Լուսաբացը մոտենում էր ու ահագնանում: Ես մի կերպ ինձ պոկեցի բազկաթոռից, դուրս եկա տնից ու քայլեցի դեպի գետը: Աննկարագրելի պահանջ էի զգում տեսնել շարժվող սառույցները: Հիմա, անցյալում կամ էլ ապագայում…
* * *
Այդ տարի գարունը դժվարությամբ էր գալիս: Երկար ու ծանր ձմեռվանից հետո պատի օրացույցի վրա վերջապես մարտ ամիսն էր, սակայն օրերը տակավին սառն էին ու դանդաղաշարժ: Թվում էր՝ դեռ չեն ձերբազատվել ձմեռվա գերությունից ու միայն ակամայից են հաջորդում մեկը մյուսին: Դա շատ հարմար էր տաքուկ տան պայմաններում փիլիսոփայական վարժանքներին տրվելու համար, որ վերջին ամիսներին իմ հիմնական զբաղմունքն էին: Շաբաթներով տնից դուրս չէի գալիս ու անկեղծորեն հիանում էի հարաբերականության տեսության այդ ակնհայտ դրսևորմամբ, երբ ժամանակը ներսում միանգամայն այլ արագությամբ էր ընթանում, քան պատուհանից անդին: Ավելի արագ կամ դանդաղ՝ կախված իմ տրամադրությունից ու րոպեական աշխարհընկալումից: Ես կարող էի սրտիս ուզածի պես տնօրինել այն՝ տրվելով ընթերցանությանը, երաժշտությանն ու մտորումներին: Իսկ գիշերվա ուշացած ժամերին, երբ իրերի հերթականությունն ու երևույթների տրամաբանական ընթացքը չխախտելու միստիկ ցանկությամբ վերջապես անկողին էի մտնում, ժամանակի առանցքը սկսում էր ճկվել նաև երազներիս ենթագիտակցական խաղերի ազդեցությամբ: Սակայն երազներս էլ կարծես սառել էին ու պարզ վերարտադրությունից այն կողմ չէին անցնում: Սկսում ու վերջանում էին՝ առանց ինձ լուրջ հոգեկան ապրումներ պարտադրելու: Ասում են՝ երազի պատկերներն իրականում ընդամենը մի քանի ակնթարթ են տևում, մինչդեռ ինձ թվում էր, թե նրանք հարատևում էին մութ ու լույս ժամերի ամբողջ ընթացքում: Ամեն դեպքում դա իմ սրտով էր, քանի որ արթուն կյանքս էլ մի տեսակ երազի պես էր անցնում: Թվում էր՝ կյանքի գետն իմ կողքով է հոսում, իսկ ես, նստած նրա ափին, ապահով հեռավորության վրա, իբրև չեզոք դիտորդ զննում կամ էլ անտեսում էի անվերջանալի իրականությունը: Նույնիսկ թվում էր, թե ինձ կողքից եմ տեսնում: Մեկ-երկու անգամ փորձեցի աստրալ ճամփորդություն կատարել, սակայն ապարդյուն. վախենում էի, որ հոգիս ու մարմինս իրար կապող արծաթե թելը կկտրվի, ու այլևս չեմ կարողանա վերադառնալ իմ սովորական վիճակին: Այդ միտքն ինձ ինքնին սարսափելի էր, ուստի շուտով հրաժարվեցի հոգու ճամփորդությունների գաղափարից՝ նախընտրելով նույնքան երևակայական ու ոչ պակաս հետաքրքիր ուղևորությունները գրքերի անծայրածիր աշխարհներում: Իմ տունը, բարեբախտաբար, լիքն էր ամեն տեսակի գրքերով:
Երբ ձանձրանում կամ հոգնում էի կարդալուց, մոտենում էի սև դաշնամուրին ու շարունակում մտածել նրա ստեղների վրա: Երբեմն էլ արևելյան ձևով կրակի վրա սուրճ կամ թեյ էի պատրաստում՝ վայելելով այդ գործողության ամեն մի փուլը: Քայլերի նման պարզունակ ընդօրինակման մեջ երևան են գալիս ժամանակի հարաբերականությունը և փիլիսոփայությունների հակադրությունը: Գործարար ու մշտապես շտապող Արևմուտքի մարդուն պարզապես անհասկանալի և խորթ է սուրճ կամ թեյ պատրաստելու համար այդքան ժամանակ և, եթե հարմար է ասել, հոգևոր էներգիա վատնելը: Մինչդեռ արևելցին, ով անտարակույս ավելի նրբամիտ է, անում է դա կրոնական ծեսի կարևորությամբ՝ առանց շտապելու և գնահատելով ամեն մի մանրուքի անտեսանելի կարևորությունը:
Իմ մեկ այլ զբաղմունքն էլ սպիտակ պատերի ու առաստաղի վրա երևակայական պատկերներ ու նշաններ մոգոնելն էր: Սկսում էի հազիվ նշմարվող մի կետից կամ ճաքից ու մտքիս ածխամատիտով կերտում ամենատարբեր ֆանտասմագորիկ պատկերներ՝ ծովեր, աստղակերպի նշանները, կենդանիներ ու ծառեր, ծանոթ ու անծանոթ մարդկանց դեմքեր, կրակի ցոլքեր, երազներիս հիշողություններն ու աստվածներ… Ու հետագա օրերին հիացմունքով ու զարմանքով հայտնաբերում էի, որ այդ պատկերները կարծես կենդանություն են առել և իմ աշխարհում դերասաններ ու խամաճիկներ դարձել: Մթնշաղի ժամերին նրանք պատերից ու առաստաղից պոկվում-լցվում էին սենյակը, դառնում կիսաիրական մարմիններ ու զրուցում ինձ հետ և պատմություններ անում, որ իրենց պես անէական էին: Հետո կրկին խառնվում էին պատերին ու կերպարանափոխվում: Իսկ ամենագրավիչը նրանց ներքին հարաբերություններն էին: Աստվածները փորձում էին իրենց իշխանությունը պարտադրել մյուսներին, իսկ վերջիններս ընդվզում էին՝ պատճառաբանելով, թե երկուսն էլ հոգատար տանտիրոջ, այսինքն՝ իմ, խոնարհ ծառաներն են: Կրակի ցոլքերը ձգտում էին ձիերի պես ծառս լինել ու կլանել ամեն ինչ, սակայն ծովերն ու գետերը ալիքներ ու փոթորիկ էին ծնում և հնազանդեցնում նրանց: Բացի այդ, իմ երևակայության ստեղծած պատկերները փորձում էին ինքնուրույն ստեղծագործել՝ ինձնից անկախ: Ու նորանոր զարմանահրաշ կերպարներ էին հայտնվում պատերին ու առաստաղին: Ես անկախ դիտորդի աչքերով նայում էի նրանց ու ժպտում:
Օրերը դեռ սառն էին ու մոլորակների պես անփոփոխ:
* * *
Իրական աշխարհին ինձ երկու բան էր կապում՝ պատուհանից անդին սփռված միապաղաղ պատկերներն ու ընկերոջս այցելությունները՝ պատահական պարբերականությամբ: Անկեղծ ասած, մի շաղկապող հանգամանք էլ կար՝ իմ հուշերը, սակայն անցած երեսուներեք տարիներս դրանք տրորել ու երազներ էին դարձրել: Երազներ, որ հաճախ աղճատվում էին ու կորցնում իրենց առարկայական բովանդակությունը: Երբեմն հուշերն իրենք հուշեր էին ծնում՝ էլ ավելի հեռանալով իրականությունից: Ուստի դժվար էր կողմնորոշվել, թե որն է հուշ, որը՝ երազ, իսկ որը՝ պարզ վերարտադրություն: Դրանք տարբերակելու անհաջող փորձերն ի վերջո ինձ ձանձրացրին, և ես դադարեցի որևէ կարևորություն տալ դրանց: Պարզապես ծնվող ու կորչող պատկերներ էին:
Միանգամայն այլ բնույթ ունեին ընկերոջս այցելությունները: դրսի աշխարհից նրա բերած լուրերի կցկտուր պատառիկները ավելի շատ նման էին ճաշի վրա ավելացվող մի պտղունց աղի կամ այլ համեմունքի: Եթե չեմ սխալվում՝ նա ոստիկանության քննիչ էր, ուստի մասնագիտական հարցեր գրեթե չէինք քննարկում: Մեր հարաբերությունները սկսվել էին՝ բացառելով վտանգավոր մտերմությունը, իսկ հաճախ՝ նաև երկխոսությունը: Սկզբնական շրջանում գրքեր ու հանդեսներ էինք փոխանակում կամ էլ խորասուզվում շախմատային լռակյաց մենամարտերի մեջ, որ օրեր ու նույնիսկ շաբաթներ էին տևում: Այդ ընթացքում շախմատի տախտակն ու ֆիգուրները փոշով էին ծածկվում, սակայն դա մեզ բնավ չէր անհանգստացնում, քանի որ մեզ համար թե՛ խաղը, թե՛ փոշին կյանքի բաղկացուցիչ մասերն էին: Բացի այդ, մեզ համար անընդունելի ու գրեթե զազրելի էր իրականության որևէ դրսևորում, որի մեջ բացակայում էր խաղի տարրը: Իսկ երկխոսությունը սահմանափակվում էր մեկնումեկիս կողմից բարձրաձայն մի միտք արտասանելով: Ապա խորասուզվում էինք այդ կամ հարակից մտքերի զարգացման հունը՝ մինչև որ մեկնումեկս բարձրաձայն (միգուցե և ո՛չ լսելի լինելու միտումով) հայտնում էր մի որևէ բառային պատկեր՝ սկզբնական մտքից տրամաբանական շղթայով բավականաչափ հեռացած: Երկուսս էլ աննկարագրելի հաճույք էինք ստանում մտածելու բուն պրոցեսից: Ընդսմին, բնավ առաջնային չէր որևէ անհերքելի հետևության գալը, համենայնդեպս՝ ինձ համար:
* * *
Այդ երեկո էլ, դատելով մթնած լուսամուտներից, քննիչ ընկերս անաղմուկ ներս էր մտել՝ դուռն իր բանալիով բացելով, և տեղավորվել որպես հյուրասենյակ ծառայող գրադարանի հսկա բազկաթոռներից մեկին: Մի անգամ ես նրան առաջարկել էի որոշ ժամանակով ինձ մոտ տեղափոխվել՝ ճանապարհի վրա ավելի քիչ ժամանակ ծախսելու նպատակով, բայց նա խոհեմաբար հրաժարվել էր՝ պատճառաբանելով, որ ամեն ինչ իր ժամանակն ունի և ժամանակային չափը: Եթե կա ճանապարհ, որը պետք է անցնել, ապա լիովին արդարացված է և նույնիսկ անհրաժեշտ դրա վրա համապատասխան ժամանակ ծախսելը: Ես ըմբռնումով էի ընդունել նրա պատճառաբանությունը՝ առանց մեկնաբանության մեջ շատ խորանալու, քանի որ նախ՝ վստահ չէի, որ մեր համատեղ կյանքն էլ ավելի կմտերմացներ մեզ, և որ այդ մտերմությունն ընդհանրապես պետք է մեզ: Մենք մտերիմ էինք աշխարհընկալման միատեսակ մոտեցումներով, բնավորության որոշ դրսևորումներով և նմանատիպ սովորությունների մի փնջով: Դա մեզ բավական էր ընկերությունը շարունակելու համար:
Ինձ մտքերիցս կտրեց բացվող դռան թեթև չխկոցը: Նա ներս մտավ, խոր թաղվեց բազկաթոռի մեջ ու նոր միայն «բարի երեկո» մաղթեց ինձ: Մեր տարօրինակ հարաբերություններն ինձ թույլ էին տալիս նաև մտքումս պատասխանելու նրա մաղթանքին, ուստի ոչինչ չասացի, բայց նրա ձայնի տոնից հասկացա, որ այսօր փոքր-ինչ այլ տրամադրություն ունի, ուստի մտովի բարևիս ավելացրի նաև նրա կողմը թեթևակի հայացք նետելը: Կարծես դրանից ոգևորված՝ նա ժպտաց ու մի սիգար հանեց գրպանից: Ընդհանրապես ծխող չէր, սակայն ժամանակ առ ժամանակ սիրում էր սիգար վայելել: Նախանձելի դանդաղկոտությամբ կտրեց սիգարի ծայրը, վառեց, ներս քաշեց թանձր ծուխն ու վերջապես ասաց.
– Այստեղ գալիս ես մի շատ կարևոր բան նկատեցի: Գետի սառույցները կոտրվել են ու կրիայի արագությամբ սահում են հոսանքն ի վար: Դու դա նկատե՞լ ես:
– Սառույցնե՞րը,– փորձեցի հիշել ես,– այո, կարծում եմ՝ մի անգամ տեսել եմ, բայց վստահ չեմ, որ իմ աչքերով: Դու գիտես, որ ես հեռուստացույց չեմ նայում:
– Քո կամ ուրիշի աչքերով… Ի վերջո դա նույն բանն է: Պարզապես հավատա ինձ, որ դա իրոք այդպես է: Տարվա մեջ գալիս է մի պահ, երբ սառույցները սկսում են կոտրվել ու տրվում են գետի կամքին, որը, որքան էլ տարօրինակ թվա, միշտ վերից վար է հոսում:
– Դա, իհարկե, անչափ կարևոր դիտարկում է,– կատակեցի ես:
Ընկերս կարծես չնկատեց իմ հեգնանքն ու ասաց.
– Այո, շատ կարևոր գիտական փաստ է: Իսկ դա քեզ ի՞նչ է հուշում:
– Նայած ում աչքերով ես նայում:
– Դե, ասենք՝ պատմաբանի:
– Ես չեմ հավատում պատմությանը և այն դուրս եմ հանել գիտության տեսակների շարքից: Պատմությանը գիտականորեն մոտենալու ձգտումը հավասարազոր է ամպերում առյուծների կամ լեռների ուրվագծեր նշմարելու մանկական ցանկությանը:
– Ինչ-որ իմաստով համամիտ եմ քեզ: Հայնեն ասում էր, որ պատմաբանը անցյալը կանխագուշակող մարգարեն է:
Ժպտալու հերթն իմն էր.
– Մի մոռացիր, որ Հայնեն բանաստեղծ էր ու խոսքի վարպետ, իսկ մարդկանց հատուկ է իրենց գործունեության բնագավառից դուրս մերժում չհանդուրժող մտահանգումներ անելը: Բացի այդ, չկա մարդ, որ իր մասնագիտության տիրույթներից անդին դյուրահավատ չլինի: Երդվյալ նյութապաշտն էլ բանաստեղծություններ է գրում ու տալիս Աստծու գաղտնի անուններից մեկնումեկը: Ես Հայնեին խորհուրդ կտայի կենտրոնանալ բանարվեստի վրա, այլ ոչ թե գիտության քննադատության: Համենայնդեպս, առաջինը նա շատ ավելի հաջող է անում:
– Համաձայն եմ, բայց մենք շատ հեռացանք մեր խոսակցության բուն նյութից՝ շարժվող սառույցներից:
– Չլինի՞ որոշել ես այդ թեմայով մենագրություն գրել: Միգուցե ինձ ուղղությո՞ւն ցույց տաս:
– Իհարկե: Ասա՛ ինձ՝ ի՞նչ պարբերականությամբ ենք մենք ականատես լինում այդ երևույթին:
– Տարին մեկ անգամ, հա՞:
– Այո, տարին մեկ անգամ, մոտավորապես այս օրերին: Եվ դա ի՞նչ հետևության է բերում:
– Գաղափար չունեմ: Մի՞թե չես կարող ավելի պարզ հարցեր տալ: Ասենք՝ դաշտի տեսության կամ բազմությունների հաշվելիության: Կամ էլ, վերջիվերջո, հաշվարկման շումերական վաթսունական համակարգի մասին… Չգիտեմ՝ ի՞նչ հետևություն կարելի է անել: Դե, մի՛ տանջիր ինձ: Ասա՛:
– Դե լա՜վ: Պատասխանը շատ պարզ է:
– Դրա համար էլ այդքան անհասանելի է:
– Հանձնվո՞ւմ ես:
Ի պատասխան՝ վեր պարզեցի ձեռքերս: Ընկերս ժպտաց ու ասաց.
– Մեկ տարի է անցել: Բե՛ր կոնյակը: Դու ինձ պարտք ես:
Տարակուսանքը դեմքիս ու շինծու դժկամությամբ ես վեր կացա տեղիցս և մոտեցա բարին: Մեծ, ծանր բաժակների մեջ կոնյակ լցրեցի: Մեկը մեկնեցի ընկերոջս, իսկ մյուսից ինքս կում արեցի ու դրեցի սեղանիկին:
– Ինչի՞ց է մեկ տարի անցել:
– Այս պահին էական չէ, թե ինչից: Կարևորը երևույթն է: Ինչպե՞ս է ստեղծվել ժամանակաչափը, որ հիմա նաև ժամացույց են անվանում: Պարբերաբար և խիստ որոշակի հաճախականությամբ կրկնվող երևույթների դիտմամբ: Տարին մեկ շարժվում են սառույցները, քսանութ օրը մեկ փոխվում է լուսինը, օրական մեկ անգամ ծագում է Արև կոչվող աստղը և մայր մտնում և այլն:
– Ամեն դեպքում՝ ինչի՞ց է մեկ տարի անցել,– չէի հանձնվում ես:
Ընկերս միանգամից չպատասխանեց: Սիգարի ծխացող ծայրը զգուշորեն հպեց կոնյակի մակերևույթին, ապա խոր ներքաշեց ծուխն ու, առանց թոքերը տանելու, դանդաղորեն բաց թողեց կոհակները: Որոշ հարցերում նա չափազանց նրբացած էր, և փիլիսոփայելը, դիվանագիտական պահվածքն ու սիգար ծխելու արվեստը այդ շարքում հաստատ վերջին տեղերում չէին:
Տասը րոպեի չափ երկուսս էլ լուռ էինք: Ես փորձում էի երևակայել գետն ու սառույցները, իսկ ընկերս արտաքուստ տարված էր ծխից եռաչափ պատկերներ մոգոնելով, թեև ինձ թվում էր, որ ծանրութեթև է անում իր ասելիքը: Ի վերջո իմ համբերությունը վարձատրվեց, երբ նա ասաց.
– Արդեն մեկ տարի է, որ մի մարդու մասին եմ խորհում: Ինքս ինձ երդվել էի զերծ մնալ հապճեպ եզրահանգումներից ու նրան համակողմանի ուսումնասիրել բոլոր կողմերից այս մեկ տարվա ընթացքում: Համամի՞տ ես, որ մեկ տարին պատկառելի ժամանակահատված է մտածելու, եզրահանգման գալու և այդ եզրահանգումը հիմնավոր համարելու համար:
– Չգիտեմ… Որքա՞ն ժամանակ էր անհրաժեշտ Սիզիփոսին Հադեսի թագավորությունում իր գործողությունների անպտղությունը հասկանալու համար: Կարծեմ՝ մինչև հիմա չի հասկացել:
– Իսկ, եթե անգամ հասկանա, նա այլընտրանք ունի՞, քան օրնիբուն այդ քարը գլորելը: Կամ էլ դանայուհիները, որ անտակ տակառի մեջ ջուր են լցնում: Ո՞րն է նրանց ընտրությունը:
– Գործողության առումով՝ ոչինչ, բայց փիլիսոփայորեն ինչ-որ լուծում միշտ էլ կարելի է գտնել: Ի՞նչ երգ էին երգում ջրահարսները Ոդիսևսին: Կամ՝ ի՞նչ անունով էր թաքնվել Աքիլլեսը կանանց մեջ… Թվում է՝ անլուծելի հարցեր են, բայց ինչ-որ պատասխան կարելի է գտնել: Սիզիփոսը, որ այդքան հնարամիտ ու արկածախնդիր մարդ էր, կարող էր գոնե գլխի ընկնել, որ իր աշխատանքը հավերժական ու ինչ-որ իմաստով նաև պարտադրված անգործության պես մի բան է, քամու ունայն աշխատանք:
– Հենց այդտե՛ղ է թաղված շան գլուխը,– ոգևորվեց ընկերս,– հավերժական նշանակում է ժամանակից դուրս: Ընդ որում, դա և՛ Սիզիփոսի ու դանայուհիների, և՛ նրանց պատիժը մոգոնողների դժբախտությունն է ու մտածողության սնանկությունը: Ցանկացած պատիժ, որը գործում է հավերժության մեջ, դրանով իսկ կորցնում է իր իմաստը: Պատիժն իր էությամբ կիրառելի է միայն ժամանակային հատվածի համար: Ցմահ բանտարկության դատապարտվածի համար կյանքը փոխում է իր իմաստը: Եթե նա մարդասպան է, ապա կարող է ևս մեկին կամ տասնմեկին սպանել, և դրանից արդեն իրերի դրությունը չի փոխվի: Ուշադրությո՛ւն դարձրու. կյանքը ո՛չ թե կորցնում, այլ փոխում է իր իմաստը: Դատապարտյալը պարզապես սկսում է ժամանակային այլ առանցքի վրա հաշվել իր կյանքի օրերը:
– Պատկերացնում եմ՝ հավատաքննիչները քեզ ի՜նչ հաճույքով կայրեին խարույկի բոցերում: Բայց կներես, որ ընդհատեցի, շարունակիր միտքդ:
– Ընդունիր, որ ժամանակային իմաստով ինչ-որ անվերջանալի միատարր վիճակի անցնելը՝ կոչվի դա Դրախտ կամ Դժոխք, հավասարազոր է լիակատար ու անշրջելի մահվան գաղափարին: Քանզի ի՞նչ է կյանքը, եթե ոչ վիճակների շարունակական հերթափոխ: Մի բան, որ ունի սկիզբ և վերջ: Թե՛ Դրախտում, թե՛ Դժոխքում, ուր, հույս ունեմ, հայտնվել են քո այդ բախտախնդիրն ու պոռնիկները, չկա վիճակների կամ գոնե դրանց ձևերի փոփոխություն: Ուստի չկա մահ, և չկա զարգացման որևիցե դինամիկ ուղղվածություն: Այդ առումով ինքնին անիմաստ է խոսել հավերժական երջանկության կամ տանջանքների մասին: Այդ դրույթները կեղծ են ու իմաստազուրկ: Հենց այս գաղափարից ելնելով ես եկա այն եզրակացության, որ մարդուն կարելի է փորձել ճանաչել միայն ժամանակային հատվածի մեջ՝ կյանքից կտրված մի դրվագի սահմաններում:
– Իսկ ինչո՞ւ ես կարծում, որ այդ հատվածը մեկ տարին է:
– Դու ճիշտ ես: Մեկի մոտ դա կարող է մեկ տարի լինել, մյուսի մոտ՝ տասնամյակներ, երրորդի մոտ՝ մեկ օր կամ մեկ ժամ: Դա շատ սուբյեկտիվ գնահատական է: Երբ ինչ-որ պրոցեսում որևէ ֆիզիկական, այսինքն՝ չափելի, մեծություն չի փոխվում, ապա այդ մեծությունը համարվում է այդ պրոցեսի բնութագիր: Մեր դեպքում, եթե մարդը ինչ-որ ժամանակահատվածում այլևս որևէ փոփոխության չի ենթարկվում, ապա կարելի է խոսել գտնված գնահատման չափի մասին:
– Թերևս դու ճիշտ ես: Քո փիլիսոփայության տեսակետից, իհարկե,– նկատեցի ես:
– Շնորհակալություն: Վերադառնամ թեմային: Արդեն մեկ տարի է, որ ես հետևում եմ այդ մարդուն ու մտածում նրա մասին, որքան որ թույլ է տալիս իմ սեփական ժամանակը: Եվ ահա, կարող եմ որոշ գնահատականներ տալ:
– Դա միգուցե հետաքրքիր զբաղմունք է, սակայն ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ,– ընդվզեցի ես:– Մտածիր և գնահատականներ տուր որքան սիրտդ ուզում է:
– Իրադրությունը լուրջ է, պատասխանատվությունը՝ մեծ: Ես շատ երախտապարտ կլինեի քեզ, եթե դու ինձ օգնեիր քո վերլուծական ունակություններով կամ էլ, ծայրահեղ դեպքում, որպես ունկնդիր: Կա մի շատ կարևոր հանգամանք, որն ինձ պարտադրում է այլևս միայնակ չգործել:
Ընկերս լռեց, ըմպեց կոնյակից ու շարունակեց.
– Որքան շատ եմ մտածում նրա մասին, այնքան ավելի եմ համոզվում, որ նրա կյանքի օրերը վերջանալու վրա են: Ըստ էության, դրանում վատ բան չկա, քանի որ ցանկացած մահ բնական է: Բայց ինձ վախեցնում է անժամանակ և անիմաստ մահը: Ես չեմ ուզում, որ նման բան կատարվի: Հնարավոր է, որ շուտով արտաքին միջամտության կարիք զգացվի:
– Մի՛ դատիր: Այդ իրավունքը չունես:
– Իհարկե չունեմ: Նրա դատավորը հենց ի՛նքը պետք է լինի:
– Այդ դեպքում ո՞րն է քո կամ իմ դերը:
– Հասկանում եմ միտքդ: Եթե կա պատմական անհրաժեշտություն, ապա նա այսպես թե այնպես կիրականանա: Ինչպես ասացի՝ կա մի էական հանգամանք: Միգուցե ես հենց այն նշտարն եմ, որի միջոցով պիտի կատարվի այդ անհրաժեշտությունը: Բանն այն է, որ ինչ-որ իմաստով պարտական եմ այդ մարդուն: Թույլ տուր առայժմ չբացել փակագծերը:
Ես լուռ լսում էի: Լավ ճանաչելով ընկերոջս՝ վստահում էի նրա ողջամտությանը՝ նույնիսկ մեկ-երկու բաժակ խմելուց հետո: Նաև հասկանում էի, որ իրավիճակի լրջությունը նրան թելադրում է վստահելի մեկի հետ կիսել մտքերը՝ չսխալվելու համար:
– Դու կարո՞ղ ես սպանել նրան,– հարցրի:
– Ո՛չ, ի՞նչ ես ասում: Ես ոստիկանության քննիչ եմ, ոչ թե մարդասպան: Բացի այդ ես անկախ փիլիսոփա եմ ու ազատ մտածող: Պարզապես ցանկանում եմ օգնել նրան արժանապատվորեն դիմավորել ճակատագրի հաջորդ անակնկալը, եթե անգամ դա մահն է: Բայց, ինչպես ասացի՝ նրա դատավորն հենց ինքն է լինելու:
– Իսկ եթե նա քեզ ընտրի իբրև դահի՞ճ: Դրա մասին մտածե՞լ ես:
– Մտածել եմ, բայց որևէ հետևության չեմ եկել: Չեմ կարող այդքան առաջ անցնել ժամանակից: Բանը բան ցույց կտա:
– Բայց և ուզում ես իմ կարծի՞քն իմանալ: Գտնում ես, որ լա՞վ խորհրդատու եմ:
– Ավելի ճիշտ՝ կուզեի քեզ հետ միասին խորհել նրա ու նրա կյանքի շուրջ և ընթացքում ու վերջում լսել քո խոսքը: Խոստանում եմ՝ եթե մենք տարակարծիք լինենք, ապա ես որևէ քայլ չեմ ձեռնարկի: Բայց եթե մենք նույն մտքին հանգենք, և եթե անգամ այդ միտքը մահը լինի, ապա…
– Ապա միասին կօգնենք նրան ճիշտ կողմնորոշվել,– շարունակեցի ընկերոջս կիսատ խոսքը: Նման մեղմասացությունը թուլացնում էր լարվածությունը:
– Այո, ես ապավինում եմ քո սթափ մտքին և շրջահայացությանը:
– Դու գրգռեցիր իմ հետաքրքրասիրությունը: Արի փորձենք: Միայն թե ինձ պետք է ավելի շատ բան իմանալ այդ մարդու մասին:
– Իհարկե կիմանաս: Բացառված չէ, որ ավելի շատ բան, քան ես ինքս գիտեմ: Այսօր ինձ համար կարևորը քո համաձայնությունը ստանալն էր: Եթե դեմ չես՝ ես ավելի հանգամանորեն վաղը կխոսեմ: Այս գիշերն ինձ ավելի շատ տրամադրում է կոնյակի, սիգարի, Մոցարտի և շախմատի: Ո՞ւր է մեր տախտակը: Բեր տեսնեմ: Լույսը բացվի՝ բարին հետը:
* * *
Չնայած մենք սկսել էինք շախմատային այդ խաղը ծննդյան տոների օրերին, այն դեռևս սկզբնախաղի մեջ էր: Մեր խաղարվեստները միանգամայն տարբեր էին: Ես շեշտը դնում էի համակողմանի վերլուծության վրա, բայց վերջնական քայլը կատարելիս հաճախ հենվում էի իրադրության զուտ զգայական ընկալման վրա: Այդ առումով ընկերս կարծես իմ հակապատկերն էր: Ինչպես ինքն էր գունեղ նկարագրում իր խաղաոճը՝ ամեն անգամ փորձում էր խաղաքարերի դասավորությունը նմանեցնել Վան Գոգի կամ Պիկասոյի գործերից մեկնումեկին՝ ընդունելով դրանց տեսողական և բովանդակային կատարելությունը: Եվ նույնիսկ դրանց պարզունակ վերարտադրությունը շախմատային տախտակի վրա ինքնին ապահովում էր հերթական քայլի՝ իբրև մի վրձնահարվածի, տրամաբանական և միակ հնարավոր զուգակցումը նախորդ քայլերի առաջացրած պատկերին: Ընդսմին, խաղընկերոջս նման զգայական մոտեցմամբ հանդերձ, երբ մենակ ժամերիս փորձում էի վերլուծել երկուսիս և հատկապես նրա կատարած քայլերը, զարմանքով համոզվում էի դրանց հաշվողական ու տրամաբանական կատարելության մեջ: Հենց մեր մոտեցումների տարբերությունը, ընդ որում՝ ոչ միայն շախմատի հարցում, մեր հարաբերությունները միակցող շաղախն էր: Երկուսս էլ ահավոր ձանձրանում էինք ու նյարդայնանում միօրինակությունից, ուստի ամեն կերպ ձգտում էինք բազմաձևություն ու անկրկնելիություն հաղորդել մեր մտածողությանը և, որքան որ դա հնարավոր էր, հարաբերություններին:
* * *
Հաջորդ երեկո նա կրկին այցելեց ինձ: Անձայն բարևեցինք ու կրկին տեղավորվեցինք շախմատի տախտակի մոտ: Նախորդ երեկո ոչ մի նոր քայլ չէր արվել՝ չնայած երկուսս էլ տասնյակ զարգացումներ էինք դիտարկել մեր մտքում:
Մի ժամի չափ անխոս նստելուց հետո ես հանդգնեցի խախտել լռությունը և դիմեցի ընկերոջս.
– Ի՞նչ կա մեր հերոսից:
– Ոչ մի նոր բան,– կարճ ու առարկություն չհանդուրժող տոնով պատասխանեց քննիչ ընկերս՝ հայացքը շախմատի տախտակից չկտրելով:– Չեմ կարծում, որ անցած մեկ գիշերվա և ցերեկվա ընթացքում ինչ-որ էական բան կատարված լինի նրա կյանքում: Ես դրա մասին կիմանայի:
– Դու նրան հետևե՞լ ես:
– Բնավ դրա կարիքը չունեմ:
– Այդ դեպքում ինչո՞ւ ես վստահ,– հետաքրքրվեցի ես:
– Հակառակ պարագայում դա որոշ փոփոխությունների կհանգեցներ, իսկ ես ոչ մի նոր բան չեմ տեսել: Ճաշի համը փորձելու համար պարտադիր չէ ամբողջ ճաշն ուտել: Մի գդալով կամ մի պնակով իսկ կարելի է հետևություն անել: Մի ծաղկի բացվելն էլ փոխում է համայն տիեզերքի պատկերը: Եթե ինչ-որ նոր բան լիներ՝ ես կնկատեի:
– Դու այդքան ուշադի՞ր ես:
– Կարևոր հարցերում՝ այո: Մի մոռացիր, որ մեր հերոսը իմ ուսումնասիրության նյութն է վերջին տասներկու ամիսների ընթացքում: Եվ իրավիճակն էլ ավելի քան լուրջ է: Աններելի անպատասխանատվություն կլիներ իմ կողմից այդ ամենին մատներիս արանքից նայելը: Դրա համար էլ դիմեցի քո օգնությանը, որն անփոխարինելի կլինի այս պահին: Հույս ունեմ՝ դեռ միտքդ չես փոխել:
– Ամենևին, բայց, ինչպես խոստացել էիր, ինձ պիտի ավելի շատ տեղեկություններ տրամադրես նրա մասին: Առայժմ ես խորհելու նյութ իսկ չունեմ, ուր մնաց թե՝ վերլուծություններ անելու:
– Իհարկե, ես պատրաստ եմ, սակայն, առաջ ընկնելով, ցանկանում եմ խնդրել՝ ինձնից չպահանջես անձնական բնույթի որևէ մանրամասն՝ ի՞նչ է հագնում, որտե՞ղ է ապրում, ի՞նչ գրքեր է կարդում, ի՞նչ է սիրում ուտել և այլ նմանատիպ բաներ: Ես պարզապես անպատասխան կթողնեմ քեզ,– ասաց ընկերս:
– Լավ, բայց ինչո՞ւ ես խուսափում դրանից: Բացառված չէ, որ ի վերջո ես կիմանամ, թե նա ով է:
– Երբ գա այդ օրը (եթե գա), և դու ճանաչես նրան, ապա ինքդ կստանաս այդ, իմ համոզմամբ՝ երկրորդական հարցերի պատասխանը: Առայժմ, խնդրում եմ, բավարարվիր ավելի ընդհանուր ու կարևոր հարցերով:
– Դու ակնարկում ես, որ ես ճանաչո՞ւմ եմ նրան: Համենայնդեպս, ես այդպիսի տպավորություն ունեմ:
Ընկերս անմիջապես չպատասխանեց: Հայացքը վերջապես բարձրացրեց շախմատի տախտակից, անքթիթ նայեց աչքերիս, մի քանի վայրկյան էլ այդ դիրքում լուռ մնաց ու ասաց.
– Չգիտեմ: Իրոք չգիտեմ: Բացառված չէ: Ամեն դեպքում, եթե ես նախօրոք հայտնեմ նրա անունը, ապա քեզ հավաքագրելու իմ բոլոր ջանքերը ջուրը կընկնեն: Եթե դու ճանաչում ես նրան, ապա քո գնահատականները, հնարավոր է, ավելի անձնական դառնան, մինչդեռ դա ոչ ինձ և ոչ էլ, առավել ևս, նրան այս պահին պետք չէ: Դա կխառնի իմ բոլոր խաղաթղթերը: Շատ բաներ քեզ պարզ կդառնան առաջին հայացքից օտար մտքերի շուրջ մեր զրույցներից: Ես դիտավորյալ հեռավոր շրջագայություններ կանեմ զուգահեռ աշխարհներում, բայց արդյունքում դու կարևոր հետևություններ կանես: Հաճախ կողմնային տեսողությամբ մարդն ավելի շատ բան է ընկալում, քան դեմ-հանդիման նայելիս:
Ի նշան համաձայնության՝ ես գլխով արեցի, իսկ նա շարունակեց.
– Ամեն մարդ (կամ կենդանի, կամ բույս) խիստ կոնկրետ ու որոշակի առաքելությամբ է լույս աշխարհ գալիս: Կար մի մոծակ, պատկերացնո՞ւմ ես՝ մի չնչին արարած, որն Ալեքսանդր Մեծի մահվան ուղղակի պատճառը դարձավ: Ի դեպ, նա հենց այն միջոցն էր, որով կատարվեց անհրաժեշտությունը: Նման երևույթները հաճախ մեր դատողականության սահմաններից դուրս են, սակայն եթե բնագիտության հետադարձ խնդիրը քննարկենք, ապա ակնհայտ է, որ որևէ պատահական բան երբեք չի կատարվում: Ամեն ինչ ունի իր պատճառը, ուստի և պիտի ունենա իր հետևանքը: Ըստ որում՝ ճիշտ է նաև հակառակ պնդումը: Մեզ հիմնականում, հատկապես ժամանակի ներկա վիճակում, անհայտ է որևէ մարդու տեղն ու դերը:
– Անկանխատեսելի են Տիրոջ ճանապարհները:
– Միանգամայն: Ուստի եթե մենք չենք տեսնում պատճառահետևանքային նրբին կապերը, ապա դա չի նշանակում, թե դրանք գոյություն չունեն: Պարզապես դրանք ակնհայտ չեն և թաքնված են ժամանակի միաչափ բավիղում: Որպեսզի Արիստոտելը Արիստոտել դառնար և ապա հակադրվեր Պլատոնին, նախ պիտի անցներ վերջինիս դպրոցով ու հիմնովին ընկալեր իր ուսուցչի փիլիսոփայությունը: Եվ միայն դրանից հետո նա ստեղծեց նորը՝ իրենը, որը, ինչպես գիտես, լիովին կամ գրեթե լիովին հակադրվում է Պլատոնի տեսությանն ու աշխարհընկալմանը,– ընկերս իր տարերքի մեջ էր:
– Մարդկության ամբողջ փիլիսոփայությունը և գաղափարախոսությունը Արիստոտելի ու Պլատոնի բանավեճի մեջ է ամփոփված:
– Թերևս: Նույնը կարելի է ասել Պիկասոյի մասին: Կուբիզմին հասնելու համար նա նախ պետք է անցներ ակադեմիական խիստ միջանցքներով: Հենց դրանում է Պիկասոյի մեծությունը: Նա իր մեջ պարփակում է իրենից առաջ ստեղծված ամբողջ արվեստը, որի վրա ոտք դնելով՝ մի քայլ առաջ է գնացել: Այս առումով զազրելի ու ժամանակավրեպ են նորաթուխ մտածողներն ու արվեստագետները, որոնք, հաճախ պատկերացում անգամ չունենալով իրենցից առաջ կատարվածի ու ստեղծվածի մասին, խարխափում են խաբուսիկ նորարարության լաբիրինթոսում:
– Սողոմոնն ասում էր, որ ոչինչ նոր չէ երկրի վրա, իսկ Պլատոնն ավելացնում է՝ ամեն գիտելիք այլ բան չէ, քան հիշողություն, ուստի Սողոմոնին է պատկանում այն իմաստուն միտքը, թե՝ ամեն մի նոր բան արդեն իսկ մոռացված հինն է: Սա կարող ես կարդալ Բեկոնի «Փորձերում»,– մեջբերեցի ես:
– Լավ է ասված: Ես թերևս կավելացնեի, որ ժամանակ է պետք հինը մոռանալու համար: Իսկ մարդու ժամանակը իրականում այնքան էլ երկար չէ: Պետք է այն արդյունավետ օգտագործել:
– Այսինքն՝ ճիշտ ապրել:
– Այո, նախ՝ ապրել, և ապա՝ ճիշտ ապրել: Եթե տրված է կյանքը, ապա պետք է այն ապրել: Մինչդեռ մեր հերոսի կյանքը ժամանակասպանության մի դասական օրինակ է: Ընդունում եմ՝ հեշտ չէ, եթե չասեմ՝ դժվար, կյանքում կողմնորոշվելը և քեզ վերապահված դերը գտնելը, սակայն գոնե պետք է փնտրել, քայլել, բախվել պատերին, երբեմն արնոտվելու աստիճան… Անցնել սխալ ճանապարհներով ու ետ դառնալ: Գտնել քո նեղ ու տատասկոտ արահետը և դրանով առաջ ընթանալ քայլ առ քայլ: Որովհետև միայն թակողին է բացվում, միայն փնտրողն է գտնում, և միայն խնդրողն է ստանում: Մինչդեռ ես նայում եմ նրան ու զարմանում: Այնպիսի տպավորություն է, որ նա գնում է բոլոր հնարավոր ճանապարհներով, ուր դիմադրության չի հանդիպում:
– Դա մեխանիկայի մեծ օրենքն է՝ բոլոր բնական երևույթները ձգտում են գնալ նվազագույն դիմադրության ճանապարհով՝ ապահովելով, այսպես կոչված, փոքրագույն գործողության սկզբունքը: Շարունակիր, խնդրեմ:
– Այո, բայց մարդը ֆիզիկական մարմին չէ, քանի որ մտածելու հատկանիշ ունի, և որևէ տեղից չի երևում, թե նա պետք է փոքրագույն գործողություն իրականացնի: Ավելին, մեր հերոսի մտածողությունը կաշկանդված է ինքն իր մեջ և կարծես ինքնանպատակ է: Նման միտքն ընդհանրապես որևէ գործողության չի կարող տանել: Եթե բոլոր մտածողներն առաջնորդվեին այդ սկզբունքով, իսկ ավելի տեղին է ասել՝ սկզբունքի բացակայությամբ, ապա մենք ո՛չ Արիստոտել կունենայինք, ո՛չ Բախ, ո՛չ Նյուտոն, ո՛չ Լայբնից, ո՛չ Օշո և ոչ էլ Պիկասո: Մտածող մարդուն պետք է մի քիչ էլ հեղափոխական լինել ու փորձել փակ դռներ բանալ:
– Ամեն մարդու չի տրված փակ դռներ բանալ,– նկատեցի ես:
– Մեր հերոսին տրված էր ոչ թե լոկ մեկ, այլ թերևս մի քանի փակ դուռ բանալ: Նա կարող էր հրաշալի երաժիշտ լինել և, ասենք՝ զարգացնելով Բախի տեսությունը, մի քայլ առաջ տանել երաժշտությունը: Բայց նա դա չի անում և բնավ չի էլ պատրաստվում իրեն հոգս պատճառել այդ առումով: Նա կարող էր հրաշալի մաթեմատիկոս լինել և, հետևողականորեն աշխատելով, մի նոր հիասքանչ գյուտ անել կամ էլ, ասենք, ապացուցել ցայսօր չապացուցված թեորեմներից մեկնումեկը: Որքան գիտեմ՝ նման խնդիրներ դեռ մնացել են:
– Այո, իհարկե, Ֆերմայի մեծ թեորեմը, շրջանի քառակուսելիությունը, երկրաչափական աքսիոմների հարցը և այլն, և այլն: Դրանց վրա շատ մեծ գլուխներ են սպիտակել:
– Նա կարող էր անզուգական իրավաբան լինել կամ գրականագետ, նկարիչ կամ արվեստի տեսաբան, վերջապես՝ մեծ ֆիզիկոս ու փորձ աներ Մենդելեևի աղյուսակի պես մի բան հնարել բնագիտության բնագավառում՝ ժամանակակից գիտության այս խառնաշփոթին վերջ տալու նպատակով:
– Կարծեմ Այնշտայնն էր փորձում դա անել,– նկատեցի ես:
– Փորձում էր, բայց նրա հեղինակությունն իր սև գործն արեց, և տեսական գիտությունը կարծես փակուղի մտավ: Ամեն դեպքում նա փորձեց անել, և դա ինքնին ողջունելի է: Քանի՞ փորձ է արել Էդիսոնը էլեկտրական լամպը հնարելու ճանապարհին: Չի հուսահատվել ու ի վերջո հասել է նպատակին: Բացվում է միայն նրանց առջև, ովքեր բախում են: Մեր հերոսը կարող էր լեզվաբանությանը նվիրվել ու, ասենք, համեմատական լեզվաբանության միջոցով շատ ու շատ գյուտեր անել, սակայն այս բնագավառում էլ նա մսխեց իր տաղանդը և արդյունքում ոչնչի չհասավ: Կներես, որ այս օրինակներն եմ բերում: Պարզապես ցանկանում եմ հասկանալի լեզվով խոսել: Ես կարող եմ այդ շարքը շարունակել, բայց ասածս էլ բավարար է: Նա կարող էր բազում կամ գոնե մեկ փակ դուռ բանալ, սակայն չարեց դա և չի էլ պատրաստվում:
– Իսկ ինչո՞ւ ես կարծում, թե չի պատրաստվում: Ո՞վ գիտե՝ ամեն ինչ դեռ առջևում է: Այսքան ժամանակ նա վագրի պես պրկվել է և ուր որ է կկատարի իր վճռական ցատկը…
– Ի՜նչ բանաստեղծական բառեր են… Ո՛չ, չի՛ կատարի, քանի որ բնավ չի պրկվել և պրկվելու փորձ էլ չի արել: Բացի այդ՝ ամեն ինչ իր ժամանակն ունի, իսկ նրա ժամանակը, որքանով ինձ է հայտնի, արդեն անցնելու վրա է:
– Կարծում եմ՝ նա պարզապես անվճռական է: Բնածին տաղանդներով օժտված մարդիկ հաճախ փոքրոգի են լինում ու անօգնական, և նրանց ոգու ուժը վճռական պահերին չի բավարարում: Ինչպես դու ես նկատում՝ նրանք տեսնում են այդ փակ դռները, սակայն անկարող են բանալ դրանք կամ էլ գոնե բացելու փորձ ձեռնարկել, այլ ընդամենը խարխափում են դրանց առջև, որն էլ, բնականաբար, հանգեցնում է ժամանակավրեպ գոյության կամ, որ ավելի լավ չէ, ժամանակասպանության՝ հարկադրված կամ էլ ինքնին արդեն բնական թվացող:
– Շարիաթի օրենքներով՝ աննպատակ կյանք վարողներին մահապատիժ է սահմանված,– հիշեցի ես:
– Այո, Մուհամեդը ճիշտ էր հասկանում մարդու էությունն ու գնահատում նրա դերը: Նման մարդկանց զորավոր խթան է պետք: Շատերի համար դա անձնական ապրումներն են ու տվայտանքները կամ էլ մի այլ հոգեվիճակ, որն ի զորու է նրանց դուրս հանել այդ սովորական դարձած ճահճից: Դա ուրիշ խնդիր է: Եթե մարդն անելիք ունի, ապա հանգամանքները պետք է այնպես դասավորվեն, որ նա անի այդ քայլը:
– Ուզում ես ասել, որ անհատի կամքը երկրորդակա՞ն է: Նա ինքն անելիք չունի՞: Ճի՞շտ հասկացա:
– Աշխարհը կամք է և պատկերացում: Կամ էլ հակառակը՝ պատկերացում և կամք: Հարցը դրանց համատեղ դրսևորման բնույթն է: Միշտ չէ, որ դա իրականանում է: Պատահականության և անհրաժեշտության թեման է: Դա բնորոշ է միայն հզոր անհատներին:
– Մեր խոսակցությունից պարզ է դառնում, որ մեր հերոսն այդպիսին չէ, եթե, իհարկե, ճիշտ են քո դիտարկումներն ու մեկնաբանությունները: Բացառված չէ, որ դու ինչ-որ բան չես նկատել կամ թերի ես նկատել:
– Բացառվում է: Ես մոմի լույսով ու խոշորացույցով զննել եմ նրա ամեն մի կետը: Մի՛ մոռացիր, որ ես ոստիկանության քննիչ եմ,– ընկերս ժպտաց:
– Հնարավոր է, բայց մոմի տակ միշտ մութ է,– նկատեցի ես:
– Ուզում ես ասել, որ ինչ-որ տեղ վրիպե՞լ եմ:
– Չգիտեմ: Թեև, հիմք ընդունելով քո վերլուծական տաղանդը, կարող եմ ասել, որ բավական ճիշտ ես կառուցում նրա պատկերը: Եթե դա այդպես է, ապա կարող եմ ասել, որ մեր հերոսը թուլակամի մեկն է: Ի վերջո, լսելու համար պետք է ականջ դնել և տեսնելու համար պետք է նայել: Մինչդեռ նա, եզրակացնելով քո պատմածից, զմռսել է ականջները և կույրի ակնոց է կրում՝ չնայած հրաշալի տեսողություն ունի:
– «Ով ունի՝ նրան կտրվի, իսկ ով չունի՝ նրանից եղածն էլ կվերցվի»:
– Լավ մեջբերում է: Տեղին, դիպուկ և նուրբ,– համաձայնեցի ես:
– Շնորհակալություն: Դու ճիշտ եզրակացության եկար՝ նա թուլակամ է և փորձում է դա արդարացնել իր ծուլությամբ: Միայն ուժեղ մարդը կարող է ինքն իրեն քննադատաբար մոտենալ, ընդ որում՝ հեգնանքն ու հումորն այստեղ տեղ չունեն: Եվ միայն ուժեղ մարդն է ընդունակ սեփական անհաջողությունների պատճառն իր մեջ փնտրել ու գտնել: Մեր հերոսը պատրաստ է հազար ու մի իրական ու մտացածին հանգամանքների հղում կատարել, միայն թե թաքցնի կամ գոնե սքողի սեփական անճարակությունը:
– Նա թույլ մարդ է:
– Արդեն ասացիր: Ուրեմն ի՞նչ է պետք անել:
– Պետք է փորձել օգնել նրան,– պատասխանեցի ես ու վերջապես մի քայլ արեցի շախմատի երկարած պարտիայում: Ընկերս ուշադիր զննեց ֆիգուրների վերադասավորումը և, կարծես հենց այդ քայլիս սպասելով, կատարեց իր պատասխան քայլը: Ես կրկին ընկղմվեցի զինվորների, թեթև ու ծանր ֆիգուրների աշխարհը, իսկ մրցակիցս շարունակեց իր պատմությունը.
– Ինչպես դու շատ ճիշտ նկատեցիր՝ նրան որևէ հզոր ազդակ է անհրաժեշտ այդ սպանիչ թմբիրից դուրս գալու համար: Արտաքին կամ ներքին մի խթան: Դա կարող է մարդու հավատը լինել կամ էլ ներանձնական մի այլ միջոց:
– Cherchez la femme, mon cher ami:
– Հնարավոր է: Ինչո՞ւ ոչ: Հասարակական ճանաչման արժանացած ամեն տղամարդու կյանքում կինը շատ կարևոր դեր է խաղում: Հնարավոր է՝ դիմակավորված կամ էլ կուլիսներում, բայց նա անպայման գոյություն ունի:
– Կինը կամ կնոջ կերպարը:
– Որն, ի վերջո, նույն բանն է:– Զրուցակիցս բազմանշանակ ժպտաց:
– Զգո՛ւյշ, կանայք քեզ Լինչի դատաստանի կենթարկեն այս համեմատության համար,– կատակեցի ես:
– Հնարավոր է: Ես արդեն հաշտվել եմ այն մտքի հետ, որ բնական մահով չեմ գնալու այս աշխարհից: Կամ հերետիկոսներն են այրելու կրակի վրա, կամ էլ, որ ավելի սարսափելի է, կանայք են Լինչի դատաստանի ենթարկելու և իբրև պատիժ պարտադրելու են հարեմ պահել,– կատակիս կատակով պատասխանեց ընկերս:
– Ամեն դեպքում, ինչպես Նիցշեն էր նկատում, ավելի լավ է մարդասպանի ձեռքն ընկնել, քան մի կրքոտ կնոջ երազում հայտնվել:
Այս մտքերը մեզ բավական զվարճացրին: Ես վեր կացա բազմոցից ու երկուսիս համար կոնյակ լցրեցի: Այդ ընթացքում ընկերս կլանված նայում էր շախմատի տախտակին: Հետո ասաց.
– Կինն ընդունակ է տղամարդուն մինչև աստղերը հասցնել, եթե, իհարկե, այդ տղամարդն ընդունակ է ճախրելու: Եվ կարող է նրան աստղերից վար բերել, եթե տղամարդը կամազուրկի մեկն է: Ամեն դեպքում կնոջ հետ ճիշտ հարաբերվելու համար պետք է տղամարդ լինել: Կնոջ կերպարն այստեղ ենթադրյալ իմաստ ունի: Նա կարող է և ֆիզիկապես գոյություն չունենալ, սակայն իրերի դրությունը դրանից չի փոխվում: Կարևորն այն է, թե ինչպես ես վերաբերվում «կին» հորջորջվող էակին:
Ես կոնյակի բաժակը մեկնեցի ընկերոջս: Ինքս տեղավորվեցի նրա դիմաց՝ բազմոցին, ըմպեցի իմ բաժակից ու գլխով հավանության նշան արեցի: Կնոջ թեման ինձ ընդհանրապես շատ էր գրավում, իսկ մեր հերոսի պարագայում հատկապես հետաքրքիր էր:
Ընկերս շարունակեց իր միտքը.
– Արդեն բավական ժամանակ է, որ ես նրա կյանքում կնոջն եմ փնտրում, սակայն մինչ օրս չեմ գտել: Անկեղծ ասած՝ կուզեի նրան ժամանակ առ ժամանակ գոնե պոռնիկների շրջապատում տեսնել, սակայն բախտ չունեցա: Ավելի ճիշտ՝ նա բախտ չունեցավ, որ իրեն որևէ կնոջ հետ տեսնեմ: Կնոջ թեկուզ ժամանակավոր ներկայությունը տղային տղամարդ է դարձնում, բայց մեր հերոսը չգիտի դրա մասին և կամ չի էլ պատկերացնում:
– Իսկ չե՞ս կարծում, որ մեկ տարին շատ քիչ է նման եզրակացություն անելու համար: Մենք մեզ հաճախ դիտավորյալ զրկում ենք կնոջ ընկերությունից՝ հոգևոր էներգիան այլ վեկտորով ուղղորդելու համար:
– Դա տարածված մոլորություն է: Պետք չէ կնոջը հոգևոր էներգիա տալ: Այն պարզ պատճառով, որ նա դրա կարիքը չունի: Կնոջը պետք է սեր տալ և սեր ակնկալել: Սա շատ պարզ ու միաժամանակ շատ բարդ հասկացողություն է, եթե փորձենք մեխանիզմը բանականության սահմաններում որոնել: Մինչդեռ սերը սրտի ու բնազդների արգասիք է:
– Իսկ դու վստա՞հ ես քո գնահատականներում: Միգուցե նրա տանը մի կին կա, կամ մեկը գաղտնի այցելում է նրան գիշերները…
– Հավատա ինձ, որ չկա: Ես դեպքից դեպք լինում եմ նրա տանը և կնոջ նույնիսկ ծածուկ ներկայությունը նկատած կլինեի: Վախենամ, որ կին արարածն իսպառ օտարված է նրա կյանքից: Թող դա լինի գաղտնի և հուսահատ սիրո կերպարը կամ էլ պարզապես ամսագրից պոկված մի գեղեցկուհու նկար… Չկա ու չկա՜: Միառժամանակ ինձ թվում էր, թե նա ոչ դասական սիրո կողմնակից է: Ի՞նչ կա որ, զազրելի, բայց հավանական տարբերակ է: Սակայն շուտով տեսա, որ դա էլ է բացակայում:
Ընկերոջս վերջին խոսքի վրա ես զզվանքով ծամածռեցի դեմքս, իսկ նա շարունակեց.
– Նա տղամարդ է, և կարելի է մտովի նրա կողքին կին պատկերացնել, նույնիսկ գեղեցիկ կին, քանի որ առնական ու գրավիչ արտաքին ունի և հետաքրքիր զրուցակից է: Կանայք դա սիրում են: Բայց նա մենակ է, և դա տրամաբանական իմաստ չունի:
– Իսկ նա քեզ ոչինչ չի՞ պատմել: Տղամարդիկ սիրում են իրենց անցյալի սիրային արկածները վերհիշել:
– Գիտե՞ս, դա նույնիսկ էական չէ: Եթե անցյալում մեկն անգամ եղել է, ապա հիմա չկա: Ուրեմն նա բացառել է կնոջ գոյությունն իր կյանքում:
– Իսկ, միգուցե, չի՞ համարձակվում քայլ անել: Ասենք՝ իր փոքրոգության պատճառով:
– Վստահ չեմ: Ես դժբախտաբար շատ վախկոտ մարդկանց եմ հանդիպել իմ կյանքում, բայց նրանք բոլորն էլ գոնե գեղեցիկ աղջիկների նկարներով հանդեսներ ունեին իրենց գրասեղանների դարակներում կամ էլ տենչում էին մեկնումեկին ունենալ իրենց անկողնում: Մեր հերոսը դա էլ չունի: Ի դեպ, ուշադրություն չե՞ս դարձրել՝ ո՞ւմ են ավելի հաճախ նախապատվությունը տալիս կանայք՝ դաշնակահարների՞ն, թե՞ կիթառահարներին:
– Երբեք չեմ մտածել դրա մասին,– ակամայից խոստովանեցի ես:
– Ուրեմն մտածիր ազատ րոպեներիդ:
– Ինձ թվում է՝ նա կորցրել է իրականության հետ կապը: Դա բնորոշ է փիլիսոփաներին ու հիմարներին: Ո՞ր դասին է պատկանում նա:
– Կարծում եմ՝ երկուսին էլ: Կամ էլ՝ ոչ մեկին:
– Իսկ ինչո՞ւմ է արտահայտվում նրա հիմարությունը,– հարցրի ես:
– Ես քո հարցին հարցով կպատասխանեմ: Ո՞րն է հիմարի ու խելոքի տարբերությունը:
– Հըմ… Երևի պետք է այդ հարցը՝ հարցերի հարցը, Պլատոնին ու Արիստոտելին ուղղել:
– Մի պահ մտածիր: Հուշեմ, որ թե՛ Պլատոնը, թե՛ Արիստոտելը անկասկած խելացի էին:
– Նկատի ունես, որ խելացի մարդը ճիշտ որոշումները ժամանակին է կայացնում, իսկ հիմարը՝ ուշացումո՞վ: Հետին հայացքով բոլորը խելացի են: Իմիջիայլոց, քո քայլն է:
– Իրավացի ես հարյուր տոկոսով,– ընկերս հայացքը հառեց շախմատի տախտակին, կում արեց ափերի մեջ տաքացրած կոնյակից ու կիսաձայն կրկնեց.
– Հարյուր տոկոսով…
Շախմատային պարտիան սկզբնախաղից անցնում էր միջնախաղի: Եթե սկզբում մենք կարող էինք պարզապես վերհիշել վարպետների կատարած քայլերը ու փորձել ընդօրինակել, ապա հիմա արդեն ավելի շատ մտածելու նյութ կար, ուստի մեր զրույցն առժամանակ ընդհատվեց: Ընկերս արտաքուստ տարված էր շախմատով, իսկ ես, նրա քայլին սպասելով, խորհում էի այն մասին, որ փիլիսոփայական հիմնական դրույթները կիրառելի են նաև խաղերի տեսության մեջ, մասնավորապես՝ շախմատի: Լավ շախմատիստը հիմնականում ճիշտ քայլեր է անում, մինչդեռ թույլ խաղացողը ավելի հաճախ է սխալվում և ապա հետագա քայլերում փորձում շտկել իրադրությունը: Միաժամանակ կարևոր է նաև կամքի դրսևորումը: Կենտրոնացում, ճիշտ վերլուծություն՝ անպայման զուգակցված փորձի և տեխնիկայի հետ, կամքի դրսևորում, և հաջողությունն ապահովված կլինի: Շախմատը նմա՞ն է կյանքին: Թերևս: Միայն թե կյանքը ոչ թե ութը ութի վրա սևուսպիտակ տախտակ է, այլ առնվազն եռաչափ ու մեր տեսանելիության սահմաններում՝ անվերջ: Ուստի սխալ է այն տեսակետը, թե լավ շախմատիստը կյանքի հարցերում էլ պիտի խելացի լինի ու ճիշտ կողմնորոշվող: Անձամբ ես ավելի հակված եմ այն մտքին, որ պոկեր խաղացողն ավելի ճկուն ու շրջահայաց է, քան շախմատիստը, քանի որ թղթախաղում ավելի վառ են դրսևորվում մարդկանց՝ դիմացինին ճիշտ գնահատելու կարողությունն ու փոխհարաբերությունները պատշաճ կառուցելու ունակությունը:
* * *
Գիշերը մտածում էի այդ մարդու մասին: Չնայած ընկերս չշարունակեց կիսատ խոսքը, կարող էի ենթադրել, որ նա մեր հերոսին խելացի մարդ չի համարում և ընդհանուր առմամբ համաձայն է իմ բանաձևումին: Աստիճանաբար իմ առջև էր հառնում նրա աղոտ կերպարը՝ տաղանդավոր ու անվճռական, կրթված ու ժամանակի հանդեպ անտարբեր, իմաստասեր, բայց և իմաստակությանը տուրք տվող, գիտուն և ոչ մեկին չլսող ու քննադատություն չընդունող: Թեև սեփական անձը նրա համար ամենաբարձր հեղինակությունն է, նա կարծես վախենում է ինքն իրենից: Ուժեղ մտածող ու թույլ իրագործող: Մանրուքների մեջ հաջողակ ու կարևոր հարցերում ձախորդ: Ճշտապահ մաթեմատիկոս այնտեղ, ուր հարկ է բնազդներին ապավինել: Եվ ցրված փիլիսոփա այն հարցերում, ուր լրջախոհության կարևորությունը ճակատագրական դեր է խաղում: Հետաքրքիր զրուցակից ու ձանձրալի մարդ… Ես կարող էի այս շարքը ինդուկցիայի մեթոդով ընդլայնել, սակայն չէի շտապում վերջնական պատկեր ստեղծել:
Ինձ հանգիստ չէր տալիս այն սևեռուն գաղափարը, որ ես ճանաչում եմ այդ մարդուն, և բավական է ուղեղս մի լավ լարեմ՝ կտեսնեմ նրան: Գայթակղությունը շատ մեծ էր: Սակայն հաջորդ պահին ակնհայտ էր դառնում, որ բառային մակդիրներն ու բնութագրերը, որքան էլ որ շատ էին, հնարավորություն չէին տալիս հստակ դիմագծեր ձևավորել: Հմուտ գանգաբանները կարողանում են լիովին վերականգնել հազարամյակներ առաջ ապրած մարդու գլխի ոսկորները, ապա մկաններն ու մյուս անատոմիական մանրամասները, սակայն անկարող են որոշել այդ մարդու դիմանկարն ու հայացքը և, որքան էլ որ հակագիտական հնչի, վերջին վայրկյանին հենվում են անձնական ինտուիցիայի վրա ու փորձում վերարտադրել մարդու դեմքը: Նույն վիճակում ես էի ինձ զգում: Ձեռքիս տակ էին այդ նկարի բոլոր կտորները, սակայն ոչ մի կերպ իրար չէին գալիս, որ ամբողջություն դառնային: Ծիծաղով հիշեցի Մըրֆիին վերագրվող այն միտքը, թե որևէ խնդիր լուծելիս նպատակահարմար է նախօրոք իմանալ պատասխանը: Մինչդեռ եթե կատակը մի կողմ թողնեի ու փորձեի մտավոր ծայրաստիճան լարումով համենայնդեպս պատկերել նրան, ապա դա կարող էր ցանկացած մարդ լինել, եթե, իհարկե, ընդամենը ընկերոջս երևակայության ծնունդը չէր: Հավասարապես արդարացիորեն ու անկեղծորեն կարելի է նույն մարդուն լրիվ հակաբևեռ բնորոշումներ տալ: Դա հիշեցնում է կենդանակերպի նշանների ու աստղային գուշակությունների հանրահայտ մոլորությունը: Եթե մեկնումեկին կարդաս մեկ այլ կենդանակերպի համար սահմանված կամ հորինված բնորոշումները, ապա նա, որպես կանոն, լիովին ընդունում է դրանց ճշմարտացիությունը իր համար: Այս ֆենոմենը կապված է կրկեսատեր և արկածախնդիր Բառնումի անվան հետ: Ըստ նրա՝ մարդն իր էությամբ պատրաստ է ընդունել իր իսկ հասցեին ուղղված ցանկացած բնորոշում, եթե դա բավականաչափ ընդհանուր ու ճապաղ մտքերի ձևով է մատուցվում: Այսպես՝ ամենաաշխատասեր մարդուն կարելի է համոզել, որ նա երբեմն ծուլություն է դրսևորում: Ամենաճշմարտախոսն էլ երբեմն կարող է սուտ խոսելու գայթակղություն զգալ: Սա իրականում շատ վտանգավոր խաղ է և հատկապես այն դեպքերում, երբ եզրահանգումներից մարդու ապագան է կախված:
Հենց այս տեսակետից էլ հակասություններ կային մեր հերոսի բնորոշումների մեջ: Խորագետ է, բայց վախկոտության աստիճան անվճռական, ուսյալ է, բայց կաղում է եզրահանգումների մեջ, ձախորդ է, բայց որոշ հարցերում՝ հաջողակ… Պարզ տառադարձությամբ կարելի է պնդել, որ նա հաջողակ է, բայց որոշ մանրուքներում՝ ձախորդ… Հենց նման երկբայությունն էլ հնարավորություն չէր տալիս փոքրիշատե հստակ պատկերը կազմել մի մարդու, որի ճակատագրին մենք պատրաստվում էինք հաղորդակից լինել: Ընդսմին, ճիշտ էր ընկերս, որ չէր ցանկանում շատ կոնկրետ օրինակներ բերել: Այդ դեպքում ես, թերևս, առարկայական կողմնապահություն և վտանգավոր աչառություն կդրսևորեի: Մինչդեռ անհրաժեշտ էր վերանալ զուտ առօրեական մանրուքներից ու այդպիսով վերացական նկարագիր կերտել: Եթե կամքի արտահայտման ու սրտի հարցերում արդեն որոշակիություն էր նշմարվում, ապա մյուս կարևոր բնութագրերը տակավին օդի մեջ էին: Ուստի անհամբեր սպասում էի ընկերոջս հերթական այցին, որն ինձ խորհելու լրացուցիչ նյութ կբերեր:
* * *
Արտաքուստ հանգիստ ու մոլորակների պես անշտապ՝ շախմատային պարտիան անցել էր միջնախաղի: Հենց միջնախաղում է դրսևորվում խաղի բուն բնույթը, երբ երևան են գալիս խաղացողների իսկական դեմքն ու բնավորության նուրբ գծերը: Վստահ չեմ, որ Հերակլիտը շախմատ է խաղացել, բայց նա ասում էր, որ մարդու ճակատագիրն ամփոփված է նրա բնավորության մեջ: Ընդսմին, ճիշտ է նաև հակառակ պնդումը՝ մարդու բնավորությունը նրա ճակատագրի դրոշմն է: Ուստի ժամանակի ամեն մի պահը մարդու կյանքում նրա ամբողջ անցյալն է, ամբողջ ներկան ու ամբողջ ապագան: Եթե զուգահեռ անցկացնենք, ապա կարելի է ասել, որ շախմատի յուրաքանչյուր քայլ միաժամանակ պատմում է թե՛ սկզբնախաղի, թե՛ միջնախաղի և թե՛ վերջնախաղի մասին:
Մեր հերոսի դեպքը վերը ասվածից բացառություն չէր: Ես ավելի ու ավելի էի համոզվում, որ ճշգրիտ վերլուծության ենթարկելով նրա կյանքի մի վերջավոր դրվագը՝ կարելի է հստակ հետևություն անել և՛ նրա անցյալի, և՛, որ կարևորն է, նրա ապագայի վերաբերյալ: Իհարկե, ամեն մարդ ունի իր աստեղային ժամը, որին նախապատրաստվում է իր ծննդյան վայրկյանից, և, ո՞վ գիտե, նրա պապերն ու ապուպապերն են դրան պատրաստվել շա՜տ վաղուց: Սակայն մարդկանց մեծ մասի դժբախտությունն այն է, որ նրանք դա երբեք չեն նկատում, ուր մնաց, թե պատշաճ կերպով նախապատրաստվեն: Շատերի համար դա ծննդյան պահն է, մյուսների համար՝ մահվան, որին հատկապես սիրում են գոյություն չունեցող խորհրդավորություն հաղորդել: Ուրիշների համար էլ դա մյուս ժամերից քիչ տարբերվող գորշ մի պահ է՝ անգամ հիշատակման անարժան: Սակայն միգուցե ճիշտ չէ այս պարագայում «դժբախտություն» բառի գործածումը: Միգուցե և դա նրանց երջանկությունն է…
Ամեն մարդ մի տիեզերք է, իսկ տիեզերքի ամենաէական բնութագիրը բարդությունն ու բազմաձևությունն է: Թերևս հենց դրանով է ամեն մարդ անհատական ու հետաքրքիր: Ինչպես և շախմատային ցանկացած պարտիա, որը մյուսներից տարբերվում է լոկ մի քայլով, դրանով իսկ անկրկնելի է ու յուրահատուկ: Եթե չլիներ այդ անվերջ բազմազանությունը, հնամենի այս խաղը վաղուց կորցրած կլիներ իր համընդհանուր հետաքրքրությունը՝ ինչպես մեռած լեզուներն ու քաղաքակրթությունները, որոնցով միայն սահմանափակ քանակով խենթեր են զբաղվում: Ես վստահ եմ, որ աքքադերենն ու մայաների քաղաքակրթության ճիշտ ու հետևողական ուսումնասիրողները նույնիսկ զարգացման ամենաբարձր կետում կարող են կարդալ դրանց կործանման ուղերձը: Այստեղ մի շատ նուրբ պահ կա. կատարված փաստից ելնելով միշտ ավելի հեշտ է կարդալ պակասող կամ փնտրվող տողերը: Եթե գիտես, թե ինչ ես փնտրում, ապա այնքան էլ դժվար չէ գնալ Միջագետք ու պեղել-գտնել Գիլգամեշի դյուցազներգության պակասող կավե սալիկները: Մի քիչ կամք ու վճռականություն է պետք բանացնել: Սակայն հմուտ և խորագիտակ ուսումնասիրողը, ով ի վիճակի է կենտրոնանալ, կարող է սկզբնակետն ու միջնակետն ուսումնասիրելով՝ կռահել և ապա գիտականորեն հիմնավորել ապագան: Մենք դրանց մարգարե ենք անվանում, բայց, ավա՜ղ, լուրջ չենք ընդունում:
Այս առումով շատ կարևոր է ոչ միայն հարցին գիտականորեն մոտենալը, այլև, որոշ վերապահումով, պայծառատեսությունը, որն անկասկած ընտրյալների շնորհքն է: Ինձ անչափ հետաքրքրում էր մեր հերոսի փիլիսոփայությունն ու հավատը, ուստի շատ ուրախացա, երբ ընկերս, հերթական անգամ ինձ այցելելով, խոսք բացեց հենց այդ թեմաների շուրջ:
– Ամեն մարդ իր աշխարհն ու կյանքի փիլիսոփայությունը կառուցում է երեք փղերի վրա,– սկսեց ընկերս:– Ուստի պատահական չէ, որ մինչև ուշ միջնադար աշխարհի պատկերը հենց այդպես էր ներկայացվում: Ի վերջո, եթե հավատի տեսակետից նայենք, ապա անձնական աշխարհընկալման հարց է՝ արդյոք Երկի՞րն է պտտվում արեգակի շուրջը, թե՞ հակառակը: Իհարկե, խնդրում եմ այս միտքը աստղագետներին չհայտնել, այլապես ինձ Լինչի դատաստանի ենթարկողների թիվը կտրուկ կաճի, իսկ լավագույն դեպքում նրանք պարզապես ծաղրուծանակի կենթարկեն ինձ: Այդ երեք փղերը, որ կանգնած են անծայրածիր օվկիանոսի մեջ հանդարտորեն լողացող կետի մեջքին, կարող են տարբեր դրսևորումներ ունենալ՝ կինը, հավատը, ընտանիքը, սիրած գործը, ծփիների կամ սոսիների գաղտնի մի պուրակ, ծովի խորքում թաքնված կղզի, մի զույգ կանչող աչքեր, ընկերը, Մոցարտի դաշնամուրային կոնցերտից մի հատված, մայրամուտի տեսարանը և այլն, և այլն: Էականն այն է, որ այդ երեք փղերը լրացնում են աշխարհի անհատական պատկերը մինչև համապարփակ ամբողջություն:
– Ասածդ շատ ուսանելի կիրառություն է գտել ճապոնացի բանաստեղծների գործերում: Հիշո՞ւմ ես Բասիոյի հանրահայտ եռատողը՝
Ծառի մերկ ճյուղին՝
Միայնակ ագռավ:
Աշնան երեկո…
Ընդամենը երեք պատկերով նա ներկայացրել է ամբողջ աշխարհը, որը, Բասիոյինը լինելով հանդերձ, շատերիս է հոգեհարազատ ու սիրելի: Ինչպես ջուրն է տարիների ընթացքում հղկում քարը, այնպես էլ սերունդներն են կատարելության հասցնում իմաստուն մտքերը:
– Լավ օրինակ է: Շնորհակալություն: Ի դեպ, արևելյան փիլիսոփայությունն ավելի հակիրճ է, խոսուն ու իմաստալից:
– Եվ միանգամայն զուրկ ագրեսիվ ենթատեքստից,– նկատեցի ես:– Պատահական չէ, որ նրանք դեռ այսօր էլ փայտիկներով են սնունդ ընդունում, ոչ թե պատառաքաղ-դանակով, ինչպես մենք:
– Հիմա կոնկրետանանք մեր հերոսի թեմայի վրա: Որքան էլ փորձում եմ գտնել նրա կյանքի այդ երեք փղերը՝ որևէ հաջողության չեմ հասել մինչև այսօր: Բավականաչափ մեծ վերապահումով կարելի է պնդել, որ մեկը նրա աշխատանքային գործունեությունն է, սակայն մեկ կետի վրա հիմնված ցանկացած համակարգ հեղհեղուկ է և անկայուն: Ես շատ էի ուզում երկրորդ փղի դերում կնոջը տեսնել, սակայն ցանկալին իբրև իրականություն ներկայացնելու իմ բոլոր ջանքերը սնանկ դուրս եկան: Հետո փորձեցի նրա հավատը նշմարել: Մոմը վառած երկար թափառեցի նրա ներաշխարհում: Ընդ որում, բացարձակ էական չէ, թե որ դավանանքն է նրան ավելի հոգեհարազատ: Ես նույնիսկ ուրախ կլինեի, եթե հանձին նրա մի կայացած աթեիստի հետ գործ ունենայի, բայց վախենամ, որ այս տեսակետն էլ ունայն է: Նա աթեիստ էլ չէ, այլ մի պարզ անհավատ: Ի՞մ քայլն է:
– Այո,– հաստատեցի ես:
– Մի բան էլ ասեմ: Ամենայն լավի ու ճշմարիտ երևույթի ծնունդն ու գոյությունը մարդն առնչում է Աստծուն: Նրա միջոցով է ձգտում կազմակերպել իր գործունեության լավագույն ձևը: Մարդուն տրված է մերձենալ Աստծուն, ուստի հենց նրա միջոցով է փորձում կատարելագործվել, ձերբազատվել մտածողության և նաև գործունեության՝ իր համար անհարիր կողմերից:
– Բայց Աստված անճանաչելի է և անմեկնելի, իսկ ինչպե՞ս ճանաչել անճանաչելին և մեկնել անմեկնելին: Զգայարաններո՞վ, մտքո՞վ, սրտո՞վ, թե՞ հոգով:
– Միջնադարյան մի մեծ իմաստուն ասում էր՝ զգայարաններով մարդն ընկալում է արտաքին աշխարհը, մտքով՝ իր ներաշխարհը, իսկ հավատով՝ իրենից վեր գտնվող էությունները: Խստորեն սահմանազատելով ճանաչողության այս ոլորտները՝ նա համարում էր, որ, քանզի մարդու միտքը չափավոր է, իսկ ցանկացած երկնային գոյություն՝ անչափելի, հնարավոր չէ, որ չափելին իմանա ու տեսնի անչափելի: Սա է հավատի դերը:
– Դա բազմությունների անհավասարաչափ հզորության հարցն է: Հնարավոր չէ եռաչափ պատկերը պարզ ձևով պրոյեկտել հարթության վրա ու ասել, որ դրանք համարժեք դիտարկումներ են ու միատեսակ տեղեկություն են տրամադրում երևույթի մասին: Էլ չեմ խոսում քառաչափ, հնգաչափ և ավելի հզոր ու մեր երևակայությունից դուրս չափումների մասին: Ի դեպ, արդեն վերջնախաղին ենք մոտենում: Սակայն պետք է նկատեմ, որ հավատի մասին քո դատողությունները, անհերքելի լինելով հանդերձ, այս կոնկրետ դեպքում անընդունելի են:
– Բացատրիր,– խնդրեց ընկերս:
– Փորձեմ: Հավատը մարդու պատասխանատվությունն է սեփական խղճի հանդեպ: Ե՛վ Հիսուսը, և՛ Հուդան ամենքիս մեջ են: Կախված նրանից, թե տվյալ պահին որին ենք ավելի շատ հագուրդ տալիս, նա էլ ժամանակավորապես դառնում է գերակշռող: Չմոռանանք, որ Հուդան պետք էր Հիսուսին: Մեկի ձեռքով պիտի գար գայթակղությունը, որպեսզի Մեսիան կատարեր իր առաքելությունը: Նրան դեմքով էլ չէին ճանաչում, ուստի պետք էր Հուդան, որ մատներ, ու կատարվեր նախախնամությունը: Ընդ որում, Հուդան այլընտրանք էլ չուներ, քանի որ բազմաթիվ մարգարեներ, այդ թվում և իր ուսուցիչը, վաղուց արդեն կանխատեսել էին այդ անցքը և որոշել դահճին: Ամեն մարդ աշխարհ է գալիս խորհրդանշելու մի բան, որից նա հիմնականում գաղափար էլ չունի: Ուստի չկա մի մարդ, որն ասի, թե ով է ինքը, որտեղից է գալիս և ուր է գնում: Ոչ ոք չի կարող ասել, թե ինչի համար է ինքը ծնվել, ինչին են համապատասխանում իր վարքը, զգացմունքներն ու գաղափարները: Նույնիսկ չգիտի, թե որն է իր իսկական անունը: Պատմությունը, իսկ ամեն մի մարդ ինքնին պատմություն է, չափազանց ծիսական տեքստ է, և տառերն ու կետադրական նշաններն անգամ ավելի քիչ չարժեն, քան այդ պատմության հատվածներն ու ամբողջ գլուխները: Բայց թե՛ առաջինների, թե՛ մյուսների կարևորությունը անորոշ է և խորապես գաղտնի: Ընդհանրացնելով՝ ասեմ, որ ամեն մի մարդ իրականում այլ բան չի անում, քան ապրում է իր կյանքը, որի ընթացքում նա իրոք հանդիպում է զբաղմունքների, կանանց, խաղերի, իրական ու կեղծ մարգարեների, կենդանիների, այլ մարդկանց, ծառերի, ծաղիկների, նշանների ու բանաստեղծության: Իսկ թե ինչպես է նա դրսևորում իրեն այդ հանդիպումներում՝ զուտ խղճի ու հավատի հարց է:
– Քո բառերով քեզ կդատեմ,– ուրախ ասաց ընկերս:– Ինձնից հետո քեզ են այրելու կրակի վրա: Հավատաքննիչների համար կաբալիստները հերետիկոսներից ավելի լավը չեն:
– Հույս ունեմ՝ այդ պահին մեղքերիս թողություն կտաս,– փոխադարձաբար հեգնեցի ես:
– Քավ լիցի, սիրելիս, ես հո Մեսիան չեմ, որ թողնեմ կամ կապեմ մեղքերդ: Ես մի համեստ քննիչ եմ ոստիկանական կառույցներից մեկում: Պարզապես ցանկանում եմ հասկանալ մի մարդու և անհրաժեշտության դեպքում օգնել նրան: Ի դեպ, քո քայլն է: Շատ հետաքրքիր զինվորային վերջնախաղի ենք անցնում: Ես ուրախ եմ, որ թագուհիները խաղից դուրս են եկել: Նման վտանգավոր իրավիճակներում կանանց մասնակցությունը կարող էր ճակատագրական լինել:
– Թագուհիները շատ հզոր են: Իրականում արքաներից էլ հզոր:
– Այո, բայց ոսկերչության մեջ դարբնի մուրճն անելիք չունի: Թեև, ի՞նչ թաքցնեմ, հաճախ նախանձում եմ դարբիններին, ովքեր աղմուկի, սև մրի ու կրակի հորձանուտից պայտեր, դռներ ու սրեր են կռում: Դա տղամարդու գործ է:
– Իսկ մեր հերոսը դարբի՞ն է, թե՞ ոսկերիչ,– հարցրի ես:
– Ավա՜ղ, ոչ կարգին դարբին է, ոչ էլ հմուտ ոսկերիչ: Նա խարխափում է երկուսի արանքում ու չի կարողանում կողմնորոշվել: Ցանկացած կրոնի մեջ ամոթալի արարք ու նաև մեծագույն մեղք է համարվում սուտ խոսելն ու սուտ վկայություն տալը: Սակայն սա դեռ չարյաց փոքրագույնն է: Ամենածանր ու ամենաարատավոր մեղքը սուտ մտածելն է: Դա, իմ կարծիքով, մեղքերի մեղքն է, առաջնային մեղքը: Ըստ էության, ո՛չ Օձը, ո՛չ Եվան և, առավել ևս, ոչ էլ Ադամը սուտ չէին խոսում: Նրանք սո՛ւտ էին մտածում: Սուտ մտածող մարդը հիվանդ է: Նրան բուժում է պետք: Արևելյան երկրներում դրանց բորոտների պես չեն մեկուսացնում կամ արտաքսում, այլ փորձում են բուժել: Հմուտ ուղեկցորդները նրանց տանում էին անտառ կամ անապատ ու սովորեցնում, թե ինչ է ծառը, ջուրը, ավազը, հողը, քարը, քամին, ցուրտն ու շոգը, լույսն ու ստվերը… Այս պարզ թերապիան ու միաժամանակ կատարյալ դաստիարակությունը տալիս են իր պտուղները: Ժամանակակից մարդը մոռացել է այդ կարևոր հասկացողությունների իմաստը, եթե, իհարկե, երբևէ իմացել է…
– Մեր հերոսը մոռացե՞լ է,– հետաքրքրվեցի ես:
– Կարծում եմ՝ չի էլ իմացել: Եվ, որ ամենացավալին է, կարծես չի էլ ցանկանում իմանալ: Նա երևի ծաղրում է դա և համարում մանկան խաղ: Մինչդեռ հենց մանկական խաղերում է երևան գալիս ու զարգանում մարդու բնավորությունը: Քամին ճկում է նրան, ցուրտն ու շոգը՝ տանջում, իսկ ծառի իմաստությունն ընդհանրապես խորթ է նրան: Եվ, չնայած հավատի մասին ամենաբազմազան ու երբեմն նաև իրարամերժ մեկնաբանություններին, այդ երևույթի իրական իմաստը շատ պարզ է ու ակնհայտ: Հավատը սեր է: Ուրիշ բնութագրում պետք էլ չէ:
Ընկերս վեր կացավ բազկաթոռից: Մոտեցավ բուխարիին ու մի երկու փայտ ավելացրեց: Հետո մոտեցավ պատուհանին և երկար նայեց մթության մեջ: Պատուհանից հեռանալով՝ նա կոնյակ լցրեց երկուսիս համար ու կրկին տեղավորվեց իմ առջև: Այդ ընթացքում ես կենտրոնացել էի շախմատի վրա: Վերջնախաղը, հիրավի, սպառնում էր չափազանց հետաքրքիր լինել: Երկուստեք մնացել էին արքաներն ու մի քանի զինվոր միայն:
* * *
Տարիներից եկած սովորություն ունեմ՝ ուշ քնել և ուշ զարթնել: Կարող եմ աշխատել մինչև ուշ գիշեր, ընդհուպ մինչև լուսաբաց, սակայն նախքան վաղորդայնը պիտի անկողին մտնեմ ու փակեմ աչքերս: Ամբողջ գիշեր չքնելուց հետո արևածագը դիմավորելը ժամանակի պատրանք է ստեղծում: Կարծես մի օրը չավարտված՝ մյուսն է սկսվում: Դա իմ աշխարհընկալումից վեր է: Ամեն բան, որ ունի սկիզբ, պիտի նաև տրամաբանական ավարտ ունենա: Հենց դրա համար էլ, երբ ընկերս վերջապես հրաժեշտ տվեց ու գնաց, ես աճապարանքով սահմանափակեցի կիսատ-պռատ մի քանի փոքր գործերս ու անկողին մտա:
Քունս չէր տանում, ուստի տրվեցի սովորական մտորումներին: Թեման նույնն էր, ինչ նախորդ գիշերներին՝ շախմատային խաղն ու ընկերոջս ծանոթը: Այս վերջին բառափոխությունն ինձ թույլ էր տալիս նրան ավելի հեռվից ու մանրակրկիտ զննելու՝ առանց անհարկի վտանգի մատնվելու: Արդեն կարող էի որոշ հետևություններ անել և դրանով իսկ լրացուցիչ ծանրակշռություն հաղորդել ընդունելիք որոշմանս, որը պիտի կիսվեր ընկերոջս կարծիքի հետ: Անկեղծ ասած՝ մի մտավախություն էլ ունեի: Թվում էր՝ ընկերս արդեն ընդունել է որոշումը և այդ բոլոր պատմություններն անում է ընդամենը հնարավոր վախը ցրելու, ինքնահամոզման և արդեն կայացրած վճիռն արդարացնելու նպատակով: Պարսիկները կարևոր գործերի մասին խոսում էին գինովցած, ապա սթափ ժամանակ կրկին քննարկում էին այդ հարցը, ու եթե երկու դեպքում էլ որոշումը նույնն էր լինում, ապա այդ և միայն այդ դեպքում էին ձեռնամուխ լինում իրագործմանը: Նմանատիպ մոտեցում էր նշմարվում նաև ընկերոջս մոտ: Եթե իմ դատավճիռը համընկներ նրա՝ արդեն իսկ ընդունած որոշմանը, ապա նա հանձն կառներ կյանքի կոչել այն: Ուստի իմ դերն այս պատմության մեջ զուտ հայեցական չէր, այլ միանգամայն առարկայական: Մի մարդու հետագա ճակատագիրն էր քննարկվում, և իմ կողմից առնվազն անբարո կլիներ դրան մատների արանքով նայելը:
Մի ուրիշ միտք էլ ինձ հանգիստ չէր տալիս. իսկ եթե ընկերս դիտավորյալ փոխում է ներկապնակի գույնե՞րը՝ թանձրացնելով մուգ տոները և թաքցնելով կարմիրն ու դեղինը… Սակայն մի քիչ խորհելուց հետո հասկացա, որ նա նման այլափոխության որևէ միտում չունի: Ի վերջո, ես կարող եմ պարզապես վետո դնել և դրանով իսկ հարցը փակված համարել: Բացի այդ, ես բնավ առիթ չունեի նրա անկեղծությունը կասկածի տակ դնելու: Համենայնդեպս, նա երբեք սուտ չէր մտածում և սուտ չէր խոսում, որքան որ նկատել էի մեր շփումների ընթացքում:
Շախմատի պարտիան էլ մոտենում էր ավարտին: Եվ քանի որ երկուսս էլ այս կամ այն չափով խորհրդապաշտ էինք, ապա կարելի էր մեծ հավանականությամբ ակնկալել, որ խաղի ավարտն ինքնաբերաբար կբերեր նաև որոշման ընդունմանը: Ուրեմն ամենայն հավանականությամբ վաղը կամ էլ ամենաուշը մյուս օրը նա կբացի իր բոլոր խաղաքարտերը, և ես վերջապես կիմանամ, թե ով է մեր քննարկումների առարկան: Բացառված չէ, որ ես նրան իրոք ճանաչում եմ: Երբ դրա մասին հարցրի ընկերոջս, նա շատ աղճատված պատասխան տվեց: Այդ խուսափողությունը կարող էր երկու բան նշանակել՝ կամ իրոք ճանաչում եմ, բայց ընկերս չի ցանկանում կիսատ թողնել սկսած խաղը, կամ էլ բնավ չեմ ճանաչում, և այդ դեպքում խաղը շատ ավելի հետաքրքիր ընթացք կստանա:
Փորձեցի մտաբերել ծանոթներիս, որ այս քաղաքում այնքան էլ շատ չէին: Կարծում եմ՝ նրանց մեծ մասը կարող էր հավակնել մեր հերոսի կերպարին: Եթե կենցաղային մանրամասները, որոնց այնքան էլ ծանոթ չէի, մի պահ մոռանայինք, ապա յուրաքանչյուրն էլ գրեթե լիովին տեղավորվում էր այդ դերի մեջ: Ուրեմն ո՞վ է… Դե լավ, հիմա սրա մասին գլուխ կոտրելը ավելորդ ու անիմաստ գլխացավանք է: Ավելի հարմար է հարցին մյուս կողմից մոտենալը՝ համադրել արդեն հայտնի փաստերը և դրա հիման վրա ֆոտոռոբոտի պես մի բան ստեղծել: Իսկ ի՞նչ է ինձ հայտնի: Նա տաղանդավոր մարդ է, թուլակամ, նրա կյանքում չկա կին՝ որպես սիրո և տղամարդկային բնազդների առարկա, և նա չունի հավատի որևէ դրսևորում: Բայց եթե նույնիսկ այս բնորոշումները ճշմարտացի են, ապա ի՞նչ կարող ենք անել մենք: Միգուցե նա հենց այդ ձևով է ցանկանում ապրել և հասել է դրան մեզ անհայտ մաքառումների ու զրկանքների գնո՞վ: Իսկ եթե նա այդ ամենից պարզապես հաճույք է ստանո՞ւմ: Չէ՞ որ բոլորին տրված չէ Մարատ կամ Ռոբեսպիեր լինել: Այդ դեպքում ո՞ւր է տանում ընկերս դեպքերի հետագա զարգացումը: Երևի սրա պատասխանն էլ պետք է շախմատային վերջնախաղի մեջ փնտրել…
* * *
Անցավ մի քանի օր: Երբեք այդքան սրտատրոփ ու անհամբեր չէի սպասել ընկերոջս այցին: Ժամանակ առ ժամանակ մոտենում էի լուսամուտին ու փորձում որսալ նրա մոտեցող պատկերը մայթին թափառող ստվերների մեջ: Նույնիսկ նրան հեռաձայնել ցանկացա, բայց հիշեցի, որ երկուսս էլ խորշում ենք հեռախոսից, և անգամ նրա համարը չունեմ: Մի անգամ էլ փորձեցի դուրս գալ տնից ու գտնել նրան ամբոխի մեջ, սակայն դեռ մուտքի դռանը չհասած՝ հասկացա այդ ձեռնարկիս ամբողջ անհեթեթությունը: Նա կարող էր լինել ամեն տեղ և, միաժամանակ, ոչ մի տեղ: Նաև վախենում էի, քանի որ յուրաքանչյուր անծանոթի մեջ մեր հերոսին էի տեսնում, և ինձ թվում էր, թե բոլորն ինձ են մատնանշում ու բամբասում իմ մասին: Փորձեցի մոռացում ու հանգիստ գտնել գրքերի, երաժշտության ու կոնյակի մեջ, բայց այդ փորձերն էլ ապարդյուն էին, քանզի սպասումից միտքս շիկացել էր, և նյարդերս պրկվել էին: Մնում էր համակերպվել սպասումին: Երևի հարյուր անգամ քայլ առ քայլ մտովի կրկնեցի մեր շախմատային պարտիայի բոլոր քայլերը: Զարմանքով ու հիացմունքով նկատեցի, որ երկուստեք ոչ մի սխալ չի արվել առաջին քայլից մինչև վերջնախաղ: Համենայնդեպս՝ իմ տեսանկյունից, իսկ ես ինքս ու շատ ուրիշներն ինձ վատ շախմատիստ չէին համարում: Միաժամանակ փորձեցի գուշակել հետագա զարգացման հնարավոր ուղղությունները: Ամենամանրակրկիտ վերլուծությունը, եթե, իհարկե, սխալներ չարվեին, բերում էր կամ պատային վիճակի, կամ էլ սովորական ոչ-ոքիի: Նաև հասկացա, որ այդ խաղը երկու անհատականությունների, երկու գաղափարների ու երկու փիլիսոփայությունների հակամարտություն էր, և որքան էլ որ ջանայի, չէի կարող ինձ լիովին մրցակցիս դերում պատկերացնել: Ի վերջո, երբ շախմատն էլ սպառեց իրեն, տխրությամբ համակերպվեցի սպասումի տաղտկությանն ու այդքան անսովոր մենությանը, որը մինչ այդ երբեք ինձ համար հոգս չէր եղել: Բայց ուրիշ ի՞նչ կարող էի անել…
Բորբոքեցի բուխարու կրակը ու, հարմար տեղավորվելով հնամենի ծանր բազկաթոռին, երևակայությունս տվեցի կրակի խաղերին: Որևէ մեկի մտքով երբևէ անցե՞լ է վերլուծել այդ խաղերը, որոնք ունեն սկիզբ, միջնամաս և վերջ: Ասում են՝ մարդը կարող է երեք բանի անվերջ նայել՝ կրակին, ջրին ու այլ մարդկանց: Ջուրն ինձնից հեռու էր, և դույզն իսկ ցանկություն չունեի մարտյան այդ խաբուսիկ երեկո տնից դուրս գալու: Մի մարդու այնքան էի մտովի զննել, որ հետաքրքրասիրությունս արդեն սրտխառնոցի էր փոխվում: Ուստի մնում էր միայն կրակը: Այս մտքով մի քիչ հանդարտվեցի ու լիովին տարվեցի կրակի բոցերով:
Ինձ այդ նիրվանայից դուրս բերեցին ընկերոջս ոտնաձայները: Կարծես աստղերից երկիր իջա, երբ լսեցի նրա ձայնը դռան շեմից.
– Քեզ չխանգարեցի՞: Կուզե՞ս գնամ ու ավելի ուշ կամ վաղն անցնեմ,– կատակեց նա՝ շատ լավ ըմբռնելով իմ հոգեվիճակը:
Ես սրտանց ուրախացա ու ձեռքի շարժումով ցույց տվեցի դատարկ բազկաթոռը: Նա մի կողմ նետեց վերարկուն ու գլխարկը, տեղավորվեց կրակի մոտ ու շփեց սառած ձեռքերը: Շուտով նա էլ թաղվեց լռության ու կրակի դյութական պարերի աշխարհում: Պատերին ու առաստաղին թրթռացող ստվերները չինական թատրոն էին հիշեցնում: Ես սպասում էի, որ ընկերս մի բան կասի, բայց նա կարծես բերանը ջուր էր առել: Մի տասը րոպեի չափ համբերեցի ու այլևս չդիմացա.
– Դե, ի՞նչ կասես: Ի՞նչ նորություն կա:
– Ինչ նորություն կա՞,– ասես հանկարծակիի եկավ ընկերս,– չգիտեմ: Հավատա, որ չգիտեմ:
– Իսկ ի՞նչ ես մտածում:
– Ամեն ինչ և ոչինչ: Բայց կարծում եմ, որ վեցերորդ հորիզոնականի վրա գտնվող զինվորդ այդքան վտանգավոր չէ, որքան թվում է: Եթե դու հիմա այն առաջ հրես, ապա պատն անխուսափելի է: Եթե այլ զինվորով խաղաս, ապա, ամենայն հավանականությամբ, տանուլ կտաս 15-20 քայլից, քանի որ իմ արքայական զինվորը բավականին առաջացած է: Իսկ եթե թագավորդ շարժես, ապա կրկին կամ պատ կլինի, կամ էլ մի նոր՝ բոլորովին ուրիշ զարգացում, որը ես դեռ չեմ հաշվարկել, բայց կարծում եմ, որ հնարավոր տարբերակների թիվը հազարից չի անցնում: Մի քիչ մտածելու առիթ կլինի:– Ընկերս միշտ ոգևորվում էր, երբ խորհելու նյութ էր ունենում:
Չնայած իմ հարցը բոլորովին այլ թեմայի էր վերաբերում, ակամայից աչքերիս առաջ հառնեց շախմատի տախտակը: Երկուսս էլ կարող էինք փակ աչքերով ոչ թե մեկ, այլ միաժամանակ մի քանի պարտիա խաղալ, ուստի, առանց կրակի դյութիչ պատկերներից մեզ կտրելու, շարունակեցինք մեր մենամարտը վաթսունչորս քառակուսիների աշխարհում: Մի փոքր խորհելուց հետո ես, այնուամենայնիվ, որոշեցի խուսափել պատից ու ակնհայտ կորստյան տանող զինվորային զարգացումից և որոշեցի նահանջել արքայով: Բարձրաձայն հայտնեցի քայլս: Ընկերս դրանից ակնհայտորեն ոգևորվեց ու գրեթե անմիջապես առաջարկեց իր պատասխան քայլը: Թվացյալ ավարտին ձգտող վերջնախաղը մի նոր ավյուն ստացավ՝ նուրբ և արտակարգ բարդ, որը երկուսիս համար էլ հայտնության պես էր: Ընկերս շարունակում էր ըմպել իր կոնյակից և ակնդետ նայել կրակի ցոլքերին ու առկայծող ածուխներին: Ես սիրտ առա ու հարցրի.
– Իսկ ի՞նչ կա մեր հերոսից:
– Իսկ ի՞նչ պիտի լինի,– անկեղծորեն զարմացավ զրուցակիցս:– Ապրում է իր կյանքը՝ ինչպես ապրել է մինչև այսօր ու երևի ապրելու է նաև այս պահից հետո: Արքա e6: Իսկ ի՞նչ է, նրա ճակատագիրը քեզ հետաքրքրո՞ւմ է:
– Հետաքրքրո՞ւմ է: Շատ մեղմ է ասված: Ես օրուգիշեր նրա մասին եմ մտածում:
– Իրո՞ք: Մի՞թե մտածելու ավելի արժանավոր նյութ չկա,– զարմացավ ընկերս:
– Միգուցե և կա, բայց իմ միտքը նրանով է կաշկանդված, և ես այլ բանի մասին չեմ կարողանում խորհել: Նույնիսկ շախմատը երկրորդ պլան է մղվել:
– Ափսո՜ս: Շատ հետաքրքիր խաղ է հասունացել, որ կորզում է Ֆիշերի ու Ալյոխինի ծափերը:
– Ավելի շուտ՝ կրակի այս բոցերն է հիշեցնում,– նկատեցի ես:
– Մի՞թե կրակի բոցերը պատահական չեն,– հարցրեց ընկերս:– Շախմատն ու պատահականությունը իրարամերժ երևույթներ են:
Ես տարուբերեցի գլուխս.
– Եթե կրակը պատահականություն է, ապա չինական թատրոնն էլ, երևի, դուրս է բացատրելիության սահմաններից: Զինվոր b6:
– Լավ է, լավ… Ի դեպ, կրակի խաղերը մաթեմատիկական տրամաբանության տեսանկյունից անվերծանելի են: Նման հզորություն ունեցող բազմությունը հնարավոր չէ հաշվելի թվերի միջոցով արտահայտել: Դրա մոդելավորման համար միանգամայն նոր տեսություն է պետք՝ նորովի մոտեցում և տրամաբանություն: Արքա e5:
– Շարժվող սառույցների տեսության պե՞ս: Կոնֆուցիոսի հինգ կանոնական տեքստերից մեկը՝ «Փոփոխությունների գիրքը» կամ «Ի Ցզինը», բաղկացած է վաթսունչորս վեցանիստ պատկերների մեկնաբանությունից, որոնք վեց երկար և կարճ գծերով սպառում են աշխարհի բոլոր հնարավոր համադրությունները: Եթե տիրապետում ես այդ պատկերների իմաստին, ապա միանշանակորեն կարող ես բացատրել աշխարհը: Փիլիսոփաները այդ պատկերների մեջ յուրաքանչյուր գործողության վաթսունչորս փուլերն են տեսել: Զինվոր c6:
– Հետաքրքիր է՝ Կոնֆուցիոսն ինչպե՞ս կմեկնաբաներ քո վերջին քայլը,– ծիծաղելով հարցրեց ընկերս:– Անձամբ ես մտովի ծափահարում եմ: Վաթսունչորս վեցանիստ պատկերների գաղափարն, իհարկե, արգասավոր է որոշ խնդիրներ լուծելու համար, սակայն այստեղ մի նուրբ առանձնահատկություն կա: Շախմատն իրականում եռաչափ է և անվերջ: Մենք ընդամենը նրա արտացոլումն ենք տեսնում՝ վերջավոր ու հարթ: Կոնֆուցիոսը երևի եռաչափ շախմատի վարպետ էր: Դրանից հետո երկչափ դաշտում խաղեր տալը պարզապես թեթև վարժանք է հիշեցնում: Երկչափ փիլիսոփայությունը նրան հետաքրքիր էլ չէր: Մահվան շեմին նա թախծոտ կարոտով նշել է, որ եթե աստվածներն իրեն ևս հարյուր երկրային տարի շնորհեին, ապա դրանցից գոնե հիսունն ինքը հաստատ կնվիրեր վերադասավորումների ուսումնասիրմանն ու մեկնաբանություններին: Արքա e6:
– Ծերուկն, իհարկե, սեթևեթում էր: Մի՞թե չինական այբուբենի նշանները հենց այդ վերադասավորումների վերջավոր բազմությունը չեն: Ուսումնասիրել վերադասավորումներն ու զուգորդությունները նույնն է, ինչ պարզապես չինարեն գրավոր լեզվին տիրապետել: Այդպիսով՝ ամեն մի չինացի երեխա մի կատարյալ Կոնֆուցիոս է: Երևի դա նկատի ուներ իմաստունը: Զինվոր b7: Ի դեպ, մեր հերոսը չինարեն գիտի՞:
Զրուցակիցս կարծես զարմացավ իմ հարցից.
– Իսկ նրա ինչի՞ն է պետք չինարենը: Մտածել կարելի է ցանկացած լեզվով՝ գերմաներեն, անգլերեն, ռուսերեն կամ էլ խաղաղօվկիանոսյան կղզիներից մեկնումեկի տեղական բարբառով: Լեզուն գործիք է: Լավ շեփորահարը լիարժեքորեն արտահայտում է իր միտքը շեփորի վրա, և դրա համար բնավ անհրաժեշտ չէ դաշնամուրի ստեղները տանջել: Արքա c7:
– Իսկ ի՞նչ է փնտրում նա: Հավերժությո՞ւն: Միայնությո՞ւն: Անմահությո՞ւն…– հարցրի ես:
– Ոչ մեկը և ոչ էլ մյուսները: Պարզապես մոլորվել է իր իսկ ձեռքերով կերտած լաբիրինթոսում: Դա ամենասարսափելին է, բայց չգիտեմ՝ բարեբախտաբար, թե դժբախտաբար, ինքն այդ մասին կարծես չի էլ կասկածում: Մինոտավրոսի պես խարխափում է մթության մեջ ու ենթագիտակցորեն սպասում Թեսևսին:
– Իսկ, միգուցե, լաբիրինթոսի դո՞ւռն է փնտրում: Կամ՝ Արիադնեի թելի ծայրը…
– Ոչ, ավա՜ղ… Ավելի փխրուն ու անցողիկ մի բան է փնտրում՝ ինքն իրեն: Սակայն դա անհույս գործ է, երբ կույր են հոգուդ ու սրտիդ աչքերը: Այդ նրբամիտ ու վարանամիտ բավիղում նույնիսկ դեմքի աչքերն են հաճախ անօգուտ: Նա լոկ մի փոխակերպուկ է, անհույս մի դարձորյակ: Քո քայլն է:
– Զինվոր b8: Նավակ կամ թագուհի:
– Այո, միևնույնն է: Արքան կերավ b8:
– Արքա e4,– գրեթե անմիջապես պատասխանեցի ես:
– Դա միակ ընդունելի տարբերակն էր: c3:
– Արքա c3, բնականաբար:
– Այո, և բնականաբար ոչ-ոքի: Մենք վերջացրինք նրանով, ինչից որ սկսել էինք՝ երկու արքաների դիմակայությամբ: Ամեն դեպքում լավ է, որ թագուհիները ժամանակին դուրս եկան խաղից:
– Ամեն մի զինվոր թաքնված թագուհի է,– նկատեցի ես:
– Ինչպես որ ամեն մի մարդ միաժամանակ Հիսուս է և Հուդա, եթե իհարկե բավականաչափ ազնիվ է դա ընդունելու և թեկուզ ինքն իրեն խոստովանելու համար:
– Հուդան պետք էր Քրիստոսին: Նա միակն էր առաքյալների մեջ, որ կռահեց Հիսուսի աստվածությունն ու նրա վերջնական նպատակները: Ավա՜ղ, առակները բոլորին չէին հասու: Բանը նվաստացել էր մինչև մահկանացու, ուստի Բանի աշակերտն իջավ մինչև մատնիչ:
– Իհարկե: Թող ես այրվեմ Դժոխքի բոցերում, միայն թե Երկինքը գոյություն ունենա,– ընկերս սրտանց ծիծաղեց ու, մոտենալով շախմատին, ձեռքով շաղ տվեց ֆիգուրները սեղանով մեկ:
– Գժվեցի՞ր: Ի՞նչ ես հիմար բաներ դուրս տալիս,– գրգռվեցի ես:
– Այո՛, այո՛, սիրելիս: Նրանք միշտ միասին էին՝ Մեսիան և նրա սիրելի աշակերտը Իսկարիովտ քաղաքից: Առաջին իսկ օրվանից և հետագա երեք տարիների ընթացքում: Յուրաքանչյուրի գոյությունն անհրաժեշտ էր, որ մյուսը ճանաչեր ու բացահայտեր ինքն իրեն: Եթե չլիներ Հուդան, ինչպե՞ս էր Հիսուսը կատարելու իր առաքելությունը: Իսկ խաղը դու հրաշալի տարար մինչև վերջ: Միայն թե ինձ ի սկզբանե պարզ էր, որ վախենալու ես թե՛ պարտությունից, թե՛ հաղթանակից, ուստի ներքին անդորրդ չվրդովելու համար ընտրեցիր անսեռ ու անշառ ոչ-ոքին:
– Ես ոչինչ չեմ հասկանում, թեև, կարծես, ամեն ինչ հասկանում եմ,– գրեթե գոռացի ես,– ո՞վ է այդ մարդը: Կարո՞ղ ես գոնե մեկ անգամ պատասխանել առանց ավելորդ սոփեստության:
– Իհարկե, հանուն քեզ: Ուրեմն դու ցանկանում ես տեսնե՞լ նրան: Վստա՞հ ես, որ սիրտդ չի պայթի: Դե ուրեմն նայիր հայելու մեջ:
Ես նստած տեղում քարացել էի: Գլխապտույտ ու սրտխառնոց զգացի, բայց պապանձվել էի ու անկարող էի որևէ շարժում կատարել: Ականջիս մեջ հնչում էր ընկերոջս հեռավոր ձայնը.
– Թեև դու իրավացի ես: Ի՞նչ կարիք կա բազմոցը լքելու, լույսը վառելու և հայացքը հայելու փոշոտ մակերևույթին հառելու: Երկու շաբաթ ես քո հայելին էի, և կարող էիր նայել սրտիդ ուզածի չափ, բայց, ափսո՜ս, որ աչքերդ փակ են: Խիզախում չունեցար ո՛չ հաղթելու, ոչ էլ պարտվելու համար, ուստի բավարարվիր քո դժխեմ միջակության դիրքով: Հիմա ճշմարտության պահն է: Ձեռքդ դիր սրտիդ ու արտասանի՛ր դատավճիռդ: Միայն թե գոնե այս պահին ազնիվ ու անկեղծ եղիր… Ի դեպ, քո շշի մեջ կոնյակ մնացե՞լ է: Կոկորդս չորացավ այս տափակ ճառից:
Սենյակում լռություն տիրեց՝ շատ բարձրաձայն մի լռություն, որ նույնիսկ սրտիս կատաղի բաբախյունը չէր կարող խլացնել: Քննիչ ընկերս տնտղեց դատարկ շշերի կույտը ու, ոչինչ չգտնելով, քթի տակ դժգոհ ինչ-որ բան քրթմնջաց: Ապա վրան քաշեց վերարկուն ու գլխարկը և, առանց հրաժեշտ տալու, դուրս եկավ:
* * *
Լուսաբացը մոտենում էր ու ահագնանում: Ես մի կերպ ինձ պոկեցի բազկաթոռից, դուրս եկա տնից ու քայլեցի դեպի գետը: Աննկարագրելի պահանջ էի զգում տեսնել շարժվող սառույցները: Հիմա, անցյալում կամ էլ ապագայում…