(կոմեդիա մեկ արարով)
Գործող անձինք՝
ԵՐԻՏԱՍԱՐԴ – 30-35 տարեկան մի երիտասարդ
ԿԻՆ – 25-30 տարեկան հաճելի մի կին
ՄԱՏՈՒՑՈՂ – սովորական մի մատուցող
ԲԱՐՄԵՆ – սովորական մի բարմեն
ՍՐՃԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ – գրեթե սովորական այցելուներ
Սովարական սրճարան է: Մարդիկ են մտնում ու դուրս գալիս: Դրսում անձրև է: Լսվում են ամպրոպի և հորդացող անձրևի ձայները: Բարի սեղանիկի մոտ մի քանիսն են՝ իրենց սուրճը կամ գարեջուրը վայելող: Բոլորի ձեռքին կամ դիմացը բաժակներից և պնակներից զատ նաև թերթ կամ ձեռքի հեռախոսներ են են դրված: Մեծ մասը խորասուզված կարդում է թերթը կամ էլ ընկղմված է հեռախոսի մեջ: Ներս է մտնում երիտասարդը: Փակում է հովանոցը, դնում զամբյուղի մեջ, ապա հանում թաց բաճկոնն ու կախում: Հայացքով մի ազատ սեղանիկ է գտնում ու նստում: Քիչ անց նրան է մոտենում մատուցողը ու մեկնում ճաշացանկը:
ՄԱՏՈՒՑՈՂ – Բարի օր: Ի՞նչ կկամենաք:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Բարև: Երևի թե առայժմ՝ մի բաժակ սուրճ:
ՄԱՏՈՒՑՈՂ – Ինչպիսի՞ սուրճ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (տարակուսած): Իսկ դուք ինչպիսի՞ն ունեք:
ՄԱՏՈՒՑՈՂ – Նայեք ճաշացանկի երկրորդ էջում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (ձեռքն առնելով ու զննելով ճաշացանկը): Արևելյան, ամերիկանո, կապուչինո, էսպրեսո… Հմմ… Մի րոպե… (նայում է հեռախոսի մեջ): Երևի ամերիկանո: Եվ (կրկին նայում է հեռախոսի մեջ) ջուր:
ՄԱՏՈՒՑՈՂ – Ինչպիսի՞ ջուր:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (կրկին նայելով հեռախոսի մեջ): Սովորական, առանց գազի:
ՄԱՏՈՒՑՈՂ – Լավ: Հիմա կբերեմ: (ցանկանում է հեռանալ):
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Կներեք, մի րոպե… Իսկ ձեզ մոտ ծխել կարելի՞ է:
ՄԱՏՈՒՑՈՂ – (ցույց տալով պատի ցուցանակը): Ոչ, պարոն:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Մի բան էլ… Եթե հանկարծ մի երիտասարդ կին մտնի ու հարցնի Անտոնիոյին, ապա խնդրում եմ նրան ուղեկցել ինձ մոտ:
ՄԱՏՈՒՑՈՂ – Շատ բարի: Իսկ ինչպիսի՞ն է այդ կինը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Երիտասարդ, հմայիչ…
ՄԱՏՈՒՑՈՂ – Ձեր ընկերուհի՞ն է:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Ո՜չ… Բայց հույս ունեմ, որ կդառնա… Այսօր ես նրան սիրո խոստովանություն կանեմ:
ՄԱՏՈՒՑՈՂ – (ժպտալով): Ճիշտ էլ կանեք: Դրա համար այսօր հրաշալի եղանակ է:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Դե, դե… Բերեք ինչ որ պատվիրեցի մինչև նա գա:
ՄԱՏՈՒՑՈՂ – Շատ լավ: (հեռանում է):
Երիտասարդը գրպանից հանում է սիգարետի տուփն ու այրիչը, սակայն հայացքն ընկնում է ծխելն արգելող ցուցանակին, ու կրկին գրպանն է դնում: Մատներով կտկտացնում է սեղանին ու պատուհանից դուրս նայում: Մոտենում է մատուցողն ու սեղանին դնում սուրճն ու ջուրը:
ՄԱՏՈՒՑՈՂ – Խնդրեմ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (ինչ-որ բան նայելով հեռախոսի մեջ): Շնորհակալություն:
Մատուցողը հեռանում է: Երիտասարդը կում է անում ջրից ու նայում շուրջբոլորը: Հայացքը կանգ է առնում բարի սեղանիկի մոտ հավաքվածներին:
ԲԱՐՄԵՆ – Եթե ոչինչ չեք պատվիրում, բարի եղեք դուրս գալ և տեղ ազատել մյուսների համար:
ԱՅՑԵԼՈՒ 1 – (նայելով հեռախոսի մեջ): Անձրևին դեռ տասը րոպե կա: Ինձ մի բաժակ էլ սուրճ: Նույնից:
ԲԱՐՄԵՆ – (դժգոհ դեմքով): Հիմա… Ի՞նչ պիտի անեիք, եթե այդ հեռախոսները չլինեին:
ԱՅՑԵԼՈՒ 2 – Թերթ կկարդայինք: Ինձ էլ մ ի բաժակ սովորական ջուր: Կարելի է ծորակից, եթե անվճար է:
ԲԱՐՄԵՆ – Ծորակից չի կարելի: Կարդացեք: (մատով ցույց է տալիս ցուցանակը՝ «Ծորակից ջուր խմելն արգելվում է»):
ԱՅՑԵԼՈՒ 1 – (անչար հեգնանքով): Ամեն ինչ գիտեք… Ամեն ինչ փողով է…
ԱՅՑԵԼՈՒ 2 – Ինչ լավ կլիներ, եթե բարմեններն էլ հեռախոսների պես լինեին՝ վճարիր և ստացիր ուզածդ: Առանց ավելորդ զազրախոսությունների:
ԲԱՐՄԵՆ – (վրդովված): Կարող եք օգտվել փողոցում դրված մեխանիկական սարքից՝ գցում եք մանրադրամն ու ստանում ձեր ուզածը:
ԱՅՑԵԼՈՒ 1 – (նայելով հեռախոսի մեջ): Միամիտ չենք՝ անձրևը դեռ չի կտրվել:
ԲԱՐՄԵՆ – Դե ուրեմն՝ բարի եղեք հարգել իմ աշխատանքը և ավելորդ բաներ մի՛ ասեք: (սեղանիկին է դնում սուրճն ու ջուրը): Բարի ախորժակ:
Ներս է մտնում երիտասարդ մի կին՝ թրջված մազերով: Հանում է անձրևանոցն ու կախում: Նրան է մոտենում մատուցողը:
ՄԱՏՈՒՑՈՂ – Ցանկանում եք նստե՞լ:
ԿԻՆ – Այո… Ճիշտն ասած՝ ես պետք է մի մարդու տեսնեմ… Երևի նա այստեղ է:
ՄԱՏՈՒՑՈՂ – (նայելով ձեռքի թղթեին): Պարոն Անտոնիոյի՞ն:
ԿԻՆ – (ժպտալով): Այո, պարոն Անտոնիոյին:
ՄԱՏՈՒՑՈՂ – (ցույց տալով երիտասարդի սեղանը): Ահա նա: Կարծում եմ՝ ձեզ է սպասում:
ԿԻՆ – Շնորհակալ եմ: (մոտենում է երիտասարդի սեղանին): Բարև ձեզ: Ես եկա…
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (կիսականգնելով ու ժպտալով): Վերջապես… Համեցեք՝ նստեք: Ես անհամբեր սպասում էի ձեզ: Ի՞նչ կխմեք: Ի դեպ, ես Անտոնիոն եմ:
ԿԻՆ – Կներեք, որ ուշացա: Սարսափելի անձրև է… Սառել եմ: Ես Քրիստինան եմ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Այո… Անձրև է… Մի բաժակ սուրճը կտաքացնի ձեզ:
ԿԻՆ – Ես թեյ կխմեի…
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (դիմելով մոտեցած մատուցողին): Մի բաժակ թեյ:
ՄԱՏՈՒՑՈՂ – Ինչպիսի՞ թեյ:
ԿԻՆ – (տարակուսած): Իսկ դուք ինչպիսի՞ն ունեք:
ՄԱՏՈՒՑՈՂ – Նայեք ճաշացանկի երկրորդ էջում:
ԿԻՆ – Սովորական, սև, կանաչ, խոտաբույսերով, կարկադե… Ինձ երևի սովորական:
ՄԱՏՈՒՑՈՂ – Շատ բարի: Հիմա կբերեմ:
Կարճատև լռություն է տիրում: Կինը չորս կողմն է նայում, ապա պատուհանից դուրս: Երիտասարդը մատներով կտկտացնում է սեղանը:
ԿԻՆ – Դուք սիրու՞մ եք անձրև, Անտոնիո:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (նայելով դիմացը դրված հեռախոսի մեջ և ժպտալով): Այո, իհարկե: Հատկապես երբ տաքուկ սրճարանում եմ:
ԿԻՆ – Ես ամեն ինչ եմ սիրում՝ անձրևը, արևը, ձյունը, քամին, աշունը, գարնան զարթոնքը, ամառվա տաք շունչը… Ես սիրում եմ կյանքը…
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (նայելով հեռախոսի մեջ): Կյանքը բեմ է, իսկ մարդիկ դերասաններ, ինչպես ասել է մեծ դրամատուրգը:
ԿԻՆ – (ժպտալով): Երևի թե ճիշտ է ասել: Իսկ դուք հաճա՞խ եք լինում այստեղ: Ինչու՞ հատկապես այս սրճարանն ընտրեցիք մեր հանդիպման համար:
Մատուցողը բերում է թեյը, հետաքրքրված հայացքով զննում կնոջն ու հեռանում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Անկեղծ ասած՝ ես այլ սրճարան չգիտեմ:
ԿԻՆ – Ինչպե՞ս: Այս հսկա քաղաքում այլ սրճարան չգիտե՞ք: (ծիծաղում է):
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Դե հա, ես սրճարաններ համարյա չեմ այցելում: Տանից գործի, գործից տուն… Այս մեկը պարզապես իմ ճանապարհին է: Դրա համար էլ հենց սա առաջարկեցի:
ԿԻՆ – (ժպտալով): Իսկ ես սիրում եմ սրճարաններ: Կարելի է նստել, մի բաժակ սուրճ վերցնել ու պատուհանից դուրս նայել: Կամ էլ գաղտագողի հաճախորդներին ուսումնասիրել:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Ուսումնասիրե՞լ: Դե ուրեմնՙ գաղտագողի նայեք ու ասեք, թե ինչ եք մտածում հաճախորդների մասին:
ԿԻՆ – Ես հատուկ նայելու կարիք չունեմ: Մի հայացքն էլ բավական է:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Ե՞վ:
ԿԻՆ – Բարմենը հիստերիկ է: Մատուցողը՝ այլասեռական, թեև փորձում է թաքցնել դա: Բարի սեղանիկի մոտ նստած երկուսն էլ տափակ ժամավաճառներ են:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (զարմացած): Մի հայացքով դա նկատեցի՞ք:
ԿԻՆ – (ժպտալով): Իհարկե: Դա այնքան էլ բարդ չէ: Համենայն դեպս՝ կանայք այդ արվեստին տիրապետում են առանց հեռախոսի մեջ նայելու անգամ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Տղամարդկանց այդ արդյունքին հասնելու համար պետք է երկար հետազոտություններ անել, ստուգել, ապացույցներ գտնել…
ԿԻՆ – Ապացույցներ պետք չեն: Պարզապես ապրեք:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Այո: Ժամանակն է սկսել ապրել…
ԿԻՆ – (ժպտալով): Իսկ մինչ հիմա ի՞նչ էիք անում, Անտոնիո:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Ե՞ս: Ես ապրում էի…
ԿԻՆ – Բա էլ ինչու՞ եք ասում, թե պետք է սկսել ապրել:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (հայացք նետելով հեռախոսի մեջ): Դե գիտե՜ք… Տարիներն անցնում են… Եվ սկսում եմ մտածել…
ԿԻՆ – (ժպտալով): Տարիներն անցնում են և սկսում եք մտածե՞լ…
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Նկատի ունեմ՝ լուրջ բաների մասին… Դուք քանի՞ տարեկան եք, Քրիստինա:
ԿԻՆ – Անտոնիո՜… Ի սեր աստծո…
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Այ տեսնու՞մ եք… Իսկ ես անկեղծ զրույց էի ակնկալում…
ԿԻՆ – Ես միանգամայն անկեղծ եմ ձեզ հետ: Չէ՞ որ ասացի ամենակարևոր բաները:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Ո՞ր բաները:
ԿԻՆ – Անձրևի, քամու ու ձյան մասին… Մի՞թե անպայման պետք է իմ տարիքն իմանալ հետաքրքիր զրույցի կամ ինձ ճանաչելու համար:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (նայելով հեռախոսի մեջ): Այստեղ գրված է, որ դուք քսանինը տարեկան եք:
ԿԻՆ – (ծիծաղելով): Իսկ առանց դրա հնարավոր չէ՞ր գուշակել: Թեկուզ մոտավոր: Ձեր կարծիքով ես քանի՞ տարեկան եմ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Դե, անկեղծ ասած…
ԿԻՆ – Այո, այո: Անկեղծ ասեք, խնդրում եմ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Դե մոտավորապես…
ԿԻՆ – Խոստովանեք, որ դա էական չէ հետաքրքիր զրույցի համար:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Իհարկե, դուք ճիշտ եք… Բայց տվյալները…
ԿԻՆ – Ոչ մի տվյալ էլ պետք չէ, Անտոնիո… Ես արդեն ասացի ամենակարևոր բաները:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (կում անելով սուրճից): Ինչ համեղ սուրճ է… Իսկ երեխաներ սիրու՞մ եք:
ԿԻՆ – (զրնգուն ծիծաղով): Անտոնիո՜… Դուք տեսե՞լ եք թեկուզ մի մի կին, որը երեխաներ չի սիրում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Ես… Չգիտեմ… Վիճակագրական տվյալներն ասում են, որ… Ահա, նայեք պաշտոնական կայքէջում գրված է…
ԿԻՆ – Խնդրում եմ, թողեք այդ պաշտոնական տվյալները: Պարզապես խոսեք ինձ հետ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (մի քիչ շփոթված): Դե հենց դա էլ անում եմ:
ԿԻՆ – Պատմեք ինձ ձեր կյանքի ամենակարևոր դրվագը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Դե, ի՞նչ ասեմ… Ես ծնվել եմ հազար ինը հարյուր…
ԿԻՆ – Անցեք առաջ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Սովորել եմ դպրոցում, ապա ընդունվել համալսարան: Ի դեպ, ավարտել եմ կարմիր դիպլոմով… (նայում է հեռախոսի մեջ): Հիմա… Աշխատում եմ ակադեմիական ինստիտուտներից մեկում որպես ավագ գիտաշխատող… (կրկին նայում է հեռախոսի մեջ): Հետաքրքրվում եմ կինոյով, գրականությամբ: Ազատ ժամանակս նվիրում եմ սպորտին:
ԿԻՆ – (թաքնված հեգնանքով): Շա՜տ հետաքրքիր է: Դուք ժողովեք ձեր մտքերը, իսկ ես շուտով կվերադառնամ: (բարձրանում է, վերցնում պայուսակն ու գնում կուլիսների կողմը):
Երիտասարդն, օգտվելով առիթից, աճապարանքով կարդում է հեռախոսի մեջ ու գրպանից հանած ինչ-որ թղթեր: Այդ պահին նրան է մոտենում մատուցողը:
ՄԱՏՈՒՑՈՂ – Ինչ-որ բան կուզե՞ք:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (բարձրացնելով հայացքն ու մի պահ կարկամելով): Ոչ… Իսկ ի՞նչ կա:
ՄԱՏՈՒՑՈՂ – (թեքվելով դեպի երիտասարդը): Դուք ինձ ներեք, պարոն, բայց տեսնում եմ, որ դուք հարգարժան մարդ եք: Այս կինը… Դե, ձեր ընկերուհին… Նա մեզ մոտ հաճախ է լինում և ամեն անգամ տարբեր տղամարդկանց հետ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (անքթիթ նայելով մատուցողին): Ե՞վ: Դա ինչ է նշանակում:
ՄԱՏՈՒՑՈՂ – Դե ես ուրիշ բան չասացի: Պարզապես ցանկացա տեղեկացնել ձեզ… Ես տեսնում եմ, որ դուք պարկեշտ մարդ եք… (հեռանում է):
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (մի փոքր նայելով մատուցողի հետևից ու կիսաձայն): Շնորհակալ եմ տեղեկության համար… (շարունակում է տնտղել հեռախոսն ու թղթերը):
Վերադառնում է կինը:
ԿԻՆ – Կներեք: Ես վերադարձա:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (շփոթված բարձրացնելով հայացքը ու դանդաղ ժպտալով): Բարի վերադարձ:
ԿԻՆ – Իսկ չե՞ք ուզում հարցնել, թե որտեղ էի:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (ամաչելով): Դե դա պարզ է…
ԿԻՆ – Բրավո: Փաստորեն ինչ-որ բաներ կարելի է հասկանալ առանց ավելորդ հարցեր տալու: Մեկ քայլ առաջ: Դե շարունակեք: (կում է անում թեյից): Ասացիք՝ ի՞նչ եք սիրում կյանքում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (մի քիչ շփոթված): Սիրում եմ աշխատել և նոր հաջողություններ գրանցել:
ԿԻՆ – Հետաքրքիր է: Իսկ ի՞նչ է հաջողությունը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Հաջողությու՞նը… Դա… (փորձում է գաղտագողի նայել հեռախոսի մեջ, բայց ամաչում է): Դա…
ԿԻՆ – Ավելի համարձակ…
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Ավելի համարձակ դա… Դժվար է բառերով ասել…
ԿԻՆ – (ժպտալով): Իսկ այլ կերպ կարող եք ասել, եթե ոչ բառերով:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Չգիտեմ…
ԿԻՆ – Դե լավ, իսկ ձեզ համար ի՞նչ է երջանկությունը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Դե, օրինակ, Նիցշեն ասում էր, որ երջանկությունը հաղթանակի զգացողությունն է: Հերթական արգելքը հաղթահարելու ապրումը:
ԿԻՆ – Իսկ ի՞նչ է հաղթանակը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Հաղթանակը հաջողությունն է: Այո, հենց այդպես:
ԿԻՆ – (ծիծաղելով): Փակ օղակ ստացանք՝ երջանկություն-հաջողություն-հաղթանակ… Ասես գովազդային ցուցանակից լինի:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Այո, գովազդը բիզնեսի շարժիչ ուժն է: Չեմ հիշում ում բառերն են: Հիմա կնայեմ: (նայում է հեռախոսի մեջ):
ԿԻՆ – Պետք չէ: Մի՛ նայեք: Իսկ ինչ եք սիրում ուտել… Ես շատ եմ սիրում ելակով պաղպաղակ…
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Այո, ուտելը շատ կարևոր ֆիզիոլոգիական երևույթ է: Պետք հաշվի առնել վիատմինների, սպիտակուցի և ածխաջրերի ճիշտ հարաբերակցությունը…
ԿԻՆ – (հիասթափված դուրս է նայում պատուհանից): Այո, պետք է…
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Ես մի բան եմ ցանկանում հարցնել… Դրա մասին գրառում չգտա, բայց դա կարևոր է:
ԿԻՆ – (մի քիչ անտարբեր): Հարցրեք, իհարկե:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Իսկ ճի՞շտ է, որ այս սրճարանում դուք հաճախ եք լինում:
ԿԻՆ – Ճիշտ է: Եղել եմ մի քանի անգամ: Ինչու՞ եք հարցնում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Տարբեր տղամարդկանց հետ…
ԿԻՆ – Անտոնիո՜… Ավելի լավ կլիներ, եթե հարցնեիք, թե ինչ էի անում կանանց սենյակում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Դե հասկանում եք, տվյալները…
ԿԻՆ – Ի սեր աստծո, էլ ի՞նչ տվյալներ…
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Վիճակագրական: Կինը միջինում… Հասարակական մտածողության ևհարաբերությունների կայացման արդյունքում…
ԿԻՆ – Բավակա՛ն է: Վերջացրե՛ք: Ես երևի արդեն գնամ: (սկսում է հավաքվել): Իսկ դուք վայելեք վիտամիններն ու սուրճը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Ի՞նչ, գնու՞մ եք: Բայց մենք…
ԿԻՆ – Այո, գնում եմ… Բայց մի վերջին հարց եմ ցանկանում տալ: Սակայն խնդրում եմ՝ առանց հեռախոսի և առանց հարցաթերթիկների: Անտոնիոն ձեր իսկակա՞ն անունն է:
ԵՐԻՏԱՍԱՐ – (կարկամած): Ոչ… Իմ իսկական անունը… Այսինքն՝ ինչպես անձնագրում է…
ԿԻՆ – Մի՛ ասեք: Ինձ հետաքրքիր չէ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Իսկ ձե՞րը:
ԿԻՆ – Քրիստինա: Դա իմ միակ և իսկական անունն է: Եթե ցանկանում եք ստուգել՝ հարցրեք մատուցողին կամ բարմենին: Եվ այո՝ ես հաճախ եմ լինում այստեղ, քանի որ իմ ճանապարհին է:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Ձեր ճանապարհին…
ԿԻՆ – Այո, երբ թափառում եմ քաղաքի փողոցներում:
ԵՐԻՏԱՍՐԱԴ – Թափառում եք…
ԿԻՆ – Ես պարզապես ապրում եմ: Մաղթում եմ ձեզ հրաշալի ժամանակ: Չմոռանաք փորձել չամիչով կեքսը: Դրա մեջ շա՜տ վիտամիններ կան: Հաջողություն:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Հաջողություն… Բայց դուք ի՞նչ եք անելու հիմա, ու՞ր եք գնալու:
ԿԻՆ – Գնալու եմ անձրևի տակ զբոսնելու:
Կինը կոճկում է վերարկուն ու քայլում դեպի դուռը: Լսվում է ամպրոպի և ուժգնացող անձրևի ձայնը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (կանչելով կնոջ հետևից): Իսկ ես ի՞նչ անեմ հիմա:
ԿԻՆՆ – Պարզապես ապրեք… Պարզապես ապրեք, Անտոնիո…
Երիտասարդը նայում է նրա հետևից, ապա ծոցագրպանից հանում գրիչն ու սեղանին դրված թերթիկի վրա երկար ջնջող գիծ քաշում: Ապա հայացքն ուղղում է բարի սեղանի կողմը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Մատուցող, հաշիվը:
ՄԱՏՈՒՑՈՂ – Հիմա կբերեմ:
ԱՅՑԵԼՈՒ 1 – Փաստորեն համացանցը խաբում է: Այս անձրևը չի էլ ցանակնում կտրվել:
ԱՅՑԵԼՈՒ 2 – Այո… Բարմեն, մի բաժակ ջուր: Կարելի է ծորակից, եթե անվճար է:
ԲԱՐՄԵՆ – Ծորակից չի կարելի: Կարդացեք ցուցանակը: (մոտենում է ռադիոյին ու բարձրացնում ձայնը: Լսվում են տանգոյի հնչյունները, որոնք խառնվում են անձրևի ու ամպրոպի ձայնին:)
(վարագույր)