Տխուր կատակերգություն՝ 1 արարով և 3 դրվագով
Գործող անձինք՝
ՏՂԱՄԱՐԴ
ԿԻՆ
Բեմի կենտրոնում սպիտակ վանդակ է գծված՝ մոտավորապես մեկուկեսը մեկուկես մետրի վրա: Որպեսզի հանդիսատեսին տեսանելի լինի՝ կարելի է նույն հարթության վրա խաղալ կամ լուսային լուծումներ տալ: Բեմահարթակը կարող է անգամ հանդիսատեսից ներքև լինել: Վանդակի չորս
անկյուններում թեթև, ուղղահայաց լույսեր են: Որևէ դեկոր չկա: Ամբողջ պիեսի ընթացքում լսվում են վերելակի աշխատանքի տարբեր ձայներ: Տղամարդը և Կինը միջին տարիքի են, թեև դա բնավ էական չէ: Ոչ մի վուլգար տեսարան կամ անգամ դա ենթադրող ձայնային կամ այլ էֆեկտ չպետք է լինի: Երաժշտությունը՝ ըստ բեմադրիչի հայեցողության: Տեղ-տեղ կարելի է օգտագործել Pink Floyd-ի “Dark Side of the Moon” ալբոմի վերելակի հատվածի երաժշտությունը: Կարելի է նաև բնավ առանց երաժշտության :
ԴՐՎԱԳ 1
Կինը մտնում է վերելակի լուսավորված վանդակի մեջ և երևակայական մի կոճակ սեղմում: Նրա ուսիցփոքրիկ պայուսակ է կախված: Կինը կանգնում է առջևի պլանի ձախ կողմում՝ դեմքով դեպիհանդիսատեսը, և սպասում, որ վերելակը շարժվի:
ՏՂԱՄԱՐԴ – (Կուլիսներից հևիհև իրեն «վերելակ» գցելով և Կնոջ հանդիպակաց անկյունումտեղավորվելով): Հասցրեցի: Բարի օր:
Կինը զարմացած նայում է տղամարդուն, ոտքից գլուխ չափում նրան, սակայն ոչինչ չի պատասխանում: Մատներով հարդարում է մազերը: Վերելակի դռների փակվելու, ապա վեր բարձրանալու ձայն է լսվում:
ՏՂԱՄԱՐԴ – (Կողքից՝ շատ սիրալիր ժպիտով): Իմ բարևին չե՞ք ցանկանում պատասխանել:
ԿԻՆ – (Առանց Տղամարդու կողմը շրջվելու): Ես անծանոթ տղամարդկանց չեմ բարևում և անպատեհխոսակցությունների մեջ չեմ մտնում:
ՏՂԱՄԱՐԴ – (Ուրախացած): Ուրեմն՝ առաջարկում եմ ծանոթանալ: Ճանապարհը երկար է…
ԿԻՆ – Ես անծանոթ տղամարդկանց հետ չեմ ծանոթանում:
ՏՂԱՄԱՐԴ – Ուրեմն՝ եկեք, այսպես ասած, նախնական ծանոթանանք, քանի որ ճանապարհը երկար է:
ԿԻՆ – (Զարմացած հայացք է նետում Տղամարդուն): Երկա՞ր:
ՏՂԱՄԱՐԴ – Երկար:
ԿԻՆ – Նախնակա՞ն:
ՏՂԱՄԱՐԴ – Նախնական:
ԿԻՆ – (Զարմացած): Ինչպե՞ս:
ՏՂԱՄԱՐԴ – Դե՜ կարող եք ինձ պարզապես Տղամարդ անվանել:
ԿԻՆ – (Շրջում է գլուխը, թեթև արհամարհանքով): Ախր, Դուք ի՞նչ տղամարդ:
ՏՂԱՄԱՐԴ – Պայմանական անուն է:
ԿԻՆ – (Հետ շրջելով գլուխը): Լավ, պայմանական տղամարդ…
ՏՂԱՄԱՐԴ – Թույլ կտա՞ք իմանալ Ձեր նախնական անունը:
ԿԻՆ – Կին… Ձեզ համար՝ պարզապես Կին:
ՏՂԱՄԱՐԴ – Անչափ ուրախ եմ:
ԿԻՆ – Մի հարցնող լինի՝ ինչու՞ եք այդքան ուրախ:
ՏՂԱՄԱՐԴ – Ամեն օր չես Ձեզ պես հմայիչ կնոջ հանդիպում վերելակում: Չեք հավատա, բայց նախորդ կյանքում վերելակում մի… Մի կնոջ հետ էի: Ուֆֆ, ափսո՜ս այդ տարիներս… Կյանքս կերավ… Պատկերացնու՞մ եք՝ վերելակում անցկացրած երկար ու ձիգ տարիներ մեկի հետ, որը շարունակ կրծում է միտքդ և սիրտդ:
ԿԻՆ – (Հառաչելով): Ես հասկացա:
ՏՂԱՄԱՐԴ – (Զարմացած): Ի՞նչ հասկացաք:
ԿԻՆ – (Հեգնական ժպիտով): Ես ամե՜ն ինչ հասկացա…
ՏՂԱՄԱՐԴ – Դե ասե՛ք: Ես անհամբերությունից մեռնում եմ:
ԿԻՆ – (Ինքնագոհ ժպիտով): Ամե՜ն ինչ հասկացա…
ՏՂԱՄԱՐԴ – Խնդրում եմ՝ ասեք, թե ինչ հասկացաք:
ԿԻՆ – Դուք այն մարդկանցից եք, ովքեր միշտ ուշանում են համերգից և մոռանում են անջատել հեռախոսը:
ՏՂԱՄԱՐԴ – Հմ…
ԿԻՆ – Անգամ վերելակից քիչ էր մնում ուշանայիք: Երանի՜ թե ուշանայիք…
ՏՂԱՄԱՐԴ – Բայց հասցրեցի:
ԿԻՆ – Ձեր նմաններն են, որ ուշացումով ներս են խուժում համերգասրահ՝ դուռը ճռռացնելով: Մի կերպ գտնում են իրենց տեղն ու, հերթով բոլորի ոտքերը տրորելով, վերջապես տեղավորվում նստարանին՝ ինքնագոհ ժպիտավ…
ՏՂԱՄԱՐԴ – Բայց ես…
ԿԻՆ – Մի թռուցիկ հայացքն էլ հերիք էր, որ ճանաչեի Ձեզ…
ՏՂԱՄԱՐԴ – Ախր ես…
ԿԻՆ – (Ժպտալով): Տեսա՞ք ինչպես մերկացրի Ձեզ:
ՏՂԱՄԱՐԴ – Մերկացրի՞ք:
ԿԻՆ – Մի՛ ոգևորվեք: Փոխաբերական իմաստով: Այսինքն՝ ճանաչեցի:
ՏՂԱՄԱՐԴ – Բայց…
ԿԻՆ – Եվ մի՛ փորձեք արդարանալ: Այդպես խցկվում եք ամեն տեղ, անգամ՝ համերգասրահ ու վերելակ: Եվ այն պահին, երբ թվում է, թե վերջապես կարելի է վայելել երաժշտությունը… Ես գիտեմ, թե ինչ է լինում…
ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչ է լինում:
ԿԻՆ – Հնչում է Ձեր հեռախոսի զանգը… Այդ պատկերն աչքիս առջև է: Ուֆֆ, հոգնե՜լ եմ այս ամենից…
ՏՂԱՄԱՐԴ – Ես էլ եմ հոգնել… Պատկերացնու՞մ եք՝ մի վերելակի մեջ երկար ու ձիգ տարիներ մի… մի կնոջ հետ… Թարսի պես հեռախոսի լիցքն էլ վերջացել էր: Ոչ խաղալ էր լինում, ոչ էլ մի ուրիշ բան անել… Ստիպված այդքան տարի նրան եմ լսել…
ԿԻՆ – Դուք չէ՞իք խոսում:
ՏՂԱՄԱՐԴ – Ոչ, ես նրան էի լսում: Այսպես ասած՝ հասարակական մենության պայմաններում…
ԿԻՆ – Անհետաքրքի՞ր էր…
ՏՂԱՄԱՐԴ – Ահավոր…
ԿԻՆ – Եվ ի՞նչ էիք անում…
ՏՂԱՄԱՐԴ – Իսկ ի՞նչ կարող էի անել… Վերելակում շատ բան չկա անելու:
ԿԻՆ – Չկա…
Կարճատև դադար:
ՏՂԱՄԱՐԴ – Իսկ Դուք ի՞նչ եք անում:
ԿԻՆ – Չեք հավատա, եթե անգամ ասեմ:
ՏՂԱՄԱՐԴ – Խնդրում եմ…
ԿԻՆ – Եթե ուշադիր լինեիք՝ կնկատեիք:
ՏՂԱՄԱՐԴ – Ուշադիր եմ: Չեմ նկատում…
ԿԻՆ – Ես բարձրանում եմ վերելակով:
ՏՂԱՄԱՐԴ – (Ժպտում է): Ես դա նկատեցի: Իսկ ընդհանրապես՝ ի՞նչ եք անում: Կյանքում:
ԿԻՆ – Նույնը:
ՏՂԱՄԱՐԴ – Այսի՞նքն:
ԿԻՆ – Բարձրանում եմ վերելակով:
ՏՂԱՄԱՐԴ – Շուտվանի՞ց:
ԿԻՆ – Երբ ծնվեցի, մի քիչ հասակ առա, սկսեցի խոսել, ու ինձ մանկապարտեզ տարան: Հենց այդ օրվանից…
ՏՂԱՄԱՐԴ – Այդքա՞նը:
ԿԻՆ – Իսկ դա քի՞չ է: Թե՞ Ձեզ թվում է՝ Դուք ուրիշ բան եք անում:
ՏՂԱՄԱՐԴ – Հմ… Չէի մտածել: Ճիշտ եք՝ ես էլ նույնն եմ անում:
ԿԻՆ – Այ տեսնու՜մ եք…
ՏՂԱՄԱՐԴ – Տխուր է…
ԿԻՆ – Տխուր է, բայց սա է կյանքը… C’est la vie, mon chere amie…
ՏՂԱՄԱՐԴ – Իսկ է՞լ ինչ եք անում… Դե, բացի վերելակով բարձրանալը:
ԿԻՆ – Ե՞ս…
ՏՂԱՄԱՐԴ – Ըհը…
ԿԻՆ – Ձանձրանում եմ…
ՏՂԱՄԱՐԴ – Դարձյալ չհասկացաք: Նկատի ունեմ՝ կյանքում… Ընդհանրապես…
ԿԻՆ – Արդեն ասացի՝ ձանձրանում եմ…
ՏՂԱՄԱՐԴ – Ամուսի՞ն…
ԿԻՆ – Ձանձրանում եմ…
ՏՂԱՄԱՐԴ – Երեխանե՞ր…
ԿԻՆ – Ասացի՝ ձանձրանում եմ…
ՏՂԱՄԱՐԴ – Ինչպե՜ս եմ Ձեզ հասկանում…
ԿԻՆ – (Թեթև հեգնանքով) : Մի՞թե տղամարդը կարող է հասկանալ կնոջը…
ՏՂԱՄԱՐԴ – (Վստահ): Կարող է…
ԿԻՆ – (Ասես չլսելով Տղամարդուն)… Եվ ցրել նրա ձանձրույթը…
ՏՂԱՄԱՐԴ – (Ավելի անվստահ): Կարող է…
ԿԻՆ – (Թեթևակիորեն շրջվելով դեպի Տղամարդը): Ասացիք՝ ի՞նչ է Ձեր անունը:
ՏՂԱՄԱՐԴ – Տղամարդ:
ԿԻՆ – (Հետ շրջվելով): Ի՜նչ ձանձրալի է…
ՏՂԱՄԱՐԴ – Բայց ես…
ԿԻՆ – «Ե՜ս, ե՜ս, ե՜ս…» Հենց դրանից եմ ձանձրանում: Ձեզ համար աշխարհի կենտրոնը հենց դուք եք՝տղամարդիկդ… Մի աշխարհ ու մի վերելակ, որի տերն ու տնօրենը դուք եք ցանկանում լինել… Եվ աշխարհն էլ հատու՜կ ձեզ համար է պտտվում :
ՏՂԱՄԱՐԴ – Բայց ես…
ԿԻՆ – Խնդրում եմ՝ լռե՛ք: Թողեք լսեմ վերելակի ձայնը… (Կարճ դադար, ականջ է դնում) : Հետաքրքիր է՝ ո՞րհարկին հասանք:
ՏՂԱՄԱՐԴ – Հինգերորդ կամ վեցերորդ…
ԿԻՆ – Բայց դա ի՞նչ էական է… Որքա՜ն եք սիրում ճշգրտություն ամեն ինչում…
ՏՂԱՄԱՐԴ – (Մեղավոր ձայնով): Բայց, ախր, Դուք հարցրեցիք…
ԿԻՆ – Կարող էինք և ավելի ռոմանտիկ պատասխան գտնել… Հենց դրանից եմ ձանձրանում… Ի դեպ, իսկի՞նչ կա վերևում…
ՏՂԱՄԱՐԴ – Ամենավերևու՞մ:
ԿԻՆ – Ըհը:
ՏՂԱՄԱՐԴ – Ասում են՝ երկինքն է…
ԿԻՆ – Ի՜նչ հետաքրքիր է… Ա՜խ, ինչպես կուզեի գոնե մի անգամ այնտեղ հայտնվել… Իսկ ի՞նչ կա այնտեղ՝ երկնքում :
ՏՂԱՄԱՐԴ – Ասում են, թեև ինքս չեմ տեսել, այնտեղ աստղեր կան ու մի լուսին… Եվ թեթև մի քամի…
ԿԻՆ – (Երազանքով): Թեթև քամի, որը խաղում է մազերիդ մեջ ու ալիքում շորիկդ… (Տեղում պտտվում է, որշորիկը խաղա, իսկ ձեռքով ալիքում է մազերը): Ասում եք՝ Դուք այնտեղ չե՞ք եղել:
ՏՂԱՄԱՐԴ – Ավա՜ղ…
ԿԻՆ – Ավաղ այո՞, թե՞ ավաղ ոչ:
ՏՂԱՄԱՐԴ – Չգիտեմ: Կուզեի լինել, բայց ասում են այնտեղից վերադառնալ հնարավոր չէ:
ԿԻՆ – (Երազանքով): Իսկ ես չէի էլ վերադառնա…
ՏՂԱՄԱՐԴ – Ինչպե՞ս թե չէիք վերադառնա… Բա ամուսի՞նը, բա ճա՞շը, արդուկը, լվացքը…
ԿԻՆ – Ո՜նց եմ ես ձանձրացել բոլորիցդ…
ՏՂԱՄԱՐԴ – Ինձանի՞ց էլ:
ԿԻՆ – Այո՛: Եվ հենց այն պահից, երբ ներխուժեցիք վերելակ: Անգամ դրանից առաջ: Դուք այնքա՜ն կանխատեսելի եք…
ՏՂԱՄԱՐԴ – (Հառաչում է): Միգուցե… Այսինքն՝ թերևս…
ԿԻՆ – Ես գիտեի… Ես զգում էի… Հրաշքներ չեն լինում:
ՏՂԱՄԱՐԴ – Ես չգիտեմ…
ԿԻՆ – Բայց Դուք անգիր գիտեք վերելակի արագությունն ու Ձեր մեքենայի կառուցվածքը, չէ՞: Ձմեռային անվադողեր, շարժիչի յուղ, անվահեծեր և էլի ինչ-որ ձանձրույթներ…
ՏՂԱՄԱՐԴ – Այո, ի՜նչ ճիշտ եք Դուք՝ անվադողերը փոխելու ժամանակն է…
ԿԻՆ – Ձեզ մոտ գինի չկա՞:
ՏՂԱՄԱՐԴ – Գինի՞… Գինի չկա…
ԿԻՆ – Ձանձրալի մարդ եք Դուք, պարոն…
ՏՂԱՄԱՐԴ – (Համակերպված ձայնով): Ձանձրալի եմ… Խոստովանում եմ…
ԿԻՆ – Ինքնախոստովանությունը դեռևս գործի կեսն է:
ՏՂԱՄԱՐԴ – Հաստատ:
ԿԻՆ – Ե՞վ:
ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչը «Եվ»:
ԿԻՆ – Հետո՞:
ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչը «Հետո»…
ԿԻՆ – Հետևություններ, պարոն Ձանձրալի, հետևություններ…
ՏՂԱՄԱՐԴ – (Մոլորված): Հմ… Ես չգիտեմ… Մի անգամ… Չեմ հիշում…
ԿԻՆ – (Հիասթափված): Փաստորեն, ես ճիշտ էի:
ՏՂԱՄԱՐԴ – Անվադողերի հարցու՞մ: Միանշանակ ճիշտ եք: Փոխելու ժամանակն է:
ԿԻՆ – Սպասե՛ք: Լռե՛ք, խնդրում եմ:
Լռում են մի քանի վայրկյան: Վերելակային ձայներ են լսվում:
ԿԻՆ – Սա ի՞նչ ձայն էր:
ՏՂԱՄԱՐԴ – (Ականջ դնելով): Կարծես ինչ-որ հարկի հասանք:
ԿԻՆ – (Հույսով): Երկնքի՞ն:
ՏՂԱՄԱՐԴ – Չեմ կարծում…
ԿԻՆ – Ափսո՜ս…
ՏՂԱՄԱՐԴ – Դուք ուզում եք, որ հասնենք երկնքի՞ն:
ԿԻՆ – Շա՜տ… Շատ եմ ուզում…
ՏՂԱՄԱՐԴ – Բայց ասում են՝ այնտեղից վերադարձ չկա:
ԿԻՆ – Իսկ ես չեմ էլ ուզում վերադառնալ…
ՏՂԱՄԱՐԴ – Ինչպե՞ս: Բա ամուսինը, ճաշը, լվացքը…
ԿԻՆ – (Սրտնեղված): Լռե՛ք, խնդրում եմ… Դուք երբեք ինձ չեք հասկանա:
ՏՂԱՄԱՐԴ – (Մի քիչ վրդովված): Ինչու՞ չեմ հասկանա:
ԿԻՆ – Որովհետև ես գիտեմ, թե Դուք ով եք:
ՏՂԱՄԱՐԴ – Գիտե՞ք:
ԿԻՆ – Միանշանակ: Դուք այն մարդկանցից եք, ովքեր միշտ ուշանում են համերգից և, բացի այդ, մոռանում են անջատել հեռախոսը:
ՏՂԱՄԱՐԴ – Բայց ես…
ԿԻՆ – (Ընդհատելով): Եվ, բացի այդ, Դուք ավտոմեխանիկ եք:
ՏՂԱՄԱՐԴ – (Ընդվզելով): Բայց ես ավտոմեխանիկ չեմ:
ԿԻՆ – Դուք հոգո՛վ եք ավտոմեխանիկ՝ շարժիչ, յուղ, ձմեռային անվադողեր… Ես անգամ Ձեր իսկական՝ ոչ-պայմանական անունը գիտեմ:
ՏՂԱՄԱՐԴ – (Զարմացած): Գիտե՞ք: Որտեղի՞ց:
ԿԻՆ – Գիտե՜մ: Ձեր անունը Ձանձրույթ է:
ՏՂԱՄԱՐԴ – Հմ… Բայց ես…
ԿԻՆ – Ի՜նչ էլ նեղվածք է այստեղ… Անգամ պարելու տեղ չկա…
ՏՂԱՄԱՐԴ – (Փորձելով սեղմվել դեպի վերելակի անկյունը): Ահավասիկ…
Կինը ցած է դնում ձեռքի պայուսակը և փորձում է պարային պտույտ կատարել, բայց ձեռքը քսվում է Տղամարդուն: Այդ վայրկյանին մեխանիզմի կռնչյուն է լսվում, և վերելակը կանգ է առնում: Միաժամանակ լույսերը թուլանում են՝ գրեթե մարելու աստիճան: Միայն մի թույլ «հերթապահ» լույսի շող է ընկնում վանդակի մեջ և աստիճանաբար մարում: Այսուհետև ամբողջ շեշտադրությունը ձայնային կատարման վրա է՝ բացարձակ մթության մեջ:
ԴՐՎԱԳ 2
ԿԻՆ – (Վախեցած): Այս ի՞նչ եղավ:
ՏՂԱՄԱՐԴ – Կարծես թե՝ լույսերը գնացին:
ԿԻՆ – Ու՞ր գնացին:
ՏՂԱՄԱՐԴԻԿ – Ես չգիտեմ… Լսել եմ, որ ամենաներքևում, առաջին հարկից էլ վար, մի հարկ էլ կա, անունը՝ նկուղ: Միգուցե այնտեղ…
ԿԻՆ – Նկու՞ղ:
ՏՂԱՄԱՐԴ – Նկուղ…
ԿԻՆ – Դա Ջրմուղի հետ կապ ունի՞:
ՏՂԱՄԱՐԴ – Չեմ կարծում, թեև վստահ չեմ:
ԿԻՆ – Իսկ ի՞նչ կա նկուղում…
ՏՂԱՄԱՐԴ – Ինքս էլ լավ չգիտեմ: Կուզե՞ս քեզ տանեմ այնտեղ: Ասում են՝ այնտեղ հրաշալի հասարակություն է հավաքվում:
ԿԻՆ – Չէ՜, սպասիր… Թույլ կտա՞ս բռնել քո ձեռքը: Ես վախենում եմ…
ՏՂԱՄԱՐԴ – Այո, իհարկե: Հիմա կպարզեմ ձեռքս… Ահա… Սա քո՞ ձեռքն է:
ԿԻՆ – Դե, եթե քոնը չէ, ուրեմն՝ իմն է: Կարծեմ վերելակում միայն մենք ենք, չէ՞: (Ծիծաղկոտ ձայնով): Աու՜, ո՞վ կա այստեղ:
ՏՂԱՄԱՐԴ – Ես եմ:
ԿԻՆ – Դու ո՞վ եք:
ՏՂԱՄԱՐԴ – Պարոն Ձանձրույթը:
ԿԻՆ – Հա՜, հիշեցի… Պարոն Ձանձրույթը, որի ուշքն ու միտքը ձմեռային անվադողերն են:
ՏՂԱՄԱՐԴ – (Ուրախացած): Այո՛, այո՛: Ի՜նչ լավ է, որ մտաբերեցիր ինձ:
ԿԻՆ – Բայց դա քեզ իրավունք չի տալիս ձեռքս այդպես գրկելու:
ՏՂԱՄԱՐԴ – Ա՜խ, ներիր, խնդրում եմ…
ԿԻՆ – Ու՞ր կորար: Բաց մի՛ թող ձեռքս: Ես վախենում եմ: Ի՜նչ տաք է քո ձեռքը:
ՏՂԱՄԱՐԴ – Իսկ քոնը՝ փափուկ…
ԿԻՆ – Եվ ուժեղ…
ՏՂԱՄԱՐԴ – Եվ նուրբ…
ԿԻՆ – Ի՞նչ ես կարծում՝ լույսերը շու՞տ կգան:
ՏՂԱՄԱՐԴ – Չգիտեմ: Սովորաբար դա տևում է ամիսներ և անգամ տարիներ…
ԿԻՆ – Տարինե՜ր…
ՏՂԱՄԱՐԴ – Դու շտապու՞մ ես:
ԿԻՆ – Մի քիչ… Հասկանու՞մ ես՝ լվացքս, արդուկս, ճաշս… Գրողը տանի… Ես չեմ ուզում շտապել… Գրողի ծոցը թող գնան լվացքն ու արդուկը…
ՏՂԱՄԱՐԴ – Հասկանում եմ…
ԿԻՆ – Եվ անգամ ճաշը…
ՏՂԱՄԱՐԴ – Հասկանում եմ քեզ…
ԿԻՆ – Ես մրսում եմ: Մյուս ձեռքս էլ բռնիր, խնդրում եմ… (Կարճ դադար): Ա՜խ, ի՜նչ տաք և ուժեղ են քո մատները…
ՏՂԱՄԱՐԴ – Իսկ քոնը՝ նուրբ և գեղանի… Եվ բուրում են միլիոնավոր վարդերի պես:
ԿԻՆ – (Երազկոտ): Վարդե՜ր… Ասում ես՝ ի՞նչ կա նկուղում:
ՏՂԱՄԱՐԴ – Ես չգիտեմ… Պատմում են, որ այնտեղ մութ է…
ԿԻՆ – Ովքե՞ր են պատմում: Ջրմուղի մարդի՞կ:
ՏՂԱՄԱՐԴ – Երևի: Ասում են՝ այնտեղ շա՜տ մութ է:
ԿԻՆ – Այս վերելակի պե՞ս:
ՏՂԱՄԱՐԴ – Ավելի մութ… Այնտեղ բոլորը մշտնջենական տառապանքի մեջ են…
ԿԻՆ – Չէ՛, ես չեմ ուզում տառապել: Հերի՛ք է: Իմ ձանձրույթը հենց իմ տառապանքն է: Գիտե՞ս՝ միակ ազատությունս այս երկար ու ձիգ տարիներին իմ երազներն էին: Այն մի քանի ժամը, երբ կարելի էր մոռանալ լվացքի ու աման-չամանի մասին ու երազել… Իսկ դու գիտե՞ս ես ինչի՞ մասին եմ միշտ երազել… Լռի՛ր, դու դա երբեք չես կարող կռահել: Ես քեզ կասեմ: Պատկերացնու՞մ ես՝ քնած ձևանալ ու երազել՝ այն հույսով, որ ոչ ոք քեզ այդ պահին չի ասի՝ սոված եմ, ծարավ եմ, ու՞ր է իմ սպիտակ վերնաշապիկը, ճաշը պատրա՞ստ է, չիշիկ ունեմ, երեկոյան չմոռանաս՝ հրավիրված ենք, առավոտյան չմոռանաս՝ ծնողական ժողով է, չմոռանաս, որ դու կին ես, իմ կինը… Իսկ ես չեմ ուզում որևէ մեկի կինը լինել, հասկանու՞մ ես: Ես ուզում եմ պարզապես կին լինել ու ճախրել, բարձրանալ ու խառնվել աստղերին: Ու խառնել աստղերը… Ու սիրո բառեր լսել… Ու սիրված լինել… Դու հասկանու՞մ ես… Ասա՛, իմ սիրելի և ձանձրալի ավտոմեխանիկ, ասա՛…
ՏՂԱՄԱՐԴ – Դու հրեշտակի պես ես՝ թեթև, եթերային… Եվ վարդերի բույրով օծված…
ԿԻՆ – (Անհանգստացած): Ի՞նչ ես անում…
ՏՂԱՄԱՐԴ – Համբուրում եմ քո մատները…
ԿԻՆ – Բայց դու դողում ես…
ՏՂԱՄԱՐԴ – Այո, ես դողում եմ: Եվ իմ սիրտն է դողում…
ԿԻՆ – Գրկիր ինձ… Ես ուզում եմ ինձ կին զգալ… Ես հոգնել եմ… Ես ճախրել եմ ուզում… Պտտիր ինձ ձեռքերիդ վրա… Ի՜նչ ընդարձակ է այստեղ… Ինչու՞ լույսերը շուտ չէին գնում… Այո, պտտիր ինձ… Ես ուզում եմ թռչուն դառնալ և ճախրել… Ես ուզում եմ հասնել վերջին հարկին, ուր աստղերն ու լուսինն են… Ես ուզում եմ, որ քամին տանի ինձ… Ուզում եմ փաթաթվել ծառերի ճյուղերին ու շոյել պարտեզի վարդերը… Զով տանել սիրո կարոտից տոչորվող սրտերին ու սիրո չասված բառերից չորացած շուրթերին…
ՏՂԱՄԱՐԴ – Հիմա դու կարող ես անել դա…
ԿԻՆ – Ի՜նչ լավն է վերելակը, մեր վերելակը… Այստեղ չկան ցավեր, ու չկա ճնշումը չափող սարք: Չկան բժիշկներ և ավտոտեսուչներ, չկան ջրմուղի մարդիկ ու չկան հարևաններ… Չկա մեկը, որի հետ ստիպված ես ապրել, քնել ու արթնանալ, հյուր գնալ ու սպանել կիրակի օրերդ… Այդ ամենաձանձրալի օրը, որը սկսվում է և երբեք չի ավարտվում… Եվ միայն քունը, երբ, ամուսնական պարտականություններդ կատարելուց հետո, վերջապես կարող ես թեքվել մյուս կողքիդ, փակել աչքերդ ու երազել… (Կարճ դադար): Դու հասկանու՞մ ես… Դու այստե՞ղ ես:
ՏՂԱՄԱՐԴ – Այստեղ եմ…
ԿԻՆ – Դու ինձ լսու՞մ ես:
ՏՂԱՄԱՐԴ – Լսում եմ:
ԿԻՆ – Իսկ դու հաստա՞տ ավտոմեխանիկ չես:
ՏՂԱՄԱՐԴ – Ոչ, ես…
ԿԻՆ – (Ընդհատելով): Չէ, դու չհասկացար ինձ: Դու հոգուդ խորքում ավտոմեխանիկ չես, չէ՞: Ես չեմ զզվում քո մարմնի հոտից: Ես չեմ զզվում քո ձեռքերի հոտից, երբ մեքենայիդ յուղն ես փոխում կամ էլ շարժիչը մաքրում: Ես սիրում եմ մարմնիդ և ձեռքերիդ հոտը: Բայց ես զզվում եմ, երբ տղամարդու սրտից է վառված յուղի և մեքենայի շարժիչի հոտ գալիս: Ի՜նչ հզոր են քո ձեռքերը… Ես սիրում եմ քո ձեռքերը, իմ մի քիչ ձանձրալի պարոն… Ես սիրում եմ քո ձեռքերը… Քո հզոր ձեռքերը…
ՏՂԱՄԱՐԴ – Ես սիրում եմ քո մաշկը…
ԿԻՆ – Ինձ մի հետաքրքիր բան պատմիր, խնդրում եմ…
ՏՂԱՄԱՐԴ – Հետաքրքի՞ր… Հետաքրքիր… Հա, հիշեցի… Ներքին այրման շարժիչը նախատեսված է քիմիական էներգիան մեխանիկականի վերափոխելու համար: Շարժիչներ լինում են քառատակտ և…
ԿԻՆ – Օ՜ ոչ, միայն թե ոչ դա… Խնդրու՜մ եմ…
ՏՂԱՄԱՐԴ – Լավ… Հիշեցի: Աշխատանքը որոշվում է որպես ուժի և անցած ճանապարհի արտադրյալ…
ԿԻՆ – (Մի քիչ զզված): Չէ՜…
ՏՂԱՄԱՐԴ – Մի անգամ ես վայրի ձիեր տեսա…
ԿԻՆ – Ավելի լավ է, բայց ի՜նչ շատ ես խոսում…
ՏՂԱՄԱՐԴ – Ես կլռեմ…
ԿԻն – Ո՜չ, դու մի՛ լռիր: Ես ուզում եմ լսել քո ձայնը: Ասա, որ ես գեղեցիկ եմ:
ՏՂԱՄԱՐԴ – Դու չքնաղ ես:
ԿԻՆ – Ասա, որ ես թեթև եմ:
ՏՂԱՄԱՐԴ – Դու եթերային ես:
ԿԻՆ – Ասա, որ քեզ հարբեցնում է իմ բույրը…
ՏՂԱՄԱՐԴ – Եվ անգամ գինի պետք չէ քեզնով հարբելու համար:
ԿԻՆ – Դու սկսում ես տղամարդ դառնալ…
ՏՂԱՄԱՐԴ – Տղամարդ…
ԿԻՆ – Բայց քեզ պետք էր մի կնոջ հետ մենակ մնալ վերելակի մեջ տղամարդ դառնալու համար…
ՏՂԱՄԱՐԴ – Երևի… Թերևս… Հաստատ…
ԿԻՆ – Հաստա՞տ: Եվ մի՞թե քո մտքով երբեք չի անցել հասնել վերջին հարկին, որ «տանիք» են անվանում, դուրս գալ վերելակից, նայել աստղերին ու վարակվել նրանցով: Ու լուսնից մի փոքր արծաթափոշի խնդրել ու դրանով օծել երեսդ ու մարմինդ… Որ վարակվես աստղերի քնքշությամբ և լուսնի խորհրդավորությամբ…
ՏՂԱՄԱՐԴ – Ինձ քեզ պես կին էր պետք, որ ես ինձ տղամարդ զգայի:
ԿԻՆ – Կի՜ն… Իսկ դու գիտե՞ս, թե ինչ է կինը:
ՏՂԱՄԱՐԴ – Կինը…
ԿԻՆ – Այո, կինը…
ՏՂԱՄԱՐԴ – Կինը…
ԿԻՆ – Դա ես եմ… Եվ գիտե՞ս ինձ ինչ է պետք, որ ես ինձ կին զգամ: Այնքա՜ն պարզ և, միաժամանակ, այնքա՜ն բարդ մի բան՝ տղամարդ: Տղամարդ, որն առանց վախենալու ինձ վերելակով կհասցնի ամենավերին հարկը, ուր աստղերն ու լուսին են՝ իր արծաթե փոշով:
ՏՂԱՄԱՐԴ – Դու այնքա՜ն կին ես… Դու արժանի ես դրան…
ԿԻՆ – (Մի քիչ հուսահատ և սրտնեղված ձայնով): Եթե արժանի եմ, ապա ինչու՞ ես ինձ անընդհատ փորձում նկուղ տանել, ուր մութ է, և ուր չի հասնում աստղերի լույսը: Մի՞թե ես դրան եմ արժանի: Մի՞թե ինձ նվաստացնելով ես դու ինքնահաստատվում:
ՏՂԱՄԱՐԴ – Բայց ես… Ասում են՝ նկուղում շա՜տ հետաքրքիր հասարակություն է հավաքվում:
ԿԻՆ – Օ՜, պարոն Ձանձրույթ… Մի՞թե դու չես կարող միայնակ բավարարել իմ որոնումները: Քեզ այլ ձանձրալի պարոնների ընկերակցությու՞նն է անհրաժեշտ:
ՏՂԱՄԱՐԴ – Պարզապես ցանկացա ասել, որ…
ԿԻՆ – Լռի՛ր, խնդրում եմ: Գրկի՜ր ինձ … Ես ուզում եմ զգալ քո հզոր ձեռքերը: Ես ուզում եմ զգալ քո սերը: Ես հոգնել եմ վերմակի տակ բոլորից գաղտնի երազելուց: Ես ուզում եմ հարթմնի երազել, հասկանու՞մ ես: Ես ուզում եմ կին լինել…
ՏՂԱՄԱՐԴ – Ես հասկանում եմ…
ԿԻՆ – Սու՛ս, լսու՞մ ես: (Ավելի ցածր ձայնով): Մեկը կարծես քայլում է աստիճաններով: Լսի՛ր…
Կարճ դադար: Քայլերի ձայն է լսվում:
ՏՂԱՄԱՐԴ – Այո, դու ճիշտ ես: Պետք է օգնություն կանչել…
ԿԻՆ – Չհամարձակվե՛ս: Ինչու՞ ես ուզում օգնություն կանչել:
ՏՂԱՄԱՐԴ – Դե՜… Որ…
ԿԻՆ – Դու այդքան անօգնակա՞ն ես:
ՏՂԱՄԱՐԴ – Ես… Երևի… Թերևս…
ԿԻՆ – Ինչու՞ ես ուզում, որ ավարտվի այս հեքիաթը: Դու վախենու՞մ ես:
ՏՂԱՄԱՐԴ – Ինչի՞ց: Մթությունի՞ց:
ԿԻՆ – Ինձանի՜ց: Դու վախենու՞մ ես ինձանից: Դու, հզոր, բայց մի քիչ ձանձրալի տղամարդդ, վախենում ես մի թույլ և անօգնական կնոջի՞ց:
ՏՂԱՄԱՐԴ – Ոչ… Ես, Չգիտեմ… Պարզապես…
ԿԻՆ – Ուրեմն՝ ձայն մի՛ հանիր, խնդրում եմ:
ՏՂԱՄԱՐԴ – Դու ճիշտ ես:
ԿԻՆ – Եթե ես ճիշտ եմ, ուրեմն՝ լռի՛ր և գրկիր ինձ: Ես չեմ ուզում, որ գա վերելակի մասնագետը ու փրկի մեզ: Դա մահ է: Հասկանու՞մ ես, դա մահ է: Այդ ջրմուղի, գազի ու վերելակի մարդիկ մահվան պես են գալիս ու մահ են բերում: Եվ հենց այն պահերին, երբ ցանկանում ես մենակ մնալ ու երազել… Ես չեմ ուզում, որ մեկը, որի սրտից մեքենայի և վառված յուղի հոտ է գալիս՝ անգամ փորձի փրկել ինձ: Դա նույնն է, թե վարդը փորձես բահով շոյել կամ էլ ցանցով փորձես քամի որսալ:
ՏՂԱՄԱՐԴ – Իմ քնքուշ վարդ…
ԿԻՆ – Իսկ դու դիտե՞ս ես ինչ եմ սիրում:
ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչ ես սիրում:
ԿԻՆ – (Ծիծաղկոտ): Մտքով անգամ չի անցնի… Ես սիրում եմ համերգից ուշանալ: Այդ պահին բոլորը մոռանում են խմբավարին ու երաժշտությունը ու շրջվում են իմ կողմը: Ես այնքան եմ սիրում համերգների գնալ: Հագնում եմ լավագույն զգեստս… Ու բոլորը շրջվում և ինձ են նայում… Տղամարդիկ ապշում են և սիրահարվում, իսկ կանայք՝ նախանձից ու խանդից պայթում: Հսկա դռնով մտնում եմ ներս՝ իմ ամենագեղեցիկ շորով… Ու հսկա դահլիճ ներխուժած քամին խաղում է շորիկիս ու մազերիս հետ: Մի՞թե դու կարծում ես՝ ես ուշանում եմ համերգից, քանի որ չեմ հասցնում ամանները լվանալ և լվացքը անել: Ո՛չ, ո՛չ, հազար անգամ ոչ: Ես կարող եմ այնքան գործնական լինել, որ բոլոր տղամարդիկդ միասին միայն իմ արածի կեսն իսկ չեն կարողանա անել:
ՏՂԱՄԱՐԴ – Վստահ եմ:
ԿԻՆ – Բայց ես դա չեմ ուզում: Հասկանու՞մ ես: Չե՜մ ուզում… Ես ուզում եմ կին մնալ և ուզում եմ մի փոքր ուշանալ համերգից… Նաև հատուկ հեռախոսս միացրած եմ թողնում: Ինքս ինձ զանգ եմ ուղարկում: Եվ այդ պահին բոլորը կրկին շրջվում են իմ կողմը: Տղամարդիկ, արտաքուստ հանդիմանությամբ, ուրախանում են, քանի որ օրինական պահանջ ունեն կրկին անգամ ինձնով հիանալու: Դե իսկ կանայք էլ… Դե կանայք են էլի… Դիտե՞ս ի՜նչ հրաշք է, երբ քամին խաղում է մազերիս ու շորիկիս հետ…
ՏՂԱՄԱՐԴ – Պատկերացրեցի: Երանի ե՛ս քամի լինեի ու խաղայի մազերիդ հետ…
ԿԻՆ – Իսկ դու եղի՛ր: Հզոր ու տաք քամի եղիր… Տար ինձ քո հորձանուտը, բարձրացրու վեր՝ դեպի աստղերն ու պտտիր ինձ այս հոգնած քաղաքի տանիքներից անդին՝ աստղերի մեջ… Պտտի՜ր ինձ, հարբեցրու՜ ինձ… Ես այնքա՜ն եմ ուզում կին լինել՝ սիրող և սիրված… Ես այնքա՜ն եմ զզվել մեքենայի յուղի հոտով սրտերից և հոգիներից… Ես սիրում եմ քո ձեռքերը, քո հզոր ու սիրող ձեռքերը… Ասա՛ ինձ աստղերի ու քամու կախարդական բառերը: Ես ուզում եմ լսել դրանք:
ՏՂԱՄԱՐԴ – Ես քեզ սիրում եմ, իմ Կին…
ԿԻՆ – Ես քեզ սիրում եմ, իմ Տղամարդ… Տա՜ր ինձ տանիք, տա՜ր ինձ դեպի աստղերը…
ՏՂԱՄԱՐԴ – Դեպի հեքիաթ և դեպի աստղերը…
ԿԻՆ – (Մտահոգված ձայնով): Բայց, միգուցե, պետք չէ՞, որ մարդու բոլոր երազանքներն իրականանան: Ինչ-որ բան էլ պիտի անհասանելի մնա, որ մարդը ճախրելու տեղ ունենա, սիրելու տեղ, երազանքներ ու հույսեր: Երազանքներ չունեցող մարդը սպառված է… Ես ուզում եմ երազել վերջին հարկի ու տանիքի մասին, ուր աստղերն ի՛նձ են սպասում…
Կարճատև լռություն և դադար: Հանկարծ կրկին վառվում են նախկին լույսերն, ու լսվում է վերելակի շարժիչի ձայնը: Կինը, հանկարծակիի եկած, դուրս է պրծնում Տղամարդու գրկից:
ԴՐՎԱԳ 3
ԿԻՆ – Այս ի՞նչ եղավ:
ՏՂԱՄԱՐԴ – Լույսերը եկան:
ԿԻՆ – (Հարդարելով մազերն ու շորը): Ի՜նչ ահավոր է…Աչքերս մղկտացին այս լույսից…
ՏՂԱՄԱՐԴ – (Իրեն կարգի բերելով): Իմն էլ: Երկար ճանապարհի համար խորհուրդ է տրվում արևի ակնոց ունենալ: Իսկ քո պայուսակում ավելորդ ակնոց չկա՞:
ԿԻՆ – (Զարմացած հայացք նետելով տղամարդու կողմը): Ներեցեք, իսկ Դուք ո՞վ եք: Եվ ինչու՞ եք Ձեզ թույլ տալիս ինձ հետ «Դու»-ով խոսել և ակնոց պահանջել…
ՏՂԱՄԱՐԴ – (Մեղավոր ձայնով): Ես պարզապես հարցրեցի… (Ուրախացած և զգաստ): Պատիվ ունեմ ներկայանալու: Իմ անունը…
ԿԻՆ – Սպասե՛ք… Մի րոպե… Պե՛տք չէ… Ես անծանոթ տղամարդկանց հետ չեմ ծանոթանում: Առանց այդ էլ՝ ճանապարհը երկար է…
ՏՂԱՄԱՐԴ – Ուրեմն՝ եկեք, այսպես ասած, նախնական ծանոթանանք, քանի որ ճանապարհը երկար է:
ԿԻՆ – (Զարմացած): Երկա՞ր: Բայց ես այնքա՜ն գործ ունեմ անելու…
ՏՂԱՄԱՐԴ – Ես էլ… Ի դեպ, եթե իմ անունը Ձեզ չի հետաքրքրում՝ կարող եք ինձ պարզապես Տղամարդ կոչել:
ԿԻՆ – Տղամա՜րդ… (Հեգնանքով): Ախր, Դուք ի՞նչ տղամարդ:
ՏՂԱՄԱՐԴ – Պայմանական անուն է:
ԿԻՆ – Լավ, պայմանական տղամարդ…
ՏՂԱՄԱՐԴ – Թույլ կտա՞ք իմանալ Ձեր նախնական անունը:
ԿԻՆ – Կին… Ձեզ համար՝ պարզապես Կին:
ՏՂԱՄԱՐԴ – Անչափ ուրախ եմ:
ԿԻՆ – Մի հարցնող լինի՝ ինչու՞ եք այդքան ուրախ:
ՏՂԱՄԱՐԴ – Ամեն օր չես Ձեզ պես հմայիչ կնոջ հանդիպում վերելակում: Չեք հավատա, բայց նախորդ կյանքում վերելակում մի… Մի կնոջ հետ էի: Ուֆֆ… Կյանքս կերավ… Թարսի պես հեռախոսի լիցքն էլ վերջացել էր: Ոչ խաղալ էր լինում, ոչ էլ անգամ եղանակի տեսությունը նայել… Ստիպված այդքան տարի նրան եմ լսել…
ԿԻՆ – Ես հասկացա:
ՏՂԱՄԱՐԴ – (Զարմացած): Ի՞նչ հասկացաք:
ԿԻՆ – (Հեգնական ժպիտով): Ես ամե՜ն ինչ հասկացա…
ՏՂԱՄԱՐԴ – Դե ասե՛ք: Ես անհամբերությունից մեռնում եմ:
ԿԻՆ – (Ինքնագոհ ժպիտով): Ամե՜ն ինչ հասկացա…
ՏՂԱՄԱՐԴ – Խնդրում եմ՝ ասեք, թե ինչ հասկացաք:
ԿԻՆ – Ձեր նմաններն են, որ ուշացումով ներս են խուժում համերգասրահ՝ դուռը ճռռացնելով: Մի կերպ գտնում են իրենց տեղն ու, հերթով բոլորի ոտքերը տրորելով, վերջապես տեղավորվում են նստարանին՝ ինքնագոհ ժպիտավ…
ՏՂԱՄԱՐԴ – Հմ…
ԿԻՆ – Անգամ վերելակից քիչ էր մնում ուշանայիք: Երանի՜ թե ուշանայիք…
ՏՂԱՄԱՐԴ – Բայց հասցրեցի:
ԿԻՆ – Մի թռուցիկ հայացքն էլ հերիք էր, որ ճանաչեմ Ձեզ…
ՏՂԱՄԱՐԴ – Ախր ես…
ԿԻՆ – Մի՛ փորձեք արդարանալ: Այդպես խցկվում եք ամեն տեղ, անգամ՝ համերգասրահ ու վերելակ: (Պաթոսով): Եվ այն պահին, երբ թվում է, թե վերջապես կարելի է վայելել երաժշտությունը… (Հիասթափությամբ): Ես գիտեմ, թե ինչ է լինում:
ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչ է լինում:
ԿԻՆ – Ես գիտեմ…
ՏՂԱՄԱՐԴ – Դե ասե՛ք, խնդրում եմ: Ի՞նչ է լինում:
ԿԻՆ – Հնչում է Ձեր հեռախոսի զանգը… Ուֆֆ, հոգնել եմ այս ամենից…
ՏՂԱՄԱՐԴ – Ես էլ…
Տղամարդն իջեցնում է հայացքը: Կարճատև դադար:
ԿԻՆ – Գիտե՞ք ինչն է հետաքրքիր:
ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչը:
ԿԻՆ – Իրար մոտիկից ճանաչելով՝ մենք անցանք «Դուքի»… Թեև դա, միգուցե, բնական է…
ՏՂԱՄԱՐԴ – Բնակա՞ն է:
ԿԻՆ – Թերևս…
Կարճատև դադար:
ՏՂԱՄԱՐԴ – Իսկ Դուք ի՞նչ եք անում:
ԿԻՆ – Չեք հավատա, եթե անգամ ասեմ:
ՏՂԱՄԱՐԴ – Խնդրում եմ…
ԿԻՆ – Բարձրանում եմ վերելակով:
ՏՂԱՄԱՐԴ – (Ժպտում է): Ես դա նկատեցի: Իսկ ընդհանրապես՝ ի՞նչ եք անում: Կյանքում:
ԿԻՆ – Նույնը:
ՏՂԱՄԱՐԴ – Այսի՞նքն:
ԿԻՆ – Բարձրանում եմ վերելակով:
ՏՂԱՄԱՐԴ – Դա շու՞տ սկսեց:
ԿԻՆ – Երբ ծնվեցի, մի քիչ հասակ առա, սկսեցի խոսել, ու ինձ մանկապարտեզ տարան: Հենց այդ օրվանից…
ՏՂԱՄԱՐԴ – Այդքա՞նը:
ԿԻՆ – Իսկ դա քի՞չ է: Թե՞ Ձեզ թվում է՝ Դուք ինքներդ ուրիշ բան եք անում:
ՏՂԱՄԱՐԴ – Հմ… Չէի մտածել: Ճիշտ եք՝ ես էլ նույնն եմ անում:
ԿԻՆ – Այ տեսնու՞մ եք…
ՏՂԱՄԱՐԴ – Տխուր է…
ԿԻՆ – Տխուր է, բայց սա է կյանքը… C’est la vie, mon chere amie…
ՏՂԱՄԱՐԴ – Իսկ է՞լ ինչ եք անում… Դե, բացի վերելակով բարձրանալը:
ԿԻՆ – Ե՞ս…
ՏՂԱՄԱՐԴ – Դուք:
ԿԻՆ – Ձանձրանում եմ…
ՏՂԱՄԱՐԴ – Դարձյալ չհասկացաք: Նկատի ունեմ՝ կյանքում… Ընդհանրապես…
ԿԻՆ – Ասացի՝ ձանձրանում եմ…
ՏՂԱՄԱՐԴ – Ինչպե՜ս եմ Ձեզ հասկանում…
ԿԻՆ – Մի՞թե տղամարդը կարող է հասկանալ կնոջը…
ՏՂԱՄԱՐԴ – (Վստահ): Կարող է…
ԿԻՆ – (Ասես չլսելով Տղամարդուն և կիսաձայն)… Եվ ցրել նրա ձանձրույթը…
ՏՂԱՄԱՐԴ – (Ավելի անվստահ): Կարող է…
ԿԻՆ – (Թեթևակիորեն շրջվելով դեպի Տղամարդը): Ասացիք՝ ի՞նչ է Ձեր անունը:
ՏՂԱՄԱՐԴ – Տղամարդ:
ԿԻՆ – Ի՜նչ ձանձրալի է…
ՏՂԱՄԱՐԴ – Բայց ես…
ԿԻՆ – Խնդրում եմ՝ լռեք: Թողեք լսեմ վերելակի ձայնը… (Ականջ դնելով) : Հետաքրքիր է՝ մենք ո՞ր հարկինհասանք:
ՏՂԱՄԱՐԴ – Յոթերորդ կամ ութերորդ…
ԿԻՆ – Թեև դա ի՞նչ էական է… Որքա՜ն եք սիրում ճշգրտություն ամեն ինչում…
ՏՂԱՄԱՐԴ – (Մեղավոր ձայնով): Բայց ախր Դուք հարցրեցիք…
ԿԻՆ – Կարող էինք և ավելի ռոմանտիկ պատասխան գտնել… Հենց դրանից եմ ձանձրանում… Ի դեպ, իսկի՞նչ կա վերևում…
ՏՂԱՄԱՐԴ – Ամենավերևու՞մ:
ԿԻՆ – Ըհը:
ՏՂԱՄԱՐԴ – Ասում են՝ երկինքն է…
ԿԻՆ – Ի՜նչ հետաքրքիր է… Ա՜խ, ինչպես կուզեի գոնե մի անգամ այնտեղ հայտնվել… Ասում են, թեև ինքսչեմ հավատում, այնտեղ աստղեր կան ու մի լուսին… Թեթև քամի է, որը խաղում է մազերիդ մեջ ու ալիքումշորիկդ… (Շարժում է շորիկը, իսկ ձեռքով ալիքում մազերը): Դուք այնտեղ եղե՞լ եք:
ՏՂԱՄԱՐԴ – Ավա՜ղ…
ԿԻՆ – Ավաղ այո՞, թե՞ ավաղ ոչ:
ՏՂԱՄԱՐԴ – Չգիտեմ: Կուզեի լինել, բայց ասում են այնտեղից վերադառնալ հնարավոր չէ:
ԿԻՆ – Իսկ ես չէի էլ վերադառնա…
ՏՂԱՄԱՐԴ – Ինչպե՞ս թե չէիք վերադառնա… Բա ամուսի՞նը, բա ճա՞շը, արդուկը, լվացքը…
ԿԻՆ – Ո՜նց եմ ես ձանձրացել բոլորիցդ…
ՏՂԱՄԱՐԴ – Ինձանի՞ց էլ:
ԿԻՆ – Այո՛: Հենց այն պահից սկսած, երբ ներխուժեցիք վերելակ: Անգամ դրանից առաջ: Դուք այնքա՜նկանխատեսելի եք… Դուք միշտ այդպես ներխուժում եք ուրիշի կյանք…
ՏՂԱՄԱՐԴ – (Հառաչում է): Միգուցե… Այսինքն՝ թերևս…
ԿԻՆ – Ես գիտեի… Ես զգում էի… Հրաշքներ չեն լինում, չէ՞:
ՏՂԱՄԱՐԴ – Ես արդեն չգիտեմ… Ես ոչինչ չգիտեմ :
ԿԻՆ – Իհարկե գիտեք: Գիտեք վերելակի արագությունն ու Ձեր մեքենայի կառուցվածքը, չէ՞: Ձմեռայինանվադողեր, շարժիչի յուղ, անվահեծեր և էլի ինչ-որ…
ՏՂԱՄԱՐԴ – Այո, ի՜նչ ճիշտ եք Դուք՝ անվադողերը փոխելու ժամանակն է…
ԿԻՆ – Իսկ Ձեզ մոտ գինի չկա՞:
ՏՂԱՄԱՐԴ – Գինի… Գինի չկա… Ավտոմեքենայի յուղ կա՝ փոքրիկ սրվակով… (Ծոցագրպանից փոքրիկ սրվակ է հանում) :
ԿԻՆ – (Առանց Տղամարդուն նայելու): Պարզ է…
ՏՂԱՄԱՐԴ – (Համակերպված ձայնով սրվակը դնում է գրպանը): Ես ձանձրալի եմ… Խոստովանում եմ…
ԿԻՆ – Ինքնախոստովանությունը դեռևս գործի կեսն է:
ՏՂԱՄԱՐԴ – Այո:
ԿԻՆ – Ե՞վ:
ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչը «Եվ»:
ԿԻՆ – Հետո՞:
ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչը «Հետո»…
ԿԻՆ – Հետևություններ, պարոն Ձանձրալի, հետևություններ…
ՏՂԱՄԱՐԴ – (Մոլորված): Հմ…
ԿԻՆ – Փաստորեն ես ճիշտ էի:
ՏՂԱՄԱՐԴ – Անվադողերի հարցու՞մ: Միանշանակ ճիշտ եք: Փոխելու ժամանակն է:
ԿԻՆ – Սպասե՛ք: Լռե՛ք, խնդրում եմ:
Լռում են մի քանի վայրկյան՝ ականջ դնելով: Վերելակային ձայներ են լսվում:
ԿԻՆ – Սա ի՞նչ ձայն էր:
ՏՂԱՄԱՐԴ – Կարծես ինչ-որ հարկի հասանք:
ԿԻՆ – Երկնքի՞ն:
ՏՂԱՄԱՐԴ – Չեմ կարծում…
ԿԻՆ – Ափսո՜ս…
ՏՂԱՄԱՐԴ – Ափսոս…
ԿԻՆ – Շա՜տ ափսոս…
ՏՂԱՄԱՐԴ – Դուք ուզում եք, որ հասնենք երկնքի՞ն:
ԿԻՆ – Շա՜տ… Շա՛տ եմ ուզում… Շա՜տ կուզեի…
ՏՂԱՄԱՐԴ – Բայց ասում են՝ այնտեղից վերադարձ չկա:
ԿԻՆ – Իսկ ես չեմ էլ ուզում վերադառնալ…
ՏՂԱՄԱՐԴ – Ինչպե՞ս: Բա ամուսի՞նը, ճաշը, լվացքը…
ԿԻՆ – (Սրտնեղված և ձեռ առնելով): Ճա՜շը, լվա՜ցքը… Լռե՛ք, խնդրում եմ… Դուք երբեք չեք հասկանա ինձ:
ՏՂԱՄԱՐԴ – Ինչու՞ չեմ հասկանա:
ԿԻՆ – Որովհետև ես գիտեմ, թե Դուք ով եք:
ՏՂԱՄԱՐԴ – Գիտե՞ք:
ԿԻՆ – (Ընդհատելով): Գիտեմ: Դուք… Դուք ավտոմեխանիկ եք:
ՏՂԱՄԱՐԴ – (Ընդվզելով): Ես ավտոմեխանիկ չեմ:
ԿԻՆ – Դուք հոգո՛վ եք ավտոմեխանիկ՝ շարժիչ, յուղ, ձմեռային անվադողեր… Ես անգամ Ձեր անունըգիտեմ:
ՏՂԱՄԱՐԴ – (Զարմացած): Գիտե՞ք: Որտեղի՞ց:
ԿԻՆ – Գիտեմ: Ձեր անունը Ձանձրույթ է:
ՏՂԱՄԱՐԴ – Հմ… Բայց ես…
ԿԻՆ – Ի՜նչ էլ նեղվածք է այստեղ… Անգամ պարելու տեղ չկա…
ՏՂԱՄԱՐԴ – (Փորձելով սեղմվել դեպի վերելակի անկյունը): Ահավասիկ…
ԿԻՆ – Անիմաստ է… Ես կպարեմ, երբ հասնեմ վերջին հարկին: Դուք վստա՞հ եք, որ դա արդեն երկինքն է:
ՏՂԱՄԱՐԴ – Մի քանի քայլ էլ աստիճաններով, և կհասնեք երկնքնին:
ԿԻՆ – (Ինքն իրեն): Կամ էլ կիջնեմ ամենավարը… Ասում եք՝ ի՞նչ է կոչվում:
ՏՂԱՄԱՐԴ – Նկուղ:
ԿԻՆ – Համարյա Ջրմուղ… Ի՞նչ կա այնտեղ:
ՏՂԱՄԱՐԴ – Հրաշալի հասարակություն…
ԿԻՆ – Իսկ այնտեղ մու՞թ է:
ՏՂԱՄԱՐԴ – Կարելի է լապտեր վառել:
ԿԻՆ – (Տխուր քմծիծաղով): Եթե ես լապտեր ունենայի՝ ինչու՞ պիտի վերելակից օգտվեի: Ի՜նչ միամիտ եքԴուք…
ՏՂԱՄԱՐԴ – Ես լավ իմաստով ասացի…
ԿԻՆ – (Հեգնանքով): Լա՜վ իմաստով…
ՏՂԱՄԱՐԴ – Ի դեպ, կարծես թե հասնում ենք:
ԿԻՆ – Իրո՞ք:
ՏՂԱՄԱՐԴ – Դատելով ձայներից և արագության նվազումից:
ԿԻՆ – Լավ է, որ հասնում ենք: (Հառաչելով): Ամուսինս, լվացքս, ճաշը, արդուկը…
ՏՂԱՄԱՐԴ – (Հոգսաշատ ձայնով): Ես էլ մեքենայիս յուղը պիտի փոխեմ…
ԿԻՆ – Մեքենայի յու՞ղը…
ՏՂԱՄԱՐԴ – (Գրեթե հառաչելով): Մեքենայի յուղը…
ԿԻՆ – Իսկ որտե՞ղ եք փոխելու: Եթե գաղտնիք չէ, իհարկե…
ՏՂԱՄԱՐԴ – Գաղտնիք չէ… Դեռ չգիտեմ…
ԿԻՆ – (Պայուսակից այցեքարտ է հանում և մեկնում Տղամարդուն): Ահա, կարող եք դիմել մերընկերությանը: Մենք քաղաքում լավագույն սպասարկումն ենք ապահովում բոլոր մակնիշներիավտոմեքենաների համար:
ՏՂԱՄԱՐԴ – (Կնոջ ձեռքից վերցնելով այցեքարտը և ուշադիր զննելով): Հմ… Ինչու՞ ոչ… Թերևս, այո… ԻսկՁեր ընկերությունը ձմեռային անվադողեր տրամադրու՞մ է:
ԿԻՆ – Մեքենայի հետ կապված ցանկացած ծառայություն և ցանկացած պահեստամաս: Այդ թվում՝արգելակման կոճղակներ: Երբ դիմեք՝ կնշեք իմ անունը: (Ձայնն իջեցնելով և ձեռքով մազերը հարդարելով): Այդ դեպքում ես իմ տոկոսը կստանամ:
ՏՂԱՄԱՐԴ – (Դարձյալ ուսումնասիրելով այցեքարտը): Բայց այստեղ Ձեր անունը չկա:
Վերելակի կանգ առնելու և դռները բացվելու ձայն:
ԿԻՆ – (Վերելակից դուրս գալով և դեպի Տղամարդը շրջվելով): Իմ անու՞նը:
ՏՂԱՄԱՐԴ – Ձեր անունը:
ԿԻՆ – Կին, պարզապես Կին:
Կինը շրջվում է և գործնական քայլերով անցնում կուլիսներ: Տղամարդը ևս դուրս է գալիս՝ նայելով Կնոջհետևից և չիմանալով անելիքը: Զարմացած նայում է հանդիսատեսին, ապա շրջվում և քայլում կուլիսներիհակառակ կողմը:
Վերջ
Նոյեմբեր 2022 թ.
Երևան