Տրագիֆարս 1 արարով, 3 պատկերով
Գործող անձինք
Առևտրական
Դերասան
Զինվոր
Կին
Հիմար
Ուսանող
Քահանա
Քաղաքական գործիչ
Սովորական բեմ է՝ մի քանի աթոռով և մի դատարկ աշտանակով: Լուսավորությունը՝ նախապես դահլիճի լուսավորությամբ, առանց լրացուցիչ լուսարձակների: Երաժշտական ձևավորումը՝ ըստ բեմադրիչի հայեցողության: Հերոսները՝ սովորական քաղաքացիական հագուստով են, բայց տարբերվող: Անգամ քահանակն սովորական հագուստով է, բայց բուտաֆորիկ խաչով: Քաղաքական գործիչը շապիկով է՝ վրայից քրքրված փողկապ: Դեռևս ներկայացումը չսկսած՝ հանդիսատեսի հետ միաժամանակ հերոսները հերթով տարբեր կողմերից մտնում են բեմ, անբռնազբոսիկ կերպով տեղավորվում աթոռներին կամ մնում կանգնած կամ հենվում պատին: Նրանցից մի քանիսը կարող են անգամ հանդիսատեսի միջից դուրս գալ: Ի վերջո բոլորը հավաքվում են բեմում: Լռություն է տիրում: Ներկայացումը սկսվում է:
ՊԱՏԿԵՐ 1
Լռություն է: Վառվում են բեմի լույսերը, իսկ դրան զուգահեռ՝ դահլիճինն անջատվում են: Հերոսները զննում են միմյանց և հանդիսատեսին, բայց ամեն մեկն իր մտքերի հետ է: Հանկարծ լույսերից մեկը սկսում է թարթել, և լսվում է տագնապի շչակի ձայնը: Հերոսները խուճապահար այս ու այն կողմ են վազում: Մեկն անգամ սայթաքում է, գլորվում և փռվում երեսնիվայր՝ ձեռքերով ծածկելով գլուխը: Մյուսները՝ այլայլված և քաոսային շարժումներով, փորձում են բեմի վրա ապահով տեղ գտնել: Ի վերջո ամեն մեկը ծվարում է մի անկյունում: Շչակի ձայնը կտրվում է: Լույսերը մարում են: Հետո դանդաղ միանում են: Հերոսները մի կերպ ուշքի են գալիս և վախվորած շուրջբոլորը նայում: Բեմի կենտրոնում մի բուտաֆորիկ քար է հայտնվել:
ՀԻՄԱՐ – (Զգուշորեն ու դանդաղ մոտենալով և մատնացույց անելով քարը): Էս ի՞նչ է:
Բոլորը լուռ են: Վախվորած շուրջբոլորն են նայում, ապա, անկապ շարժումներ անելով, հավաքվում են քարի շուրջը և ակնդետ ու զարմացած նայում քարին, ապա միմյանց, ապա կրկին քարին:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – (Զարմացած մոտենում է): Էս որտե՞ղից: Ո՞վ բերեց:
ԴԵՐԱՍԱՆ – Իսկակա՞ն է, թե բուտաֆորիկ:
ՀԻՄԱՐ – (Խորամանկ ժպտալով մի կողմ է գնում): Տեսիլք է, լուրջ մի՛ ընդունեք:
ԿԻՆ – (Երազկոտ): Ինձ սրա մասին պատմել են: Երջանկության քարն է:
ԶԻՆՎՈՐ – Թշնամիներն են գցել: Ես ձայնը լսեցի: (Շոշափում է քարը): Տեսե՛ք, դեռ տաք է:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – (Հայացքով տնտղելով քարը): Հարմար քար է: Կարելի է լավ գնով վաճառել:
ՔԱՀԱՆԱ – Աստծո պատիժն է սա: (Շինծու խաչակնքվում է):
ՈՒՍԱՆՈՂ – Ես գիտեմ, թե ինչ է: Սա գիտության գրանիտն է: Տեսեք՝ վրան ատամների հետքեր կան: Ուսանող եղբայրներս են կրծել զօր ու գիշեր:
ԿԻՆ – (Ձեռ առնող տոնով): Չէ մի չէ՜, գիտության գրանի՜տ: Ասում եմ՝ սա սիրո և երջանկության քարն է:
ՔԱՀԱՆԱ – Բա ինչու՞ է սև: (Մատնացույց է անում Կնոջը): Հաստատ սատանայից է, քանի որ Կինն էլ հավանեց:
ԿԻՆ – (Բարկացած շրջվում է դեպի Քահանան և ձեռքերը կռթնում կողերին): Ուրեմն այդպես, հա՞…
ՀԻՄԱՐ – (Լկտի ժպիտով): Լավ վարկած է…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Սևը հարմար գույն է: Սևին միշտ էլ լավ գին են տալիս: Ամեն ինչի հետ սազում է: Մի անգամ Հնդկաստանում…
ԴԵՐԱՍԱՆ – (Ընդհատելով): Կարելի է բեմը սալիկապատել: Որ փոշի չլինի: Կամ էլ՝ օգտագործել որպես գրոտեսկային ատրիբուտ:
ԶԻՆՎՈՐ – Սպասե՜ք, այ մարդի՜կ: Սա հաստա՛տ թշնամիներն են գցել: Զգու՛յշ եղեք: Կարող է պայթել:
Բոլորը խուճապահար հեռանում են քարից: Կինը շփոթահար գրկում է Քահանային, որը մի քիչ զզվանքով փորձում է ազատվել նրանից: Մի քանի վայրկյան անց բոլորը, դիրքերը փոխելով, կրկին շգուշորեն մոտենում են քարին:
ԴԵՐԱՍԱՆ – Դերասանություն մի՛ արեք: Դուք հո դերասան չե՞ք: Ասում եմ ձեզ՝ բուտաֆորիկ է: Բեմական արվեստի տեսությունից ենք անցել:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – (Կեղծ հնչող լրջախոհությամբ): Առաջարկում եմ՝ հանձնաժողով ստեղծել և պարզել այս քարի ծագումնաբանությունը: Հանձնաժողովի կազմում առաջարկում եմ ընդգրկել՝ (հերթով մատնացույց է անում) Ուսանողին, Հիմարին, Քահանային, այս Կնոջը, Զինվորին, Առևտրականին, Դերասանին և, իհարկե, (մատնացույց անելով ինքն իրեն) ձեր խոնարհ ծառային՝ որպես հանձնաժողովինախագահ: Կլոր սեղան կհրավիրենք… (Կնոջը դիմելով) Ասե՛ք՝ թող պատրաստեն հրամանը:
ԿԻՆ – (Վրդովված): Իսկ ինչու՞ հենց ես:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Ձեզ կսազի մեքենագրել իմ հրամանը:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Հիմա չեն մեքենագրում: Համակարգչով են հավաքում: Աչքովս տեսածն եմ ասում: Միանգամ Չինաստանում…
ՈՒՍԱՆՈՂ – (Ընդհատելով): Ճիշտ է ասում: Ես անցել եմ աշխարհագրությունից:
ԿԻՆ – (Բարկացած): Իսկ իմ կարծիքը հարցնող չկա, չէ՞:
ՔԱՀԱՆԱ – Ձայն բազմաց՝ ձայն Աստծո: (Խաչակնքվում է):
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – (Ուշադրություն չդարձնելով): Ուրեմն՝ կլոր սեղան կգումարենք…
ԴԵՐԱՍԱՆ – Իսկ եթե կլոր չճարե՞նք:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Էական չէ, թող ուղղանկյուն լինի:
ԿԻՆ – (Հեգնանքով): Ոչ մի հարցում հետևողական չեք… Էլ հասարակ մահկանացուներիցս ի՞նչպահանջես…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Կարելի է՝ օվալաձև: Մի անգամ Թայլանդում…
ԶԻՆՎՈՐ – (Ընդհատելով): Այս գործը հանգիստ է սիրում:
ՈՒՍԱՆՈՂ – Նախ կարդալ է պետք, ուսումնասիրել: Որևէ տեղ հաստատ գրված կլինի այս քարի մասին:
ԶԻՆՎՈՐ – Կարդալու բան չկա: Ամեն ինչ առանց այդ էլ պարզ է:
ԴԵՐԱՍԱՆ – (Ոգևորված): Բերեք այս գործն ի՛նձ հանձնարարեք: Ես դրա վարպետն եմ: Պատահական չէ, որ դերասան եմ: Օգնե՛ք, մարդիկ, պարապ մի՛ կանգնեք: Բերե՛ք աթոռները:
Յուրաքանչյուրն իրենից հեռու գտնվող մի աթոռ է ընտրում, բերում մոտիկ, և կիսաշրջանով շարում ենքքարի շուրջը՝ դեմքով դեպի հանդիսատեսը: Իրար տեղ չզիջելով՝ մի կերպ տեղավորվում են աթոռներին: Լռում են և նայում քարին:
ՔԱՀԱՆԱ – (Ոտքի կանգնելով): Եկեք միասին աղոթենք:
ՀԻՄԱՐ – Ինչու՞: Հա՞ց ենք ուտելու:
ՔԱՀԱՆԱ – Եսիմ… Չուտե՞նք: (Տարակուսած նստում է):
ԿԻՆ – (Ռոմանտիկ տոնով): Ես մի բան կխմեի…
ՀԻՄԱՐ – (Ուրախացած): Լավ բան ես ասում…
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Ամեն ինչ իր ժամանակին: Համբերե՜ք: Մենք լուրջ հարց ունենք քննարկելու:
ԿԻՆ – (Զարմանքով): Ի՞նչ հարց…
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Դե՜… Մոռացա… (Դիմելով դահլիճին) Ժողովուրդ, ո՞վ է հիշում: Հմմ…
ՈՒՍԱՆՈՂ – Ազատ սիրո հարցը չէ՞ր: Ես պատրաստ եմ ելույթ ունենալ այդ թեմայով:
ՔԱՀԱՆԱ – (Զայրացած ոտքի կանգնելով): Ես քեզ «ազատ սեր» ցույց կտամ: Թողնես՝ լեզուներին տան…
ԿԻՆ – Ի՞նչ կա որ: Արդիական թեմա է… (Բազմանշանակ ժպտում է Ուսանողին):
ՔԱՀԱՆԱ – (Խիստ հայացքով խաչակնքվում է): Հրաժարիմք ի սատանայե… Մեղա՜, մեղա՜…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Ժողովուրդ, ժողովու՜րդ, սպասե՜ք, հիշեցի… (Բոլորը նրան են նայում): Մենք պիտիորոշեինք, թե որքանով ենք վաճառելու այս քարը:
ԲՈԼՈՐԸ – (Զարմանքով): Ի՞նչ քար:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – (Դիմելով Առևտրականին): Այ մարդ, բան ասա՝ բան հասկանանք:
ԶԻՆՎՈՐ – (Հանկարծ ոտքի կանգնելով): Սպասե՛ք: Լռությու՛ն:
Բոլորը պապանձվում են իրենց տեղերում: Զինվորը զգուշորեն, ասես ականապատ դաշտում, մոտենում էքարին, ծնկի իջնում և ականջը հպում: Մյուսները մեկ–երկու քայլ նահանջում են: Դերասանը բարձրացնումէ ձեռքերը՝ ի նշան հանձնվելու:
ՀԻՄԱՐ – Դե ասա՜, մի՛ սպանիր…
Զինվորը դանդաղորեն ոտքի է կանգնում, զգուշորեն շրջանցում քարը, հանդիսատեսներին նայելովանցնում է բեմեզրով, անցնում մյուս հերոսների մոտով՝ բոլորին հերթով ուշադիր զննելով, ապա կրկինմոտենում է քարին և մեկ անգամ ևս ուշադիր նայում:
ԶԻՆՎՈՐ – (Շատ լուրջ): Այս քարը թշնամիներն են գցել:
ԲՈԼՈՐԸ – (Հիասթափված): Է՜… Մենք էլ մտածեցինք՝ լուրջ բան ես ասում:
ԶԻՆՎՈՐ – (Ցույց տալով քարը, ապա մատը բարձրացնելով): Բայց մենք կարող ենք այս քարը հենց մերթշնամիների դեմ օգտագործել:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – (Ռոբոտային ձայնով՝ որպես մեջբերում): Մենք թշնամիներ չունենք:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Բոլոր մարդիկ իրար բարեկամ են: Թողե՛ք հանգիստ առևտուր անենք: Հիշում եմ՝ միանգամ Եգիպտոսում էի…
ՔԱՀԱՆԱ – (Ընդհատելով): Մեր թշնամին սատանան է: Այս քարն էլ նրանից է: Մեղա՜, մեղա՜… (ավելի ցածրձայնով) Օձը, Կինը…
ԿԻՆ – (Բարկացած): Նորի՞ց:
ՈՒՍԱՆՈՂ – (Խանդաղատանքով մոտենում է Կնոջը): Պետք չէ հուզվել, տիկին: Թույլ տվեք Ձեզ պարիհրավիրել:
Կինն անորոշության մեջ աջուձախ է նայում: Չգիտի՝ պարի՞, թե՞ ոչ:
ՀԻՄԱՐ – (Լկտի ծիծաղով): Ըհը, բոլոր պարերը պարել էինք՝ մնացել էր ձեր պարը: Դե պարեք տեսնենք:
ԿԻՆ – (Անվճռական): Պարե՞նք:
ՈՒՍԱՆՈՂ – (Ձգվելով և պատրաստակամորեն իջեցնոլով գլուխը): Ես Ձեր խոնարհ ասպետն եմ:
ԶԻՆՎՈՐ – (Անհանգստացած): Մարդի՜կ, ախր պետք է գործ անել: Ի՜նչ պարել, ի՜նչ բան… Մի պահպատկերացրեք, որ սա մեր կյանքի վերջին օրն է: Շուտով այս քարը կպայթի ու… Ի՞նչ եք անելու այդժամանակ:
ԴԵՐԱՍԱՆ – Ես դերասանություն կանեմ: (Չորս կողմը նայելով և արտիստիկ պա անելով) Լավ էլ դահլիճ էդրա համար:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Ես էլ իմ առևտուրը կանեմ: Հիշում եմ՝ մի անգամ Ռուսաստանում…
ԿԻՆ – (Ընդհատելով և երազկոտ): Ես իմ ամենալավ շորերը կհագնեմ:
ՈՒՍԱՆՈՂ – (Բազմանշանակ նայելով Կնոջը): Ես սիրով կզբաղվեմ:
ՔԱՀԱՆԱ – (Բարկացած նայելով Ուսանողին և խաչակնքվելով): Ամո՛թ, հազա՛ր ամոթ… Մեղա՜, մեղա՜…
ՀԻՄԱՐ – Ես կխմեմ… Աշխարհի ամբո՜ղջ գինին… Ամեն ինչ սուտ է՝ պիտի կյանքը վայելես:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Ես մի լավ հայեցակարգ կգրեմ: Աշխարհի վերջի մասին: Հետո կթարգմանենքտարբեր լեզուներով և շրջաբերականով կտարածենք բոլոր պատկան հաստատություններին…
Մի պահ լռություն է տիրում: Բոլորը նայում են Զինվորին:
ԲՈԼՈՐԸ – Իսկ դու՞:
ԶԻՆՎՈՐ – (Անհանգստացած): Ես ի՞նչ:
ՔԱՀԱՆԱ – Դու ի՞նչ պիտի անես:
ԶԻՆՎՈՐ – Դե ես ի՞նչ պիտի անեմ: Ես զինվոր եմ: Ես պիտի կռվեմ:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Կռվե՞ս: Ու՞մ դեմ:
ԶԻՆՎՈՐ – (Անվստահ): Թշնամիների:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Մենք թշնամիներ չունենք, եղբայր… Սա ականջիդ օղ արա: Դա անգամ օրենքում էգրված: Անձամբ եմ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:
ՔԱՀԱՆԱ – (Խաչակնքվելով): Հրաժարիմք ի սատանայե…
Լռություն է տիրում: Ամեն մեկն իր տեղում է՝ տարակուսած մյուսներին նայելով: Հերոսները պտտվում ենբեմում՝ իրար զննելով, ապա յուրաքանչյուրը մի աթոռ է վերցնում ու քայլելով հեռացնում–դնում բեմիծայրերում: Դրանից հետո բոլորը կրկին հավաքվում են քարի շուրջը՝ շարունակելով իրար զննել:
ՀԻՄԱՐ – (Զարմացայծ ցույց տալով քարը): Սա ի՞նչ է:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Էս որտե՞ղից: Ո՞վ բերեց:
ԴԵՐԱՍԱՆ – Իսկակա՞ն է, թե բուտաֆորիկ:
ՀԻՄԱՐ – Ասացի՝ տեսիլք է, լուրջ մի՛ ընդունեք:
ԿԻՆ – (Երազկոտ): Ես գիտեմ: Սա սիրո քարն է:
ԶԻՆՎՈՐ – Թշնամիներն են գցել: Ես ձայնը լսեցի: (Ծնկում է և շոշափում քարը) Սառն է…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Լավ էլ քար է: Կարելի է կտրատել սալիկների և լավ գնով վաճառել:
ՔԱՀԱՆԱ – (Խաչակնքվելով): Աստծո պատիժն է սա:
ՈՒՍԱՆՈՂ – Սա գիտության գրանիտն է: Տեսեք՝ վրան ատամների հետքեր կան:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Սա մեր պետության անկյունաքարն է: Բայց ինչու՞ է այստեղ՝ մայրաքաղաքիամենակենտրոնական հրապարակի ամենակենտրոնում: Արվարձաններում մի ազատ տեղ չկա՞… ԷնՀայկից ու Տորքից անդին պիտի որ ազատ տեղ լինի…
ՀԻՄԱՐ – (Հեգնանքով): Կենտրոնում է, որովհետև մեր անկյունաքարն է:
ԴԵՐԱՍԱՆ – (Զարմացած): Ուրեմն՝ բուտաֆորիկ չէ՞:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – (Ծնկի է իջնում և թխկթխկացնում քարը): Իսկական է: (Մտածկոտ՝ առաստաղին նայելով) Եթե կտրատենք, քառակուսի մետրը՝ այսքան… Ընդհանուր կանի՝ այսքան: Հանած տրանսպորտային ծախսերը… Հարկերը… Կանի… (Գլուխը քորելով մտածում է): Դե՜ հարկերից կարելի մի կերպ խուսափել… Կանի…
ԿԻՆ – (Բարկացած): Կանի՝ մի քանի: Ասում եմ ձեզ, տհասներ, սա սիրո քարն է: Վեներան է ուղարկել:
ԴԵՐԱՍԱՆ – (Անհանգստացած): Վեներակա՞ն է…
ԿԻՆ – (Զզվանքով նայում է Դերասանին): Լկտի…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Վաճառենք-պրծնենք էլի… Անիմաստ վիճում ենք իրար հետ:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Չհամարձակվե՛ք: Սա մեր երկրի անկյունաքարն է:
ՈՒՍԱՆՈՂ – Տորք Անգեղի քարն է: Գրականությունից եմ անցել: (Հռետորական պոզա ընդունելով արտասանում է) «Շատ դարեր առաջ հին Հայաստանում…»
ՔԱՀԱՆԱ – (Բարկացած): Հին Հայաստանին չդիպչե՛ս, ապիկա՛ր:
ՈՒՍԱՆՈՂ – (Մեղավոր տոնով): Բայց ես վատ բան չասացի…
ԶԻՆՎՈՐ – Լռի՛ր, տգետ… Ու սրանց մեր առաջավոր սերունդ են համարում: Թու՜…
ՈՒՍԱՆՈՂ – (Վախեցած): Բայց ես միայն լավ իմաստով…
ԴԵՐԱՍԱՆ – Մի՛ վիճեք: Սա մեր թատրոնի դեկորացիաներից է:
ՔԱՀԱՆԱ – Մեղա՜, մեղա՜… (խաչակնքվելով) Էլ ի՞նչ սատանայական բառեր գիտեք:
ՀԻՄԱՐ – Միզանսցեն և գրոտեսկային:
ՔԱՀԱՆԱ – Մեղա՜, մեղա՜… Եկեք միասին աղոթենք…
ԿԻՆ – (Անկեղծորեն զարմացած): Ինչի՞ համար: Հա՞ց պիտի ուտենք:
ՀԻՄԱՐ – (Ոգևորված): Գինին չմոռանաք…
ԿԻՆ – (Երազկոտ): Լավ կլիներ…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Եկեք բոլորով այս քարը բարձրացնենք ու մի կողմ տանենք, որ հասկանանք ինչ է, ինչացու է: Տղերք, կպե՛ք:
Տղամարդ հերոսներներից փորձում են բարձրացնել քարը, բայց ապարդյուն:
ԿԻՆ – Բա ես ի՞նչ անեմ: Ես էլ եմ ուզում մասնակցել հասարակական կյանքին:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – (Տքնաձայն): Դու սուրճ կդնես: Դու կինարմատ ես:
ԿԻՆ – (Վիրավորված): Ձեր ասածն առնվազն սեքսիզմ է: Ես կբողոքեմ:
ՔԱՀԱՆԱ – Աղջիկ ջան, հանգստացի՜ր: Դու սուրճը դիր՝ խմենք, հետո ինչքան ուզում ես բողոքիր:
ԴԵՐԱՍԱՆ – Կամ էլ՝ օգնեք միասին քարը շարժենք:
ԿԻՆ – (Դարձյալ վիրավորված): Ձեր ասածը կնոջ շահագործում է: Ես կբողոքեմ:
ՀԻՄԱՐ – Բողոքող լինի: Թեմա միշտ էլ կգտնվի:
ՈՒՍԱՆՈՂ – Չի ստացվում: Սպասե՛ք: Չի էլ ստացվի, քանի որ ամեն մեկս մի կողմ ենք հրում: Ըստ Նյուտոնի օրենքի…
Հանկարծ դարձյալ լսվում է տագնապի շչակի ձայնը: Բոլորը թողնում են քարը բարձրացնելու փորձը, դարձյալ խառնվում են իրար, բայց ոչ առաջին անգամվա պես տագնապած: Մեկը սայթաքում է քարի վրա և ընկնում: Մի քիչ այս ու այն կողմ են անում բեմի վրա՝ մնալով պատերին մոտիկ: Լույսը պակասում է՝ մնալով միայն քարի վրա: Թարթող լույսի տակ Հիմարը զգուշորեն մոտենում է քարին, երկու ձեռքով հրում այն ու գցում փոսը: Խուլ թրմփոց է լսվում: Հիմարը հետնաքայլ հեռանում է դեպի բեմի անկյուն: Լույսերը դարձյալ ուժեղանում են: Հերոսները սկսում են քայլել բեմի վրա՝ ամեն մեկն իր մտքերի մեջ:
ՊԱՏԿԵՐ 2
ԶԻՆՎՈՐ – (Գույժաձայն): Ժողովու՜րդ…
Բոլորը անշարժանում են և շրջվում դեպի Զինվորը:
ԲՈԼՈՐԸ – Հիմա՞ ինչ եղավ:
ԶԻՆՎՈՐ – Ժողովուրդ, քարը չկա…
Հերոսները դանդաղաքայլ մոտենում են այն տեղին, ուր քիչ առաջ քարն էր: Ուշադիր զննում են տեղանքը, ապա զարմացած հայացքները պտտում միմյանց վրա:
ՈՒՍԱՆՈՂ – (Մեկեն ոգևորվելով): Ես հասկացա… Ես ամեն ինչ հասկացա… (Տեղում ուրախ պարային շարժումներ է անում):
ԴԵՐԱՍԱՆ – Ի՞նչ հասկացար:
ՈՒՍԱՆՈՂ – (Հանդիսավոր): Մեր բոլոր խնդիրները գիտե՞ք ինչից էին: Որ, փոխանակ մի կտոր հաց ուտեինք ու գինի խմեինք, հիմարի պես ընկել էինք հիմար բաների հետևից: Մեկն առևտուր է անում, մեկը սեր է անում, մեկն աղոթում է: Ութ հոգով տասնութ երգ ենք երգում: Այսպես ոչ մի համախմբություն երբեք չի լինի:
ԲՈԼՈՐԸ – Բա ի՞նչ անենք:
ՀԻՄԱՐ – Ես արդեն արեցի:
ԲՈԼՈՐԸ – Ի՞նչ արեցիր:
ՀԻՄԱՐ – Ինչ որ դուք երազում էիք անել, բայց անկարող էիք: Արեցի ձեր փոխարեն: Դժվար էր, ինչ խոսք: Բայց արեցի՝ հանուն բոլորիս:
ԿԻՆ – (Անհամբեր): Ի՞նչ արեցիր:
ՀԻՄԱՐ – Ուշադի՛ր նայեք: Մի՞թե չեք տեսնում:
Բոլոր հերոսները տարակուսանքով աջուձախ են նայում և ապա կրկին հայացքները հառում Հիմարին: Հիմարը մատով ցույց է տալիս այն տեղը, ուր առաջ քարն էր:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – (Ձեռքը ճակատին խփելով): Քարը չկա, ժողովուրդ…
Բոլորը զարմացած նայում են քարի տեղին: Առևտրականը ծնկի է իջնում և հոտոտում հատակը:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Հա էլի, չկա…
Հերոսները սկսում են աջուձախ փնտրել: Դերասանը փորձում է կնոջ փեշի տակ նայել, բայց վերջինից ապտակ է ստանում:
ՀԻՄԱՐ – (Հրճվանքով): Ասում եմ՝ չկա՛: Մի՛ էլ փնտրեք: Չը-կա:
ՔԱՀԱՆԱ – Բա ու՞ր է, Հիմար եղբայր:
ՀԻՄԱՐ – (Մատնացույց անելով փոսը): Ես այն գլորեցի և գցեցի փոսը:
Հիմարն ինքնագոհ դիրքով կանգնած է: Մյուսները կռանում և նայում են փոսին: Հետո մտահոգ հեռանում են ու ցրվում բեմով մեկ:
ՀԻՄԱՐ – (Ափսոսանքով): Եվ չկա մեկը, որն ինձ ասի՝ Կեցցե՛ս, Հիմար եղբայր:
ԴԵՐԱՍԱՆ – (Մոտենալով Հիմարին): Դու հո հիմար չե՞ս:
ՀԻՄԱՐ – (Վրդովված): Ե՞ս:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Այո, դու՛:
ՀԻՄԱՐ – Հիմար եմ: Եվ հպարտ եմ դրանով: Տեսանք, թե ձեր խելքը ձեզ ուր տարավ:
ԿԻՆ – Հիմար որ հիմար… Թեև…
ՔԱՀԱՆԱ – (Խաչակնքվելով): Մեղա՜, մեղա՜…
ՀԻՄԱՐ – Ինձ եք Հիմար ասում, բայց հիմարը դուք եք, որ կաք: Բոլո՛րդ: Չե՞ք հասկանում, որ եթե չկա քարը, ապա խնդիրներ էլ չկան: Ես ձեզ բոլորիդ ազատեցի այդ մեծ դարդից:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Չկա քարը՝ չկան խնդիրները: Հմ… Կարծեմ Հին Հռոմում են ասել:
ԶԻՆՎՈՐ – (Բարկացած): Չգիտեմ՝ ինչ են ասել Հռոմում: Իմ դարդը մե՛նք ենք, մե՜նք: Քարը լավ զենք կդառնար:
ՔԱՀԱՆԱ – (Խաչակնքվելով): Չարին հակառակ չկանգնես, զավակս…
ԶԻՆՎՈՐ – Տեր հայր, այդ մեկը գնա մեր թշնամիներին ասա, հա՞:
ՔԱՀԱՆԱ – Մեղա՜, մեղա՜…
ԿԻՆ – (Անվստահ): Չգիտեմ, միգուցե լավն էլ հենց սա էր…
ՈՒՍԱՆՈՂ – Ամեն ինչ լավ է, թե լավ վերջանա: Նյուտոնն է ասել:
ՔԱՀԱՆԱ – (Խաչակնքվելով): Մեղա՜, մեղա՜…
ԴԵՐԱՍԱՆ – (Ընդգծելով վանկերը): Ստա-նիս-լավ-սկին…
ՔԱՀԱՆԱ – (Խաչակնքվելով): Մեղա՜…
ՀԻՄԱՐ – Ինձ եք հիմար ասում, բայց բոլորդ էլ հիմար եք: Դա իմ ընկերն է ասել: Շիշը սեղանից ցած ընկավ ու, պատկերացնու՞մ եք՝ չկոտրվեց: Անգամ մի կաթիլ չթափվեց: Ու հենց այդտեղ էլ ընկերս ասաց՝ ամեն ինչ լավ է, թե լավ վերջանա:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Հմմ, մի քիչ համաձայն չեմ: Մի անգամ Բեյրութում…
ԿԻՆ – (Ընդհատելով): Ոչ, դա իմ նախկին ամուսինն է ասել՝ երբ բաժանվեցինք:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Նապոլեոնի բառերն են: Ի դեպ, Նապոլեոնը հայ էր: Հաստատ բան եմ ասում:
ԶԻՆՎՈՐ – Ըհը, հասանք՝ իջեք: Նապոլեոնը մեր գումարտակի հրամանատարի շունն էր: Դե հիմա, իմաստուն ջան, մի հատ մեզ բացատրիր, թե շունը ո՞նց էր հայ: Թողնես անկապ-անկապ բաներ ասեն…
ՔԱՀԱՆԱ – Սուրբ գրքից է մեջբերումը: Երբ Աստված Ադամին ու (հանդիմանությամբ մատնացույց է անում Կնոջը) Եվային արտաքսեց Եդեմից՝ այդպես էլ ասաց՝ Ամեն ինչ լավ է, թե լավ վերջանա: Մեղա՜…
ԿԻՆ – (Ցուցադրաբար մեջքը դարձնելով քահանային): Խելո՜ք…
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Սպասե՜ք, լրիվ ուրիշ տեղ գնացինք: Մենք կարող ենք արձանագրել, որ քարն այլևս չկա: Դա առաջին և ամենակարևոր քայլն է:
ՈՒՍԱՆՈՂ – Չկա:
ԶԻՆՎՈՐ – Չկա ու չկա…
ԴԵՐԱՍԱՆ – Մի րոպե՜…
ԲՈԼՈՐԸ – Քեզ ի՞նչ եղավ…
ԴԵՐԱՍԱՆ – Քարը եղե՛լ է, կա՛ և կլինի՛:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – (Ծիծաղկոտ տոնով): Բա ու՞ր է:
ԴԵՐԱՍԱՆ – (Ցույց տալով փոսը): Քարը, ժողովուրդ, փոսի մեջ է:
Բոլորը դարձյալ հավաքվում են փոսի մոտ ու ներքև նայում:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Հաստա՞տ:
ԶԻՆՎՈՐ – (Դարձյալ ծնկի է իջնում և հոտոտում փոսը): Հաստատ: Հոտն առնում եմ:
ԿԻՆ – Քարից հո՞տ է գալիս:
ԶԻՆՎՈՐ – Իհարկե, գալիս է:
ԿԻՆ – Ի՞նչ հոտ:
ԶԻՆՎՈՐ – Քարի հոտ:
ՈՒՍԱՆՈՂ – Քարը հոտ չունի: Համալսարանում եմ անցել:
ԶԻՆՎՈՐ – (Բարձրանալով և ծնկները թափ տալով դիմում է Ուսանողին): Փաստորեն դու էլ ես հիմար:
ՔԱՀԱՆԱ – Մեղա՜…
ՈՒՍԱՆՈՂ – (Վրդովված): Ինչու՞: Ե՞ս ինչու եմ հիմար:
ԶԻՆՎՈՐ – Որովհետև քարը հոտ ունի՛:
ԿԻՆ – Ի՞նչ հոտ:
ԶԻՆՎՈՐ – (Խորհրդավորությամբ): Քարի հոտ:
Բոլորը զարմացած նայում են Զինվորին: Լռություն է տիրում:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Պարզ է: (Զինվորին ցույց տալով ու մատը քունքի մոտ պտտելով, որ զինվորը չտեսնի): Կանտուզիայի հետևանքներն են: Բա հիմա ի՞նչ ենք անելու:
Մի պահ դարձյալ լռություն է տիրում:
ԴԵՐԱՍԱՆ – Ես դերասանություն կանեմ: (Հայացքը պտտումէ դահլիճում): Հարմար դահլիճ է դրա համար:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Ես էլ իմ առևտուրը կանեմ: (Ոգևորված) Հիշում եմ՝ մի անգամ Լեհաստանում…
ԿԻՆ – (Ընդհատելով և երազկոտ): Արդեն ասել ես: Լռի՛ր, խնդրում եմ: Իսկ ես գիտե՞ք ինչ կանեմ:
ՈՒՍԱՆՈՂ – (Սիրահետելով): Ի՞նչ կանեք, գեղեցկուհի…
ԿԻՆ – Ես իմ ամենալավ շորերը կհագնեմ:
ՈՒՍԱՆՈՂ – (Երազկոտ նայելով Կնոջը): Իսկ ես սիրով կզբաղվեմ:
ՔԱՀԱՆԱ – Ամո՛թ, հազա՛ր ամոթ… (Խաչակնքվելով) Մեղա՜, մեղա՜…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Տեր հայր, դու՞ք ինչ կանեք:
ՔԱՀԱՆԱ – Ես, հարկավ, կաղոթեմ, զավակս:
ՀԻՄԱՐ – Իսկ ես կխմեմ… Ամեն ինչ սուտ է՝ կյանքը պիտի վայելես:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Ես կպատրաստվեմ ընտրություններին:
Բոլորը նայում են Զինվորին:
ԲՈԼՈՐԸ – Իսկ դու՞:
ԶԻՆՎՈՐ – (Անհանգստացած): Ես ի՞նչ:
ՔԱՀԱՆԱ – Դու ի՞նչ պիտի անես:
ԶԻՆՎՈՐ – Ես զինվոր եմ: Ես պիտի կռվեմ: Ուրիշ բան անել չգիտեմ…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – (Ծիծաղելով): Կռվե՞ս: Ու՞մ դեմ:
ԶԻՆՎՈՐ – Թշնամիների: Բա էլ ու՞մ:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Մենք թշնամիներ չունենք, եղբայր… Թշնամիները քո երևակայության մեջ են:
ԶԻՆՎՈՐ – Բա այս քարը ո՞վ նետեց: Երևակայությու՞նս:
ԲՈԼՈՐԸ – (Անկեղծ զարմանքով): Ի՞նչ քար:
ԶԻՆՎՈՐ – (Մատնացույց անելով փոսը): Այս քարը:
Դարձյալ լսվում է տագնապի շչակի ձայնը: Լույսերը թարթում են: Հերոսներն այս անգամ շատ քիչ են հուզվում: Մի քիչ այս ու այն կողմ են անում և նոր դիրքեր զբաղեցնում: Լույսերը կրկին վառվում են նախկին ուժգնությամբ:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Երևի կեղծ էր: Կամ էլ վարժանք էր… Բան ու գործ չունեն…
Լռություն է տիրում: Դերասանը կռանում է և հոտոտում փոսը:
ԴԵՐԱՍԱՆ – Վարժանք չէր: Քարն այստեղ է: Կարծես ես էլ եմ զգում նրա հոտը:
ՀԻՄԱՐ – (Սրտնեղված): Ախր ես բոլորիդ ազատեցի այդ քարից: Գոնե մի բաժակ գինի հյուրասիրեիք…
ՔԱՀԱՆԱ – Մեղա՜, մեղա՜… Բայց ես էլ կխմեի հաճույքով… Տիրոջ արյունը…
ԲՈԼՈՐԸ – Ես էլ, ես էլ…
Մեկը գինի է լցնում ու բոլորով խմում են: Ուսանողն ու Կինը՝ բուդերշաֆտ: Ուրախ երաժշտություն է լսվում: Ուսանողն ու Կինը պարում են: Զինվորն ու Քահանան մի անկյունում կանգնած զրուցում են: Առևտրականը մատների վրա ինչ-որ բան է հաշվում: Դերասանը թռչնի պես փորձում է ճախրել: Քաղաքական գործիչը թուղթ է հանում և սկսում ինչ-որ բան գրել: Հիմարը՝ աթոռներից մեկին փռված, երանության մեջ է: Հանկարծ դարձյալ լսվում է տագնապի շչակի ձայնը: Երաժշտությունը լռում է, բոլորը մի պահ քարանում են, ապա շարունակում իրենց արածը՝ առանց որևէ տագնապի՝ կրկին միացած երաժշտության հնչյունների տակ: Երաժշտության ձայնն իջնում է, բայց չի ընդհատվում:
ՀԻՄԱՐ – (Տեղից բարձրանալով և բաժակը բարձր բռնած): Այ կյանքն այսպես պիտի լինի՝ անհոգ և ուրախ:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – (Ուրախացած): Համաձայն եմ, Հիմար եղբայր: Բա էլ ինչու՞ ենք ապրում:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Բայց մեր Հիմարը շա՜տ խելոք բաներ է ասում: Երանի բոլորս նրա պես և նրա չափ հիմար լինեինք:
ԲՈԼՈՐԸ – Երա՜նի: Հիմարի կենացը:
Բոլորը խմում են: Կինը թողնում է Ուսանողին ու գալիս բեմի կենտրոն:
ԿԻՆ – Մի բան էի ուզում հարցնել:
ԲՈԼՈՐԸ – (Հետաքրքությամբ): Հապա, հապա…
ԿԻՆ – Եթե սա ձեր վերջին օրը լիներ, ի՞նչ կանեիք…
Հանկարծ բոլորը լրջանում են: Երաժշտությունը լռում է:
ԴԵՐԱՍԱՆ – Ես քաղաքականությամբ կզբաղվեմ:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Իսկ ես կպարեմ: Պաշտում եմ պարը…
ԿԻՆ – (Ռոմանտիկ ձայնով): Ես աղոթքներ կասեմ ու սաղմոս կերգեմ… Կամ էլ, եթե դա չստացվի, Համալսարանում միջուկային ֆիզիկա կդասավանդեմ: Ի՞նչս է պակաս որ…
ԴԵՐԱՍԱՆ – Հիրավի… Կուրծքն ու (ձեռքերով օդի մեջ հետույք է նկարում) … տեղը: Ոտքերը էլ դե տեսնում եք… Մի բառով՝ կատարելություն… Լիովին կարող եք ֆիզիկա դասավանդել: Եթե ես ուսանող լինեի, ձեր ոչ մի դասախոսությունը բաց չէի թողնի: (Մոտենում է և համբուրում հաճոյախոսությունից շոյված Կնոջ ձեռքը):
ՈՒՍԱՆՈՂ – Ես կկռվեմ… Ուրիշ էլ ի՞նչ անեմ: Ուրիշ բան անել չգիտեմ…
ՔԱՀԱՆԱ – Հմմ… Ես կուսանեմ: Ուսման կարոտ եմ:
ՀԻՄԱՐ – Ես առևտրով կզբաղվեմ: Միշտ երազել եմ դրա մասին…
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – (Երազկոտ): Մի լավ բան էլ ես կանեմ…
ԿԻՆ – Օրինակ ի՞նչ:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Իմ այգում լոլիկ և վարունգ կաճեցնեմ: Ձեզ էլ բաժին կհանեմ: Չկասկածե՛ք: Բոլորիս էլ կհերիքի:
Բոլորը նայում են մտախոհ կանգնած Զինվորին:
ԲՈԼՈՐԸ – Իսկ դու՞:
ԶԻՆՎՈՐ – Ե՞ս:
ԲՈԼՈՐԸ – Այո, դու:
ԶԻՆՎՈՐ – Ես… ես… Ես չգիտեմ… Ես գունավոր կավիճներ կգտնեմ ու այս ասֆալտի վրա ծաղիկներ կնկարեմ…
Բոլորը լռում են… Հետո ցրվում են դեպի բեմի անկյունները ու վերադառնում լրջացած ու առանց գինու բաժակների:
ԴԵՐԱՍԱՆ – Լրիվ հիմարացել ենք:
ՀԻՄԱՐ – Ինձ պես եղեք և չեք փոշմանի… Կյանքը՝ ուրախ և անհոգ…
ՔԱՀԱՆԱ – (Խաչակնքվելով): Հետև՛ս գնա, սատանա… Մե՜ղա…
ԿԻՆ – Մի բան սխալ է: Վեցերորդ զգայարանս է ասում:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Ես հիշում եմ՝ այստեղ մի քար կար: Քանի դեռ այն կար, իմ կյանքում էլ նպատակ կար: Էս փոսի մեջ էր: Տղերք, կպեք… Փորձենք հանել:
Երեք հոգով փորձում են հանել քարը, բայց ոչինչ չի ստացվում:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Սպասեք, այդպես բան չի ստացվի: Պետք է ծրագիր գրել, լսումներ կազմակերպել, հանրությանը տեղյակ պահել, ազգային ժողովում հաստատել, որ օրենքի ուժ ստանա: Իզուր եք ձեզ տանջում:
Առևտրականն ու էլի երկուսը փորձում են հանել քարը, բայց ապարդյուն: Հոգնած ու շնչակտուր նստում են հատակին:
ԶԻՆՎՈՐ – Ոչ մի լսում էլ պետք չէ: Հատկապես որ լսողին ասող է պետք: Իսկ ասող չունենք:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Ես կասեմ: Դա իմ գործն է:
ԶԻՆՎՈՐ – (Հեգնանքով): Եթե մի խելոք բան ասած լինեիր՝ հաստատ լսող կգտնվեր: Ուրեմն՝ խելոք բան հաստատ չես ասել:
ԴԵՐԱՍԱՆ – Հիմարին ավելի շատ լսող կա, քան քեզ:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Ասել եմ: Բայց դե ասողին լսող է պետք, չէ՞: Ո՞վ է հիմա լսում: Հիմա բոլորը գրում են, բայց կարդացող չկա: Հիմա մարդիկ նկարներ են նայում և այդ բանից դնում… Անունը մոռացա… Դե էն որ կա՝ փոքրիկ ու կարմիր:
ԿԻՆ – (Երազկոտ՝ օդի մեջ սրտիկ նկարելով): Սրտիկ: Կամ էլ՝ գոնե լայքիկ:
ԴԵՐԱՍԱՆ – (Կնոջը՝ սիրատոչոր): Հմմ… Թույլ տվեք սրտիկս Ձեր ոտքերի տակ դնել…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – (Դերասանին): Դերասանություն մի՛ արա: Միևնույնն է՝ դերասաններին հիմա ոչ ոք չի հավատում: Դրա դարն անցել է:
ԴԵՐԱՍԱՆ – Սխալվում եք, պարոն Առևտրական: Դրա դարը երբեք չի անցնի:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Հաստա՞տ: Դե տես ինչ եմ ասում: Հեռու չգնանք: Մի անգամ Ֆրանսիայում…
ԶԻՆՎՈՐ – (Ընդհատելով): Կենացները քաղցրացան: Ֆրանսիա էլ հասանք… Ֆրանսիացիների գործը հեշտ է՝ նրանք ծով ունեն:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Միգուցե… Բայց ինչ եմ ասում՝ էդ քարն ափսոս էր, ախր: Կարելի էր սիրուն կտրատել, սալիկներ սարքել ու վաճառել հենց նույն ֆրանսիացիներին: Լավ գին կտային: Դրանք ճաշակով մարդիկ են: Մեզ նման չեն:
ԿԻՆ – (Վրդովված): Ուրեմն մենք անճաշակ ենք, հա՞…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – (Շփոթված): Ես լավ իմաստով ասացի:
ԴԵՐԱՍԱՆ – Դրա լավ իմաստը ո՞րն է: Եվ շա՜տ կներեք: Մենք լավ էլ ճաշակով ենք: Տեսե՜ք ինչ ներկայացումներ ենք բեմադրում: (Պաթոսով ցույց տալով հերոսներին և բեմը): Տասներկու գործողություն, հիսունյոթ գործող անձ… Էլ ֆաբուլա, էլ պերիպետիա…
ՔԱՀԱՆԱ – Մեղա՜… (Խաչակնքվում է):
ՈՒՍԱՆՈՂ – Տեսել եմ, տեսե՜լ: Բայց դրանք դեռ երկու հարյուր տարի առաջ ֆրանսիացիներն են բեմադրել: Մեկ էլ ռուսները՝ հարյուրհիսուն տարի առաջ: Սունդուկյանի ականջն էլ կանչի, իհարկե: Հեչ մտքով կանցնե՞ր որ քսանմեկերորդ դարի քսանմեկերորդ տարում Պեպոն պիտի մեզ համար այժմեական լինի:
ՔԱՀԱՆԱ – Պեպոն շատ էլ լավն է: Ձեզ որ թողնեն՝ ամբողջ օրը չասեմ ինչ կնայեք… Մեղա՜, մեղա՜… Մեզ նման նոր բաներ պետք չեն: Մենք մաքուր ազգ ենք և այդպիսին էլ պիտի մնանք ի փառս հայրենյաց: (Խաչակնքվում է):
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – (Կոնկրետ որևէ մեկին չդիմելով): Բա ի՞նչ անենք:
ՀԻՄԱՐ – Մեզ լավ խորհուրդ է պետք:
ՔԱՀԱՆԱ – Աղոթել է պետք…
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Հմմ…
ՈՒՍԱՆՈՂ – Իսկ միգուցե գո՞րծ անենք, հը՞: Հլա կպեք, տղերք:
Մի քանիսով դարձյալ փորձում են քարը փոսից հանել, սակայն՝ կրկին ապարդյուն: Հոգնած նստում են բեմին ու լռում…
ԶԻՆՎՈՐ – Էսպես ախր բան չի ստացվի… Մի հիմար քարը գցեց փոսը ու հարյուր խելոքով հավաքվել՝ չենք կարողանում հանել:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Ապրե՛ս: Ես էլ եմ ասում, որ մենք խելոք ազգ ենք: Հիշում եմ՝ մի օր Լեհաստանում էի…
ՈՒՍԱՆՈՂ – (Ընդհատելով): Բայց շա՜տ խելոք ենք: Թույլ տվեցինք, որ մի հիմար գիտության գրանիտը փոսը գցի: Հիմա գիտությունն էլ կմեռնի… (Սրտնեղված) Ի՞նչ պիտի կրծենք ես ու ընկերներս…
ԿԻՆ – (Երազկոտ): Դա Սիրո քարն էր: Հիմա սերն էլ կվերանա մեր վրայից:
ԶԻՆՎՈՐ – Դարձյալ նույն հիմար բաներն եք ասում: Դուք էլ հո Հիմարի հիմար ընկերները չե՞ք: Ասում ես՝ այդ քարը զենք էր, զե՛նք: Հիմա զենք էլ չենք ունենա: (Հուսահատ ձայնով) Ինչո՞վ պիտի կռվենք, չգիտեմ…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Լավ էլ քար էր: Կարելի էր կտրատել սալիկների և լավ գնով վաճառել: (Տխուր ձայնով) Հիմա ի՞նչ առևտուր պիտի անենք:
ՔԱՀԱՆԱ – Ասում եմ ձեզ՝ այդ քարն Աստծուց էր: Հիմա Աստծո օրհնանք էլ պիտի վերանա մեր վրայից:
ՈՒՍԱՆՈՂ – Գիտության գրանիտն էր…
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Մեր պետության անկյունաքարն էր:
ԴԵՐԱՍԱՆ – Մեր թատրոնի դեկորացիաներից էր: Արտավազդից էր մնացել: Տիգրանակերտից էին բերել:
ԿԻՆ – (Անհանգիստ): Բա ի՞նչ ենք անելու հիմա: Մի հիմարի պատճառով այդ ամենից զրկվեցինք: Տղամարդի՛կ, մեր հույսը դու՛ք եք: Ի գո՛րծ, ձեզ տեսնեմ:
Մի քանիսը դարձյալ փորձում են քարը հանել, բայց ոչինչ չի ստացվում: Հոգնած փռվում են բեմին կամ աթոռներին: Լռություն է տիրում:
ՊԱՏԿԵՐ 3
Դարձյալ լսվում է տագնապի շչակի ձայնը: Լույսերը թարթում եմ: Ոչ ոք տեղից չի շարժվում: Բոլորը նայում են մի կետի, մինչև որ շչակի ձայնը մարում է, և լույսերը դադարում են թարթել:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – (Մի քանի քայլ առաջ է գնում դեպի Հիմարը): Մենք քեզ ենք Հիմար կոչում, բայց հիմարը մենք ենք: Դու մեղավոր չես: Դու պարզապես հիմար ես: Ի ծնե: Եվ պատահական չէ, որ անունդ էլ Հիմար է: (Շրջվում է դեպի հանդիսատեսը): Բայց ասում եմ՝ մենք ավելի հիմար ենք, քանի որ հիմար ենք դարձրել ինքներս մեզ: Եվ թույլ ենք տվել հիմարացնել մեզ: Եվ հիմարաբար այդ կարևոր քարը վստահել էինք քեզ պես հիմարին (մատով ցույց է տալիս Հիմարին): Հավես չունեինք կամ էլ հանգիստացել էինք… Դու միայնակ քարը գցեցիր փոսը, իսկ մենք հիմա հավաքվել ենք ամբողջ ազգով ու չենք կարողանում հանել… Երևի սրան ենք արժանի:
ՈՒՍԱՆՈՂ – (Տխուր և անկապ): «Շատ դարեր առաջ հին Հայաստանում…»
ՔԱՀԱՆԱ – (Հանգիստ ձայնով): Հին Հայաստանը հանգիստ թող, զավակս:
ՈՒՍԱՆՈՂ – Բայց ես…
ԶԻՆՎՈՐ – (Բարկացած): Լռե՛ք: Բոլորդ լռե՛ք: Եթե ասելու բան չկա՝ ավելի լավ է լռել:
ԿԻՆ – Լռություն կա, որ հազար խոսք արժի:
Լռություն է տիրում:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – (Շուրջբոլորը նայելով): Բոլորն այստե՞ղ են:
ԲՈԼՈՐԸ – Այո, այո…
ԴԵՐԱՍԱՆ – Էլ ու՞ր պիտի լինենք… Կյանքը բեմ է, իսկ մենք՝ հիմարներ…
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Կարծես թե բոլորս ենք՝ (հերթով մատնացույց անելով բոլորին) Ուսանողը, Կինը, Հիմարը, Տերտերը…
ՔԱՀԱՆԱ – (Արժանապատվորեն): Ես տերտեր չեմ: Ես քահանա եմ: Մեղա՜…
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Ներե՛ք, Տեր հայր… Մի քիչ նման էիք: Խելք չի մնացել բոլորովին: Հա, ինչ էի ասում՝ Զինվորը, Դերասան, Առևտրականը և ես՝ ձեր խոնարհ ծառան:
ԴԵՐԱՍԱՆ – Այո, կարծես թե ամբողջ ազգն այստեղ է: (Նայում է դահլիճին): Ով էլ այստեղ չէ՝ երևի գործ է անում:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – (Վրդովված): Ի՞նչ է, մենք գո՞րծ չենք անում:
ԴԵՐԱՍԱՆ – Ես լավ իմաստով ասացի: Տառակերություն մի՛ արեք:
ՈՒՍԱՆՈՂ – Այսօր պատմություն է կերտվում: Հետո սրա մասին գրելու են պատմության դասագրքերում: Ազգի սերուցքն է այստեղ հավաքվել: Պետք է մի որոշում կայացնել:
ԿԻՆ – (Արհամարհանքով): Ազգի սերուցքը… Խելքի պուտուկնե՜ր…
ԶԻՆՎՈՐ – Զանգ կախող է պետք: Խոսք ասողների պակաս չկա:
ԴԵՐԱՍԱՆ – Ափսո՜ս, որ լսող չկա:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Չկա ու չկա… Ախր ասում էի՝ եկեք կտրատենք ու լավ գնով վաճառենք: (Ափսոսանքով): Հիմա արդեն երևի գին տվող էլ չի լինի:
ՈՒՍԱՆՈՂ – Ի՞նչը կտրատենք:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Դե էն սև բանը… Անունը մոռացա…
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Քա՞րը:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Այո, քարը: Մասերի կբաժանեինք, ու ամեն մեկիս, հաստատ, մի բան կհասներ: Մենք մի բուռ, բայց իմաստուն ազգ ենք: Պիտի կարողանանք արդարացիորեն ծախել ու կիսել ամեն ինչ: Չեմ հիշում՝ պատմե՞լ եմ: Մի անգամ չեմ հիշում որտեղ…
ԴԵՐԱՍԱՆ – (Ընդհատելով ու կասկածով): Բայց իմաստու՞ն ենք որ:
ԶԻՆՎՈՐ – Կռվել է պետք… Խոսք ասողները շատ են ինչ-որ…
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Բայց ու՞մ դեմ կռվենք:
ԶԻՆՎՈՐ – (Գազազած ձայնով): Բոլորի՛:
ՔԱՀԱՆԱ – Վա՜յ պատերազմ հրահրողներին… (խաչակնքվում է) Մեղա՜…
ԿԻՆ – Դարձյա՞լ կռվենք: Ինչքան ինձ հիշում եմ՝ մենք միշտ կռվում ենք:
ՈՒՍԱՆՈՂ – Ճիշտ է: Դասագրքերում էլ է այդպես գրված: Երեսուն տարի է հեղափոխություն ենք անում:
ԶԻՆՎՈՐ – Ուրեմն՝ լավ չենք կռվում:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – (Մտախոհ գլուխն է շփում): Մենք խելոք ազգ ենք: Մի ճար կգտնենք:
ԴԵՐԱՍԱՆ – Ուրեմն այդքան էլ խելոք չենք: Կռվում ենք, երբ դրա կարիքը չկա և չենք կռվում, երբ հենց կռվե՛լ է պետք:
ԿԻՆ – Երևի հիմար ենք, հա՞
ԲՈԼՈՐԸ – (Կարկամած): Երևի…
ԴԵՐԱՍԱՆ – Մեր մեջ, փաստորեն, միայն մի խելոք մարդ կա՝ Հիմարը: Գոնե չի ստում:
ՔԱՀԱՆԱ – Ստելը մեղք է: (Խաչակնքվելով) Մեղա՜…
ՈՒՍԱՆՈՂ – Իսկ ինքնասպանությունը մեղք չէ՞:
ՔԱՀԱՆԱ – Հարկավ, մեղք է: (Խաչակնքվելով) Մեղա՜…
ԿԻՆ – Բա էլ ինչու՞ ենք սպանում ինքներս մեզ:
ԴԵՐԱՍԱՆ – Հռետորական հարց է:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Առաջարկում եմ Հիմարին մեր ղեկավար ընտրել…
ԶԻՆՎՈՐ – Զինվորական ղեկավա՞ր:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Ամեն ինչի ղեկավար:
ՈՒՍԱՆՈՂ – Նաև՝ ավագ քուրմ:
ՔԱՀԱՆԱ – Եկեղեցուն չդիպչե՛ս, ապիկար: Մե՜ղք է:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Կարևորը, որ թույլ տա հանգիստ առևտուր անենք:
ԿԻՆ – (Հեգնանքով): Դու կանես: Ծախելու բան լինի:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Ես հարկերը մուծում եմ: Ոչ մի խարդախություն չեմ անում: Ամեն ինչ՝ միայն օրենքի սահմաններում: Մեռնեմ օրենքի զորությանը:
ԶԻՆՎՈՐ – Ցավն էլ հենց դա է, որ երկիրը ծախում եք հենց ձեր օրենքի սահմաններում:
ԴԵՐԱՍԱՆ – Այո, չեմ հիշում ով է ասել՝ (պաթոսով) դժոխք տանող ճանապարհը բարի ցանկություններով է պատված:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Կարծեմ Հին Հունաստանում են ասել:
ԶԻՆՎՈՐ – Չգիտեմ ինչ են ասել Հունաստանում: Իմ դարդը մենք ենք: Որ մի օր մեր խոսքը գործ դառնա: Կռվե՜լ է պետք, կռվե՜լ…
ՔԱՀԱՆԱ – Չարին հակառակ չկանգնե՛ս, զավակս… (ձայնը փոխելով) Իսկ այդ խոսքը Մարգարեներից է: Հին կտակարանը կարդացեք:
ՈՒՍԱՆՈՂ – Տեր հայր, դու աղոթքդ արա, հա՞:
ՔԱՀԱՆԱ – Մեղա՜, մեղա՜… (խաչակնքվում է):
ԿԻՆ – Լա՛վ է ասված: Կարծեմ Դյուման է ասել՝ Կամելիազարդ Տիկնոջ շուրթերով:
ՈՒՍԱՆՈՂ – Էյնշտեյնն է ասել: Մենք անցել ենք: Երբ միջուկային զենքի տեսության վրա էր աշխատում:
ՔԱՀԱՆԱ – Մեղա՜, մեղա՜… (խաչակնքվում է):
ԴԵՐԱՍԱՆ – Ֆլորիան Զելլերի բառերն են: Բեմական արվեստից ենք անցել:
ՔԱՀԱՆԱ – (Դիմելով դերասանին և խաչակնքվելով): Մեղա՜… Զավակս, դահլիճում անչափահասներ կան: Հայհոյություններ մի՛ արտասանիր: Մեղք է…
ՀԻՄԱՐ – Ինձ եք հիմար ասում, բայց բոլորդ էլ հիմար եք: Դա իմ ընկերն է ասել: Հենց այդպես էլ ասաց՝ Օ՜, դժվար է քո ճանապարհը…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Հմմ, մի քիչ համաձայն չեմ: Մի անգամ Թիֆլիսում էի…
ԿԻՆ – (Ընդհատելով): Ո՛չ, դա իմ նախկին ամուսինն է ասել՝ պսակվելիս: Լկտին այդպես էլ ասաց՝ քեզ հետ, սիրելիս, անգամ դրախտը դժոխք կդառնա…
ԴԵՐԱՍԱՆ – (Քմծիծաղով): Երևի հակառակը նկատի ուներ:
ԿԻՆ – (Դերասանին՝ բարկացած ձայնով): Լկտի:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Մի՛ վիճեք: Նապոլեոնի բառերն են: Ի դեպ, Նապոլեոնը հայ էր: Հաստատ բան եմ ասում:
ԶԻՆՎՈՐ – Ըհը, հասանք՝ իջեք: Քեզ էլ կբուժենք:
ՔԱՀԱՆԱ – Սուրբ գրքից է: Երբ Աստված Ադամին ու (հանդիմանությամբ մատնացույց է անում Կնոջը) Եվային արտաքսեց Եդեմից՝ այդպես էլ ասաց՝ Սիրեցեք զմիմյանս և բազմացեք: Իսկ օձը թող դժոխքի բաժին դառնա:
Կինն ատելությամբ Քահանային է նայում: Բոլորը լռում են:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Սպասե՜ք, լրիվ ուրիշ տեղ գնացինք: Մենք կարող ենք արձանագրել… Ես կասեի՝ մենք պարտավոր ենք արձանագրել, որ…
Լռում է: Բոլորը սպասում են նրա խոսքին, բայց ասելիք չունի:
ԲՈԼՈՐԸ – Որ ի՞նչ…
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Մոռացա…
ԿԻՆ – Երևի կարևոր չէր:
Բոլորը քաոտիկ քայլում են բեմի վրա՝ փորձելով հիշել:
ՀԻՄԱՐ – (Տեղում կանգնելով): Ժողովուրդ, մի րոպե, իսկ մենք ի՞նչ ենք ուզում: Ինչու՞ ենք հավաքվել:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Ճիշտ ես ասում, Հիմար եղբայր: Հազար ու մի գործ կա անելու: Արձանագրությունն էլ մնաց…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Առևտուրս մնաց…
ԿԻՆ – Լվացքս, արդուկս…
ԴԵՐԱՍԱՆ – Անգամ դերասանություն անելս չի գալիս…
ԶԻՆՎՈՐ – Կռվել է պետք…
ՈՒՍԱՆՈՂ – Քննություններին է պետք պատրաստվել…
ՔԱՀԱՆԱ – Աղոթքը կփրկի…
ՀԻՄԱՐ – Կփրկի, Տեր հայր, բայց ես այդպես էլ չհասկացա, թե մենք ինչու ենք հավաքվել այստեղ:
ԿԻՆ – (Ոգևորված): Եկեք երգենք:
ՔԱՀԱՆԱ – Մեղա՜, մեղա՜…
Սկսում են երգել՝ ամեն մեկը՝ մի երգ: Աստիճանաբար բոլորն անցնում են նույն երգին և հաճույքով երգում են:
ԴԵՐԱՍԱՆ – Այ այսպես պիտի լինի՝ բոլորով մի երգ պիտի երգենք:
ՔԱՀԱՆԱ – Երգը աղոթք է: Սաղմոս ասացեք…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – (Ոգևորված): Սաղմոս ասացիր՝ հիշեցի: Մի անգամ Երուսաղեմում…
ՀԻՄԱՐ – (Ընդհատելով): Ես կարծես թե հիշեցի, թե ինչ պիտի անեինք:
ԲՈԼՈՐԸ – Ի՞նչ:
ՀԻՄԱՐ – Հիշու՞մ եք՝ ամեն ինչ քարից սկսվեց:
ԲՈԼՈՐԸ – Ի՞նչ քար:
ՀԻՄԱՐ – (Մոտենում է փոսին և մատնացույց անում քարը): Այս քարը:
Բոլորը հավաքվում են քարի շուրջը: Վերևից լույս է ընկնում քարի վրա: Մյուս բոլոր լույսերը հանգում են:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Էս որտե՞ղից: Ո՞վ բերեց: Ինչու՞ է փոսի մեջ:
ԴԵՐԱՍԱՆ – Իսկակա՞ն է, թե բուտաֆորիկ:
ԿԻՆ – Ինձ սրա մասին պատմել են: Սիրո քարն է:
ԶԻՆՎՈՐ – Թշնամիներն են գցել: Բայց կարող ենք հենց թշնամիների դեմ օգտագործել:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Հարմար քար է: Կարելի է լավ գնով վաճառել:
ՔԱՀԱՆԱ – Աստծո քարն է՝ երկնքից ընկած:
ՈՒՍԱՆՈՂ – Սա գիտության գրանիտն է: Ուսանող եղբայրներս են կրծել: Տեսեք՝ վրան ատամների հետքեր կան:
ԿԻՆ – Չէ մի չէ՜… Ասում եմ՝ սա սիրո և երջանկության քարն է:
ՔԱՀԱՆԱ – Աստծո քարն է: Պետք է խաչ կերտել և կանգնեցնել բարձր մի տեղ՝ ի տես ամենի:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Սևը հարմար գույն է: Սևին միշտ էլ լավ գին են տալիս: Ամեն ինչի հետ սազում է: Մի անգամ Հնդկաստանում…
ԴԵՐԱՍԱՆ – (Ընդհատելով): Կարելի է բեմը սալիկապատել: Որ փոշի չլինի: Մի հաստիք կկրճատվի: Մեր աշխատավարձն էլ կբարձրանա:
ՀԻՄԱՐ – (Նյարդայնացած): Բոլորս էլ հիմար ենք, բայց ի՛նձ եք անուն կպցրել: Փաստորեն այս քարը բոլորիս էլ պետք էր, հա՞:
ԲՈԼՈՐԸ – Այո, այո… Շատ պետք էր:
ՀԻՄԱՐ – Հիմա՞ էլ է պետք:
ԲՈԼՈՐԸ – Այո, այո… Շատ պետք է:
ՀԻՄԱՐ – Բա որ գցում էի փոսը՝ ինչու՞ մեկնումեկդ ձեռքս չբռնեց… Ինչու՞ ոչ ոք չասաց՝ այ մարդ, էս ի՞նչ ես անում: Տեսա, որ բոլորիդ խանգարում է, ու փոսը գցեցի: Մի՞թե վատ բան եմ արել:
Հանկարծ լսվում է տագնապի շչակի ձայնը; Լույսերը սկսում են թարթել: Ոչ ոք տեղից չի շարժվում: Հանկարծ բոլոր լույսերը մարում են և ամեն ինչ թաղվում է մթության մեջ:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Լույսերը գնացին: Եկեք արձանագրենք այս փաստը:
ԴԵՐԱՍԱՆ – Լուրջ մի՛ ընդունեք: Թատերական լուսային հնարք է:
ԿԻՆ – (Ռոմանտիկ ձայնով): Սիրո ժամն է…
ԶԻՆՎՈՐ – Թշնամիների արածն է: Հաստատ բան եմ ասում:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Բա հիմա ի՞նչ անենք: Մթության մեջ ի՜նչ առևտուր…
ՔԱՀԱՆԱ – Աստծո պատիժն է: Եկեք աղոթենք…
ՈՒՍԱՆՈՂ – Հոգնել եմ այս ամենից, անսահման հոգնել: Պետք է քնել…
ԿԻՆ – (Ռոմանտիկ ձայնով): Գուցե՝ երազել…
ԴԵՐԱՍԱՆ – Ա՜յ, ցավն այդտեղ է, քանզի այդ մահվան քնի ժամանակ
Ի՞նչ կերպ երազներ պիտի գան գուցե՝
Երբ այս մահացու կապանքը մեզնից թոթափած լինենք.
Ահա ինչ որ մեզ խորհել պետք է տա…
ՀԻՄԱՐ – (Գրպանից մոմ և լուցկի է հանում ու վառում: Զուգահեռ վառվում են բեմի լույսերը): Երբ մութ է, ոչ թե բողոքել է պետք, այլ մոմ է պետք վառել:
Հիմարը մոմը ձեռքին դանդաղ պտտվում է բեմով, աշտանակը բերում կենտրոն ու մոմը տեղադրում նրա վրա:
ԿԻՆ – (Ոգևորված): Տղամարդիկ, դուք գիտեք, թե ինչ է պետք անել: Իսկ ես ձեզ համար լավ սուրճ կեփեմ:
ԴԵՐԱՍԱՆ – Cherchez la femme!
Բոլորը միասին կպնում են և թեև դժվարությամբ ու մի քանի փորձով, բայց ի վերջո քարը հանում են փոսից: Վերևից լույս է ընկնում քարի վրա:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Ինչ էլ լավ քար է: Լավ տապանաքար կդառնա…
ՈՒՍԱՆՈՂ – Կամ էլ՝ լավ սեղան՝ պարապելու կամ պոկեր խաղալու համար:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Անկյունաքար…
ԿԻՆ – Սիրո թալիսման…
ՔԱՀԱՆԱ – Խաչքար կդառնա…
ԶԻՆՎՈՐ – Հրանոթի արկե՜ր…
ԴԵՐԱՍԱՆ – Ես դրա վրա կկանգնեմ ու Դանտե կարտասանեմ…
ՈՒՍԱՆՈՂ – Ավելի լավ է՝ «Շատ դարեր առաջ հին Հայաստանում…»
ՔԱՀԱՆԱ – Մեղա՜… (խաչակքնվում է):
ՀԻՄԱՐ – Երեսուն տարի այս քարը դրված էր այստեղ: Նվեր էր մեզ՝ և՛ Աստծո օրհնանք, և՛ սեր, և՛ գիտություն, և՛ արվեստ, և՛ ամեն ինչ… Եվ ի՞նչ արեցինք: Արհամարհեցինք ով ինչպես կարող էր: Անգամ թքեցինք վրան: Երևի թե պետք էր այն գցել փոսը, որ հասկանայինք դրա արժեքը, թե ինչ էր մեզ համար:
ԿԻՆ – Մի բան կորցնելուց հետո ես միայն հասկանում դրա գինը: Ամուսինս էր ասում…
Լռություն է տիրում:
ՀԻՄԱՐ – Բա հիմա ի՞նչ ենք անելու: Ահա քարը, և ահա մենք… Ի՞նչ ենք անելու:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Ես չգիտեմ…
ՈՒՍԱՆՈՂ – Ես չգիտեմ…
ԶԻՆՎՈՐ – Ես չգիտեմ…
ՔԱՀԱՆԱ – (Խաչակնքվելով): Աստված գիտե…
ԴԵՐԱՍԱՆ – Ես էլ չգիտեմ…
ԿԻՆ – Ես չգիտեմ…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Չգիտեմ…
Բոլորը լռում են և դանդաղ ցրվում բեմով մեկ՝ ասես ամաչելով միմյանցից: Ամեն մեկը մի տեղ նստում է:
ՀԻՄԱՐ – (Նայելով բեմի վարպետների պատշգամբին): Ես գիտեմ: Միացրե՛ք լույսերը: Լուսավորե՛ք քարը:
Բեմը ողողվում է լույսերով: Հիմարը զգուշորեն փչում-հանգցնում է մոմը և դնում գրպանը:
ՀԻՄԱՐ – Նախքան ինչ-որ բան անելը՝ եկեք նստենք ու մտածենք: Մտածենք ու փորձենք հասկանալ, թե մենք ինչ ենք ուզում: Ընդհանրապես… Միգուցե մի տեղ հասնենք…
Հիմարն աշտանակը ձեռքին մոտենում է մութ անկյունին, տեղադրում աշտանակը ու ինքն էլ նստում մյուսների մեջ: Լույսերն աստիճանաբար մարում են: Վերջում քարը լուսավորող լույսն է միայն մնում, ու ինքն էլ դանդաղ մարում է:
ՎԵՐՋ