Պիես երեք գործողությամբ:
Գործող անձինք
Արտավազդ
Հռիփսիմե (Արտավազդի կինը)
Տիգրան (Արտավազդի և Հռիփսիմեի որդին)
Հարևան (Վալոդ, նույն ինքը` Արամայիս)
Խորենացու ուրվականը
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 1
Մեր օրերը: Ընտանեկան հյուրասենյակ է, Հռիփսիմեն հափշտակված հեռուստացույց է նայում: Արտավազդն աչքի տակով նայում է ու ծխում: Ետին պլանում Տիգրանը դաս է սովորում:
ՀՌԻՓՍԻՄԵ – Տես է՜ – մարդիկ ո՜նց են ապրում, ո՜նց են սիրում իրար… Ի՜նչ տուն-տեղ ունեն… Ի՜նչ աման-չաման, ի՜նչ կահույք… Մարդիկ ապրում են, ապրու՜մ…
ԱՐՏԱՎԱԶԴ – Դե լավ հա՜, հերիք նախանձես: Մենք էլ վատ չենք ապրում…
ՀՌԻՓՍԻՄԵ – Է՜… Արտո ջան, Բա նրանք էլ կասեն ապրում ենք, մենք է՞լ… Չէ՜, տես է… Ի՜նչ սեղան են գցել: Ծառաներն էլ սպասարկում են… Կյանք եմ ասել, է՜…
ԱՐՏԱՎԱԶԴ – Մենք էլ երբ ծով գնացինք – մեզ էլ էին սպասարկում: Արդեն մոռացա՞ր: Լավ բաները շուտ ես մոռանում, հա՞…
ՀՌԻՓՍԻՄԵ – Դե չէ, Արտո ջան, չեմ մոռանում: Բայց դե ասում եմ` սրանք ամբողջ կյանքն են այսպես ապրում, իսկ մենք տարվա մեջ հազիվ մի երկու շաբաթ… Տես է՜, ի՜նչ էլ լավ-լավ անուններ ունեն` Լուիս-Ալբերտո, Ժինուարիա, Ավգուստինա… Գոնե ես էլ մի այդպիսի գեղեցիկ անուն ունենայի… Թե չէ` Ռիփսիկ… Ոնց որ վիրավորական բառ լինի…
ԱՐՏԱՎԱԶԴ – Ռիփսիկ չի, այ կին, այլ Հռիփսիմե: Ի՞նչ վատ անուն է որ… Մեր պատմական անուններից է:
ՀՌԻՓՍԻՄԵ – Վա՜յ, չէ-չէ-չէ: Միայն թե` ոչ դա: Ավելի լավ է` Ռիփսիկ մնամ, Արտո ջան:
ԱՐՏԱՎԱԶԴ – Արտո չեմ: Արտավա՛զդ եմ: Հազար եմ ասել:
ՀՌԻՓՍԻՄԵ – Վույ չէ՛: Ո՛չ մի դեպքում: Ես իմ Արտոյին եմ սիրում, Արտավազդին չեմ սիրում:
(Շրջվում է դեպի երեխան)`
– Տիգուշիկ, դասերդ սովորու՞մ ես:
ՏԻԳՐԱՆ – Հա, մամ:
ԱՐՏԱՎԱԶԴ – Հազար եմ ասել` ոչ թե Տիգուշիկ, այլ Տիգրան:
ՀՌԻՓՍԻՄԵ – Դե լա՜վ է: Էլի ծովից ծով Հայաստանի կարոտախտդ բռնե՞ց:
ԱՐՏԱՎԱԶԴ (Հոգնած թափ է տալիս ձեռքն ու ոչինչ չի ասում):
ՀՌԻՓՍԻՄԵ – Մի հատ աղջիկ ունենայի` անունն Ավգուստինա դնեի…
ԱՐՏԱՎԱԶԴ – Արի ունենաք:
ՀՌԻՓՍԻՄԵ – Էլ մի սկսիր: Հլա էս մեկին մարդ դարձնենք…
ԱՐՏԱՎԱԶԴ – Երեխան երջանկություն է: Արի ունենանք – անունն էլ ինչ ուզում ես դիր:
ՏԻԳՐԱՆ – Ես ապերիկ եմ ուզում:
ՀՌԻՓՍԻՄԵ (Ջղայնացած)`
– Քեզ ո՛չ ոք չի հարցնում: Դասե՛րդ արա: (Շրջվելով դեպի ամուսինը)`
– Տեսնու՞մ ես` ոնց ես փչացնում երեխային: Ապերի՜կ է ուզում, սրա՜ն տեսեք:
ԱՐՏԱՎԱԶԴ – Երեխան վատ բան չի ուզում:
ՀՌԻՓՍԻՄԵ – Ոզում ես ներվային տի՞կ ստանամ: Ա՜խ, սիրտս…
ԱՐՏԱՎԱԶԴ – Այ կնիկ, կյանքը մի անգամ է տրվում: Պետք է ճիշտ ապրել, լիարժեք…
ՀՌԻՓՍԻՄԵ – Այ այդ հարցում համաձայն եմ` պետք է ճիշտ ապրել ու ոչ թե նահապետական քո պատկերացումներով` երեխա, փալաս-փուլուս, մանկապարտեզ ու դպրոց, Տիգրան, Ծովից-ծով Հայաստան… (ձևական լացակումած)` – Գոնե բալես նորմալ կյանքով ապրի…
ԱՐՏԱՎԱԶԴ (Հիասթափված թափահարում է ձեռքը ու ցույց տալիս, թե հեռուստացույց է նայում):
Դռան զանգ է լսվում: Կինը գնում է բացելու: Վերադառնում է հարևանի հետ:
ԱՐՏԱՎԱԶԴ (Ուրախությամբ դիմելով հարևանին)` – – Վա՞յ, Վալոդ ջա՞ն: Եկել ես: Այ բարև՜, բարև՜: Նստի՛ր, նստիր տեսնենք: Հռիփսիմե, մի հատ սուրճ դիր` խմենք:
ՀՌԻՓՍԻՄԵ (Ժպտալով դուրս է գալիս սենյակից):
ՀԱՐԵՎԱՆ – Բարի օր, ո՞նց եք, հարևան ջան:
ԱՐՏԱՎԱԶԴ – Փառք Աստծո, Վալոդ ջան, լավ ենք: Առողջ ենք, աշխատում ենք, սովորում ենք:
ՀԱՐԵՎԱՆ – Դե շա՜տ ապրեք:
ԱՐՏԱՎԱԶԴ – Վալոդ ջան, հլա պատմիր, պատմիր: Ո՞նց գնացիր-եկար: Լա՞վ էր: Մի քիչ ուշացար: Մենք քեզ անցած շաբաթ էինք սպասում:
ՀՌԻՓՍԻՄԵ (Ներս է մտնում: Ձեռքին սկուտեղ կա` սուրճի բաժակներով ու քաղցրավենիքով): – Հա, Վալոդ ջան, պատմիր, պատմիր լսենք:
ՀԱՐԵՎԱՆ – Դե ի՞նչ պատմեմ: Ախր ո՜նց պատմեմ… Շատ լավ էր: Հալալ ա դրանց: Հո երկիր չեն սարքե՜լ: Դրախտ ա, դրախտ…
ՀՌԻՓՍԻՄԵ – Պարսկաստանում էիր, չէ՞:
ՀԱՐԵՎԱՆ – Ռիփսիկ ջա՞ն: Ձեռ ես առնում: Թուրքիայում էի, Թուրքիայու՜մ:
ՀՌԻՓՍԻՄԵ (Հիացմունքով)` – Թուրքիա…
ՀԱՐԵՎԱՆ – Թուրքիա մի ասա, մի դրախտ ասա: Երկիր ա, է՜, երկի՜ր… Դրանց ճանապարհները, դրանց հյուրանոցները… Բա դրանց աղջիկնե՜րը… Որ ալիքը միացնում ես` մեկը մեկից սիրուն աղջիկներ… Ռիփսիկ ջան, քեզնից սիրուն չլինեն, բայց դե… հասկանում եք, էլի… Երկիր ա, ախպերս, երկիր… Մեր էս քոսոտ ու քարքարոտ անապատի նման չի: Երկի՜ր ա…
ՀՌԻՓՍԻՄԵ (Հիացած)`
– Ախ, Վալոդ ջան…
ԱՐՏԱՎԱԶԴ (Արտահայտված զզվանքով լսում է): – Բա ուրի՞շ:
ՀԱՐԵՎԱՆ – Արտո ջան, դե ո՞ր մեկն ասեմ… Մարդիկ ապրում են, ոչ թե մեզ նման…
Հա, մոռանալու էի, էն գործն էլ հաջողացրեցի:
ՀՌԻՓՍԻՄԵ (Հիացած)`
– Ստացվե՞ց, Վալոդ ջան…
ԱՐՏԱՎԱԶԴ – Ո՞ր գործը:
ՀԱՐԵՎԱՆ – Աղջկաս դասավորեցի մի թուրքի տան մեջ որպես հավաքարար: Ասի` ա՛յ աղջիկ, սենտիմենտների ետևից չընկնես: Հարմար առիթ լինի – էդ թուրքին քեզնով կանես: Վաղը, մյուս օրը դրա հարստությունը քեզ կմնա:
ՀՌԻՓՍԻՄԵ – Ապրե՛ս, Վալոդ ջան: Մտածում ես երեխեքիդ ապագայի մասին: Թե չէ` իմ Արտոն…
ԱՐՏԱՎԱԶԴ (Զարմացած ու զզվանքով կնոջն է նայում):
ՀԱՐԵՎԱՆ – Տղայիս էլ Իսպանիա եմ ուղարկելու: Թող մարդ դառնա: Մի տեղ արդեն պայմանավորվել եմ: Մի քիչ որ լեզուն սովորի` տաքսի ա քշելու:
ՀՌԻՓՍԻՄԵ (Հիացած)`
– Տաքսի՜…
ԱՐՏԱՎԱԶԴ – Բա որտե՞ղ է ապրելու, ուտելու…
ՀԱՐԵՎԱՆ – Դե առայժմ հենց գարաժում կապրի, մինչև որ տեսնենք…
ԱՐՏԱՎԱԶԴ – Բայց տղադ այստեղ էլ էր չէ՞ տաքսի քշում:
ՀԱՐԵՎԱՆ (Կում է անում սուրճի բաժակից)`
– Ա՛յ Արտո ջան, բա էստեղի տաքսին կհամեմատեն իսպանական տաքսու հե՞տ: Կյանքից ետ ես մնացել, ախպեր ջան: Թող իսպանացիներին տանի-բերի, ոչ թե մեր քոսոտ հայերին: Մի սիրուն օր էլ, ո՞վ գիտի, մեզ էլ էստեղից պոկի-տանի…
Զորբայի դար ա, Արտո ջան: Որ պետք եղավ` պիտի կարողանաս կյանքում հարմարվել: Որտեղ հաց` էնտեղ կաց: Ինչքան կարողանում ես` պիտի վերցնես ու գռփես: Էդ ա մնում:
ԱՐՏԱՎԱԶԴ – Իսկ դու ու կինդ ի՞նչ պիտի անեք հեռավոր Իսպանիայում:
ՀԱՐԵՎԱՆ – Ի՞նչ պիտի անենք: Էդ էլ հա՞րց էր: Ես տաքսի կքշեմ, կնիկս էլ թող հավաքարարություն անի: Ի՞նչ կա որ… Մենք հպարտ չենք: Կաշխատենք, ուրիշի ձեռքին չենք նայի:
ԱՐՏԱՎԱԶԴ – Բա ինչու՞ այստեղ տաքսի չես քշում: Կամ կինդ ինչու՞ այստեղ հավաքարարություն չի անում:
ՀԱՐԵՎԱՆ – Բա էղա՞վ, Արտո ջան: Բա ամո՞թ չի: Կինս էս քաղաքի փողոցները ավլի-լվանա՞…
ԱՐՏԱՎԱԶԴ – Իսկ ի՞նչ տարբերություն:
ՀԱՐԵՎԱՆ (Զարմացած նայում է մեկ Արտավազդին, մեկ Հռիփսիմեին ու չի պատասխանում):
ՀՌԻՓՍԻՄԵ (Կարծես օգնության հասնելով հարևանին ու խրատական նայելով ամուսնուն)`
– Վալոդ ջան, այ խնդրում եմ Արտոյիս էլ մի քիչ կյանք սովորեցնես: Թե չէ` վերջերս շատ է նեղսրտում ու հիասթափվում: Պատկերացնու՞մ ես` նույնիսկ չի ուզում այս երկրից թեկուզ արձակուրդին Թուրքիա գնալ:
ՀԱՐԵՎԱՆ – Կսովորեցնեմ, Ռիփսիկ ջան, կսովորեցնեմ: Բա էլ ո՞ր օրվա հարևանն ենք:
(Շրջվելով դեպի Արտավազդը ու փորձելով հումորի տալ)`
– Այ տղա, էս անապատում ի՞նչ ես գտել, որ այդպես ամուր կպել ես: Նույնիսկ մի հատ ծառ չմնաց, բոլորը կտրեցին: Բա սա ապրելու՞ տեղ ա… (Լրջանալով) – Հա, մոռանալու էի, Արտո ջան, որ ձմեռվա համար փայտ պետք լինի` կասես: Ընկերս Խոսրովի անտառից ընտիր փայտ ա բերում: Կասեմ` քեզ էժան կտա: Բա էլ ո՞ր oրվա հարևանն ենք: Մեկ էլ` որ ամառանոց-բան սարքելու լինես` ինձ կասես: Գառնու ձորից ընտիր քարեր են բերում` վեցանիստ, փայլուն: Շատ սիրուն սալահատակ ա ստացվում:
ԱՐՏԱՎԱԶԴ – Գառնու ձորի՞ց: Ախր դա ազգային հարստություն է` քարե երգեհոնը… Ամբողջ աշխարհից զբոսաշրջիկներ են գալիս են, որ տեսնեն…
ՀԱՐԵՎԱՆ (Քմծիծաղով ու Հռիփսիմեին նայելով)`
– Չէ, էս մարդը դեռ շատ միամիտ ա, Ռիփսիկ ջան:
(Շրջվելով դեպի Արտավազդը)`
– Ոչինչ, Արտո ջան: Էլ ո՞ր օրվա հարևաններն ենք, որ իրար չհասնենք: Հա, էդ զբոսա… զբոսա… Ո՞նց էիր ասում… շրջիկներին էլ ասա, որ Թուրքիա գնան: Այ` որ երկիրն ա պետք տեսնել… Երկիր եմ ասել, է՜… Դրախտ ա, դրախտ…
(Մի պահ լռում է, ապա ուշադրությամբ նայում դաս սովորող Տիգրանին)`
– Ապերիկ, էդ ի՞նչ ես կարդում:
ՏԻԳՐԱՆ – Խորենացու ՙՀայոց պատմությունը՚:
ՀԱՐԵՎԱՆ – Ի՞նչ, ի՞նչ…
ՏԻԳՐԱՆ – Հայ ժողովրդի պատմությունը:
ՀԱՐԵՎԱՆ – Ինչի՞ մասին:
ՏԻԳՐԱՆ – Արամ թագավորի մասին: Որ գրավեց հարևան երկրները ու բոլորին հրամայեց հայերեն խոսել:
ՀԱՐԵՎԱՆ (Դիմելով Արտավազդին ու Հռիփսիմեին)`
– Բա էս երեխեն ափսոս չի՞:
(Դիմելով Տիգրանին)`
– Բալես, լեզու՛ սովորի: Թուրքերեն սովորի, անգլերեն, ռուսերեն, որ մարդ դառնաս: Էս կյանքում խեղջ չմնաս… ՙԱպրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք…՚
ՏԻԳՐԱՆ – Անգլերեն ու ռուսերեն սովորում եմ:
ՀԱՐԵՎԱՆ – Այ ապրե՛ս: Բայց թուրքերեն էլ սովորի: Պետք կգա: Վաղը-մյուս օրը կասեք` ապրի Վալոդը, ճիշտ խորհուրդ տվեց… Դե լավ, ես գնամ: Հազար գործ ունեմ: Արտո ջան, չամաչես, կդիմես… Էլ ո՞ր օրվա հարևանն ենք… Հա, քանի չեմ մոռացել, որ ընտրատեղամասից գան ու ամեն ձայնի համար 3.000 առաջարկեն` չհամաձայնե՛ք:
ԱՐՏԱՎԱԶԴ – Իհարկե չենք համաձայնի: Ո՛չ մի դեպքում:
ՀԱՐԵՎԱՆ – Այ ապրե՛ս, Արտո ջան: Տեսնու՞մ ես, Ռիփսիկ ջան, մարդդ կամաց-կամաց խելքի ա գալիս: Ուրեմն դրանց կասեք` մինչև ամեն ձայնի համար 5.000 չտաք – ո՛չ մի ընտրություն: Կասեք` կգնանք էն մյուսին կընտրենք, մեզ համար ի՜նչ տարբերություն… Մեկ ա` բան չի փոխվելու:
ԱՐՏԱՎԱԶԴ – Բայց…
ՀԱՐԵՎԱՆ (Ձեռքով ընդհատելով Արտավազդին)`
– Գիտեմ, Արտո ջան, գիտեմ, որ քիչ ա, բայց մարդ պիտի քչով բավարարվի: Առաջը դեռ շատ ընտրություններ կան: Ամեն մեկից որ 5.000 պոկենք – էլի բան ա:
ԱՐՏԱՎԱԶԴ – Բա մեր երկի՞րը, բա մեր երեխաների ապագա՞ն…
ՀԱՐԵՎԱՆ – Էս ազգը ապրելու իրավունք չունի: Ճիշտ կանեին բոլորիս էլ կոտորեին:
(Զարմացած նայում է Արտավազդին ու կարծես հասկանում նրա միտքը)`
– Ե՛ս, ե՛ս պիտի լինեի էս երկրի նախագահը: Երկու օրում էս երկիրը երկիր սարքեի ու զմրուխտե ափսեի վրա մատուցեի:
ԱՐՏԱՎԱԶԴ (Հեգնանքով)`
– Եվ ի՞նչ կանեիր: Եթե գաղտնիք չէ, իհարկե:
ՀԱՐԵՎԱՆ (Չհասկանալով Արտավազդի հեգնանքը)`
– Ոչ մի գաղտնիք էլ չկա: Բոլորին կշարեի պատի տակ ու դըխկ-դըխկ-դըխկ-դըխկ:
(Ձեռքով կրակելու շարժում է անում):
ԱՐՏԱՎԱԶԴ – Բա հետո՞:
ՀԱՐԵՎԱՆ – Էլ ի՞նչ հետո: Հետո էլ բոլոր ծանոթներիս, բարեկամներիս լավ-լավ պաշտոնների կդնեի: Թե չէ` դեմոկրատի՜ա, մարդու իրավունքնե՜ր, ազատություննե՜ր… Թուրքիայից լավ մասնագետներ կբերեի – թող սիրուն-սիրուն շենքեր սարքեն: Հա, քեզ էլ անպայման մի պաշտոն կտայի, Արտո ջան: Էլ ո՞ր օրվա հարևանն ենք:
ԱՐՏԱՎԱԶԴ (Հեգնանքով)`
– Դե որ դու նախագահ դարձար` երևի էլ հարևաններ չենք լինի:
ՀԱՐԵՎԱՆ (Կրկին չըմբռնելով Արտավազդի հեգնանքը)`
– Չի՛ ասվի: Մի հատ հավեսով տուն էլ քեզ համար կսարքենք` սիրուն սալահատակով-բանով…
(Երազկոտ ձայնով)`
– Է՜, հայ գիտի աշխարհ, հայ գիտի արդարություն… Հացը ու՜մ են տվել, ախորժակը` ու՜մ… Արդարությու՛ն չկա, արդարություն… Դե լավ, գնացի, ժողովուրդ ջան: Ռիփսիկ ջան, մերսի կոֆեի համար:
(Դուրս է գալիս: Արտավազդն ուղեկցում է: Կուլիսից լսվում է հարևանի ձայնը)`
– Երկիր եմ ասել է՜… Դրանց ճանապարհնե՜րը, դրանց զուգարաննե՜րը, կաֆել-մետլա՜խը… Ոչխարնե՜րը, աղջիկնե՜րը…
Հռիփսիմեն խոր հառաչով հավաքում է սուրճի բաժակները ու դուրս գալիս: Երեխան, օգտվելով ծնողների բացակայությունից, ինքն էլ դուրս է գալիս սենյակից: Ներս է մտնում Արտավազդը` խոր հիասթափությունն և զզվանքը երեսին: Մի քիչ պտտվում է սենյակում, ապա մոտենում է տղայի սեղանին, վերցնում Խորենացու Մատյանը ու սկսում կարդալ: Նախ` կիսաձայն, ապա նույնը կրկնելով` բարձրաձայն:
ԱՐՏԱՎԱԶԴ – ՙ…Այս Արամը Նինոսի Ասորեստանին և Նինվեին տիրելուց քիչ տարիներ առաջ, շրջակա ազգերից նեղվելով` ժողովում է ընտանի քաջ և աղեղնավոր մարդկանց բազմություն, մոտ հինգ բյուր մարդ, վարժ նիզակավոր, շատ ուժեղ երիտասարդներ, հաջողակ ձեռքերով, սրտոտ ու պատերազմելու հմուտ: Նա պատահում է Հայոց սահմանների մոտ մեդացոց երիտասարդներին, որոնց առաջնորդում էր մի ոմն Նյուքար Մադես, մի հպարտ և պատերազմասեր մարդ… Արամը հանկարծորեն նրա վրա հարձակվելով արևը ծագելուց առաջ` կոտորեց նրա բազմաթիվ ամբոխը և իրեն` Նյուքարին էլ, որ Մադես էլ կոչվում, ձերբակալ անելով բերեց Արմավիր և այնտեղ պարսպի աշտարակի ծայրին հրամայեց պատին վարսել, երկաթե ցից մխելով ճակատի մեջ, ի ցույց դնելով անցորդներին և բոլոր եկվորներին, իսկ նրա աշխարհը… իրեն ծառայեցնելով հարկատու դարձրեց…
…Եվ այս աշխարհի բնակիչներին հրաման է տալիս սովորել և խոսել հայերեն…
…Սա այսպես հզոր ու անվանի դառնալով նրա անունով մինչև այսօր մեր աշխարհն անվանում են մեր շրջակա ազգերը…՚ …ԱՐՄԵՆԻԱ…
(Ցած է դնում գիրքը ու տրվում մտքերին):
ՀՌԻՓՍԻՄԵ (Մտնելով սենյակ, տեղավորվելով բազկաթոռին ու տեսնելով, որ Տիգրանը սենյակում չէ)`
– Տեսնու՞մ ես, Արտո ջան, մարդիկ ոնց են իրենց գործերը կարգավորում…
ԱՐՏԱՎԱԶԴ – Տեսնու՛մ եմ: Շատ լավ տեսնում եմ: Աղջկան ինքնակամ պոռնկության տալով, տղային` օտարության ուղարկելով… Շատ լավ են կարգավորում…
ՀՌԻՓՍԻՄԵ – Իզուր ես բորբոքվում: Մի պահ ռեալ նայիր իրականությանը: Հիմա դարը փոխվել է: Պետք է նոր ձևով մտածել:
ԱՐՏԱՎԱԶԴ – Դարը փոխվե՞լ է: Ի՞նչ է, նոր դարում պոռնկությունն ու գաղթն արդեն հերոսությու՞ն են դարձել:
ՀՌԻՓՍԻՄԵ – Է՜… Նորից նույն ես ասում… Այսօրվա թուրքը փոխվել է, Եվրոպայի դռներն է թակում: Եվրոպական ազգ է դարձել: Բայց լավ կլիներ, որ Վալոդը նախագահ դառնար: Մեզ էլ մի բան կհասներ…
ԱՐՏԱՎԱԶԴ (Կատաղած ձայնով)`
– Լռի՛ր, ստոր արարած, լռի՛ր: Գոնե դու նման հիմարություններ մի՛ ասա: ՙԵվրոպայի դռնե՜րն է թակում…՚ Ասա ինձ, ին՞չ լավ բան կա ձեր այդ Եվրոպայում: Ի՞նչ լավ բան է տվել Եվրոպան մեզ: Կամ ի՞նչ կարող է տալ: Դեմոկրատիա՞: Ազատությու՞ն: Համասեռամոլների իրավունքների պաշտպանությու՞ն: Հարյուրավոր աղանդների տարածու՞մ: Կնոջ իրավունքների հավասարեցում տղամարդու՞ն: Ի՞նչ լավ բան կա դրանցում:
ՀՌԻՓՍԻՄԵ – Ուրեմն վա՞տ է, որ կանանց իրավունքները պաշտպանվում են:
ԱՐՏԱՎԱԶԴ – Ի՞նչ իրավունքներ: Հազարամյակներ շարունակ հայ կինը իր ամուսնու հավատարիմ նեցուկն է եղել, տան օջախի ծուխը պահողը, երեխաներ է բերել ու տեր կանգնել իր երեխաներին: Հետո մեծ մայրիկ է դարձել ու մնացել իր հեղինակության մեջ անգամ ամուսնու մահից հետո: Իսկ հիմա՞… Ի՞նչ է անում հայ կինը հիմա:
ՀՌԻՓՍԻՄԵ – Վա՜յ, բա եղա՞վ: Հիմա կինը ազատ է, նախապաշարումներից զերծ…
ԱՐՏԱՎԱԶԴ – Ի՞նչ նախապաշարումներ: Այդ երբվանի՞ց է լավ կին, լավ մայր ու տատիկ լինելը նախապաշարում դարձել: Փոխանակ իր անմիջական գործով զբաղվելու` եվրոպաների դռնե՞րն է թակում, հա՞:
ՀՌԻՓՍԻՄԵ – Այդպես մի՛ ասա, ամո՛թ է: Ժամանակակից մարդ ես:
ԱՐՏԱՎԱԶԴ – Մարդը մարդ պիտի լինի` անկախ ժամանակներից: Տղամարդը` տղամարդ, կինը` կին:
ՀՌԻՓՍԻՄԵ – Ահա՛, տանը տիտիկ անեմ ու երեխա պահեմ, չէ՞:
ԱՐՏԱՎԱԶԴ – Իսկ մի՞թե վատ բան է երեխա պահելը: Ավելի լավ ի՞նչ պիտի անի կինը, քան լավ կին ու լավ մայր լինելն է:
ՀՌԻՓՍԻՄԵ – Ամոթ է, գոնե դու, որ դասախոս մարդ ես, գիտությունների դոկտոր, այդպիսի հետամնաց բաներ մի՛ ասա: Այսօր կինն այլ դեր ունի` հասարակական:
ԱՐՏԱՎԱԶԴ – Եվ ո՞րն է այդ հասարակական դերը: Սերիալ նայելն ու երեխայի փոխարեն շնիկ պահե՞լը: Դա՞ է կնոջ հասարակակակն դերը: Այդ հասարակական դերի շնորհիվ է, որ այսօր մեր կանայք վախենում են երկրորդ երեխան ունենալ: Էլ չեմ ասում` երրորդ ու չորրորդ: Ի՞նչ ես անում դու, ով կին, ի՞նչն է քո կյանքի նպատակը:
ՀՌԻՓՍԻՄԵ – Կյանքը մի անգամ է տրվում մարդուն: Պետք է այն ճիշտ ապրել:
ԱՐՏԱՎԱԶԴ – Եվ ո՞րն է այդ ճիշտը: Կասե՞ս ինձ:
ՀՌԻՓՍԻՄԵ – Կասեմ` ազատ ապրելը:
ԱՐՏԱՎԱԶԴ – Ազա՞տ: Իսկ ի՞նչ է ազատությունը: Ասա՛ ինձ:
ՀՌԻՓՍԻՄԵ – Ասե՛մ: Որ մարդ ինչ ուզենա` այն էլ անի: Որտեղ ուզենա` այնտեղ էլ ապրի: Քանի երեխա ուզենա` այնքան էլ ունենա:
ԱՐՏԱՎԱԶԴ – Դրանից ուրիշ բանի հոտ է գալիս: Երևի նաև կասես` ինչ լեզվով ուզի` այդ լեզվով էլ խոսի, չէ՞:
ՀՌԻՓՍԻՄԵ – Իսկ ինչու՞ ոչ:
ԱՐՏԱՎԱԶԴ (Բորբոքված ձայնով)`
– Որովհետև այն սուրբ ժառանգությունը, որ Մաշտոցից ենք ստացել ու որով Խորենացին մեր ազգի պատմությունն է գրել, ու որը հազարամյակներ շարունակ մեզ կենդանի է պահել ու հայ, այսօր վերանում է առանց արտաքին ոսոխի միջամտության: Շու՛րջդ նայիր, անցի՛ր քաղաքի փողոցներով` արդեն հայերեն մակագրություն չես էլ տեսնի: Կարծես ամոթ լինի հայերեն գրելը:
ՀՌԻՓՍԻՄԵ – Պահո՜… Դու ցեղասպանությունն էլ հիշիր:
ԱՐՏԱՎԱԶԴ – Իսկ ես չեմ էլ մոռանում: Ես ցեղասպանությունն ամեն օր եմ տեսնում: Հայերեն գրերի վերացումը մայրաքաղաքի փողոցներից ի՞նչ է, ցեղասպանություն չէ՞: Ցեղասպանության համալիրի հարևանությամբ զուռնա-դհոլով ռեստորաններ բացելն ի՞նչ է, ցեղասպանություն չէ՞: Հայ զավակներին հայերենի փոխարեն անգլերեն ու իսպաներեն սովորացնելն ի՞նչ է, ցեղասպանություն չէ՞… Զանգվածաբար հայրենիքը լքելն ու դա հերոսություն հորջորջելն ի՞նչ է, ցեղասպանություն չէ՞: Հայրենի հողի վրա ստրկաբար ապրելն ի՞նչ է, ցեղասպանություն չէ՞: Ես դա ամեն օր եմ տեսնում, ամեն քայլափոխիս:
ՀՌԻՓՍԻՄԵ (Վախեցած ու ապշած նայում է ամուսնուն, սակայն չի համարձակվում խոսել):
ԱՐՏԱՎԱԶԴ – Դու, ո՜վ հայ կին, Հովհաննեսի աղջիկ, գիտե՞ս Հայոց այբուբենը:
ՀՌԻՓՍԻՄԵ (Վախեցած գլխով է անում):
ԱՐՏԱՎԱԶԴ – Դե ասա, հեգի՛ր մեր մեսրոպյան տառերը:
ՀՌԻՓՍԻՄԵ (Կմկմալով)`
– Ա, Բ, Գ, Դ…
ԱՐՏԱՎԱԶԴ – Ո՛չ, ո՛չ: Հեգի՛ր տառերի անուններով:
ՀՌԻՓՍԻՄԵ – Այբ, Բեն, Գի՞մ…
ԱՐՏԱՎԱԶԴ – Այո, Այբ, Բեն, Գիմ… Հետո՞:
ՀՌԻՓՍԻՄԵ – Այբ, Բեն, Գիմ… Դա… Դա… Դա…
(լռում է):
ԱՐՏԱՎԱԶԴ – Հետո՞… Այդքա՞նը…
ՀՌԻՓՍԻՄԵ (Գլխիկոր լռում է):
ԱՐՏԱՎԱԶԴ – Կեցցե՛ս, Հովհաննեսի աղջիկ: Բայց դա քո մեղքը չէ: Դա բոլորի՛ս մեքն է: Այդ թվում` իմ: Ամուսնանալիս պետք է բոլոր հայ կանանց ու տղամարդկանց Հայոց այբուբենը հարցնել ու նոր միայն պսակել: Դիպլոմ տալիս, բանակ տանելիս, գործի ընդունելիս…
ՀՌԻՓՍԻՄԵ – Ասում ես էլի… Կոմիտասն էլ հայերեն չգիտեր, երբ ճեմարան էր ընդունվում:
ԱՐՏԱՎԱԶԴ (Քմծիծաղով)`
– Ես համաձայն եմ` թող հայ մարդը Կոմիտաս լինի ու մինչև ճեմարան ընդունվելը հայերեն չիմանա:
ՀՌԻՓՍԻՄԵ – Արտո ջան, հո չե՞ս ուզում մեր տղան ճեմարան ընդունվի:
ԱՐՏԱՎԱԶԴ – Իսկ ինչու՞ոչ: Թող ընդունվի ուր ուզում է, բայց հայ լինի ու երջանիկ լինի:
ՀՌԻՓՍԻՄԵ – Հա, Արտո ջան, թող իրավաբանական ընդունվի, որ մարդ դառնա…
ԱՐՏԱՎԱԶԴ – Չհասկացա…
ՀՌԻՓՍԻՄԵ – Տես մեր դատավորներն ու դատախազները ո՜նց են ապրում… Ի՜նչ պալատներ ունեն, ի՜նչ ավտոներ… Մեր բալեն պակա՞ս ա…
ԱՐՏԱՎԱԶԴ – Այսինքն` կաշառակեր դառնա՞:
ՀՌԻՓՍԻՄԵ – Դե ինչու՞ ես այդպես ասում: Չգիտե՞ս` ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը` երես:
ԱՐՏԱՎԱԶԴ – Լսել եմ: Ուրիշ ի՞նչ խելոք մտքեր ունես:
ՀՌԻՓՍԻՄԵ – Կաշառակերությունը միշտ եղել է, ու միշտ էլ կլինի, Արտո ջան:
ԱՐՏԱՎԱԶԴ – Արտավա՛զդ:
ՀՌԻՓՍԻՄԵ – Արտավազդ:
ԱՐՏԱՎԱԶԴ – Գիտե՞ս, որ Չինաստանում կաշառակերներին հրապարակավ գնդակահարում են: Որ բոլորը տեսնեն:
ՀՌԻՓՍԻՄԵ – Չինաստանը վայրենի երկիր է…
ԱՐՏԱՎԱԶԴ (Հեգնանքով)`
– Իրո՞ք: Դե ասա` իմանանք: Վայրենի՜… Իսկ գիտե՞ս Պարսկաստանում ինչպես էին պայքարում կաշառակեր և կողմնակալ դատավորների դեմ:
ՀՌԻՓՍԻՄԵ – Դե ասա՛: Ինչպե՞ս:
ԱՐՏԱՎԱԶԴ – Յուրաքանչյուր նորանշանակ դատավոր շահից նվեր էր ստանում` մի հրաշալի, կաշվեպատ բազկաթոռ` դատեր վարելու համար:
ՀՌԻՓՍԻՄԵ – Ուխա՜յ…
ԱՐՏԱՎԱԶԴ – Այո՛, ուխայ: Իսկ կաշին նրա նախորդ դատավորի մաշկն էր: Պարսպաստանում կաշառակեր դատավորներին կենդանի-կենդանի մաշկում էին:
ՀՌԻՓՍԻՄԵ – Վու՜յ, վայրենիներ…
ԱՐՏԱՎԱԶԴ – Եվ այդ քո ասած ՙվայրենի՚ երկրում մեկ-երկու տարվա ընթացքում կաշառակերություն կոչված չարիքը վերացավ ու շա՜տ երկար ժամանակ չկար: Մինչև հիմա: Դե հիմա ասա՛, ո՞վ է վայրենի` նրանք, թե մենք. որ երազում ենք մեր զավակներին կաշառակեր դարձնել:
ՀՌԻՓՍԻՄԵ – Մենք եվրոպական ազգ ենք: Դրանք մեր մեթոդները չեն:
ԱՐՏԱՎԱԶԴ – Նախքան եվրոպական կամ աֆրիկյան ազգ լինելը` նախ պետք է ազգ լինել: Ա՛զգ, և ոչ թե մարդկային հոտ, խումբ, հանրություն, հասարակություն կամ նման որևէ, քո ասած` ՙառաջադիմական՚, հասկացողություն:
ՀՌԻՓՍԻՄԵ – Ուրեմն` մենք ասիակա՞ն ազգ ենք:
ԱՐՏԱՎԱԶԴ – Մենք ո՛չ ասիական ենք, ո՛չ եվրոպական, ո՛չ էլ մեկ ուրիշ բան: Մենք հայ ենք: Մեր լեզուն հայերենն է, և մեր տունը Հայոց աշխարհն է:
Ներս է մտնում Տիգրանը` բաճկոնով:
ՏԻԳՐԱՆ – Էլի վիճու՞մ եք: Հերիք չի՞: Ես գնում եմ: Ուշ կգամ:
ԱՐՏԱՎԱԶԴ – Ու՞ր ես գնում, Տիգրան:
ՏԻԳՐԱՆ – Տեղ: Ընկերներով:
ԱՐՏԱՎԱԶԴ – Քեզ կարո՞ղ եմ մի բան խնդրել:
ՏԻԳՐԱՆ – Ասա, պապ:
ԱՐՏԱՎԱԶԴ – Հայոց այբուբենը կարո՞ղ ես հեգել: Այբ, Բեն, Գիմ…
ՏԻԳՐԱՆ (Զարմացած նայում է հորը, ապա մորը)`
– Էս ժամին ի՞նչ հայոց այբուբեն:
ԱՐՏԱՎԱԶԴ – Ասա, լսում եմ:
ՏԻԳՐԱՆ – Դե Այբ, Բեն, Գիմ, Դա… Դա… Դա… Մոռացա, պապ…
ԱՐՏԱՎԱԶԴ – Ոչ թե պապ, այլ` հայրիկ, կամ գոնե` հայր: Անցիր քո սենյակն ու սովորիր: Մինչև չսովորես` ոչ մի տեղ չես գնա:
ՏԻԳՐԱՆ – Ախր ուշանում եմ: Տղերքը սպասում են…
ԱՐՏԱՎԱԶԴ – Լավ, հիմա գնա, բայց վաղը սովորած լինես: Ստուգելու՛ եմ:
(Երեխան դուրս է գալիս: Մնում են Արտավազդն ու Հռիփսիմեն: Արտավազդը մտահոգ պատուհանից դուրս է նայում):
ՀՌԻՓՍԻՄԵ – Բա էրեխու բանակի հարցն ի՞նչ ենք անելու:
ԱՐՏԱՎԱԶԴ (Շրջվելով դեպի կինը)`
– Այսի՞նքն: Իսկ ի՞նչ պիտի անենք: Չեմ հասկանում…
ՀՌԻՓՍԻՄԵ – Մի ձև գտնեինք` ազատեինք…
ԱՐՏԱՎԱԶԴ (Զարմացած ու լուռ նայում է կնոջը):
ՀՌԻՓՍԻՄԵ – Վալոդին խնդրենք` մի բան մտածի…
ԱՐՏԱՎԱԶԴ (Շարունակում է զարմացած և ակնապիշ նայել կնոջը):
ՀՌԻՓՍԻՄԵ – Այդպես մի՛ նայիր: Հիմա բոլոր իրենց հարգող մարդիկ էլ իրենց տղաներին ազատում են բանակից:
ԱՐՏԱՎԱԶԴ – Բա ո՞վ պիտի ծառայի մեր բանակում:
ՀՌԻՓՍԻՄԵ – Ով ուզում է` թող ծառայի: Մեր ի՞նչ հոգսն է: Ուղարկեինք մի տեղ սովորելու, այնտեղ էլ մնար –տեղավորվեր…
ԱՐՏԱՎԱԶԴ – Բա մեզ ո՞վ պիտի պաշտպանի:
ՀՌԻՓՍԻՄԵ – Է՜, էլի հին ձևով ես մտածում… Ո՞վ պիտի մեզ վրա հարձակվի, որ ո՞վ էլ պաշտպանի:
ԱՐՏԱՎԱԶԴ – Բա որ թուրքը հարձակվի՞…
ՀՌԻՓՍԻՄԵ – Ի՜… Նորից: Չլսեցի՞ր Վալոդն ինչ ասաց` այսօրվա թուրքն արդեն ուրիշ ա: Կարգին ազգ ա, Եվրոպայի դռներն ա թակում…
ԱՐՏԱՎԱԶԴ (Զարմացած ու ակնապիշ նայում է կնոջը):
ՀՌԻՓՍԻՄԵ – Է՜… Կարծես մեր տղայի թշնամին լինես… Բացիր աչքերդ, Արտավազդ, ու ցած իջիր երկինքներից…
(Միացնում է հեռուստացույցը: Լսվում է հաղորդագրություն Հրանտ Դինքի սպանության մասին: Երկուսով ուշադիր լսում են: Հետո Արտավազդը հայացքը շուռ է տալիս դեպի կինը: Վերջինս լռելյայն անջատում է հեռուստացույցը ու դուրս գալիս սենյակից: Արտավազդը լուռ քայլում է, մոտենում սեղանին, վերցնում Խորենացու ՙՊատմությունը՚, թերթում ու կարդում` նախ մտքում, ապա` բարձրաձայն):
ԱՐՏԱՎԱԶԴ ՙ… Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը…՚
(Արտավազդը փակում է գիրքը, զգուշորեն դնում սեղանին ու դուրս գալիս հակադարձ դռնից: Սենյակում լռություն է տիրում, ապա լույսերը կամաց մարում են` աղջամուղջ ստեղծելով: Քիչ անց մյուս դռնից սենյակ է մտնում Խորենացու սևազգեստ ուրվականը: Մոտենում է սեղանին, վերցնում ՙՀայոց Պատմությունը՚, պահում ձեռքում, ապա առանց բացելու դնում սեղանին: Բարձրաձայն հառաչում է, ապա դանդաղ քայլերով դուրս է գալիս սենյակից: Լույսերը լրիվ մարում են):
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 2
Նույն սենյակն է: Կիսամութ: Ժամացույցի զանգերը խփում են 12 անգամ: Ետին պլանից սենյակ է մտնում Խորենացու ուրվականը: Դանդաղ նայում է չորս կողմը, ապա վերցնում Մատյանը, ձեռքի մեջ պահում, թերթում: Հետո նստում է բազկաթոռին` գիրքը ձեռքին ու հայացքը հառում դիմացը: Այդ պահին սենյակ է մտնում Արտավազդը` տնային խալաթով: Մի բաժակ ջուր է լցնում, խմում, ապա ծխախոտ է վառում, ներս քաշում ծուխը, արտաշնչում: Զգացվում է, որ ծանր ապրումների մեջ է: Նստում է մյուս բազկաթոռին` ուրվականի դիմաց: Լուսարձակները կամաց լուսավորում են երկուսին: Միաժամանակ մարում է ընդհանուր լույսը:
ՈՒՐՎԱԿԱՆ – Բարև, Արտավազդ:
ԱՐՏԱՎԱԶԴ (Անակնկալի եկած նայում է ուրվականին)`
– Դու՞… Դու այստե՞ղ ես…
ՈՒՐՎԱԿԱՆ – Բա ու՞ր պիտի լինեի: Ես միշտ էլ այստեղ եմ: Ես ուրիշ տեղ չունեմ գնալու: Այդ ի՞նչ ես անում, Արտավազդ:
ԱՐՏԱՎԱԶԴ – Ծխում եմ: Ծխախոտ է: Կուզե՞ս:
ՈՒՐՎԱԿԱՆ – Ո՛չ: Չեմ ուզում: Շնորհակալ եմ: Երբ գալիս էի քեզ մոտ Երևանի փողոցներով` շա՜տ բաներ տեսա: Նկատեցի, որ Հայկի արձանը մի ծակուռ եք մտցրել, որ ոչ ոք չտեսնի: Մի տեղ էլ Հայոց լեզվի ինստիտուտն էր տարիներ առաջ: Դա էլ չկա…
Փախարենը աղբանոց է: Մեծ Վարպետի արձանը հավաբներով եք շրջափակել… Ձեր դիապաշտական գերեզմանոցները տեսա: Բայց ամենից շատ աղբ տեսա: Ամենուր: Դու՞ ես թափել:
ԱՐՏԱՎԱԶԴ – Ե՞ս: Օ՜, ո՛չ, ի՜նչ ես ասում… Ես երբեք աղբ չեմ թափում փողոցում:
ՈՒՐՎԱԿԱՆ – Ինչու՞ ես զարմանում: Եթե դու կարող ես աղտոտել քո սեփական մարմինը, ապա ինչու՞ չես կարող փողոցն էլ աղբանոց դարձնել: Իհարկե՛ կարող ես…
ԱՐՏԱՎԱԶԴ (Տարակուսած չգիտի ինչ ասի):
– Իսկ ինչու՞ ես եկել: Որ ինձ ետ պահես ծխելու՞ց:
ՈՒՐՎԱԿԱՆ – Իմացա, որ հոգիդ վրդովված է, ու դու իմ անունն էիր տալիս: Դրա համար էլ եկա: Փողոցի աղբը քե՞զ էլ է անդուր:
ԱՐՏԱՎԱԶԴ – Այո…
ՈՒՐՎԱԿԱՆ – Դե, միգուցե, սկսենք քեզ մաքրելու՞ց:
ԱՐՏԱՎԱԶԴ – Ինչպե՞ս:
ՈՒՐՎԱԿԱՆ – Հանգցրու այդ ծխախոտը: Ապրե՛ս: Նետիր հատակին: Ոտքով ջարդի՛ր: Այդպես, շատ լավ է: Հիմա խոստացիր, որ այլևս երբեք չես ծխի ու ապականի մարմինդ:
ԱՐՏԱՎԱԶԴ – Խոստանում եմ:
ՈՒՐՎԱԿԱՆ – Չեղավ… Ոտքի կանգնիր, ձեռքդ դիր այս Մատյանի վրա: Հիմա ասա՛:
ԱՐՏԱՎԱԶԴ – Խոստանում ես այլևս երբեք չծխել:
ՈՒՐՎԱԿԱՆ – Լավ է… Հիմա, նախքան զրույցը կշարունակենք, մի բան էլ պիտի ինձ խոստանաս:
ԱՐՏԱՎԱԶԴ – Ի՞նչ:
ՈՒՐՎԱԿԱՆ – Սուտ չխոսել:
ԱՐՏԱՎԱԶԴ – Սուտ չխոսե՞լ: Ե՞ս… Ես երբեք սուտ չեմ խոսում…
ՈՒՐՎԱԿԱՆ – Համենայն դեպս` խոստացիր: Ասա` խոստանում եմ երբեք սուտ բան չասել, անգամ` ինքս ինձ: Դե, սպասում եմ:
ԱՐՏԱՎԱԶԴ – Խոստանում եմ երբեք սուտ բան չասել, անգամ` ինքս ինձ:
ՈՒՐՎԱԿԱՆ – Շատ լավ է: Հիմա արդեն կարող ենք ազատորեն խոսել, Արտավազդ: Իմացա, որ շատ ցավեր ու հոգսեր ունես: Ասա ինձ, ի՞նչն է քեզ տանջում:
ԱՐՏԱՎԱԶԴ (Խոր հառաչում է)`
– Շատ բաներ, Վարդապետ, շատ բաներ… Գրեթե ամեն ինչ, որ տեսնում եմ շուրջս…
ՈՒՐՎԱԿԱՆ (Գլխով է անում)`
– Հասկանում եմ… Ամեն ինչ տեսնում եմ ու հասկանում: Խորն է ցավդ, բայց ի՞նչ ես կարծում, ի՞նչ անենք:
ԱՐՏԱՎԱԶԴ – Չգիտեմ…
ՈՒՐՎԱԿԱՆ – Չգիտես… Բայց դու արդեն իսկ երկու լավ քայլ արեցիր: Դա մի՛ մոռացիր: Փորձենք մի քայլ էլ անել:
ԱՐՏԱՎԱԶԴ – Ես կուզեի կինս էլ ներկա լիներ այս խոսակցությանը: Իր աչքով տեսներ ու իր ականջով լսեր ամեն ինչ:
ՈՒՐՎԱԿԱՆ – Կի՞նդ: Ես ի՞նչ գործ ունեմ կնոջդ հետ: Թող նա քեզ համար ճաշ պատրաստի ու երեխայիդ խնամի: Եվ նոր երեխաներ բերի քեզ համար:
ԱՐՏԱՎԱԶԴ – Դժվար է…
ՈՒՐՎԱԿԱՆ – Եթե կնոջդ հետ լեզու գտնելն է քեզ դժվար ու ընտանիքդ կառավարելը, ապա էլ ի՞նչ ես ուզում: Մինչև ընտանիքդ կառավարել չսովորես` անգամ մի փողոց չես կարող կառավարել: Էլ չեմ ասում` քաղաք կամ երկիր… Համաձա՞յն ես:
ԱՐՏԱՎԱԶԴ – Այո…
ՈՒՐՎԱԿԱՆ – Շատ լավ է, որ համաձայն ես: Մի բան ասա ինձ, այս ի՞նչ սև արկղ է:
ԱՐՏԱՎԱԶԴ – Սա՞: Հեռուստացույց է:
ՈՒՐՎԱԿԱՆ – Հե-ռուս-տա-ցույց: Եվ ի՞նչ է դա ցույց տալիս:
ԱՐՏԱՎԱԶԴ – Հիմա միացնեմ:
(Միացնում է հեռուստացույցը: Ինչ-որ ժամանցային շոու-ծրագիր է, փոխում է ալիքը` սերիալ է, փոխում է` ֆուտբոլ է, փոխում է` լուրեր են, փոխում է` ռաբիս երաժշտություն է, փոխում է` հաղորդում է Մատենադարանի մասին):
ՈՒՐՎԱԿԱՆ – Բավակա՛ն է: Հասկացա՛: Թող վերջին պատկերը մնա` մեր մատյանների մասին: Բայց ձայնն իջեցրու: Մյուս պատկերները չնայես:
ԱՐՏԱՎԱԶԴ – Ախր սա նաև ժամանցի համար է… Երբեմն լավ հումոր են տալիս…
ՈՒՐՎԱԿԱՆ – Դա հումոր չէ, այլ գռեհկաբանություն: Իսկ դու ի՞նչ է, ազատ ժամանա՞կ ունես:
ԱՐՏԱՎԱԶԴ – Դե երեկոները երբեմն, շաբաթ-կիրակի օրերին…
ՈՒՐՎԱԿԱՆ – Այսինքն` ամեն երեկո և ամեն շաբաթ ու կիրակի դու ապականում ես հոգիդ և թույլ ես տալիս, որ կինդ ու զավակդ էլ ապականեն իրենց հոգինե՞րը: Ես ճ՞իշտ հասկացա: Այս սև արկղը քեզ որևէ լավ բան տվե՞լ է, բացառությամբ մատյանների մասին հաղորդումը:
ԱՐՏԱՎԱԶԴ (Կարկամում է` չկարողանալով հստակ պատասխան տալ):
ՈՒՐՎԱԿԱՆ – Բայց ինչքա՜ն վնաս է տվել… Ապականել է քո հոգին, կնոջդ ու զավակիդ հոգին, ջարդել է ոգիդ ու դարձրել քեզ մի փալաս, որը նույնիսկ սեփական կնոջից է վախենում ու քաշվում… Եվ դու քեզ տղամա՞րդ ես կոչում, Արտավազդ… Մեծն Տիգրանի զավակի անունն էլ վրադ… Ազատվիր այդ սև հրեշից, որը կաշկանդել ու հիպնոսացրել է քեզ, որ չմտածես ու անելիքներդ չխորհես… Դեռ չմահացած` արդեն դիակ է սարքում ձեզ` հիվանդ հոգիներով ու մտածելու ունակությունից իսպառ զուրկ… Եվ փոխանակ նայելու, թե ուրիշներն ինչպես են վազում գնդակի ետևից, ինքդ տղայիդ հետ գնդակով խաղա: Որ մարմինդ, որ հոգուդ տունն է, ամուր լինի, իսկ հոգիդ, որ մարմնիդ ապավենն է, ուրախանա ու ցնծա:
(Հայացք նետելով թերթերի կույտին)`
– Այս ի՞նչ սպիտակ մագաղաթներ են:
ԱՐՏԱՎԱԶԴ – Թերթեր են…
ՈՒՐՎԱԿԱՆ (Ձեռքն է վերցնում դրանցից մեկը, աչքի անցկացնում, ապա մյուսը, հաջորդը` ավելի ու ավելի արագ: Ապա բոլոր թերթերը նետում է հատակին)`
– Սրանց էլ ուղարկիր աղբարկղ: Բոլորում նույն բանն է գրված` գեղջկական անամոթ հայերենով… Միայն այս մեկը պահիր` գեղեցիկ հայերենով է…
ԱՐՏԱՎԱԶԴ (Ծիծաղելով)`
– Բա ի՞նչ կարդամ:
ՈՒՐՎԱԿԱՆ (Լուրջ ձայնով)`
– Իմ Մատյանը կարդա: Կարդա՛ ու խորհի՛ր: Անկեղծ ասած` ես հույս չունեի, որ սա 1500 տարի ապրելու է, բայց տե՛ս, որ ապրել է: Որեմն` դեռ պետք է իմ ազգին:
ԱՐՏԱՎԱԶԴ – Կարդում եմ…
ՈՒՐՎԱԿԱՆ – Ուրեմն` լավ չես կարդում:
(Բացում է ու սկսում ինքը կարդալ)`
ՙ… Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը…՚
(Փակում է գիրքը)`
– Տեսա այս ամենը, երբ գալիս էի քեզ մոտ, ու հիմա էլ, ավա՜ղ, տեսնում եմ` քո տանը:
ԱՐՏԱՎԱԶԴ – Ի՞նչ տեսար դրսում: Բացի ` աղբը…
ՈՒՐՎԱԿԱՆ (Արտավազդի վրայի լուսարձակը խամրում է: Լուսավորված է միայն Խորենացու ուրվականը):
– Թե դրսում, թե ներսում նույն բանն եմ տեսնում, Արտավազդ… Երկար ու ձիգ տարիներ գալիս էի քեզ մոտ, կտրեցի անցա Հայոց հողերը ու ամենուր այն տպավորությունն ունեի, թե Աստծո ողորմածությունն է վերացել մեր աշխարհի վրայից:
(Խոր հառաչում է, ապա բացում գիրքը ու կարդում բարձրաձայն)`
ՙ…Եվ ի՞նչ է այս բոլորի ապացույցը, եթե ոչ այն, որ Աստված մեզ անտես է արել, և տարրերը փոխել են իրենց բնությունը – գարունը` երաշտ, ամառը` սաստիկ անձրևային, աշունը` ձմեռ դարձած, ձմեռը` սաստիկ ցուրտ, մրրկալից ու երևակարատև: Քամիները` բուքեր բերող, խորշակի փոխված, ցավեր տարածող… Ամպերը` կայծակներ թափող, կարկտաբեր, անձրևներն` անժամանակ և անօգուտ, եղանակը` դաժան, եղյամ բերող… Ջրերի անօգուտ ավելանալն ու չափից դուրս պակասելը, երկրի պտղաբերությունը` նվազած, անասունների աճելությունը` պակասած, այլև` երկրաշարժեր և սասանումներ: Եվ այս բոլորի վրա ամեն կողմից խռովություն` համաձայն այն խոսքին, թե ամբարիշտներին խաղաղություն չկա…՚
(Լռություն է տիրում: Արտավազդին լուսավորող լուսարձակը դանդաղ ուժեղանում է):
ԱՐՏԱՎԱԶԴ – Այդ ամենը ճիշտ ես ասում… Բայց, ախր, ի՞նչ անենք… Բնութjան դեմ մարդն անզոր է:
ՈՒՐՎԱԿԱՆ – Միամի՛տ մարդ: Իսկ ու՞ր է քո հավատքի ուժը, ու՞ր է քո աղոթքը… Մի՞թե կարծում ես Աստծո համար անկարելի բան կա: Ե՞րբ ես վերջին անգամ եկեղեցի գնացել ու աղոթք արել:
ԱՐՏԱՎԱԶԴ – Աղոթելու համար պարտադիր չէ եկեղեցի գնալ: Կարելի է նաև միայնակ աղոթել, ինչպես Հիսուսն էր սովորեցնում:
ՈՒՐՎԱԿԱՆ – Ուրեմն, քո կարծիքով, այս եկեղեցիները, որ հազարամյակներ շարունակ կանգուն են մնացել, աղոթքի տու՞ն չեն: Մի՞թե չկարդացիր, որ Աստված այնտեղ է, ուր բազմությունն է միասին կանչում նրան:
ԱՐՏԱՎԱԶԴ – Վաղուց եկեղեցի չեմ գնացել… Հավատ չի՛ ներշնչում…
ՈՒՐՎԱԿԱՆ – Իհարկե չի ներշնչի, եթե Աստծո տաճարը սրճարանի ու խանութի եք վերածել:
(Կրկին բացում է գիրքը ու կարդում)`
– ՙ…Կրոնավորները` կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվասեր, քան Աստվածասեր…՚
ԱՐՏԱՎԱԶԴ – Այ տեսնում ես… Ինքդ էլ լավ գիտես…
ՈՒՐՎԱԿԱՆ – Ես գիտեմ, բայց եթե այդ սնափառ կրոնավորը քեզ ու ընտանիքիդ տեսնի եկեղեցում և ականատես լինի ձեր անկեղծ աղոթքին, ապա ինքն էլ կզգաստանա ու նրա կեղծավորությունը հօ՛դս կցնդի:
ԱՐՏԱՎԱԶԴ – Միգուցե… Իհարկե, դու ճիշտ ես:
ՈՒՐՎԱԿԱՆ – Բերանս չորացավ… Ի՞նչ ունես խմելու: Գինի ունե՞ս:
ԱՐՏԱՎԱԶԴ – Գինի չկա: Օղի կխմե՞ս:
ՈՒՐՎԱԿԱՆ – Օղի՞… Իսկ ինչու՞ գինի չունես, ով հայ մարդ:
ԱՐՏԱՎԱԶԴ – Հիմա գինին շատ ընդունված չէ: Ավելի շատ օղի ենք խմում:
ՈՒՐՎԱԿԱՆ – Բայց ինչու՞: Նոյը բերեց խաղողը մեր աշխարհ, օրհնեց ու գինի քամեց նրանից: Ինչու՞ եք դուք մեր սուրբ և օրհնյալ խմիչքի փոխարեն ինչ-որ… օղի խմում:
ԱՐՏԱՎԱԶԴ – Սովորության հարց է: Գինին աստիճանաբար գործածությունից դուրս է գալիս: Ավելի հաճախ կանայք են խմում:
ՈՒՐՎԱԿԱՆ – Կանայք… Գինի… Դե լավ, ոչինչ էլ չեմ ուզում: Ջուր տուր ինձ:
(Խմում է և շարունակում)`
– Իմացա նաև, որ զավակդ Հայոց այբուբենը չգիտի: Մեր սուրբ տառերը, որ լուսահոգի Մեսրոպը վերագտավ ու լույսի տեղ տվեց մեզ: Մեր սուրբ տառերը, որ հազարամյակների բովով անցան ու կենդանի մնացին, քանզի Աստծո հոգին է դրանց մեջ: Մեր սուրբ տառերը, որ անկենդան անապատում մահամերձ մայրերն իրնեց զավակներին ավազի վրա էին նկարում, որ չմոռացվեն… Ու՞ր են հիմա այդ տառերը: Անցա այս աղտոտ քաղաքի փողոցներով ու միայն օտարալեզու գրեր տեսա ամենուր… Այն, ինչ ոսոխը չկարողացավ մեզ պարտադրել, այսօր ինքներս մեզ ենք հրամցնում: