
Ժառանգել ենք մենք բուն աստվածներից.
Պետք չէ որոնել երկնային համբավ,
Եթե սերում ես մարդկային ցեղից։
Մահկանացուին վայել չէ բնավ
Փորձել կտրվել սեփական ստվերից։
ԴԱՆՏԵ
– Երախտապարտ եմ ես հոգով այնքա՜ն
Օգոստոսափայլ Կայսրին պանծալի։
Այլապես կյանքս կդառնար ունայն․․․
Ո՞վ պիտի կիսեր ցավս անձկալի։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Ձեռքով ցույց է տալիս բեմական բանվորներին)
– Իսկ այս ամբոխին ի՞նչ ես անելու։
Քայլերն են դրանց արգահատելի․․․
Քո Քավարանում անկյուն չե՞ս տալու
Այս ստահակներին՝ ստոր ու գարշելի․․․
ԴԱՆՏԵ
– Արժան են դրանք Դժոխք տարվելու,
Թող այնտեղ հոտեն, ցավից տառապեն․․․
Մութ ծակուռում եմ դրանց փակելու,
Որ ապավինեն չարքերին դշխեմ։
Ստահակները այդ իմ կյանքն են կերել։
Դրանք քանդեցին տունըս հարազատ։
Պլեբեյները այդ միշտ աչք են դրել
Իմ մուսաներին, սիրուս անաղարտ։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Բայց չէ՞որ դու ինքդ դրանց կոչեցիր
Քաղաքագլխի կամակատարներ։
Մարդիկ մեղք չունեն, թե մեծավորից
Հրաման են ստացել քո տունը քանդել։
ԴԱՆՏԵ
– Մարդիկ մեղք չունե՞ն։ Դու պիտի տեսնեիր՝
Ի՜նչ հաճույքով էին հրաման կատարում՝
Դռները ջարդում, ինչքս թալանում,
Իսկ մնացածը՝ կրակին հանձնում։
Ու ոչ թե ստիպված, այլ երանության
Լկտի մոլուցքով ու կատաղաբար…
Օ՜, ո՜չ, միմիայն դժոխքի ծոցում։
Ուրիշ տեղ չունեմ ես դրանց համար։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Բոլորին մի տե՞ղ։
ԴԱՆՏԵ (Այլայլված և ինքնակորույս ցավով)
– Անուն առ անուն։
Ճաղատից՝ ճաղատ։ Կարող ես ստուգել։
Դու ինձ ստիպում ես ցավըս հարաճուն
Կրկին վերապրել և անվերջ հիշել․․․
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Տառապած Դանտե, իմ ազնիվ ընկեր,
Մի փոքրիկ բան էլ կարդա պոեմից։
Դա նաև կօգնի, որ մի քիչ ցրվես
Խենթության հասցնող դժնի մտքերից։
ԴԱՆՏԵ (Ուշքի գալով ու մոտենալով բեմեզրին)
– Այո, մեծ Վարպետ, շատ բորբոքվեցի
Այդ տականքներին կրկին հիշելով։
Մտքերով ընկա և այլայլվեցի
Հանդերձյալ կյանքի դարպասների քով՝ (Կարճ դադար։ Հիստրիոնի կեցվածքով)
Ինձանով են գնում գեհենն ահավոր,
Ինձանով են գնում հոգվոց հարատանջ,
Ինձանով են գնում մարդկանց ախտավոր։
Արդարությունն առաջնորդեց արարչիս,
Ինձ հաստեցին զորությունը գերագույն,
Իմաստությունը վեհ և սերն առաջին։
Ինձնից առաջ ստեղծվել են միմիայն
Հավերժ գոյերն, և ես հավետ կտևեմ։
Ո՜վ մտնողներ, թողեք ձեր հույսը համայն։
Դանտեն դադար է տալիս և նայում հեռուները, ապա շրջվում է դեպի Վերգիլիուսը։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Ծա՜նր է հորդորըդ, ո՜վ ֆլորենտացի,
Քեզանով կիջնեմ Գեհենն ահավոր․․․
Սակայն իմացիր՝ հույսս չեմ կորցնի։
Ես դեռ հոգի չեմ խեղճ ու սգավոր։
Փորձությունների միջով պիտ անցնենք,
Քեզ հետ ես կգամ, որ դու չկորչես,
Մեր սիրուց բացի մենք չունենք այլ զենք,
Ուստի ինձանից հեռու չփախչես։
Ստիպված պիտ լինենք դրանց հանդիպել՝
Նախկին հերոսներ, հոգիներ անդեմ։
Որպես ուղեկից՝ Արիադնեի թել,
Ես հույսս միայն ինձ հետ կվերցնեմ։
ԴԱՆՏԵ
– Ո՛ւժ տուր ինձ, Վիրգիլ, վախենում եմ ես…
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Վախերդ այրի՛ր, Գերագույն պոետ։
Վախն ամենավատ ուղեկիցն է քո,
Երբ գործ ես բռնում մութ ուժերի հետ։
Ճակատագիրը աստվածների պես
Ուժեղին է լոկ զորավիգ լինում։
ԴԱՆՏԵ
– Իրավացի ես… Սակայն դու գիտե՞ս՝
Մեզ ինչ է սպասվում կամ ուր ենք գնում։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Ուր էլ որ լինես Գեհենի ճամփին՝
Քեզ հավատարիմ ընկեր կլինեմ։
Ուլիսեսի պես եկ տրվենք բախտին,
Մեկտեղ պայքարենք արհավիրքի դեմ։
Կյանքի հողմերն են, որ տանում են մեզ
Դեպի մութ աշխարհ Ստիքս գետից անդին։
ԴԱՆՏԵ
– Իսկ ճամփան գիտե՞ս։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
–Արդեն մոռացա՞ր։
Վճարել եմ ես անսահմա՜ն մի գին․․․
Ամե՜ն ինչ գիտեմ։ Մանրամասները
«Էնեականում» կարող ես կարդալ։
Հռոմը հիմնած մեծ հերոսների
Սխրանքները վեհ պետք չէ մոռանալ։
ԴԱՆՏԵ
– Որտե՞ղ ես հիմա։ Քո տեղը գիտե՞ս։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Մի կողմ քայլելով)
– Դարձյալ մոռացա՞ր։ Դու՛պիտի ասես։
ԴԱՆՏԵ
– Ես կարդացել եմ գործըդ հոգեթով,
Սակայն քո մասին գրված չէ ի տես։
Պատմի՛ր ինձ, Վարպետ։ Գեթ երկու բառով…
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Թե կարդացել ես՝ մի՞թե պարզ չէ քեզ։
Կարծում եմ, թե դու ամեն ինչ գիտես։
Ես այն եմ, ինչ կամ։ Էնեասն եմ ես։
ԴԱՆՏԵ
– Սակայն մի լավ օր դու ակամայից
Քո երկը անմահ կիսատ ձգեցիր… (Դադար)։
Միգուցե արդեն հոգնել էիր կյանքից
Եվ նախընտրեցիր այլ ճակատագիր․․․
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Կամքն աստվածների ես չեմ քննարկում։
Փուչ զբաղմունք է դա արգահատելի,
Սակայն կա մի բան. պատմությունը քո
Հակապատկերն է իմ ապրած կյանքի։
ԴԱՆՏԵ
– Քեզ չեմ հասկանում։ Լավ է՝ պարզ ասես։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Դու կհասկանաս, երբ ինքդ տեսնես…
Լուսերը թուլանում են։ Հոգեպարար երաժշտություն։ Բեմի անկյունից հայտնվում է ճերմակազգեստ Բեատրիչեն ու անշտապ նազանքով անցնում բեմով։ Լույսի մի շող հետևում է նրան։ Վերգիլիուսի մոտ կանգ է առնում, մի ժպիտ պարգևում վերջինիս, ուղղում գլխաշորն ու շարունակում քայլել։ Դանտեին ուշադրություն չի դարձնում։ Անցնում և անհետանում է բեմի մյուս անկյունում։ Դանտեն և Վերգիլիուսը լուռ նայում են նրա հետևից, մինչև որ անհետանում է։ Երաժշտությունը մարում է։ Լույսերն ուժեղանում են։
ԴԱՆՏԵ (Կարկամած)
– Ի՞նչ է սա։ Հրա՞շք։ Երա՞զ եմ տեսնում։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Կոնկրետ այս հարցում չունեմ այլ կարծիք։
Եվ ուստի հիմա քեզ հետ չեմ վիճում՝
Բերատրիչեն մեր երազն է, տեսիլք։
Կայսրը սիրելի այդպես էլ ասաց՝
Արժանի ես դու փառքին մարդկային։
Ուստի քեզ կտամ պոեմիդ դիմաց
Կանացի ցեղից գեղեցկագույնին՝
Բեատրիչեին Տոսկանա մարզից։
Սերում է տոհմից նա ազնվական։
Բացի այդ՝ կասեմ, որ հենց այս պահին
Քեզ վերադարձնեն տունըդ տոհմական։
Պարգևդ երրորդ ձեռքերում չէ իմ․․․
Այլապես կտայի, Վիրգիլ պատվական․․․
Քո գրչի ծնունդ փառահեղ գործին
Աստվածները թող անմահություն տան։
Իսկ սերունդները ինձ պիտի հիշեն
Այն բանի համար, որ ժամանակին
Ես եմ տեր կանգնել «Էնեականին»
Եվ սիրով հանձնել պատմության դատին։
ԴԱՆՏԵ (Այլայլված)
– Ուզում ես ասել, որ Բեատրիչեն
Քո կի՞նն է եղել։ Բայց ախր ինչպե՞ս․․․
Տեսել եմ հաճախ այդ գեղեցկուհուն
Ֆիրենցեի ճոխ պալատներում ես։
Բայց քեզ հետ՝ երբեք, ընկեր պատվելի։
Մի անգամ տեսա փողոցում խաղաղ՝
Երկու բամբասկոտ ու քստմնելի
Պառավների հետ Ճեմում էր դանդաղ։
Ջադուները այդ ինձ նկատեցին։
Երևի տեսան հայացքս մոլոր։
Հասկացան, կարծես իմ միտքը չնչին,
Սիրտս ողբաշատ և սիրատոչոր․․․
Ինձ նսեմացրին լկտի քրքիջով
Թողին-հեռացան չգիտեմ թե ուր․․․
Իսկ Բեատրիչեն մեղմիկ ժպիտով
Ասես հաստատեց հույսերը իմ զուր։
Կատաղությունից գլուխս էի կորցրել․․․
Մեկեն խոստացա պրծնել նրանից,
Հուշերս ջնջել և ինձ ազատել
Նրան տեսնելու սին ցանկությունից․․․
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Ծիծաղելով)
– Վստահ եմ՝ այդժամ նաև երդվեցիր
Այդ ջադուներին փակել Դժոխքում։
Խիստ տառապանքի նրանց մատնեցիր
Յոթերորդ ցավի քո պարունակում։
ԴԱՆՏԵ
– Վեցերորդում լոկ։ Թող փտեն այնտեղ։
Պարզվում է՝ ինձնից դաժան ես, Վիրգիլ։
Երդումս, սակայն, կատակ էր անմեղ։
Սրտին չես խաբի․․․
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Ծիծաղելով)
– Այ քեզ ոդևիլ․․․
ԴԱՆՏԵ
– Հաջորդ երեկո դուքսի հրավերով
Ես այցելեցի դիմակահանդես։ (Առյուծի դիմակ է հագնում)։
Մի դիմակ գտա՝ առյուծի տեսքով։
Քաշեցի դեմքիս, որ մնամ անտես։
Գեղեցկուհին ինձ նկատեց հեռվից,
Մեղմորեն ժպտաց հայացքով իր հեզ։
Մի քիչ շրջեցի պարապությունից,
Սակայն մարդկան մեջ չտեսա ես քեզ։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Ծիծաղում է)
– Եվ ինչպե՞ս տեսնեիր․․․ Մի չնաշխարհիկ
Դիմակ էի հագել բոլորի պես ես։
Դա ֆորումը չէր, և ոչ էլ բաղնիք,
Այլ՝ պալատական դիմակահանդես։
ԴԱՆՏԵ (Ձեռքը ճակատին խփելով և դիմակը հանելով)
– Դիմակահանդե՜ս… Ես էլ գժի պես
Հալվում եմ խանդից ու փնտրում դավեր…
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Իզուր։ Խանդելու պատճառ դու չունես։
Վախերդ վանի՛ր։ Մնա՛ անվեհեր։
ԴԱՆՏԵ
– Ինչպե՞ս թե չունեմ։ Մի՜տքս է փոթորկվում․․․
Իմ երազների կի՜նը սիրելի
Հոլանի պառկած օտար անկողնում՝
Այլ տղամարդու գրկում գարշելի․․․
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Խախանդվի՛ր, եղբայր։ Ասում եմ ես քեզ՝
Խանդելու հիմքեր բնավ դու չունես։
ԴԱՆՏԵ
– Օ՜, իմ աստվածներ, աղերսում եմ ձեզ․․․
Ես չեմ հասկանում… Ինձ կբացատրե՞ս։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Ձեռքերը դնում է Դանտեի ուսերին և նայում աչքերին)
– Դանտե, սիրելիս, հերիք քեզ տանջես․․․
Դու քո մտքերում զուր ես բորբոքվում։
Մեր գեղեցկուհին, ի զարմանս քեզ,
Երբեք չի եղել ինձ հետ անկողնում։
Տարեգիրները, կարծես, չեն խաբում՝
Ես ամուսնացած չեմ եղել երբեք։
ԴԱՆՏԵ
– Հնարավո՞ր բան է։ Կատակ չե՞ս անում։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Ծիծաղում է)
– Այ քեզ անհավա՜տ… Բա՜վ է, խելքի եկ․․․
Կուրացել ես դու անիմաստ խանդից․․․
Լսի՜ր վերջապես խոսքս աներկբա։
Ասում եմ կրկին՝ դեռ մանկությունից
Մելպոմենեի սպասուհին էր նա։
Դու ես ինձ պատմել՝ ութ տարեկանում․․․
Առաջին անգամ, երբ նրան տեսար,
Ինքդ հասկացար, որ ուրիշներից
Տարբերվում է նա։ Արդեն մոռացա՞ր։
Իսկ իմ տանը նա ապրում էր իբրև
Մի միանձնուհի՝ իր ննջարանում։
Իմ խանդոտ ընկեր, դու անհոգ եղիր.
Նման հարցերում կատակ չեն անում։
Վերգիլիուսը շրջվում է և անձայն արտասվում։ Դանտեն մտամոլոր է։ Մոտենում է և մեջքի կողմից գրկում Վերգիլիուսին։
ԴԱՆՏԵ
– Դու լա՞ց ես լինում։ (Դադար)։ Դու լա՜ց ես լինում…
ՎԵՐԳԻԼԻՈՍ
– Սիրտս է արտասվում… Տխուր եմ, եղբայր…
ԴԱՆՏԵ
– Հասկանում եմ քեզ, Վիրգիլ սիրելի։
Ի՞նչը կմեղմի քո վիշտը անծայր…
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Հասկանու՜մ ես ինձ… Որովհետև դու
Ինձնից քեզ անցած վիշտն ես ճաշակել։
Օ՜, իմ աստվածներ, ճա՜ր արեք վերքիս։
Տառապու՜մ եմ ես։ Իմ քունն է փախել․․․
Ամեն առավոտ քնից արթնանալ
Եվ արցունքներից թաց բարձը գրկել,
Անհույս մորմոքել… Ամբողջ ժամանակ
Նրա մազերի բույրը երազել…
Հայացքը նրա, ոտնաձայնը լոկ
Քնի մեջ տենչալ ու լուռ հեկեկալ․․․
Եվ գաղտագողի նրա նուրբ ձայնի
Ելևէջները քնքշությամբ անսալ…
Այսպես ամիսներ, տարիներ երկար,
Ո՛չ քուն, ո՛չ արթուն… Միայն սին հույսեր…
Ա՜խ, թեկուզ այդպես իմ կողքին մնար,
Գոնե այդ ձևով կենցաղս կիսեր։
Իմ տանը լիներ, քրոջ պես ապրեր,
Երբեմն ժպտար, հոգուս հետ խաղար․․․
Զուտ կողքիս լիներ, ժպտար ու կորչեր՝
Ինձ այդքան մոտիկ և այդքան օտար…
ԴԱՆՏԵ
– Հասկանում եմ քեզ, տարաբախտ ընկեր։
Տվայտանքըդ խոր, ցավերդ՝ անել․․․
Բայց ասա, խնդրեմ, այսքան տարիներ
Դու առանց սիրո ինչպե՞ս ես ապրել։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Արտասվում է)
– Ինչպե՞ս եմ ապրել… Ախր դու գիտե՜ս․․․
ԴԱՆՏԵ
– Ինչու՞ ես լալիս․․․ Գեթ մի բառ կասե՞ս…
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Սիրել եմ նրան խելագարի պես․․․
Եվ մինչև այսօր ես չեմ մոռացել
Բետրիչեի դյութանքը անտես․․․
Եթե իմանաս՝ ինչքան եմ լացել․․․
Որովհետև նա ոչ թե միայն քո,
Սակայն նաև իմ մուսան է եղել։
ԴԱՆՏԵ
– Մի կինը՝ երկու պոետի մուսա՞։
Ես չեմ հասկանում․․․ Կարգին բա՛ն ասա․․․
Կատակերգության և ողբերգության
Հավիտենական մենամա՞րտն է սա։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Շնորհիվ նրա Ֆիրենցեն համակ
Դարձել է զարդը մայր Տոսկանայի։
Բեատրիչեի ներշնչանքի տակ
Եվ գեղեցկությամբ վեհ աստվածային
Արվեստի որքա՜ն գլուխգործոցներ
Ծնունդ են առել, և անմահացել։
Միքելանջելոն, թե ճիշտ են ասում,
Իր բնորդուհի նրան է ընտրել․․․
Իմաստուն միտքը հանճարն է կնոջ,
Խորին բնույթը մտքի ծալքերի․․․
Կույսը մերժել է առանց բառերի
Սերը երկրամերձ արարածների։
Այլապես ինչպե՞ս «Էնեականի»
Եվ «Աստվածային կատակերգության»
Տողերը ծնվեն, որ հեքսամետրեր,
Տերցիններ դառնան բանաստեղծության։
Սիրո հանճարը նաև երկրային
Իմաստություն է իր մեջ պարուրում․․․
Մինչդեռ ես ու դու, սիրո գեղեցիկ
Բառերով շպարված, ի՞նչ ենք երազում։
ԴԱՆՏԵ
– Հազար ու մի բան, բայց կոնկրետ՝ ոչինչ։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Անկողին միայն, վայելքներ անխիղճ։
Նվաստացուցիչ մոլորություններ․․․
Եվ զուտ մարմնական ցանկություններ պիղծ։
Նա բնազդաբար մի բան է ուզում՝
Որ մենք՝ ես ու դու և շատ ուրիշներ,
Որոնց կոչում են մարդիկ հեգնանքով
«Մերժված կամ թոշնած սիրո ասպետներ»,
Մեծ հերոսներին մարմարից կերտենք,
Անմահ պոեմներ տաղերով երգենք,
Պրոմեթևսի պես լույսն աստվածների
Դալկացած հոգով մարդկանց պարգևենք․․․
Իսկ մենք վավաշոտ տռփանքից հարբած
Լոկ մահճի մասին երազել գիտենք․․․
Եվ դրանով իսկ ուրիշների պես
Մենք էլ բարբարոս միամիտներ ենք․․․
Երբ վիշտս տեսավ՝ ինձ թաքուն ասաց
Իմ երանելի Կայսրը մեծանուն․
«Ճշմարտությունը պարզ է շատ և բաց,
Այդ իսկ պատճառով մենք այն չենք տեսնում»։
Փոքրիկ դադար։
ԴԱՆՏԵ
– Արդյոք որտե՞ղ է նա հիմա տեսնես ։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Օգոստոսը Մե՞ծ։ Ինձնից լավ գիտես։
Եվ դու ճիշտ կանես՝ իմ բարերարին
Քո դարաններից անմասն պահես․․․
ԴԱՆՏԵ
– Բեատրիչեի մասին էի հարցնում։
ՎԻՐԳԻԼԻՈՍ
– Հավերժահարսը ու՞ր պիտի լինի․․․
Մեր սիրո մուսան թռչում է, ճախրում․․․
Նա ամենուր է ինչպես մի փերի․․․
Լուսերը թուլանում են։ Հոգեպարար երաժշտություն։ Բեմի անկյունից հայտնվում է ճերմակազգեստ Բեատրիչեն ու անշտապ նազանքով անցնում բեմով։ Լույսի մի շող հետևում է նրան։ Վերգիլիուսի մոտ կանգ է առնում, ժպտում և նրբորեն շոյում նրա այտը։ Ապա նույնն է անում նաև Դանտեի հետ։ Ուղղում գլխաշորն ու մեղմաքայլ հեռանում։ Դանտեն և Վերգիլիուսը լուռ նայում են նրա հետևից, մինչև որ անհետանում է։ Երաժշտությունը մարում է։ Լույսերն ուժեղանում են։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Հիմա հասկացա՞ր, որ նրա հարցում
Մոլորություն էր քո խանդը միայն։
ԴԱՆՏԵ (Հոգոցով)
– Ես զգում եմ հիմա թախիծ անհատնում,
Մեծ դատարկություն, տվայտանք ունայն…
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Անսպասելի ոգևորությամբ)
– Ի՛նձ լսիր, Դանտե, ականջ դիր խոսքիս․
Թե չեմ սխալվում, պիտ անցնենք շուտով
Քավարանի և մռայլ Դժոխքի
Կամքը ջլատող ճանապարհներով․․․
ԴԱՆՏԵ (Սրտի կսկիծով)
– Ես կյանքս ամբողջ հենց այդ զազրելի
Ճանապարհների վրա եմ մաշել։
Այդ պատկերներն ինձ այնքան են հյուծել,
Որ գայլերին եմ կարոտով հիշել։
Իսկ դու ուզում ես խեղճ տարաբախտիս
Գեհենի ճամփով կրկի՞ն անցկացնել․․․
Ո՞ր մեղքի համար պետք է խեղճ մարդուս
Այսչափ իջեցնել ու նսեմացնել․․․
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Նորի՛ց պիտ անցնենք։ Իզուր չերազես,
Թե դու կունենաս թեկուզ հանգիստ քուն,
Երկնային Դրա՜խտ, հավերժական սե՜ր․․․
Դատա՛րկ պատրանքներ, փուչ մտայնությու՛ն․․․
Արդեն ասացի, որ հույսս միայն
Ինձ հետ կվերցնեմ այս դժգույն կյանքից։
Բայց ասա դու ինձ՝ ի՞նչ կլինի, թե
Նրա՛ն էլ վերցնենք իբրև ուղեկից։
ԴԱՆՏԵ (Ժպտում է)
– Բեատրի՞չեին։ Ես կռահեցի՞։
Երազանք է դա անհասանելի․․․
Նա իմ մեջ է միշտ։ Այլապես վաղուց
Պայթած կլիներ սիրտն իմ գարշելի,
Եվ եթե նա ինձ․․․ Նա մեզ ուղեկցի
Քիչ հետո սպասվող մեր ձեռնարկներում,
Ինձ համար մեկ է՝ Դրախտ, թե Դժոխք․․․
Ավելի վատ ելք արդեն չի սպառնում։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Օ՜, ֆլորենտացի պոետ պանծալի։
Ուստի դեմ չե՞ս, որ կինը գեղանի
Քո «Աստվածային կատակերգության»
Մութ ու դժնդակ Ճամփեքով անցնի։
ԴԱՆՏԵ
– Անարդարության զգացումը լեղի
Կուրացրել է ինձ, դարձրել կենդանի։
Քո առաջարկը քայլ չէ՞ անտեղի։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Նա մեզ մեր գործում մենակ չի՛ թողնի։
ԴԱՆՏԵ
– Գրեթե անձայն ձեզ հետ կքայլեմ,
Սակայն իմ սրտում կամփոփեմ նրան։
Բեատրիչեն մեր կերպար չէ անդեմ,
Այլ մի հրեշտակ, էակ պահապան։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Ես էլ՝ ի՛մ սրտում նրան կանթեղեմ։
Ու թե կա մի բան, որը չի թողնում,
Որ խավարը պիղծ վերջնականապես
Տիրի աշխարհին, սերն է մեր անհուն։
ԴԱՆՏԵ
Սակայն դու, Վիրգիլ, ինձ չպատմեցիր,
Ինչպե՞ս ես նրան կյանքում հանդիպել։
Ինչո՞վ դու նրա սիրտը դյութեցիր․․․
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Քմծիծաղով)
– Շա՜տ հետաքրքիր թեմա ես գտել․․․
ԴԱՆՏԵ
– Մի՛ մոռացիր, որ տարեգիրն եմ քո։
Եվ պարտավոր եմ գաղափար առնել։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Քմծիծաղով)
– Գաղտնիքները իմ գրքի վերածել
Ու մի սիրուն օր այն հրատարակե՞լ։
ԴԱՆՏԵ
– Քա՛վ լիցի, Վարպետ, ինչե՞ր ես ասում։
Սրտիդ գաղտնիքը մեր մեջ կմնա։
(Մատը դնում է շուրթերին ու նայում հանդիսատեսին՝ որպես գաղտնիքը պահելու նշան)։
Մեզանից բացի քո սիրո մասին
Վեներան անգամ թող որ չիմանա։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Համոզե՜լ գիտես… Կպատմեմ սիրով,
Բաց կթողնեմ լոկ մանրուքներն անտես։
Միտքս չշեղես դատարկ հարցերով․
Ինչ էլ որ ասեն՝ պատվի մարդ եմ ես։
(Բարձրանում է քարին՝ դեմքով դեպի հանդիսատեսը)։
– Երբ աստվածների կամքով անքննին
Այս աշխար եկա ու վեր նայեցի՝
Մանկական անկեղծ խանդաղատանքով
Արեգակն արդար սիրով գրկեցի։
Անկեղծ աչքերով ժպտացի նրան․․․
Հարցրեցի ինչպես մանուկն անապակ՝
Ինչու՞ է ծագում Արփին աննման
Եվ լուսավորում աշխարհը համակ։
Հետո ջերմություն զգացի իմ ներսում։
Իմ մեջ նայեցի ու նկատեցի
Աստվածապարգև պարզ բացատրություն`
Անկեղծ մեկնություն իմ խրթին հարցին․
Որ Լույսն իմ մեջ է, իմ հոգու խորքում։
Լուսատուն սկզբից իմ մեջ է ծագել։
Դրա համար է աշխարհը համայն
Լույսով ողողվել ու սրբագործվել։
– Երբ Արեգակը թեքվեց արևմուտք՝
Երկնքում աստղեր, Լուսին ծնվեցին,
Իսկ ես նրանցից, ինչպես մի աղոթք,
Բառեր էին հյուսում, տաղեր սիրային․․․
Աստղերից կնոջ դեմք նկարեցի
Ու հարց տվեցի՝ երկնային Կույսին՝
Ինչու՞ են փայլում աստղեր ու Լուսին
Ու հեքիաթ պատմում մեզ սիրո մասին․․․
Բայց ներս նայելով ապշեցի կրկին
Մի մանկան նման, քանզի հասկացա՝
Աստղերը դրսի իմ լույսն են ներքին՝
Մեր ակունքներին կրքով միացած։
– Հետո ես՝ զինված զենք ու զրահով,
Հայացքս մռայլ, քայլերս մոլոր,
Կռիվ էի գնում և մտատանջվում
Զինվորիս տանջող հարցերից խոժոռ։
Ինչու են կյանքի օրերը ապրած
Հյուսված ջլատող տառապանքներից։
Ինչու՞ է կյանքը թելի պես կախված
Գոռ ճակատագրի տվայտանքներից․․․
Բայց ներս նայեցի ես իմաստությամբ,
Առանց վախերի և տեսա իմ մեջ,
Որ ներաշխարհս իր ողջ էությամբ
Անլուր ցավերի կծիկ է անվերջ։
Որ ճամփաները իմ ներսում անգամ
Փուշ ու տատասկ են, անապատներ ստերջ…
Իսկ կյանքը մեր հեք ոչ այլ ինչ է, քան
Դատարկ և ունայն պատմության մի էջ․․․
– Արդեն կեսօրին ես՝ սուրըս պարզած,
Մահվան մարմաջով մտա կռվի դաշտ։
Աքիլես, Այաքս ես ինձ ըզգացի,
Եվ կոտորեցի թե՛ ձախ և թե՛ աջ։
Ու երբ սպանեցի վերջին թշնամուս՝
Կրկին կանգնեցի հին հարցի առաջ՝
Ինչու՞ են ծագում կռիվներն անհույս
Ու վախճան բերում հերոսներին քաջ։
Եվ հենց այդ պահին վեհ իմաստության
Ճաճանչը փայլեց իմ ներսում դժգույն։
Ու ես սարսափից անկարողության
Սառեցի ինչպես ճղճիմ մի զեռուն,
Երբ նշմարեցի թախծով նողկալի
Իմ մեջ մխացող սպանդը ահավոր։
Մոր անեծքի պես՝ արնոտ ու լեղի․․․
Ահից կանգ առավ սիրտս վիրավոր։
Բայց քրքջացի ձայնով լիաթոք,
Երբ ըմբռնեցի իմաստն իրերի՝
Կոտարածը այս արձագանքն է լոկ
Իմ մեջ ընթացող պատերազմների․․․ (դադար)
– Ամառվա տապին ես հանդիպեցի
Ինձ վաղուղ սպասող սիրո մուսային․․․
ԴԱՆՏԵ
– Օ՜, իմ Մեծ Վարպետ, քեզ ճի՞շտ լսեցի,
Մի՞թե հենց նրան՝ մեր սիրեցյալին։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Խեթ հայացք նետելով Դանտեի կողմը)
– Խենթացա նրա սեգ գեղեցկությամբ,
Սիրո ցանկությամբ վառվեցի կրկին,
Ու հենց այդ ճամփին՝ փոշիների մեջ
Սիրով տիրացա կին-հրեշտակին․․․
Եվ այն պահին, երբ կիրքն էր տիրացել
Մեկ մարմին դարձած մեր ակունքներին,
Ինքս ինձ հարցրի, թե ո՞վ է ստեղծել
Արարածներից գեղեցկագույնին։
Սերն ինձ դարձրել էր երեխա անմիտ,
Ուստի իմ սիրտը տվեց պատասխան՝
– Ո՜վ դու, անվեհեր, մարտիկ միամիտ,
Մի՞թե քեզ պետք է ուրիշ մի նշան։
Կնոջը դու նախ քո մեջ ես ստեղծել։
Դրանից հետո՝ հանդիպել նրան,
Աստվածները, տե՛ս, մարմինն են կերտել
Հոգուդ գույների հևքից աննման․․․ (դադար)
– Հետո իմ ներսում ամպեր կիտվեցին,
Ծածկեցին երկնի կապույտները մով։
Դժնդակ դարձան ու սև ներկեցին
Բորբ Արեգակ լույսը հոգեթով։
Ու երբ երկնքի կաթիլները պաղ
Դեմքիս վրայով հոսեցին ներքև՝
Սիրտս սարսռաց։ Կանգնեցի մի պահ․․․
Դատարկ հայացքով նայեցի վերև։
Նկատեցի, որ ջրերը բոլոր
Իմ մեջ են ծնվում, հետո՝ թափվում ցած։
Ու վարարեցին իմ մեջ տեղացող
Սառն անձրևներից գետերը հոգնած։
Կարճ դադար։ Վերգիլիուսը փոխում է դիրքը։ Հոգնած ձայնով։
– Հետո երկնքից ձյուներ թափվեցին,
Երբ ես կուրացած, միտքս՝ ամպերին
Իմ ցուպը գրկած քայլում էի անշտապ
Եվ խոնարհությամբ դեպի վերջը իմ։
Թեև խամրել էր լույսը աչքերիս,
Սակայն ես զգացի, որ ձյունը սառած
Իմ մեջ է նստում, սառչում մտքերիս,
Եվ անդորր բերում ինձ համատարած։
Իջնում է դանդաղ պաղ երկինքներից,
Ապաշավությամբ սառչում իմ սրտում․․․
Եվ իմ ներսում ձյան խաղաղ հպումից
Անդաստանը այս խավարն է պատում։
Կարճ դադար։ Մոտենում է Դանտեին։
– Երբ ճանապարհիս ամենավերջում
Հանդիպեցի ես հեգ Թանատոսին,
Հարցրեցի նրան՝ վաղու՞ց է սպասում
Իր ուժը կորցրած նախկին ռազմիկին։
Երևի ժպտաց, քանզի չտեսա,
Այլ լոկ լսեցի ձայնը ցաքուցիր՝
– Ճիշտ այն օրը, երբ կամքով Բարձրյալի
Լույս աշխար եկա ու վեր նայեցիր։
Բայց մի՛ վհատվիր, անկոտրում Այաքս։
Քեզ հոգեպարար մի գաղտնիք կասեմ՝
Սա վերջը չէ դեռ, քանզի սրտիդ մեջ
Դժոխքից անդին Դրախտն է վսեմ։
Լռություն է տիրում։ Վերգիլիուսը մոտենում է բեմեզրին՝ դեմքով դեպի հանդիսատեսը։ Դանտեն հետևի կողմից զգուշորեն մոտենում է նրան։ Լուսերը թուլանում են։ Հոգեպարար երաժշտություն։ Բեմի անկյունից հայտնվում է ճերմակազգեստ Բեատրիչեն ու անշտապ նազանքով անցնում բեմով։ Լույսի մի շող հետևում է նրան։ Մեղմաքայլ անցնում է Վերգիլիուսի և Դանտեի հետևով։ Մի պահ կանգնում է, ուղղում գլխաշորն ու ժպտում։ Ապա մեղմաքայլ հեռանում է և չքանում։
ԴԱՆՏԵ (Հիացմունքով)
– Ո՜վ իմ զույգ եղբայր, քաջարի մարտիկ,
Որքա՜ն հպարտ եմ Մեծն Օգոստոսով,
Արդար վարվեց նա հազարապատիկ՝
Անգամ քո վերջին խոսքին չանսալով։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Գուցե և այո։ Չեմ ասի հաստատ․․․ (Կարճ դադար)։
Բայց կարծես մի բան դու չըմբռնեցիր։
ԴԱՆՏԵ
– Լսում էի ուշով բառերդ հատ-հատ։
Դու տողատակո՞վ, արդյոք, պատմեցի՞ր։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Քայլում է դեպի Մելպոմենեի արձանը։ Դանտեի կողմը չի նայում)
– Սիրահարված էր պատանու նման
Օգոստոսափայլ կայսրը մեր կույսին։
Այնքա՜ն էր տանջում զգացմունքը նրան,
Որ մնացել էր իմ համեստ հույսին։
ԴԱՆՏԵ
– Այս ի՞նչ եմ լսում․․․ Նա՝ սիրահարվա՞ծ։
Որտեղի՞ց գիտես։ Կատա՞կ ես անում։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Կատակ չեմ անում։ Անձամբ ինձ ասաց։
Երբ իմ պոեմից տողեր էի կարդում։
Լսում էր սիրով, բայց մեկ էլ հանկարծ
Սրտացավի մեջ իմ խոսքը կտրեց։
Երբեք չէի տեսել նրան արտասված․․․
Տխուր հառաչեց ու խոստովանեց․․․
ԴԱՆՏԵ
– Ասա ինձ, խնդրեմ, Կայսրն ի՞նչ արեց։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Սիրտը ցավով էր լցված հարաճուն․․․
Ի՞նչ պիտի աներ Օգոստոսը Մեծ․․․
Սերը չեն գնում, այլ լոկ նվաճում։
Նա Դրուզիլային առավ կնության։
Մեր Երանելին անգամ այս հարցում
Մեզ մի դաս տվեց խոհականության։
Իմաստուն մի քայլ և ոչ ապարդյուն․
Բեատրիչեին Ֆիրենցե ճամփեց։
Չպահեց նրան մայրաքաղաքում։
Իր վեհ բարձրության վրա գտնվեց
Վարքն ազնվազարմ անգամ այս հարցում։
Բանաստեղծորեն, ինչպես մի սատիր,
Օգոստոսն էր թավ ձայնով իր երգում՝
«Թևերդ բացիր և ազա՜տ ճախրիր
Երկնքի ու խենթ երկրի արանքում…»
ԴԱՆՏԵ
– Հիրավի, նման մեծահոգություն
Սպասելի է լոկ սիրո ասպետից։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Ինչ-որ առիթով ականջիս ասաց՝
Զգուշացիր, Վիրգիլ, սիրող կնոջից․․․
ԴԱՆՏԵ (Զարմանքով)
– Սարսափել եմ միշտ ատո՛ղ կնոջից։
Ավելի, քան իմ պարտատերերից։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Հասկանում եմ քեզ, իրավունք ունես։
Դաղվել ես դու միշտ դրանց չար ձեռքից։
Բայց ի՞նչ էի ասում․․․ Կանցնի՞ քո մտքով
Հրեշտակներին վանդակում պահել․․․
Հենց այդ ժամանակ Կայսեր խորհրդով
Նա համաձայնեց Հռոմը թողնել։
Մեր հին քաղաքի դարպասների մոտ
Դիմավորեցի ես գեղեցկուհուն,
Իսկ մնացածը դու արդեն գիտես՝
Ինչպես կարդում եմ ես քո աչքերում։
Եվ Բեատրիչեն մնաց ապրելու
«Երկնքի ու խենթ երկրի արանքում․․․»
ԴԱՆՏԵ (Խորամանկ ժպիտով)
– Ուրիշ բան չունե՞ս դու ինձ ասելու։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Թեքվում է դեպի Դանտեն՝ ժպիտով)
– Խորն ես դու տեսնում, ծպտյալ իմաստուն…
Ճիշտ նկատեցիր․ նա ինձ չներեց
Հուսահատ սրտիս բառերն անհեթեթ։
Երբ գարնանային մի ջերմ առավոտ
Դիմեցի նրան ջահելի պես խենթ։
Արտասանեցի՝ Բեատրիչե իմ,
Քեզ շա՜տ է տենչում վշտաբեկ հոգիս․․․
Դու շող ես լույսի իմ ճանապարհին․․․
Սիրում եմ ես քեզ ինչպես մի Պարիս․․․
Մի՞թե չես տեսնում, թե ինչպես եմ ես
Կոտրած վարդի պես ցավից մորմոքում․․․ (Դադար)։
Բառերս կարկամ նա ինձ չներեց։
Կինն ամբողջական սեր է պահանջում։
Նա միայն ասաց՝ կարող ես, Վիրգիլ,
Ազատությունդ սիրով ըմբոշխնել․․
Իմ նման կինը չի կարող երբեք
Պարզկա սիրուհի, կողակից լինել։
Ես երկրորդ տեղում չեմ լինի երբեք,
Եթե Կուպիդոն դու անգամ լինես․․․
Պետք է, որ դու ինձ քո մուսաների
Եվ ազատության տիրուհին դարձնես․․․
ԴԱՆՏԵ
– Մեր մուսաների… Երազների մեր․․․
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Հիմա հասկացար, իմ ազնիվ ընկեր․․․
ԴԱՆՏԵ (Տխուր)
– Հավիտենական աստվածները մեր
Թող տնօրինեն բախտը աշխարհի։
Եկ ապավինենք մենք նրանց կամքին
Եվ իմաստության ուժին ամեհի։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Զարմացնում ես ինձ, Գերագույն պոետ։
Կարծու՞մ ես արդյոք, թե անդրաշխարհիկ
Մուսաներն են և աստվածները հեգ
Կառավարում մեր կյանքը անցողիկ։
ԴԱՆՏԵ
– Պատրաստ եմ անվերջ քո ձայնը լսել․․․
Իսկ դու տարբերվող տեսակե՞տ ունես։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Ընդամենը իմ աչքերն են բացվել։
Ճշմարտությունը դու ինքդ գիտես։
Խորհրդանիշներ ու սուրբ նշաններ՝
Նրանք են, ավա՜ղ, մեզ կառավարում
Այս մեծ աշխարհում՝ Դրախտում լինի,
Քինոտ Դժոխքում թե Քավարանում։
Երազդ հիշիր և հանգիստ ձգիր
Խեղճ մուսաներին և աստվածներին։
ԴԱՆՏԵ (Նստում է բեմեզրին)
– Զավեշտն այն է, որ խնդիրները մեր
Նրանց մտքերի արգասիքն են սին։
Ինչքա՜ն եմ հոգնել ես այս ամենից։
Deus ex machina։ Ճի՞շտ եմ հասկանում։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
Իմ մտքի թելը դու բաց չթողնես։
Ուշադիր լսիր, թե ինչ եմ ասում․
Մեր աստվածները դաժան պահերին
Ի հայտ են գալիս, որ խնդիրներին
Անհավանական լուծումներ բերեն,
Մեր խիղճը շարժեն ու չքվեն կրկին․․․
(Կարճ դադար)
Կրկին շեղվեցինք մենք կույրերի պես։
Արդեն պիտ բռնենք Դժոխքի ճամփան։
Քարոնն անհամբեր սպասում է մեզ, տե՛ս։
Մանր փող ունե՞ս՝ կաշառենք նրան։
ԴԱՆՏԵ
– Դու անհո՛գ եղիր՝ մի բան կգտնեմ։
Հույսդ վերցրե՞լ ես։ Չմնանք ճամփին․․․
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Վե՛ր կաց։ Գնացին՛ք։ Բախտը մեր խոհեմ
Սիրում է միայն համարձակներին։
Երկուսով արագ դուրս են գալիս բեմից։
ԱՐԱՐ 3 – ԴԺՈԽՔ
Բեմը դատարկ է։ Հետնամասում շղարշավոր վարագույր է, որից անդին Բեատրիչեն է՝ գահավորակի վրա թագուհու կերպարով, հրեշտակի թևերով և դեմքով դեպի հանդիսատեսը բազմած՝ թույլ լուսավորության մեջ։ Ժամանակ առ ժամանակ ըմպում է ձեռքի բաժակից։ Դանտեն և Վերգիլիուսը հոգնատանջ մտնում են։ Անմեղեդի երաժշտություն է՝ ինչպես սիմֆոնիկից համերգից առաջ։
ԴԱՆՏԵ (Հոգնած ձայնով)
– Կիսաճամփին մեր այս կյանքի նախընթաց․․․ (Դադար)
Բայց ավարտին մենք չենք հասել տակավին
Սիրտս է տխուր, հոգիս դալուկ և հոգնած․․․
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Նորից տրվեցիր քո տերցինների՞ն։
Դժոխքում անգամ վեհ ես ու վսեմ։
ԴԱՆՏԵ
– Թե անձս կորցնեմ՝ ի՞նչ պիտի շահեմ։
Պարունակը այս վերջինն է, կարծեմ։
Երաժշտության ձայները լռում են։
Երաժշտության ձայները հանգան․․․
Դատարկությունն այս կոչվում է Դժոխք,
Լոկ լռություն է այստեղ հոգեսպան,
Մեղեդի չկա, վայեր անողոք․․․
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Մի քիչ խոնջանանք այս ավազներին․․․
Խմելիք ունե՞ս։ Ինձ մի կում կտա՞ս։
ԴԱՆՏԵ (Ծոցից մի շիշ հանելով)
– Իհարկե ունեմ։ Վերջին վայրկյանին
Ստիքսի ջրերից գողացա մի թաս։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Ասում ես՝ Ստիքսի՞։ Գարշելի հալոցք․․․
Եվ այդ ջուրը դու պատրաստ ես ըմպե՞լ։ (Իրենից հեռացնելով շիշը)
ԴԱՆՏԵ
– Անունն է դրա՝ Դառնության սերուցք․․․
Ավելի վատ բան կարո՞ղ է լինել։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Ես դեռ կսպասեմ։ Դու՛ էլ մի խմիր։
Մենք շա՜տ կարևոր անելիք ունենք՝
Խուլ հառաչանքի և տառապանքի
Ճանապարհներով դեռ պիտի անցնենք։
ԴԱՆՏԵ (Խորամանկ ձայնով)
– Ինձ լսի՛ր, Վիրգիլ, մի խաղ չխաղա՞նք։
Ժամանակ ունենք, այսպես թե այնպես․․.
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Ծիծաղով)
– Գժվել ես հաստատ․․․ Այսքանից հետո
Դու դեռ խաղալու ցանկությու՞ն ունես։
ԴԱՆՏԵ
– Ռուբիկոնը այս մենք պիտի անցնենք՝
Չենք կարող հավետ մնալ սահմանին,
Չէ՞ որ Հուլիոսի ժանագներն ենք մենք,
Ուստի ձգտում ենք միշտ գերագույնին։
Գոնե մի փոքրիկ բեմականացում։
Կամ էլ, պարզապես՝ դիմակահանդես։
Երևակայենք, թե ճամփի վերջում
Հասել ենք արդեն մթամած Հադես։
Լեզու լեզվի տանք ու ցրվենք մի քիչ
Վերջին պարունակ մտնելուց առաջ։
Վիրգիլ սիրելի, իջի՜ր ամպերից․․․
Բեմը դատարկ է՝ ձախ գնանք, թե աջ։
ՎԻՐԳԻԼԻՈՍ (Ոգևորված՝ ձեռքերն իրար է շփում)
– Ասում ես՝ փորձե՞նք։
ԴԱՆՏԵ
– Ի՞նչ պիտի կորցնենք։
Իմ երազանքն է՝ դառնալ Կիկերոն․․․
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Մենք՝ երկու Այաքս, հրաշքնե՜ր կանենք․․․
Ուրեմն՝ թատրո՞ն։
ԴԱՆՏԵ (Շատ բարձր)
– Եղիցի թատրո՜ն։
Բեմ են մտնում բանվորներն՝ իրենց հետ աթոռներ ու վանդակաճաղ բերելով։ Վերջինս հարմարեցնում են բեմեզրին ուղղահայաց՝ այնպես, որ մի կողմում Դանտեն է մնում, իսկ մյուս կողմում՝ Վերգիլիուսը։ Վանդակաճաղի կենտրոնում դռնակ է։ Դանտեն բանվորներին մանրադրամ է նետում։ Բանվորները հավաքում են դրամը և, գռեհիկ խոսքեր փոխանակելով, դուրս գալիս։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Դանտեին)
– Մենակ ենք կրկին։ Խնդրում եմ՝ ասես
Տերցինները քո վսեմ և խոսուն։
ԴԱՆՏԵ
Արդեն այնքան երկյուղ չէի զգում ես
Այն գազանից պատած մորթով գույնզգույն,
Բայց ես նորից համակվեցի սոսկումով,
Երբ երևաց ինձ մի առյուծ հանկարծույն։
Դանտեն առյուծի դիմակ է հագնում, մռնչում և քայլում դեպի հանդիսատեսը։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Սպասի՜ր մի րոպե… Շունչըդ տեղը բեր։
Մուսայիս ձայնը լսելու համար
Հիմա, այս պահին կամքով անհամբեր
Պետք է օտարվեմ ամբոխից հիմար։
ԴԱՆՏԵ
– Զգու՛յշ եղիր, Վարպետ, որպեսզի հանկարծ
Տարանջատվելով մարդկանցից քինոտ,
Դու չհայտնվես հենց այդ ամբոխից
Անջատվածների ճահճում գարշահոտ։
ՎԵՐԳԻԼԻՈՍ
– Կյանքի և մահվան սահմանին հասած
Ինչի՞ց վախենամ։ Ի՞նչ պիտի կորցնեմ։
Հուշե՞րս, գուցե… Թե՞ սերըս թոշնած․․․
Էլ նահանջ չկա։ Թող, որ երազե՜մ․․․
ԴԱՆՏԵ
– Միամիտ ես դու։ Մարդիկ չեն սիրում
Կյանքից կտրված երազողներին։
Պատրաստ են ներել գողին արնախում
Ու մարդասպանին, բայց ոչ պոետին։
ՎԵՐԳԻԼԻՈՍ
– Ես կդիմանամ մի կերպ այդ ցավին։
ԴԱՆՏԵ (Ոսկեգույն դափնեպսակ է վերցնում և տեղադրում Վերգիլիուսի գլխին)
– Պսակն այս դափնե ձոնենք հանճարին․․․
Եղբայր իմ պոետ, իբրև փրկագին
Վճարել ես դու անսահման մի գին։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Բարձրանալով քարին, Հիստրիոնի կեցվածքով)
– Ես մեղսագործ եմ։ Իսկ մեղքս գիտե՞ք…
Ա՜խ, ինչ դժվար է բառերով ասել։ (Դառնությամբ ծիծաղում է)։
Արյունս է սառում իմ երակներում,
Երբ փորձում եմ ես դա մտաբերել․․․
Նմանօրինակ խայտառակություն
Եվ հանդգնություն լսված չէր երբեք։ (Կարճ դադար)․
Սուր ածելիով մարմինս էի սափրել,
Որ տարբերակվեմ ամբոխից անխելք։
– Տոլեդո կոչվող քաղաքից եկած
Հավատաքննիչ այրերը դաժան
Անգամ մոգոնել չկարողացան
Ինձ հարմար պատիժ և կամ դատաստան։
Թշվառականիս մեկեն հանձնեցին
Դանտե անունով դահճի կամքին խենթ։
Իր գործը գիտե՜ր այդ ֆլորենտացին՝
Նա ինձ չորացրեց հայացքով իր խեթ․․․
Ապա ինձ բերեց ուղղակի այստեղ՝
Թվով իններորդ պարունակը հեգ,
Ու մի ահավոր պատիժ մոգոնեց
Արևից կիզված անապատում լերկ։
Ինձ՝ տարաբախտիս, երանի սպաներ,
Դարձներ ապառաժ՝ զգացմունքներից զերծ,
Որ ես չփորձեի անգամ նախանձել
Դանայոսին և Սիզիփոսին խեղճ։
Վերգիլիուսը մոտենում է ճաղերին և մատներով անցնում դրանց վրայով՝ մետաղական ձայներ հանելով։
– Չար ֆլորենտացին՝ վարքով մոլեգնած,
Ժանտ անապատում ճաղերն այս շարեց,
Երեսուներեք քայլից բաղկացած
Սուր երկաթներից մի պատ կառուցեց։
Պատի կենտրոնում խորամանկությամբ
Ասես շան համար մի դռնակ բացեց։
Առանց շտապելու, շինծու հոգնությամբ,
Արածից իր գոհ՝ դանդաղ հորանջեց։
Հետո ինձ վերցրեց խամաճիկի պես
Ու տեղավորեց պատի մի կողմում,
Իսկ անապատում շուտով արձակեց
Մի քաղցած առյուծ՝ բաշով դեղնավուն։
Դահիճս չքվեց՝ ինձ վստահելով
Վայրագ առյուծի կամքին դժնդակ։
Եվ դժոխածին այդ մոլի խաղով
Ինձ դրեց ցավի պարսաքարի տակ։
ԴԱՆՏԵ (Մռնչում է և ցնցում ճաղերը)
– Քաղցն ինձ մոլեգար գազան է դարձրել։
Ես զգում եմ հոտը այս մահապարտի․․․
Բուրմունքից արյան կամքս է բորբոքվել․․․
Մահն է ավարը այս գոյամարտի․․․
Դանտեն կատաղորեն փորձում է շրջանցել ճաղերը և հարձակվել Վերգիլիուսի վրա, սակայն վերջինս կարողանում է խույս տալ՝ բացում է դռնակն ու անցնում ճաղերի մյուս կողմը։ Այս պատկերը կրկնվում է մի քանի անգամ, մինչև որ Դանտեն հոգնում է և նստում։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Ինչպե՞ս կարող եմ ես այս աշխարհիկ
Կեղծ արժեքները ինձնից օտարել․․․
Բարեպաշտության ամեն մի մասնիկ
Որպես չար ուռուցք կտրել-հեռացնել․․․
Գուցե ես այդժամ կհաշտվեի մեկեն
Այս հոգեվարքին ու ցավին անել։
Կվանեի ինձնից սարսափներ ու քեն,
Որոնք ստիպում են անվերջ մաքառել․․․
Ես մեծ հաճույքով իմ կյանքի հաշվին
Փոքր-ինչ կմեղմեի քաղցը Առյուծի,
Որ իմ ուժասպառ ու դեղնած մարմինն
Գեթ նրա համար վերածեի հացի․․․
Բայց խորամա՜նկ էր դահիճն ոխերիմ,
Որ հաշվարկել էր մանրուք ամենայն,
Մարդկային ճղճիմ բնազդները իմ
Իրենց ողջ ուժով երևան եկան։
Հոգիս անտեսած, մարմինս փրկող՝
Անձնատուր եղա վախերիս անգութ։
Մտքով կարկամած և կամքով փտող
Փորձեցի փրկել էությունս մութ։
ԴԱՆՏԵ
Ես զգում եմ արդեն ռունգերս լցնող
Բարկ քաղցրությունը քո նեխող մաշկի։
Ինչու՞ ես տանջվում հոգով կեղեքվող․
Ապրե՞լ ես ուզում՝ մահվան հետ հաշտվիր։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Այս խաղը տևեց ժամեր ու օրեր,
Երկար շաբաթներ, գուցե ամիսներ…
Իմ մաշկին նորից աճեցին մազեր,
Հոգիս վհատվեց շան պես մի անտեր։
Սրտիս խուլ ցավով այդժամ հասկացա,
Որ սրիկա եմ վեհությունից զերծ,
Քանզի առավել մարդացած եմ ես,
Քան այս կենդանին՝ խոհեմ ու անկեղծ։
Չէ՞ որ այս պահին պիղծ ու նողկալի
Զույգ բնազդներն են ինձ առաջնորդում՝
Վեհ միտքը սպանող վախը զազրելի
Եվ մազերըս, որ իմ մաշկն են պատում։
Մինչդեռ մահը լոկ, ըստ իմ հավատի,
Ինձ կազատագրեր դահճիս հեգնանքից։
Առյուծից դաժան և անապատի
Անվերջանալի այս հալածանքից․․․
Սակայն մնում եմ կառչած ճաղերին,
Քանզի չեմ կարող թողնել-հեռանալ․․․
Ի՜նչ դաժան բախտ է՝ այս մարդակերին
Եվ երկաթներին գամված մահանալ։
Զավեշտն այն է, որ Առյուծն ամեհի,
Անապատը ժանտ, ճաղերը հոգնած
Փրկությունս և, միևնույն պահին,
Իմ բանտախուցն են՝ իրար սերտաճած։
Դանտեն դարձյալ կատաղորեն մռնչում է ու վազում դուրս։ Վերգիլիուսը մենակ է մնում։ Նայում է հետնաբեմում նստած Բեատրիչեին, մի քանի քայլ է անում դեպի նա։ Բեատրիչեն իր հերթին բարձրանում է և մոտենում շղարշին։ Բայց Վերգիլիուսը վախեցած վերադառնում է ճաղերի մոտ ու հոգնած նստում աթոռին։ Բեատրիչեն տխուր հետևում է Վերգիլիուսին և ինքն էլ վերադառնում իր գահին։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Առյուծը մի օր շատ հեռու վազեց։
Այնքան, որ կորավ իմ տեսադաշտից։
Նախ ուրախացա, թե հոգիս փրկվեց
Նրա գարշելի ներկայությունից։
Բայց հաջորդ պահին ափսոսանքով դառն
Եվ խոր կսկիծով կարծես հասկացա
Իրականության զավեշտը դաժան,
Երբ խոլ մտքերս պատկերներ դարձան։
Բացառվում է, որ ճաղերը լքեմ
Եվ անապատում ապաստան գտնեմ,
Քանզի ես այնտեղ՝ վանդակից հեռու,
Քաղցած առյուծին գուցե հանդիպեմ․․․ (Մոտենում է և գրկում վանդակաճաղերը)
Անապատը այս սկիզբ չունի և վերջ՝
Դահիճն ամեն ինչ լա՜վ է մտածել․․․
Փախչելու դեպքում ավազների մեջ
Կարո՞ղ եմ հույսի զգացմունքներ տածել․․․
Ճաղերն երկաթե իմ բանտը չեն լոկ,
Այլև երաշխիք աղոտ փրկության։
Օ՜, իմ աստվածներ, առանց ճաղերի
Ապրելն այս կյանքում դժվա՜ր է այնքան․․․
Դանտեն դանդաղաքայլ ու հոգնած մտնում է բեմ ու տեղավորվում իր տեղում։ Վերգիլիուսն ուշադիր հետևում է նրան։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Սիրով դիմելով Դանտեին)
– Դու վերադարձա՜ր, դահիճ թանկագին։
Ես քո աչքերում ծովեր եմ տեսնում․․․
Ցոլքի վրայով բորբ արեգակի
Մի ջրահարս է նազանքով քայլում․․․
Վաղ լուսաբացի ալյակների պես
Ադրիատիկի լուրթ մի ծովախորշում…
ԴԱՆՏԵ
– Դու իմ երազն ես, անկասկած, պատմում։
Հետևե՞լ ես ինձ։ Ի՞նչ ես ակնարկում։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Ե՞ս․․․ Քեզ հետևե՞լ… Ինչե՜ր ես ասում…
Բայց այնքա՜ն կուզեի երազըդ տեսնել…
ԴԱՆՏԵ
– Սոմնուսը վկա՝ ես չեմ առարկում։
Պետք է նրա հետ հարցերը պարզել․․․
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Օ՜ սեգ աստվածներ, թողեք, որ քնեմ
Բարեհա՜ճ եղեք իղձերիս հանդեպ։
Գուցե Առյուծի երազը կտեսնեմ։
Եվ թող հրաշքն այս դառնա նախադեպ։
Դանտեն տխուր ժպտում է։ Վերգիլիուսը պառկում է և անշարժանում։ Դանտեն մտնում է դռնակով, անտարբեր անցնում Վերգիլիուսի կողքով ու մոտենում շղարշին։ Բեատրիչեն ևս մոտենում է շղարշին։ Դանտեն, առանց Բեատրիչեին դիպչելու, նրա մազերն ու ձեռքը շոյելու շարժում է անում։ Հետո վերադառնում է իր տեղը։ Վերգիլիուսն արթնանում է։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Երկա՞ ր եմ քնել։
ԴԱՆՏԵ
– Երկու-երեք օր։
Կամ էլ՝ ամիսներ… Հաշիվ չեմ պահել։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Զննելով իր մարմինը)
– Մարմինս կրկին պատվել է մազով։
Ուրեմն, հաստատ, երկար եմ քնել։
ԴԱՆՏԵ
– Իսկ երազ տեսա՞ր։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Ոգևորված)
– Կփորձեմ հիշել․․․
Շատ մութ էր այնտեղ, գրեթե՝ գիշեր․․․
Սիրամարգ էր դա՝ աչքերով պատված․․․
Մարմինը՝ գունեղ, սիրտը՝ ծվատված․․․
Այդ հայացքներից սիրտս սարսռաց՝
Ես նրանց խորքում նշմարեցի սեր․․․
Անդունդում այդ ցուրտ մոմի պես հանգած
Թախիծ կար խորունկ, լքված երազներ․․․
ԴԱՆՏԵ
– Սքանչելի պատկեր՝ մութ հարցերով լի․․․
Հիշիր՝ Սումնուսից մեկնություն հարցնենք։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Երբ երազներն են դառն ու սոսկալի,
Իրական կյանքից ի՞նչ հրաշք ուզենք։
Սոմնուսին դիմե՞նք։
ԴԱՆՏԵ
– Երբ նրան տեսնենք։
Հոգիների մեջ շրջում է անտես։
Մեր քնով միայն մենք պիտի սփոփվենք,
Գեհենի որջից ազատումի պես։
Լռություն է տիրում։ Յուրաքանչյուրն իր մտքերի հետ է։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Եղբա՜յր իմ Դանտե, պոետ մոլորյալ,
Վերադարձի՜ր քո ծովերին կապույտ ։
Լքի՜ր դու փույթով ճաղերն անիծյալ։
Սերն է քեզ սպասում ափին մոտալուտ․․․
(Ձեռքով ցույց է տալիս Բեատրիչեի կողմը):
ԴԱՆՏԵ
– Եթե չխորշեմ քեզնից փախչելուց
Ու հանգիստ գտնեմ ծովերի գրկում,
Ես կդադարեմ Դանտե լինելուց
Ու կխորտակվեմ տաք ալիքներում։
Չէ՞ որ ես միայն անապատներում
Եվ լուրթ ծովերում չեմ գոյատևում,
Այլ Ֆլորենցիայի հրապարակներում,
Սիրելի Վարպետ, և քո հուշերում։
Թե հեռանալով ես փորձեմ փրկվել՝
Բոլորի համար կդառնամ անպետք։
Չեմ կարողանա պոեմն ավարտել,
Հուշերի մեջ քո թողնել փոքրիկ հետք։
Մինչդեռ ես գիտեմ՝ ոչ դու՛, ոչ էլ ե՛ս,
Ոչ ծովե՛րը իմ, ոչ Բեատրիչե՛ն
Մահըս չենք փնտրում․․․ Ինչ էլ որ ասես՝
Պատիժները այս մեր մեղքից քիչ են․․․
Մի անգամ վաղու՜ց փորձել եմ արդեն
Դույզն իսկ տարբերվել այլ առյուծներից,
Միայնակ մնալ, մտքերիս տրվել
Եվ ամեն գնով խուսափել մեղքից․․․
Բայց ի՜նչ եմ շահել․․․ Ճաղերը միայն
Եվ գոյությունը այս մելամաղձոտ․․․
Բայց դու մեղք չունես՝ մեր կյանքն է ունայն։
Հոգնել եմ արդեն այս դերից թախծոտ։
(Հանում և դեն է նետում դիմակը):
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Մերժում ես, սակայն, կյանքն այս անհեթեթ,
Օտար խաղերի տեսիլքը անտես․․․
Չէ՞ որ դու ինձ պես ճամփորդ ես մի խենթ,
Եվ բազում հուշեր, երազներ ունես։
ԴԱՆՏԵ
– Ո՜վ իմ Անդրոկլես, իջի՜ր աստղերից․․․
Իմ փուշը հանի՛ր, փորձիր ազատել
Ինձ ահասարսուռ տվայտանքներից,
Որ իմ երազն են այսպես կաշկանդել․․․․
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Կատաղի ցասումով)
– Ժամն է, որ կյանքիդ դու տաս հրաժեշտ՝
Ես կբզկտեմ մաշկդ գարշելի,
Որ սերըդ դառնա ունայն մի զավեշտ․․․
Գործած մեղքերիդ եղի՛ր արժանի։
Վերգիլիուսը ցատկում է նստած տեղից, ցնցում ճաղերն ու մռնչում վիրավոր ցասումով։ Փորձում է շրջանցել վանդակաճաղը և հասնել Դանտեին, բայց վերջինս բացում է դռնակն ու անցնում մյուս կողմը։ Վերգիլիուսն անկարողությունից գրկում է ճաղերն ու մռնչում։ Երկուսն էլ ուժասպառ փռվում են հատակին։ Լռություն է տիրում։ Բեատրիչեն մոտենում է շղարշին, ապա դանդաղաքայլ վերադառնում իր տեղը։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Հոգնած ձայնով)
– Բայց ասա՝ ինչու՞ դու վերադարձար,
Չգտար դադար քո մով ծովերում,
Այլ նախընտրեցիր կյանքը անարդար․․․
Խղճուկ մի հերոս՝ օտար խաղերում։
ԴԱՆՏԵ
– Եթե հեռանամ ու անդարձ լքեմ
Քեզ ու ճաղերն այս, անապատը ժանտ,
Էլ ո՞րն է իմաստը թե՛ իմ և թե՛ քո
Եվ թե՛ ճաղերի տխուր գոյության։
Օտարանալով ցավին աշխարհի՝
Էությունը մեր կփոշիացնենք։
Տխուր է վերջը այս ճանապարհի՝
Մենք մեզ կորցնելով՝ ի՞նչ պիտի շահենք։
Դա մի ավարտ է, որ չենք ցանկանա
Անգամ Դժոխքում մեր ստոր ոսոխին։
Եթե առյուծը իմ մեջ չարթնանա,
Դու չես ճանաչի պատկերը վախի։
Բայց, թե հեռանամ, կդառնամ իսկույն
Մշտնջենական մղձավանջը քո։
Դու ինձ կընկալես իբրև հարբած քուն,
Հավերժ կտանջվես անտես այդ վերքով։
Եվ ամեն ինչում մի կառափնարան
Ու սրած կացին դու պիտի տեսնես։
Ու քնիդ պահին, նաև հարթմնի
Իրական մահըդ պիտի երազես․․․
Այդժամ, միգուցե, սրտիդ կսկիծով
Դու կհասկանաս իմաստությունն այն,
Որ ճաղերը այս ոչ թե բանտն են քո,
Այլ ազատության ձեռքը պահապան։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Ձեռքով ցույց է տալիս Բեատրիչեին)
– Իսկ գուցե սի՞րտը․․․ Կամ էլ՝ մի կարո՞տ․․․
ԴԱՆՏԵ
– Վախենամ, որ դա լոկ հույս է աղոտ․․․
Ինչպես անթեղած հավատը վերջին,
Որ շատ է հեռու, բայց թվում է մոտ։
Կարոտը իմ մեջ վաղուց եմ սպանել՝
Իմ մագիլներով այն ծվատելով։
Ինձ մի՛ մեղադրիր, սիրելի Վիրգիլ,
Պարզապես սփոփիր՝ ցավըս կիսելով։
Իսկ սիրտը միայն մեղքեր է ծնում
Եվ ցանկություններ պիղծ ու ոխակալ։
Ես ճակատագրից բնավ չեմ փախչում,
Ուստի չեմ կարող թողնել-հեռանալ․․․
Դա աստվածների կամքն է քամահրած՝
Կյանքի թատրոնը կանխատեսելի։
Քանի դու մարդ ես, իսկ ես՝ մի առյուծ,
Պիտ շարունակվի խաղն այս գարշելի։
Անհեթեթ կյանքում չկան հաղթողներ,
Եվ անհնար է ճաղերից փախչել։
Այդ նույն պատճառով՝ չկան պարտվողներ։
Սիրտըս ոխակալ մի՛ փորձիր մեռցնել․․․
Աստվածները մեզ քար են դարձրել ստերջ՝
Հարցումներին մեր չկա պատասխան՝
Ինչու՞ են տանջվում, տառապում անվերջ
Սիզիփոսն ու խեղճ Դանայոս արքան։
Տե՛ս, գլորում են ժայռը ապառաժ
Դեպ Օլիմպոսի բարձունքն օրնիբուն․․․
Որքան էլ սափրես մարմինդ ճերմակ՝
Մազերը կաճեն քո մղձավանջում։
Իմաստ մի՛ փնտրիր խոհանակության
Սահմաններից դուրս քո երազների,
Քանզի վերջ չունեն մտքերը մռայլ
Հոգիդ պղտորող պրպտումների։
Պարզապես խորհիր, երբ մենակ լինես,
Փորձիր հասկանալ մի բան պարզունակ՝
Բեատրիչեն, դու, ճաղերը և ես
Մի ամբողջության մասերն ենք անքակ։
Իսկ ծովերը մեր ինչպես երազանք
Անուրջ ու տեսիլք՝ ծնված մեր սրտից,
Գալիս են որպես մշուշոտ պատրանք․․․
Պատկերները այդ վանի՜ր քեզանից։
Լավ է ՝ ժողովես կամքդ նվաղած
Ու քայլես դեպի երազը կյանքիդ,
Չե՜մ ուզում լինել խաբկանքին կառչած
Անկարող վկան խուլ տառապանքիդ․․․
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ (Հուսահատ ձայնով)
– Տեսար՝ փորձեցի և ձախողվեցի․․․
Անկարող եմ ես քեզնից հեռանալ։
Ուստի հենց այստեղ հանգրվանեցի․․․
Պետք է, որ փորձեմ ցավըս մոռանալ։
Վշտերըդ բոլոր ես ճաշակեցի
Սահմանագծին Դժոխք-Դրախտի։
Անունը դժնի այնտեղ կարդացի
Այս հոգեկործան, զազրելի ախտի․․․
ԴԱՆՏԵ
– Կարծեմ՝ Քավարան…
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Ասել է թե՝ կյանք…
Ուր ամփոփված են լաց ու տառապանք․․․
(Դադար։ Լացակումած)։
Ների՜ր ինձ, Առյուծ, չեմ կարող ես քեզ
Անգամ խոստանալ հուսադրող մի բան․․․
Դադար և լռություն։ Վերգիլիուսը կիսաձայն արտասվում է։
ԴԱՆՏԵ
– Իսկ դու կհիշե՞ս` փոքրիկ տարիքում
Ինչո՞վ էր քեզ միշտ հայրըդ կերակրում։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Հիշում եմ շատ լավ՝ օրերին բերրի
Դիեցնում էր ինձ առյուծի կաթով,
Որ արքայի պես բիրտ գազանների
Զորական դառնամ ես քաջակորով։
ԴԱՆՏԵ (Դառը ժպիտով)
– Ինձ էլ մշտապես հայրըս փառահեղ
Մարդկային սիրտ էր սիրով հրամցնում,
Դա է առյուծին մարդու պես ահեղ
Եվ իշխանատենչ արարած դարձնում։
Միգուցե նաև, որ ես ազատվեմ
Ստրկացող հոգու խորթ էությունից։
Ասա՜, Մեծ վարպետ, սիրտ բացիր իմ դեմ՝
Վախենու՞մ ես դեռ իմ գոյությունից։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Շա՜տ մեղմ է ասված։ Վախենում եմ դե՞ռ։
Սարսափու՜մ եմ ես մի հայացք նետել
Քո, մագիլներին, ժանիքներին կեռ,
Որոնցում մահվան ժպիտն է սառել։
Իմ ականջներում քո մռնչոցի
Արձագանքն է խուլ անվերջ ղողանջում,
Իսկ մաշկիս վրա փշոտ քո լեզվի
Նողկ խշխշոցն է կորովըս ջնջում։
ԴԱՆՏԵ (Ծիծաղով)
– Բայց ախր ինչու՞․․․ Չե՞ս տեսնում, որ ես
Ծովեր երազող առյուծ եմ անզոր,
Իսկ մագիլներս, ժանիքներս, տե՛ս,
Հենց այն են, ինչ կան՝ ամենքին սովոր։
Մինչդեռ ո՞վ գիտե, քո մութ դավերում
Ի՜նչ խարդավանքներ դեռ կան թաքնված
Արտաքուստ չքմեղ քո ատամներում․․․
Նուրբ եղունգներիդ խորքում ծվարած․․․
Ժպիտը քո նենգ, հայացքդ անկյանք,
Շուրթերդ արնոտ, լեզուդ մոլագար․․․
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Շուրթե՜րս, լեզու՜ս․․․ Տրված են դրանք
Բեատրիչեին սիրելու համար․․․
ԴԱՆՏԵ (Դառը ժպիտով)
– Իսկ տեսե՞լ ես դու իմ Առյուծուհու
Երազները տաք իբրև մի բերկրանք․․․
Էլ ո՞վ կգրկի իմ ընկերուհուն,
Ո՞վ կտա նրան սեր, հոգի ու կյանք․․․
Նա կարոտ է շատ իմ լեզվին փշոտ
Եվ մագիլներիս սիրավետ խաղին։
Ավել է դա, քան դաշտն այս ավազոտ,
Ճաղերը, Առյուծն ու Ֆլորենտացին․․․
Եթե ես ու դու ինչ-որ հրաշքով
Այդպես սիրելու ունակ լինեինք,
Մեր երազների ծովի կապույտով
Օրերը մեր գորշ լցված կլինեին․․․
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Եվ, ուրեմն, ի՞նչ։
ԴԱՆՏԵ
– Երևի թե՝ վերջ։
Միգուցե քնե՞նք… Ու թող երազեն…
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Ա՜խ, ի՜նչ ճիշտ ես դու։ Դրախտ ուղեկցող
Փրկությունն է դա, ինչ էլ որ ասեն․․․
ԴԱՆՏԵ
– Հու՜յսըդ մեզ փրկեց․․․ Մի րոպե սպասիր։ (Ցույց տալով Բեատրիչեի կողմը)
Նրան մոռացա՞ր։ Երազանքը մեր․․․
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Ինչպե՞ս մոռանամ ես մեր մուսային։
Իմ երազն է նա՝ կուսական իմ սերն․․․
Արձագանքները քարերի վրա
Քո հին քաղաքի սալահատակից,
Երբ որ տաճարի ժամացույցն անգամ
Դադար է առնում՝ երևի խանդից․․․
ԴԱՆՏԵ (Հիացմունքով)
Նրա քայլերի ձայնը սիրասուն
Արձագանքում է և կրկին լսվում․․․
Անսպառ է հանճարդ, Վարպետ իմաստուն։
Ամեն ինչ արդեն իր տեղն է ընկնում՝
Ճաղերն ժանգոտված, անապատը ժանտ,
Բեատրիչեն սեգ, վախերը մեր հեղկ․․․
Դեմ չե՞ս լինի դու, եթե միասին
Մեր մուսաների երազը տեսնենք։
ՎԵՐԳԻԼԻՈՒՍ
– Դա է փափագն իմ… Դեռ կապրենք օրեր
Բեատրիչեի գաղտնի հուշերում։
Կամ էլ տողերում պոեմների մեր․․․
Տու՛ր ինձ քո ջրից, խմել եմ ուզում․․․
Դանտեն մեկնում է շիշը։ Հերթով խմում են, փռվում գետնին և անշարժանում։ Ներս են մտնում բեմական բանվորները։ Առանց շտապելու հավաքում են դեկորը, ճաղերը, Բեատրիչեի գահը, միջնորմ-շղարշը և տանում կուլիսներ։ Ապա վերադառնում են և նայում քնած Վերգիլիուսին և Դանտեին։ Մի քիչ մտածելուց հետո նրանց ևս բռնում են ձեռքերից և ոտքերից և դեկորի պես տանում դուրս։ Ապա հին հունական ոճի երկու արձանագլուխ են բերում և տեղադրում աթոռների վրա՝ այն տեղում, որտեղ Վերգիլիուսի և Դանտեի մարմիններն էին։ Մելպոմենեի արձանը տեղափոխում են կենտրոն։ Բանվորները դուրս են գալիս։ Բեմում մնում է միայն Բեատրիչեն։ Լույսերը թուլանում են։ Հոգեպարար երաժշտություն։ Լույսի մի շող հետևում է Բեատրիչեին։ Վերջինս դանդաղաքայլ ճեմում է բեմով, հանում և մի կողմ է դնում հրեշտակի թևերը, կանգ առնում արձանագլուխների մոտ, ժպտում և սիրով շոյում երկու գլուխները։ Հետո մոտենում է Մելպոմենեի արձանին և համբուրում շուրթերը։ Բեատրիչեն նազանքով ու դանդաղաքայլ դուրս է գալիս՝ վերջին պահին մի ժպիտ պարգևելով դահլիճին։
ՎԱՐԱԳՈՒՅՐ
Մարտ 2023 թ.
Փոխադրությունը չափածոյի՝ հունվար-ապրիլ 2024 թ․
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1 Դանտե, «Աստվածային կատակերգություն», Դժոխք. Երգ Առաջին, 1-9։ Թարգմանիչ՝ Արբուն Տայան։ Այսուհետև այս աղբյուրից բոլոր մեջբերումները ըստ նույն թարգմանության։
2 Նեապոլում Վերգիլիուսի դամբարանապատին փորագրված բառերը։ Բնագրում՝ “Mantua me genuit, Calabri rapuere, tenet nunc Parthenope; cecini pascua, rura, duces” (լատիներեն)։ Քառավանկ չափի (4+4+4+4) փոխադրումը՝ Դ. Խաչիյանի։
3 Դանտե, «Աստվածային կատակերգություն», Դժոխք. Երգ Առաջին, 37-45։
4 «Աստվածային կատակերգության» մեջ Էնեասը Դժոխքի առաջին պարունակում է։
5 Santa simplicitas (լատիներեն):
6 Ֆլորենցիա քաղաքի նախկին անվանումը։
7 Այսինքն՝ «Առաջինից մինչև վերջինը» (հռոմեական ասացվածք)։ Տես՝ Սվետոնիոս, «12 կեսարների կյանքը», Գայոս Կալիգուլա, 27։
8 Դանտե, «Աստվածային կատակերգություն», Դժոխք. Երգ Երրորդ, 1-9։
9 Լատիներեն՝ Cave amantem։
10 Deus Ex machina. – Բառացիորեն՝ Աստված մեքենայի միջից (լատ․)։
11 Դանտե, «Աստվածային կատակերգություն», Դժոխք. Երգ Առաջին, 42-45։
12 Անդրոկլես (լատիներեն՝ Androclo) – հավանաբար մտացածին կերպար՝ հին հռոմեացի ստրուկ, ով, ըստ Ալիոնի պատմության, իր դաժան տիրոջից փախել է Լիբիական անապատ։ Անապատում Անդրոկլեսը՝ արևի տապից պաշտպանվելու համար, մտնում է քարանձավ, որտեղ հանդիպում է կաղացող առյուծի։ Անդրոկլեսը առյուծի թաթից հանում է փայտափուշը, և առյուծը դառնում է շան պես հավատարիմ։ Հետագայում Անդրոկլեսին և առյուծին բռնում են և տանում Հռոմ՝ Կրկեսում ցուցադրվելու համար, սակայն Առյուծը Անդրկլեսի վրա հարձակվելու փոխարեն շան պես պառկում է վերջինիս ոտքերի մոտ։ Այս տեսարանից ապշած Կեսարը երկուսին էլ ազատություն է շնորհում։ Բերնարդ Շոուն «Անդրոկլեսը և առյուծը» անունով խոհափիլիսոփայական պիես ունի գրված։
13 E che lascino a desiderare (Իտալերեն)։
