Պատը

Տրագիկոմեդիա 3 գործողությամբ

Գործող անձինք՝

Մարիա – մոտ 20-22 տարեկան մի աղջիկ
Ասպետ – Մարիայի սրտի ընկերը
Սոնա – Մարիայի մայրը
Մարտին – Մարիայի հայրը
Պապիկ – Մարիայի պապիկը, Մարտինի հայրը
Մի կատու – պարզապես մի չաղ և ծույլ կատու

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 1

Բեմի ետնամասում` մեծ բուտաֆորիկ աղյուսներից շարված մարդաբոյ բարձրությամբ պատ է: Պատի մի անկյունում աբստրակտ ոճի մի նկար է կախված: Դրա առջևում` բեմի կենտրոնում սեղան է` վրան խնձորներ: Շուրջը` մի քանի աթոռ: Ետին անկյունում բազմոց է դրված: Բազմոցին նստած է Մարտինը: Թերթ է կարդում ու խաղում է կատվի հետ: Բազմոցի կողքին` ծաղկամանի մեջ ֆիկուսի խեղճացած թուփ է: Բեմի մյուս անկյունից հայտնվում է պապիկը` հնաոճ ու հնացած, բայց խնամված կոստյումով, վերնաշապիկը մինչև վերջ կոճկած, բայց առանց փողկապի: Հանդիսավորությամբ մոտնենում է պատի կենտրոնին, մի քանի ծաղիկ ամրացնում պատի ճեղքի մեջ, խոնարհում գլուխը ու մնում այդ դիրքում: Մարտինը հայացքով հետևում է հոր գործողություններին` շարունակելով խաղալ կատվի հետ: Մյուս կողմից ուրախ և թռչկոտեկով ներս է մտնում Մարիան:

ՄԱՐԻԱ – (զվարթ ձայնով): Բարև, հայրիկ: Բարև, պապիկ: Ի՜նչ հրաշալի օր է:
ՄԱՐՏԻՆ – (սաստելով Մարիային ու ցույց տալով հորը): – Լու՛ռ, չե՞ս տեսնում:
ՄԱՐԻԱ – (մի քիչ կարկամելով ու ցածրացնելով ձայնը): Ախ, հա, իհարկե… Այսօր այդ օ՞րն է:
ՄԱՐՏԻՆ – (ցածր ձայնով): Այո, երևի: Եթե պապիկը ծաղիկ է դնում, ապա հաստատ այդ օրն է:
ՄԱՐԻԱ – (ձևականորեն լրջանալով): Լավ, լավ, հասկացա…
Մարիան նստում է աթոռներից մեկին, մի խնձոր վերցնում, խրթոցով կծում ու հաճույքով սկսում ծամել: Այդ պահին պապիկը բարձրացնում է հայացքը, համբուրում պատը, ապա լուրջ ու մի քիչ տխուր մոտենում ու նստում աթոռներից մեկին:
ՄԱՐԻԱ – Բարև, պապիկ: Ինչպե՞ս ես: Ասա, որ այսօր հրաշալի օր է:
ՊԱՊԻԿ – (ուշադիր նայում է խնձորներին, ապա բարձրացնում հայացքը): Բարև, բալիկս: Այսօր շատ խորհրդանշական օր է: Քեզ պատմե՞լ եմ:
ՄԱՐԻԱ – Պատմել ես, պատմել: Հարյուր քսանութ անգամ:
ՄԱՐՏԻՆ – (բարկացած հայացքով և տոնով): Մարի՛ա…
ՊԱՊԻԿ – (ասես չնկատելով թոռնուհու բարի հեգնանքը): Շա՜տ տարիներ առաջ այս օրը հենց այս պատի տակ գնդակահարել են իմ պապիկին: Այն ժամանակ ես փոքրիկ տղա էի, քեզնից էլ ջահել… Հա՜յ գիտի կյանք, հա՜յ գիտի ջահելություն… Եվ ես խոստացել եմ ինքս ինձ ու լուսահոգի հայրիկիս, որ ամեն տարի այս օրը պիտի ծաղիկներ դնեմ պատին ու հարգանքի ու հիշողության տուրքս մատուցեմ անարդար գնդակահարված պապիկիս: Քանի դեռ մեծ պապիկդ կենդանի էր, մենք միասին էինք սա անում: Հետո նա էլ իր մահկանացուն կնքեց, ու ես հիմա մենակ եմ մնացել…
Ափսոս, որ հայրիկդ չի ընկերակցում ինձ (շրջվում ու մի խեթ հայացք է նետում Մարտինի կողմը): Ես այնքան հույս ունեմ, որ դու ու քո ապագա բալիկներն էլ կշարունակեն այս ավանդույթը: Քանի դեռ փոքրիկ էիր` սիրում էիր ինձ հետ ծաղիկներ դնել: Հիմա արդեն քո գլխում էլ են քամիներ…
ՄԱՐԻԱ – (ժպտալով): Քամիներ չեն, պապիկ, այլ սե՜ր… Դու գիտե՞ս ինչ է սերը…
ՊԱՊԻԿ – (ժպտալով): Դե չէ, որտեղի՞ց պիտի իմանամ: Մեր ժամանակ սեր չկար:
ՄԱՐԻԱ – (երազկոտ): Սերը միշտ եղել է, կա և կլինի… (լրջանալով) Եթե հիմա Ասպետը գա, նրա մոտ ոչ մի բառ չասեք սիրո մասին:
ՄԱՐՏԻՆ – Մի՞թե նա չգիտի, որ սիրում ես իրեն:
ՄԱՐԻԱ – Դե իհարկե՜ գիտի: Բայց բաներ կան, որոնց մասին բարձրաձայն պետք չէ ասել: Եվ լավ է, երբ տղան չգիտի, որ աղջիկը սիրահարված է իրեն: Այլապես կգոռոզանա և իրեն միանգամայն ապահով կզգա:
ՄԱՐՏԻՆ – Ա՜խ, լրիվ մորդ կտորն ես:
ՄԱՐԻԱ – (ժպտալով): Բա ու՞մ կտորը պետք է լինեի, հայրիկ:
Ներս է մտնում Սոնան:
ՍՈՆԱ – Բարի օր: Սուրճը բերե՞մ: Առանց շաքա՞ր:
ՊԱՊԻԿ – Ինձ` շաքարն առանձին պնակով:
ՄԱՐՏԻՆ – Ինձ` մի քիչ շաքարով: Մոխրամանն ու սիգարետս չմոռանաս:
ՄԱՐԻԱ – Ինձ` շոկոլադով:
ՍՈՆԱ – Ասես ռեստորանում լինեք: Բոլորիդ էլ նույնն եմ բերում: Շոկոլադ չկա: (դիմելով Մարտինին): Իսկ մոխրամանն ու սիգարետը ինքդ կարող ես բերել: Թե չէ` ամբողջ օրը կփռվես այստեղ, թերթ կկարդաս ու կատվի հետ կխաղաս: Եվ չմոռանաս լվացքի պարանը կապել պատից: Այ այսպես: (ձեռքով ցույց է տալիս ծաղիկի մոտից մինչև բազմոցը): Այս ֆիկուսն էլ խնամիր, հողը թարմացրու: Տես` արդեն շունչը փչելու վրա է: Մարիա, ինձ կօգնե՞ս լվացքը կախել:
ՄԱՐՏԻՆ – Կանեմ, կանեմ…
ՄԱՐԻԱ – Ի՜նչ տաղտկալի է… Ախր ինչպե՞ս կարելի է հարամել այսպիսի հրաշալի օրը: Արև, սեր, ծաղիկներ… Իսկ դուք` լվացք, ֆիկուս ու էլի չգիտեմ ինչ: Շոկոլադ էլ չկա:
Ներս է մտնում Ասպետը:
ԱՍՊԵՏ – Բարի օր հին և նոր սերունդներին: (մոտենալով Մարիային): Բարև, սեր իմ: Ես քեզ այնքա՜ն եմ կարոտել…
ՄԱՐԻԱ – (շինծու անտարբեր): Բարև…
ԱՍՊԵՏ – Մի՞թե չես ասի, որ դու էլ ինձ ես կարոտել:
ՄԱՐՏԻՆ – Չի՛ ասի: Մոր կտորն է:
ՍՈՆԱ – (բարկացած նայում է ամուսնուն): Ես քեզ խնդրում եմ… (դուրս է գալիս):
ՊԱՊԻԿ – Էհ, ի՞նչ կա դրա մեջ, բալիկս: Ասա, որ կարոտել ես:
ՄԱՐԻԱ – (նայելով Ասպետին): Իսկ կախարդական բա՞ռը…
ԱՍՊԵՏ – Ախ, հա… Քիչ էր մնում մոռանայի: Ահա քո սիրելի դառը շոկոլադը:
ՄԱՐԻԱ – (ուրախացած): Ուռա՜… Այ հիմա կասեմ` ես քեզ մի քիչ կարոտել եմ:
ԱՍՊԵՏ – Մի քիչ… Էլի բան է:
ՄԱՐՏԻՆ – Դեռևս Բոնապարտն էր ասում, որ դեպի կնոջ սիրտը տանող ճանապարհն անցնում է նրա որկորի միջով:
ՄԱՐԻԱ – Հայրիկ, մի աղավաղիր բառերը: Հինավուրց ժամանակներից է հայտնի, որ որկրամոլը տղամարդիկ են: Ես պարզապես շոկոլադ եմ սիրում: (ջարդում է մի կտոր ու դնում բերանը): Ինչպես նաև` ծաղիկներ, արև, և այն կինոդերասանին…
ԱՍՊԵՏ – (կատաղած): Ո՞ր կինոդերասանին: Սա էլ նո՞ր բան է:
ՄԱՐԻԱ – Դե՜…
Ներս է մտնում Սոնան ու բոլորին սուրճ մատուցում: Ապա նստում է ամուսնու կողքին:
ՍՈՆԱ – Մարիա, մի՛ խաղա Ասպետի հոգու հետ: Եկեք սուրճ խմենք:
ՊԱՊԻԿ – Այո, ավելի լավ է` ասա, որ կարոտել ես նրան:
ՄԱՐԻԱ – Չե՛մ ասի: Նա այսօր սափրված չէ: (շինծու երազկոտ): Այ այն կինոդերասանը…
ԱՍՊԵՏ – (նեղացած): Դե մի՛ ասա: Ես էլ պապիկի հետ կզրուցեմ: Պապիկ, ինչպե՞ս ես:
ՊԱՊԻԿ – Լավ եմ, տղաս, լավ եմ: Այսօր հիշարժան օր է: Այ տեսնու՞մ ես ծաղիկները… (հայացքով ցույց է տալիս պատին ամրացված ծաղիկները):
ԱՍՊԵՏ – (կում անելով սուրճից): Ինչ լավ սուրճ է… Այո, այո, հիշում եմ: Մարիան պատմել է:
ՄԱՐԻԱ – (երազկոտ): Լվացք, ֆիկուս, ձևական խանդ, սուրճ… Փակվել եք այս փոքրիկ աշխարհում ու չեք էլ ուզում մի քիչ երազել… Ո՜չ մի ռոմանտիկա…
ՄԱՐՏԻՆ – (քմծիծաղով ու հայացքը չկրելով թերթից): Ռոմա՜նտիկա: Լավ բառ է:
ՄԱՐԻԱ – Դա պարզապես բառ չէ: Դրանում այնքան բան կա` ծաղիկներ, արև, սեր, շոկոլադ, ու էլի ծաղիկներ… Իսկ դուք անգամ չեք մտածում, թե ինչ կա այս պատից այն կողմ:
ՍՈՆԱ – Ի՞նչ պիտի լինի որ: Հարևանի լվացքը, հարևանի պապիկը, հարևան թամբալ ամուսինը, մի ուրիշ ծույլ ու չաղ կատու, մի ֆիկուս… Ու մի հուսահատ կին:
ՄԱՐՏԻՆ – «Հուսահատ կինը» դուրս եկավ:
ՍՈՆԱ – Ես քեզ խնդրում եմ…
ԱՍՊԵՏ – Ես էլ չեմ սիրում պատեր: Մարիան վկա` իմ տանը ես քանդել եմ բոլոր պատերն ու մի մեծ տարածություն ստացել: Եվ միշտ զարմացել եմ, թե ինչու՞ եք դուք դեռևս պահում այս պատը: Հիմա ամբողջ աշխարհում նոր ճարտարապետական մոտեցում կա` խուսափել ավելորդ պատերից ու հնարավորինս մեծ բաց տարածություն ստանալ: Այդ վիճակում մարդու սիրտն էլ է բացվում, մտահորիզոնն էլ:
ՊԱՊԻԿ – Այս ինչե՞ր եք խոսում: Ինչպե՞ս կարելի է քանդել պատը: Այս պատի մոտ շատ տարիներ առաջ իմ պապիկին են գնդակահարել: Այս պատը սրբություն է:
ԱՍՊԵՏ – Ես բան չասացի, պապիկ: Պարզապես ժամանակները փոխվում են: Պետք է ժամանակին համահունչ ապրել: Պետք չէ կառչել անցյալից, որքան էլ, որ դա հուշերի հետ կապված լինի: Այ ձեր այս կոստյումը…
ՊԱՊԻԿ – (ջղայնացած): Իմ կոստյումին չդիպչե՛ս: Դու չգիտես, թե սրա հետ ինչ կարևոր պատմություններ են կապված:
ՍՈՆԱ – Հայրիկ, ախր Ասպետը ճիշտ է ասում: Հնարավորություն կա: Եկեք մի նոր կոստյում առնենք Ձեզ համար:
ՊԱՊԻԿ – Չեմ ուզում: Ինձ սրանո՛վ կճամփեք այն աշխարհ:
ՍՈՆԱ – Ախր ինչու՞ եք բարդացնում: Ես լավ մտքով ասացի:
ՄԱՐԻԱ – Պապիկ, բայց միթե՞ քեզ հետաքրքիր չէ, թե ինչ կա այս պատի հետևում:
ՊԱՊԻԿ – (տակավին նեղսրտած): Հետաքրքիր չէ: Ես շա՜տ լավ գիտեմ, թե ինչ կա այս պատի հետևում: Իսկ ձեզ` ջահելներիդ համար անցյալը որևէ նշանակություն չունի: Եվ սրբություններն էլ իմաստ չունեն:
ՄԱՐԻԱ – Պապի՜կ, ախր իզուր ես նեղանում: Իհարկե՛ ունի: Եվ այն էլ` շատ կարևոր նշանակություն: Ես ու Ասպետը պարզապես ուզում ենք ասել, որ աշխարհն այնքա՜ն հետաքրքիր է, որ աբսուրդ է նրա կենտրոնում մի այսպիսի պատ պահելն ու, կներես, սրբացնելը: Այս պատն ուղիղ երկու անգամ փոքրացնում է մեր աշխարհը: Մեր մեծ ու երջանիկ աշխարհը:
ՍՈՆԱ – (անկեղծ անհանգստությամբ): Ախր, եթե պատը չլինի, որտե՞ղ եմ կախելու լվացքս:
ՄԱՐԻԱ – Մամա, խնդրում եմ քեզ` մոռացիր այդ լվացքը:
ԱՍՊԵՏ – Ես համաձայն եմ Մարիային: Ով գիտի` ի՜նչ հրաշքներ են մեզ սպասում այս պատի հետևում: Անգամ սիրտս է թփրտում:
ՄԱՐՏԻՆ – (տնտղելով ֆիկուսի տերևներն ու տակի հողը): Երևի ադրենալինից է:
ՄԱՐԻԱ – Պապա, մի՛ հեգնիր: Փոխանակ այդ խեղճուկրակ ֆիկուսը չարչարես, ավելի լավ է չէ՞ այն դնես պարարտ հողի մեջ, որ աճի ու զորանա:
ՊԱՊԻԿ – (վերջապես բարձրացնելով հայացքը): Ախր այս պատը նաև ֆիկուսը քամուց է պաշտպանում: Ու մեզ էլ է պաշտպանում: Մի՞թե ապահով չեք, որ ձեր մեջքի ետևին այսպիսի հզոր պատ է: Իսկ եթե մի օր, Աստված մի արասցե, թշնամին հարձակվեց` ի՞նչ եք անելու: Ինչի՞ հետևում եք պատսպարվելու: Եթե քամիներ փչեցին` այս եղածն էլ տակնուվրա կանեն: Այս պատը մեր փրկությունն է: Դուք` ջահելներդ, ոչինչ չեք հասկանում:
ՍՈՆԱ – (անհանգստացած): Հայրիկ, կուզե՞ք սրտի կաթիլներ բերեմ:
ՊԱՊԻԿ – Ո՛չ, շնորհակալ եմ: Ոչ սի՛րտս ցավացրեք, ո՛չ էլ սրտի կաթիլներ բերեք:
ՄԱՐԻԱ – Պապիկ, դու հին ձևով ես մտածում: Հիմա ամեն ինչ փոխվել է: Մարդիկ քանդում են պատերը: Մարդիկ ուզում են ազատ ապրել: Մարդիկ ուզում են բաց ճամփաներով աշխարհում ապրել: Մարդիկ ուզում են արև ու երկինք տեսնել, այլ ոչ թե պատեր:
ԱՍՊԵՏ – Ես համամիտ եմ Մարիային:
ՄԱՐԻԱ – Մի հաճոյախոսիր: Միևնույնն է` իմ սրտում ու մտքում այն կինոդերասանն է:
Ասպետը ջղայնացած լռում է:
ՄԱՐԻԱ – (պապիկի առջև ոտքի կանգնելով): Պապիկ, մի՞թե դու չես ուզում, որ մենք` քո ասած ջահելներս, ավելի լավ աշխարհում ապրենք: Ազատ, անհոգ, երջանիկ, առանց պատերի ու սահմանների: Մի՞թե մենք դատապարտված ենք հավիտյանս կրելու այն բեռը, որը ժամանակին քո մեծ պապիկներն են շալակել, հետո դու, ու հիմա էլ ուզում ես որպես թանկ մի ժառանգություն այդ ծանր բեռը դնել մեր ուսերին, որ ճկռալով տանենք ու հետո էլ դնենք մեր զավակների ու թոռների ուսերին: Մի՞թե դու ուզում ես, որ մենք այս պատով մեզ սահմանազատենք մեծ աշխարհից: Ինքդ էլ գիտես, որ կյանքը մեկ անգամ է տրվում մեզ: Ինչու՞ մենք պիտի հավիտյանս տառապենք ու մեզ խաբելով երջանկանանք այդ տառապանքով: Եվ ինչու՞ պիտի մեր կյանքի լավագույն պահերը լվացքով, դեղնած տերևներով ֆիկուսով ու նման ճղճիմ բաներով լցնենք: Ներիր ինձ, բայց ես դա չեմ ուզում: Ես ուզում եմ ազատ ու երջանիկ ապրել, վայելել մեծ աշխարհն ու մեծ երկինքը, ժպտալ ինձ հանդիպող մարդկանց անհոգ ու անկեղծ ժպիտով: Եվ նույնն էլ իմ ապագա զավակներին եմ ցանկանում: Մի՞թե վատ բաներ են իմ ուզածները: Եվ մի՞թե շատ բան եմ ես ուզում:
Լռություն է տիրում: Բոլորը նայում են մեկ Մարիային, մեկ` պապիկին: Վերջինս գլուխը կախ լսում է թոռնուհու մենախոսությունը:
ՊԱՊԻԿ – Ինչու՞ ես կարծում, թե ես քո և քո զավակների երջանկությունը չեմ ուզում: Իհարկե ուզում եմ և նաև երազում եմ դրա մասին: Ես ուրիշ բան նկատի ունեի, բալիկս…
ՄԱՐՏԻՆ – Հայրերի և որդիների հավերժական խնդիրն է:
ՄԱՐԻԱ – Իսկ եթե ես ասեմ, որ ոչ մի խնդիր էլ չկա՞: Հենց մենք ենք ստեղծում խնդիրները ու հետո ամբողջ կյանքում փորձում դրանց լուծում տալ: Մի՞թե չի կարելի հենց սկզբից խուսափել այդ ամենից` լվացքից, ֆիկուսից ու լվացքի պարանից:
ԱՍՊԵՏ – Այլապես դրանք մեր կյանքի հավերժական ուղեկիցը կդառնան:
ՍՈՆԱ – Ես դեմ չեմ: Ամեն ծնող էլ ուզում է, որ իր զավակը երջանիկ լինի:
ՄԱՐՏԻՆ – Ես չեմ սիրում ու չեմ ընդունում հեղափոխական որոշումներ: Իսկ միգուցե պատի մի մասը քանդենք ու միառժամանակ այդպե՞ս ապրենք: Հետո պարզ կդառնա: Եթե պարզվի, որ այդպես ավելի լավ է, ամբողջ պատը կքանդենք:
ՄԱՐԻԱ – Կեսը… Կրկին կեսը… Կիսամիջոցներ, կիսասեր, կիսալուծում, կիսաերկինք, կիսաարև… Ի՞նչ կա ավելի վատ: Ավելացնեմ` կիսալվացք, կիսաֆիկուս, կիսակյանք, կիսատառապանք, կիսաբազմոց, կիսակատու… Ոչ, կես պատով մենք այդպես կիսատ էլ կմնանք:
ՍՈՆԱ – Բա որտե՞ղ եմ կապելու լվացքի պարանը…
ՄԱՐԻԱ – (բարկացած): Մամա…
ԱՍՊԵՏ – Ես խոստանում եմ Ձեզ համար լվացք փռելու մի նոր, ժամանակակից սարք պատրաստել: Այնքան քիչ տեղ կզբաղեցնի, որ չեք էլ նկատի:
ՄԱՐՏԻՆ – Իսկ հնարավո՞ր չէ այնպիսի մի սարք մոգոնել, որ լվացքի կարիք բնավ չլինի:
ԱՍՊԵՏ – Իհարկե կարելի է:
ՍՈՆԱ – (քնքշանքով նայելով ամուսնուն): Ես այնքան կուզեի, որ մենք միասին մի տեղ գնայինք, թափառեինք…
ԱՍՊԵՏ – Դրա համար, տիկին Սոնա, պետք է նախ պատերից հրաժարվել: Մարդն ազատ է ծնվել և ազատ էլ պիտի ապրի…
ՊԱՊԻԿ – (հեգնախառն ժպիտով): Ազա՜տ… Դուք ի՜նչ գիտեք, թե ինչ է ազատությունը: Միամիտնե՜ր…
ԱՍՊԵՏ – Գիտենք, պապիկ: Մի՛ թերագնահատեք մեր սերունդը: Մենք եկել ենք, որ փոխարինենք ձեզ: Նոր շունչ բերենք, նոր գաղափարներ ու նոր ծիլեր:
ՊԱՊԻԿ – Նոր շունչ, նոր գաղափարներ… Լավ բառեր են: Ոնց կուզեք: Ես իմ ասելիքն ասացի:
Պապիկը վեր է կենում, դանդաղաքայլ մոտենում պատին, վերցնում ծաղիկները, համբուրում պատը ու դուրս գալիս: Բոլորը լուռ հայացքներով հետևում են նրան:
ՄԱՐՏԻՆ – Կոտրեցինք մարդու սիրտը:
ՍՈՆԱ – Ես նրան սրտի կաթիլներ կտամ:
ՄԱՐՏԻՆ – Պետք չէ: Նրա ցավն ուրիշ է:
ՄԱՐԻԱ – Ես իմ պապիկին շատ եմ սիրում: Ես չեմ թողնի, որ նրա սիրտը կոտրվի: Երբ նա տեսնի մեր բոլորիս երջանկությունը, ինքն էլ թեթևացած շունչ կքաշի:
ԱՍՊԵՏ – Այո, ինքն էլ կազատվի այսքան տարիներ իրեն տանջող բեռից:
ՄԱՐԻԱ – Երբ մարդիկ չեն կարողանում լուծել իրենց խնդիրները` նրանք պատեր են կառուցում: Պատ մեծ քաղաքի մեջ, որ բաժանեն իրարից բարեպաշտ մարդկանց ու հասարակության տականքներին: Պատ երկրների միջև, որ առավել զարգացած կողմում գործ չունենան մյուս` իրենց տեսակետից երկրորդ կամ երրորդ կարգի մարդկանց հետ: Պատեր երկրների միջև, պատեր դաշտերում, որ հուսահատ մարդիկ, ում հայրենիքում պատերազմ ու ավեր է, չկարողանան փրկել իրենց ու իրենց զավակներին: Պատեր քաղաքի տարբեր հատվածների միջև, որ հարուստները կարողանան անհոգ վայելել իրենց հարստությունը` առանց տեսնելու այն կեղեքվածներին, ում հաշվին իրենք հարստացել են:
ՍՈՆԱ – Հիմա ի՞նչ անենք: Ես ֆիկուսը ջրե՞մ, թե՞ ոչ:
ՄԱՐՏԻՆ – Ոչ, մենք ֆիկուսը հողում կտնկենք, ու նա վերջապես կկանաչի:
ՄԱՐԻԱ – Ի զե՛ն: Կորչեն աշխարհը բաժանող պատերը:
ԱՍՊԵՏ – Կեցցե՛ն ազատությունն ու բաց երկինքը:
ՄԱՐԻԱ – Ի՜նչ հրաշալի օր է այսօր:
Բոլորը մոտենում են պատին: Նախ վախվորած, ապա ավելի ու ավելի համարձակ սկսում են քանդել պատը` գլորելով աղյուսները: Դրանց ետևից մի գեղեցիկ տեսարան է սկսում ուրվագծվել ու աստիճանաբար ամբողջանալ` արև, երկինք ու կանաչ տարածություն` ծառերով ու ծաղիկներով: Մարտինը վերցնում է ֆիկուսի ծաղկամանն ու քայլ անելով անցնում դեպի բեմի խորքը: Սոնան գրկում է կատվին ու փոքր-ինչ վախվորած հետևում ամուսնուն: Մարիան ու Ասպետն իրար ձեռք բռնած ևս անցնում են աղյուսների վրայով ու քայլում դեպի դեմի խորքը` հայացքները դեպի արևը:
Վարագույր:
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 2
Նույն տեսարանն է, բայց առանց պատի: Աղյուսները լցված են բեմի ետնամասի մի անկյունում: Բազմոցին նստած են Մարիան ու Ասպետը: Ասպետի գոգին նույն չաղ և ծույլ կատուն է:
ԱՍՊԵՏ – Ես շատ ցավում եմ պապիկիդ համար:
ՄԱՐԻԱ – Շնորհակալություն: Նա արդեն ծեր էր: Տատիկիս մահից հետո օրերն էր հաշվում:
ԱՍՊԵՏ – Իսկ դու հետևու՞մ ես նրա խորհրդին: Դե որ ասում էր` ամեն տարի նույն օրը պետք է հիշել մեծ պապիկին ու մյուսներին:
ՄԱՐԻԱ – Փորձում եմ չհիշել: Միայն թե մի կարծիր, թե ես արհամարհում եմ իմ նախնիներին ու նրանց դառը ճակատագիրը: Պարզապես չեմ ուզում այդ բեռով ապրել: Եվ առավել ևս չեմ ուզում դա իմ զավակներին փոխանցել:
ԱՍՊԵՏ – Երևի ճիշտ ես: Ես չեմ ուզում անգամ տարին մեկ օր վիշտ ու տառապանք տեսնել քո թովիչ աչքերում:
ՄԱՐԻԱ – Այն կինոսդերասանուհու պե՞ս:
ԱՍՊԵՏ – Ի՞նչ կինոդերասանաուհի:
ՄԱՐԻԱ – Դե որ վերջերս սիրահարվել էիր:
ԱՍՊԵՏ – Էլի սկսեցի՞ր: Ես ոչ մեկին չեմ սիրահարվել: Եվ չեմ պատրաստվում: Ես քեզ եմ սիրում:
ՄԱՐԻԱ – (խաղալով): Իրո՞ք: Իսկ ես կրկին այն դերասանին հիշեցի… Չսափրված, խոր հայացքով…
ԱՍՊԵՏ – Հոգուս հետ խաղ մի՛ արա: Ես էլ մի քանի օր չեմ սափրվի ու խոր հայացքով կնայեմ քեզ:
ՄԱՐԻԱ – Ես արհեստական բաներ չեմ ուզում: Չսափրվածությունն ու խոր հայացքը պիտի մարդու հոգու խորքից գան:
ԱՍՊԵՏ – Հատկապես չսափրվածությունը… Հազվագյուտ փայլուն միտք է:
ՄԱՐԻԱ – (երազկոտ): Տեսնես ինչպես են ծնողներս: Երեք օր է չեմ խոսել հետները:
ԱՍՊԵՏ – Մի՛ խանգարի: Մարդիկ երկրորդ ջահելությունն են ապրում: Թափառում են աշխարհում, նոր բաներ տեսնում: Ե՞րբ են վերադառնում:
ՄԱՐԻԱ – Կարծեմ այսօր:
ԱՍՊԵՏ – Արի համբուրեմ քեզ, քանի դեռ չեն եկել: (փորձում է համբուրել Մարիային):
ՄԱՐԻԱ – (խուսափելով համբույրից): Մի՛ լկտիացիր: Կատվի հետ խաղա:
ԱՍՊԵՏ – (մի քիչ նեղացած): Չգիտեի, որ համբուրվելը լկտիություն է:
ՄԱՐԻԱ – Լկտիություն է: Իմ հոգում երազանքներ են ու անուրջներ, իսկ դու միայն համբուրվելու մասին ես մտածում:
ԱՍՊԵՏ – Պահ, իսկի պետքս էլ չի: (ցուցադրաբար շոյում է կատվին): Բայց ես չեմ հասկանում, թե ի՞նչ վատ բան կա համբուրվելու մեջ:
ՄԱՐԻԱ – Ամեն ինչ իր ժամանակն ունի: Հիմա անուրջների ու երազանքների պահն է:
ԱՍՊԵՏ – Պարզ է: Դե ի՞նչ, չխանգարեմ: Անրջիր և երազիր: Ես կատվի հետ կխաղամ: Փիսի՜կ… Այ փիսիկ…
ՄԱՐԻԱ – Հազիվ էլ այդ կատվի հետ խաղաս…
ԱՍՊԵՏ – Ես քեզ չեմ հասկանում: Համ չես թողնում քեզ սիրահետեմ, համ էլ խանդում ես, երբ կատվի հետ եմ խաղում:
ՄԱՐԻԱ – Ես չեմ խանդում: Պարզապես ուզում եմ, որ ավելի լայն մտածես: Գիտե՞ս ինչն է ինձ համար ամենակարևորը:
ԱՍՊԵՏ – Ի՞նչը:
ՄԱՐԻԱ – Ապահովության զգացումը: Ես ուզում եմ, որ քեզ հետ միշտ ապահով լինեմ, ինչ էլ որ լինի: Խոստանու՞մ ես:
ԱՍՊԵՏ – Խոստանում եմ: Կուզես` գնանք զբոսնենք: Այ այն ծառերի տակ: (ձեռքով ցույց է տալիս հեռվի ծառերը): Համ էլ ծաղիկներով կզմայլվենք:
ՄԱՐԻԱ – Չեմ ուզում: Հավես չունեմ: Ծաղիկների մոտ էլ չեմ ուզում: Մեր ֆիկուսը` պապիկիս ֆիկուսը չորացել է: Չեմ ուզում տեսնել այդ տեսարանը: Ես քեզ ապահովության մասին էի ասում…
ԱՍՊԵՏ – Ֆիկուսը չորացել է, քանի որ… Պարզապես չորացել է: Բույսերին դա հատուկ է:
ՄԱՐԻԱ – Գիտե՞ս ինչ էի մտածում այսօր: Ֆիկուսը լավ թե վատ ապրում էր մեր տանը` պատի տակ: Դեղնում էր, կանաչում, բայց ապրում էր: Իսկ երբ տեղափոխեցինք այգի` նա չորացավ: Պապիկիս պես: Քանի դեռ պատը կար` նա ապրում էր: Լավ, թե վատ, սրտի կաթիլներով կամ էլ առանց դրանց, բայց ապրում էր: Երբ պատը քանդեցինք` պապիկը մեռավ:
ԱՍՊԵՏ – Մի ուռճացրու փաստերը, և լուն դավա մի դարձրու:
ՄԱՐԻԱ – Պապիկս լու չէր: Նա մարդ էր: Առանց պատ նա չդիմացավ:
Ուրախ ու զվարթ ձայներով ներս են մտնում Մարտինն ու Սոնան ու ցած դնում ճամպրուկները: Մարտինի գլխին ինչ-որ արտասովոր գլխարկ է, իսկ Սոնայի հագին` զարմանալի գունավոր մի շոր:
ՄԱՐՏԻՆ – Բարև երիտասարդ սիրահարներին: (համբուրում է Մարիային ու սեղմում Ասպետի ձեռքը):
ՍՈՆԱ – Վերջապես հասանք տուն: (համբուրում է Մարիային ու Ասպետին):
ԱՍՊԵՏ – Մենք էլ հենց ձեզ էինք սպասում:
ՍՈՆԱ – (դժգոհ): Այո, դատելով թափթփված բնակարանից:
ՄԱՐՏԻՆ – Դե լա՜վ… Դատարկ բան է: Ես կարոտել եմ մեր սուրճին: Աղջիկս…
ՄԱՐԻԱ – Հիմա կդնեմ: (դուրս է գալիս):
ԱՍՊԵՏ – Դե պատմեք` ինչպե՞ս եք, ի՞նչ տեսաք, ի՞նչ իմացաք…
ՍՈՆԱ – Բառերով պատելու չէ: Ի՜նչ մեծ ու զարմանալի է աշխարհը… Այստեղ` պատի հետևում փակված, մեր մտքով անգամ չէր կարող անցնել, որ պատից անդին մի այլ աշխարհ է: Բոլոր մարդիկ մեզ սրտանց ժպտում էին: Անգամ ոստիկանները:
ՄԱՐՏԻՆ – Այո, անգամ աստիկանները:
ՍՈՆԱ – Այնտեղ ծովեր կան, անծայրածիր անտառներ, անհատնում ծաղիկներ, մեծ քաղաքներ, սիրուն շենքեր ու խանութներ, ամենատարբեր մարդիկ…
ԱՍՊԵՏ – Մարդը մարդ է, որտեղ էլ որ լինի:
ՍՈՆԱ – Այո, հենց դա եմ ասում: Եվ ինչու՞ էր մեզ թվում, թե մարդկությունն ու սերը միայն մեզ մոտ են` պատի հետևում:
ԱՍՊԵՏ – (թեթև քմծիծաղով): Իսկ լվացքի հա՞րցն ինչպես է դրված այնտեղ:
ՍՈՆԱ – Ես լվացք չտեսա: Այնպիսի տպավորություն է, որ մարդիկ լվացք չեն անում, չնայած բոլորն էլ հագնվում են մաքուր և ճաշակով: Անգամ ծերունիները:
ՄԱՐՏԻՆ – Եվ բնավ կարիք չկա նույն կոստյումը հիսունվեց տարի հագնելու:
Ներս է մտնում Մարիան` սուրճի բաժակներով ու հյուրասիրում բոլորին:
ՍՈՆԱ – (իրար խառնվելով): Ահա, ես շոկոլադ եմ բերել, որ սուրճի հետ վայելենք:
ԱՍՊԵՏ – Շնորհակալություն: Սուրճ, շոկոլադ և Մարիա: Ահա երջանկության իմ բանաձևը:
ՄԱՐԻԱ – Միգուցե հաջորդականությունը խառնե՞լ ես:
ԱՍՊԵՏ – Դե թող լինի` Շոկոլադ, Մարիա և սուրճ:
ՄԱՐԻԱ – Էլի լկտիանում ես:
ՄԱՐՏԻՆ – Հանգիստ թող տղային: (ավելի ցածր ձայնով): Մոր կտորն է հարյուր տոկոսով:
ՄԱՐԻԱ – (ուշադրություն չդարձնելով հոր ռեպլիկին): Իսկ մեր տունը չէ՞իք կարոտել:
ՄԱՐՏԻՆ – Ես շատ էի կարոտել: Ձեզ, այս բազմոցը (թաղվում է բազմոցի մեջ), մեր փիսիկին ու մեր սուրճը: Ու՞ր են թերթերը:
ՍՈՆԱ – Ես էլ… (նստում է ամուսնու կողքին):
ՄԱՐԻԱ – Ես նկատի ունեի` տունը, պատերը, տան հոտը, պապիկի շիրիմը…
ՍՈՆԱ – Դե հա… Բայց դու ինքդ չէի՞ր ասում, որ մարդը պետք է ազատ ապրի: Առաջին անգամ ես ճաշակեցի այդ ազատությունը` գնա ուր ուզում ես, արա ինչ ուզում ես…
ՄԱՐՏԻՆ – (խեթ նայելով կնոջը ու հեգնելով): «Գնա ուր ուզում ես, արա ինչ ուզում ես…» (ձեռքն է առնում մի թերթ):
ՍՈՆԱ – Դե ես դա նկատի չունեի, սիրելիս: Պարզապես ես այնքան ուրախ եմ, որ մենք խորտակեցինք այդ պատը: Հուսամ` պապիկն այն աշխարհից չի նեղանում: Մի լվացք փռելու համար ու տարվա մեջ մի անգամ ծաղիկներ դնելու համար մի ամբողջ պատ էինք կառուցել ու սրբության տեղ պահում: Եկեք մոտ օրերս այս մնացած աղյուսներից էլ ազատվենք, որ էլ բնավ չհիշենք պատը: Այնքա՜ն լավ բաներ կան հիշելու ու վայելելու…
ՄԱՐՏԻՆ – (աչքերը հառած թերթին): Լսեք` «…կրկին պատերազմական գործողություններ են վերսկսել: Կան բազմաթիվ զոհեր խաղաղ բնակչության շրջանում…»
ԱՍՊԵՏ – Եկեք լավ բաներից խոսենք: Պատերազմները միշտ եղել են:
ՄԱՐԻԱ – Ու երևի միշտ էլ լինելու են: Էլ ի՞նչ տեսաք:
ՄԱՐՏԻՆ – Մի օր մենք շեղվեցինք մեր սովորական տուրիստական երթուղուց ու, անկեղծ ասած, մի քիչ էլ մոլորվեցինք: Հեռախոսային կապն էլ կորել էր:
ԱՍՊԵՏ – Եվ ի՞նչ տեսաք: Շատ հետաքրքիր է:
ՄԱՐՏԻՆ – Այն, ինչը հեռուստացույցով ցույց չեն տալիս: Աղքատ թաղամասեր էին: Նիհար ու սովալլուկ հայացքներով երեխաներ, հոգսաշատ մայրեր, տառապած հայրեր… Ու ամենուր աղբ ու հուսահատություն: Եվ գիտե՞ք ինչն էր ամենազարամանալին: Ամենուր պատեր էին: Ամեն հնարավոր տեղ, որ տարածությունը տրոհել էին անսահման փոքրիկ քառակուսիների: Իսկ դրանց արանքով անձրևաջուրն էր հոսում ու մարդիկ էին անցնում: Ճանապարհը գտնելու համար ես զրույցի բռնվեցի մի ծերունու հետ:
ՍՈՆԱ – Հա, այնքան նման էր մեր պապիկին… Միայն թե` ուրիշ շորերով:
ՄԱՐՏԻՆ – Ասացի` ինչու չեք քանդում այս խարխուլ պատերն ու բացում ձեր տեսադաշտը: Նա մի քանի վայրկյան զարմացած ինձ նայեց, հետո ասաց` այս պատերը մեզ պաշտպանում են:
ԱՍՊԵՏ – Այսի՞նքն…
ՄԱՐՏԻՆ – Չգիտեմ: Այդքանը: Փորձեցի ինչ-որ բաներ բացատրել, սակայն նա ասես ջուր էր առել բերանը: Միայն զարմացած ինձ էր նայում: Այդ պահին էլ վերջապես հեռախոսն աշխատեց, ու մենք շտապեցինք դուրս գալ այդ մղձավանջից: Ամեն դեպքում` հետաքրքիր էր:
ՄԱՐԻԱ – Երևի պետք էր ջահելների հետ խոսել ու բացատրել: Ծերունիները կարծրացած վերաբերմունք ունեն պատերի ու աշխարհի մասին: Անցյալի մնացուկներն են:
ՄԱՐՏԻՆ – Միգուցե… Բայց ես վստահ եմ, որ նրանց սերունդներն էլ նույն կերպ են մտածելու:
ԱՍՊԵՏ – Եվ մի՞թե չկար մի նոր Բոնապարտ, որ բոլորին հեղափոխության կոչ աներ:
ՄԱՐՏԻՆ – Չգիտեմ: Երևի չկար: Եվ ես շատ կասկածում եմ, որ նման փոքր վանդակներում կարող է մի նոր Բոնապարտ ծնվել:
ՄԱՐԻԱ – Հիշու՞մ եք ինչ ասաց Բոնապարտը, երբ նրան զեկուցեցին, թե մի տեղ հեղափոխություն է սկսել:
ՍՈՆԱ – Ի՞նչ ասաց: Երևի` ճնշե՛ք հեղափոխությունը:
ՄԱՐԻԱ – Ոչ, նա մեջբերեց Դյումայի բառերը` Checrchez la femme, այսինքն` փնտրեք կնոջը:
ՄԱՐՏԻՆ – (քմծիծաղով): Այո, որտեղ աղետ, այնտեղ կին: Կամ էլ` հակառակը:
ՍՈՆԱ – (դիմելով ամուսնուն): Ես քեզ խնդրում եմ…
ԱՍՊԵՏ – Որտեղ կին, այնտեղ սեր ու գեղեցկություն:
ՄԱՐԻԱ – Ամեն տեղ պետք է կին լինի, որ կայծ բռնկվի: Հազարավոր իմաստուն տղամարդիկ կարող են հազարավոր տարիներ ինչ-որ միտք որոճալ, սակայն մի օր պետք է գա մի կին, որ այդ ծխացող զանգվածը հրդեհի վերածվի:
ՄԱՐՏԻՆ – (հեգնանքով): Դե հա, որ հրդեհվեն Տրոյան ու Հեփեսոսի տաճարը:
ՄԱՐԻԱ – Մի՛ հեգնիր, հայրիկ: Եթե ես չլինեի` դուք հիմա էլ նստած կլինեիք ձեր պատի տակ ու ձեր կիսատ կյանքի օրերը կսպառեիք: Կես տարածություն, կես սեր, կես աշխարհ, կես պատկերացում աշխարհի մասին, և արդյունքում` կես կյանք… Մի՞թե երջանիկ չեք, որ չկա պատը, իսկ փոխարենը մեր առջև մեծ ու լիարժեք աշխարհն է հառնել: Մի՞թե կուզեիք շարունակել ձեր կիսատ-պռատ կյանքը:
ՍՈՆԱ – Օ՜, ոչ, երբե՛ք, աղջիկս… Մենք այնքան երախտապարտ ենք քեզ, որ բացեցիր մեր աչքերը:
ԱՍՊԵՏ – Ի՞նչ ես ասում: Ես անգամ չեմ էլ պատկերացնում, թե ինչպե՞ս եք այդքան երկար տարիներ հանդուրժել պատի գոյությունը:
ՄԱՐՏԻՆ – Չգիտեմ, չգիտեմ… Բայց պապիկն ու այն ծերունին երևի մի բան հասկանում էին:
ՄԱՐԻԱ – Հայրիկ, կարելի է երկու ձևով ապրել` բաց կամ փակ: Երկուսն էլ ընդունելի են ու հնարավոր: Բայց բացատրիր ինձ` ինչու՞ ապրել կաղապարների մեջ ու տառապանքներին գերի դարձած, եթե կարելի է ապրել ազատ ու երջանիկ: Ես ջահել եմ, և կյանքն իմ առջևում է: Ես չեմ ուզում անցնել այն ամենի միջով, որի միջով պապիկն ու որոշ չափով դուք եք անցել: Ես ինքս էլ լրիվ չեմ խուսափել պատերից: Բայց իմ զավակն արդեն այլ աշխարհում կապրի, ուր պատեր չկան, քանի որ արդեն պատերի կարիք չի լինի: Ես վստահ եմ, որ ձեր այդ տեսած պատերն էլ մի օր խորտակվելու են: Մարդն ազատ է լույս աշխարհ գալիս: Ո՞վ կարող է ինձ բացատրել, թե ինչի՞ համար են պատերը: Դրանք հենց մենք ենք կառուցում: Եվ որտեղ պատեր` այնտեղ էլ կիսատություններ: Որտեղ պատեր` այնտեղ տառապանք ու կարոտ: Ես չեմ ուզում ամբողջ կյանքս սպասել, թե երբ են խորտակվելու պատերը: Ես ուզում եմ ազատ ապրել:
ԱՍՊԵՏ – Ես համամիտ եմ Մարիային:
ՄԱՐԻԱ – Մի՛ քծնիր: Միևնույնն է` իմ մտքում այն հայտնի կինոդերասանն է:
ԱՍՊԵՏ – Ես չեմ քծնում: Ես իմ արարքով եմ ապացուցել, որ դեմ եմ պատերին: Եթե դրանք անգամ սպիտակ մարմարից կերտված լինեն: Իսկ դուք գիտե՞ք ինչու են ճապոնացիներն այդքան շատ ակնոց կրում:
ՍՈՆԱ – Իրոք… Իմ տեսած բոլոր ճապոնացիներն ակնոցով են:
ԱՍՊԵՏ – Որովհետը նրանք իրենց քարե ջունգլիներում չունեն ազատ տարածություն, որ հեռուն նայեն: Աչքերն աստիճանաբար վարժվում են նույն կարճ հեռավորություններին, և հեռուն տեսնելու ունակությունը վերանում է:
ՄԱՐՏԻՆ – Եթե ինձ հարցնեին, թե որ ազգն է ամենահեռուն տեսնում, ես կասեի` ճապոնացիները:
ՍՈՆԱ – Եկեք հանգիստ թողնենք ճապոնացիներին:
ՄԱՐՏԻՆ – Իհարկե, հանգիստ թողնենք: Բայց նրանք հաստատ շա՜տ հեռուն են տեսնում:
ԱՍՊԵՏ – Ես սովորական տեսողությունը նկատի ունեմ: Դուք գաղափարական տեսողության մասին եք խոսում:
ՄԱՐՏԻՆ – Այո, թերևս:
ԱՍՊԵՏ – Եվ պետք չէ ճապոնացիներին կուռք դարձնել: Նրանք էլ մեզ պես մարդիկ են:
ՄԱՐՏԻՆ – Այո, միայն թե մտքի աչքերով շատ ավելի հեռուն են տեսնում:
ՄԱՐԻԱ – Ես հոգու աչքերի մասին եմ խոսում ու մեր հոգում ու գիտակցության մեջ կառուցված ու ամեն օր կառուցվող պատերի: Մի՞թե համաձայն չեք, որ առանց այս պատի, առանց այս աղյուսների (ձեռքով ցույց է տալիս բեմի ետնամասում լցված աղյուսների բլրակը) մենք շատ ավելի ազատ ենք ապրում:
ՄԱՐՏԻՆ – Ես մարդկային իմաստության մասին եմ խորհում, աղջիկս: Երևի մեր պապիկն ու այն ծերունին հիմար չէին…
ՄԱՐԻԱ – Ոչ ոք չի ասում, թե նրանք հիմար էին: Բայց ժամանակները փոխվում են: Պետք է առաջ նայել` քո սիրած ճապոնացիների պես: Եվ եթե դարեր առաջ պետք էր Չինական մեծ պատ կառուցել, ապա այսօր դրա մասին մտածելն իսկ աբսուրդ է: Այսօր աշխարհը հրաժարվում է պատերից:
ՄԱՐՏԻՆ – Չգիտեմ, չգիտեմ… Ես ու մայրիկդ շատ պատեր տեսանք մեր շրջագայության ժամանակ: Եվ Չինաստանի մեծ պատը, և այլ պատեր: Երուսաղեմում Լացի պատը տեսանք, Բեռլինում էլ` մեկ այլ պատի մնացորդները, որոնք հիմա թանգարաններում են պահվում կամ էլ կտոր-կտոր են արել ու որպես հուշանվեր են վաճառում:
ԱՍՊԵՏ – Այո, հերոսություն էր պետք այդ պատը ջարդելու համար: Եվ դա հենց ջահելներն արեցին: Եթե չլիներ ջահելների խանդավառությունը և հեղափոխականությունը, ապա այդ պատը միգուցե դեռ այսօր էլ կանգուն կլիներ:
ՄԱՐՏԻՆ – Երևի: Համենայն դեպս, ես ինքս չէի վազի այն խորտակելու:
ՍՈՆԱ – Դե իհարկե, դու նախընտրում ես փռվել բազմոցին, թերթ կարդալ ու կատվի հետ խաղալ:
ՄԱՐՏԻՆ – Այս դիրքում ինձ խելացի մտքեր են այցելում:
ՍՈՆԱ – Դա լավ է: Իսկ լվացքի նոր պարանը կապելու մասին խելացի մտքեր արդեն այցելե՞լ են:
ՄԱՐՏԻՆ – Լռի՛ր, կին արարած: Մի՛ աղճատիր իմ վսեմ մտքերը կենցաղային մանրուքներով:
ՍՈՆԱ – (դիմելով Ասպետին): Խնդրում եմ, դու այսպիսին չլինես: Աղջիկս մեղք է:
ԱՍՊԵՏ – Ես արդեն իսկ այդպիսին չեմ: Բայց Մարիան կարծես թե սիրահարվել է չսափրված ու խոր հայացքով մի կինոսդերասանի:
ՍՈՆԱ – (դիմելով Մարիային): Մարի՞ա… Ասպետը ճի՞շտ է ասում:
ՄԱՐԻԱ – Ես փնտրումների ու երազանքների մեջ եմ: Ինձ կապանքների մեջ մի՛ դրեք:
ԱՍՊԵՏ – Ես քեզ միայն ազատություն ու երջանկություն եմ ցանկանում տալ:
ՄԱՐԻԱ – Դրա համար շնորհակալ եմ քեզ: Բայց չմոռանաս` ինձ նաև ապահովություն է պետք: Ես չեմ ուզում, որ կես ճանապարհին դու լքես ինձ, երբ մի փոքրիկ պատ հայտնվի քո առջև:
ԱՍՊԵՏ – Դու հո գիտես, որ ես իմ էությամբ պատեր քանդող եմ: Իմ տունը տեսել ես:
ՄԱՐԻԱ – Տեսել եմ: Ես ավելի ընդհանուր եմ ասում: Ավելի լայն մտածիր:
ԱՍՊԵՏ – Ես քեզ սիրում եմ, Մարիա: Եվ միշտ քո կողքին կլինեմ:
Ասպետը գրկում է Մարիային: Սոնան ամոթխած շրջում է հայացքը դեպի ամուսինը: Վերջինս ձեռքով նշան է անում, որ չխանգարի ու շարունակում է թերթ կարդալ` ձեռքով շոյելով չաղ և ծույլ կատվին:

Վարագույր:

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 3

Նույն տեսարանն է: Ասպետը նստած է սեղանի մոտ: Սեղանին ծաղկամանով ծաղիկներ են: Մարտինը բազմոցին թիկնած թերթ է կարդում: Նրա կողքին Մարիան է` խաղում է կատվի հետ: Սոնան նոր կապված պարանին լվացք է փռում:
ՍՈՆԱ – Մեջքս ջարդվեց: Մի լավ աղջիկ լիներ կամ մի լավ ամուսին, ու օգներ ինձ: Կամ էլ գոնե` մի լավ փեսացու…
Ոչ ոք տեղից չի շարժվում կամ արձագանքում: Սոնան շարունակում է լվացք փռել:
ՄԱՐՏԻՆ – (հայացքը` ձեռքի թերթին): Հապա լսեք` «…կառավարությունը որոշել է պատ կառուցել սահմանի ողջ երկայնքով, որպեսզի կանխարգելի ապօրինի ներխուժումները»:
ԱՍՊԵՏ – Պատմությունը կրկնվու՞մ է: Չինական մեծ պատի պե՞ս:
ՄԱՐՏԻՆ – Ավելի հզոր` բարձր, փշալարերով, զինված ջոկատներով, լուսարձակներով, հոսանքով և տարբեր տեսակի ազդանշանային համակարգերով:
ԱՍՊԵՏ – Այն, ինչ մի ժամանակ ստեղծվել էր անասունների համար, այսօր օգտագործվում է մարդկանց դեմ:
ՄԱՐՏԻՆ – Ես կասեի` մարդկանց համար:
ԱՍՊԵՏ – Այսի՞նքն:
ՄԱՐՏԻՆ – Մի՛ մոռացեք, որ մարդիկ սահմանի երկու կողմերում են ապրում:
ՄԱՐԻԱ – Այլապես էլ ի՞նչ սահման:
ՄԱՐՏԻՆ – Հենց դա եմ ասում: Եթե մի կողմի մարդկանց համար դա պատ է որպես ազատ տեղաշարժի արգելք, ապա մյուս կողմի մարդկանց համար դա պաշտպանության միջոց է:
ԱՍՊԵՏ – Պաշտպանության միջոց ինչի՞ց:
ՄԱՐՏԻՆ – Մյուս կողմի մարդկանցից:
ԱՍՊԵՏ – Իսկ նրանց ի՞նչ պիտի անեն մյուս կողմի մարդիկ:
ՄԱՐՏԻՆ – Չգիտեմ… Միգուցե մի կողմի մարդիկ չեն ցանկանում, որ մյուս կողմի մարդիկ իրենց հյուր գան ու մնան:
ՍՈՆԱ – Անկոչ հյուրից վատ բան չկա:
ԱՍՊԵՏ – Ես ընդհանրապես դեմ եմ արհեստական խոչընդոտներին: Բնության և բնական երևույթների դեմ ամեն մի արհեստական խոչընդոտ միայն ավելի է բարդացնում կյանքը: Դա երբեք որևէ լավ բանի չի բերել ու բերում:
ՍՈՆԱ – Ես չէի ուզի, որ մեր տուն անկոչ հյուրեր գային ու մնային: Եվ իրենց էլ տանտիրոջ պես սկսեին պահել:
ՄԱՐԻԱ – Իսկ ինչի՞ց են փախչում այդ մարդիկ: Միգուցե պետք է նրանց երկրներում էլ այնպիսի պայմաններ ստեղծել, որ իրենք էլ մնան ու հաճույքով ապրեն իրենց երկրում:
ԱՍՊԵՏ – Պատկերացնու՞մ եք ինչքան միջոցներ են ծախսվելու այդ պատի կառուցման վրա: Այդ միջոցներով հաստատ կարելի էր շատ ավելի լավ բաներ անել: Դպրոցներ կառուցել, ճանապարհներ, այգիներ, սպորտային հրապարակներ, հեծանվային երթուղիներ, նոր հիվանդանոցներ… Էլ ո՞ր մեկն ասեմ:
ՄԱՐՏԻՆ – Լավ բաներ ես ասում, բայց դա ֆանտաստիկայի ժանրից է: Ձեզ ինչու՞ է թվում, որ բոլոր մարդիկ նույն կերպ են մտածում: Կամ էլ, որ դուք այդ մարդկանցից ավելի խելացի եք: Պատը պարզապես պատ չէ և տեղաշարժումը կաշկանդող միջոց: Դրանով կառավարությունը ցանկանում է վերջ տալ անօրինական հոսքերին: Թմրադեղեր, հիվանդություններ, քրեական տարրեր, կավատներ և մարմնավաճառներ… Այս ամենը մոռանում եք: Ձեր բառերով ասեմ` ավելի լայն նայեք երևույթներին:
ԱՍՊԵՏ – Ասածս այն է, որ այդ միջոցներով կարելի էր նվազեցնել այդ բոլոր բացասական երևույթները:
ՄԱՐՏԻՆ – Նվազեցնել… Լավ է ասված: Բայց մի բան էլ կա: Գալիս են անկոչ հյուրերն ու սկսում իրենց բարոյական սկզբունքները փաթաթել քո վզին:
ՍՈՆԱ – Դու միայն մի բարոյական սկզբունք ունես` պառկել բազմոցին ու թերթ կարդալ:
ՄԱՐՏԻՆ – Ամեն դեպքում` դա իմ կյանքն է: Եվ որևէ մեկն իրավունք չունի ինձ այլ կենսաձև պարտադրելու: Ես չեմ ուզում ամեն առավոտ մարմնամարզությամբ զբաղվել, որքան էլ որ դա լավ բան լինի ու առողջության համար օգտակար: Ես ուզում եմ պահպանել իմ անհատականությունը: Այո, փռվել բազմոցին ու թերթ կարդալ:
ՍՈՆԱ – Եվ սուրճ խմել ու կատվի հետ խաղալ:
ՄԱՐՏԻՆ – Այո, նաև սուրճ խմել ու կատվի հետ խաղալ: Ի դեպ, մի բաժակ սուրճը հիմա ճիշտ և ճիշտ տեղին և ժամանակին կլիներ:
ՍՈՆԱ – Լվացքս վերջացնեմ` կդնեմ: Մարիա՞…
ՄԱՐԻԱ – (ուշադրություն չդարձնելով մոր ակնարկին): Իմ ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսում է ուրիշի ազատությունը: Կարծեմ Կոնֆուցիոսի բառերն են:
ԱՍՊԵՏ – Ամեն մեկն էլ դա կարող էր ասել:
ՄԱՐԻԱ – Բայց Կոնֆուցիոսն է ասել:
ԱՍՊԵՏ – Դա էական չէ: Միտքը լավն է, բայց ժամանակավրեպ:
ՄԱՐԻԱ – Բրավո: Հիմա պիտի արդեն Կոնֆուցիոսին հակաճառես:
ԱՍՊԵՏ – Ոչ, պարզապես մի փոքրիկ շտկում կանեմ: Ազատությունը համատարած երևույթ է: Սահմաններ չի ճանաչում:
ՄԱՐՏԻՆ – Փաստորեն ճանաչում է, եթե որոշել են մի օվկիանոսից մյուսը պատ կանգնացնել:
ԱՍՊԵՏ – Բայց դրանով հարցը կլուծվի՞:
ՄԱՐՏԻՆ – Պատի մի կողմի համար կլուծվի: Մյուս կողմի համար երևի նոր հարցեր կառաջանան: Սոնա, սուրճն ի՞նչ եղավ:
ՍՈՆԱ – Համբերիր…
ՄԱՐՏԻՆ – Ես չեմ ուզում ամբողջ կյանքս համբերել:
ՄԱՐԻԱ – Այ տեսնում ես: Պատի մյուս կողմի մարդիկ էլ չեն ուզում ամբողջ կյանքը համբերել: Մարդիկ սև ակնոցներ են կրում: Դա էլ մի տեսակ պատ է, որ չտեսնեն այն, ինչը չեն ուզում տեսնել: Հետո պատեր են կառուցում իրենք իրենց միջև, որ հայրերը չտեսնեն զավակների այլասերումը և երևակայեն, թե ամեն ինչ լավ է: Պատեր ամուսինների միջև, քանի որ մարդիկ չեն ուզում խոսել ու լուծել իրենց հարցերը, այլ նախընտրում են պատ կառուցել ու չտեսնել պրոբլեմները: Պատերն ամենուր են, և անմիտ է դրանցից ազատվելու ցանկությունը: Որտեղ էլ, որ խորտակում են պատերը` դա անում են ավելի հզոր ու ավելի ժամանակակից պատեր կառուցելու համար: Այսօր աշխարհին տիրող համացանցն էլ մի տեսակ պատ է, որ մարդկանց կտրի իրականությունից և իրական շփումից:
ԱՍՊԵՏ – Ճիշտ ես, Մարիա… Բայց մարդիկ նաև փոփոխություններ են ուզում: Դրական փոփոխություններ:
ՄԱՐԻԱ – Բոլոր փոփոխություններն էլ դրական են:
ՄԱՐՏԻՆ – Հմմ… Չգիտեմ, չգիտեմ… Այդ դեպքում ինչու՞ են բոլորը երնեկ տալիս անցած օրերին:
ՄԱՐԻԱ – Որովհետև վախենում են փոփոխություններից: Որովհետև վախենում են պատերից, բայց նաև ապավինում են այդ պատերին:
ՄԱՐՏԻՆ – Դե ինչ թաքցնեմ, ես ինքս էլ վախենում եմ այն փոփոխություններից, որոնք լավ բանի չեն բերելու:
ՍՈՆԱ – Օրինակ` բազմոցդ կորցնելուց:
ՄԱՐՏԻՆ – Թեկուզ: Դա ինձ համար մեծ հարված կլինի:
ՄԱՐԻԱ – Իսկ չե՞ս կարծում, որ մի օր կուրախանաս, որ կորցրել ես բազմոցդ ու սկսել ես մարմնամարզությամբ զբաղվել ու ավելի առողջ կենսակերպ ունես:
ՄԱՐՏԻՆ – Ինչի՞ համար:
ՄԱՐԻԱ – Ինչի համա՞ր: Որ ավելի երջանիկ զգաս քեզ:
ՄԱՐՏԻՆ – Ես հիմա էլ ինձ շատ երջանիկ եմ զգում: Ունեմ լավ տուն, լավ աղջիկ, լավ փեսացու, լավ բազմոց, լավ կատու, թարմ թերթեր, և լավ կինը, որը լվացք է փռում և չի շտապում սուրճ բերել:
ՄԱՐԻԱ – Ես կբերեմ: (դուրս է գալիս):
ՄԱՐՏԻՆ – (բարձրաձայն կանչելով աղջկա հետևից): Շաքարը քիչ…
ՍՈՆԱ – Քանի Մարիան չկա… Ասպետ, վերջերս ինչ-որ փոփոխություններ եմ նկատում աղջկաս մոտ: Ամեն ինչ կարգի՞ն է:
ԱՍՊԵՏ – Այո, բայց Մարիան սկսել է խուսափել ակտիվ կյանքից: Ավելի ինքնամփոփ է դարձել: Հաճախ պապիկին է հիշում: Խուսափում է զբոսանքներից, որ առաջներում այդքան սիրում էր: Չեմ հասկանում…
ՍՈՆԱ – Դե լավ: Աղջկական օյիններ են: Կանցնեն:
ՄԱՐՏԻՆ – Մոր կտորն է…
ՍՈՆԱ – (թարս նայելով ամուսնուն): Ես քեզ խնդրում եմ…
ԱՍՊԵՏ – Անկեղծ ասած ինքս էլ մի քիչ հոգնել եմ այս ամենից: Ազատությունը հրաշալի բան է, խոսք չունեմ, բայց երբ առօրեական է դառնում, մի տեսակ սկսում ես ձանձրանալ:
ՄԱՐՏԻՆ – Ազատությունը մեծ պատասխանատվություն է ենթադրում: Թող ինձ ներվի, բայց դա ամեն մեկի բանը չէ:
Ներս է մտնում Մարիան ու բոլորին սուրճ մատուցում:
ՄԱՐՏԻՆ – Այ ապրես, աղջիկս: Հիմա ես կատարյալ երջանիկ եմ:
ՍՈՆԱ – Փաստորեն քեզ շատ քիչ բան է պետք երջանիկ լինելու համար:
ՄԱՐՏԻՆ – Դե արդեն ասացի` բազմոց, սուրճ, թարմ թերթեր, քեզ պես իմաստուն մի կին և ծույլ ու չաղ մի կատու:
ՍՈՆԱ – Ուֆֆ… Դու անուղղելի ես: Մի մեխ էլ չես ցանկանում խփել:
ԱՍՊԵՏ – Շնորհակալ եմ, Մարիա: Հրաշալի սուրճ է:
ՄԱՐԻԱ – Անուշ լինի:
ԱՍՊԵՏ – Իսկ ես ձեր բացակայության ընթացքում որոշ ձևափոխություններ արեցի իմ տանը: Մեծ սենյակը պատով կիսեցի ու երկու սենյակ ստացա:
ՄԱՐՏԻՆ – (ծիծաղելով): Կոչվում է մակերեսի պահպանման օրենք:
ԱՍՊԵՏ – Գնահատում եմ ձեր հումորը: Պարզապես այսպես ավելի հարմար կլինի, երբ ես ու Մարիան սկսենք միասին ապրել: Մի առանձին սենյակ միշտ էլ պետք է: Երբեմն մարդն ուզում է պարզապես մենակ մնալ: Ինչ կասե՞ս, Մարիա:
ՄԱՐԻԱ – Չգիտեմ… Պիտի խորհրդակցեմ չսափրված ու խոր հայացքով կինոդերասանի հետ:
ՍՈՆԱ – Հերիք է Ասպետի հոգու հետ խաղաս: Երկու սենյակը հաստատ ավելի հարմար է երիտասարդ ընտանիքին, քան մեկ մեծը:
ԱՍՊԵՏ – Հաստատ ավելի հարմար կլինի: Հետո կարելի է անգամ մի պատ էլ դնել, ու մի սենյակ էլ կավելանա: Դե, երբ երեխա ծնվի:
ՄԱՐԻԱ – Ստուգիր արգելակներդ: Ես դեռ չեմ պատրաստվում երեխա ունենալ: Աշխարհը չափից դուրս անապահով ու անկայուն է դարձել: Իսկ դու արդեն հեռահար պլաններ ես մշակում:
ՄԱՐՏԻՆ – Իսկ աշխարհը ե՞րբ է ապահով ու կայուն եղել: Մարդիկ միշտ էլ ապրել են, դասավորել իրենց կյանքն ու երեխաներ ունեցել:
ՄԱՐԻԱ – Ես չեմ ուզում, որ իմ երեխան տեսնի այն բոլոր այլանդակությունները, որ կան աշխարհում:
ՍՈՆԱ – Շոկոլադ բերե՞մ: Սուրճի հետ կսազի…
ԱՍՊԵՏ – (առանց ուշադրություն դարձնելու կնոջ խոսքերին): Մարիա, ինչու՞ ես դու միայն այլանդակությունները սկսել տեսնել: Ախր ինքդ էիր ասում, որ աշխարհը մի անհատնում երջանկություն է: Ինքդ էիր մերժում բոլոր կիսատությունները:
ՄԱՐԻԱ – Հենց դրա համար էլ չեմ ուզում: Երբ դեռ կար պատը, ինձ թվում էր, որ նրա հետևում մի անծայրածիր դրախտավայր է: Եվ իրոք ուզեցի խորտակել պատն ու ազատ ապրել:
ՄԱՐՏԻՆ – Ազատությունը նախևառաջ մարդու մեջ է:
ՄԱՐԻԱ – Դե հա… Թերևս:
ՍՈՆԱ – Կարող եք գնալ աշխարհի մի այլ անկյունը, ուր պատեր ու վախեր չկան:
ՄԱՐԻԱ – Մայրիկ, ես հենց դրանից եմ վախենում, որ չկա այդպիսի տեղ, ուր պատեր ու վախեր չկան: Ինձ համար ամենակարևորը ապահովության զգացումն է: Ես ուզում եմ, որ իմ և առավել ևս իմ ապագա զավակի կյանքն ապահով լինի:
ԱՍՊԵՏ – Դե ես էլ դրա համար ամուր պատեր կանգնացրի իմ տան մեջ, որ դու քեզ ապահով զգաս: Ես միշտ քո կողքին կլինեմ, Մարիա: Մեջքիդ կանգնած:
ՄԱՐԻԱ – Մեջքս կջարդես: Եվ կարծու՞մ ես, որ պատե՞րը պիտի ապահովեն իմ անվտանգությունը:
ԱՍՊԵՏ – Ես և պատերը:
ՄԱՐԻԱ – Ախր դու ինքդ էլ մի պատ ես:
ՍՈՆԱ – Մարիա, այդպիսի բաներ մի ասա: Ասպետը սիրում է քեզ:
ՄԱՐԻԱ – Գիտեմ, որ սիրում է: Բայց նա ինքն էլ ինձ համար մի պատ է դառնալու, եթե արդեն չի դարձել:
ՄԱՐՏԻՆ – Իսկ դու ի՞նչ ես ուզում, աղջիկս: Ինչպե՞ս ես պատկերացնում քո ապագան այս մեծ աշխարհում, ուր պատերն ամեն օր քանդվում են ու դրանց փոխարեն նորերն են հառնում:
ՄԱՐԻԱ – Ես ուզում եմ ինձ ապահով զգալ: Ես ուզում եմ վստահությամբ ու հավատով նայել ապագային: Ես ուզում եմ առանց վախերի զարթնել ու առանց վախերի քուն մտնել: Երբ ասպետը սկսեց պատով կիսել իր մեծ սենյակը, ես հուսահատության ու կատաղության մեջ էի:
ԱՍՊԵՏ – Այո, երեք օր չխոսեցիր հետս ու չցանակցար տեսնել ինձ:
ՄԱՐԻԱ – Բայց հետո հասկացա, որ ճիշտ է անում: Առանց ինձ հարցնելու` իմ սրտի ուզածն է անում:
ԱՍՊԵՏ – Քո և մեր ապահովության ու անվտանգության համար, սիրելիս: Եթե խոր մտածենք` պատը միայն լավ բան է: Անգամ կարելի է նրա վրա աբստրակտ ոճի նկարներ կախել: Կամ էլ` մի հին կարպետ: Դրանից տունն ավելի կջերմանա:
ՄԱՐԻԱ – Ու մեկ էլ պապիկին եմ վերջերս հաճախ հիշում: Երևի մի բան գիտեր, երբ ասում էր, որ այս պատը մեր փրկությունն է: Հաստատ կծիծաղեք ինձ վրա, բայց ես կարոտում եմ մեր պատը: Դա փրկություն էր բոլոր քամիներից ու չարիքներից, որոնցով լիքն է աշխարհը:
ՍՈՆԱ – Լավն էր պատը: Ես ամեն օր ստիպված չէի հարևանի լվացքը տեսնել ու նրանց հետաքրքրասեր հայացքների ներքո գործ անել:
ՄԱՐՏԻՆ – Դե որ այսքան անկեղծացանք` ես էլ ասեմ: Վերջերս մի բան եմ ուզում ու չեմ կարողանում անել: Հոգու կանչի պես մի բան…
ՍՈՆԱ – Մեխ խփել ու պարանը կապե՞լ:
ՄԱՐՏԻՆ – (բարկացած): Լռի՛ր, կին արարած: Ուզում եմ հայրիկիս օրինակով ծաղիկներ դնել պատին ու խոնարհվել: Դուք չեք հասկանա, թե դա ինչ զգացողություն է: Ես անգամ չեմ տեսել հայրիկիս պապիկին, որին գնդակահարել են: Բայց հարգանքի տուրք տալու մի ներքին անբացատրելի պահանջ եմ զգում: Երևի հայրիկիս հորդորն է վերջապես հասնում ինձ:
ՍՈՆԱ – Լավ կլիներ, եթե պատը լիներ… Պարանը կկապեինք: Ֆիկուսն էլ կդնեինք տակը, որ քամուց պաշտպանվի:
ՄԱՐԻԱ – Պապիկը շատ կուրախանար…
Մարիան կամացուկ մոտենում է աղյուսների կույտին, վերցնում մեկն ու տեղադրում պատի գծով: Ապա մյուսը, երրորդը: Նրա օրինակին է հետևում Ասպետը ու ջանասիրաբար սկսում է բարձրացնել պատը: Այնուհետև Սոնան ու Մարտինն են միանում են ջահելներին ու միասին կանգնացնում պատը ինչպես նախկինում էր: Մարտինը սեղանի ծաղկամանից վերցնում է ծաղիկների փունջը, հանդիսավորությամբ ամրացնում պատի ճեղքի մեջ, համբուրում պատն ու խոնարհում գլուխը: Սոնան բռնում է ամուսնու ձեռքն ու ինքն էլ է խոնարհում գլուխը: Մարիան և Ասպետը ևս ձեռք-ձեռքի բռնած խոնարհում են գլուխները պատի առջև:

Վարագույր:

Ավարտեցի` 30 ապրիլի 2017 թ.
Երևան