Und wenn du lange in einen Abgrund blickst, blickt der Abgrund auch in dich hinein.
Friedrich Nietzsche
(Jenseits von Gut und Böse, Aphorism 146[1])
Եթե որոշել եք բանկից մեկ միլիոն գողանալ և չբռնվել, ապա ես ձեզ միանգամից երեք խորհուրդ եմ ցանկանում տալ.
Գործեք միայնակ: Մի հին ճշմարտություն կա՝ եթե գաղտնիքը մեկից ավելի մարդ գիտի, ապա դա արդեն գաղտնիք չէ: Իսկ գաղտնապահությունն այս գործում առաջնային է:
Պլանավորեք ձեր գործողությունները: Հնարավորինս հստակ՝ ինչպես առաջին դասարանի մաթեմատիկայի խնդիրը: Կա նպատակ, պետք է ստեղծել աշխատանքային գործիքներ և, ըստ ծրագրի, հասնել նպատակին: Ընդ որում, լավ կլինի ունենալ ոչ միայն ծրագիր Ա, այլ նաև ծրագիր Բ և անգամ ծրագիր Գ:
Երբեք, երբեք, երբեք մի թերագնահատեք այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում, որ դուք գողանաք այդ միլիոնը: Լինի դա բանկի կառավարիչը, պահակը կամ էլ իրավապահ մարմինների աշխատակիցը, որի պարտքն է բացահայտել գողությունը և ձերբակալել ձեզ:
Այս սկզբունքներն ինձ համար պարզից էլ պարզ էին: Արդեն հասցրել էի բանկային գողության վերաբերյալ հարյուրավոր ֆիլմեր դիտել, տասնյակ գրքեր կարդալ, հազարավոր համացանցային աղբյուրներ ուսումնասիրել: Եկել էր գործելու ժամանակը: Բայց ես իմ էությամբ էսթետ եմ՝ ազատ փիլիսոփա և անկախ մտածող: Ինձ համար զզվելի են արյունն ու բռնությունը: Եթե բնությունը մարդուն մտածող ու հետևություններ անող գլուխ է տվել, ապա առնվազն անհեթեթություն է զուտ մկանների միջոցով փող աշխատելը: Անգամ չեմ կարող պատկերացնել ինձ կողոպտչի դերում, որը դիմակավորված ներխուժում է բանկ, վնասազերծում պահապան ոստիկանին ու բարձրաձայն գոռում.
– Ոչ ոք չշարժվի: Սա կողոպուտ է: Ինձ պետք են միայն բանկի փողերը, իսկ ձեզ և ձեր ավանդներին ոչինչ չի սպառնա, քանի որ դրանք ապահովագրված են: Ուրեմն հանգիստ պառկեք երեսնիվայր և սպասեք մինչև հեռանամ:
Օ՜, ոչ… Այս մի՛տքն անգամ ինձ խորթ է: Ես երբեք չեմ կարող դա անել: Ես նախընտրում եմ նրբահյուս, ժամացույցի սլաքի պես դանդաղ, բայց համաչափ գործողությունները: Բռնությունը տհաս ուղեղների արգասիքն է:
* * *
Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է բանկում ամենատեղեկացված մարդը: Կառավարի՞չը: Ոչ: Պահակային ծառայության պե՞տը: Ոչ: ՏՏ մասնագե՞տը կամ աուդիտո՞րը: Ոչ և դարձյալ ոչ: Գլխավոր հաշվապա՛հը: Այն մարդը, ով օրեր, շաբաթներ, ամիսներ ու տարիներ շարունակ գլուխը կախ հետևում է ֆինանսական բոլոր ելքերին և մուտքերին: Այսպիսի մեկն էր ինձ պետք, որպեսզի կարողանայի նախնական որոշակի տեղեկություններ քաղել բանկի ներքին խոհանոցի մասին: Ինձ անհրաժեշտ էր հստակորեն իմանալ ամեն ինչ բոլոր (հատկապես մեծ) ֆինանսական մուտքերի և ելքերի մասին:
* * *
Երբ ինչ-որ լուրջ բան ես ձեռնարկում, և ուղեղդ օրուգիշեր դրա մասին է մտածում, ապա տեղեկությունները կարծես իրենք իրենց սկսում են հոսել դեպի քեզ: Սա տիեզերական տրամաբանության սկզբունքներից է, որը գործում է ոչ պակաս ճշտությամբ, քան Նյուտոնի օրենքները: Սակայն Նյուտոնը Նյուտոն չէր լինի, եթե չունենար համապատասխան մասնագիտական պատրաստվածություն: Ես դա ունեի: Գրեթե ունեի: Արտասահմանյան ուղևորություններից մեկի ժամանակ բախտի քմահաճույքով մի բաց սեմինարի մասնակցեցի, որի թեման հենց բանկային ՏՏ համակարգի աշխատանքին և անվտանգությանն էր վերաբերում: Մասնագետը մի քանի ժամ շարունակ պատմում ու բացատրում էր, թե ինչպես է այդ ամենն աշխատում, և ինչպես կարելի է դրանից առավելագույնս ապահովագրվել: Հիշում եմ՝ հենց այդպես էլ ասաց՝ ultimate security, երևի նկատի ունենալով, որ հարյուր տոկոսանոց պաշտպանվածություն չի կարող գոյություն ունենալ:
– Մարդն ընդունակ է ստեղծել ցանկացած գլուխկոտրուկ: Սակայն, որքան էլ որ դա բարդ ու խճճված լինի, անպայման կգտնվի մեկ այլ մարդ, ով կկարողանա գլուխ հանել դրանից:– Մոտավորապես սա էր նրա ասածը:
Հետո մասնագետը երկար պատասխանում էր ներկաներիս հարցերին: Մեզ տեղեկացնելով էլեկտրոնային բանկային համակարգի պաշտպանության հիմնական սկզբունքների մասին՝ նա ինքնըստինքյան պատմում էր նաև հարձակման ձևերի ու մանրամասների մասին: Չէ՞ որ հնարավոր չէ հմտանալ շախմատային խաղի մեջ՝ ուսումնասիրելով միայն սպիտակների կամ միայն սևերի քայլերը: Դա առնվազն անտրամաբանական է: Իսկ ինձ հետաքրքրում էին թե՛ սպիտակների, թե՛ հատկապես սևերի քայլերը: Կոնկրետ իմ դեպքում հարձակվողը հենց սևերը պետք է լինեին:
Ամիսներ անց մի տեղ հյուր էի հրավիրված: Այնպիսի մի տեղ, ուր շատ մարդիկ կային, և վստահ եմ, որ ներկաները հաջորդ օրը դժվարությամբ կճանաչեին հրավիրվածների անգամ մեկ երրորդին: Եվ հենց այնտեղ Լիզա անունով մի գեղեցկուհու հետ կոկտեյլ խմելով ու ժամավաճառ անելով՝ ականջի տակով լսում էի տարիքով մեկի գինովցած ու ոգևորված ձայնը.
– Ձեր կարծիքով՝ ո՞վ է կառավարում բանկը: Կառավարի՞չը: Ո՛չ, տիկնայք և պարոնայք: Բանկը ե՛ս եմ կառավարում: Արդեն տասը տարի է, որ գլխավոր հաշվապահն եմ, և ինձնից լավ ոչ ոք չգիտի ֆինանսական բոլոր ծակուծուկերն ու փողերի հոսքերը: Կառավարչի մտքին միայն մոդայիկ հագնվելն է ու ֆուտբոլի խաղից չուշանալը: Գոնե Ադամ Սմիթ կարդացած լիներ… Էլ չեմ խոսում Քեյնսի մասին…
Հետո պատմեց, թե ինչպես և երբ են մուտք գործում էլեկտրոնային և կանխիկ փողերը, որտեղ են պահվում և ինչպես են տնօրինվում: Ի՞նչ ասեմ՝ իմ երկրորդ շատ ուսանելի և բացարձակ անվճար դասախոսությունն էր:
Ես ինքս աշխարհագրագետ-գիոդեզիստ եմ: Աշխատում եմ եղանակի կանխատեսումների ազգային գրասենյակում իբրև կրտսեր գիտաշխատող: Տեղեկատվական տեխնոլոգիաներին ծանոթացել և հմտացել եմ ինքնուրույն, եթե, իհարկե, չհաշվենք անվտանգության համակարգերի մասնագետի սեմինար-պարապմունքը և բանկի գլխավոր հաշվապահի բացբերանությունը: Շաբաթներ անց ափսոսանքով իմացա, որ նա հանկարծամահ է եղել: Ափսոսացի, քանի որ անվճար դասախոսության ժամանակ որոշ կարևոր մանրուքներ բերանից չէր հասցրել թռցնել: Դրանք շա՜տ կխնայեին իմ ժամանակը:
Խղճի խայթ բոլորովին չէի զգում: Ըստ բանկի ողորմած-հոգի գլխավոր հաշվապահի՝ մեծ փողերի տերերը հիմնականում խոշոր բիզնեսի տերերն ու զանազան պաշտոնյաներ էին՝ մարդիկ, ում մասին իմ կարծիքը միանշանակ չէր: Չգիտեմ, միգուցե մի օր խորհեմ դրա շուրջ, երբ աշխարհի մի այլ ծայրում, օվկիանոսի ափին ճոճաթոռի կամ էլ ճոճացանցի մեջ թաղված կոկտեյլ վայելեմ ու ավազների վրայով մանրիկ քայլերով անցնող գեղեցկուհիներին սիրահետեմ: Բայց այսօր դեռևս հոգեկան տվայտանքներին տրվելու ցանկություն չունեմ: Եռանդն ու հարստանալու մոլագարությունը կլանել են ինձ: Պետք է գործել: Գործել ըստ վերը շարադրված երեք սկզբունքների:
* * *
Աշխատելու համար աշխատատեղ է պետք: Արդեն վաղուց քաղաքի մյուս ծայրում մի հարմար տեղ էի արել՝ մեկսենյականոց մի բնակարան, որի տերը պառավ մի կին էր: Մի քիչ սակարկեցի գնի հարցում, և շուտով համաձայնության եկանք:
Սենյակում մի հին սեղան կար, երկու-երեք ճռճռացող աթոռ, անհայտ ժամանակներից մնացած մի մահճակալ և, ի զարմանս ինձ, պատին կախված դպրոցական մի մեծ սև գրատախտակ ու սպիտակ կավճի կտորներ:
– Նախորդ տնվորս դասախոս էր՝ աշակերտներ ուներ: Նրանից է մնացել:– Հասցրեց բացատրել պառավը:– Իսկ դու ինչո՞վ ես զբաղվում:
– Ես համակարգիչների հետ գործ ունեմ,– հետևեց իմ լղոզված բացատրությունը:
– Դե տես, շատ հոսանք չծախսես,– զգուշացրեց տանտիրուհին:
– Խոստանում եմ,– ասացի ես ու զինվորական պատիվ բռնելու պես կեցվածք ընդունեցի:
– Եվ ո՛չ մի աղջիկ,– կատեգորիկ հայտարարեց նա:
– Լավ, խոստանում եմ,– ժպտացի ես և միանգամից երկու ամսվա կանխավճար տվեցի նրան: Պառավի աչքերը փայլեցին: Ժպիտի պես մի բան հայտնվեց նրա երեսին:
– Եթե, իհարկե, ընկերուհիդ կամ նշանածդ չէ,– բազմանշանակ ժպտաց նա, բանալին դրեց ափիս մեջ ու քայլեց դեպի դուռը՝ ինձ մենակ թողնելով չորս պատերի մեջ:
Ես հրաշալի գիտեի, որ նա ինձ բանալու պատճենն է տվել, և իր մոտ հաստատ մի օրինակ պահել է, որ պարբերաբար ստուգի բնակարանն իմ բացակայության ժամանակ: Դա ինձ բնավ չէր խանգարում, հատկապես, որ ոչ ընկերուհի ունեի ու ոչ էլ, առավել ևս, նշանած:
Ես մի այլ փոքրիկ սկզբունք էլ ունեմ. քանի դեռ միլիոնատեր չես՝ պետք չէ միլիոնատիրոջ պես ապրել: Այլ բառերով ասած՝ մի ծախսիր այն փողերը, որոնք դեռ չես վաստակել: Այնպես որ, շարունակեցի ամեն տեղ հեծանիվով գնալ-գալ: Դա ինձ շատ հարմար էր, հատկապես, որ վերջերս քաղաքում շատացել էին հեծանիվի սիրահարները, և ես առանձնապես աչքի չէի ընկնի:
Հենց նույն օրն իմ նախասիրությամբ վերադասավորեցի սենյակը: Ստիպված մի նոր աթոռ բերեցի, քանի որ առկա բոլոր աթոռներն ահավոր ճռճռում էին, իսկ դա ինձ խանգարում էր կենտրոնանալ: Սև գրատախտակը մի քանի անգամ խնամքով լվացի թաց շորով: Կրկին անգամ ստուգեցի WiFi[2] կապի առկայությունը: Բավական հզոր ազդանշան էր, որն ինձ էր հասնում հարևան շենքում տեղավորված ինչ-որ գիտահետազոտական հիմնարկից: Դեռ առաջին այցելության ժամանակ դա ստուգել էի իմ հեռախոսով: Ընդ որում՝ բնավ ազատ օգտագործման բաց կապ չէր: Ազատ կապերը որպես օրենք հզոր չեն լինում, իսկ ինձ գերարագ WiFi էր պետք: Հաջորդ օրը մորաքրոջս տնից, որտեղ ապրում էի, փակ պայուսակներով իմ համակարգիչներն ու մի քանի այլ օժանդակ սարքեր բերեցի: Առաջին գործս փակ կապի գաղտնաբառը պարզելն էր: Դա, իհարկե, կարելի էր փորձել պարզել հարցուփորձի միջոցով կամ այդ հիմնարկում ծանոթ գտնելով, սակայն դա իմ սկզբունքներին դեմ էր: Գործել պետք էր միայնակ: Եվ ոչ մի օգնական ուժ ինձ պետք չէր: Գործարկեցի հատուկ ծրագիրը և երկու ժամվա ընթացքում կարողացա «ջարդել» փակ համակարգն ու տիրանալ գաղտնաբառին: Սա մի փոքրիկ հաղթանակ էր ինձ համար, ուստի մտքումս ծափահարեցի ինքս ինձ:
Փորձի համար մի քանի դժվարամատչելի կայքեր մտա: Որևէ խոչընդոտի չհանդիպեցի, քանի որ կապն իրոք շատ ուժեղ էր: Հատկապես երեկոյան և գիշերային ժամերին, երբ ես պլանավորում էի աշխատել, կապը հատկապես լավն էր, քանի որ ես, թերևս, միակ օգտվողն էի: Ընդ որում՝ չբացահայտվող օգտվողը, քանի որ որևէ IP[3] հասցե իմ անձնական անունով գրանցված չէր: Ապահովությունն այս գործում երբեք անտեղի չէ:
Վստահ եմ, որ որոշ մասնագետներ հիմա ծիծաղում են ինձ վրա: Գիտե՜մ, գիտեմ՝ առանց իրական IP հասցեի անհնար է մտնել այն համակարգերի մեջ, ուր ես երազում էի թափանցել: Երևի ժամանակն է, որ իմ հերթական գաղտնիքը կամ ինչպես ասում են՝ know-how-ն բացահայտեմ: Կեղծ IP հասցեի միջոցով կարելի է մուտք գործել իրական IP տրամադրող որևէ հասանելի սերվեր և, այսպես կոչված, հայելային հարցման միջոցով ստանալ իրական IP հասցե: Ընդ որում՝ անգամ այս դեպքում դու մնում ես անտեսանելի, եթե ինչ-որ մեկը ցանկանա գալ քո հետքերով ու գտնել քեզ: Հասկացողը կհասկանա… Իսկ իրական IP հասցեի միջոցով կարելի է արդեն փորձել մուտք գործել այն սրբության սրբոցը, ուր ես այդքան փափագում էի մտնել՝ օրերից մի օր Կայմանյան կղզիներից մեկում կամ Բելիզում ճոճաթոռի կամ էլ ճոճացանցի վրա պառկած՝ օվկիանոսի վրայի մայրամուտով զմայլվելու ռոմանտիկ հեռանկարով:
* * *
Ես FOREX-ին և նմանատիպ այլ վիճակախաղերին չեմ հավատում: Դա ինձ համար չէ: Ես պատահականություններ չեմ ընդունում և առավել ևս չեմ կարող դրանցով առաջնորդվել: Ես պետք է հարյուր տոկոսով վստահ լինեմ արդյունքին, եթե ընթացքում, իհարկե, չեմ սխալվել:
* * *
Կայմանյան կղզիներ (քաղվածք Wikipedia ազատ հանրագիտարանից):
Կայմանյան կղզիներ (անգլերեն՝ Cayman Islands), կղզիախումբ Կարիբյան ծովի հարավ-արևմուտքում, Վեստ Ինդիայում։ Միացյալ Թագավորության անդրծովյան տարածքն է։ Կայմանների կազմի մեջ մտնում են Մեծ Կայմանը, Փոքր Կայմանը և Կայման-Բրակը։ Վարչական կենտրոնը Ջորջթաունն է։ Հայտնագործել է Քրիստափոր Կոլումբոսը 1503 թվականին և, նկատի ունենալով դրանց շուրջ լողացող բազմաթիվ խոշոր կրիաները, կղզիներն անվանել է Լաս Տորտուգաս («Կրիաներ»), բայց այդ անվանումը չամրացավ։ 1530 թվականին նոր եկվորներն այստեղի իգուան տեսակի խոշոր մողեսներին դնելով կայման կոկորդիլոսներ տեղ՝ կղզիներն անվանեցին «Կայմանյան կղզիներ»:
Սա տեղեկության բանաստեղծական կողմն է՝ Կարիբյան ծովում պատսպարված գեղատեսիլ կղզիներ, մողեսներ ու մտացածին կոկորդիլոսներ: Դարեր անց կարիբյան ծովահեններին փոխարինելու եկան ֆինանսական ծովահենները՝ շատ խելացի ու արկածախնդիր նորօրյա սրիկաներ, ովքեր որոշեցին բանաստեղծական ու զբոսաշրջային հմայքից զատ` այլ օգուտ քաղել այս երեք կղզիներից ու փող բերող խորամանկ մի համակարգ մոգոնեցին՝ աշխարհով մեկ պտտվող ու ոչ այնքան ազնիվ ծագման միլիարդավոր դոլարներն իրենց բանկերում պատսպարելու ու լվանալու ձևով՝ որևէ էական հսկողությունից կատարելապես դուրս: Այլ բառով ասած՝ օֆշորային հաշիվների գաղափարը: Եվ եթե կա լավ առաջարկ, ապա հաստատ կգտնվի համապատասխան պահանջարկ: Սա արդեն շուկայագիտության դասագրքերից է՝ բարոն Ջոն Մեյնարդ Քեյնսի (John Maynard Keynes) տնտեսագիտության նոր տեսության տարրերից:
* * *
ՈԳԵՀՄԱՅՈՒԹՅԱՆ ՍԵԱՆՍ #1
Հենց սկզբից ինձ տարօրինակ զգացում համակեց: Այնպիսի տպավորություն ունեի, թե գաղտնի սողոսկել եմ մեծն անգլիացու ննջարանը, ուր նա անվրդով քնած է, ու մոմի լույսով գաղտագողի հետևում եմ նրան ու նրա համաչափ շնչառությանը: Ենթագիտակցորեն գլխի ընկա, որ ոգին արդեն ներկա է: Շուտով հավաքեցի ինքս ինձ ու տվեցի առաջին հարցս.
– Ուիլյամ Շեքսպիր, դուք որտե՞ղ եք:
Հարցս կրկնեցի մի քանի անգամ՝ որոշակի դադարներով: Ուիջի տախտակի տառացույցի մտքով անգամ չէր անցնում փոխել իր դիրքը: Ի վերջո այն սկսեց շարժվել ու տառերի օգնությամբ նկարել պատասխանը.
– Ստրեդֆորդ […] hիմա ամեն տեղ […] միշտ մենակ […]:
– «Համլետի» հեղինակը դո՞ւք եք:
– Այո […]:
– Միա՞կ հեղինակը:
– […] հիմար հարց […] պատասխանել […] իմ որդի Համնետ[4] […]:
– Ի՞նչ եք ցանկանում ինձ ասել հիմա:
– Որքան բաներ կան, Հոր […][5] երկնքում և երկրի վրա որ երբևիցե փիլիսոփայությունդ […] երազել[6]։
– Ես այլ հարցեր չունեմ: Գնացե՛ք: Բարի գիշեր:
– […] միայն գիշեր […] երբեք հանգիստ գտնել […] պատիժ:
* * *
Կայմանյան կղզիներում բանկային հաշիվ բացելու պայմանները
Կայմանյան բանկերը տրամադրում են բանկային տարբեր հաշիվներ՝ կախված ձեր պահանջներից: Դուք կարող եք հեռախոսով կամ անգամ համացանցի միջոցով կապվել Կայմանյան բանկերի հետ ու պայմանավորվել գաղտնի խորհրդակցության մասին, որի ընթացքում արդեն կարող եք անվճար խորհրդատվություն ստանալ: Ձեզ կարող են առաջարկել օֆշորային, ներդրումային կամ էլ բարձրահարգ անձնական հաշիվ բացել: Աշխատեք լավ հասկանալ այս հաշիվների տարբերությունները, հատկապես, որ դրանց հարկումը տարբեր դրույքաչափերով է կատարվում: Խորհրդատվության ընթացքում բանկերը ձեզ կառաջարկեն ձեր և ձեր բիզնեսի համար լավագույն լուծումը: Ընդսմին, ուշադիր ուսումնասիրեք ձեր բնակության երկրի հարկային օրենսդրությունը: Հաշվի առեք, որ Կայմաններում հաշիվ բացելը ձեզ չի ազատում ձեր մշտական բնակության երկրի օրենսդրությամբ նախատեսված հարկային պարտավորություններից, եթե դրանք ենթակա են հարկման: Խուսափելու դեպքում պատրաստվեք քաղաքացիական և անգամ քրեական պատժի:
Սովորական բանկային հաշիվը թերևս այն է, ինչը ձեզ պետք է: Դուք կարող եք ծախսել ձեր հաշվին առկա գումարը, ստանալ և կատարել բանկային փոխանցումներ, ինչպես նաև ստանալ ավանդային տոկոսներ: Ներդրումային հաշիվներն ավելի լայն հնարավորություններ են ենթադրում՝ ոչ միայն դրամային, այլև արժեթղթային և այլ ակտիվներ: Ամեն պարագայում՝ եթե մտադրվել եք հաշիվ բացել և որոշել եք դրա տեսակը, ապա այդ ամենը կարելի է անել առցանց տարբերակով՝ առանց Կայմանյան կղզիներ այցելելու: Դուք կստանաք հաշվի համար, էլեկտրոնային բանկի ծածկագրերը, նամակագրության հնարավորություն և պահոց, վճարային քարտեր և այլն: Եթե դուք նախատեսում եք 300.000 ԱՄՆ դոլարից ավելի գումար դնել ձեր հաշվին, ապա ամեն ինչ շատ արագ ու հեշտ կարվի: Նոր բանկային հաշիվ բացելը կարժենա 500-1.000 դոլար: Հարմար բանկ կարելի է գտնել կրկին համացանցի միջոցով կամ էլ որևէ Բրիտանական դեսպանատուն նամակ ուղարկելով: Նախապես անպայման ճշտեք ապոստիլի անհրաժեշտությունը: Որոշ բանկեր պահանջում են այդ փաստաթուղթը, որը հնարավոր է ձեռք բերել արդարադատության նախարարությունում:
Հաշիվ բացելու համար ձեզնից մի քանի փաստաթուղթ կպահանջեն՝
Քաղվածք որևէ բանկից, որտեղ դուք արդեն հաշիվ ունեք:
Տեղեկանք աշխատանքի վայրից:
Անձը հաստատող փաստաթուղթ:
Անձնագրի պատճենը (ի հավելումն անձը հաստատող փաստաթղթի):
Տեղեկանք բնակության վայրից:
Համառոտ նամակ, թե ինչպես եք պատրաստվում ծախսել ձեր միջոցները:
Վերջին տարիների խստացող պահանջներին համահունչ՝ ձեզնից կարող են նաև մի շարք այլ փաստաթղթեր պահանջել՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, նամակ ապահովագրական ընկերությունից, ժառանգության փոխանցման փաստաթուղթ և այլն: Ի դեպ, այս պահանջները ոչ բոլոր բանկերն են առաջ քաշում:
Ինչ վերաբերում է ձեր նորաբաց հաշվի տնօրինմանը, ապա կարևոր է իմանալ հետևյալը.
Ընտրեք, թե ինչ տարադրամով եք պահելու ձեր ավանդները: Կարելի է թե՛ տեղական արժույթով, թե՛ արտարժույթով՝ կախված ձեր նպատակներից: Արտարժույթով պահվող ավանդների դեպքում պատրաստ եղեք որոշ լրացուցիչ ծախսերի՝ կապված փոխարժեքների տատանման և փոխանցումների հետ:
Պարզեք, թե ինչ ճանապարհով եք գումար փոխանցելու ձեր հաշվին: Շատ հարմար է, եթե ձեր ընտրած բանկն աշխատում է էլեկտրոնային փոխանցումներով:
Միաժամանակ տեղեկացեք, թե ինչպես կարող եք ձեր հաշվից փոխանցումներ կատարել այլ հաշիվների:
Դուք կարող եք անձամբ հաղորդակցվել ձեր բանկի հետ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, ռուսերեն կամ արաբերեն: Այնպես որ՝ լավ սովորեք այս լեզուներից որևէ մեկը: Խոսակցական և գրավոր:
* * *
Թղթի վրա ամեն ինչ հեշտ է թվում: Երբ տեսությունը փորձում ես գործի վերածել՝ անպայման տեխնիկական բնույթի հարցեր են երևան գալիս: Նպատակս հստակ էր՝ ի վերջո բոլոր փողերը պետք է նստեին իմ անձնական հաշվին, սակայն առանց ավելորդ հարցերի և առավել ևս՝ հետապնդումների: Իմ անձնական հաշիվը երկար շղթայի վերջին օղակը պետք է լինի: Այնպիսի մի օղակ, որ դրա բոլոր նախորդները հանգրվանեն ծովի հատակին ու ժամանակի ընթացքում խառնվեն-լուծվեն համաշխարհային օվկիանոսի աղի ջրերին:
Եթե ես ասում եմ, որ իմ վերաբերմունքը ժամանակակից գերհարուստներին միանշանակ չէ, ապա միանգամայն հստակ է նրանց հանդեպ, ովքեր կոչված են ապօրինի եկամուտների դեմն առնելուն, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չեն անում: Երկուսն էլ հավասարաչափ մեղավոր են, որ մեր հասարակությունն այսքան անհամաչափ է զարգանում, ու եկամուտներն այդքան անարդար են բաշխվում: Վերևում արդեն նշեցի, որ ես ինքս պատահականություններ չեմ ընդունում ու չեմ հավատում դրանց: Ամեն ինչ օրինաչափ է ու նախասահմանված: Այս ամենից մի քանի շաբաթ առաջ, երբ շատ բան տակավին ծրագրավորման փուլում էր, պատահական մի տեղ մտա՝ ինչ-որ էջ պատճենահանելու համար: Բացեցի պատճենահանող սարքի կափարիչն ու, ինչպես հաճախ է պատահում, դրա մեջ նախորդ օգտագործողի կողմից մոռացված փաստաթղթեր գտա՝ անձնագիր և էլի ինչ-որ թղթեր: Քանի որ ինձնից բացի ոչ ոք դա չնկատեց՝ արագ աչքի անցկացրի: Հաճելի մի դող անցավ մարմնովս՝ դրանք հարկային մարմինների բարձրապաշտոն անձանցից մեկի անձնագիրն ու փաստաթղթերն էին՝ տեղեկանք աշխատանքի վայրից, բանկային հաշվի քաղվածք, տեղեկանք ունեցվածքի մասին, բանկային քարտի երկկողմանի պատճենը և էլի ինչ-որ թղթեր: Նման փաթեթ սովորաբար պահանջում են դեսպանատները՝ արտասահմանյան ուղևորություն կատարելու համար: Հանգիստ ու առանց ուշադրություն գրավելու ինձ համար այդ բոլոր փաստաթղթերից մի-մի օրինակ գունավոր պատճեններ հանեցի ու խցկեցի թղթապանակիս մեջ՝ իմ անձնական թղթերի արանքը:
Տանը մանրամասն ծանոթացա դրանց բովանդակությանը: Անշարժ գույքի, արժեթղթերի ու պետական պարտատոմսերի վաճառքից գոյացած հսկայական միջոցներ… Այդ ամենը՝ թարգմանված անգլերեն ու նոտարով հաստատված: Այստեղ են ասել՝ «Գողը գողից գողացավ…»: Դե ինչ, երևի փորձված աղվեսներն իրոք զույգ թաթով են թակարդն ընկնում: Լարենք այդ թակարդը: Ես երբեք չեմ կարող ներել այն մարդկանց, ում պատճառով հղի մայրերը թերսնվում են, կամ զինվորը ժամանակին փամփուշտ չի ստանում… Ես ինքս ինձ Ռոբին Հուդ չեմ համարում: Ես պարզապես ազատ փիլիսոփա եմ և անկախ մտածող: Նման մարդիկ և նման բաները նախևառաջ իմ ինքնասիրությունն ու աշխարհըմբռնումն են արատավորում: Ուստի ես այս ամենը պատահական չեմ կարող համարել: Դա հաստատ նախասահմանված էր: Փոխանձը գտնված էր: Մնում էր միայն ճիշտ գործել:
* * *
ՈԳԵՀՄԱՅՈՒԹՅԱՆ ՍԵԱՆՍ #2
Ի զարմանս ինձ՝ բարոնի ոգին գրեթե անմիջապես հայտնվեց: Հարկ չեղավ կանչը երկու կամ երեք անգամ կրկնելու: Մոմի լույսը դողաց ու ցնցվեց՝ ասես միջանցիկ քամուց, թեև բոլոր պատուհանները փակ էին, իսկ վարագույրներն՝ իջեցված: Ինքս էլ բավական հուզվեցի, սակայն չհապաղեցի տալ հարցս.
– Դուք երբևէ սխալվե՞լ եք:
– Թերևս Դուն[…][7] հարցում […]:
– Ես նկատի ունեմ տնտեսագիտությունը:
– Մեծ Ճգնաժամը Ամերիկայում… Ստագֆ[…][8]…
– Դուք ինձ կօգնե՞ք իմ ձեռնարկում:
– Այո եթե բարի […]…
– Ջոն Մեյնարդ Քեյնսի ոգի, հեռացի՛ր և մենակ թող ինձ:
* * *
Այդ երեկոն պիտի որ որոշիչ լիներ: Ջորջթաունը Գրինվիչի միջին ժամանակից հետ է հինգ ժամ: Այնպես որ՝ երբ մեզ մոտ գիշեր է, նրանց մոտ ցերեկ է և աշխատանքային ժամ: Ինձ գրեթե անմիջապես միացրեցին համապատասխան աշխատակցուհուն, ով ուշադիր լսեց ինձ, ապա սահուն անգլերենով պատասխանեց բոլոր հարցերիս: Զգացվում էր, որ նա օրական տասնյակ անգամ կրկնում է նույն անգիր արած տեքստը: Այնուհետև անցանք գրանցման և բանկային հաշվի բացման փուլին: Նա պահանջեց փաստաթղթերի այն նույն ցանկը, որը սիրալիրորեն պատճենահանման սարքի մեջ էր մոռացել հարկային տեսչության բարձրաստիճան պաշտոնյան՝ քաղվածք բանկից, տեղեկանք աշխատանքի վայրից, անձնագիր, տեղեկանք բնակության վայրից, բանկային քարտը: Այս ամենն անմիջապես էլեկտրոնային փոստով ուղարկեցի նրան: Նա հաստատեց, որ ստացել է, ու համենայնդեպս տվեց սպասված հարցը.
– Պարոն X, իսկ ինչպե՞ս եք պատրաստվում տնօրինել ձեր գումարը:
– Երևի մի փոքրիկ զբոսանավ կգնեմ ու ծովային ճամփորդություն կկատարեմ Կարիբյան ծոցում: Միգուցե՝ ձեզ էլ հրավիրեմ…- Լուրջ խոսակցություններին ավելի լրջություն հաղորդելու համար պետք է ժամանակ առ ժամանակ թեթև հումոր անել, իսկ կանանց դեպքում՝ հաճոյախոսել:
Բանկի աշխատակցուհին մտերմիկ ծիծաղեց և ասաց.
– Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում վճարել հաշվի բացման համար:
– Եթե կարելի է՝ բանկային քարտով:
– Իհարկե: Ես այսօր իսկ կստուգեմ ձեր ուղարկած փաստաթղթերը և, եթե ամեն ինչ համապատասխանի մեր պահանջներին, նամակով կհաստատեմ հաշվի բացումը, համարը և մեր պայմանները: Միաժամանակ կուղարկեմ պայմանագրի օրինակը: Ձեզ ուրախ օր եմ մաղթում և կրկին շնորհակալություն հայտնում մեր ծառայություններից օգտվելու համար:
– Շնորհակալ եմ: Կսպասեմ: Ձեզ ևս ուրախ աշխատանքային օր եմ մաղթում:
* * *
Պատասխանը եկավ հաջորդ օրը՝ էլեկտրոնային նամակով: Մինչ այդ առանց մեծ դժվարության ջարդել էի իմ շատ սիրելի հարկային պաշտոնյայի էլեկտրոնային փոստարկղը: Նման կարգի մարդիկ, ովքեր սովորական լկտի դրամաշորթությամբ են զբաղված, որպես օրենք՝ մեծ երևակայության տեր չեն լինում: Փորձեցի նրա ծննդյան թիվը, ամիսն ու ամսաթիվը: Նաև գիտեի, որ վերջերս բաժանվել ու ամուսնացել է մի երիտասարդ գեղեցկուհու հետ, ում անունը բոլորի բերանին էր: Մի քանի փորձից հետո գաղտնիքը բացվեց՝ նոր կնոջ անունը՝ գումարած իր ծննդյան տարեթիվը: Մարդկային բթամտությունը սովորական արատ չէ: Իմ խորին համոզմամբ՝ նման կարգի մարդկանց բթամտությունը պետք է պատժվի: Էլ ո՞ւմ, եթե ոչ իմ ձեռքով… :
Նամակում շատ հստակորեն բերված էին անձնական հաշվի բացման բոլոր հաստատումները և օգտագործման մանրամասները: Ավելի մանր տառաչափով մի քանի էջի վրա շարադրված էին օրենսդրական այն բոլոր ակտերը, որոնք այս կամ այն կերպ առնչվում էին այս գործարքին: Երկու այլ նամակներով եկավ ժամանակավոր գաղտնաբառը՝ երկու մասի տրոհված: Ես համենայնդեպս փոխեցի այդ գաղտնաբառը՝ օգտագործելով մեծատառերի, փոքրատառերի ու թվերի մի այնպիսի համադրություն, որից սատանան էլ գլուխ չէր հանի: Երբեմն լավ է, երբ ընկերուհի կամ սիրուհի չունես: Փոխարենը ունես նպատակ, ծրագիր և մինչև հարյուր թիվ հաջորդաբար մտապահելու ունակություն:
Բթամիտ հարկային պաշտոնյայի բանկային քարտից 997 դոլար փոխանցեցի իմ նորաբաց հաշվին, որպեսզի վերջինս ակտիվանա: Ընդհանրապես, նման հարցերում խուսափեք կլորիկ գումարներից: Հավատացեք ինձ՝ 997-ը շատ ավելի լավ է ու ապահով, քան 1000-ը: Ինչո՞ւ հենց 997: Իսկ ինչո՞ւ ոչ: Դա հազարին նախորդող ամենամեծ պարզ թիվն է:
Մնում էր իրականացնել հաջորդ քայլը՝ մեծ փողերի մեծ տեղաշարժը: Ընդ որում՝ արդեն պետք էր շտապել, քանի որ իմ սիրելի հարկային պաշտոնյան կարող էր մի գեղեցիկ օր ստուգել իր հաշիվները (թեև կարծում եմ՝ դա երկու-երեք շաբաթից շուտ չի լինի): Նա շուտով իր երիտասարդ կնոջ հետ կուղևորվի դեպի բավական թանկ մի երկիր: Ցնդած սիրահարը ինչպե՞ս պիտի պահի իր հաշիվները, եթե ստիպված ամեն րոպե իր սիրեցյալի քմահաճույքները պիտի կատարի: Իսկ դրանք փող արժեն… Ջրի բերածը ջուրն էլ տանում է: Այնպես որ, իմ հաշվարկներով, ես մոտ երկու շաբաթ ժամանակ ունեի: Երեկոները հեծանվային զբոսանք էի կատարում գետի ափով, ժպտում դեմ-հանդիման եկող աղջիկներին ու մտմտում հետագա քայլերս:
* * *
Փորձեմ փոքրիշատե հասկանալի լեզվով բացատրել: Որևէ ամրոց կամ այլ նմանատիպ պաշտպանված վայր մուտք գործելու համար պետք է կամուրջ, որը դրսի աշխարհը կապում է ներսի աշխարհին: Մնացածն արդեն տեխնիկայի գործ է: Կարելի է ուժով մտնել (մի բան, որին ես կատեգորիկ դեմ եմ), բայց և կարելի է խորամանկ դիվանագիտությամբ կամ այլ զարտուղի ճանապարհով: Տվյալ դեպքում ես նախընտրում եմ վերջին տարբերակը, քանի որ այն ինձ ավելի հոգեհարազատ է:
Բանկային գլխավոր համակարգիչ (սերվեր) մուտք գործելու համար նմանատիպ մի կապ է պետք: Բարեբախտաբար վերջին տարիներին հենց իրենք՝ բանկերն են ներդրել ու կատարելագործել այդ համակարգը, որը կոչվում է Bank-Client, որն ըստ էության հենց իմ ասած կամրջակի դերն է կատարում: Այժմ ժամանակն է կրկին հիշել իմ երրորդ սկզբունքը՝ ոչ մի դեպքում չթերագնահատել այն մարդկանց, ովքեր աշխատավարձ են ստանում, որ դուք չկարողանաք օգտագործել Բանկ-հաճախորդ կապն այլ նպատակներով: Այս մարդիկ կամրջակին կանգնած զինված պահակներն են: Անհրաժեշտ է ինչ-որ ձևով շրջանցել նրանց:
Նախքան հակառակորդի ամրոց մուտք գործելը պետք է իմանալ, թե որտեղ են պահվում ոսկու պարկերը: Պետք է հնարավորինս արագ դրանք վերցնել ու հեռանալ՝ փորձելով որևէ հետք չթողնել, այլապես հետևանքները շատ տխուր կլինեն… Անգամ չեմ ուզում դրա մասին մտածել:
Տեխնիկական մանրամասները բաց կթողնեմ. վերջիվերջո, սա բանկ կողոպտելու հանրամատչելի ձեռնարկ չէ: Իմ վարձակալած բնակարանում ամեն ինչ պատրաստ էր՝ LINUX օպերացիոն համակարգով աշխատող երկու գերհզոր համակարգիչ և այլ տեխնիկական սարքեր: Բոլոր անհրաժեշտ ծրագրերը ես նախապես էի ձեռք բերել ու պահել: Մեր շատ հարգելի հարկային պաշտոնյայի կապուղով մտա բանկային համակարգ ու գործի դրեցի «Տրոյական ձի» կոչվող ծրագրերից մեկը: Անցա առաջին պատնեշը, որի գաղտնաբառը ջարդելն այնքան էլ դժվար չէր: Շուտով դեմ առա պաշտպանության երկրորդ պատնեշին: Միաժամանակ կապ հաստատեցի բանկի տեսաձայնագրման համակարգի հետ ու սկսեցի տեսնել այն ամենը, ինչ կատարվում է բոլոր սենյակներում (բացառությամբ զուգարանների, իհարկե) իրական ժամանակում: Երկրորդ պատնեշը հաղթահարելու համար ավելի պրոֆեսիոնալ ծրագիր էր պետք: Ես դրան պատրաստ էի ու շուտով դա էլ գործի դրեցի՝ նախապես անջատելով անցանկալի ներխուժման ահազանգի ներդրված համակարգը: Համենայնդեպս մի քանի ժամ դեռ կարող եմ հանգիստ աշխատել, քանի դեռ բանկային համակարգի վերահսկող մասնագետները քնած են: Մոտ երկուսուկես ժամվա աշխատանքից հետո կարողացա հաղթահարել երկրորդ պատնեշը և աչքիս առաջ եկան բոլոր բանկային հաշիվները՝ նրանցում քաղցր քնով քնած գումարներով: Դրանք հիմնականում արտարժույթով էին՝ այն, ինչ ինձ պետք էր:
Համենայնդեպս այդ ամբողջ ինֆորմացիան արտագրեցի իմ արտահամակարգչային կրիչի մեջ, որպեսզի նույն ճանապարհը երկրորդ անգամ չանցնեմ: Անգամ թռուցիկ հայացքով կարելի էր նկատել, թե ինչ ահավոր փողեր են պահվում այդ հաշիվների վրա: Եվ անգամ դրանց քանակը նկատի չունեմ, այլ դրանց ծագման աղբյուրները: Արագ գումարման միջոցով ստացա մոտ հարյուր տասնյոթ միլիոն դոլար… Եվ սա միայն «Բանկ-հաճախորդ» համակարգում գրանցված ու ինձ տեսանելի հաշիվների վրա: Մնում էր միայն ենթադրել, թե ինչ գումարներ են քնեցված ավելի «մութ» ծակուծուկերում… Փորձեցի մտնել ինձ տեսանելի հաշիվներից մեկի մեջ, սակայն, ինչպես և սպասում էի, դեմ առա երրորդ՝ ամենաբարդ պատնեշին: Այստեղ մուտք գործելու համար պետք է միաժամանակ երկու գաղտնաբառ՝ հենց հաշվի տիրոջինը և բանկի կառավարչի կամ էլ վստահված անձի կողմից մուտքագրվողը: Գործի դրեցի ամենահզոր ծրագիրը, սակայն երկու ժամ տանջվելուց հետո հասկացա, որ ապառաժի եմ դեմ առել:
Արդեն լուսանում էր, ուստի անջատեցի համակարգիչները և կապը՝ նախապես «մաքրելով» իմ ներխուժման բոլոր հետքերը: Հիմարություն կլիներ առաջին իսկ հետախուզական այցի ժամանակ բռնվելը: Դուրս եկա վարձակալածս բնակարանից, խառնվեցի մետրոյով աշխատանքի շտապող մարդկանց բազմությանը և հասա տուն: Փռվեցի մահճակալիս ու գրեթե անմիջապես խոր քուն մտա՝ հոգնած ու անտրամադիր: Երրորդ պատնեշը հաղթահարելու համար որևէ լուծում առայժմ չէի գտնում, մինչդեռ ժամանակն արդեն ի վնաս ինձ էր աշխատում:
* * *
Համենայնդեպս մի քանի տարբերակներ էլ փորձեցի, սակայն արդյունքը նույնն էր. տեսնում էի հարյուրավոր ու հազարավոր հաշիվներ, սակայն անկարող էի դրանցից որևէ բանկային փոխանցում կատարել: Ես ինձ զգում էի ինչպես սովից խելքահան եղած մի գազան, որը վանդակի ճաղերի ետևից տեսնում է միսը, սակայն անկարող է հասնել դրան: Իմ վարձակալած բնակարանում կախված գրատախտակին գրի էի առնում բոլոր հնարավոր լուծումները, ապա թաղվում աշխատանքային աթոռիս մեջ ու տրվում մտածմունքներին: Մի պահ ինձ արդեն թվում էր, թե ինքս էլ մի համակարգիչ եմ դարձել, որի մեջ պտտվում էին այդ բոլոր թվերն ու ֆորմուլները՝ NTFS, POSIX, Red Hat Linux, FreeBCD, Cityline, AtGuard, A4Proxy, Anonimety Rank, PGP 6.0.2, SpyTech Shadow Net, IPTools, CyberKit, NetScanTools, ISS, VisualRoute, FireWall, DHCP, RFC 959, Port 150, 226, 425… Ուֆֆ, գժվել կարելի է… Հետաքրքիր է՝ ի՞նչ կմտածի պառավ տանտիրուհիս, երբ տեսնի այս շումերական գրերը… Համենայնդեպս, Համլետի հանրահայտ մենախոսությունն էլ արտագրեցի մի անկյունում: «Լինե՞լ, թե՞ չլինել» բառերի փոխարեն գրեցի «Գտնե՞լ, թե՞ չգտնել»: Պատկերացնում եմ նրա այլայլված դեմքը, երբ փորձի կարդալ այս ամենը:
Իսկ միգուցե որևէ մեկից խորհո՞ւրդ հարցնեմ: Ինչ-որ վարձատրությամբ… Գրողը տանի, ախր սա հակասում է իմ առաջին սկզբունքին: Ո՛չ մի դեպքում: Սրա մասին միայն ես պիտի իմանամ, եթե անգամ անհաջողության մատնվեմ… Միգուցե հեծանի՞վ քշեմ: Դա ինձ օգնում է լավ մտածել… Կամ էլ՝ սուրճ խմեմ ու փորձեմ ծխել: Ասում են՝ դա էլ է օգնում… Ի՞նչ էր ասում Պոլ Դիրակը. եթե քեզ պատասխան է պետք՝ նախ սովորիր հարց տալ: Անգամ չեմ՝ հիշում սրանք` Դիրակի, Քեյնսի, թե մեկ ուրիշի բառերն են: Ինձ հանգստանալ է պետք: Ես գերհոգնել եմ…
* * *
Կեցցե՛ն հեծանիվ հորինողները, հեծանվային զբոսանքները և հեծանվային երթուղիներ մշակողները: Գետի երկայնքով քշեցի մինչև Անգլիական զբոսայգի, ապա պառկեցի կանաչ խոտին՝ փակ կոպերիս տակից հիանալով արևի տաքացնող շողերով: Հետո մի քիչ բացեցի աչքերս, այնքան, որ լույսը հազիվ ներս սողոսկեր: Թերթերունքներիս միջով ինձ էին հասնում անգույն լույսի բեկված երանգները՝ կարմիր, նարնջագույն, դեղին… Ականջներս շոյում էր գարնանային թեթև քամու ականջահաճո սոսափյունը: Ձեռքերով զգում էի կանաչ խոտի նուրբ քնքշանքը, իսկ քիթս խուտուտ էին տալիս վարդերի բույրը և մի ուրիշ անհասկանալի հոտ: Իմացա՝ սունկ է: Մոտակայքում հաստա՛տ սունկ է աճում: Հոտառությունս երբեք չի դավաճանում ինձ: Բացեցի աչքերս: Հիրավի, սունկ է: Փոքրիկ, սպիտակ գլխիկով, կանաչ խոտերի մեջ ամոթխածորեն պահ մտած: Մտածեցի, որ այդ սունկն ինձ նման է (կամ էլ՝ ես եմ նման նրան), ու ինքս ինձ ժպտացի: Այդ պահին էր, որ մի անբացատրելի նոր հոտ հասավ ինձ: Դժվարանում եմ բացատրել՝ գարուն, արև, ծաղիկներ, մաշկի ու մազերի բույր… Հարբեցնող մի համադրություն…
– Ինքներդ ձեզ ժպտում եք,– լսեցի հաճելի մի ձայն:
Մեկեն բացեցի աչքերս. Մի աղջիկ, հեծանիվը բռնած, կանգնել էր կողքիս ու ժպտում էր:
– Երևի քնած ժամանակ ծիծաղելի երազ եմ տեսել,– փորձեցի արդարանալ ես:
– Ինչի՞ մասին:
– Սնկերի: Ինձ հետաքրքիր էր, թե սնկերն ինչ են մտածում:
– Եվ ի՞նչ են մտածում սնկերը,– հետաքրքրվեց անծանոթուհին:
– Չհասցրեցի իմանալ: Դուք ինձ արթնացրիք:
– Կներեք… Դե լավ, ես գնամ: Միգուցե կրկին քնեք ու պարզեք այդ կարևոր հարցը:
Աղջիկն արդեն ցանկանում էր հեռանալ, բայց ես ձայնեցի նրան.
– Լիզա, սպասեք, մի րոպե…
Այո, նույն աղջիկն էր, ում հետ մի անգամ կոկտեյլ էի խմել: Մենք միասին երկար հեծանիվ քշեցինք գետի ափով, հետո այգով, մինչև որ մութը վրա հասավ: Գրեթե չզրուցեցինք: Պարզապես հաճելի էր ընկերովի հեծանիվ քշելը և կյանքով հիանալը:
– Իսկ ի՞նչ է ձեր հեծանիվի անունը,– հանկարծ հարցրեց նա:
– Անո՞ւնը,– զարմացա ես,– անուն դեռ չունի:
– Եկեք անվանենք Jonathan Livingston:
– Jonathan Livingston… Լավ, համաձայն եմ,– ժպտացի ես:– Իսկ ի՞նչ է ձեր հեծանիվի անունը: Նա անուն ունի՞:
Լիզան ժպտաց, սակայն չպատասխանեց:
– Ես ձեզ կրկին կտեսնե՞մ:
– Եթե շատ ցանկանաք՝ անպայման կտեսնեք,– ժպտալով ասաց նա, պտտեց հեծանիվի ոտնակներն ու հեռացավ:
…Եթե շատ ցանկանամ…- ինքս ինձ շշնջացի ես: Այո, երբ ինչ-որ բան շատ ես ուզում, տիեզերքն ինքն էլ քեզ ընդառաջ է գալիս: Եվ եթե հարցը ճիշտ ես տալիս, ապա ճիշտ էլ պատասխան կստանաս: Երբ համակարգիչը կախվում է ու չի արձագանքում կամ էլ սկսում է շատ ծանր աշխատել՝ ամենալավ լուծումը այն անջատել-միացնելն է: Նման restart-ն օգնում է, որ ամեն ինչ իր տեղն ընկնի: Սունկն ու Լիզան օգնեցին ինձ: Ես գիտեմ անելիքս և այս գիշեր կրկին կփորձեմ:
* * *
ՈԳԵՀՄԱՅՈՒԹՅԱՆ ՍԵԱՆՍ #3
Ես գիտեի, որ քառասուն օրը չանցած վտանգավոր է հոգի կանչելը, ուստի երկու օր էլ մի կերպ համբերեցի ու դիմեցի այս ճարահատյալ քայլին: Միգուցե և ստացվի… Նախապես իմացել էի գլխավոր հաշվապահի լրիվ անուն-ազգանունը: Երեք անգամ կանչելը արդյունք չտվեց: Չորրորդ կանչից հետո միայն նկատեցի մոմերի բոցերի դողը և հասկացա, որ հոգին հայտնվել է:
– Դուք ինչ-որ բանի համար ափսոսո՞ւմ եք:
– Այո:
– Ինչի՞ համար:
– Կյանք լավ բան […] չհասցրի…
– Ի՞նչ չհասցրիք:
– Վայելել […] կյանք լավ բան […]
– Ո՞ր օրն են մուտք գործում հիմնական փողերը:
– Ուրբաթ երեկո […]
– Ո՞րն է վերջին փուլի գաղտնաբառը:
Մի քանի րոպե տառացույցն անշարժ էր: Հետո այն սկսեց դանդաղ պտտվել այբուբենի տառերի ու թվերի վրայով: Քանի որ ձեռքերս չէի կարող պոկել տառացույցից, ապա այդ ամենը պարզապես տեսագրում էի:
Երբ տառացույցը կանգ առավ, անսահման հոգնություն զգացի: Ինձ հավաքելով՝ հոգուն պատվիրեցի հեռանալ: Մի քանի րոպե անց նայեցի տեսագրությունը: Դե իհարկե՜, գրողը տանի… Ախր սա այնքա՜ն պարզ է… Պարզից էլ պարզ է…
* * *
Քեյնս, Լիզա, Նիցշե, Շեքսպիր, գլխավոր հաշվապահ, Ջոն Քեյնս, Պոլ Դիրակ, Լիզա, Ջոն Մեյնարդ Քեյնս…
* * *
Նիցշեն մի առիթով նկատել է, որ մաթեմատիկոսները հաստատ գոյություն չէին ունենա, եթե ի սկզբանե իմանային, որ բնության մեջ ո՛չ կատարյալ ուղիղ գիծ կա, ո՛չ իրական շրջան և ոչ էլ բացարձակ արժեք: Մենք միայն կարող ենք ձգտել դրանց: Կատարելության հասնել հնարավոր չէ:
* * *
Մի գերմանացու մասին էի կարդում: Նա իր տանն ընդամենը 49 առարկա ունի և լիովին բավարարվում է դրանցով: Իսկ ի՞նչ ունեմ ես: Մի հեծանիվ, մի քանի ձեռք շոր, հիսունի չափ գիրք և ամսագիր, մի քանի գրենական պիտույք, երկու գերհզոր համակարգիչ իրենց տարբեր ենթասարքերով (gadgets), մի դանակ, որ հեծանիվիս գրպանիկում եմ պահում, գլխացավի՝ անցյալ տարվանից մնացած մի քանի դեղահաբ: Մորաքրոջս տանը, որտեղ ապրում եմ, ունեմ մի մահճակալ, մի աթոռ (երբ հյուր եմ ունենում՝ ես ինքս մահճակալին եմ նստում), մի սեղան, ատամի խոզանակ և մածուկ: Թեև իրականում մահճակալը, սեղանն ու աթոռը մորաքրոջս սեփականությունն են, ինչպես նաև Ուիջի տախտակը, տառացույցը և մոմերը: Բացի այդ, ունեմ մի ուսապարկ, արևային ակնոց, ձեռնոցներ ու գլխարկ (որոնք միշտ հեծանիվիս մեջ են), մի քիչ փող և էլի ինչ-որ մի բան, որ մտքիցս թռել է: Իսկ ոչ նյութական արժեքներից՝ լավ հիշողություն, ոչ միանշանակ հուշեր և մեծ հույսեր: Նախկինում գործած սխալներս ճակատագրական չեն եղել: Բայց դե ո՞վ չի սխալվում: Մեծն Քեյնսն էլ էր սխալվում: Մեծ դեպրեսիայից երկու շաբաթ առաջ նա «կանխատեսեց», որ համաշխարհային տնտեսությունը զարգացման նոր փուլ է մտնում, և որևէ ճգնաժամ նրան այլևս երբեք չի սպառնում: Եվ որպես արդյունք կորցրեց իր բոլոր անձնական խնայողությունները: Կարծում եմ՝ դա նրա համար էական չէր, քանի որ շուտով ամեն ինչ ետ բերեց:
* * *
Հաջորդ օրը հենց ուրբաթ էր, ու ես ուշ երեկոյան նոր եռանդով գործի անցա: Առանց մեծ դժվարության անցա առաջին երկու փուլերն ու հասա երրորդ պատնեշին: Մի՞թե կստացվի: Կասկածի ու հույսի մի անբացատրելի խառնուկ էր իմ մեջ: Ստեղնաշարի վրա ցուցամատով զգուշորեն հավաքեցի գաղտնաբառը՝ John1Maynard2Keynes3: Համակարգը գրեց՝ wait, ու բազմակետեր դրեց: Սպասումի ահավոր վայրկյաններ… Եթե մի բան սխալ եմ արել, ապա հիմա անվտանգության համակարգից ազդանշան կգնա չարտոնված մուտքագործման մասին, ու շուտով կսկսեն ինձ փնտրել: Այդ դեպքում պետք կլինի շտապ անջատել կապը, խոր ընդհատակ անցնել, մտածել ու խելք հավաքել: Քսաներեք տարեկանում ես բոլորովին ցանկություն չունեմ նույնքան ժամանակ անցկացնել մեկուսարանի պատերի մեջ:
Մեկ րոպե անց համակարգչի սև էկրանին հայտնվեցին կանաչ լատինական տառեր: Բանկի բոլոր VIP հաշիվները, դրանց տերերի անուններն ու գումարները: Այս անգամ արդեն գործարք կատարելու հնարավորությամբ: Հուզմունքից սիրտս կուչ եկավ: Նայեցի ժամացույցին՝ գրեթե կեսգիշեր էր: Գործի դրեցի հատուկ գրված ծրագիրը: Մնում էր պարզապես ասել, թե որ հաշվից ինչքան գումար փոխանցվի հարկային պաշտոնյայի հաշվին, որը փաստացիորեն հենց իմ հաշիվն էր: Կարծում եմ կամ գրեթե վստահ եմ, որ շաբաթ և կիրակի օրերին որևէ մեկը ոչինչ չի հայտնաբերի: Մինչ գլխի ընկնեն, որ փողերը հոսում են Կայմանյան կղզիներ՝ ես արդեն կհասցնեմ կատարել հաջորդ փոխանցումը աշխարհի մյուս ծայրում գտնվող մեկ այլ օֆշորային տարածքում նախապես բացված ժամանակավոր մի հաշվի վրա: Դրան կհետևեն երրորդ, չորրորդ և հինգերորդ փոխանցումները: Հենց այդ պահին կհայտնվի Z ֆիզիկական անձը, ով տասնչորս տոկոս վարձավճարով բոլոր փողերը կկանխիկացնի ու կտեղադրի Հյուսիսային Ամերիկայի մեծ քաղաքներից մեկի գնացքների կայարանի պահախցիկներից մեկում ու իմ գաղտնի հասցեին կուղարկի կողպեքի համարն ու գատնաթիվը: Ինձ կմնա միայն հասնել այնտեղ, բացել դռնակը և վերցնել սև կաշվից կարված ծանր պայուսակը: Եվ խնդրում եմ՝ ոչ մի հարց Z-ի և նրա հետ կապ հաստատելու մասին:
Ես հաշվել եմ, որ մեկ միլիոնը հարյուրանոց դոլարներով մոտ տասը կիլոգրամ է: Վարձավճարից հետո այնտեղ կմնա 860.000 դոլար կամ մի քիչ պակաս՝ հաշվի առնելով միջնորդ բանկերի սակագնային ծախսերը: Չէ, ինձ մեկ միլիոն է պետք: Ուրեմն հիմա կփոխանցեմ 1.140.000: Ի գործ, Մոնտե Քրիստո, ի գործ:
Երբ արդեն բացել էի առաջին հաշիվը և պատրաստվում էի կատարել առաջին փոխանցումը, հանկարծ համակարգիչս «կախվեց»: Էկրանին երևաց չարագուշակ SYSTEM FAILURE[9] հաղորդագրությունը, որին հետևեց CONNECTION TERIMATED[10] ոչ պակաս չարագուշակ երկրորդ հաղորդագրությունը:
Փորձեցի կրկին կապ հաստատել, սակայն ապարդյուն: Եթե սա անվտանգության համակարգի արձագանքը լիներ, ապա ոչ թե կապը կընդհատվեր, այլ ընդհակառակը՝ անվտանգության տղաները կփորձեին հետադարձ կապով հնարավորինս արագ գտնել ինձ ու պարզել իմ գտնվելու վայրը: Անգամ այդ դեպքում նրանք ինձ չեն գտնի, քանի որ կապը սովորական պատկերացումներով իրական IP հասցեով չի արվում, այլ հայելային սերվերի միջոցով, որը կեղծ IP հասցե է գեներացնում: Ոչ, սա հաստատ այդ խելոք տղաների արածը չէ:
Համենայնդեպս ծայրից ծայր և հնարավորինս անաղմուկ ստուգեցի բոլոր գծերն ու միացումները: Շան գլուխը հաստատ այլ տեղում է թաղված: Ամեն դեպքում փակեցի բոլոր ծրագրերն ու անջատեցի կապուղիները: Ծանր սրտով հեծանիվ նստեցի ու քշեցի դեպի մորաքրոջս տուն: Մեկ գիշերվա համար չափից դուրս շատ էին ապրումները…
* * *
Ասում են՝ բոլոր հանցագործներն անպայման վերադառնում են հանցանքի վայր ինչ-որ ներքին պահանջից դրդված: Եվ շատերը հենց այդպես էլ բռնվում են, քանի որ ոստիկաններն էլ դա շատ լավ գիտեն ու քնած չեն:
Ես դեռևս հանցանք չէի կատարել, սակայն ներքին մի անզուսպ պահանջ ստիպեց ինձ անցնել բանկի մոտով: Համենայնդեպս փողոցի կողմով չանցա, այլ նախընտրեցի տակավին մութ բակը: Հեծանիվս հենեցի հսկա թթենուն ու զգուշորեն նայեցի շուրջբոլորս: Ի զարմանս ինձ, թե՛ բակում, թե՛ հարակից տարածքներում համատարած մթություն էր: Լույսե՜րը չկան… Ահա թե որն է կապի ընդհատման պատճառը: Բայց բանկերը, որպես կանոն, սնուցման այլընտրանքային գիծ ունեն, որին միանում են նման վթարների դեպքում: Ինչո՞ւ չի գործել երկրորդ գիծը: Չէ՞ որ ես մի քանի րոպե ընդմիջումով փորձեցի կրկին միանալ բանկի սերվերին: Այստեղ մի բան այն չէ: Աչքերս աստիճանաբար սովորեցին մթությանը, և շուտով նկատեցի շենքի մոտից դեպի տրանսֆորմատորային կայան ձգվող թարմ խրամուղին: Ահա՜ թե ինչ… Երկրորդ գիծը վերանորոգման մեջ է: Ինչ-որ փնթի շինարարների պատճառով իմ հրաշալի ծրագիրը կործանվում է: Ինչպիսի՜ դասական հարված… Հենվեցի թթենուն ու մի պահ ափսոսացի, որ չեմ ծխում: Ասում են՝ նման պահերին դա օգնում է ժողովել մտքերն ու որոշել անելիքը: Մտովի պատկերացրեցի, որ ներս եմ քաշում ծուխը:
Ուրեմն այսպես՝ ՏՏ ճանապարհով չհաջողվեց տանել միլիոնը: Կարող եմ փորձել նաև վաղը, բայց բացառված չէ, որ խելոք տղաներն առավոտյան արդեն կնկատեն ներխուժման փորձը և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն: Ախր ամեն ինչ այնքան լավ էր գնում… Մի՞թե այս ամենը զուտ փակուղային պատահականություն էր: Հարկային պաշտոնյայի թափթփվածությունը, Կայմանյան կղզիներում և այլ տարածքներում արդեն բացված հաշիվները, Քեյնսի ու գլխավոր հաշվապահի ոգեհմայությունը, Z-ի հետ կայացած պայմանավորվածությունը… Եվ այն ճոճաթոռը կամ ճոճացանցը, որն օվկիանոսի ափին սպասում է ինձ… Խենթանալ կարելի է…
Այդ պահին կրկին հայացք նետեցի խրամուղու մեջ ու նկատեցի հաստ մալուխը, որ հասնում էր բնակելի շենքին, որի առաջին հարկում տեղ էր գտել իմ սիրելի բանկը: Մալուխը ետնաբակից մտնում է շենքի մեջ՝ մուտքի կողքով: Մուտքի դռան գաղտնաբառը ես գիտեմ՝ բոլոր շենքերում դա նույնն է կամ գրեթե նույնը՝ 1111 կամ 2222, կամ էլ նման մի բան: Սովորաբար կողպեքները գործարանում կոդավորում են հենց այս թվերով՝ հորդորելով օգտագործողին, որ հետագայում քառանիշ թիվը փոխվի: Մի բան, որը ոչ ոք կամ գրեթե ոչ ոք երբեք չի անում:
Հագա ձեռնոցներս ու գործի անցա: 1111՝ չբացվեց: 2222… Նույնը… 3333… Չի ստացվում: 9999-ի վրա մի թեթև չխկոց լսվեց, ու դուռը բացվեց: Այսպես ուրեմն՝ մալուխը մտնում է բանկ այս պատի միջով… Այդտեղ բանկի զուգարաններն են (շենքի հատակագծին ես քաջածանոթ էր բանկի մասին պատմող գովազդային հոլովակի շնորհիվ): Դրանցից այն կողմ միջանցքն է, որը տանում է տնօրենի ու գլխավոր հաշվապահների սենյակ: Մի րոպե… Ինչ-որ ձայներ են…
Ես բնազդորեն սեղմվեցի պատին ու անջատեցի հեծանիվիցս հանած փոքրիկ լապտերը: Զգույշ քայլերի ձայն լսեցի, որոնք գրեթե ընդհուպ մոտեցան ինձ: Հասկացա, որ ինձ անծանոթից ընդամենը բարակ մի պատ է բաժանում:
– Դե մինչև առավոտ էլի… Ախր չեմ կարող: Գիտես, որ արգելված է լքել հերթապահության վայրը… Մենք էլ լույս չունենք: Տասը րոպե՞… Հըմմ… Լավ, արագ-արագ կգամ: Սուրճը դիր:
Քայլերի ձայնը հեռացավ: Հետո մուտքի դռան ձայնը լսեցի, ու թե ինչպես բանալին պտտվեց փականի մեջ: Հերթապահ ոստիկանն էր: Գնաց սիրելիի մոտ սուրճ խմելու: Երջանիկ պատահականությունների շղթան շարունակվում է…
Միացրեցի լապտերիկս: Մալուխ անցկացնող բանվորները բավական անփութորեն էին փորել իրենց խրամուղին: Հետո, երևի կիսատ թողնելով և հետո շարունակելու մտքով, պատի փոխարեն նրբատախտակ էին դրել ու մի կերպ ամրացրել: Ինձնից երկու րոպե պահանջվեց այդ նրբատախտակը հանելու համար: Մի հայացք նետեցի ներս: Ոչ մի լույս չկար: Բացված անցքից ներս սողոսկեցի ու հայտնվեցի զուգարանների մոտ: Եվ այդ պահին տեսա այն, ինչից սիրտս բարձրաձայն տրոփեց: Երևի նմանատիպ զգացողություններ է ունեցել Թութանհամոնի դամբարանը բացող Հովարդ Կարտերը…
Զուգարանի կողքին պարկեր և պայուսակներ էին դրված: Առանց կնիքի, առանց որևէ փականի… Բացեցի առաջին պատահածը: Ծայրից ծայր հարյուրանոց դոլարներով էր լցված: Ես գիտեմ, որ մեկ միլիոն դոլարը հարյուրանոց թղթադրամներով մոտավորապես տասը կիլոգրամ է կշռում: Ձեռքիս չափով հասկացա, որ այդ պայուսակում պիտի որ մոտավորապես տասնհինգ կիլոգրամ թղթադրամ լինի, այսինքն՝ մեկուկես միլիոն… Մյուս պայուսակներին անգամ ձեռք չտվեցի: Դրանք ինձ պետք չեն: Դուրս սողոսկեցի «մկան ծակից», տեղը դրեցի նրբատախտակն ու ամրացրի՝ ինչպես և վայ-բանվորներն էին արել: Պայուսակը տեղավորեցի հեծանիվիս հետին բեռնաթափքին, տեղը դրեցի ձեռնոցներն ու լապտերը: Հեծնեցի Jonathan Livingston անունով հեծանիվս ու դատարկ փողոցներով սլացա տուն: Մորաքույրս գիտեր, որ ես շատ ուշ եմ վերադառնում, ուստի վաղուց քնած էր: Դոլարները դատարկեցի սեղանիս վրա: Հետո բուրգի պես շարեցի ու երկար հիանում էի… Աննկարագրելի զգացմունք է, երբ ծակ գրպանով կրտսեր գիտաշխատողից մի գիշերվա ընթացքում հանկարծ միլիոնատեր ես դառնում… Եվ այն էլ՝ կանխիկ փողով միլիոնատեր: Մի բան է, երբ այդ միլիոնն էլեկտրոնային է ու նստած է ինչ-որ վիրտուալ հաշվի վրա, և լրիվ այլ է, երբ այն խշխշում ու ճռճռում է մատներիդ արանքում:
Ես ասել եմ, որ պատահականություններին չեմ հավատում: Եվ վստահ եմ, որ այսպիսի զարգացումն էլ պատահական չէր: Եթե ինչ-որ մարդիկ այդպիսի անփութությամբ են վերաբերվում իրենց փողերին, ապա դա էլ երևի պատահական չէ: Կհետևեմ զարգացումներին:
Փողերը լցրեցի պայուսակը և պահեցի մորաքրոջս խորդանոցում, որտեղ դեռևս չգիտեմ որ պատերազմի տարիներից մնացած բազմաթիվ այլ անհասկանալի առարկաներ ու տուփեր կային: Մտա անկողին ու խոր քուն մտա: Լույսը բացվի՝ բարին հետը:
* * *
Ի զարմանս ինձ՝ առավոտյան հեռուստատեսությունն ու ռադիոն չսկսեցին բղավել «դարի գողության» մասին: Անգամ սոցիալական ցանցերում որևէ գրառում չկար: Ցերեկը հեծանիվով անցա բանկի մոտով: Կատարյալ հանգստություն էր: Ասֆալտի երեսին մնացած այլանդակ սպի հիշեցնող մալուխի խրամուղին ինչպես կար, այդպես էլ մնացել էր: Հերթապահ ոստիկանը դրսում կանգնած հանգիստ ծխում էր:
Մյուս օրն էլ ոչինչ չպատահեց, հաջորդ օրն էլ… Անցավ մեկ շաբաթ: Երևի այդ փողերի հաշիվն իրոք կորցրել էին կամ էլ խառնել էին պայուսակների քանակը: Ուրիշ ի՞նչ պիտի պատահած լիներ:
Ես որոշեցի դատարկել վարձակալած բնակարանն ու մորաքրոջս տուն տեղափոխել այնտեղ մնացած ամեն ինչ: Սուպեր-համակարգիչն էլ կմաքրեմ իմ ծրագրերից ու ընկերոջս կվերադարձնեմ: Հետո կզանգահարեմ Լիզային ու հեծանվային զբոսանքի կհրավիրեմ:
Երբ ուսապարկով ու մի այլ պայուսակով ծանրաբեռնված արդեն դուրս էի գալիս պառավ կնոջ բնակարանից, աստիճանավանդակի մոտ մի երիտասարդի հանդիպեցի: Մոտ երեսուն-երեսունհինգ տարեկան էր, վստահություն ու համակրանք ներշնչող արտաքինով: Նա ժպտաց ու ասաց.
– Ներեցեք, խնդրում եմ: Ես այս բնակարանի տիրոջ զարմիկն եմ: Երկու բառ եմ ցանկանում խոսել ձեզ հետ:
Վախենալու բան չունեի, ուստի համարձակ ներս հրավիրեցի: Տեղավորվեցինք աթոռներին, ու նա մի քիչ ամաչելով ասաց.
– Մենք երկու տարբերակ ունենք՝ կամ դուք վերադարձնում եք բանկին այն, ինչ վերցրել եք, կամ էլ ես ստիպված պիտի լինեմ…
Թեև նստած էի, բայց սառնություն զգացի ծնկներումս: Սիրտս փշաքաղվեց:
– Ներեցեք, իսկ դուք ո՞վ եք,– դժվարությամբ հարցրի ես:
– Ահ, ներեցեք, մոռացա ներկայանալ: Քննիչ Թեոֆիլյան: Ես, ինչպես արդեն ասացի, այսպես ասած՝ համատեղության կարգով այս բնակարանի տիրոջ զարմիկն եմ,– երիտասարդը կրկին ժպտաց:
Ես լսում էի սրտիս զարկերը՝ ասես հրապարակի հսկա ժամացույցի ղողանջը: Վստահ եմ, որ քննիչն էլ էր լսում: Մի կերպ հավաքեցի ինձ ու հարցրի.
– Բայց դուք ինչպե՞ս իմացաք այս ամենի մասին: Ախր ես այնքան զգույշ էի գործում…
Քննիչը սրտանց ծիծաղեց ու ասաց.
– Մարկոս ավետարանիչն ասում է՝ «…չկա մի ծածուկ բան, որ չբացահայտվի, և չկա մի գաղտնիք, որ չիմացվի»։ Պիտի որ այս տողերին ծանոթ լինեք, եթե Ավետարան կարդում եք:
– Երբեմն կարդում եմ…. Բայց փակագծերը չե՞ք բացի:
– Պատահական բան չկա: Մորաքույրս մի քիչ կասկածամիտ կին է: Մտել է այս սենյակը ձեր բացակայության ժամանակ, տեսել գրատախտակին արված գրառումներն ու վախեցած զանգել է ինձ: Նրան հատկապես անհանգստացրել էր այն, որ Համլետի մենախոսության մեջ դուք փոխել էիք բառերը… Դե ես էլ, ինչպես Կեսարն էր ասում՝ եկա, տեսա ու գլխի ընկա:
Ինչ-որ հաճելի ու վստահություն ներշնչող բան կար քննիչ Թեոֆիլյանի մեջ, որն անկեղծ խոսակցության էր տրամադրում: Թաքցնելու իմաստ էլ չկար, ուստի երկու բառով նրան պատմեցի եղելությունը: Նա կրկին ժպտաց ու շարունակեց.
– Երևի ձեզ զարմացնում է, թե ես ինչպես գլխի ընկա:
– Ճիշտն ասած՝ այո, քանի որ միայն գրատախտակի գրառումներով դժվար կլիներ նման հետևության գալ:
– Դե երևի հասկանում եք, որ գրառումներն արդեն իսկ կասկածի տեղիք տվեցին: Մենք հատուկ դասընթաց ենք անցել համացանցային հանցագործությունների մասին: Սակայն դա բավական չէր լինի: Իմ մորաքույրը մի տարօրինակ զբաղմունք էլ ունի՝ ընկերուհու հետ ոգեհմայությամբ է զբաղվում: Ինձնից խորհուրդ հարցրեց, թե ում հոգին կարելի է կանչել:
– Եվ ո՞ւմ խորհուրդ տվեցիք:
– Միգուցե լսած լինեք՝ Ջոն Մեյնարդ Քեյնսի՝ մեծ տնտեսագետի ու փիլիսոփայի: Անկեղծ ասած՝ ես ինքս այդ բաներին մի քիչ վերապահումով եմ վերաբերվում, ուստի կեսկատակ-կեսլուրջ հենց Քեյնսի անունը տվեցի: Դե նրանք էլ կանչել են իբր թե Քեյնսին ու մասնավորապես հարցրել, թե ինչով է զբաղվում այդ հաճելի երիտասարդը, որը գրատախտակին զարմանալի հիերոգլիֆներ է նկարում: Եթե հավատանք մորաքրոջս, Քեյնսն էլ պատասխանել է, թե «հաճելի երիտասարդը պատրաստվում է բանկ կտրել»: Մորաքույրս վախեցած զանգահարեց ինձ: Ես էլ ստիպված խոստացա զբաղվել այդ հարցով: Անկեղծ ասած՝ առանց որևէ լրջության, բայց հետո տեսա մալուխի համար փորված խրամուղին, ու պատկերը սկսեց ամբողջանալ… Իսկ երբ իմացա, որ արդեն տեղափոխում եք ձեր համակարգիչները, հասկացա, որ մուկն արդեն թակարդում է: Բայց եթե դուք ասեիք, որ այդ ամենի հետ կապ չունեք, ես պարզապես ներողություն կխնդրեի ու կհեռանայի:
Ես կարկամել էի: Բայց ինձ հավաքեցի ու հարցրի.
– Բայց ինչո՞ւ աղմուկ չի բարձրանում: Ինչո՞ւ ոչ ոք կորած փողերը չի փնտրում:
– Կարծում եմ՝ դրանք կեղտոտ փողեր են, ու դրանց տերերը չեն ցանկանում ավելորդ աղմուկ բարձրացնել: Մի ֆանտաստիկ տարբերակ էլ կա՝ նրանք դեռևս չգիտեն գողոնի մասին: Բայց ես ձեզ բարի խորհուրդ եմ տալիս՝ վերադարձրեք այդ փողերը: Դրանք ձեզ հաստատ երջանկություն չեն բերի: Եվ փակեք օֆշորային բոլոր հաշիվներն ու կտրեք կապերը: Որքան գիտեմ, բանկի ետնապատը դեռևս նույն վիճակում է: Ես ինքս էլ պատահականություններին չեմ հավատում… Միգուցե սա ձեր երկրորդ շանսն է փորձանքից ազատվելու համար: Բաց մի՛ թողեք այն:
Հակաճառելու հիմքեր չունեի: Նույն գիշերը փողերը զգուշորեն վերադարձրի իրենց տեղը: Հերթապահ ոստիկանը երևի քնած էր: Տեղը դրեցի նրբատախտակը, ամրացրի ու աննկատ հեռացա: Երևի հարկ չկա ասելու, որ կոտրված սրտով ու ծայրաստիճան անտրամադիր…
* * *
Շաբաթներ անց մորաքույրս խնդրեց դասավորել առաստաղի տակ գտնվող խորդանոցը: Ինչ ասես չկար այնտեղ՝ էլ սև օճառի կտորներ, էլ նավթավառ ու նավթով աշխատող հին սալօջախ, էլ ապակե բազմապիսի բանկաներով աղ, շաքարավազ, բրինձ ու ինչ-որ ընդեղեն, ալյուր, հնամենի լուցկիներ, անգամ թելեր ու ասեղներ… Այդ ամենը խնամքով շարված էր մի հին նկարի վրա, որն ավելի շուտ որպես հենարան էր ծառայում, որ օճառի կտորներն ու մյուս իրերը չթափվեն: Մի կերպ դուրս քաշեցի կտավը ու տվեցի ներքևում կանգնած մորաքրոջս: Սովորության համաձայն՝ նա խոհանոցի խոնավ շորով սրբեց այն ու մի կողմ դրեց:
Երբ խորդանոցից իջա՝ հայացքս ընկավ նկարին: Ձեզ էլեկտրական հոսանքը երբևէ խփե՞լ է: Աստված մի արասցե: Բայց այդպիսի զգացողություն էր պատել ինձ: Բառացիորեն շանթահարված՝ սկսեցի ուսումնասիրել նկարն ու ստորագրությունը: Դա ֆրանսիացի բավական հայտնի իմպրեսիոնիստներից մեկի վրձնի գործն էր, որը, եթե հավատանք նկարի ետևում արված պաշտոնական գրությանը, իր ռուս պարուհի կնոջ հորդորով Մոսկվա այցելության ժամանակ Ջոն Մեյնարդ Քեյնսը նվիրել էր մորաքրոջս պապին, ով այն ժամանակ անգլերենի թարգմանիչ էր Սովետական Միության Կուլտուրայի նախարարությունում…
Երևի կարիք չկա ասելու, որ այդ օրը, ի մեծ դժգոհություն մորաքրոջս, ես այդպես էլ չկարողացա կարգուկանոն հաստատել խորդանոցում:
* * *
Մնացածը, կարծում եմ, պարզ է: Քեյնսի հիմնադրամը մեկ միլիոն դոլարով գնեց նկարը և վերադարձրեց Քեմբրիջ: Մորաքույրս ամբողջ գումարը ժառանգեց ինձ՝ պայմանով, որ խորդանոցն (իր իսկ բառերով) «կարգին ու մաքուր» վիճակում կպահեմ:
Քննիչ Թեոֆիլյանի հետ մեր հարաբերությունները վերաճեցին ընկերության: Պետք է տեսնել դասական երաժշտության նրա հազվագյուտ հավաքածուն… Ես երախտապարտ եմ նրան, որ ժամանակին ինձ ճիշտ խորհուրդ տվեց: Երբեմն էլ ես եմ նրան խորհուրդներ տալիս ՏՏ բնագավառի հետ կապված: Իսկ Լիզայի հետ շարունակում եմ վայելել Jonathan Livingston հեծանիվով իմ զբոսանքները և հիանալ մեր շրջապատում ու մեր մեջ ծաղկող գույներով: Համենայնդեպս, ես հիմա իմ երազանքների մեջ օվկիանոսի ափին մեկի փոխարեն երկու ճոճաթոռ կամ ճոճացանց եմ պատկերացնում:
[1] «Եվ երբ դու երկար անդունդի մեջ ես նայում, ապա անդունդը ևս քո մեջ է նայում»: Ֆրիդրիխ Նիցշե, «Բարուց և չարից անդին», աֆորիզմ 146 (գերմաներեն, թարգմանությունը՝ Հակոբ Մովսեսի):
[2] Wireless Fidelity (անգլ.):
[3] Internet Protocol (անգլ.):
[4] Տառասխալ չկա: Շեքսպիրի վաղամեռիկ որդու անունն է:
[5] Հավանաբար՝ Հորացիո:
[6] Հավանաբար՝ մեջբերում է «Համլետ» ողբերգությունից:
[7] Երևի նկատի ունի իր երիտասարդ տարիքի ընկեր Դունկանին, որի հետ ոչ միանշանակ հարաբերությունների մեջ էր:
[8] Կարծում եմ՝ նկատի ունի ստագֆլյացիան:
[9] Համակարգի սխալ (անգլ.):
[10] Կապն ընդհատված է (անգլ.):