Պիես մեկ արարով
Գործող անձինք`
Սյուզաննա – մոտ 20-22 տարեկան մի աղջիկ
Արտացոլանք – Սյուզաննայի արտացոլանքը հայելու մեջ
Սյուզաննայի ննջասենյակն է`հարուստ կահավորանքով, բայց բավականին թափթփված: Անկողինը հարդարված չէ, ամենուր թափված շորեր են ու խառնաշփոթ: Սյուզաննան՝ հիվանդագին նիհար, ականջակալներով ինչ-որ բան է լսում ու պարային թեթև շարժումներ անում: Ապա մոտենում է պատուհանին ու դուրս նայում: Պատուհանից անդին փողոցի ձայներն ու ուրախ երաժշտություն է լսվում: Մի պահ դադարում է պարել ու ուշադիր ինչ-որ բանի է նայում: Ապա կրկին պարելով հեռանում է պատուհանից, պտտողական շարժում անում ու ուժասպառ փռվում հսկա մահճակալին: Քիչ անց վեր է կենում, մի կողմ շպրտում ականջակալներն ու մոտենում պատի կեսը ծածկող հսկա հայելուն: Սկսում է զզվանքով ու ծամածռություններ անելով զննել ինքն իրեն: Հայելու մեջ Սյուզաննայի արտացոլանքն է՝նորմալ չափակազմությամբ ու բավականաչափ գեղեցիկ: Արտացոլանքն ազատ է իր շարժուձևի մեջ և չիկրկնում Սյուզաննայի շարժումները:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Բարի լույս, այլանդակ:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Բարի լույս, գեղեցկուհի:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Բա՛վ է հեգնես ինձ: Երևի իրական գեղեցկուհի չես տեսել, որ ինձ ես գեղեցկուհի անվանում:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – (հուշերին տրվելով) Հավատա, որ շատ եմ տեսել: Շա՜տ…
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Ուրեմն`մի՛ հեգնիր, այլանդակ:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Ինչու՞ ես ինձ այլանդակ անվանում:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Որովհետև դու այլանդակ ես:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Ես ընդամենը քո արտացոլանքն եմ:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Ուզում ես ասել, որ այլանդակը ե՞ս եմ:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Ո՛չ, դա դու ես ասում: Ես նման բառեր չգիտեմ անգամ:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Մի՛ քաշվիր, ասա, որ այլանդակ եմ:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Ես ընդամենը քո արտացոլանքն եմ: Ի՞նչ ես անելու այսօր: Չգնա՞նք Իպոնեմա: Կամ Կոպակաբանա…
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Ոչ մի դեպքու՛մ: Գնամ, որ բոլորը զզվանքով ի՞նձ նայեն: Անցյալ շաբաթ գնացի: Միայն թե տեսնեիր, թե ինչպես էին ինձ նայում տղաները…
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Ինչպե՞ս կարող էի տեսնել: Չէ՞ որ լողափին հայելիներ չկան: Երբ հայելի չկա` ես չեմ կարող քեզ հետ լինել: Դու դա գիտես:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Դա մեծ բարեբախտություն է: Թե չէ` անընդհատ քեզ նայել ու զզվել…
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Ես մեղք չունեմ: Դու ինքդ քեզ ես տեսնում:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Ըհը, ուզում ես ասել, որ, բացի այս այլանդակ հիվանդությունը, ես նաև հոգե՞կան հիվանդ եմ:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Ես նման բան չասացի:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Դե լավ է: Թե չէ՝ գիտես՝ կփշրեմ հայելին, և դու ժամանակակից արվեստի գլուխգործոցկդառնաս իմ հատակի վրա: Ուստի խնդրում եմ, որ կարծիքներդ քո մեջ պահես: Առանց այդ էլ արդեն հոգնել եմ բոլոր այդ տխմար ռեպլիկներից` «Էլի կմախքն եկավ», «Կմախքին հաց տվեք՝ թող մի քիչ լցվի», «Տիկնիկիս շորերը տամ՝ այս կմախքը հագնի»… Ուֆ, ո՜նց եմ զզվել տափակներից…
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Ես մի խնդրանք ունեմ քեզ: Ինձ կասե՞ս ինձ կա պատուհանից այն կողմ:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Հեչ, աղքատների թաղամասն է` Ֆավելան:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Ի՞նչ կա այնտեղ:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – (գրեթե ժպտալով) Լիքը ինձ պես կմախքներ: Ես երևի գնամ նրանց մեջ ապրեմ: Գոնե ոչ ոք ինձ այլևս «կմախք» չի անվանի:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Բոլորը քեզ պես հիվա՞նդ են: Զանգվածային անարեկսի՞ա:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Չեմ կարծում: Մերոնք ասում են, որ այդ մարդիկ սովից են նիհարել ու կմախքացել: Բայց շատ երջանիկ են, քանի որ երգում են ու պարում:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Սովի՜ց… Քիչ մնաց մոռանայի: Չնախաճաշե՞նք: Ես սոված սատկում եմ:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – (զզվանքով ծամածռելով բերանը) Ֆու՜… Զզվում եմ ուտելիքից: Անունը մի՛ տուր:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Մի բաժակ մանգոյի հյութ և կրուասան…
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Ֆու՜…
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Մի կտոր արքայախնձոր…
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Ֆու՜…
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Բեկոնով ձվածեղ…
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Հիմա հետ կտամ քեզ վրա:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – (ծիծաղելով) Չես կարող՝ ստամոքսդ դատարկ է:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – (մատներով սամբայի տակտ է խփում փորի վրա):
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Լավ, չկա՞ մի բան, որ ախորժակով կուտեիր հիմա:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Քե՛զ:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Ի՞նձ:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Այո՛, քեզ: Գոնե կպրծնեի քեզանից:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – (ծիծաղելով) Ես քո արտացոլանքն եմ: Քանի դեռ դու կաս` ես էլ կլինեմ:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – (տխուր) Ես չեմ ուզում ապրել: Կսպանեմ ինձ, ու դու էլ կվերանաս:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Այսինքն` կարևորը, որ ես վերանա՞մ:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Այո: Հիմա կգնամ Ֆավելաս, ու դու կվերանաս: Գոնե` միառժամանակ:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – (մի քիչ վախեցած) Ոչինչ չի ստացվի: Մի՛ խաբիր ինքդ քեզ:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Ես ուզում եմ քնել: Հոգնեցի քեզ հետ անիմաստ շաղակրատելուց: Գոնե քնած ժամանակ քեզ չեմ տեսնի ու կմոռանամ ամեն ինչ:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Ամեն ի՞նչ:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Ամեն, ամեն ինչ: Կմնան միայն լավ երազները:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Ի՞նչ ես տեսնում երազում:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Հմ… Հիմա հիշեմ… Հա՛, հիշեցի, ես ուտում էի ու չէի փսխում: Պատկերացնու՞մ ես:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – (զարմացած) Փորձում եմ պատկերացնել:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Գնամ քնեմ… Համ էլ քեզ չեմ տեսնի…
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Ախր ինչու՞ ես այդքան ատում ինձ: Չէ՞ որ ես ընդամենը քո արտացոլանքն եմ:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Չգիտեմ… Դու ինձ խաբում ես… Ինձ թվում է՝ դու ավելի գեղեցիկ ես ու լիքը…
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Մարդիկ տեսնում են այն, ինչ ուզում են տեսնել…
ԱՅՈՒԶԱՆՆԱ – (ուշադիր նայելով Արտացոլանքին) Չգիտեմ…
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ (փոքր լռությունից հետո) – Իսկ ի՞նչ ասացին բժիշկները:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Վեց ամիս: Ամենաշատը:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Այսինքն` մինչև Ս.Ծնունդ: Ահավոր է…
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Թքած: Զզվել ու հոգնել եմ ամեն ինչից:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Ամեն ինչի՞ց:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Ամեն ինչից:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Բայց մի անգամ դու ինձ պատմում էիր ակացիաների մասին: Մի տղա քեզ սեր էր փորձում բացատրել այդ ծառերի տակ:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Անցած-գնացած բան է:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Բայց քո աչքերն այնպե՜ս էին փայլում այդ օրը: Հիշում եմ` անգամ մրգային սալաթ կերար, երբ վերադարձար ժամադրությունից:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Ֆու…
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Ես էլ մի լավ կերա այդ սալաթից:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Անցած լինի:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Բայց ինչու՞ այլևս չհանդիպեցիր այդ տղային:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Չուզեցի:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Ինչու՞:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Ես զզվում եմ, երբ մարդիկ խղճում են ինձ:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Ինչու ես կարծում, որ նա խղճում էր քեզ: Միգուցե` սիրահարվել էր:
ՍՅՈՒԶԱՆՆԱ (դառը ծիծաղով) – Մոռացա՞ր, որ ես անբուժելի հիվանդ եմ: Թե՞ վաղուց ինձ չես տեսել:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Միգուցե կրկի՞ն հանդիպես նրան:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Ինչի՞ համար:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Որ քո աչքերում կրկին փայլ լինի ու… մրգային սալաթ ուտես: Ախր ես շատ սոված եմ…
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Քո որովայնը իմ հաշվին մի լցրու, խնդրում եմ:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Ես քո Արտացոլանքն եմ ընդամենը:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Առավել ևս…
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Կարո՞ղ եմ մի բան հարցնել…
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Ասա:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Նա քեզ համբուրե՞ց… Դուք համբուրվեցի՞ք:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Ահա…
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Ի՞նչ զգացիր այդ պահին:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Չգիտեմ… Ջերմություն, մրգերի ու ակացիաների հոտ, սրտիկիս թրթռոցն ու խլրտոց փորիկիս խորքում…
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Ի՞նչ ռոմանտիկ է…
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Էլի փորդ լցնելու մասին ես մտածում…
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Չէ… Իսկ սամբա չպարեցի՞ք:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Ես առաջարկեցի, բայց նա չուզեց: Արդեն քաղցից ուժասպառվել էր խեղճ բալիկը: Վախեցավ պարի կեսին գետնին գլորվել ու շունչը փչել… Իսկ ես այնքա՜ն էի ուզում պարել… Քանի տարի է՝ չեմ պարել…
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Եթե ես քո տեղը լինեի` մի անգամ էլ կհանդիպեի նրան:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Ինչի համար: ի՞նչ պիտի ասեմ: Որ Ս.Ծնունդը միասի՞ն չենք անցկացնելու: Որ ես սատկու՞մ եմ: Որ էներգիայիս վերջին կաթիլնե՞րն եմ սպառում…
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Հանուն սրտիդ թրթռոցի ու փորիդ խլրտոցի…
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Ոչ, սիրելիս, ոչ…
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Ինձ այլևս «Այլանդակ» չես անվանում…
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Բարիացել եմ: (փոքր-ինչ լռելուց հետո): Բացի այդ՝ ես չեմ ուզում կոտրել նրա սիրտը:
Մեկ րոպեի չափ լռություն է տիրում: Սյուզաննան քայլում է սենյակում, իսկ Արտացոլանքը գլխիկոր նստած է:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Իսկ ի՞նչ ես անելու… այսօր, վաղը, մյուս օրը…
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Ե՞ս: (մեկեն զվարթանալով) Ես ապրելու՜ եմ և պարելու՜ եմ: Ասում ես՝ այդ ի՞նչ ձայներ են փողոցում: (փողոցից ուրախ սամբայի կիսատ ծայն է լսվում և ինչ-որ խոսակցություն)
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Սամբայի փառատոնի նախապատրաստությունն է: Այս օրերին Ռիոն Սամբայով է ապրում ու շնչում:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Ես էլ եմ Սամբայով ապրում: Ես ուզում եմ պարե՜լ… Եվ, միգուցե, նրան էլ հանդիպեմ, եթե իրոք բոլորն այնտեղ են…
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Վեց ամիս…
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Ի՞նչ կապ ունի, թե քանի ամիս, օր կամ վայրկյան… Կապ ունի, թե ինչպես:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Լսիր, իսկ քո այդ ականջակալների ձայնը կարո՞ղ ես բարձր անել:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Այո, ահավասիկ: (Միանգամից հնչում են սամբայի ուրախ հնչյունները):
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ – Արի պարենք:
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Արի, սիրելիս: Սամբա պեր-պե-տուու՜մ…
Սյուզաննան ցատկում-մտնում է հայելու մեջ, գրկում Արտացոլանքին, համբուրում շուրթերը ու միասին ուրախ ու երջանիկ սամբա են պարում: Քիչ անց Արտացոլանքն ուժասպառ վայր է ընկնում, իսկՍյուզաննան կրկնակի եռանդով շարունակում էպարել: Հետո վազելով մոտենում է պատուհանին, դուրսնայում ու դուրս թռչում՝ գոռալով.
ՍՅՈՒԶԱՆՆԱ – Սամբա, ես սիրու՜մ եմ քեզ… Te amo, vida! Te amo Favela!..
Վարագույր