Նախախոսք
«Ով որ ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, լավ կլիներ, որ գայթակղեցնողի վզից մի մեծ երկանաքար կախվեր և նետվեր ծովի խորքը՝ ընկղմվելու համար: Վա՜յ աշխարհին, քանի որ գայթակղություններն անպակաս են այնտեղ: Գայթակղություններ անպայման պիտի պատահեն, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով ուրիշները գայթակղության մեջ կընկնեն: Եթե քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր ու դե՛ն նետիր այն, որովհետև ավելի լավ է մեկ ձեռքով կամ կաղ մտնել կյանք, քան երկու ձեռք և երկու ոտք ունենալ և ընկնել հավիտենական կրակի մեջ։ Եվ եթե քո աչքն է գայթակղեցնում քեզ, հանի՛ր և դե՛ն նետիր այն. ավելի լավ է միակնանի մտնել կյանք, քան երկու աչք ունենալ և ընկնել գեհենի կրակի մեջ»։ (Մատթեոս, 18)
Երևի սրանով ամեն ինչ ասված է: Հիսուսից լավ մենք, հաստատ, չենք ասի: Ափսոս, որ լսողները քիչ են, շատ քիչ:
Տրագիկոմեդիա՝ մեկ արարով
Գործող անձինք՝
Ուսուցիչ
Աշակերտներ Ա, Բ, Գ, Դ և այլն
Դեկոր: Դասարան հիշեցնող բեմ է՝ աջ և ձախ կողմերից տասնյակ ցաքուցրիվ աթոռներով (ոչ մի դեպում՝ շարքերով դասավորված): Հանդիսատեսին հանդիպակաց պատի վրա Հայաստանի քարտեզն է: Քիչ այն կողմ Արարատի պարզունակ նկար է՝ բարդու ծառերով և կռունկներով: Հնչում է զանգը: Աղմուկով ու անկանոն ընթացքով ներս են մտնում աշակերտներն ու տեղավորվում աթոռներին: Բոլորը խայտաբղետ հագուստով են, խառնիխուռն սանրվածքով և անբռնազբոսիկ շարժուձևով: Իրար հետ անգլերեն են խոսում: Քիչ անց ներս է մտնում ուսուցիչը՝ ձեռքին ցուցափայտ, և տեղ է զբաղեցնում բեմի կենտրոնում: Տեսնելով, որ աշակերտները չեն լռում, ցուցափայտով թխթխկացնում է պատի վրա: Աշակերտների շաղակրատանքը մասամբ ընդհատվում է:
ՈՒՍՈՒՑԻՉ – (Ժպիտով): Բարև բոլորիդ: Հուսամ լավ եք: Սկսենք մեր դասը:
ԱՇԱԿԵՐՏՆԵՐ – (Անհաղորդ ձայնով): Բարև, պարոն: Լավ ենք: (Աշակերտներից ոմանք հանում են ականջակալները, իսկ մյուսները մնում են իրենց հեռախոսների էկրաններին գամված):
ՈՒՍՈՒՑԻՉ – Խնդրում եմ բոլորդ ոտքի կանգնեք «Հայր մերն» արտասանելու համար:
Աշակերտներն անհավես ոտքի են ելնում, ու անտարբեր հայացքները հառելով առաստաղին, իրարից առաջ ու հետ ընկնելով արտասանում են աղոթքը:
ԱՇԱԿԵՐՏՆԵՐ – Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո… Եկեսցէ արքայություն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի։ Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր։ Եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց։ Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէ։ Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս: Ամէն:
Բոլորը կրկին փռվում են իրենց աթոռներին: Ուսուցիչը սկսում է դասը:
ՈՒՍՈՒՑԻՉ – Կեցցե՛ք: Նախ` մի լավ լուր ունեմ հայտնելու: Քանի որ մեր վարժարանի աշակերտների մեծամասնությունը հայաստանցիներ են, դպրոցի հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել դասերն այսուհետև անցկացնել արևելահայերենով:
ԱՇԱԿԵՐՏՆԵՐ – (Կեղծավոր ուրախությամբ և անհաղորդ): Wow! Cool! Great!
ՈՒՍՈՒՑԻՉ – OK, guys! Այժմ անցնինք մեր բուն դասին: Այսօր պիտի ուսումնասիրենք հայ ժողովրդի մայիսյան հերոսամարտերը և, մասնավորապես, Սարդարապատի ճակատամարտը: Խոսքը 1918 թ. մայիսի մասին է: Վստահ եմ, որ առիթ ունեցել եք լսելու հայ ժողովուրդի և բանակի այս մեծ հերոսությունների մասին:
ԱՇԱԿԵՐՏՆԵՐ – (Անթաքույց ձանձրույթով): Այո, այո, լսել ենք…
ՈՒՍՈՒՑԻՉ – Շատ լավ: Հիմա մեզ ո՞վ կասի՝ ե՞րբ է տեղի ունեցել Սարդարապատի հերոսական ճակատամարտը:
ԱՇԱԿԵՐՏ Ա – (Տեղից՝ հեռախոսի մեջ նայելով): 1918 թ. մայիսին, պարոն:
ՈՒՍՈՒՑԻՉ – (Ոգևորված): Կեցցե՛ս, տղաս: Մեզ համար շատ կարևոր է, որ լավ իմանանք մեր պատմությունը: Այդ դժնի օրերին, ցեղասպանությունից ընդամենը երեք տարի անց, ողջ հայ ժողովուրդը կարողացավ համախմբվել և արժանի հարված տալ թուրք հրոսակներին, որոնք ցանկանում էին երկրորդ ցեղասպանությունը գործել և իսպառ վերացնել Հայաստանն ու ողջ մնացած հայությունը: Իսկ, ո՞վ կարող է ասել, ի՞նչ պատմական երևույթ հաջորդեց Սարդարապատի հերոսամարտին:
ԱՇԱԿԵՐՏ Գ – (Հեռախոսի մեջ նայելով): Հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը:
ՈՒՍՈՒՑԻՉ – Այո, դու էլ կեցցե՛ս: Մեր շատ սիրելի Պարույր Սևակն այս պատմական իրադարձության մասին բանաստեղծություն է գրել, որը հետագայում երգ է դարձել: Ովքեր գիտեն՝ թող երգեն ինձ հետ: Մյուսները թող ուշադիր լսեն և սովորեն:
Ուսուցիչը ցած է դնում ցուցափայտը և երգում: Մի քանիսն անվստահ ձայնակցում են:
ՈՒՍՈՒՑԻՉ – (Երգում է):
Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար,
Այսպես ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:
Զանգեր, ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար պատից:
Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից:
ԱՇԱԿԵՐՏ Ե – Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք Կիմ Քարդաշյանից…
ՈՒՍՈՒՑԻՉ – (Բարկացած): Չի՛ կարելի… Դա սրբապղծություն է:
ԱՇԱԿԵՐՏ Ե – Sorry…
Լռություն է տիրում: Մի մասն իր հեռախոսի մեջ է, տղաներից մեկը կողքի աղջկան անգլերեն ինչ-որ բան է բացատրում:
ՈՒՍՈՒՑԻՉ – (Մոտենում է քարտեզին և ցուցափայտով ցույց տալիս): Ժամանակին մեր Հայրենիքի սահմանները ծովից ծով էին: Բայց, ավա՜ղ, մենք՝ հայերս, մեր պատմական հայրենիքն ավելի ենք սիրում, քան իրական հայրենիքը, որի համար պետք է սովորել, աշխատել և պայքարել ամեն օր: Եվ, ի վերջո, սիրում ենք արտագաղթել: Որը՝ Ամերիկա, որը՝ Եվրոպա… Շատերը՝ Ռուսաստան… Անգամ Ավստրալիա գնացողներ եղան:
ԱՇԱԿԵՐՏ Դ – Australia is cool!
ՈՒՍՈՒՑԻՉ – (Դիմելով աշակերտներից մեկին): Այ, օրինակ, ձեր ընտանիքն ինչու՞ արտագաղթեց Ամերիկա:
ԱՇԱԿԵՐՏ Բ – Ծնողներս ասում են, որ Հայաստանի մեջ լավ աշխատանք չկար: Շատ դրամ չէին կարողանում վաստակել: Ասում են, որ մեր ապագայի համար են եկել: Որ լավ կրթություն ստանանք և կարողանանք լավ տեղ գրավել կյանքում:
ՈՒՍՈՒՑԻՉ – (Ժպիտով): Բայց խոստովանեք, որ այնքան էլ լավ չես սովորում, չէ՞:
ԱՇԱԿԵՐՏ Բ – (Արդարացող տոնով): Ես փորձում եմ, պարոն:
ՈՒՍՈՒՑԻՉ – (Դիմում է մեկ ուրիշին): Իսկ ձե՞ր ընտանիքն ինչու արտագաղթեց Հայաստանից:
ԱՇԱԿԵՐՏ Գ – Հայրս չուզեց, որ ես ու եղբայրս հայկական բանակում ծառայենք: Ասաց` թող ուրիշները գնան իրենց կյանքի երկու տարին անիմաստ վատնեն:
ՈՒՍՈՒՑԻՉ – Բայց եղբայրդ կարծեմ հիմա Միջին Արևելքում է ծառայում, չէ՞:
ԱՇԱԿԵՐՏ Գ – Այո, ծառայում է: Ամերիկյան բանակի սերժանտ է: Արդեն երեք տարի եղավ:
ՈՒՍՈՒՑԻՉ – Կեցցե՛ քո եղբայրը: (Փոքր դադար տալով): Իսկ ո՞վ է ցանկանում, որ Հայաստանն էլ հզոր և մարտունակ բանակ ունենա: Ամերիկայի կամ Իսրայելի բանակի պես: Հապա՞…
Բոլորը ձեռք են բարձրացնում: Ոմանք անգամ երկու ձեռքն են բարձրացնում:
ՈՒՍՈՒՑԻՉ – (Հիացմունքով և հուզված): Կեցցե՛ք, զավակներս, ամենդ կեցցե՛ք… (Փոքր դադար է տալիս): Իսկ հիմա ասեք՝ ո՞վ է պատրաստ գնալ և ծառայել հայոց բանակում:
Միայն Աշակերտ Բ-ն է վախվորած ձեռք բարձրացնում, բայց տեսնելով, որ ինքը մենակ է, իջեցնում է ձեռքը:
ՈՒՍՈՒՑԻՉ – (Հիասթափությամբ նայում է աշակերտներին): Ահավասիկ… Մենք ուզում ենք հզոր բանակ ունենալ, բայց որևէ մեկս չենք ցանկանում այդ բանակում ծառայել:
Լռություն է տիրում: Մի մասը Ուսուցչին է նայում, մյուսներն՝ իրենց հեռախոսներին: Մեկն էլ քնած տեղում խռռացնում է: Բոլորը ծիծաղում են, և քնած տղան արթնանում է ու զարմանքով չորս դին նայում՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում:
ՈՒՍՈՒՑԻՉ – (Մոտենալով քնատ տղային՝ շոյում է նրա մազերը): Տանը կքնես: Իսկ գիտե՞ք, որ Իսրայելի բանակում աղջիկները ևս ծառայում են:
ԱՇԱԿԵՐՏՆԵՐ – Այո, այո… Տեսել ենք:
ՈՒՍՈՒՑԻՉ – (Զարմացած): Տեսե՞լ եք:
ԱՇԱԿԵՐՏՆԵՐ – Համացանցում:
ՈՒՍՈՒՑԻՉ – Ա՜… Համացանցում: Հիմա հասկացա: Իսկ մեր աղջիկները պատրա՞ստ են ծառայել հայկական բանակում:
ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ Ա – Հայ աղջկան սազական չէ բանակ գնալը: Հայ աղջիկը օջախի ծուխն է:
ՈՒՍՈՒՑԻՉ – Լա՛վ ասացիր: Կեցցե՛ս: Ինչպես քո մայրիկը, չէ՞:
ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ Ա – Իմ մայրիկը հիմա առանձին է ապրում: Ասաց՝ ես չեմ ծնվել հավերժ ու անվճար ծառա լինելու համար: Հիմա Լաս Վեգասում է: Կարծեմ կազինոյում է աշխատում կամ նման մի տեղ: Գրեթե կապ չունենք հետը:
ՈՒՍՈՒՑԻՉ – Պարզ է…
ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ Ա – Ամերիկան ազատ երկիր է: Մարդիկ պետք է ազատ լինեն:
ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ Բ – Մորաքրոջս ընտանիքն Իսրայելում է ապրում: Երկու աղջիկ ունի:
ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ Ա – Ծառայու՞մ են:
ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ Բ – Այո, իհարկե: Յուրաքանչյուրը՝ երկու տարի:
ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ Ա – Oh my God…
ՈՒՍՈՒՑԻՉ – Լա՜վ ես ասում… (Փոխելով թեման դիմում է Աշակերտուհի Բ-ին): Իսկ դու՞ք:
ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ Բ – Ես ի՞նչ:
ՈՒՍՈՒՑԻՉ – Դու՞ք ինչու եկաք Ամերիկա:
ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ Բ – Ես միշտ երազում էի ծովի ափին ապրել…
ԱՇԱԿԵՐՏ Բ – (Հեգնախառն ժպիտով): Բայց Արիզոնայում ես ապրում:
ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ Բ – Այո, Ֆենիքսում:
ԱՇԱԿԵՐՏ Ա – Անապատի խորքում… Քանի՞ անգամ ես ծով գնացել:
ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ Բ – Երկու… Երկու՞… Չէ, մեկ անգամ: Բայց եկող տարի պիտի կրկին գնամ:
ՈՒՍՈՒՑԻՉ – (Երազկոտ): Ծովը հրաշալի բան է, ինձ էլ է հանգստացնում:
ԱՇԱԿԵՐՏ Գ – Իսկ Դուք, Պարոն, քանի՞ անգամ եք ծով գնացել:
ՈՒՍՈՒՑԻՉ – (Փորձելով հիշել): Գնացել եմ… Աստված հիշողություն տա… Բայց հաստատ գնացել եմ: Հիշում եմ՝ շատ համեղ մեքսիկական ճաշարան մտանք… Անմահական կերակուր էր… Թեև մեր տոլմային չի հասնի:
ԱՇԱԿԵՐՏ – Իսկ ծովը մտա՞ք:
ՈՒՍՈՒՑԻՉ – Ծովը չմտա: Այդ ժամանակ արգելված էր: Ես հարգում եմ օրենքը:
ԱՇԱԿԵՐՏ Գ – Մենք էլ ենք հարգում: Դրա համար էլ հեռացանք Հայաստանից, քանի որ օրենք կոչվածը Հայաստանում չկա: Ես իրավաբան պիտի դառնամ և պաշտպանեմ օրենքը:
ՈՒՍՈՒՑԻՉ – Հրաշալի բան ես ասում: Հայաստանում էլ է պետք պաշտպանել օրենքը:
ԱՇԱԿԵՐՏ Գ – Երբ Հայաստանն օրենքի երկիր դառնա՝ այն ժամանակ մտադիր եմ վերադառնալ Հայաստան և իրավաբանությամբ զբաղվել: Թեև այստեղ էլ շատ գործ կա՝ հայ փախստականների հարցերն արդեն իսկ բավական են, որ ամբողջ կյանքդ օր ու գիշեր աշխատես:
ՈՒՍՈՒՑԻՉ – Կեցցե՛ս: Պետք է օգնել մեր հայրենակիցներին: (Դիմում է մեկ ուրիշին): Իսկ դու՞ ինչ կասես:
ԱՇԱԿԵՐՏ Դ – Ծնողներս ասում են, որ Հայաստանում ապագա չկար: Եկանք Ամերիկա, որ մեր ապագան ապահովենք: Իսկ երբ Հայաստանը լավ երկիր դառնա` բոլորս կվերադառնանք:
ԱՇԱԿԵՐՏ Ե – Իմ զարմիկն էլ Գերմանիա գնաց, որ երաժշտական ուսում ստանա:
ՈՒՍՈՒՑԻՉ – Բայց Երևանում Կոմիտասի անվան հրաշալի երաժշտանոց կա, չէ՞:
ԱՇԱԿԵՐՏ Ե – Կա, բայց… Գերմանիան Գերմանիա է:
ՈՒՍՈՒՑԻՉ – Հիմա վստահաբար հանրահայտ երաժիշտ է:
ԱՇԱԿԵՐՏ Ե – Առայժմ դպրոցում է աշխատում, իբրև գիշերային պահակ: Բայց հետագայում պիտի անհատական համերգներով հանդես գա:
ՈՒՍՈՒՑԻՉ – Իսկ Հայաստանում ի՞նչ էր անում:
ԱՇԱԿԵՐՏ Ե – Այնտեղ էլ երաժշտական դպրոցում էր աշխատում: Ջութակի դասատու էր:
ՈՒՍՈՒՑԻՉ – Երևի անոթի էր…
ԱՇԱԿԵՐՏ Ե – Ոչ, լավ էլ ապրում էր: Կողքից մասնավոր դասեր էր տալիս: Լավ մեքենա էր քշում:
ՈՒՍՈՒՑԻՉ – Նորմալ է: Վստահ եմ՝ հիմա ավելի լավ է ապրում Գերմանիայում: Իր առանձնատունն ունի:
ԱՇԱԿԵՐՏ Ե – Առայժմ մի սենյակում մի քանի ընկերով են մնում, որ վարձը քիչ տան, բայց ապագայում երևի կունենա իր տունը:
ՈՒՍՈՒՑԻՉ – Առաջ Աստված: Աշակերտներ, երաժշտությունը մեր մշակույթի կարևորագույն բաղադրիչն է: Շատ կարևոր է, որ մեր Կոմիտասին աշխարհով մեկ ճանաչեն: Եվ, որ Նարեկացի կարդան… Աշխարհը պիտի իմանա մեր մասին: Իսկ դուք Նարեկ կարդու՞մ եք:
Բոլորը լռում են:
ՈՒՍՈՒՑԻՉ – Պետք է կարդալ: Իսկ Կոմիտաս լսու՞մ եք:
ԱՇԱԿԵՐՏ Գ – Այո, տատիկս «Կռունկ» երգն է երգում և լաց է լինում: Մենք էլ ստիպված լսում ենք:
ՈՒՍՈՒՑԻՉ – Տխուր երգ է… (Դիմում է մեկ ուրիշին): Դու՞ ինչ կասես: Դու՞ք ինչու եկաք Ամերիկա:
ԱՇԱԿԵՐՏ Զ – (Զարմացած): Բա մնայինք՝ ի՞նչ անեինք:
ՈՒՍՈՒՑԻՉ – Իսկ այստեղ ի՞նչ եք անում:
ԱՇԱԿԵՐՏ Զ – Ոչինչ… Ապրում ենք… Մեր տատիկը կառավարությունից նպաստ է ստանում:
ԱՇԱԿԵՐՏ Բ – (Չարախնդորեն): Եթե ոչինչ չեք անում՝ մնայիք Հայաստանում: Այնտեղ ոչինչ չանեիք…
ԱՇԱԿԵՐՏ Զ – Չգիտեմ… Իմ զարմիկն էլ որոշեց Ֆրանսիա տեղափոխվել: Առայժմ փախստականների ճամբարում են ապրում, բայց շուտով կառավարությունը պիտի բնակարան հատկացնի և ամսական նպաստ: Տղա զավակ ունի: Ֆրանսիայում է ծնվել:
ԱՇԱԿԵՐՏ Բ – Si bon! Ընտանիքով ճամբարու՞մ են ապրում:
ԱՇԱԿԵՐՏ Զ – Ժամանակավորապես:
ԱՇԱԿԵՐՏ Բ – Քանի՞ տարի եղավ:
ԱՇԱԿԵՐՏ Զ – Հինգ տարի…
ԱՇԱԿԵՐՏ Բ – Chapeau bas!
ՈՍՈՒՑԻՉ – Երևի Հայաստանում տուն չուներ, հա՞…
ԱՇԱԿԵՐՏ Զ – (Հիցմունքով): Այն էլ ի՜նչ տուն՝ երեք հարկանի, հսկա այգով և սեփական լողավազանով: Վաճառեց ու մեկնեց: Հանուն իր երեխաների:
ՈՒՍՈՒՑԻՉ – Պարզ է…
ԱՇԱԿԵՐՏ Ե – Զարմիկս պատմում է, թե ինչ հրաշալի է երկիր է իր Հայրենիքը:
ՈՒՍՈՒՑԻՉ – (Զարմացած): Հայաստա՞նը:
ԱՇԱԿԵՐՏ Զ – Չէ՜ մի՝ Հայաստանը: Գերմա՛նիան: Ամենուր մաքրությու՜ն: Փոքր քաղաքներում փողոցներն ու մայթերն անգամ օճառով են լվանում:
ՈՒՍՈՒՑԻՉ – (Անկեղծ զարմանքով): Զարմի՞կդ է լվանում:
ԱՇԱԿԵՐՏ Զ – Չէ՜ մի՝ զարմիկս: Արաբները, թուրքերը, գերմանացիները:
ՈՒՍՈՒՑԻՉ – Իսկ զարմիկդ չի՞ լվանա:
ԱՇԱԿԵՐՏ Զ – Եթե պետք լինի՝ կարող է և լվանալ: Ես էլ երևի կլվանայի, եթե պետք լիներ:
ԱՇԱԿԵՐՏ Բ – Իսկ Հայաստանում կլվանա՞յիր:
ԱՇԱԿԵՐՏ Զ – (Զզվանքով): Երբե՛ք: Այդ էր պակաս: Հայաստանը աղբի երկիր է: Ամենուր աղբ է:
ԱՇԱԿԵՐՏ Բ – (Հեգնանքով): Հաստատ թուրքն էր թափել:
ԱՇԱԿԵՐՏ Զ – Չգիտեմ ով էր թափել, բայց հայրիկս ասում է, որ շատը հենց այդ աղբի համար հեռացավ: Թքեց ու հեռացավ:
ԱՇԱԿԵՐՏ Ա – Որտե՞ղ թքեց:
ԱՇԱԿԵՐՏ Զ – Օդակայանում: Թքեց ու ասաց՝ պրծանք այս զզվելի երկրից:
ՈՒՍՈՒՑԻՉ – Ինչու՞ զզվելի:
ԱՇԱԿԵՐՏ Զ – Որովհետև ամենուր աղբ է:
ՈՒՍՈՒՑԻՉ – Քեզ մի խնդրանք ունեմ: Տանը հայրկիդ հարցնես՝ ինքը քանի՞ անգամ է աղբ հավաքել Հայաստանում:
ԱՇԱԿԵՐՏ Զ – Հարցնելու կարիք չունեմ: Հայրիկս իր արժանապատվության դեմ երբեք ոչինչ չի անի:
ՈՒՍՈՒՑԻՉ – Իսկ հիմա որտե՞ղ եք ապրում:
ԱՇԱԿԵՐՏ Զ – Դաունթաուն:
ՈՒՍՈՒՑԻՉ – Մաքու՞ր է:
ԱՇԱԿԵՐՏ Զ – Ոչինչ…
ՈՒՍՈՒՑԻՉ – Իսկ հայրիկդ հիմա ի՞նչ պաշտոն ունի:
ԱՇԱԿԵՐՏ Զ – Աղբի մեքենայի վրա է աշխատում:
Աշակերտները ծիծաղում են:
ՈՒՍՈՒՑԻՉ – Ծիծաղելու բան չկա: Հաց վաստակելու համար ամեն աշխատաք էլ լավ է: Պետք է հպարտանալ աշխատանքով: Բայց եկենք շարունակել խոսել հեռանալու մասին: (Դիմում է մեկ այլ աշակերտի): Իսկ դու՞ք ինչու եկաք Ամերիկա:
ԱՇԱԿԵՐՏ Է – Դե բոլորը եկան՝ մենք էլ եկանք:
ՈՒՍՈՒՑԻՉ – Հենց այդպե՞ս… Ինչ-որ բան կա, որ չես ասում:
ԱՇԱԿԵՐՏ Է – Իմ հայրը Հայաստանում արձակագիր էր և playwright… Հայերեն չգիտեմ ինչպես են ասում:
ՈՒՍՈՒՑԻՉ – Թատերագիր:
ԱՇԱԿԵՐՏ Է – Այո, թատերագիր էր, պիեսներ էր գրում: Բայց նրան ոչ տպագրում էին, ոչ էլ բեմադրում:
ՈՒՍՈՒՑԻՉ – Բայց ես հիշում եմ: Ինչ-որ բան կարդացել եմ…
ԱՇԱԿԵՐՏ Է – Դե մի քանի բան տպագրել են…
ՈՒՍՈՒՑԻՉ – Իսկ այստե՞ղ:
ԱՇԱԿԵՐՏ Է – (Չարախնդորեն ծիծաղում է): Այստե՞ղ… Քալիֆորնիայում մեկուկես միլիոն մարդ այդ գործի վրա է: Բոլորը փորձում են մտնել թատրոն և Հոլիվուդ… Անհույս բան է:
ՈՒՍՈՒՑԻՉ – Ուրեմն հայրդ այլևս չի՞ գրում:
ԱՇԱԿԵՐՏ Է – Կարծեմ՝ չի գրում: Աշխատել է պետք, տուն պահել: Լույսը չբացված գնում է, մութն ընկնելուց հետո գալիս: Գրեթե չեմ տեսնում նրան:
ՈՒՍՈՒՑԻՉ – (Կիսաձայն): Ավա՜ղ ամենալավերը եկան, ովքեր պիտի երկիրը երկիր սարքեին:
ԱՇԱԿԵՐՏ Է – Բայց գալ տարի որոշել ենք Պատմական Հայաստան այցելել ընտանիքով՝ Երևան, Սևան, Գառնի-Գեղարդ… Մի լա՜վ հայկական խորոված ու մրգեր կուտենք: Ասում են՝ հիմա Հայաստանում շատ լավ հոթելներ կան:
ԱՇԱԿԵՐՏՆԵՐ – Oh, cool!
ՈՒՍՈՒՑԻՉ – Լավ բան եք մտածել: Պետք է պարբերաբար այցելել մեր պատմական հայրենքիը, որպեսզի կապը չկտրվի: Եվ չմոռանաք Վեհափառի հետ նկարվել:
ԱՇԱԿԵՐՏ Է – Անպայման: Ընտանեկան ալբոմի համար:
ՈՒՍՈՒՑԻՉ – Դա շատ կարևոր է: Եվ Սարդարապատ կայցելեք: Հետո մեզ կպատմես:
ԱՇԱԿԵՐՏ Է – Այո, Սարդարապատ: Այնտեղ, որ ցուլերն են, չէ՞:
ԱՇԱԿԵՐՏ Ե – Chicago Bulls!
ՈՒՍՈՒՑԻՉ – (Հանդիմանությամբ): Մի՛ հեգնեք: Սարդարապատը մեր սրբավայրն է:
ԱՇԱԿԵՐՏ Ե – Sorry…
ԱՇԱԿԵՐՏ Է – Ես սիրում եմ ճամփորդել: Մանկուց երազել եմ ճամփորդելու մասին:
ՈՒՍՈԻՑԻՉ – Շա՞տ տեղերում եք եղել ընտանիքով:
ԱՇԱԿԵՐՏ Է – Այո, անցյալ տարի Հավայան կղզիներ գնացինք: Շատ լավ էր…
ՈՒՍՈՒՑԻՉ – Իսկ ուրի՞շ:
ԱՇԱԿԵՐՏ Է – Առայժմ միայն դա: Բայց ես սիրում եմ ճամփորդել…
ՈՒՍՈՒՑԻՉ – Ճամփորդելը լավ բան է… Լավ, աշակերտներ, դասին քիչ ժամանակ մնաց: Հիմա…
ԱՇԱԿԵՐՏ Ա – (Ընդհատելով): Իսկ Դու՞ք, պարոն:
ՈՒՍՈՒՑԻՉ – (Զարմացած): Ես ի՞նչ:
ԱՇԱԿԵՐՏ Ա – Դուք ինչու՞ թողեցիք Հայաստանը և եկաք Ամերիկա:
Ուսուցիչը լռում է: Մոտենում է Արարատների նկարին, մի քանի վայրկյան նայում:
ՈՒՍՈՒՑԻՉ – (Շրջվում է դեպի աշակերտները): Ինչպե՞ս պիտի ուսուցիչ աշխատեի, եթե աշակերտ չէր մնացել… (Կարճ դադար): Եվ որևէ մեկը չի՛ կարող ինձ մեղադրել: Բայց ես այստեղ էլ մեծ գործ եմ անում իմ Հայրենիքի համար: Մենք ամիսը երկու անգամ հանդիպում ենք և կարևոր հարցեր քննարկում: Հայաստանի խնդիրների ուսումնասիրության կենտրոն ենք ստեղծել: Շուտով ճաշկերույթ պիտի կազմակերպենք՝ մասնակցության վճարով: Իսկ ապրիլի 24-ին, եթե հիշում եք, բողոքի ցույց կազմակերպեցինք: Գործերը շատ են, քանի որ…
ԱՇԱԿԵՐՏ Ա – (Ընդհատելով): Քանի որ Դուք էլ նախընտրեցիք թողնել ու հեռանալ:
ՈՒՍՈՒՑԻՉ – (Խիստ տոնով): Այդպես չի՛ կարելի ասել: (Պաթոսով): Դուք չեք հասկանում… Սիրտս Հայաստա՜ն է գոռում… Ամեն օր ու ամեն ժամ… Մի օր մենք անպայման կվերադառնանք: Համաձա՞յն եք:
ԱՇԱԿԵՐՏՆԵՐ – (Անտարբեր և անհաղորդ): Այո, այո…
ԱՇԱԿԵՐՏ Բ – Բայց մեր հայրենիքն այլևս չկա: Օտարներն են հիմա այնտեղ ապրում: Եվ ո՞վ է մեղավորը:
ԱՇԱԿԵՐՏ Ա – Թու՛րքը…
ԱՇԱԿԵՐՏ Գ – Ռու՛սը…
ԱՇԱԿԵՐՏ Դ – Հրեա՛ն…
ԱՇԱԿԵՐՏ Ե – Ամերիկացինե՛րը…
ԱՇԱԿԵՐՏ Զ – Անգլիացինե՛րը…
ԱՇԱԿԵՐՏ ՈՒՀԻ Ա – Ջորջ Սորո՛սը…
ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ Բ – Մասոննե՛րը…
Մի քանի վայրկյան լռություն է տիրում:
ԱՇԱԿԵՐՏ Բ – (Մի քիչ անվստահ ձայնով): Իսկ միգուցե մե՞նք:
ԱՇԱԿԵՐՏՆԵՐ – (Ձեռ առնելու տոնով): Մե՞նք… Չէ մի չէ՝ Ջորջ Ուաշինգթընը:
ԱՇԱԿԵՐՏ Բ – Մի պահ մտածեք: Մենք մեր Հայրենիքը թողեցինք օտարներին: Մեր հայրենիքն այլևս չկա: Նույնն է, թե հիվանդ մորդ լքես ու ասես՝ երբ առողջանաս՝ կվերադառնամ: Կամ էլ՝ այրվող տունդ թողնես ու գնաս… Գիտե՞ք ինչ: Ես կվերադառնամ Հայաստան ու կմնամ: Երբ տասնութս լրանա:
ԱՇԱԿԵՐՏՆԵՐ – Wow! Cool! Ի՞նչ պիտի անես Հայաստանում:
ԱՇԱԿԵՐՏ Բ – Կապրեմ:
ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ Ա – Good luck! Քեզ այցելության կգանք: Միասին խորոված կուտենք: Հյուր կընդունե՞ս:
ԱՇԱԿԵՐՏ Զ – Դուք ձեր Հայրենիք իբրև հյու՞ր եք գնում:
ԱՇԱԿԵՐՏ Բ – Ցավն էլ հենց այդ է, որ մեր Հայրենիքում մենք իբրև հյուր էինք ապրում՝ ամեն պահի պատրաստ հեռանալու: Ասես՝ հանրակացարանում…
ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ Ա – Իմ Հայրենիքն Ամերիկան է: Հայաստանը իմ պատմական Հայրենիքն է, որը, կարծեմ, արդեն չկա…
ՈՒՍՈՒՑԻՉ – Մեր հայրենիքը կա՛: Եղել է, կա և կլինի:
ԱՇԱԿԵՐՏ Ե – Yeap, Little Armenia in California!
ՈՒՍՈՒՑԻՉ – (Հանդիմանությամբ նայելով Աշակերտ Ե-ին): Մի օր, երբ մեր երկիրը երկիր նորմալ դառնա, բոլորով կվերադառնանք և կշենացնենք մեր երկիրը: Մեզ պես նվիրյալների ձեռքով:
ԱՇԱԿԵՐՏ Բ – Չի՛ դառնա:
ԱՇԱԿԵՐՏՆԵՐ – Ինչու՞:
ԱՇԱԿԵՐՏ Բ – Ինքն իրեն երբեք երկիրը երկիր չի դառնում: Պապիկս է ասել:
ԱՇԱԿԵՐՏՆԵՐ – (Ծիծաղելով): Պապիկիդ ասա թող քեզ դինոզավրերի մասին պատմի:
ՈՒՍՈՒՑԻՉ – (Ցուցափայտով թխթխկացնում է՝ լռություն պահանջելով): Ինչպե՞ս Կիլիկիան գրավեցինք և նոր Հայրենիք կերտեցինք:
ԱՇԱԿԵՐՏ Բ – Հայաստանից փախանք ու Կիլիկիայում Նոր Հայաստան շինեցինք՝ Արմենիա անունով: Հետո այնտեղից էլ փախանք:
ՈՒՍՈՒՑԻՉ – Չփախանք… Պատմական հանգամանքները դրդեցին… Բայց մենք շեղվեցինք: Գրեք տնային առաջադրանքը:
Աշակերտները հանում են իրենց նոթատետրերն ու գրիչները:
ՈՒՍՈՒՑԻՉ – Ամսաթիվը չմոռանաք: 2028 թվական, մայիսի 28: Լոս Անջելես: (Նայում է աշակերտների գրածներին): Այո, այդպես: Բայց հայերեն գրեք:
ԱՇԱԿԵՐՏ Գ – (Կատակի տալով): Միգուցե՝ լատիներե՞ն գրենք, պարոն: Լատիներենն էլ է մեռած լեզու: Գրելն էլ ավելի հարմար է՝ անգլերենի տառերով:
ՈՒՍՈՒՑԻՉ – Միա՛յն հայերեն: Մենք պիտի պահպանենք մեր ազգային մշակույթը: Եվ այսպես՝ տնային առաջադրանք: Գրել շարադրություն «Ինչպես շենացնենք մեր Հայրենիքը» թեմայով: (Նայում է աշակերտներից մեկի տետրակի մեջ): Հայրենիք բառը՝ մեծատառով գրեք: Այո, այդպես… Իսկ մյուս դասին միասին կքննարկենք ձեր շարադրությունները: Եվ երկրորդը: Բոլորդ պետք է Արարատը նկարեք: Դա էլ կբերեք, որ միասին նայենք: Հետո կկախեք ձեր սենյակներում, որ չմոռանաք Հայաստանը:
ԱՇԱԿԵՐՏ Ե – (Ընդհատելով Ուսուցչին): Կներեք, Պարոն, բայց զանգն արդեն հնչել է:
ՈՒՍՈՒՑԻՉ – Լավ: Կարող եք գնալ: Բոլորիդ լավ հանգստյան օր եմ մաղթում:
Աշակերտները բարձրանում են տեղերից և, մեկ-երկու աթոռ շրջելով, դուրս են գալիս:
ԱՇԱԿԵՐՏ Զ – (Հեռախոսով): Hi, babe! School is over today. See you in an hour. Great! Take care.
Բոլորը դուրս են գալիս: Ուսուցիչը մնում է մենակ: Մոտենում է Արարատների նկարին, նայում, ապա ծնկի է իջնում, կախում գլուխը և հոնգուր-հոնգուր լաց լինում` մեջքով դեպի հանդիսատեսը… Հնչում է «Սարդարապատ» երգը:
ՎԵՐՋ
Օգոստոս 2022թ.
Երևան