Ժամը 5-ին՝ հացի հերթում

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՏԵՔՍՏ

Ես գիտեմ՝ դուք ինչ եք անում: Ապրում եք: Ծնվում եք, գնում մանկապարտեզ, դպրոց ու համալսարան, հետո ամուսնանում եք, երեխաներ բերում: Աշխատում, աշխատում, աշխատում… Աշխատանքի ընթացքում հասցնում եք մի քիչ երեխաների հետ շփվել, ծերերին խնամել, ամռան տապին ընտանիքով բնության գիրկը գնալ, խնայված փողով մի կտոր հաց ուտել ու ձանձրանալ: Ձանձրանալ և հոգնել բոլորից և ամեն ինչից, անգամ՝ ձեր շինծու հանգստից: Եվ այդ ամբողջ ընթացքում՝ սպասել, սպասել, սպասել… Սպասել սիրելուն, սպասել սիրվելուն, սպասել սեփական բնակարանին, որը կփորձեք ձեր ամրոցն ու եդեմի այգին դարձնել, սպասել դպրոցից վերադարձող երեխաներին, սպասել կոմունալ վարձերը վճարելուն և ուրախանալ, որ այս ամիս անցյալ ամսվանից քիչ են…  Սպասել հեռուստացույցի տաղտուկ լուրերին: Սպասել և հուսալ, որ դրանք երեկվա լուրերից ավելի վատը չեն լինի: Սպասել աշխատանքից վերադարձող կնոջը կամ ամուսնուն ու մեխանիկորեն ու արդեն անտարբեր հարցնել՝ ո՞նց ես, ի՞նչ կա-չկա… Ու լսել ողջ կյանքի ընթացքում չփոխվող միևնույն պատասխանը՝ նորմալ, քեզ մոտ ի՞նչ կա-չկա… Ընթացքում պատեհ առիթով հետաքրքրվել, թե որ գերեզմանոցում կարելի է համեմատաբար մատչելի գնով հարմար հողակտոր գտնել… Եվ, երբ բոլորն արդեն քնած կլինեն, հոգնած հայացքը հառել դատարկ պատին  ու փորձել դատարկվել օրվա փոշուց և անհույս դատարկությունից: Իսկ առավոտյան ամեն ինչ կսկսվի նորից, բայց ավելի խելահեղ ռիթմով: Եվ նույն փոշին և դատարկությունը դարձյալ կպարուրեն ձեր միտքն ու մարմինը: Եվ միայն գիշերը, երբ բաղձալի քունը վերջնականապես կհաղթի և կցրի առօրյա մղձավանջները, կարելի է մի պահ վախվորած տրվել երազանքներին, որոնք բոլորի մոտ էլ գրեթե նույնն են՝ օվկիանոսի խորքում թաքնված մի կղզի, ուր կարելի է մոռանալ ժամանակի մասին ու պարզապես ապրել՝ ազատ և երջանիկ… Քուն մտնել այդ կղզում ու քնի մեջ երազել, որ անցյալի բոլոր մղձավանջներն ու սպասումները, որոնց վրա ողջ կյանքն է սպառվում, ընդամենը դժնի երազ լինեին…