Մուտք
Չնայած հոգնածությանը, քննիչ Թեոֆիլյանը տան ճանապարհին մի կիսադատարկ գինետուն մտավ: Տեղավորվեց սեղանիկի մոտ ու սառը վարդագույն գինի պատվիրեց: Անկյունում խցկված հնամենի դաշնամուրից հաճելի մեղեդի հասավ ականջին: Հիշողության անդունդները տակնուվրա եղան, ու հաճելի մի ջերմություն տարածվեց մարմնով մեկ: Դաշնակահարը մեջքով էր նստած, և դեմքը չէր երևում: Ձեռքերը վարպետորեն վազում էին հեռվից շերտաձի հիշեցնող ստեղների վրայով:Արդեն ուշ երեկո էր: Դանդաղ, ասես չուզելով, մոտենում էր գիշերը: Անցորդների հոսքը փողոցում լայնահորդ գետից վերածվել էր բարալիկ առվակների: Մարդիկ շտապում էին տուն՝ հանգստանալու աշխատանքային օրվանից առաջ: Առավել ջահելներն ուրախ ձայներով թափառում էին մի սրճարանից մյուսը՝ գարնանային անհոգ երեկոն շարունակելու համար:
Քննիչն, ասես թմբիրի մեջ, վայելում էր աստվածային մեղեդին ու գինու բարկ համը: Ժամանակն էլ, թվում էր, կանգ էր առել: Պատի հնամենի ժամացույցը կարծես հատուկ միշտ նույն ժամն էր ցույց տալիս: Երևի փչացած էր, և զուտ որպես դեկորացիա էին պահում կամ էլ, որ պակաս հավանական է, հաճախորդներին խրախուսում էին չշտապել և մեկ բաժակ խմիչք էլ պատվիրել:
Այդ պահին ասես անդրշիրիմյան աշխարհից մի ձայն լսվեց.
– Պարոնայք, գինետունը փակվում է…
Այս բառերը ցրեցին խորհրդավորության հաճելի թմբիրը: Քննիչը մի կում էլ արեց ու ցած դրեց բաժակը: գրպանից մանրադրամ հանեց ու մի քանիսը դրեց սեղանին: Հետո ձեռքի շարժումով բարի գիշեր մաղթեց գինետան աշխատողին ու դատարկ փողոցով քայլեց դեպի տուն: Հեռավոր ժամացույցի զանգերն ազդարարեցին գիշերվա գալուստը մեծ քաղաքում:
* * *
Քննիչ Թեոֆիլյանը վեր կացավ գրասեղանի մոտից, ճմլկոտելով մի երկու վարժություն արեց ձեռքերով ու պարանոցով և մոտեցավ բաց պատուհանին: Քաղաքը գարուն ու կյանք էր շնչում: Անգամ փողոցի հեռավոր ժխորն անկարող էր լռեցնել բալենու ծաղիկներին սիրահետող մեղուների ներդաշնակ բզզոցը:
Մինչ վերադասի մոտ գնալը դեռ ժամանակ կար: Քննիչը մոտեցավ գրասեղանին, առանց նստելու ձեռքն առավ նամակն ու սկսեց կրկին ուշադիր կարդալ:
«…Այս քաղաքում ինձ միշտ երկու բան է զարմացնում ու մտորելու առիթ տալիս՝ կարմիր արեգակի ներքո ծաղկող բալենիներն ու թափառական շները: Երկուսին էլ միշտ հիացմունքով ու ակնածանքով եմ նայում: Երկուսն էլ ինձ հիշեցնում ու կապում են մայր բնության հետ, այլապես հիրավի խելագարվել կարելի էր այս քարե ջունգլիների ու աղմուկի տարտարոսում: Երբ երեխա էի, ինձ թվում էր, որ ձյան առաջին փաթիլը հենց ի՛մ ձեռքին է իջնում: Հիմա քիչ բան է փոխվել: Ես դեռ վստահ եմ, որ Ձմեռ պապիկն իրոք գոյություն ունի: Որ ձյան առաջին փաթիլն իրոք իմն է, և որ բալենու առաջին բացվող ծաղիկը հենց ես եմ տեսնում: Եվ ո՞վ կարող է ինձ արգելել նման հեքիաթներով ապրել: Չէ՞ որ այս ամենը լցնում է մեր կյանքը, դարձնում հեքիաթի պես գեղեցիկ ու անրջական, ինչպես Բախի Es-moll պրելյուդը… Իսկ դուք երբևէ նայե՞լ եք թափառական շների աչքերին: Նկատե՞լ եք՝ ինչքան սպասում ու կարոտ կա դրանց մեջ: Ինչքա՜ն հույս ու հավատ… Տանն ապրող ու տեր ունեցող շներն այլ հայացք ունեն: Դրանցում հույս ու սպասում չկա: Իսկ անօթևան շները սպասում են հույսով ու հավատով… Եվ բալենիները… Նրբագույն թերթիկներով այդ հրեշտակները, որոնք ինչ-որ հրաշքով հայտնվել են քաղաքում, որ փափկացնեն մեր քարե հոգիները: Եվ ո՞վ պիտի պաշտպանի նրանց, եթե ոչ ես… Թող Աստծո պատժին արժանանան իմ հին քաղաքը քանդողները, բալենիները կտրողներն ու թափառական շներին գնդակահարողները…»:
Ահավոր պայթյունը ցնցեց քննչական վարչության շենքը: Օդային հարվածից ապակիները դուրս թռան իրենց տեղից ու շրխկոցով թափվեցին սեղանին և հատակին: Քննիչը գրեթե բնազդաբար իրեն միջանցք նետեց, ուր անորոշության մեջ արդեն խռնվել էին վարչության աշխատակիցները: Կանայք գոռում էին: Մի քանիսը վազում էին աստիճաններն ի վար: Թեոֆիլյանն առանց ավելորդ աճապարանքի հետևեց նրանց: Համատարած ժխորին միացել էր նաև բազմաթիվ մեքենաների հակաառևանգման շչակների անտանելի բաղաձայնույթը:
Մոտ կես ժամ անց պարզվեց եղելությունը. պայթել էր վարչության շենքի մոտ կայանած մեքենաներից մեկը: Քանի որ այն պատկանում էր հենց ՆԳ աշխատակիցներից մեկին՝ շատ արագ սկսեցին պարզվել մանրամասները: Քիչ անց ժամանեց Ազգային անվտանգության ծառայության աշխատանքային խումբը՝ բաղկացած քննիչներից և փորձագետներից: Ժամանեցին նաև հրշեջները և շտապօգնության մեքենաները: Բարեբախտաբար որևէ լուրջ միջամտության կարիք չկար: Ավելի շատ բժիշկ-հոգեբանի օգնություն էր պետք, քանի որ մի քանի կանայք ցնցակաթվածի մեջ էին: Բարեբախտաբար որևէ մեկի կյանքին վտանգ չէր սպառնում: Ժամեր անց, երբ տարածքից հեռացվեցին պայթած և վնասված մեքենաները, վարչությունը վերադարձավ իր գրեթե բնականոն աշխատանքային ռիթմին: Երեկոյան գերատեսչության ղեկավարը բոլոր ներկաներին հրավիրեց աշխատանքային արտահերթ խորհրդակցության: Ասաց, որ գործով զուգահեռ զբաղվում է նաև Ազգային անվտանգության ծառայությունը: Բոլորին հորդորեց հնարավորինս արագ անցնել իրենց պարտականությունների կատարմանը:
Քննիչը քայլերն ուղղեց տուն, բայց ճանապարհին մտավ գինետուն և գրեթե իրեն ստիպելով մի բաժակ գինի ըմպեց: Ականջներում ու գլխում տարաձայն աղմուկ էր: Աչքերով փնտրեց դաշնակահարին, սակայն չտեսավ: Մեկ օրվա համար չափից դուրս շատ էին ապրումները: Հարկավոր էր հանդարտվել ու շարունակել սթափ հայացքով նայել կյանքին:
* * *
Փոխգնդապետի սենյակում, ինչպես միշտ, օդը ծանր էր անգամ բացված պատուհանով: Վարչության պետը մեկը մյուսի ետևից գլանակներ էր վառում ու ագահորեն ներս քաշում ծուխը: Երբեմն անգամ մոռանում էր մոխրամանում ծխացող գլանակի մասին ու տուփից նորն էր վերցնում:
Քննիչ Թեոֆիլյանը լուռ սպասում էր, որ նախ վերադասը խոսի: Վերջինիս խոսքը չուշացավ.
– Լավ, Թեոֆիլյան, անցնենք գործի: Քո սենյակը շա՞տ է վնասվել:
– Ոչ, նոր ապակիներ գցեցին ու ջարդոնը մաքրեցին: Ամեն ինչ նորմալ է:
– Իմ բախտն ավելի շատ բերեց՝ սենյակս միջանցքի ծայրում է՝ մուտքից հեռու: Ի դեպ, կարող ես ծխել…
– Ես չեմ ծխում:
– Ճիշտ էլ անում ես: Բայց երբեմն հանգստացնում է: Դու ինչպե՞ս ես հանգստանում:
– Ես աշխատում եմ չլարվել:
Փոխգնդապետի դեմքին գրեթե հեգնական մի ժպիտ հայտնվեց:
– Երջանիկ մարդ ես, ի՞նչ ասեմ… Ես հիմա հաճույքով մի բան կխմեի, բայց չի կարելի… Նյարդերս լարված են՝ ինչպես երբեք: Ասում ես՝ երբեք չե՞ս լարվում:
– Երբեմն պատահում է:
– Եվ ի՞նչ ես անում նման դեպքերում:
– Թափառում եմ քաղաքում կամ երաժշտություն լսում: Երեկոյան կարող է մի բաժակ գինի խմեմ կամ կարդամ:
– Հըմ… Մի օր պիտի միասին խմենք, թե չէ գժվել կարելի է այս լարումից: Դե լավ, գործի անցնենք: Կարիք չկա ասելու, որ այս ամենը հույժ գաղտնի է: Ոչ մեկին ոչ մի խոսք առանց իմ թույլտվության: Գիտես՝ այս գործը միաժամանակ Ազգային անվտանգության վարույթում է: Ստիպված պիտի աշխատես նրանց քննիչներից կամ փորձագետներից մեկի հետ: Այսօր երկրորդ նամակն է ստացվել մեր անծանոթից: Ահա, կարդա՛: Բնօրինակը անվտանգության տղաների մոտ է:
Քննիչը վերցրեց պատճենը և սկսեց ուշադիր կարդալ:
«Հարգելի քաղաքային իշխանություններ, սա թող առաջին զգուշացումը լինի բարբարոսներիդ: Դադարե՛ք կործանել մեր հնամենի քաղաքն ու մեր արժեքները: Գիտեմ, որ արդեն հանրային վտանգի նարնջագույն աստիճան եք սահմանել: Բայց հիշեք՝ նյութականից զատ, գոյություն ունեն նաև հոգևոր արժեքներ: Եվ նյութական վտանգից զատ նաև բարոյական վտանգ կա: Հուսամ ողջամտությունն այս անգամ կգերազանցի ձեր անփառունակ ընչաքաղցությանը: Եթե ազատ րոպե գտնեք՝ լսեք Բախի F-moll պրելյուդը և ֆուգան: Եթե չօգնի՝ հաստատ չի խանգարի»:
– Դե, ի՞նչ կասես,– անհամբեր հարցրեց փոխգնդապետը:
Քննիչը չշտապեց պատասխանել: Վերադարձրեց թուղթը և նայեց պատուհանից դուրս:
– Թեոֆիլյան, իմ ժամանակը քիչ է: Եվ ոչ միայն իմ…
– Կարծում եմ՝ պետք է մտածել,– անշտապ ասաց քննիչը:
– Մտածելը լավ բան է: Մտածիր: Բայց մի՛ մոռացիր, որ իրոք վտանգի նարնջագույն աստիճան է հայտարարված, ու ամեն կողմից ինձ խայթում են: Հանդիպի՛ր անվտանգության տղաներին: Դրանց մեջ մի կապիտան կա: Հիմնականում նրա հետ ես աշխատելու: Չմոռանաս առաջին նամակն էլ տանել հետդ: Իրենք բնօրինակն են պահանջում: Մեզ համար պատճեն կհանես: Ուֆ, աստված իմ… Ե՞րբ է վերջանալու այս ամենը… Հարցեր ունե՞ս:
– Չունեմ:
– Դե գնա՛ ու աշխատիր: Վաղը արդյունքների մասին կզեկուցես ինձ:
– Իսկ եթե արդյունքներ չլինե՞ն:
– Կզեկուցես, որ արդյունքներ չկան: Ազատ ես:
Այդ պահին հնչեց հեռախոսի զանգը: Փոխգնդապետը վերցրեց լսափողը: Ուշադիր լսում էր և միաժամանակ մատիտով ինչ-որ երկրաչափական պատկերներ խզբզում սեղանին դրված թղթին: Թեոֆիլյանն արդեն դռան մոտ էր, սակայն ոտքը կախ գցեց՝ հարցական նայելով վերադասի կողմը:
– Լավ, գալիս եմ,– ասաց փոխգնդապետն ու դրեց լսափողը:– Քիչ առաջ երկրորդ պայթյունն է եղել: Ձեռագիրը նույնն է:
– Մանրամասներ կա՞ն:
– Միայն հայտնի է, որ բանկոմատ է պայթել: Զոհեր չկան: Անվտանգության աշխատակիցներն արդեն այնտեղ են: Գնացի՛նք: Ճանապարհին կխոսենք:
* * *
Ոստիկանությունն արդեն շրջափակել էր պայթյունի վայրը՝ ORANGE սրճարանի հարևանությամբ: Հեռահար կառավարմամբ ինքնաշեն ռումբն ամենայն հավանականությամբ տեղադրված էր եղել բանկոմատի խոռոչում: Ինչ-որ անհասկանալի պատճառով բանկոմատը հսկող տեսախցիկը չի աշխատել: Մի քանի օր առաջ նկատել են, որ վնասված է, սակայն չեն հասցրել փոխել, քանի որ գլխամասային գրասենյակում տեսախցիկ չի եղել: Պատվիրել են այլ խանութից, բայց հանգստյան օրերի պատճառով առաքումն ուշացել է: Չի բացառվում, որ սրա մասին ինչ-որ կերպ տեղյակ է եղել կասկածյալը, թեև փոքրիշատե հասկացող ամեն մեկը կարող էր նկատել, որ տեսախցիկն ապամոնտաժված է:
Պայթյունից որևէ մեկը չի տուժել: Ըստ Ազգային անվտանգության ծառայության փորձագետի՝ որևէ մեկը չէր էլ կարող տուժել, քանի որ պայթյունն ավելի շուտ սիմվոլիկ բնույթ է կրել՝ շլացուցիչ աղմուկով, բայց առանց կյանքին վտանգ սպառնացող տարրերի: Սովորաբար տարածքը բավականին բազմամարդ է, սակայն ոչ ոք կասկածելի որևէ մեկին չի նկատել: Հետագա մանրամասների համար փորձագետները լրացուցիչ ժամանակ խնդրեցին:
* * *
Ազգային անվտանգության քննիչ-փորձագետը լավ տպավորություն թողեց: Լուրջ, բանիմաց, լսող և կշռադատող: Սակայն դեպքերի առաջնային տվյալները շատ քիչ բան էին ասում: Քննչական վարչության մոտ մեքենա է պայթել: Որևէ կասկածելի բան չի հայտնաբերվել: Ոչ ուժանակ, ոչ էլ նման մի բան: Տեսախցիկները ևս կասկածելի մարդ չեն հայտնաբերել, որը մոտենար կամ գոնե հայացքը երկար հառեր կայանած մեքենայի վրա: Ինքը՝ մեքենայի տերը, քննչական վարչության աշխատակից է: Համենայնդեպս ստուգվում են տվյալները և կապերը: Երկու նամակներն էլ ուղարկվել են փոստային ծառայության միջոցով: Որևէ օտար մատնահետք չի հայտնաբերվել: Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ դրանք տպվել են սովորական լազերային տպիչով, որոնցից քաղաքում տասնյակ հազարներով կան: Թուղթը ևս սովորական է՝ A4 չափի: Ծրարն էլ ամենասովորական ծրար է: Դրոշմանիշ չունի: Փոստային ծառայության գինը ներառված է դրոշմակնիքի մեջ, այնպես որ թքի կենսաքիմիական վերլուծություն անել ևս հնարավոր չէր: Ծրարի ինքնակպչուն եզրաշերտը ևս խոնավեցված է եղել սովորական ջրով: Նամակների բովանդակության նախնական հոգեբանական վերլուծությունը շատ քիչ բան է տալիս:
– Մի բան կարելի է վստահաբար ասել,– նկատեց անվտանգության փորձագետը,– մեր նամակագիրը երաժշտության սիրահար է և ռոմանտիկ:
– Ինչո՞ւ եք կարծում, որ ռոմանտիկ է:
– Դե՝ բալենու ծաղիկներ, թափառական շներ, Բախ…
– Ես ինքս սիրում եմ այդ ամենը,– ասես իմիջիայլոց նկատեց քննիչը:
– Դե հա, իհարկե… Ես ինքս Բախի փորձագետ չեմ: Միգուցե դո՞ւք գլուխ հանեք այդ պրելյուդներից…
– Կարծում եք՝ դա ինչ-որ կա՞պ ունի գործի հետ:
– Մենք դիտարկում ենք բոլոր հնարավոր վարկածները, և որևէ մանրուք անգամ չի կարելի անտեսել:
– Համաձայն եմ:
– Ուրեմն կապի մեջ լինենք: Բացառված չէ, որ պետք լինի անգամ ուշ ժամերին աշխատել: Գործն անհետաձգելի է:
– Խնդիր չեմ տեսնում: Կարող ենք հանդիպել անգամ դրսում՝ այգում կամ որևէ բացօթյա սրճարանում: Գարնանային այս տաք երեկոներն իրոք որ հրաշալի են:
Ի պատասխան փորձագետը միայն ժպտաց ակնոցի տակից:
* * *
«…Գիշերվա լռության մեջ ունկնդրել մեծն գերմանացու Gis-moll պրելյուդը ու երազել հեռավոր մոլորակների մասին, որոնց դեղնականաչ լույսը, միլիոնավոր լուսատարի ճանապարհ կտրելով, հասնում է մեր դալուկ հոգիներին: Անգամ փակ աչքերով կարելի է զգալ դա… Ես չգիտեմ, թե ինչպես է Բախն այդ ամենը վերածել նոտաների: Երևի դրա համար պետք է Բախ լինել: Աստվածատուր շնորհ է պետք մեր հոգու թրթիռը հեռավոր աստղերին հասցնելու, դրանց ջերմությամբ վարակելու ու կրկին Երկիր վերադարձնելու և բալենիների ծաղիկների քնքշանքին խառնելու համար…»:
Անվտանգության ծառայության կապիտանի զանգը քննիչին հանկարծակիի չբերեց: Առաջարկում էր հանդիպել ու զրուցել: Ինչպես ինքն ասաց՝ գարնանային ջերմ երեկոյի ծոցում: Քննիչը զգաց կապիտանի գրեթե աննշմարելի հեգնանքը, սակայն ուշադրություն չդարձրեց: Գործն ավելի կարևոր էր:
Հանդիպեցին Պլանետարիումի մոտ, քանի որ երկուսին էլ մոտ էր, ու քայլեցին ծառուղով՝ կիսաձայն զրուցելով: Մթնշաղը կամաց-կամաց մգանում ու դառնում էր գիշեր: Հարակից նրբանցքով անցնող մեքենան մի պահ լուսավորեց այգու եզրը, ու քննիչ Թեոֆիլյանը շանթահար կանգ առավ: Հետո մոտեցավ ծառերի հարևանությամբ հառնող կառույցին, որը տակավին շինարարության փուլում էր: Գրպանից լապտերիկ հանեց ու լուսավորեց շինհրապարակը պարուրող ժամանակավոր ցանկապատը: Հետո շրջվեց ու նայեց ծառերի խորքում ծվարած Պլանետարիումի շենքին: Այս ամբողջ ընթացքում փորձագետը զարմանքով, բայց առանց մի բան ասելու նրան էր հետևում: Ի վերջո չդիմացավ և հարցրեց.
– Ի՞նչ եղավ Ձեզ:
Քննիչը միանգամից չպատասխանեց: Առանց շտապելու հանգցրեց լապտերը, խոր շունչ քաշեց ու ասաց.
– Բալենիների բուրմունքն իրոք արբեցնում է…
– Կրկին տրվեցիք ռոմանտիկային …
– Դե հա, ի՞նչ անեմ… Մանկուց այդպիսին եմ: Ես գիտեմ՝ որտեղ է լինելու հաջորդ պայթյունը:
– Ի՞նչ:– Փորձագետն ասես շանթահարվեց:– Կատակո՞ւմ եք:
– Ո՛չ: Եթե ես չեմ սխալվում՝ մենք պետք է շատ արագ գործենք: Գնացինք վարչություն: Փոխգնդապետը պիտի որ դեռ այնտեղ լինի: Միանգամից այնտեղ կասեմ, որ չկրկնեմ: Այդ ընթացքում խնդրում եմ ինձ չանհանգստացնել՝ ես պետք է մտածեմ: Նամակները ձեզ մո՞տ են:
– Այո: Բայց միայն պատճենները:
– Բավական է: Գնացինք:
Փորձագետը մի քիչ թերահավատությամբ, բայց համակերպված հետևեց քննիչին:
* * *
Փոխգնդապետն իրոք դեռ աշխատում էր: Լսելով դռան բախոցը՝ շտապեց վերջացնել հեռախոսային խոսակցությունը և ծածկել դիմացը դրված թղթապանակը:
– Ես ձեզ ավելի ուշ կզանգահարեմ: Ներեցեք,– ասաց ու ցած դրեց լսափողը՝ զարմացած նայելով դռան կողմը:
– Թույլ կտա՞ք, պարոն փոխգնդապետ: Ինձ հետ է նաև Ազգային անվտանգության քննիչ-փորձագետը:
– Նե՛րս եկեք,– մի քիչ դժգոհ հրամայեց վարչության պետն ու ձեռքով ցույց տվեց դատարկ աթոռները:
Թեոֆիլյանը խնամքով ծածկեց դուռը և հազիվ լսելի ձայնով ասաց.
– Ես լուրջ հիմքեր ունեմ ենթադրելու, որ հաջորդ պայթյուն է լինելու: Եվ անգամ կռահում եմ, թե որտեղ:
Փոխգնդապետը ոչինչ չասաց: Տարիների փորձը նրան սովորեցրել էր, որ լուրջ բան քննարկելիս շտապողականությունն անընդունելի է: Մի քիչ էլ ճանաչելով իր ենթակային՝ գիտեր, որ անգամ մի քանի ակնթարթը նրան բավական է, որ հավաքի մտքերը և ամեն ինչ հստակ ներկայացնի:
– Լսում եմ:
– Հիշո՞ւմ եք առաջին նամակը, որին հետևեց առաջին պայթյունը: Ի՞նչ թաքցնեմ՝ այդ գիշեր ես չէի կարողանում հավաքել մտքերս, քանի որ հոգեկան խռովքս մեծ էր: Ճանապարհին մի բաժակ գինի խմեցի, որ հանդարտվեմ ու հանգստանամ:
– Այ հենց այդ դեպքերում եմ ասում, որ պետք է ծխել,– կեսկատակ-կեսլուրջ նկատեց փոխգնդապետը, սակայն քննիչը կարծես անգամ չլսեց այդ ռեպլիկը:
– Տանը միացրեցի Բախի մի-բեմոլ մինոր (Es-moll) պրելյուդը Ռիխտերի կատարմամբ: Սակայն մտքերս այդպես էլ չհավաքվեցին: Միայն մի բան էր շարունակ պտտվում գլխումս՝ մի-բեմոլ մինոր պրելյուդ և կարմիր արեգակ: Ուսանողական տարիներին ձեռքս էր ընկել տասներորդ դարի իտալացի երաժշտական տեսաբան Գուիդո դի Արեցցոյի մի աշխատության թարգմանությունը: Բարեբախտաբար համացանցում հեշտությամբ գտա այն, ինչ փնտրում էի: Որպեսզի չչարաշահեմ երկուսիդ ժամանակը և համբերությունը, միանգամից անցնեմ բուն թեմային: Արեցցոն, մասնավորապես, երաժշտական ամեն հնչյուն կամ նոտա կապում է տիեզերական մի երևույթի հետ: Ըստ այդ մեկնաբանության էլ հետագայում յուրաքանչյուր նոտա ստացավ իր անունը: Ահավասիկ:
Քննիչը սեղանից մի թուղթ վերցրեց, ծոցագրպանից հանեց գրիչը ու սկսեց գրել.
Do (Dominus) = Աստված
Re (Rerum) = Նյութ Mi (Miraculum) = Հրաշք Fa (Familias Planetarium) = Մոլորակների ընտանիք Sol (Solis) = Արեգակ La (Lactea via) = Հարդագողի ճանապարհ Si (Siderae) = Երկինք |
Փոխգնդապետն ու փորձագետը ուշադիր նայում էին գրածներին:
– Հենց սրանով են բացատրվում նոտաների անվանումները: Պատահական բան չկա: Այս ամենն իհարկե կապված է նաև նոտաների հաճախությունների հետ: Moll նշանակում է մինոր, իսկ dur նշանակում է մաժոր: Առաջին օկտավայի լյա հնչյունը ըստ տեմպերացիայի կանոնների համապատասխանում է 440 հերց հաճախությանը: Յուրաքանչյուր հաջորդ (կամ նախորդ) հնչյուն տարբերվում է իր հարևան նոտաներից չափով՝ վերև կամ ներքև: Արդյունքում՝ երկրորդ օկտավայի լյա հնչյունը ուղիղ երկու անգամ ավելի բարձր հաճախություն ունի: Այսինքն՝ 880 հերց, և այլն:
– Լսիր, Թեոֆիլյան, որոշել ես մեզ երաժշտության դասե՞ր տալ: Հարմար պահ չես ընտրել:
– Պարոն փոխգնդապետ, մի րոպե, խնդրում եմ: Ի՞նչ գույն ուներ պայթած ավտոմեքենան:
– Ավտոմեքենա՞ն: Կարմիր…
– Այո, իսկ մեր շենքի պատե՞րը:
– Վարչության շենքի՞: Հըմ…
– Կարմրագորշ,– օգնության հասավ անվտանգության կապիտանը:
– Ահա, ճիշտ եք: Հիմա մի քայլ էլ առաջ գնանք: Գիտեմ, որ երկուսդ էլ ինձ անհույս ռոմանտիկ եք համարում, բայց ասեմ: Քանի՞ հիմնական գույն ունի ծիածանը կամ, եթե կուզեք, լույսի սպեկտրը:
– Յո՞թ…
– Այո, յոթ: Ինձ՝ ռոմանտիկիս, երկար ժամանակ մի հարց էր հուզում: Գոյություն ունեն օկտավայի յոթ հիմնական նոտաներ և յոթ հիմնական գույներ: Ես վստահ եմ, որ սա պատահական չէ: Ի դեպ, այս թեմայով էլ հրատարակված աշխատություններ կան: Համացանցում կարող եք գտնել: Ես հիմա չեմ խորանա տեմպերացիայի տեսության մեջ: Միայն ասեմ, որ կարելի է յոթ նոտաները կապել յոթ գույների հետ այս՝ առայժմ պայմանական ձևով.
Do (Dominus) = Աստված = Կարմիր
Re (Rerum) = Նյութ = Նարնջագույն Mi (Miraculum) = Հրաշք = Դեղին Fa (Familias Planetarium) = Մոլորակների ընտանիք = Կանաչ Sol (Solis) = Արեգակ = Երկնագույն La (Lactea via) = Հարդագողի ճանապարհ = Կապույտ Si (Siderae) = Երկինք = Մանուշակագույն |
– Ես վստահ չեմ, որ լուսային սպեկտրի գույները հենց այս հաջորդականությամբ է պետք շարել,– շարունակեց քննիչը:– Իմ կարծիքով՝ որոշակի շեղում պիտի լինի: Միգուցե դո նոտային համապատասխանում է ոչ թե կարմիրը, այլ երկնագույնը, իսկ սոլ նոտային՝ կարմիրը: Մենք այստեղ չդիտարկեցինք կիսատոները, որոնք հինգն են: Սա առանձին հետազոտության նյութ է: Հիմա եկեք կրկին հիշենք նամակները: Առաջին նամակում մեր հերոսը խոսում է Մի բեմոլ մինոր (Es-moll) պրելյուդի մասին և հիշատակում է կարմիր արեգակը: Արդյունքում պայթեց կարմիր ավտոմեքենան կարմիր (կամ կարմրագորշ) շենքի մոտ: Անցնենք առաջ: Երկրորդ նամակում նա խորհուրդ է տալիս լսել Ֆա-մինոր (F-moll) պրելյուդը և կարծես իմիջիայլոց հիշատակում է վտանգի նարնջագույն աստիճանի մասին:
– Բայց իրոք վտանգի նարնջագույն աստիճան է հայտարարված,– նկատեց փոխգնդապետը:
– Այո, բայց մեր «հերոսը» ինչո՞ւ պիտի հիշատակեր մի բանի մասին, որը մեզ առանց այդ էլ հայտնի է: Կարծում եմ՝ «նարնջագույն» բառի օգտագործումը պատահական չէ: Բացի այդ, երկրորդ պայթյունի արդյունքում վնասվել է հենց նարնջագույն բանկոմատը, որը գտնվում էր ORANGE անունով սրճարանի հարևանությամբ: Նաև ուշադրություն դարձրեք իմ երկրորդ աղյուսակին՝ շարքում երկրորդը հենց նարնջագույնն է:
Այս ամբողջ ընթացքում Ազգային անվտանգության կապիտանն ուշադիր լսում էր: Քննիչի վերջին բառերի վրա նրա աչքերը պսպղացին: գրպանից հանեց թղթերի տրցակը, գտավ վերջին նամակի պատճենը և բարձրաձայն սկսեց կարդալ.
«…Գիշերվա լռության մեջ ունկնդրել մեծն գերմանացու Gs-moll պրելյուդը ու երազել հեռավոր մոլորակների մասին, որոնց դեղնականաչ լույսը միլիոնավոր լուսատարիներ ճանապարհ կտրելով հասնում է մեր դալուկ հոգիներին…»:
– Ահա, Gs-moll-ը հենց սոլ-բեմոլ մինորն է: Նկատո՞ւմ եք օրինաչափությունը,– քննիչը ոգևորված նայեց խոսակիցներին:
– Բայց գունային սանդղակը հնչյունայինից որոշակի շեղում ունի դեպի աջ,– նկատեց կապիտանը:
– Այո,– հաստատեց քննիչը,– ըստ երևույթին մեր հրձիգն ուրիշ մոտեցում ունի, բայց երկու սանդղակներն էլ համաչափ են աճում: Այլ բառերով՝ տեմպերացված են:
– Իսկ ինչ հետևություն ենք անում երրորդ նամակից,– փոխգնդապետի ձայնը հուզված ելևէջներ էր պարունակում, իսկ մատների արանքում մնացել էր հանգած գլանակը:
– Երբ քիչ առաջ զբոսնում էինք Պլանետարիումի այգում՝ ես երևի ենթագիտակցորեն իրար կապեցի երրորդ նամակում հիշատակված «դեղնականաչ» բառը և այգու վերջնամասում հառնող շինհրապարակի ցանկապատի գույները՝ դեղին ու կանաչ շերտերով: Կարծում եմ՝ հաջորդ պայթյունը տեղի է ունենալու հենց այդտեղ:
– Հիմա հասկանում եմ, թե ինչու ես նախընտրում այգիներում ու սրճարաններում աշխատել: Կեցցե՛ս, Շերլոկ Հոլմս,– կեսկատակ-կեսլուրջ նկատեց փոխգնդապետը:– Իսկ կարո՞ղ ես հիմնավորել մտքերդ: Պիտի առաջնորդվենք միայն քո ինտուիցիայո՞վ, թե՞ ավելի լուրջ փաստարկներ ունես:
– Միայն մի տարբերակ կա այս ամենը ստուգելու համար: Եթե պայթյունն արդեն ծրագրավորված է, իսկ ես վստահ եմ, որ դա այդպես է, քանի որ ամեն օր մեկ պայթյուն է տեղի ունենում, ապա ուժանակը շինհրապարակում է:
– Իսկ ինչո՞ւ ոչ Պլանետարիումում:
– Դատելով նամակներից՝ մեր հերոսը սիրում է քաղաքի հին շինությունները, իսկ Պլանետարիումը դրանցից մեկն է: Բացի այդ՝ նա դեմ է քաղաքի ծառերի ոչնչացմանը հանուն նոր շինությունների կառուցման: Այս շինությունը հենց այդպիսին է:
– Այո, այգում բազմաթիվ ծառեր են կտրվել տարածք բացելու համար,– նկատեց փորձագետ-կապիտանը:– Պարոն փոխգնդապետ, պետք է շատ արագ գործել:
– Այո, պետք է շատ արագ շրջափակել այդ տարածքը, գտնել ու վնասազերծել պայթուցիկը:– Փոխգնդապետն արագաքայլ մոտեցավ հեռախոսին:
– Պարոն փոխգնդապետ, մի րոպե սպասեք, խնդրում եմ,– ասաց քննիչը:
– Էլ ի՞նչ կա:
– Մեզ ի՞նչ է պետք՝ վնասազերծե՞լ ուժանակը, թե՞ գտնել այդ մարդուն:
– Երկուսն էլ: Դա ի՞նչ հարց է,– բարկացավ փոխգնդապետը:
– Եթե մենք վնասազերծենք պայթուցիկը, ապա վախենամ, որ այլևս երբեք չենք գտնի հանցագործին:
– Ինչո՞ւ:
– Այսօրվա դրությամբ որևէ հանցանշան չի հայտնաբերվել՝ ոչ մատնահետք, ոչ ոտնահետք, ոչ էլ որևէ այլ բան, որ գոնե ուղղություն ցույց տա,– նկատեց փորձագետը:
– Հմ…– Փոխգնդապետը վերջապես նկատեց ձեռքի հանգած գլանակը: Համենայնդեպս խնամքով ճզմեց մոխրամանի մեջ ու նորը վառեց:– Լավ, իսկ ի՞նչ անենք: Ի՞նչ եք առաջարկում:
Մի քանի վայրկյան երեքն էլ լուռ էին: Առաջինը խոսեց քննիչը.
– Առաջարկում եմ ոչինչ էլ չանել: Պարզապես ինչ-որ պատրվակով հեռացնել շինարարության պահակին, որ նրան ոչինչ չպատահի: Այս ձևով մենք առավելություն կշահենք և կփորձենք կռահել մեր հերոսի հաջորդ քայլերը:
– Կապիտան, դո՞ւք ինչ կարծիքի եք,– փորձագետին դիմեց փոխգնդապետը:
– Միայն մի բան կավելացնեմ՝ կարծում եմ՝ պայթյունը տեղի կունենա գիշերը կամ էլ լուսադեմին: Մեր հերոսը կարծես չի ցանկանում, որ արյուն թափվի: Նրա ցանկությունը պարզապես ուշադրություն գրավելն է: Մյուս հարցերում ես լիովին համամիտ եմ քննիչ Թեոֆիլյանի հետ:
– Համամի՜տ եք… Բայց դուք երկուսդ մի բան հաշվի չեք առնում, որ իմ վերադասները, այդ թվում նաև ձե՛ր գերատեսչության գծով, կապիտան, ի՛մ կաշին են քերթելու, այլ ոչ թե ձեր: Արդեն երեք ահաբեկչական գործողություն է իրականացվել: Ինձնից պահանջում են ոչ միայն բացահայտում, այլ նաև կանխարգելում, գրո՛ղը տանի… Ես համամիտ եմ ձեզ հետ, բայց չեմ կարող միանձնյա որոշում կայացնել: Պիտի խոսեմ նախարարի հետ: Սպասե՛ք ինձ միջանցքում:
Միջանցքում կիսամութ էր: Չնայած ուշ ժամին՝ մի քանի աշխատասենյակներից խոսակցությունների խլացած ձայներ էին լսվում: Տարիքն առած հավաքարարը խնամքով լվանում էր միջանցքի հատակն ու դատարկում աղբամանները: Հինգ րոպեն անցավ լռության մեջ: Ամեն մեկն իր մտքերի հետ էր: Քննիչը գնահատում էր կապիտանի ընկերակցությունը և լռելու ու լսելու ունակությունը: Սակայն երկուսի ուղեղներն էլ աշխատում էին գերագույն լարումով:
Փոխգնդապետի ասած հինգ րոպեն դարձավ տասնհինգ: Նա բացեց դուռն ու ներս հրավիրեց: Առանց նստել առաջարկելու միանգամից ասաց.
– Ուրեմն այսպես: Կգործենք ձեր առաջարկած պլանով: Կապիտան, դուք ապահովեք պահակի բացակայությունը: Եթե պետք է՝ նրան հրավիրեք ոստիկանություն ինչ-որ անհեթեթ պատրվակով բացատրություն տալու և պահեք մինչ առավոտ:
– Մի բան կմտածենք:
– Լավ: Սցենարը համաձայնեցրեք պահակապարեկային ծառայության հետ: Հիմա ես նրանց տեղյակ կպահեմ: Թեոֆիլյան, դու…
– Ես կլինեմ հարակից գրադարանում: Այնտեղից ուղիղ տեսարան է բացվում դեպի շինհրապարակ:
– Շատ լավ: Հետդ օպերատիվ բաժնից մի քանիսին էլ վերցրու: Նկարահանում կազմակերպեք: Կապիտան, ձեր գծով ես արդեն պայմանավորվել եմ: Շուտով ձեզ կզանգահարեն և լրացուցիչ ցուցումներ կտան: Հարցեր կա՞ն:
– Ոչ, ոչ,– միաձայն պատասխանեցին քննիչն ու կապիտանը:
– Դե ուրեմն ժամանակ մի՛ կորցրեք: Գործի՛ անցեք:
Արդեն միջանցքում փոխգնդապետը նայեց չորս կողմն ու կիսաձայն ավելացրեց.
– Միաժամանակ մտածեք հաջորդ գործողությունների մասին: Մենք պետք է մեր «հերոսից» մի քայլ առաջ լինենք: Թեոֆիլյան, ես մեկ-երկու ժամից կմիանամ քեզ: Դու ծխելու բան ունե՞ս:
– Ես չեմ ծխում,– պատասխանեց քննիչը:
Փոխգնդապետը խոժոռեց դեմքն ու առանց պատասխանելու թափով մտավ իր աշխատասենյակը՝ շրխկացնելով ծանր դուռը:
* * *
Գրադարանի շենքում քար լռություն էր: Միջանցքի հերթապահ լույսերը հանգցրել էին և աթոռներ տեղադրել պատուհանից քիչ հեռու: Չնայած գրադարանի տարածքում ծխելը խստիվ արգելվում էր՝ քննիչը կարգադրել էր մի մոխրաման բերել և նաև թերմոսով սուրճ: Դրսում արդեն մութ էր, ու անձրև էր տեղում, այնպես որ կարելի էր հետևել փողոցի լուսարձակով լուսավորված շինհրապարակում ծավալվող գործողություններին առանց նկատվելու և ավելորդ ուշադրություն գրավելու: Գրադարանի պահակի մոտ ևս օպերատիվ մի աշխատակից էր հերթապահում:
Քննիչն անքթիթ նայում էր պատուհանից դուրս ու փորձում վերլուծել վերջին երեք օրերի իրադարձությունները: Շատ կցանկանար իր եզրահանգումներով կիսվել որևէ մեկի հետ, սակայն անվտանգության ծառայության կապիտանն այլ տեղ էր, իսկ փոխգնդապետն ուշանում էր: Որևէ այլ մեկին ցանկացած տեղեկություն տալը ոչ միայն խստիվ արգելված էր, այլև կարող էր ի չիք դարձնել բոլոր նախապատրաստական աշխատանքները:
Քիչ անց շինհրապարակի մոտ ուրախ տղաների մի խումբ հայտնվեց: Նրանցից մեկը մոտեցավ մայթից քիչ ներս ընկած դարպասին ու սկսեց միզել: Ինչպես և սպասվում էր՝ դա նկատեց շինարարության գիշերային պահակն ու արագաքայլ մոտեցավ երիտասարդին: Չնայած ոչինչ չէր լսվում, սակայն քննիչը կռահեց, որ պահակը խիստ բորբոքված է, իսկ երիտասարդն իրեն անվայելուչ է պահում: Հաջորդ պահին պահակը երկու ձեռքով հրեց երիտասարդին: Վերջինս գլորվեց գետնին: Գրեթե անմիջապես վրա հասան երիտասարդի ընկերները, ու քաշքշուկ սկսվեց նրանց ու պահակի միջև: Բառացիորեն մի քանի վայրկյան անց փողոցում հայտնվեց պահակապարեկային ծառայության մեքենան: Նկատելով քաշքշուկը՝ ոստիկանության աշխատակիցները կանգնեցրին մեքենան ու արագորեն դուրս վազեցին: Դա նկատելով՝ ջահելները փախուստի դիմեցին: Դեպքի վայրում մնացին միայն պահակն ու դարպասի վրա միզող երիտասարդը, քանի որ պահակն ամուր բռնել էր վերջինիս բաճկոնից: Ոստիկանները շատ արագ շրջապատեցին նրանց: Մեկ րոպեի չափ տևած բանակցություններից հետո երկուսին էլ ուժով ոստիկանական մեքենա նստեցրին: Այդ ընթացքում պահակը փորձեց ձեռքի հեռախոսով ինչ-որ տեղ զանգահարել, բայց ոստիկաններից մեկն անմիջապես նրա ձեռքից վերցրեց հեռախոսը: Տասնհինգ վայրկյան անց ոստիկանական մեքենան շարժվեց՝ իր հետ տանելով պահակին ու երիտասարդին:
«Մաքուր աշխատանք է»,– մտքում նկատեց քննիչը:
Հիմա արդեն որևէ մեկին վտանգ չէր սպառնում: Մնում էր սպասել դեպքերի զարգացմանը:
«Իսկ միգուցե ես մի բանում սխալվե՞լ եմ»,– ինքն իրեն հարց տվեց քննիչը:
Հենց այդ պահին զգաց, որը մեկը ետևի կողմից անձայն իրեն է մոտենում: Շրջվեց՝ փոխգնդապետն էր: Քննիչն ուզեց ոտքի կանգնել, սակայն վերադասը ձեռքի կտրուկ շարժումով նշան արեց չշարժվել: Ինքն էլ ծանրամարմին եկավ ու տեղավորվեց աթոռներից մեկին: Ձեռքով ծածկելով կրակը՝ մի գլանակ վառեց ու սկսեց զննել լուսավորված շինհրապարակը:
– Ի՞նչ կա,– կիսաձայն հարցրեց փոխգնդապետը: Նրա ձայնը բամբ էր, և անգամ կիսաձայնը շատ բարձր լսվեց:
– Պահակին հեռացրին: Սպասում ենք:
– Լավ… Մոխրամանը դո՞ւ ես դրել: Կեցցե՛ս: Կապիտանն ո՞ւր է:
– Սուրճ էլ կա, եթե կուզեք: Կապիտանը տարածքում է: Հեռախոսով կապի մեջ է ինձ հետ:
– Դե լցրու: Աչքիս՝ երկար գիշեր ենք ունենալու: Ու նկատառումներդ ասա: Հա, քանի չեմ մոռացել, քիչ առաջ նոր նամակ ենք ստացել: Ահա, կարդա՛:
Քննիչը վառեց գրպանի լապտերը, ափով պատուհանի կողմից ծածկեց լույսը ու սկսեց կարդալ.
«…դուք երբեք չեք գնահատում երկնագույն երկինքը՝ այն աներևույթ կամուրջը, որը մեզ կապում է տիեզերքին: Տիեզերքը իմաստության ակունքն է, ինչպես արեգակը՝ կյանքի: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես է Բախը հորինել իր գործերը: Ասենք՝ As-moll պրելյուդը… Ամեն մեծ ստեղծագործող դառնում է յուրահատուկ մի ալեհավաք, որը ճիշտ կարգավորման ու աղոթքի դեպքում ընդունում է տիեզերքում սփռված մեղեդիները կամ բանաստեղծական տողերը: Դրանք անսպառ են, ինչպես Բաբելոնի գրադարանը: Պարզապես ամեն մի գիրք կամ մեղեդի պիտի իր գրողին կամ երգահանին գտնի: Թող տիեզերքի անեծքն իջնի կապույտ երկինքը թունավորողների վրա…»:
– Հը՞, ի՞նչ կասես,– մի քիչ անհամբեր հեգնանքով հարցրեց փոխգնդապետը:
– Լավ բառ է: Նկատի ունեմ «երգահան» բառը:
– Միայն թե խնդրում եմ՝ հիմա էլ ինձ բառագիտության դասեր չտաս: Թեմայից խոսիր:
– Տեսեք շաղկապող բառերը՝ արեգակ, As-moll (լա-բեմոլ), երկնագույն, տիեզերք… Մենք պիտի գտնենք մի վայր, որն արեգակի հետ է կապված…
– Կամ էլ՝ տիեզերքի:
– Կամ էլ՝ տիեզերքի:
Խոսակցությունն ընդհատեց պայթյունի ձայնը: Շինհրապարակի կենտրոնում փայլատակություն եղավ, որին հաջորդեց խլացուցիչ որոտը: Նույն վայրկյանին միացան շրջակայքում կայանած տասնյակ մեքենաների հակաառևանգման շչակները: Քննիչը տեղից վեր թռավ, որ վազի դեպի դեպքի վայրը, սակայն փոխգնդապետի հզոր ձեռքը բռնեց նրա բաճկոնից:
– Մի՛ շտապիր: Թող նախ ոստիկանության պարեկային ծառայությունը ժամանի: Մենք ավելի ուշ կմոտենանք՝ ետնամուտքից: Կենտրոնացիր նամակի վրա: Լսիր, իսկ միգուցե երկնագույնը կապված է այդ միասեռականների հե՞տ: Դրանց այդպես են անվանում, չէ՞: Մենք գիտենք դրանց հիմնական հավաքատեղիները:
– Չեմ կարծում: Այստեղ այլ աղերս պիտի լինի:
– Ի՞նչ լինի:
– Այլ կապ:
– Հըմ… Չգիտեմ, չգիտեմ… Մտածիր, Թեոֆիլյան, մտածի՛ր: Կարող ես ծխել: Դա օգնում է ժողովել մտքերը:
– Վստահ չեմ: Ես սուրճ կխմեմ: Դա ինձ ավելի է օգնում: Երկնագույն, լա-բեմոլ, արեգակ, տիեզերք… Ես հյուրանոցներից մեկի ճակատային պատի վրա արեգակի բարձրաքանդակ եմ նկատել: Բայց, որքան հիշում եմ, երկնագույն բան այդ կողմերում չկա…
– Վերջերս բողոք-նամակ էր եկել մի խումբ ակտիվիստներից: Քաղաքից դուրս՝ Գառնի գյուղում, մի հեթանոսական տաճար կա: Գրել էին, որ դա Արևի տաճարն է: Ինչ-որ ձեռներեց ուզում էր դրա մոտակայքում սրճարան թե ռեստորան բացել…
– Այո, թերթերում ու սոցիալական ցանցերում էլ էր մեծ աղմուկ:
– Երևի: Դա քո գծով է: Բայց քանի որ հանցակազմ չկար՝ գործ չհարուցվեց: Սրճարանն էլ մնաց օդի մեջ կախված:
– Չգիտեմ… Արևի տաճարի պահով համաձայն եմ, բայց ներքուստ վստահ չեմ:
– Ամեն դեպքում մարդիկ կուղարկեմ այդ գյուղը: Թող զգուշորեն ստուգեն: Դա զբոսաշրջային կենտրոն է: Աստված չանի արտասահմանցիներից մեկին մի բան պատահի: Միջազգային սկանդալի մեջ կհայտնվենք: Տե՛ս, արդեն եկան:
Այդ պահին պարեկային ծառայության երկու մեքենա մոտեցավ շինհրապարակին: Ոստիկանները դուրս եկան ու սկսեցին զգուշորեն տնտղել տարածքը: Միաժամանակ լսվեց մոտեցող հրշեջ մեքենայի շչակի ձայնը:
– Իջնե՛նք: Ժամանակն է,– նկատեց փոխգնդապետն ու գլանակը հանգցրեց մոխրամանի մեջ:– Զանգիր կապիտանին, որ ինքն էլ մոտենա:
– Վստահ եմ, որ արդեն մոտենում է: Պարոն փոխգնդապետ, մի բան ասեմ, և հետո իջնենք: Ես հենց դրա համար եմ վստահ, որ ձեր նշած հեթանոսական տաճարն այս դեպքում կապ չունի: Եթե նկատեցիք՝ մեր «հերոսն» ամեն ինչ այնպես է անում, որ մարդկային զոհերը բացառվեն: Անգամ եթե պահակին այստեղից չհեռացնեինք, նրան ոչինչ էլ չէր պատահի:
– Միգուցե: Բայց ես չեմ կարող այդպիսի ռիսկի դիմել: Երկու հոգի կուղարկեմ Արեգակի տաճար: Թող առանց ուշադրություն գրավելու հոտոտեն: Ամեն դեպքում քո եզրահանգումները ճիշտ են: Այս մի պայթյունը կարողացար կռահել: Մտածիր մյուսի մասին: Իջա՛նք:
Քննիչը ճիշտ էր՝ կապիտանն արդեն տեղում էր և սկսել էր նախնական զննությունը:
– Նույն ձեռագիրն է՝ ձայնային հզոր էֆեկտ՝ ուշադրություն գրավելու նպատակով: Ավերածություններ չկան: Ամեն դեպքում հիմա կհավաքենք բոլոր նյութական ապացույցներն ու կուղարկենք փորձաքննության:
– Ես վստահ եմ, որ որևէ մատնահետք չենք գտնելու,– նկատեց փոխգնդապետը:– Բայց ես մի բան չեմ հասկանում՝ եթե այդ մարդը զուտ ուշադրություն է ցանկանում գրավել, ապա ինչպե՞ս բացատրենք առաջին պայթյունը վարչության շենքի դիմաց: Եթե այդ պահին շրջակայքում մարդիկ լինեին՝ հաստատ կվնասվեին: Զուտ բարի պատահականությամբ ոչ մեկը չտուժեց:
– Միգուցե ռումբի ուժգնությունը ճիշտ չէ՞ր հաշվարկել: Դա առաջին փորձն էր:
– Միգուցե, միգուցե… Ի դեպ, նախորդ պայթյուններից նորությո՞ւն կա: Ռումբի տեսակը և այլն…
– Կա,– նկատեց կապիտանը:– Այդպիսի ռումբ կարող է պատրաստել ամեն ոք, ով թեկուզ մի քիչ գաղափար և տեխնիկական հմտություններ ունի: Համացանցը լիքն է նման բաղադրատոմսերով: Դեղատներից, տնտեսական ու մթերային խանութներից էլ կարելի է ըստ էության բոլոր բաղադրամասերը ձեռք բերել:
– Լավ, այս մեկն էլ ստուգեք: Տեսնենք դա՛ մեզ ինչ կտա… Թեոֆիլյան, կապիտանին ներկայացրու վերջին նամակն ու քո նկատառումներն այդ առիթով: Շուտով լույսը կբացվի: Մենք, ինչպես միշտ, ժամանակ չունենք: Գործի՛ անցեք: Ներեցեք, պարոնայք, բայց քնելը հետաձգվում է:
* * *
Հերթական պայթյունը տեղի ունեցավ «Արեգակ» գիտահետազոտական ինստիտուտ-գործարանի մոտ: Լրիվ նույն ձեռագիրն էր: Ոչ մի մատնահետք, ոչ մի ոտնահետք: Ամեն երեկո և գիշեր տեղացող անձրևը կարծես հատուկ էր պատվիրված: Անգամ ոստիկանական խուզարկու շները որևէ հետք վերցնել չէին կարողանում:
Զոհեր չկային, քանի որ պայթյունը կրկին ձայնային էր և որոտացել էր ոչ աշխատանքային ժամին: Միայն պահակներն էին մի քիչ վախեցել: Հենց նրանք էլ ոստիկանություն էին զանգահարել և հայտնել տեղի ունեցածի մասին:
Փոխգնդապետն ակնհայտորեն դժգոհ էր: Դեպքի վայրից Քննչական վարչություն վերադառնալուց հետո շարունակ ծխում էր ու ետուառաջ քայլում իր աշխատասենյակում: Քննիչն ու անվտանգության կապիտանը լուռ հետևում էին նրան: Ի վերջո փոխգնդապետը նստեց ու ասաց.
– Ախր, կարելի էր, չէ՞, կռահել: «Արեգակ» գիտահետազոտական գործարան… Մազ էր մնում, որ կռահեինք…
– Մենք տասնյակ այլ օբյեկտներ շուրջօրյա զննության էինք առել: Այդ թվում՝ ձեր նշած հեթանոսական տաճարը,– նկատեց կապիտանը:
– Բայց մի՛ մոռացեք, որ մենք չենք զբաղվում հետախուզմամբ հաճույքի կամ զուտ դրանով զբաղված լինելու համար: Մեզ արդյունք է պետք:
– Մենք անում ենք հնարավոր ամեն բան:
– Իսկ ես ձեզ չեմ կաշկանդում, պարոնայք: Արեք անհնարինը ևս:
Փոխգնդապետն ակնհայտորեն բարկացած ու անտրամադիր էր: Քիչ առաջ խոսել էր նախարարի հետ, և ակնհայտ էր, որ նրա գովասանքին չէր արժանացել: Ուստի սրտում կուտակվածը ինչ-որ չափով նաև ենթականերին էր փոխանցում: Սակայն տարիների փորձը հուշում էր, որ նման իրավիճակներում զգացմունքներին տրվելը վատագույն տարբերակն է, ուստի շատ արագ հավաքեց իրեն: Մոտեցավ պատուհանին, խոր շունչ քաշեց ու մի պահ հայացքը հառեց ծաղկած բալենիներին: Փողոցն ասես բոցավառված լիներ դրանցով, իսկ բույրն այնքան ուժեղ էր, որ անգամ ծխախոտի ծխի թանձր ամպի միջով անցնում էր ու հասնում սենյակում գտնվողներին:
Փոխգնդապետը վերադարձավ ու նստեց իր հսկայական կաշեպատ աթոռին: Մի քանի վայրկյան նայեց քննիչի ու կապիտանի աչքերին և վերջապես ասաց.
– Լավ, փորձենք սառնասիրտ դատել ու գործել: Սա մեր աշխատանքն է: Եթե մենք չանենք՝ ուրիշը չի անելու: Թեոֆիլյան, քո նկատառումները:
Քննիչն ասես վաղուց պատրաստվել էր այդ հարցին, ուստի գրեթե անմիջապես պատասխանեց.
– «Արեգակ» գործարանի ընտրությունը, իմ կարծիքով, պայմանավորված է թունավոր արտանետումների հանգամանքով: Տարիներ առաջ հատուկ զտիչներ են տեղադրել, սակայն, երբ դրանք վերջնականապես խցանվել ու շարքից դուրս են եկել, գործարանի ղեկավարությունը պարզապես ապամոնտաժել է: Նոր զտիչներ չեն տեղադրել: Ինչպես ինձ բացատրեց գլխավոր ինժեները՝ պատճառը դրանց «աստղաբաշխական» գինն է: Այստեղ հանցակազմ, իհարկե, գոյություն ունի, սակայն զուտ բնապահպանության առումով: Գործարանը մի փոքրիկ տուգանք կվճարի, կպարտավորվի նոր զտիչներ ձեռք բերել և վերջ: Սա մեր գործառույթից դուրս է:
– Մեր գործին չի վերաբերում, բայց ամեն դեպքում առանձին քրեական գործ է հարուցված: Այդ գործով զբաղվող պատասխանատուն ինձ ասաց, որ գործարանի արտանետումները խիստ վտանգավոր են հատկապես երեխաների համար: Կարող են անշրջելի հիվանդություններ առաջ բերել, այդ թվում՝ քաղցկեղ: Եվրոպայում նման գործարանները կամ փակվել են, կամ էլ շատ խիստ հսկողության տակ են ամենատարբեր գերատեսչությունների կողմից: Համենայնդեպս, որևէ մեկի մտքով չի էլ անցնի առանց հատուկ այդ զ… զտ… ֆիլտրերի կիրառման թունավոր արտադրություն կազմակերպել: Մի բան էլ ասեմ, բայց մեր մեջ թող մնա: Այս մարդն ինչ-որ իմաստով բարի գործ է անում: Այո, պիտի գտնվի ու ձերբակալվի որպես գոնե հասարակական կարգը խախտող, մեքենա պայթեցնող, մեր ու քաղաքացիների անդորրը հարամող հանցագործ, բայց ես հոգուս խորքում համամիտ եմ նրա հետ: Երբեմն միայն նման քայլերով կարելի է հարցին հասարակական հնչեղություն հաղորդել:
Աշխատասենյակում լռություն տիրեց: Երևի քննիչն ու կապիտանը նույն բանն էին մտածում կամ էլ պարզապես չցանկացան հակաճառել իրենց վերադասին: Անախորժ լռությունն ընդհատեց դռան թակոցը:
– Մտե՛ք,– հրամայեց փոխգնդապետը:
Ներս մտավ վարչության գործավարը:
– Նամակ ունեք,– կարճ և կոնկրետ ասաց նա և նամակի հետ միասին մի թուղթ էլ հրամցրեց փոխգնդապետին: Վերջինս ստորագրեց ու վերադարձրեց թուղթը: Սպասեց մինչև գործավարը դուրս գա աշխատասենյակից, բացեց ծրարը և սկսեց խորասուզված կարդալ: Չընդհատելով կարդալը՝ մեքենայական շարժումով մի գլանակ հանեց տուփից ու բերանը դրեց: Քննիչը մոտեցավ ու գազայրիչը մոտեցրեց գլանակին: Փոխգնդապետն ագահորեն ներս քաշեց ծուխը՝ առանց հայացքը տեքստից կտրելու: Հետո նամակը երկարեց դեպի նստածներն ու ասաց.
– Կարդացե՛ք: Նոր նամակ ենք ստացել մեր «հերոսից»:
Կապիտանը վեր կացավ, վերցրեց նամակը, կրկին նստեց քննիչի կողքին, ու միասին սկսեցին կարդալ.
«Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու,
Երկու ճամփորդ պատառոտած շորերով:
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով:
Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր:
Ու սիրում ենք առավոտից-իրիկուն
Ճամփա երթալ — և հավիտյան երազել…
Ես սիրում եմ կարդալ այդ տողերը ու լսել Բախի B-moll պրելյուդը: Տրվել կապույտ երկնքում սավառնող իմ հուշերին, որ Հարդագողի ճամփով տանում է մեզ դեպի մանկություն, որտեղ ամեն ինչ կատարյալ էր թվում…»:
– Ձեր նկատառումնե՞րը,– հարցրեց փոխգնդապետը:
– Վստահաբար նույն թեման է,– նկատեց քննիչը:– Մեր աղյուսակից օգտվելով կարող ենք միանգամից նշել բանալի-բառերը՝ կապույտ, Հարդագողի ճանապարհ, սի-բեմոլ:
– Դա մեզ ի՞նչ է տալիս:
– Առայժմ ոչինչ,– մի քիչ դադար տալուց հետո պատասխանեց քննիչը:
– Ոչինչ… Ուրեմն ոչինչ անել չե՞նք կարող: Դեռ ժամանակ կա: Մտածե՛ք: Բայց ես հիմա պիտի մի քանի կարևոր զանգեր անեմ: Դուք չեք կարող այստեղ մնալ:
– Եթե դեմ չեք՝ մենք մի տեղ սուրճ կխմենք ու կզրուցենք,– առաջարկեց քննիչը:
– Դեմ չեմ, բայց մոտակայքում: Ես ամեն րոպե կարող եմ զանգահարել ձեզ:
– Շատ լավ:
Փոխգնդապետը սպասեց մինչև քննիչն ու կապիտանը դուրս եկան, ապա վերցրեց հեռախոսի ընկալուչն ու սկսեց հավաքել համարը: Լռության մեջ լսվում էին փողոցի աղմուկն ու մեղուների երգը բալենիների վրա:
* * *
Փոքրիկ, ծառերի տակ կուչ եկած սրճարանում այլ հաճախորդներ չկային: Քննիչն ու կապիտանը սուրճ պատվիրեցին, նախապես վճարեցին ու սպասեցին, որ մատուցողուհին հեռանա:
– Ի՞նչ ես մտածում,– հարցրեց կապիտանը: Չորսօրյա ակտիվ համատեղ աշխատանքը նրանց գրեթե մտերմացրել էր, և, իրենք էլ չնկատելով, արդեն իրար «դու»-ով էին դիմում:
Քննիչը մի ումպ արեց սուրճից, անձեռոցիկով խնամքով սրբեց բերանն ու ասաց.
– Բանաստեղծական մեջբերումը Չարենցից է:
– Այո, կարծեմ հենց այդպես էլ կոչվում է՝ «Հարդագողի ճամփորդները»:
– Կարծում եմ՝ հաջորդ պայթյունը հենց Չարենցի փողոցում է լինելու:
– Երկար փողոց է,– նկատեց կապիտանը:
– Կփորձենք կարճացնել,– ժպտաց քննիչը:– Բայց, նախ, մի բան եմ ուզում հարցնել քեզ: Ի՞նչ ես կարծում՝ ինչո՞ւ է մեր հերոսը զգուշացնում մեզ: Չէ՞ որ կարող էր պարզապես դե-ֆակտո նամակ ուղարկել: Պայթեցնել ինքնաշեն ռումբը և պահանջ ներկայացնել՝ հաջորդ պայթյունի սպառնալիքով: Եվ, եթե նկատեցիր, նա ամեն կերպ խույս է տալիս մարդկային զոհերից և լուրջ ավերածություններից:
– Վստահ չեմ: Հիշիր առաջին պայթյունը:
– Հա… Բայց ինչ-որ մի բան առաջին պայթյունը այս շարքից դուրս է հանում: Դուք այդպես էլ որևէ հետք չգտա՞ք:
– Բացարձակապես ոչինչ: Բոլոր մատնահետքերը ստուգեցինք, որքանով որ դա իհարկե հնարավոր է այրված մեքենայի պարագայում: Ոչ մի օտար հետք: Անգամ պայթուցիկ նյութի կամ որևէ կասկածելի քիմիական միացություն չգտանք: Մի քիչ անհասկանալի է:
– Մեքենայի տիրոջ վարկածը բացառո՞ւմ ես:
– Ոչինչ չեմ բացառում, բայց դրդապատճառ չեմ տեսնում: Քննչական վարչության արխիվի աշխատող է: Անգամ օպերատիվ աշխատանքի հետ որևէ կապ չունի: Մեքենան մեծ դժվարությամբ է գնել՝ տարիներ շարունակ փող կուտակելով ու պարտք անելով: Բացի այդ՝ նա մինչև հիմա ցնցակաթվածի մեջ է՝ բժիշկների հսկողության տակ: Նրա հետագա բոլոր քայլերը չափից դուրս բացահայտ կլինեին:
– Իսկ գործընկեր-հանցակից տարբերա՞կը:
– Հըմ… Չգիտեմ: Ամենակարևորը՝ դրդապատճառ չեմ տեսնում: Ես բժշկական խալաթ հագա ու զրուցեցի հետը իբրև հոգեբան: Երաժշտությունից գրեթե գաղափար չունի: Դո և ռե նոտաներն իրարից չի տարբերում: Բախ անունը նրան ոչինչ չասաց: Ինչ-որ մեքենայի անվանը նմանեցրեց:
– Երևի Մայբախի,– ժպտաց քննիչը:
– Երևի: Չգիտեմ: Կարծում եմ. այդ մարդու վարկածը պարզապես ժամանակի կորուստ է և փակուղի է տանում: Մենք նրանով ենք զբաղվում, քանի որ ավելի հեռանկարային վարկած չունենք:
– Համաձայն եմ: Բայց կրկնեմ հարցս՝ ինչո՞ւ է մեր «հերոսը» մեզ նախազգուշացնում:
– Միգուցե զգուշավորությունի՞ց: Դժվար է հաշվարկել պայթյունի իրական ուժը: Չի ցանկանում, որ անգամ պատահական զոհեր լինեն:
– Հնարավոր է: Ինձ թվում է՝ նա ցանկանում է, որ մենք իմանանք: Համենայնդեպս՝ կռահելու հնարավորություն է տալիս:
– Ինչ-որ բան կա, որ չե՞ս ցանկանում ասել:
– Կասեմ, երբ ի մի բերեմ մտքերս: Հիմա շատ ցաքուցրիվ են: Դու էլ մտածիր: Սա կարող է խնդրի լուծման բանալին լինել:
– Բուրատինոյի բանալի՞ն,– ծիծաղեց կապիտանը:
– Մեքենադ մոտի՞կ է,– հարցրեց քննիչը:
– Այո, ի՞նչ կա: Փոխգնդապետն ասաց, որ հեռու չգնանք:
– Արի գոնե մի անգամ անցնենք Չարենցի փողոցով: Միգուցե տեղում մի բան գա մտքներիս:
Կապիտանը համակերպված ոտքի ելավ: Քայլեցին դեպի մեքենան:
– Ո՞ր կողմից մոտենամ:
– Բժշկական համալսարանի:
– Ինչո՞ւ հենց այդ կողմից: Այդտեղ ձախ շրջադարձ չկա:
– Մի բան կմտածենք: Գնացինք:
Հենց առաջին պահին երկուսի ուշադրությունն էլ գրեթե միանգամից գրավեց հսկա մի ցուցանակ: Առանց մեքենայից դուրս գալու կարդացին՝ «Հարդագողի ճանապարհ» գիշերային ակումբ: Առանց մի բառ ասելու իրար նայեցին: Կապիտանը հարյուր մետրի չափ էլ առաջ գնաց, շրջադարձ արեց ու կայանեց գիշերային ակումբի դիմացի մայթին: Գրեթե մեկ րոպե անց քննիչն ասաց.
– Երևի պետք է ավելի հաճախ նման տեղեր այցելել: Համենայնդեպս՝ մտածելու համար հարմար տեղ է երևում:
– Կատակի ես տալիս: Ի՞նչ անենք: Երևի զանգենք փոխգնդապետին:
– Կարելի է,– նկատեց քննիչն ու գրպանից հանեց շարժական հեռախոսն ու մի քանի կոճակ սեղմեց:
– Զբաղված է: Չեմ ուզում խանգարել: Կտեսնի, որ զանգել եմ, ու ետ կզանգի: Բայց ես ուզում եմ մի քիչ ոտքով քայլել: Սպասիր ինձ այստեղ:
Քննիչը դուրս եկավ մեքենայից, գրեթե աննկատ անցավ փողոցն ու անցավ գիշերային ակումբի մոտով: Հետո մտավ խանութ: Մեկ րոպե անց դուրս եկավ՝ ձեռքին ծխախոտի տուփ:
– Պատրաստվում ես ծխե՞լ,– հարցրեց կապիտանը, երբ քննիչը հայտնվեց իր կողքին:
– Փոխգնդապետին կնվիրեմ: Ավելի հարմար բան չգտա: Կարող ենք վերադառնալ վարչություն:
– Ամեն ինչ պարզեցի՞ր:
– Ինչ որ մեզ պետք էր:
– Դե լավ, շեֆիդ ներկայությամբ կասես, որ չկրկնես:
* * *
Փոխգնդապետն ուշադիր լսեց քննիչին և կապիտանին ու կրկին մտածմունքների մեջ ընկավ:
– Լավ, բա ի՞նչ անենք հիմա: Ասում եք՝ վստա՞հ եք:
– Իննսունինը տոկոսով: Համենայնդեպս որևէ այլ շաղկապվող բան ես չեմ տեսնում,– ասաց քննիչը:
– Ես էլ,– նկատեց կապիտանը:
– Չարենց, Հարդագողի ճանապարհ, կապույտ… Իսկ ինչո՞ւ կապույտ:
– Այդ գիշերային ակումբում նաև մեծ թվով միասեռականներ են հավաքվում: Երևի դա նկատի ունի,– պատասխանեց քննիչը:
– Դու որտեղի՞ց գիտես: Չլինի՞ թե այդ ակումբում էլ ես սիրում նստել ու մտածել:– Փոխգնդապետի ձայնի մեջ թեթևակի հեգնանք կար, որը գրեթե մարում էր հոգնածության մեջ:
Քննիչն անվրդով մնաց, իսկ կապիտանն ամոթխած ժպտաց ու ասաց.
– Այստեղ գալու ճանապարհին ես տեղեկություններ հավաքեցի մեր գերատեսչության օպերատիվ աշխատակիցներից:
– Լավ: Ի՞նչ ենք անելու: Ինչ առաջարկներ կան:
Մի պահ երեքն էլ լռեցին: Առաջինը խոսեց քննիչը.
– Ինչը և նախորդ անգամ: Այսինքն՝ ոչինչ:
Փոխգնդապետը ջարդելու աստիճան ետ ընկավ իր հսկա աթոռին, ապա կտրուկ առաջ եկավ ու ասաց.
– Հիմնավորի՛ր:
– Ճշմարտության պահն է: Ում նյարդերն ավելի թույլ են՝ նա էլ առաջինը սխալ թույլ կտա: Եթե մենք ցույց տանք, թե կռահել ենք նրա ծրագիրը, ապա նա խոր ընդհատակ կանցնի:
– Եվ մենք կկորցնենք բոլոր կապերը,– նկատեց կապիտանը:
– Իսկ եթե մենք թույլ տանք, որ նա շարունակի իր խաղը, ապա վստահ եմ, որ մի օր մի տեղում նա անպայման կսայթաքի ու մեր սարդոստայնում կհայտնվի:
– «Խաղը» բառը տեղին չէ, Թեոֆիլյան,– մի քիչ գրգռված ասաց փոխգնդապետը:– Դուք չգիտեք, թե ինձ վրա ինչ ճնշում են բանեցնում վերևներից: Եվ երևի պետք էլ չի, որ իմանաք: Կենտրոնացեք օպերատիվ աշխատանքի վրա: Ասում էիք՝ այդ մարդը երաժշտության լուրջ գիտակ է: Միգուցե իմաստ ունի, որ ստուգենք կոնսերվատորիայի, երաժշտական ուսումնարանների և դպրոցների դասախոսներին ու դասատուներին, անկախ երաժիշտներին… Առանց ավելորդ ուշադրություն գրավելու, իհարկե:
– Առանց ուշադրություն գրավելու դա անելու համար մեզ առնվազն երկու հարյուր-երկու հարյուր հիսուն աշխատակից է պետք: Մենք դա չենք կարող անել:
– Բացի այդ՝ մենք անմիջապես ուշադրություն կգրավենք: Հաստատ: Բավական է մի չնչին սայթաքում (իսկ նման բազմամարդ ստուգման դեպքում դա բացառված չէ)՝ բամբասանքն ու կասկածի ալիքը կտարածվի ողջ քաղաքում:
– Հըմ…– դժգոհ փնչացրեց փոխգնդապետը:
– Ես չեմ կարող հիմա ապացուցել, բայց գրեթե վստահ եմ, որ ձեր նշած հաստատություններում մենք ոչ մի բան չենք գտնի: Եկեք այլ՝ դեդուկտիվ ճանապարհով գնանք:
– Այսինքն՝ ամեն ինչ թողնենք ինքնահոսի՞: Դա՞ է ասածդ: Թողնենք, որ այդ սրիկան շարունակի կռիվ-կռի՞վ խաղալ:
– Թող խաղա: Չէ՞ որ տուժողներ չկան,– միջամտեց կապիտանը:
– Դուք չեք հասկանում գործի ամբողջ լրջությունը: Միլիոնանոց քաղաքում օրհասական տրամադրություններ են ծնվում: Մարդիկ ծիծաղում են մեզ վրա ու հիանում այդ հրձիգով, ինչպես ժամանակին Հիպոկրատով:
– Հերոստրատով,– ուղղեց քննիչն ու անմիջապես ավելացրեց,– ներեցեք:
Փոխգնդապետն ասես չլսեց վերջին բառերն ու բորբոքված շարունակեց.
– Վերադասներն ի՛մ կաշին են քերթելու, իսկ ես՝ ձեր: Սա լա՛վ իմացեք:
– Պարոն փոխգնդապետ, սա հինգերորդն է լինելու: Ես վստահ եմ, որ ութերորդը վերջինը կլինի:
– Այսինքն՝ ես դեռ պետք է ևս չորս պայթյուն հանդուրժե՞մ:
– Այս մեկը չհաշված՝ երեք:
– Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ ես արդեն տվել եմ իմ համաձայնությունը:
– Կներեք, որ կրկնում եմ, բայց մենք ճիշտ հետքի վրա ենք: Եթե հիմա ակտիվ ու տեսանելի գործողությունների դիմենք, ապա այդ մարդը կթաքնվի, ու մենք ոչինչ չենք գտնի: Երեք-չորս օրից դուք արդեն պարզերես կլինեք ձեր ղեկավարության առջև:
Փոխգնդապետը չպատասխանեց: Մի նոր գլանակ վառեց ու սկսեց հաճույքով ծխել: Երկու-երեք րոպե անց, որ հավերժություն թվաց, ասաց.
– Լավ: Ես հիմա կզեկուցեմ նախարարին և կփորձեմ համոզել նրան: Սպասեք ինձ միջանցքում:
Քննիչն ու կապիտանը դուրս եկան: Իսկ փոխգնդապետը գրեթե զզվանքով նայեց հեռախոսին, հոգոց հանեց ու հավաքեց իրեն այդքան ծանոթ համարը:
Տասը րոպե անց ներսից լսվեց նրա թավ ձայնը.
– Նե՛րս եկեք, շերլոկներ:
* * *
Գիշերային ակումբում կիսախավար էր: Ավելի բնական երևալու համար կապիտանն օպերատիվ բաժնից երկու սիրունատես աշխատակցուհի էր հրավիրել: Քննիչն անգամ զարմացավ, որ անվտանգության համակարգում նման գեղեցկուհիներ են աշխատում: Ակումբում անտանելի բարձր երաժշտություն էր հնչում, ուստի իրար լսելու համար պետք էր բերանը ընդհուպ մոտեցնել զրուցակցի ականջին: Կապիտանը վիսկի և մարտինի պատվիրեց, ու չորսով տեղ զբաղեցրին անկյունային մի սեղանի շուրջը:
Դասական երաժշտությանը սովոր քննիչն իր տեղը չէր գտնում: Քիչ անց սկսեցին նոր այցելուներ երևալ, որոնց մեջ նկատվում էին նաև միասեռականներ, որքանով որ կարելի էր ենթադրել նրանց շարժուձևից: Քիչ չէին նաև թեթևաբարո աղջիկները, անհասկանալի խոժոռադեմ երիտասարդները և բազմապիսի այլ մարդիկ՝ հիմնականում ջահել կամ միջին տարիքի: Բարմենը բնազդային ճարպկությամբ կոկտեյլներ էր խառնում և հրամցնում այցելուներին: Աղջիկները ծխելու բան խնդրեցին: Քննիչը հիշեց, որ դեռ ցերեկը մի տուփ գլանակ էր գնել մոտակա մթերային խանութից: Հյուրասիրեց աղջիկներին: Նրանցից մեկը թեքվեց դեպի քննիչն ու ասաց.
– Չեք հավատա, բայց իմ կյանքում սա երկրորդ կամ երրորդ գլանակն է: Դուք՝ տղաներդ, չեք ծխում, իսկ ես ստիպված պիտի ծխեմ, որ շատ չտարբերվենք մյուսներից:
Ի պատասխան՝ քննիչը միայն ժպտաց: Ուշքն ու միտքը հիմնական սրահում էին, ուր արդեն ասեղ գցելու տեղ չկար: Կապիտանը շաղակրատում էր մյուս գեղեցկուհու հետ, որքանով որ հնարավոր էր շաղակրատել նման աղմուկի պայմաններում:
Կեսգիշերին մոտ դիսկո երաժշտության ռիթմիկ դմփդմփոցը խլացրեց պայթյունի ձայնը: Ավելի հեռու գտնվողներին թվաց, թե դա շոուի մի մասն է, և հիացմունքի ու ոգևորության ճիչերը թնդացրին գիշերային ակումբը: Տասնհինգ-քսան վայրկյան անցավ մինչև ներկաները հասկացան եղելությունը և շտապեցին դուրս փախչել: Քննիչը, կապիտանը և աղջիկները ևս շտապեցին դուրս գալ՝ ուշադրություն չգրավելու համար: Երբ մի քիչ հեռացան դեպքի վայրից՝ քննիչը զանգեց փոխգնդապետին ու ցածրաձայն զեկուցեց.
– Ռումբը պայթեց 00:23 րոպեին: Զոհեր և վիրավորներ չկան, բայց բոլորն ահավոր վախեցած են: Օպերատիվ խումբ ուղարկեք: Մենք հեռանում ենք:
* * *
– Մեր «հերոսը» հստակ մշակված ծրագիր ունի: Տեսեք, թե ում դեմ է գործում – քննչական վարչություն, բանկ, հատված ծառերի տեղում վեր հառնող ռեստորան, օդը թունավորող գործարան, միասեռականների գիշերային ակումբ… Ես սա օրինաչափ եմ համարում,– նկատեց փոխգնդապետը:
– Շատ օրինաչափ է, պարոն փոխգնդապետ,– պատասխանեց քննիչը:
– Կապիտանն ի՞նչ կարծիքի է:
– Նա ինձ հետ հիմնականում համամիտ է: Շուտով նա կմիանա մեզ:
– Թեոֆիլյան, քանի երկուսով ենք, ինձ մի բան ասա… Դու ի՞նչ ես մտածում այս ամենի մասին:
– Քննչական վարչության մոտի պայթյունը չի տեղավորվում այս շղթայի մեջ:
– Լավ էլ տեղավորվում է,– պատասխանեց փոխգնդապետը:– Ես հասկանում եմ տրամաբանությունը. քաղաքում այլանդակ բաներ են կատարվում, իսկ դուք՝ ոստիկաններդ, աչք եք փակում: Ա՛յս տեսանկյունից նայիր:
– Ես կարող եմ նայել, բայց ես ինքս այդպես չէի անի: Վայրագությունը մեր «հերոսի» մեթոդը չէ:
– Դե, որ այդքան խելացի ես և ահաբեկչասեր, ահա՛, կարդա՛: Վեցերորդ նամակն է:
Քննիչը զգուշորեն վերցրեց թերթիկն ու սկսեց ուշադիր ընթերցել:
«…մեզ այնքան քիչ բան է մնացել՝ բալենիները, թափառական շները, կապույտ երկինքը: Թող անիծվեն կապույտ երկինքը մեզնից փակողները: Ես գիտեմ՝ այդ մարդիկ ատում են գեղեցիկը: Եթե ես նրանց դահիճը լինեի՝ կկարգադրեի, որ նրանց տներում օրուգիշեր Բախի C-moll պրելյուդը հնչեր: Նրանք կփորձեն փախչել, բայց դա անհնար է, քանզի անհնար է թաքնվել տիեզերքից, երբ ինքդ էլ նրա մի փոքրիկ, թեկուզ և ողորմելի մասնիկն ես»:
Փոխգնդապետն անհասկանալի ժպիտով ուղղակի շաղափում էր քննիչին: Ի վերջո ասաց.
– Մտածո՞ւմ ես: Մտածիր, զավակս, մտածիր…
Քննիչը զարմացած վերադասին էր նայում: Փոխգնդապետը հրաշալի մարդ էր, սակայն երբեմն անտանելի էր դառնում:
– Թույլ տվեք դուրս գալ և աշխատել:
– Լավ ձև ես գտել՝ թափառել այգիներում ու սրճարաններում տիտիկ անել: Իսկ ես պիտի մնամ այստեղ ու այս զանգերի տարափին դիմանամ: Գնա քո սենյակը և այնտեղ մտածիր: Վարչությունից դուրս չգաս: Ես դեմ չեմ քո մեթոդներին, թեև շատ բաներ չեմ ընդունում: Բացի այդ՝ կարող է ինձ շատ շտապ պետք գաս: Դրա համար չեմ ուզում, որ հեռանաս: Նամակը պատճենահանիր և պատճենը տար հետդ: Գնա՛:
* * *
Աշխատասենյակի բաց պատուհանի մոտ կանգնած՝ քննիչը փորձում էր ժողովել մտքերը, բայց աչքի առաջ շարունակ փոխգնդապետի անհասկանալի ժպիտն էր: Ի վերջո, կամքի ուժով փորձեց մոռանալ այդ անհասկանալի պատկերը և կենտրոնանալ նամակի վրա: Որևէ կապող բան չէր նկատում: Հեռախոսով Բախի դո-մինոր պրելյուդը միացրեց, որ անցյալում երևի հարյուրավոր անգամներ լսել էր: Եվ ամեն անգամ էլ նույն զգացողությունն էր ունեցել՝ երկրային դժգույն իրականության և երկնքի միջև անկապանք ճախրող փետուրի պես անչար ու ժամանակից դուրս… Այս անգամ էլ լրիվ նույն զգացողությունն էր:
Երկրորդ անգամ լսելու ընթացքում դուռը թեթևակի թակեցին: Ներս մտավ կապիտանը և բառացիորեն թաղվեց մաշված կանաչ բազկաթոռի մեջ: Նա սպասեց՝ մինչ մեղեդին ավարտվեց, ու մի տեսակ մեղավոր դիմեց քննիչին.
– Արդեն կարդացե՞լ ես:
– Այո, հենց դրա մասին եմ մտածում:
– Լսիր, փոխգնդապետն ինչո՞ւ է այդքան տարօրինակ այսօր: Անգամ չբարևեց ինձ:
– Ինքս չեմ հասկանում: Անհասկանալի ժպիտը միշտ աչքիս առաջ է: Ինձ ուղարկեց այստեղ՝ մտածելու: Մի բան կա, որ ինձ չի ասում: Բայց արի զգացմունքներին չտրվենք: Զայրանալը ղեկավարության մենաշնորհն է: Մեր գործը աշխատելն ու արդյունք ստանալն է: Ես ինչ-որ տեղ հասկանում եմ նրա դժգոհությունը: Հարցնում է, թե երբ է ավարտվելու այս ամենը: Իսկ ես հստակ պատասխան չունեմ, թեև ինտուիտիվ զգում եմ, որ շուտով, շատ շուտով: Բայց դա ապացուցել չեմ կարող: Նաև հասկանում եմ, որ նրան վերևից սեղմում ու շտապեցնում են, բայց ես դեմ եմ արհեստական արդյունքներին:
– Արդյունք հանուն արդյունքի:
– Այո, նման մի բան… Մեզ պետք է հասկանալ հանցագործության դրդապատճառները: Մենք, վստահ եմ, ճիշտ հետքի վրա ենք: Մեր «հերոսը» մի տեղ հաստատ պիտի թեկուզ փոքրիկ սխալ թույլ տա ու հենց դրա վրա բռնվի: Իսկ եթե…
Քննիչի բառերն ընդհատեց ներքին հեռախոսի տհաճ զնգոցը: Լսափողի մեջ լսվեց փոխգնդապետի հրամայական ձայնը.
– Շտա՛պ եկեք ինձ մոտ: Հենց հիմա՛:
Քննիչն ու կապիտանը արագորեն դուրս եկան սենյակից ու վազեցին միջանցքի ծայրը, ուր վերադասի աշխատասենյակն էր: Դուռը կիսաբաց էր, ուստի առանց թակելու ներս մտան: Փոխգնդապետի դեմքին նույն անհասկանալի ժպիտն էր:
– Դե ի՞նչ, Շերլոկ Հոլմս և դոկտոր Վաթսոն, մտածեցի՞ք:
– Մենք փորձում ենք ի մի բերել բոլոր տեղեկությունները և…– փորձեց խոսել քննիչը, սակայն փոխգնդապետը կտրուկ ընդհատեց նրան.
– Դուք կարող եք շարունակել մտածել, բայց մեր գործընկերները Ազգային անվտանգության ծառայությունից արդեն բացահայտել են գործը: Կասկածյալը ձերբակալված է: Շնորհավորում եմ, պարոնայք, փայլուն աշխատանքի համար,– փոխգնդապետի ձայնը ազդու էր, սակայն զգացվում էին հուսահատությունն ու տագնապը:
– Ի՞նչ,– գրեթե միաժամանակ հարցրին քննիչն ու կապիտանը:
– Ինձ ոչինչ չեն ասել,– ավելացրեց կապիտանը:
– Դուք ուղարկված էիք մեր վարչության տրամադրության տակ, ուստի ձեզ ոչինչ չէին էլ կարող ասել: Ինչ արած, միջգերատեսչական մրցակցություն է, և այս անգամ հաղթեց ձեր գերատեսչությունը: Հիմա նախարարը կզանգի… Գետինը բացվեր՝ մեջը մտնեի…
– Բայց ո՞վ է, պարոն փոխգնդապետ, անունը կա՞:
– Ամեն ինչ էլ կա: Կոնսերվատորիայի դասախոս է: Ահա, այս զեկուցագրում գրված է՝ այսինչ այսինչյան, Պետական կոնսերվատորիայի դասախոս: Յոհան Սեբաստիան Բախի երկրպագու և մասնագետ: Բռնվել է հանցանքի վայրում, երբ փորձել է Կոնսերվատորիայի արհեստանոցում ինքնաշեն ռումբ պատրաստել: Մի խոսքով՝ ամեն ինչ պարզ է: Հիմա հարցաքննվում է: Բայց ավաղ՝ ոչ մեզ մոտ: Ահա թե ինչ է նշանակում լսել դեղնակտուցներիդ ու արհամարհել սեփական փորձը: Սա ինձ դաս կլինի… Չքվե՛ք աչքիցս, քանի դեռ երկուսիդ էլ չեմ պաշտոնազրկել ու ավտոտեսուչ սարքել: Պինկերտոններ…
Քննիչն ու կապիտանը հասկացան, որ ավելի լավ է դուրս գալ, քան շարունակել զրույցը: Ամբողջ օրն անցավ անիմաստ սպասումների մեջ: Ոչ փոխգնդապետը, ոչ էլ մեկ ուրիշը որևէ տեղեկություն չփոխանցեցին: Վարչության շենքում մեծ ներքին լարվածություն էր զգացվում: Քննիչը մի կերպ սպանեց աշխատանքային ժամերն ու քայլեց դեպի տուն: Ճանապարհին մտավ իր սիրած գինետունը ու մի բաժակ վարդագույն գինի պատվիրեց: Դաշնակահարը ինչ-որ հին մեղեդի էր կորզում իր դարն ապրած գործիքից: Մի պահ միայն, առանց դադարեցնելու իր գործը, հայացք նետեց քննիչի կողմն ու շարունակեց նվագել: Նրա դեմքին անհոգ մի ժպիտ կար: «Երջանիկ մարդ»,– մտածեց քննիչը: «Ոչ դարդ ունես, ոչ հանցագործ պիտի գտնես…»: Հետո, առանց գինու համն անգամ փորձելու, վճարեց ու քայլեց տուն: Արդեն մուտքի մոտ հնչեց հեռախոսի զանգը: Կապիտանն էր: Առաջարկում էր հանդիպել: Քննիչը համաձայնեց, քանի որ չէր ցանկանում մենակ մնալ ու կրկին տրվել մտածմունքներին՝ հատկապես, որ դրանք իրեն փակուղի էին տարել:
Հանդիպեցին այգում: Առաջինը խոսեց կապիտանը.
– Այստեղ մի լավ սրճարան կա: Երկնաքերի վերջին հարկում: Հրաշալի տեսարան է բացվում: Արի գնանք այնտեղ: Այս ժամին պիտի որ շատ մարդ չլինի: Մի բան կխմենք: Երկուսիս էլ պետք է:
Քննիչը գլխով համաձայնության նշան արեց: Նրա համար միևնույն էր ուր գնալ:
Սրճարանն իսկապես անզուգական էր: Երևի քաղաքի կենտրոնի ամենաբարձր կետն էր, ուստի ամեն ինչ ափի մեջ էր երևում՝ անգամ քննչական վարչության կարմրագորշ շենքը: Սառույցով վիսկին թեթև հանգստություն բերեց երկուսին էլ: Քննիչը շարունակում էր լռություն պահպանել: Կապիտանը փորձեց սփոփել գործընկերոջը.
– Լսիր, ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Ի վերջո՝ հանցագործությունը բացահայտվել է: Բոլորիս էլ դա է պետք: Ռադիոյով արդեն հաղորդեցին, որ բռնել են չարագործին: Մի քանի շաբաթից փոխգնդապետդ էլ կհանդարտվի ու ամեն ինչ կմոռանա: Միայն թե ափսոս, որ ես մայորի, իսկ դու կապիտանի ուսադիրներ չենք ստանա:– Կապիտանն ամեն կերպ փորձում էր մխիթարել ընկերոջը, անգամ՝ կատակներով:– Այն երկու գեղեցկուհիներին հիշո՞ւմ ես: Անընդհատ քո մասին են հարցնում: Միասին մի տեղ կգնանք, կնստենք, կցրվենք… Սրտիդ մոտ մի ընդունիր:
– Եթե հանցագործը ձերբակալված է, ապա պետք է որ պայթյուններն էլ վերջանան: Ճի՞շտ է:– Քննիչն ասես չէր լսում կապիտանին:– Համաձա՞յն ես:
– Համաձայն եմ: Իհարկե կվերջանան: Հաստատ արդեն խոստովանել է, թե որտեղ է թաքցրել հերթական ռումբը: Մասնագետներն արագ կվնասազերծեն, ու քաղաքը կրկին կխաղաղվի:
– Հուսանք: Կենացդ:– Քննիչը բարձրացրեց բաժակը, մոտեցրեց բերանին, սակայն չկարողացավ խմել: Ապակին զրնգաց ատամների վրա: Հաջորդ վայրկյանին պայթյունի ալիքը ցնցեց հատակն ու պատերը: Փորձեց վեր կենալ, բայց մի բան խանգարում էր: Կապիտանն ավելի ճարպիկ գտնվեց: Ամբողջ ուժով քննիչին քաշեց-գցեց հատակին, ու ինքն էլ պառկեց նրա կողքին՝ ձեռքերով ծածկելով գլուխը:
Պայթյունը շլացուցիչ էր: Մի պահ երկուսն էլ խլացան ու ընդարմացան: Հետո կամաց-կամաց ուշքի եկան ու նայեցին չորս կողմը: Օդի մեջ փոշու ամպ էր կանգնել: Մի քանի մարդ հազում էին ու դեսուդեն վազում: Քննիչն ու կապիտանը հերթով զննեցին բոլորին ու համոզվեցին, որ զոհեր չկան: Միայն խոհարարն էր վնասել ձեռքը, երբ դիպել էր շիկացած տապակին: Մի քանի ապակիներ էին փշրվել ու ներքին հարդարման մի քանի առարկա:
– Դու շտապօգնություն զանգիր ու մնա այստեղ: Ես վազեմ փոխգնդապետի մոտ: Ճանապարհին կզանգեմ նրան, որ շտապ օպերատիվ խումբ ուղարկի: Քո գերատեսչության քննիչները սխալ մարդու են բռնել: Մեր «հերոսը» ազատության մեջ է ու շարունակում է իր սև կամ սպիտակ գործն անել:
– Բայց…– փորձեց հակաճառել կապիտանը:
– Բայց չկա: Հիշո՞ւմ ես նամակը: «Թող անիծվեն կապույտ երկինքը մեզնից փակողները»: Ի՞նչն է փակում կապույտ երկինքը: Երկնաքերները: Շնորհակալություն, որ ինձ բերեցիր այստեղ: Ես վազեցի: Փոխգնդապետն է՝ արդեն զանգում է:
* * *
– Դու ինձ ներիր, Թեոֆիլյան: Առավոտյան մի քիչ նեղսրտել էի… Հասկանում ես…
Քննիչը ոչինչ չպատասխանեց: Փոխգնդապետը հասկացավ, որ խնդիրը հարթված է, և ինքը կարող է շարունակել:
– Եթե ես չբորբոքվեի՝ միգուցե և դու ավելի գեղեցիկ լուծում գտնեիր: Գոնե այդ խոհարարը չէր վիրավորվի:
– Միգուցե և վիրավորվեր: Ես նրանց ոչինչ չէի ասի:
– Ինչ որ է: Ես խոսեցի անվտանգության վարչության պետի հետ: Ձերբակալվածն իրոք ռումբ էր փորձում պատրաստել, սակայն, կծիծաղես, եթե ասեմ, թոռնիկին քիմիայի դասն ավելի ակնառու բացատրելու համար: Պարզապես հաշվի չէր առել բաղադրիչներից մեկի մասնաչափը: Բնականաբար, նա երկնաքերում տեղադրված ռումբի մասին ոչինչ չգիտեր և չէր կարող իմանալ:
Փոխգնդապետը մի պահ դադար տվեց, նայեց ենթակային ու շարունակեց.
– Գիտեմ, որ հոգնած ես: Գնա և փորձիր հանգստանալ: Առավոտյան շուտ սպասում եմ քեզ: Եթե քո կառուցած տեսությունը ճիշտ է, ապա մենք դեռ անելիք ունենք, և քո անալիտիկ մտածողությունը հիմա այն է, ինչ ինձ պետք է:
– Իսկ դո՞ւք: Դուք չե՞ք ուզում հանգստանալ: Ձեր նյարդերն էլ են գերլարված:
– Ի տարբերություն ձեզ՝ ջահելներիդ, ես մի մեծ առավելություն ունեմ. կարող եմ դիմանալ առանց զգացմունքներիս տրվելու: Ես հիմա պետք է խոսեմ նախարարի հետ: Հետո երևի կգնամ դեպքի վայրը: Առանց քեզ էլ գլուխ կհանենք: Կապիտանն այնտեղ է: Օպերատիվ խումբը շուտով կհասնի: Եթե ուզում ես՝ վարորդիս ասեմ, որ քեզ տանի:
– Շնորհակալ եմ: Ես նախընտրում եմ քայլել:
– Ծաղկած բալենիների տա՞կ,– ժպտաց փոխգնդապետը:
– Ինչո՞ւ ոչ,– իր հերթին ժպտաց քննիչը և դուրս եկավ:
* * *
«Ես վստահ եմ, որ Cis-moll-ը Լուսնի հաճախությունն է: Բեթհովենը սա զգում էր, երբ գրում էր «Լուսնի սոնատը»: Ասում են՝ Լուսնի վրա սրբերի հոգիներն են ժամանակավոր հանգրվան գտնում նախքան ավելի հեռու տեղեր մեկնելը: Եվ Բախն էլ սա գիտեր, Cis-moll պրելյուդն էր ստեղծում կլավեսինի սևուսպիտակ ստեղների վրա: Եվ ո՞վ կարող է մեղմել իմ ցավը: Միայն այն նուրբ հոգին, որը սիրում է թափառել ծաղկած բալենիների ու ակացիաների տակ ու գիշերվա լռության մեջ ըմբոշխնել սեփական սրտի բաբախյունը…»:
– Ես մի փողոց գիտեմ մեր քաղաքում, ուր բալենիներ ու ակացիաներ են ծաղկում:
– Ես էլ գիտեմ այդ փողոցը: Այդտեղ տասնյակ ճոխ առանձնատներ են հառնում: Ուրիշ բան չկա: Փողոցի տերերը պատահական մարդիկ չեն: Հոգացել են, որ շրջապատում ոչ մի ուրիշ շինություն չլինի: Ես մի քանի անգամ եղել եմ այդ փողոցում: Կներեք, բայց չեմ կարող ասել, թե ում մոտ:– Փոխգնդապետն այնպիսի տեղեկություններ ուներ, որոնց մասին քննիչն անգամ երևակայել չէր կարող:
– Մենք չենք հասցնի ստուգել բոլոր առանձնատները, բայց ես կասկածում եմ, որ մեր «հերոսը» եղել է դրանցից մեկում: Հաջորդ պայթյունը, եթե ես չեմ սխալվում, այդ առանձնատներից մեկում է լինելու:
– Բայց քեզ ասացի՝ դրանց տերերը լուրջ մարդիկ են: Պատահական մարդիկ մուտք չունեն այնտեղ: Գրեթե բոլոր տները պահակ կամ անգամ արտահաստիքային պահակային ծառայություն ունեն:
– Պատահական մարդիկ իհարկե մուտք չունեն,– նկատեց քննիչը:– Իսկ ոչ պատահակա՞ն:
– Ո՞ւմ նկատի ունես:
– Մենք կարող ենք ինչ-որ ձևով ճշտել, թե վերջին երկու շաբաթվա ընթացքում ով է այցելել նրանց:
– Իսկ ինչո՞ւ հենց վերջին երկու շաբաթվա:
– Ռումբերն օրգանական ծագում ունեն: Երկու շաբաթվա ընթացքում եթե դրանք չեն օգտագործվում, նրանց պայթուցիկ հատկությունները թուլանում են,– բացատրեց կապիտանը:
– Հըմ… Դժվար խնդիր է: Ես կփորձեմ մի բան անել, բայց մեզ խանգարող երկու լուրջ հանգամանք կա: Առաջինը՝ ժամանակի սղությունը: Երկրորդը՝ այդ մարդիկ չեն սիրում բացատրություններ տալ, իսկ պահակները կամ պահակային ծառայության աշխատակիցներն առանց տիրոջ թույլտվության որևէ տեղեկություն չեն տրամադրի:
– Դա դժվարացնում է մեր գործը: Իսկ դուք չե՞ք հիշում՝ այդ տներից որևէ մեկը շերտավոր նախշեր չունի՞:
– Կապում ես սևուսպիտակ ստեղների հե՞տ:
– Այո: Լուսին, սևուսպիտակ շերտեր կամ ստեղներ, բալենիներ և ակացիաներ…
– Իսկ միգուցե դաշնամո՞ւր,– հարցրեց կապիտանը:– Պարոն փոխգնդապետ, այդ տներում դաշնամուր չե՞ք նկատել: Կարո՞ղ ենք ստուգել:
– Ես մի քանի տուն եմ մտել: Մի րոպե, փորձեմ հիշել… Ահա, բոլորում էլ դաշնամուր կամ անգամ կաբինետային ռոյալներ կային: Ավելի հեշտ է ասել, թե որ տանը դրանցից չկա:
– Մեր հարուստները սիրում են տներում ռոյալներ դնել որպես կահույք:
Փոխգնդապետը հանդիմանությամբ նայեց կապիտանին, սակայն անպատասխան թողեց վերջինիս ռեպլիկը: Անհարմար վիճակը ցրեց քննիչը.
– Համենայնդեպս՝ պետք է փորձել ճշտել: Դաշնամուր, պատահական մարդ…
– Մենք ժամանակ չունենք, Թեոֆիլյան… Ե՞րբ է կայանալու պայթյունը:
– Այսօր: Ժամն ասել չեմ կարող:
Այդ պահին հնչեց հեռախոսի զանգը: Փոխգնդապետը վերցրեց լսափողը: Մի րոպե անց ցած դրեց ու ասաց.
– Այս անգամ ուշացանք: Պայթել է մեր հիշատակած փողոցի տներից մեկում դրված ռոյալը:
Քննիչն ու կապիտանը նայեցին միմյանց: Առաջինը խոսեց կապիտանը.
– Սա մեզ պիտի որ վերջապես օգտակար նյութ տա: Պետք է պարզել, թե ով է ուժանակ տեղադրել ռոյալի մեջ: Տուժածներ կա՞ն:
– Տուժածներ չկան: Երեխաները դպրոցում են եղել: Տանտիկինը՝ խանութում: Տանտերը՝ աշխատանքի: Միայն թե խնդրում եմ՝ չհարցնեք, թե ինչ աշխատանքի: Պահակը բակում է եղել՝ դարպասի մոտ: Տանը միայն խոհարար-սպասուհին է եղել: Նա էլ այդ պահին խոհանոցում է գտնվել, այնպես որ՝ չի տուժել: Պարզապես վախեցել է: Շտապօգնությունն արդեն այնտեղ է:
– Իսկ այդ տանը տեսախցիկներ կա՞ն,– հետաքրքրվեց քննիչը:– Պետք է բոլորին մի լավ խոսեցնել: Վստահ եմ, որ ինչ-որ բան հաստատ կհիշեն:
– Թեոֆիլյան, հիմա ես ու կապիտանը կգնանք դեպքի վայր, իսկ դու գնա ուր ուզում ես և մտածիր: Միայն թե հասանելի եղիր: Ես քեզ կզանգահարեմ: Անկեղծ ասած՝ չեմ ուզում, որ քեզ այնտեղ տեսնեն:– Փոխգնդապետի ձայնը չէր փոխվել, սակայն տոնայնությունը հաստատ փափկել էր:
– Ինչպես ասեք:
Երեքն էլ դուրս եկան ծխախոտի հոտով հագեցած սենյակից ու քայլեցին դեպի ծառայողական ելքը: Փոխգնդապետն ու կապիտանը մեքենա նստեցին, իսկ քննիչը քայլեց իր սիրած այգու կողմը:
* * *
Բալենիների տակ հաճելի զով էր: Կապիտանն ուշանում էր: Քննիչ Թեոֆիլյանը հոգու խորքում անգամ ուրախ էր դրա համար: Կարելի էր լռության մեջ ըմբոշխնել գարնանային անձրևից հետո օդում կախված հոտային սիմֆոնիան՝ սիզամարգերի հնձած խոտի, բալենիների, գույնզգույն ծաղիկների, անձրևի ու էլի ինչ-որ բանի, որը չէր հաջողվում նույնականացնել:
Կապիտանը գրեթե համրաձայն մոտեցավ ու տեղավորվեց նստարանին: Համոզվելով, որ քննիչից բացի մոտակա շրջապատում այլ մարդ չկա, սկսեց պատմել եղելությունը.
– Ռոյալը STAINWAY & SONS մակնիշի է: Ես անգամ չեմ կարող ասել, որ պայթյուն է տեղի ունեցել…
Քննիչը զարմացած նայեց կապիտանին: Վերջինս շտապեց բացատրել.
– Պայթել են ռոյալի լարերը: Ասես շղթայական ռեակցիայով: Բայց հիմնականում ստեղնաշարի աջ և միջին հատվածներում: Տան սպասուհին փորձել է սրբել ստեղների փոշիները: Իր ասելով՝ գործիքին գրեթե ոչ ոք չի դիպչում կամ նվագում: Սկսել է աջ ծայրից և առաջին իսկ հպումից լարերը սկսել են պայթել: Բարեբախտաբար ծանր կափարիչն այդ պահին փակ է եղել, այլապես կինը կարող էր և շատ լուրջ վնասվածքներ ստանալ:
– Այսինքն՝ ռոյալը զուտ որպես կահո՞ւյք էր ծառայում:
– Այո: Բայց գիտե՞ս ինչն է զավեշտական, եթե չասեմ՝ տխուր: Այս գործիքը գնվել է արտասահմանյան մի բարերարի կողմից և նախատեսված է եղել երաժշտական դպրոցներից մեկի դահլիճի համար: Առայժմ անհասկանալի հանգամանքներում այդ դպրոցում տեղադրվել է մի հին, վերանորոգված գործիք, իսկ այս նորը տեղ է գտել այդ հարուստ առանձնատանը: Գիտե՞ս ով է տերը: Դա պարզելու պատճառով ուշացա: Ի դեպ, կներես…
– Դա ինձ հետաքրքիր չէ, եթե գործին չի առնչվում:
Կապիտանը հասկացավ քննիչի ակնարկը և փոխեց թեմայի ուղղությունը:
– Մեր մասնագետները դեռևս չեն կարողացել պարզել, թե ինչն է եղել այդ շղթայական ռեակցիայի պատճառը: Նման բան իրենց պրակտիկայում չի եղել: Կապվել են արտասահմանի գործընկերների հետ, բայց պատասխան դեռ չկա: Արտառոց դեպք է: Մի բան էլ՝ մի քանի շաբաթ առաջ, երբ բերել ու տեղադրել են ռոյալը: Սպասուհին շատ աղոտ է հիշում մասնագետին, քանի որ ամբողջ ընթացքում զբաղված է եղել իր գործերով: Տեսագրություններ չեն պահպանվել: Պահակային ծառայություն այդ ժամանակ դեռևս չի եղել, քանի որ տունը բնակեցված չէր: Տանտերերը բնակություն են հաստատել մոտ երկու շաբաթ առաջ, երբ ամեն ինչ արդեն պատրաստ է եղել: Սպասուհու նկարագրությամբ՝ անորոշ տարիքի տղամարդ էր, չհիշվող դիմագծերով, կեպի գլխարկով, որն անգամ տանը չի հանել: Հյուրասիրությունից հրաժարվել է: Մոտ երկու ժամում ավարտել է իր գործը և առանց հրաժեշտ տալու հեռացել՝ նախապես խնամքով սրբել-փայլեցնելով ստեղները: Երևի ավելորդ է ասել, որ մենք միայն սպասուհու մատնահետքերը հայտնաբերեցինք, այն էլ միայն կահույքային հատվածների վրա: Ստեղների վրա որևէ նշույլ անգամ չկա:
– Բայց ինչպե՞ս են գտել նրան: Ո՞վ է հրավիրել:
– Ա՛յ սա ամենահետաքրքիրն է: Նրան ոչ ոք չի հրավիրել: Ինքն է ներկայացել որպես դաշնամուր լարող մասնագետ: Սպասուհին կարծել է, թե տանտերն է ուղարկել, ու ներս է հրավիրել:
– Հըմ…– Քննիչը խոր հոգոց հանեց:– Այսինքն՝ մենք առարկայական որևէ հանցանշան չունենք: Ուզո՞ւմ ես ասեմ, թե ինչու են պայթել լարերը: Չէ՞ որ ձեր մասնագետները ռումբի կամ որևէ այլ պայթուցիկ սարքի հետք չեն հայտնաբերել: Ճի՞շտ եմ:
– Այո: Ինչո՞ւ են պայթել:
– Հիշո՞ւմ ես՝ քեզ և փոխգնդապետին մի անգամ պատմում էի, որ առաջին օկտավայի լյա հնչյունը համապատասխանում է 440 հերց հաճախությանը ըստ տեմպերացիայի դասական կանոնների:
– Հիշում եմ: Փոխգնդապետն էլ բարկացավ քեզ վրա:
– Ճիշտ արեց: Չկա որևէ կանոն, որը ենթակա չլինի շեղման: Հիմա աշխարհում ընդունված է այդ նոտան լարել 442 կամ 444 հերց հաճախության վրա, որպեսզի ռոյալի կամ դաշնամուրի ձայնն ավելի զրնգուն լինի: Մյուս գործիքները լարվում են ըստ դաշնամուրի հնչողության: Ես վստահ եմ, որ մեր «հերոսը», որը նաև հրաշալի գլուխ է հանում ստեղնաշարային գործիքների մեխանիկայից, մի քիչ չափն անցել է: Նա բարձրացրել է լյա նոտայի հաճախականությունը մինչև 448 հերց: Դա արդեն վտանգավոր է, քանի որ լարերը հաշվարկված են որոշակի լարման դիմանալու համար, իսկ լարումները դաշնամուրի մեջ դժոխային են: Նա վստահ է եղել, որ ոչ ոք չի նվագելու այդ դաշնամուրը, իսկ եթե հանկարծ մեկնումեկը փորձի անգամ հպվել, ապա լարերը չեն դիմանա և պարզապես կպայթեն ներքին լարումից:
– Հետաքրքիր է,– մի քիչ տխուր հաստատեց կապիտանը:– Բայց մի բան էլ կա: Ահա:
Կապիտանը գրպանից մի թուղթ հանեց ու մեկնեց Թեոֆիլյանին: Դա նույն A4 ֆորմատի սպիտակ թուղթ էր: Առաջին երեսին ընդամենը երկու բառ էր՝
«Յուրաքանչյուրին՝ իրենը»:
Հակառակ երեսին նոտաներ էին:
– Որտե՞ղ էր այս թուղթը,– հարցրեց քննիչը:
– Ռոյալի մեջ, պայթած լարերի տակ: Բայց դու վստա՞հ ես, որ մեր «հերոսն» է: Միգուցե դաշնամուր լարողն իրականում ուրիշ մարդ է՝ այլ դրդապատճառներով կամ սկզբունքներով առաջնորդվող: Ոչ մի ուղղակի կապ չկա քո կառուցած տեսության հետ:
– Կա՛, անպայման կա: Կներես, բայց ես հիմա չեմ կարող ամեն ինչ բացատրել: Բայց որպեսզի դու էլ չկասկածես՝ ասեմ, որ սա Բախի E-moll պրելյուդի առաջին երեսն է:
– Լավ է երաժշտությունից գլուխ հանելը:– Կապիտանը տխուր ժպտաց:
– Ինձ մի բան ասա: Սա թվով ո՞ր գրությունն է:
– Ութերորդ,– անմիջապես պատասխանեց կապիտանը:
– Ութերորդ…– մտմտաց քննիչը:
– Իսկ ե՞րբ սպասենք իններորդին:
– Իններորդին պիտի շա՜տ երկար սպասենք,– ասես ինքն իր հետ խոսելով՝ պատասխանեց քննիչը:
– Այսի՞նքն,– չհասկացավ կապիտանը:
– Եթե չեմ սխալվում, իններորդ պայթյուն չի լինելու: Վերջին հարցս քեզ՝ ռոյալն ի՞նչ գույնի է: Սև՞:
– Այո: Մի՞թե բոլոր ռոյալները սև չեն:
– Ոչ, իհարկե: Սև ռոյալ՝ 88 ստեղնով:
– Դու որտեղի՞ց գիտես ստեղների քանակը:
– Մի՞թե բալենու ծաղիկների մասին պատմելու համար ամեն անգամ պետք է բալենուն այցելել: Ես կզարմանայի, եթե 88 հատ չլինեին:– Քննիչն առաջին անգամ ժպտաց ու ավելացրեց.– Լավ, ես պիտի գնամ: Փոխգնդապետին առայժմ ոչինչ մի ասա: Հա, քիչ մնաց մոռանայի: Գիտե՞ս ինչու ձեր մարդիկ նախորդ պայթյունների ժամանակ որևէ ոտնահետք չեն հայտնաբերել:
– Ինչո՞ւ:
– Որովհետև մեր հերոսը ոտքով չի մոտեցել: Նա անօդաչու թռչող սարք է օգտագործել և մագնիսով կպչող պայթուցիկ:
– Որտեղի՞ց իմացար,– զարմացավ կապիտանը:
– Կռահեցի,– ժպտաց քննիչը:– Համենայնդեպս՝ ես այդպես կանեի:
Կապիտանը՝ նստարանին նստած, երկար նայեց հեռացող քննիչին, մինչև որ վերջինիս ուրվաստվերը ձուլվեց մթնշաղի և այգու գույներին: Ապա ինքն էլ վեր կացավ ու հակառակ կողմ քայլեց:
* * *
Չնայած հոգնածությանը՝ քննիչ Թեոֆիլյանը տան ճանապարհին մի կիսադատարկ գինետուն մտավ: Տեղավորվեց սեղանիկի մոտ ու սառը վարդագույն գինի պատվիրեց: Անկյունում խցկված հնամենի ու լարից ընկած դաշնամուրից հաճելի մեղեդի հասավ ականջին: Հիշողության խորխորատներում մի բան տակնուվրա եղավ, ու հաճելի մի ջերմություն տարածվեց մարմնով մեկ: Վերցրեց գինու բաժակն ու մոտեցավ դաշնակահարին: Հոգնած դիմագծերով միջինից բարձր տարիքի մեկն էր: Ժպտացին մեկմեկու: Երբ դաշնակահարն ավարտեց հերթական կատարումը, քննիչը դիմեց նրան.
– Բարի երեկո: Կարո՞ղ եմ ձեզ գինի հյուրասիրել:
– Շնորհակալություն,– ժպտաց դաշնակահարը,– ինձ հաստատությունն է հյուրասիրում: Մեկ բաժակ ցանկացած խմիչք երեկոյի ընթացքում: Տեղավորվեք այս աթոռին: Ես մի թեթև բան կնվագեմ, որ զուգահեռ զրուցենք: Տեսնում եմ, որ զրուցելու ցանկություն ունեք: Ես էլ դեմ չեմ:
– Մի գնդակով երկու նապաստակ,– իր հերթին ասաց քննիչը և տեղավորվեց փայտե աթոռին:– Այս վերջին գործը, որ նվագեցիք՝ Բախի C-dur պրելյուդը կամ «Ավե Մարիան»… Ես նկատեցի, որ դո մաժորում չեք նվագում, այլ դո դիեզում:
– Օհո՜, դուք դա նկատեցի՞ք: Հազվագյուտ ունկնդիր եք այս գինետանը:
– Դե ի՞նչ թաքցնեմ մեղքս՝ ինքս էլ պատանի հասակում մի քիչ զբաղվել եմ երաժշտությամբ:– Քննիչի դեմքով թախծոտ մի ժպիտ անցավ:
– Չշարունակեցի՞ք,– հետաքրքրվեց դաշնակահարը՝ հայացքը մի պահ ստեղնաշարից փոխանցելով քննիչի կողմը:
– Մի պահ եկավ, երբ պիտի ընտրություն անեի: Եվ, ավաղ, դաշնամուրն անցավ երկրորդ պլան:
– Իսկ ի՞նչը հաղթեց,– անկեղծորեն հետաքրքրվեց դաշնակահարը:
– Երևի կծիծաղեք, եթե ասեմ… Համենայնդեպս, ինչո՞ւ եք «Ավե Մարիան» դո-դիեզում նվագում:
Դաշնակահարը սրտանց ժպտաց, հայացք նետեց սրահի կողմն ու ձայնն իջեցնելով ասաց.
– Այս դաշնամուրը լարից կես տոն ընկած է: Ստիպված ինքս կես տոն բարձր եմ նվագում, որ հնչողությունը և զգացողությունը նույնը լինեն:
– Ա՜յ քեզ բան,– ծիծաղեց քննիչը:– Ինձ թվում էր, թե նույն երաժշտական ստեղծագործությունը կարելի է տարբեր տոնայնություններում նվագել, և արդյունքը նույնը կլինի:
– Ի՜նչ եք ասում,– ասաց դաշնակահարը մի քիչ վիրավորված:– Մի՞թե կարծում եք Բեթհովենը կարող էր «Լուսնի սոնատն» այլ տոնայնության մեջ գրել, քան դո դիեզ մինորում…
– Հըմ… Լավ հարց է: Երբեք չեմ մտածել դրա մասին:
Այդ պահին դաշնակահարն ավարտեց հերթական ստանդարտը, շրջվեց դեպի զրուցակիցն ու ձայնն իջեցնելով, կարծես մի մեծ գաղտնիք էր հայտնում, ասաց.
– Դո դիեզ մինորը Լուսնի տոնայնությունն է: Ասում են՝ լուսնի վրա սրբերի հոգիներն են ժամանակավորապես հանգրվանում՝ առավել երկար ուղևորությունից առաջ:
Քննիչի ներսով մի ալիք անցավ, սակայն նրա դեմքի արտահայտությունը բնավ չփոխվեց: Միայն ասաց.
– Գիտե՞ք՝ ես պրագմատիկ մտածողության կողմնակից եմ, չնայած, ի՞նչ թաքցնեմ, շատերն ինձ անուղղելի ռոմանտիկ են համարում:
Դաշնակահարը մի կում արեց իր բաժակից, նայեց քննիչի աչքերի մեջ ու առանց շտապելու ասաց.
– Իսկ մի՞թե ես ձեզ հեքիաթ եմ պատմում: Լավ, սրբերի հոգիները մի կողմ թողնենք, թեև Բեթհովենն ինքը դրանում վստահ էր, բայց հավատացեք՝ տոնի ընտրությունը շատ կարևոր է: Ես կասեի՝ ճակատագրական…
Քննիչը ոչինչ չասաց: Ուշադիր նայում էր դաշնակահարի աչքերին՝ կարծես փորձելով ըմբռնել նրա ասածի իմաստը: Միայն կրկնեց.
– Ճակատագրական…
– Այո, ճակատագրական: Եվ հենց դրա համար էլ նա պատժվեց… Չի կարելի ընդօրինակել Աստծուն՝ նրան կարելի է միայն ձգտել: Բախը սա լավ էր հասկանում: Անգամ C-dur պրելյուդում նա կարծես թե սատանայական դիտավորությամբ մի տակտ պակաս գրեց՝ 35, սովորական համարվող 36-ի փոխարեն: Ինչպես ասում են՝ ի հեճուկս կատարելապաշտության բոլոր կանոնների: Քրիստիան Շվենկեն գժվում էր այս թվացյալ անկատարությունից և 22-ից հետո մի տակտ էլ ավելացրեց: Բարեբախտաբար այդ նորարարությունն ընդունելություն չգտավ և ժամանակի ընթացքում պրելյուդը կրկին վերադարձավ իր նախնական՝ 35-տակտանոց չափին:
– Իր կատարելությանը: Մինչև հաջորդ՝ Գունոյի նորարարությունը:
– Գունոն այս գործը համարում էր «Երաժշտություն առանց մեղեդու», ուստի սեփական նախաձեռնությամբ մեղեդի կցեց պրելյուդին, որից Բախի անմահ գործը միայն տուժեց և արժեզրկվեց: C-dur-ն ինքնին կատարելություն է: Եվ պետք չէ այն աղավաղել: Բախը հրաշալի հասկանում էր, որ այս գործը 24-օպուսանոց շարքի ոսկե դարպասն է, ուստի պետք է հզոր ու նախատրամադրող լինի: Մեղեդին թաքնված է: Լսողը կլսի: Իսկ ինչ վերաբերում է տոնայնությանը, ապա ձեզ կասեմ, որ ամեն մի երաժշտական տոն իր տատանումների հաճախությունն ունի: Դրանք այն ելևէջներն են, որոնք ռեզոնանսի մեջ են մտնում տիեզերական հաճախությունների հետ և ստեղծում այն, ինչը մենք անվանում ենք աստվածային երաժշտություն: Բախը անսկիզբ ու անվերջ կաղնի է՝ արմատները թաղած երկրի ընդերքում, իսկ ճյուղերով ու տերևներով շոյում է երկինքը, որը մեր և տիեզերքի շփման եզրն է:
– Կատարելության համար մի փոքրիկ բան պիտի անկատար լինի:
– Այո, իհարկե:– Դաշնակահարին ակնհայտորեն դուր էր գալիս իր զրուցակիցը:– Գիտե՞ք, մտքովս անգամ չէր անցնի, որ մեր քաղաքում ձեզ պես մարդիկ են մնացել: Ինձ թվում էր՝ փողի մոլուցքը կուրացրել ու խլացրել է բոլորին:
Քննիչը հոգնած ժպտաց, մինչդեռ միտքն աշխատում էր գերագույն հզորությամբ ու արագությամբ: Որոշեց մի փորձ էլ անել.
– Իսկ ինչո՞ւ չեք փորձում լարել այս դաշնամուրը: Այդպես ավելի հեշտ կլինի նվագելը:
Դաշնակահարը կրկին կում արեց գինուց ու ժպտաց.
– Ես իհարկե կլարեի, բայց գործիքը հին է, և վախենում եմ լարերը չդիմանան ու պայթեն: Ես սովորաբար առաջին օկտավայի լյա հնչյունը 440-ի փոխարեն 444 հերց հաճախության վրա եմ լարում: Այդպես ձայնն ավելի հնչեղ ու զրնգուն է դառնում: Այս հին գործիքը դրան չի դիմանա, ուստի ավելի լավ է ձեռք չտալ: Թող ապրի իր դարը ինչպես որ կա:
Մնում էր երրորդ քայլը կատարել, որպեսզի ամեն ինչ իր տեղն ընկնի: Թեոֆիլյանն ինքն էլ կում արեց գինուց, ձեռքով փակեց բերանը, հորանջեց, ապա ասաց.
– Կներեք, շատ քիչ եմ քնել… Այս գարնանային գիշերներն այնքան հրաշալի են, որ քունս փախչում է…
– Իրավացի եք՝ ակացիաների ու բալենիների բույրով հարբեցնող…
– Ահա, միայն թե թափառական շներն են մի քիչ խանգարում: Շարունակ կլանչում են ու խանգարում մարդու քունը:
– Շները… Իսկ դուք երբևէ նայե՞լ եք թափառական շների աչքերին: Նկատե՞լ եք՝ որքա՜ն սպասում ու կարոտ կա դրանց մեջ: Ինչքան հույս ու հավատ… Տանն ապրող ու տեր ունեցող շներն այլ հայացք ունեն: Դրանցում հույս ու սպասում չկա: Իսկ անօթևան շները սպասում են հույսով ու հավատով…
– Հույսով ու հավատով… Ի՜նչ լավ է ասված…
– Գիտե՞ք, իմ անծանոթ ընկեր, եթե այս քաղաքում ձեզ պես մարդ կա, ապա ես արդեն ինձ մենակ չեմ զգա: Մենք կարող ենք երկուսով փորձել փրկել մեր քաղաքը վերջնական կործանումից:
Քննիչն ուղղեց աթոռը, նայեց ուղիղ դաշնակահարի աչքերին ու պատասխանեց.
– Այո, և «թող տիեզերքի անեծքն իջնի կապույտ երկինքը թունավորողների վրա»: Եթե չեմ սխալվում՝ մի բեմոլը հենց կապույտի վիբրացիոն մարմնացումն է:
Դաշնակահարը բացեց բերանը, սակայն ոչինչ չկարողացավ արտաբերել: Փորձեց կանգնել, բայց ոտքերը ծալվեցին, ու ծանրորեն նստեց տեղը:
Քննիչը մի կում էլ արեց իր գինուց ու կիսաձայն ասաց.
– Այո, սիրելիդ իմ մաեստրո: Մի-բեմոլ, ֆա, սոլ-բեմոլ, լա-բեմոլ, սի բեմոլ, դո, ռե-բեմոլ և կրկին մի բեմոլ: Օղակը փակվեց ութի և կապույտի արանքում: Շատ փոքրիկ շեղումով: Վերագրենք դա մարդկային էության անկատարությանը:
Դաշնակահարը վերջապես հավաքեց իրեն, իջեցրեց հայացքը և ասաց.
– Ութերորդը վերջինն էր: Հավատացնում եմ ձեզ:
– Ես գիտեմ: Միայն մի բան անհայտ մնաց ինձ համար. առաջինը կարծես թե շարքից դուրս էր: Կարծես թե ձեր ասած 36-րդ ավելորդ տակտն էր, որը հենց սկզբում սպրդեց, այլ ոչ թե 22-րդից հետո:
– Չգիտեմ՝ կհավատա՞ք, թե՞ ոչ, բայց ես այդ առաջին պայթյունի հետ որևէ կապ չունեմ: Իմացա, որ այդպիսի բան է եղել: Դա ինձ պարզապես հուշեց հետագա գործողություններիս ծրագիրը:
– Եվ ոչ ոք չի կարող դա ապացուցել: Ինչպես և չենք կարող ապացուցել ձեր կապը մյուս պայթյունների և ութ նամակների հետ: Բայց և հենց առաջին հնչյունն է, որ կոտրում է լռությունը:
Դաշնակահարը ապշահար նայում էր քննիչին: Երկուսն էլ լռեցին:
Այդ պահին ասես անդրշիրիմյան աշխարհից մի ձայն լսվեց.
– Պարոնայք, գինետունը փակվում է…
Այս բառերն ասես ցրեցին երազի ու խորհրդավորության թմբիրը, որ համակել էր երկուսին: Քննիչը դատարկեց գինու բաժակը, ցած դրեց ու ասաց.
– Հետաքրքիր զրույց էր… Շատ շնորհակալ եմ ձեզ անզուգական երաժշտության և հետաքրքիր տեղեկությունների համար: Ուշ է, պետք է տուն գնալ: Ո՞վ գիտե՝ միգուցե դեռ առիթ ունենանք զրուցելու Բախի պրելյուդների և բազմաձայնության մասին: Այստեղ կամ էլ այգում՝ բալենիների տակ:
Դաշնակահարն ապշահար նայում էր քննիչին: Միայն կարողացավ հարցնել.
– Դուք ինձ չե՞ք ձերբակալում:
– Անձամբ ես ձեր արարքներում հանցակազմ չեմ տեսնում: Ինչո՞ւ պիտի ձերբակալեմ: Ես ոչ դատավոր եմ և ոչ էլ դատապարտող: Բացի այդ՝ գիտեմ, որ պայթյուններ այլևս չեն լինելու:
– Չեն լինելու…
– Առավել ևս: Ամեն ինչ թողնում եմ ձեր խղճին: Եթե ցանկանաք՝ կարող եք առավոտյան 10-ին, այսպես ասած, մեղայականով ներկայանալ քննչական վարչություն, երկրորդ հարկ: Դա հաստատ կմեղմացնի ձեր հնարավոր պատիժը: Հարցրեք փոխգնդապետ X-ին: Բայց ասեմ, որ դա, ըստ էության, ոչինչ չի փոխելու:
– Բայց դուք ինքներդ ձեզ զրկում եք փառքի դափնիներից…
– «Յուրաքանչյուրին՝ իրենը»,– ասաց քննիչը, ժպտաց ու դուրս եկավ գինետնից:
Հեռավոր ժամացույցի զանգերն ազդարարեցին գիշերվա գալուստը հնամենի քաղաքում: