(ԼՈՀԵՆԳՐԻՆԻ ՆԱԽԵՐԳԱՆՔԸ)
Դրամա 3 գործողությամբ
Գործող անձինք`
Պապա (նույն ինքը` Ադամ)
Աղջիկ (Ադամի դուստրը)
Հարևան (նույն ինքը` Ռոբերտ)
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 1
Ստորգետնյա կիսամութ նկուղ-ապաստարան է: Կենտրոնում` բեմին մոտիկ, կլոր սեղան է դրված: Վրան` մի պարզունակ ռադիո, աղոտ պատրույգով վառվող նավթավառ, ինչ-որ գրքեր, թերթեր, բաժակներ ու մի թերմոս: Սեղանի շուրջը նստած են երկու տղամարդ ու մտազբաղ վար են նայում: Հետին պլանում մի պահարան է, բուֆետ և մի մահճակալ, որի վրա քնած մարդ է նշմարվում: Պատին մի բնանկար է` կանաչ ու լուսավոր անտառով, արևով ու սարերով:
Տղամարդկանցից ավելի ջահելը դանդաղ բարձրացնում է հայացքը ու նայում ռադիոյին:
ՌՈԲԵՐՏ – (Ցածր ձայնով): Մի անգամ էլ չփորձե՞նք:
ԱԴԱՄ – (Գրեթե շշուկով): Անիմաստ է:
ՌՈԲԵՐՏ – Մեկ էլ տեսար…
ԱԴԱՄ – Լավ, բայց շատ ցածր: Աղջիկս քնած է: (Հայացք է նետում պատի տակ դրված մահճակալին):
Ռոբերտը զգուշորեն միացնում է ռադիոն ու դանդաղ պտտում ալեորսիչը: Ռադիոյից միայն բաղաձայն աղմուկ է լսվում:
ՌՈԲԵՐՏ – (Բարկացած անջատելով ռադիոն): Արդեն քսանմեկ օր է` ոչ մի հոդաբաշխ ձայն: Ո՜չ մի ալիքով: Գժվե՜լ կարելի է:
ԱԴԱՄ – Իսկ դու մի՛ գժվիր: Գի՛րք կարդա կամ էլ պարզապես մտածիր:
ՌՈԲԵՐՏ – Մտածելուց արդեն սիրտս խառնում է: Գիրք էլ չեմ ուզում կարդալ: Հիմա ինձ միայն Ջելսոմինոյի արկածներն ու Փոքրիկ Իշխանն էին պակաս: Գոնե մի քանի կարգին գիրք բերեիր նկուղ: Կամ էլ` խաչբառների ժողովածու…
ԱԴԱՄ – (Հեգնանքով): Հաջորդ անգամ կբերեմ:
ՌՈԲԵՐՏ – (Սառը ժպիտով): Հաջորդ անգա՜մ… Թող այս մեկը մի հատ մարսենք, հետո հաջորդ անգամի մասին կմտածենք: Անգամ չեմ կարողանում երևակայել, թե ինչ է կատարվում դրսում… Ի՞նչ ես կարծում, հարևան, ի՞նչ է կատարվում…
ԱԴԱՄ – (Մի քանի վայրկյան լռելուց հետո): Երևի արդեն ոչինչ էլ չի կատարվում:
ՌՈԲԵՐՏ – Ախր դու գիտնական ես` ֆիզիկոս: Բան ասա` բան հասկանանք: Ե՞րբ կարող ենք դուրս գալ այս նզովյալ նկուղից:
ԱԴԱՄ – (Նայելով դիմացինի աչքերին): Ի դեպ, այս նզովյալ նկուղն իմ, աղջկաս և քո կյանքը փրկեց:
ՌՈԲԵՐՏ – Դե իհարկե, կներես, հարևան: Բայց ինձ էլ հասկացիր…
ԱԴԱՄ – Հասկանում եմ: Իսկ ի՞նչ ես առաջարկում: Ի՞նչ անենք:
ՌՈԲԵՐՏ – Փորձենք դուրս գալ: Մեկ էլ տեսար` օգնություն եկավ: Այստեղ մեզ ոչ ոք չի գտնի: Գոնե կապ լիներ…
ԱԴԱՄ – Դե ինչ, դու կարող ես դուրս գալ: Ես քո ձեռքը չեմ բռնում: Բայց դուռը ետևիցդ ամուր կփակես:
ՌՈԲԵՐՏ – Վազելով կհասնեմ մոտակա հիվանդանոցին ու օգնություն կբերեմ:
ԱԴԱՄ – (Հեգնական ժպիտով): Վազելո՜վ… Լավ էր… Փորձիր: Եթե, իհարկե, գտնես հիվանդանոցի ավերակները գոնե…
ՌՈԲԵՐՏ – Կարծում ես` այդքան լու՞րջ է վիճակը:
ԱԴԱՄ – Իսկ քեզ թվում է` երազի մե՞ջ ես: Դուրս կգաս դռնից, ու դժնդակ երազդ թմբիրի պես կցրվի՞: Եվ դրսում ահա այսպիսի բնապատկերնե՞ր կտեսնես (Ձեռքով ցույց է տալիս պատից կախված բնանկարը): Սթափվի՛ր, Ռոբերտ: Չկա՛ հիվանդանոցը, չկա՛ քաղաքը: Օգնություն էլ չկա և հազիվ թե լինի: Չգիտեմ` մեր բախտի՞ց էր, թե՞ ճակատագրի քմայաճույքն էր, որ այդ շաբաթ օրը որոշեցի աղջկաս քաղաքից դուրս բերել: Այս գյուղական տունը և այս նկուղը մեր փրկությունը դարձան: Հիշում եմ` ահավոր պայթյունը հորիզոնի վրա քաղաքի ուղղությամբ: Ասես հազարավոր արեգակներ մեկեն ծագեցին երկնակամարում: Հազիվ հասցրեցի աղջկաս գրկել ու վազել այստեղ: Եվ էլի մեր բախտից է, որ իմ նախնիները այսպիսի հաստ պատերով նկուղ են սարքել ու ամեն օր պատրաստ եղել պատերազմի կամ էլ նման մի այլ աղետի, այլապես ոչ ջրի այս պաշարները կունենայինք և ոչ էլ մյուս բարիքները:
ՌՈԲԵՐՏ – Այո…
ԱԴԱՄ – Երեխա էի, երբ պապիկս ինձ այս մեծ գաղտնիքը ցույց տվեց: Նա շատ բան էր տեսել` երեք պատերազմ և այլ արհավիրքներ: Շա՜տ զգուշավոր մարդ էր: Բոլորից գաղտնի նկուղի տակ մի այլ նկուղ էր փորել: Մտել էր կարտոֆիլի հորի միջից ու դույլ առ դույլ հանել հողը` ընդարձակելով տարածքը: Միայն տատիկս էր տեղյակ դրանից: Դե ու մեկ էլ ես: Տասը տարի փորել է մարդը: Պատկերացնու՞մ ես: Տա՜սը տարի… Հետո կողքի սենյակն է փորել, ուր դու ես հիմա քնում: Դա երևի ավելի դժվար է եղել, քանի որ քարի է հանդիպել: Հետո ջրհորի պես մի բան է փորել, կեղտաջերի հեռացման և օդափոխության այս համակարգերը սարքել, դարակներ դրել, աթոռ-սեղան բերել-դրել: Տատիկս էլ, իր հերթին, մոմ, լուցկի, սև օճառ, նավթ ու նավթավառ, փոքրիկ սալօջախ, աղ, բրինձ, ձեթ, ալյուր ու նման բաներ է քիչ-քիչ հավաքել ու բերել այստեղ: Անգամ մկնդեղն ու թակարդները չի մոռացել: Ամռանն ու աշնանը այգու բերք ու բարիքից տարբեր բաներ էր սարքում-փակում ու իջեցնում այստեղ` միաժամանակ բարձրացնելով հները, որ միշտ թարմը մնա այստեղ: Երևի սիրտները մի բան գուշակում էր: Մի քանի տարի առաջ պապս խնդրեց մի հզոր էլեկտրական կուտակիչ բերել: Բերեցի: Չոր վիճակում: Լուծույթները` առանձին շշերով: Հենց իր խնդրանքով մի տեղից հակագազ ու քիմիական պաշտպանության հանդերձանք բերեցի: Երկկողմանի քայլախոս (ռացիա) գնեցի որսորդական խանութից: Հետո պապս հեռուստացույցով արեգակնային մարտկոց տեսավ ու ինձ հետ առանձին խոսեց դրա մասին: Չհասցրեցի սարքել: Ափսո՜ս, իհարկե… Բայց դե էլի ահագին բան է արվել: Շատերը նրան խենթ էին համարում, բայց մարդը հաստատակամ էր ու հավատով տոգորված ինչպես Նոյը: Լռակյաց էր: Նահապետական բարքերի վերջին ապավենն էր, բայց, երևի տարօրինակ կհնչի, թքած ուներ բոլորի կարծիքների վրա: Գերագույն հեղինակությունը նրա համար հենց ինքն էր ու իր ճիշտը: Հավատը հրաշքներ է գործում, Ռոբերտ:
ՌՈԲԵՐՏ – Հետաքրքիր է…
ԱԴԱՄ – Մահվանից առաջ ինձ կանչեց մոտը: Երևի զգում էր, որ գնում է: Իր հնամենի դաշույնն ու հրացանը, որ պատերազմից էիր մնացել, նվիրեց ինձ: Իսկ վերջում կնոջը հրամայեց դուրս գալ սենյակից ու այս նկուղի բանալին դրեց ձեռքս… Միշտ մոտն էր պահում: Ամեն դեպքում` այս ամենը մեր բախտից էր:
ՌՈԲ ԵՐՏ – Հաստա՛տ: Ես էլ իմ բախտից եկել էի քեզանից մկան թակարդ խնդրելու…
ԱԴԱՄ – (Ժպտալով): Փաստորեն` մկները փրկեցին քեզ:
ՌՈԲԵՐՏ – Ես մկներին միշտ իմաստուն կենդանիներ եմ համարել:
ԱԴԱՄ – (Հեգնանքով): Եվ շատ համեղ:
ՌՈԲԵՐՏ – (Զզվանքով): Հիմա սիրտս կխառնի:
ԱԴԱՄ – (Սառը ժպիտով): Չինաստանում և մի քանի այլ երկրներում խորոված առնետը նրբախորտիկ է:
ՌՈԲԵՐՏ – Խնդրում եմ, էլ ո՛չ մի բառ դրանց մասին… Իրոք զզվում եմ:
ԱԴԱՄ – Լավ, բայց մի՛ աղմկիր: Երեխա չես: Աղջիկս կզարթնի: Ավելի լավ է` նա քնի: Այդպես ժամանակը հեշտ է անցնում: Եվ վերջապես` սթափվի՛ր, Ռոբերտ: Զզվես կամ չզզվես` դրանք մեր հիմնական կերակուրն են հիմա: Եվ չմոռանաս` աղջկաս կասես, որ դա ճագարի միս է:
ՌՈԲԵՐՏ – Ճագա՜րի միս…
ԱԴԱՄ – Այո, ճագարի միս: Իսկ քեզ կրկին կասեմ` ժամանակակից միջուկային զենքը Հիրոսիմայի ու Նագասակիի վրա գցվածներից չէ: Հազարապատիկ հզոր է: Սա քեզ որպես ֆիզիկոս եմ ասում:
ՌՈԲԵՐՏ – Իսկ որքա՞ն ժամանակ է պետք, որ այդ թունավոր ամպը ցրվի:
ԱԴԱՄ – Քո ասած թունավոր ամպը վաղուց է ցրվել-գնացել: Քամին իր գործն անում է: Բայց հիմա ամեն ինչ մահվան աղբյուր է: Ամեն մի քար, ամեն մի թուփ ու ծաղիկ… Անգամ ամեն մի դիակ ռադիոակտիվ ճառագայթման երկրորդային աղբյուր է: Անգամ` հողն ու ջուրը: Անգամ անձրևն ու ձյունը: Ամեն ինչ:
ՌՈԲԵՐՏ – Հասկանում եմ… Բայց քանի՞ օր է անցել արդեն:
ԱԴԱՄ – 35:
ՌՈԲԵՐՏ – (Մտածմունքներին տրվելով): 35 օր… Բայց, որքան ե՛ս գիտեմ, ժամանակի ընթացքում այդ քո ասած ճառագայթումը նվազում է և թուլանում:
ԱԴԱՄ – Այո, որոշ նյութերի կիսատրոհման պարբերությունը 30 տարի է, մյուսներին` 400, մի մասինն էլ` հազարավոր տարիներ…
ՌՈԲԵՐՏ – Տեր իմ աստված… 400 տարի…
ԱԴԱՄ – Եթե անգամ 30 լինի: Որևէ տարբերություն չեմ տեսնում:
ՌՈԲԵՐՏ – Ուրե՞մն:
ԱԴԱՄ – Ուրեմն` բավարարվի՛ր եղածով ու մի՛ տրտնջա:
ՌՈԲԵՐՏ – Բայց ի՞նչ անենք: Հո 30 տարի այստեղ չե՞նք փտելու: Սնունդն ու ջուրն էլ վերջանում են, չէ՞:
ԱԴԱՄ – Այո, վերջանում են: Մոմերն էլ է պետք խնամքով օգտագործել: Ռադիոյի մարտկոցներն էլ… Ամե՛ն ինչ:
ՌՈԲԵՐՏ – Իսկ եթե փորձենք դուրս գալ ու քայլել դեպի այնտեղ, ուր ճառագայթումն ավելի թույլ է կամ չկա: Միգուցե մեքենա ճարենք…
ԱԴԱՄ – Մեքենա չենք ճարի: Բոլոր մեքենաները շարքից դուրս են եկել: Ճանապարհներն էլ: Ամեն ինչ: Իսկ ոտքով հեռու չենք գնա. շատ շուտով վայր կընկնենք ու, բառիս բուն իմաստով, կսատկենք: Ճառագայթումը կատակ բան չէ: Հիշու՞մ ես վերջին անգամ ինչ ասաց ռադիոն:
ՌՈԲԵՐՏ – Հիշում եմ… Առնվազն երկու հազար կիլոմետր շառավղով ամեն ինչ ավերված է հիմնահատակ: Միջուկային ձմեռ է իջել Երկրի վրա: Եթե անգամ փրկվածներ կան, ապա միգուցե միայն հեռավոր Սիբիրում, Լատինական Ամերիկայում ու մեկ էլ Ավստրալիայում…
ԱԴԱՄ – (Հեգնանքով): Դե ի՞նչ, քայլենք դեպի Սիբիր կամ Ավստրալիա՞:
Միառժամանակ երկուսն էլ լռում են:
ՌՈԲԵՐՏ – Իսկ ձերոնցից լուր ունե՞ս:
ԱԴԱՄ – Որտեղի՞ց պիտի ունենամ: Միամիտ բաներ ես ասում: Կինս քաղաքում էր պայթյունի պահին, իսկ տղաս` բանակում: Դեռ մինչև պայթյունը նրանից քանի օր լուր չկար: Չէ՛, անհու՛յս է…
ՌՈԲԵՐՏ – (Մի պահ տխուր լռելով): Գիտե՞ս, հարևան, առաջին անգամ ուրախացա, որ ամուսնացած չեմ եղել:
ԱԴԱՄ – Իհարկե, դա իր առավելություններն ունի: Հնարավոր չէ կորցնել այն, ինչ չունես:
ՌՈԲԵՐՏ – Փիլիսոփայում ես… Իսկ ես վստահ եմ, որ օգնությունը գալու է: Ներքին մի հույս կա: Փրկարարներն ի վերջո գլխի կընկնեն, որ բոլորը չեն զոհվել: Գյուղ տեղերում փրկված մարդիկ կան: Մեր ետևից կգան: Անպայման կգան:
ԱԴԱՄ – Չգիտեմ… Մեկը լինի` փրկարարներին փրկի: Դու գեղարվեստական ֆիլմերի ազդեցության տակ ես: Գալիս է ազգային գվարդիան ու բոլորին փրկում-տանում մի հրաշալի տեղ:
ՌՈԲԵՐՏ – Դե լա՜վ… Այդքան էլ միամիտ չեմ: Բայց կարծում եմ, որ կենդանի են մնացել իշանություն ունեցող մի քանի պայծառ գլուխներ, որոնք հասկանում են, որ կենդանի մնացած ամեն մի արարած մարդկության գենոֆոնդի կարևորագույն մասնիկն է: Նրանք ի վերջո կսկսեն հավաքել բոլոր առողջ կենդանի մնացածներին մի ապահով վայրում, որ մարդկությունը շարունակի իր գոյությունը:
ԱԴԱՄ – Դու ի՞նչ մասնագիտություն ունես, Ռոբերտ:
ՌՈԲԵՐՏ – Ես ազատ մտածող եմ ու անկախ փիլիսոփա: Մասնագիտություն չունեմ:
ԱԴԱՄ – Պարզ է… Հիմա հասկացա, թե որտեղից է գալիս լավատեսությունդ:
ՌՈԲԵՐՏ – Ես լավատես չեմ: Ես իրատես եմ:
ԱԴԱՄ – Սիրելիդ իմ իրատես: Երևի լավ չես պատկերացնում, թե ինչ է կատարվել: Եթե անգամ մնացել են չվարակված օջախներ (մի բան, որում խիստ կասկածում եմ), միևնույնն է` աշխարհը վարակված է, համաշխարհային օվկիանոսը` ևս, ամբողջ մթնոլորտը (եթե այն կա) վարակված է ճառագայթումով: Փոշու ու հողի միլիոնավոր տոննաներ փակել են երկնակամարը: Օզոնային պաշտպանիչ շերտը հաստատ վերացել է: Դրա վերականգնման համար բարենպաստ պայմաններում հազարավոր տարիներ են պետք: Իսկ առանց դրա` տիեզերական ճառագայթները կսպանեն ամեն ինչ: Ուտելիք չկա: Եթե անգամ ինչ-որ տեղ մնացել են սննդամթերքի և ջրի որոշ պաշարներ, ապա դրանց համար կռիվներ ու պատերազմներ կլինեն: Բացի այդ` ուտելիքն ու ջուրը դեռ ամենը չեն: Մարդուն արեգակի լույս է պետք: Արհեստական լուսավորության պայմաններում մարդը երկար չի դիմանա:
ՌՈԲԵՐՏ – Շատ մռայլ ես ներկայացնում ամեն ինչ:
ԱԴԱՄ – (Ձայնն իջեցնելով, բայց բորբոքված): Դե հիմա արի մտածենք, թե այս պայմաններում, որ նկարագրեցի, ինչպե՞ս կարելի է ապրել ու, թող ներվի ինձ այս բառիս համար, բարգավաճել: Խելքին մո՞տ բան է: Մի բան էլ կա, որի մասին մոռանում ենք: Մարդը սոցիալական երևույթ է: Իհարկե կան ճգնավորներ, որոնք առանձնանում են հասարակությունից ու ապրում իրենց աղոթքներով կամ գաղափարներով:
ՌՈԲԵՐՏ – Նիրվանային հասնելու համար:
ԱԴԱՄ – Թող հասնեն: Որախ եմ նրանց համար: Բայց գիտե՞ս ինչն է փրկում նրանց:
ՌՈԲԵՐՏ – Ի՞նչն է փրկում նրանց:
ԱԴԱՄ – Փրկում է այն, որ նրանցից հեռու գոյություն ունի մարդկային հասարակությունը: Այլապես նրանց ճգնությունն ու նիրվանան էլ անիմաստ կդառնային: Լավ թե վատ` այդ հասարակությունը պահում է ինքն իրեն: Թեև բաղկացած է առանձին անհատներից (և դա լավ է), բայց գործում է որպես մի ամբողջական համակարգ: Մրջնանոցի հետ համեմատիր: Մրջյուններն իրար մասին միգուցե և տեղեկություն չունեն, բայց նրանց միավորում է անտեսանելի հասարակական կապող ուժը, կենտրոնաձիգ գաղափարը, միասնականության հոգևոր էներգիան:
ՌՈԲԵՐՏ – Դա շատ հետաքրքիր է, բայց ինչու՞ ես ասում:
ԱԴԱՄ – Նրա համար, որ հասարակական արդի հարաբերությունները վերացած են այլևս: Մարդկային հոտի արժեքներն են իշխելու, եթե իհարկե այդ հոտը պահպանվի: Մնալու են բնազդային սպասելիքներն ու պահանջները` ուտել, խմել, պաշտպանվել… Միգուցե` բազմանալ…
ՌՈԲԵՐՏ – Ինչու՞ ես արհամարհում վերջին դրույթը: Բազմանալն էլ առաջնային բնազդների մաս է կազմում: Բացի այդ, միայն այդպես մարդկությունը կկարողանա շատանալ և լցնել մոլորակի ազատ տարածությունը: Ինչպես հին ժամանակներում:
ԱԴԱՄ – Լավ ես ասում, սակայն գիտես, որ բազմանալու համար մոտիկ արյունակցական կապը պիտի բացառվի, այլապես սերունդը հիվանդ կլինի և ամուլ: Առաջներում հարս էին բերում հեռու գյուղերից: Հետագայում հայտնվեցին մեծ քաղաքները, որտեղ հավաքվում էիր իրար հետ արյունակցական կապ չունեցող անհատները: Հիմա այդ վիճակը չի լինելու: Հասկանու՞մ ես: Կենդանի մնացած և մեկ տեղում հավաքված մարդկանց քանակը բավարար չէ բազմացման համար, եթե անգամ մի կողմ դնենք անձնական համակրանքն ու սերը, որոնք ևս անհրաժեշտ են առողջ սերունդ տալու համար:
ՌՈԲԵՐՏ – Շատ տրամաբանակ դատողություններ ես անում: Բայց…
ԱԴԱՄ – Էլ ի՞նչ «Բայց»…
ՌՈԲԵՐՏ – Տրամաբանորեն դու ճիշտ ես: Բայց ես հավատում եմ հրաշքներին: Աստված մեզ չի թողնի այս վիճակում:
ԱԴԱՄ – Աստվա՜ծ… Քո հույսը աստծո վրա՞ ես դրել:
ՌՈԲԵՐՏ – Աստծո և մեր բանականության: Դու էիր ինձ պատմում այդ երկու ուժերի հիասքանչ համադրության մասին:
ԱԴԱՄ – Այո, պատմում էի: Եվ կրկին կարող եմ պատմել: Բայց ավելի ու ավելի եմ գալիս այն եզրահանգմանը, որ այս ամենը հենց Աստծո պատիժն է: Առաջին անգամ ջրով, երկրորդ անգամ կրակով: Սա հենց կրակն է, որ կա: Սա Աստծո կամքն է, Ռոբերտ: Դրանից չես փախչի: Ես, ավելի քան որևէ մեկը, կցանկանայի, որ քո ասածի պես լիներ: Ես արդեն համակերպվել եմ այն մտքի հետ, որ կինս ու որդիս կենդանի չեն, բայց ես աղջի՜կ ունեմ: Կենսուրախ մի արարած, որը հույսով սպասում է ապագայի լավ օրերին: Մի՞թե ես չէի ցանկանա, որ քո ասած փրկարարները գային ու գոնե աղջկաս փրկեին: Բայց արդեն 35 օր է անցել: Դու հասկանու՞մ ես: 35 օր: Մի ամբողջ հավերժություն: Դեռ ի՞նչ հույսեր պիտի փայփայեմ ես: Առողջ բանականությունս ասում է, որ վերջը հեռու չէ:
ՌՈԲԵՐՏ – Մի՛ կորցրու հույսդ, հարևան: Հանուն քո աղջկա…
ԱԴԱՄ – Սրտիս թույլ տեղին ես դիպչում: Այո՛, աղջիկս… Նա՛ ինձ է հույս տալիս, իսկ ես ապրում եմ, որ պահեմ ու պաշտպանեմ նրան… Հույսով ու հեքիաթներով:
ԱԴԱՄ – Հույսը վերջինն է մեռնում: Եթե այդ հույսն էլ չլիներ` իմաստ չէր ունենա ապրելը:
Երկուսն էլ լռում են: Ադամը նայում է պատից կախված բնանկարին, իսկ Ռոբերտը` քնած աղջկան:
ՌՈԲԵՐՏ – Լսիր, հարևան, պատմիր ինձ աղջկադ մասին:
ԱԴԱՄ – Ի՞նչ պատմեմ: Մի՞թե այս օրերի ընթացքում ամեն ինչ չիմացար:
ՌՈԲԵՐՏ – Դե ես իմացա միայն առերես երևացող բաները: Դու պատմիր ինձ այն, ինչը բարձրաձայն չի ասվում: Ես զավակ չեմ ունեցել երբեք: Չգիտեմ դա ինչ բան է: Քույրս երեխաներ ուներ, բայց վաղուց նրանց չեմ տեսել:
ԱԴԱՄ – (Նայում է քնած աղջկան, ապա հայացքը փոխանցում Ռոբերտին ու ավելի իջեցնում ձայնը): Մի անգամ աղջիկս փրկել է իմ կյանքը:
ՌՈԲԵՐՏ – (Հետաքրքրությունից փայլող աչքերով): Պատմի՜ր, խնդրում եմ:
ԱԴԱՄ – Չգիտեմ…. Դա այնքա՜ն անձնական է…. Հետո կպատմեմ:
ՌՈԲԵՐՏ – Ի՞նչ ունես կորցնելու: Պատմիր…
ԱԴԱՄ – Դե լավ: Միայն թե ավելորդ հարցեր ու ռեպլիկներ քեզ թույլ չտաս:
ՌՈԲԵՐՏ – Խոստանում եմ:
ԱԴԱՄ – (Մի քանի վայրկյան լռում է): Կյանքն այնքան պարզ չէ, որքան թվում է մանկության ու պատանեկության օրերին: Պահեր են լինում, երբ ուզում ես մոռանալ ոչ միայն անցյալդ, այլև ներկադ ու անգամ ապագադ… Երբ կիրակիներն անվերջ են դառնում, ու միակ բանը, որ երազում ես, ուշ զարթնելն ու ժամանակ սպանելն է մինչև երկուշաբթի, երբ առօրյա հոգսերի ու աշխատանքի թմբիրի մեջ կարող ես մոռանալ անցյալդ, ներկադ ու ապագադ… Այդպիսի մի կիրակի օր աղջկաս տարա մանկական զբոսայգի: Գիտես` կամրջի հարևանությամբ, ուր նաև սպորտային հրապարակներ ու շատրվաններ կան:
ՌՈԲԵՐՏ – Այո, գիտեմ: Նաև շատ վարդենիներ կան: Մի անգամ այնտեղ ժամադրվել եմ մի գեղեցկուհու հետ:
ԱԴԱՄ – Այո, կան կամ, ավելի ճիշտ, կային… Ինչևէ: Աղջկաս հետ գնացինք զբոսանքի: Մինչ նա խաղում էր ու վազվզում այլ երեխաների հետ, ամբողջ կյանքս անցավ` հիշողությանս ալիքներին թառած: Աչքս անընդհատ կամրջին էր: Ինքս էլ չիմացա, թե ինչպես եմ վերկացել ու քայլել դեպի կամուրջը: Անգամ չէի հասկանում, թե ինչ եմ անում: Քայլերս իրենք իրենց տանում էին ինձ: Ամեն ինչ մոռանալու ու անեզր հոգեկան տվայտանքներին վերջ տալու հույսով միայն… Երևի բավականին հեռացել էի, երբ աղջկաս ձայնը կանգնեցրեց ինձ` Պապա, ու՞ր ես գնում… Ես կանգ առա ու պապանձվեցի: Չէի կարողանում շարժվել: Դստրիկիս ձայնն ինձ հետ էր կանչում, մինչդեռ աչքերս տանում էին ինձ դեպի ամենափրկիչ կամուրջը: Այդ պահին աղջիկս հասավ ինձ, բռնեց ձեռքս ու, բառիս բուն իմաստով, կյանքի վերադարձրեց ինձ: Վերադարձի ճանապարհին էլ շարունակ կամրջին էի նայում, բայց կյանքի ծարավն ավելի հզոր գտնվեց: Այսքանը…
Ռոբերտը լուռ նայում է Ադամին, ապա հայացքը շեղում դեպի քնած երեխան ու հետո կրկին նայում հարևանին:
ԱԴԱՄ – Էլի բաներ են եղել, բայց հիմա չեմ կարող պատմել:
ՌՈԲԵՐՏ – Իհարկե, իհարկե… Պետք չի պատմել…
Երկուսն էլ լռում են ու նայում ռադիոյին:
ՌՈԲԵՐՏ – Լավ… Ես երևի պառկեմ քնելու: Երևի արդեն շատ ուշ է:
ԱԴԱՄ – (Մտազբաղ): Այո, շատ ուշ է…
ՌՈԲԵՐՏ – Իսկ դու չե՞ս ուզում քնել, հարևան: Այդպես ժամանակը շուտ է անցնում, ու քաղցն էլ այդքան չի տանջում:
ԱԴԱՄ – (Հայացքը տակավին ռադիոյին հառած): Ոչ, քունս չի տանում: Ես դեռ կնստեմ:
ՌՈԲԵՐՏ – Բայց ի՞նչ ես անելու:
ԱԴԱՄ – Փորձելու եմ մոռանալ անցյալս, ներկաս ու ապագաս:
ՌՈԲԵՐՏ – Դրա համար քեզ քնաբեր է պետք:
ԱԴԱՄ – Ո՛չ, անցյալը մոռանալու համար լավ հիշողություն է պետք:
ՌՈԲԵՐՏ – Դա հեշտ չի:
ԱԴԱՄ – Անձամբ ես ավելի բարդ բան չգիտեմ: Անցի՛ր կողքի նկուղը: Համ խռռոցդ չի խանգարի աղջկաս, համ էլ` առնետների թակարդները կստուգես:
ՌՈԲԵՐՏ – Մի բան բացատրիր ինձ, խնդրում եմ: Ինչպե՞ս է, որ միայն առնետները կենդանի մնացին պայթյունից հետո:
ԱԴԱՄ – Ի վերջո ամեն ինչ առնետներին է մնում: Կյանքի օրենքն է:
ՌՈԲԵՐՏ – Իսկ եթե առանց փիլիսոփայությա՞ն:
ԱԴԱՄ – Դրանք գետնի տակ են ապրում, խոր տեղերում, և ավելի պաշտպանված են: Եվ դրանց կենսական պահանջները մեծ չեն` ուտել, բազմանալ ու տաշել ժանիքները:
ՌՈԲԵՐՏ – Եվ նաև կեր դառնալ մեզ համար… Նորից սիրտս խառնեց… Լավ, ես գնացի: Ռադիոընդունիչն էլ կտանեմ հետս: Մեկ էլ տեսար` մի բան լսեցի:
ԱԴԱՄ – Մարտկոցները կխնայես: Բարի գիշեր, հարևան, և բարի երազներ:
ՌՈԲԵՐՏ – (Դուրս գալով նկուղի դռնից): Բարի գիշեր:
Ադամը փչում-հանգցնում է մոմը: Ամեն ինչ թաղվում է խավարի մեջ, միայն անհասկանալի մի աղոտ լույս է ընկած պատից կախված բնանկարի վրա:
Վարագույր
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 2
Նույն ստորգետնյա կիսամութ նկուղ-ապաստարան է: Ադամն անշարժ կանգնած նայում է պատին կախված բնանկարին: Այդ պահին պատի տակ դրված մահճակալի վրայի ծածկոցը շարժվում է: Ադամը հայացքը թեքում է դեպի մահճակալը:
ԱՂՋԻԿ – Բարի լույս, պապա:
ԱԴԱՄ – (ժպտալով մոտենալով մահճակալին): Բարի լույս, աղջիկս:
ԱՂՋԻԿ – Արդեն առավո՞տ է:
ԱԴԱՄ – (Նայելով ձեռքի ժամացույցին): Այո, իհարկե, արդեն առավոտ է:
ԱՂՋԻԿ – (Նստելով մահճակալին): Պապա, մի հրաշալի՜ երազ եմ տեսել: Կուզե՞ս պատմեմ:
ԱԴԱՄ – (Ժպտալով): Իհա՛րկե կուզեմ: Պատմի՛ր:
ԱՂՋԻԿ – Հրաշալի տաք օր էր: Ես, դու, մաման ու ապերը գնացել էինք մի հրաշալի տեղ, երևի` ծով, բայց ծովը չէր երևում: Ես անընդհատ շտապում էի, որ արագ փոխեմ շորերս ու վազեմ ծովափ: Հետո հայտնվեցի մի շատ սիրուն անտառում: Քայլում էի արահետով: Ծառերի տերևների արանքից արևի շողերն էին ծիկրակում: Ու ես վստահ էի, որ այդ արահետն ինձ դեպի ծով է տանում: Վազում էի ամբողջ ուժով, բայց շա՜տ դանդաղ էի առաջ գնում: Մեկ էլ նկատեցի, որ իմ հետևից դու ես գալիս: Դու էլ էիր վազում, բայց ինձ չէիր հասնում: Ու մեկ էլ երազում զգացի ծովի հոտն ու ալիքների ձայնը…
Աղջիկը լռում է:
ԱԴԱՄ – Հետո՞… Ծովը չտեսա՞ր:
ԱՂՋԻԿ – Չէ, պապա, չտեսա… Միայն ալիքների ձայնն էի լսում… Գիտե՞ս ինչու չտեսա:
ԱԴԱՄ – Ինչու՞:
ԱՂՋԻԿ – Որովհետև ես ծով իրականում երբեք չեմ տեսել: Չգիտեմ ինչպիսին է այն: Միայն քո պատմածներից գիտեմ:
ԱԴԱՄ – Հրաշալի երազ է, աղջիկս: Դե հիմա արի սեղանի մոտ` նախաճաշելու:
Աղջիկը մոտենում է սեղանին ու նստում: Ադամը պահարանից ինչ-որ բան է հանում, ինքն էլ նստում սեղանի մոտ ու ուժեղացնում նավթավառի լույսը:
ԱՂՋԻԿ – Պապա, սա ի՞նչ է:
ԱԴԱՄ – Սա կոմպոտ է: Մրգերից ու շաքարից պատրաստված անուշ:
ԱՂՋԻԿ – Ի՜նչ համեղ է… Հիշեցի՛: Մի անգամ հիվանդ էի, ու մաման սրանից էր տալիս ինձ, որ շուտ առողջանամ:
ԱԴԱՄ – Այո, լավ հիշեցիր: Ինձ էլ թեյ լցնեմ:
Ադամը սեղանին դրված թերմոսից թեյ է լցնում իր համար:
ԱՂՋԻԿ – Շա՜տ համով է… Թե չէ` արդեն զզվեցի այդ ճագարի մսից:
ԱԴԱՄ – Ճագարի միսն էլ է համով ու շատ օգտակար: Քեզ ասել եմ, չէ՞, որ մսի մեջ շատ սպիտակուցներ կան: Դրանք մարդուն ուժ են տալիս:
ԱՂՋԻԿ – (Անտարբեր): Պապա, իսկ ռադիոն ու՞ր է:
ԱԴԱՄ – Ռոբերտը տարավ իր հետ, որ փորձի ինչ-որ բան լսել:
ԱՂՋԻԿ – Երանի՜ լավ լուրեր լսի… Ես շա՜տ եմ կարոտել մամային ու ապերին: Ու մեր տունը:
ԱԴԱՄ – Հուսանք, որ կլսի ու մեզ կասի:
ԱՂՋԻԿ – (Ախորժակով ուտելով): Պապա, ուզում եմ ինձ պատմես ծովի մասին:
ԱԴԱՄ – Նորի՞ց: Ախր երեկ պատմեցի:
ԱՂՋԻԿ – Ուզում եմ… Ես շատ եմ սիրում ծովը:
ԱԴԱՄ – Ախր դու դեռ ծովը չես տեսել: Ինչպե՞ս կարող ես սիրել:
ԱՂՋԻԿ – Միևնույնն է` ուզում եմ:
ԱԴԱՄ – Լավ, կպատմեմ: Ես ծովը հեռու՜ մի երկրում եմ տեսել, ուր ինձ գործուղման էին ուղարկել: Ես էլ, քո երազի պես, նախ լսեցի ծովի ձայնը ու զգացի նրա հոտը: Հետո ևս մի քանի քայլ արեցի ու տեսա… Դա հրաշքի պես է, գրեթե` աննկարագրելի մի երջանկություն: Որոշել էի անմիջապես հանվել ու նետվել ջուրը, սակայն ծովի հանդեպ ներքին մի ակնածանք ինձ թույլ չէր տալիս դա անել: Հանեցի կոշիկներս, գուլպանես, բարձրացրեցի տաբատիս փողկերը ու ոտքերս թրջեցի ծովի ջրով…
ԱՂՋԻԿ – (Ոգևորված): Ուխխ…
ԱԴԱՄ – Ու այդպես` ոտաբոբիկ քայլեցի առափնյա ավազի վրայով: Ալիքները գալիս էին ու ծածկում ոտնաթաթերս, անգամ թրջում տաբատիս փողկերը, բայց ես այնքան երջանիկ էի… Ծովը մեծ երջանկություն է…
ԱՂՋԻԿ – Ընտանիքի ու տան պե՞ս:
ԱԴԱՄ – Այո, ընտանիքի ու տան պես:
ԱՂՋԻԿ – Էլի պատմիր:
ԱԴԱՄ – Հետո նստեցի մի ավազաթմբի վրա ու կախարդվածի պես երկա՜ր նայում էի ծովին: Անգամ չնկատեցի, թե ինչպես իջավ երեկոն: Արեգակն արդեն մայր էր մտնում` ասես մի հսկայական նարինջ, որը սուզվում է ծովի խորքը: Ու ալիքների ձայնը խառնվում է թռչունների ճռվողյունին… Այդ պահին անսահման երջանկության զգացումն է պարուրում քեզ: Բոլոր առօրեական հարցերն այնքա՜ն ճղճիմ ու անցողիկ են դառնում… Այդ պահին հասկանում ես, որ դու բնության մի մասնիկն ես: Հենց դա է երջանկությունը… Միայն մի բանի համար էի ափսոսում:
ԱՂՋԻԿ – Որ չլողացա՞ր:
ԱԴԱՄ – (Ժպտալով): Ո՜չ… Որ դու ինձ հետ չէիր:
ԱՂՋԻԿ – Է՜, պապա, ախր ես դեռ չէի ծնվել այդ ժամանակ:
ԱԴԱՄ – Ճիշտ ես ասում: Չէի մտածել դրա մասին:
ԱՂՋԻԿ – Բայց մենք միասին կգնանք ծովը տեսնելու, չէ՞:
ԱԴԱՄ – Իհարկե՛, անպայման կգնանք:
ԱՂՋԻԿ – Բայց դա ե՞րբ կլինի: Ես չեմ դիմանում արդեն:
ԱԴԱՄ – (Շոյելով աղջկա մազերը): Անպայման կգնանք:
ԱՂՋԻԿ – Բայց ե՞րբ…
ԱԴԱՄ – Քեզ արդեն բացատրել եմ. երբ թունավոր ամպը ցրվի-գնա:
ԱՂՋԻԿ – Գիտեմ` հիմա կասես, որ պետք է ֆիզիկա ու մաթեմատիկա պարապել դա հասկանալու համար:
ԱԴԱՄ – (Ժպտալով ու սեղանի կույտից թուղթ ու մատիտ ջոկելով): Ճիշտ էլ գիտես: Եթե կոմպոտդ խմեցիր ու կշտացար, հիմա մի քիչ կպարապենք:
ԱՂՋԻԿ – Ես ուզում եմ նկարել: Հետո կպարապենք: Դու ես ասել, որ նկարչությունն էլ է կարևոր զարգացած մարդ դառնալու համար:
ԱԴԱՄ – Այո, շատ կարևոր է:
ԱՂՋԻԿ – Դե ես մի քիչ նկարեմ…
ԱԴԱՄ – Նկարիր; Բայց ի՞նչ ես նկարելու:
ԱՂՋԻԿ – Կռահիր: Դու ունես երեք փորձի իրավունք:
ԱԴԱՄ – (Ճակատը շփելով): Մեր տնա՞կը:
ԱՂՋԻԿ – Չիմացար: Կրկին փորձիր:
ԱԴԱՄ – Խաղահրապարակ ու երեխանե՞ր:
ԱՂՋԻԿ – (Փոքր-ինչ հիասթափված ձայնով): Վերջին փորձդ է:
ԱԴԱՄ – Երևի մեր ընտանիքը: Հա՞…
ԱՂՋԻԿ – Տաք է, տաք է…
ԱԴԱՄ – Հմմ… Չգիտեմ: Հանձնվում եմ:
ԱՂՋԻԿ – Պապա, ախր դա այնքան պարզ է…
ԱԴԱՄ – Չգիտեմ: Դու՛ ասա:
ԱՂՋԻԿ – Մեր ընտանիքը ծովի ափին:
ԱԴԱՄ – Դե հա… Ո՜նց մտքով չանցավ…
ԱՂՋԻԿ – Հիմա կնկարեմ:
Աղջիկը առաջն է դնում թուղթը ու սկսում նկարել: Ադամը հիացած նրան է նայում:
ԱՂՋԻԿ – (Նկարելով ու լեզուն պտտացնելով): Սա, ուրեմն, ծովն է: Տես ի՜նչ սիրուն են ալիքները: Սրանք դելֆիններ են: Սա էլ ավազով պատված ափն է: Ավազը սպիտա՞կ է:
ԱԴԱՄ – Այո, սպիտակ է:
ԱՂՋԻԿ – Սա ես եմ, սա` դու, սա` մաման, իսկ այս գզգզված մազերով տղան` ապերը: Հա, չմոռանամ, սա էլ արեգակն է: Իսկ հեռվում մի առագաստանավ է, որի վրա ծովահեններ են:
ԱԴԱՄ – Ծովահեննե՞ր: Դրանց որտեղի՞ց մոգոնեցիր: Ես քեզ ծովահենների մասին չեմ պատմել:
ԱՂՋԻԿ – Ես կարդացել եմ մի գրքում, որ ծովերում անպայման ծովահեններ պիտի լինեն: Մի մասը բարի, իսկ մյուսները` չար:
ԱԴԱՄ – Լա՜վ… Իսկ այս կետիկնե՞րն ինչ են օդում ու ալիքների վրա: Ճանճե՞ր:
ԱՂՋԻԿ – (Հանդիմանությամբ): Պապա, ախր դու ո՞նց չես հասկանում: Դա ծովի հոտն է: Դու էիր պատմում քիչ առաջ:
ԱԴԱՄ – (Սրտանց ժպտալով): Ահա, իհա՛րկե: Մոռացել էի: Իրոք որ… Ի՞նչ ծով առանց ծովի հոտի:
ԱՂՋԻԿ – Ահա, վերջացրեցի:
ԱԴԱՄ – Չմոռանաս անունդ գրել և ամսաթիվը դնել:
ԱՂՋԻԿ – (Անհամբեր): Գիտեմ, գիտեմ… Հարյուր անգամ ասել ես: Որ հետո նայենք ու հիշենք:
ԱԴԱՄ – Այո: Որ հետո նայենք ու հիշենք:
ԱՂՋԻԿ – Պապա, իսկ այսօր ո՞ր օրն է:
ԱԴԱՄ – (Լրջանալով): 36-երորդ, աղջիկս… 36-երորդ…
ԱՂՋԻԿ – Գրե՞մ «36-երորդ օր»:
ԱԴԱՄ – Ոչ… Ավելի լավ է ամսաթիվը դնես: Ահա, արտագրիր ժամացույցիս վրայից:
ԱՂՋԻԿ – Իսկ տարեթի՞վը:
ԱԴԱՄ – Դու գիտես տարեթիվը:
ԱՂՋԻԿ – (Գրելով): Գիտեմ, գիտեմ: Գրեցի… Ահա, տե՛ս:
ԱԴԱՄ – (Զննելով նկարը): Հրաշալի է, աղջիկս: Հրաշալի նկար է:
ԱՂՋԻԿ – Երբ մաման ու ապերը գան` նրանց ցույց կտանք:
ԱԴԱՄ – (Մեկեն լրջանալով): Այո, անպայման ցույց կտանք:
ԱՂՋԻԿ – Պապա, գիտե՞ս ինչ էի հիշել:
ԱԴԱՄ – Ի՞նչ:
ԱՂՋԻԿ – Հիշու՞մ ես` մի անգամ դու առանձին էիր ապրում, քանի որ ուշ էիր վերջացնում աշխատանքդ: Ես այնքա՜ն էի կարոտում քեզ… Այնքա՜ն էի ուզում տեսնել քո տունը: Ու մի օր դու ինձ վերցրեցիր դպրոցից ու միասին գնացինք քո տուն: Հիշու՞մ ես:
ԱԴԱՄ – Այո, հիշում եմ: Լավ օր էր:
ԱՂՋԻԿ – Իմ ամենաերջանիկ օրերից մեկն էր: Միասին իտալական սուրճ խմեցինք ու երդվեցինք, որ մամային չենք ասի դրա մասին: Դու շատ ծիծաղելի բաժակ էիր բերել հեռու մի երկրից: Հիշու՞մ ես: Բաժակի մեջ հանգցրած ծխախոտ էր, բայց ոչ թե իսկական, այլ… ուֆֆ, այդ բառը էլի մոռացա…
ԱԴԱՄ – Կերամիկական:
ԱՂՋԻԿ – Ահա՛, գրաֆիկական: Հետո տարբեր խաղեր խաղացինք, զրուցեցինք: Անգամ մի նոր խաղ հնարեցինք:
ԱԴԱՄ – (Գրեթե աննկատ հոգոցով): Այո, լավ օր էր…
ԱՂՋԻԿ – Հետո դու ինձ ճանապարհեցիր տուն…
ԱԴԱՄ – Դու էլ ամուր բռնել էիր ձեռքս:
ԱՂՋԻԿ – Շա՜տ ամուր: Ես այնքա՜ն չէի ուզում բաժանվել քեզանից: Այնքա՜ն լավ էր քեզ հետ… Ես անհանգստանում էի քեզ համար, թե որտեղ ես ապրում, ինչ ես ուտում, որտեղ ես քնում… Բայց երբ տեսա` հանգստացա:
ԱԴԱՄ – Այո, հրաշք օր էր… Տաք ու ջերմ:
ԱՂՋԻԿ – Ահա… Գիտե՞ս, պապա, հետո, երբ մենք հայտնվեցինք այս նկուղում, ես շատ ուրախացա:
ԱԴԱՄ – Ուրախացա՞ր:
ԱՂՋԻԿ – Այո, ուրախացա, որ պիտի կրկին միասին լինենք: Միայն ափսոս, որ իտալական սուրճ չկա ու այն բաժակը: Մեկ էլ կուզեի, որ մաման ու ապերը մեզ հետ լինեին:
ԱԴԱՄ – Երևի մի օր կլինեն:
ԱՂՋԻԿ – Ինչու՞ ես ասում` երևի…
ԱԴԱՄ – Հասկանու՞մ ես, աղջիկս, մեծ ռումբ է պայթել…
ԱՂՋԻԿ – Դա գիտեմ: Դու ինձ գրկեցիր ու վազեցիր այստեղ: Ահավոր ձայն եկավ ու պատերը դղրդում էին: Ես այնքան էի վախեցել… Այնքան ուժեղ էի գրկել քո ձեռքը, որ իմ մատներն էին ցավում:
ԱԴԱՄ – (Փորձելով ժպտալ): Անգամ իմ մատները ցավացին:
ԱՂՋԻԿ – Պապա, բայց եթե այդ օրը մենք չգայինք գյուղ ու մնայինք քաղաքում, հիմա բոլորս միասին կլինեինք, չէ՞: Ես, դու, մաման ու ապերը: Ապերը պիտի բանակից արձակուրդ գար:
ԱԴԱՄ – Երևի միասին կլինեինք…
ԱՂՋԻԿ – Կրկին ասում ես` երևի: Հաստա՛տ միասին կլինեինք:
ԱԴԱՄ – (Տխուր ժպիտով): Հաստա՛տ միասին կլինեինք:
ԱՂՋԻԿ – Ի՜նչ լավ կլիներ…
ԱԴԱՄ – Շատ լավ կլիներ…
ԱՂՋԻԿ – Դե ոչինչ, պապա, դեռ կլինենք միասին: Ինձ Ռոբերտն ասաց, որ փրկարար մարդիկ են գալու ու բոլորիս հանելու են այստեղից ու տանելու են մի լավ տեղ, ուր թունավոր ամպը չի հասել:
Ադամը շվարած նայում է աղջկան:
ԱՂՋԻԿ – Միգուցե այնտեղ նաև ծով լինի…
ԱԴԱՄ – Միգուցե… Կապրենք-կտեսնենք:
ԱՂՋԻԿ – Ուրեմն` իմ նկարած նկարը կիրականանա:
ԱԴԱՄ – Այո, կիրականանա:
ԱՂՋԻԿ – Բանանիտոյի նկարների պե՞ս:
ԱԴԱՄ – Ո՞վ է Բանանիտոն: Ես չեմ ճանաչում…
ԱՂՋԻԿ – Պապա, դու ֆիզիկոս-մաթեմատիկոս ես, բայց ամենակարևոր բաները չգիտես: Բանանիտոն Ջելսոմինոյի ընկերն է:
ԱԴԱՄ – Ջելսոմինոյի…
ԱՂՋԻԿ – Այո, Ջելսոմինոյի, որը խաբեբաների աշխարհում էր:
ԱԴԱՄ – Այդ գիրքն այստեղ կա, չէ՞:
ԱՂՋԻԿ – Այո, իհարկե կա: Մեկ էլ` «Փոքրիկ Իշխանը»: Իսկ դու գիտե՞ս Բանանիտոն ինչ ուներ: Նա կախարդական մատիտներ ուներ: Ինչ նկարում էր` դառնում էր իրական: (Երազկոտ ձայնով): Ես էլ կուզեի այդ մատիտներից ունենալ: Մամային ու ապերին կնկարեի, ծովը… Ու այդ ամենն իրական կդառնար…
ԱԴԱՄ – Չես ուզու՞մ կարդալ:
ԱՂՋԻԿ – Ախր արդեն անգիր գիտեմ, պապա…
ԱԴԱՄ – Դե մենք չենք կարդում միայն նոր բաներ իմանալու նպատակով: Հաճախ էլ կարդում ենք հաճելի ապրումները կրկին վայելելու համար: Այդ երկու գրքույկներն էլ լի են այդպիսի հաճելի պահերով: Դու կարդա, իսկ ես մի քիչ ննջեմ: Գիշերը չեմ քնել:
ԱՂՋԻԿ – Ինչու՞ չես քնել, պապա:
ԱԴԱՄ – Մտածում էի…
ԱՂՋԻԿ – Ինչի՞ մասին էիր մտածում:
ԱԴԱՄ – Տարբեր բաների, աղջիկս:
ԱՂՋԻԿ – Շատ մի՛ մտածիր, պապա: Ամեն ինչ լավ է լինելու: Ես գիտեմ` դու շատ ես անհանգստանում մամայի ու ապերի համար, բայց մենք անպայման նրանց կգտնենք, երբ դուրս գանք այս նկուղից: Կամ էլ նրանք կգան մեզ մոտ ու կթակեն դուռը: Պատկերացնու՞մ ես ի՜նչ ուրախություն կլինի… Ո՜նց եմ գրկելու նրանց…
ԱԴԱՄ – Այո, իհարկե…
ԱՂՋԻԿ – Իսկ ես, երբ մեծանամ, ամուսնանալու՞ եմ:
ԱԴԱՄ – (Ժպտալով): Այո, իհարկե ամուսնանալու ես:
ԱՂՋԻԿ – Ու՞մ հետ:
ԱԴԱՄ – Ում սիրես ու ցանկանաս նրա հետ ապրել, բալիկներ ունենալ:
ԱՂՋԻԿ – Քեզնից, մամայից ու ապերից առանձի՞ն:
ԱԴԱՄ – Իհարկե: Բա հո չե՞ք կարող մեզ հետ ապրել:
ԱՂՋԻԿ – Բայց ես շա՜տ կկարոտեմ ձեզ… Ես չե՜մ ուզում առանձին ապրել:
ԱԴԱՄ – Երբ մեծանաս ու սիրես մի տղայի, ինքդ կցանկանաս մեզանից առանձին ապրել:
ԱՂՋԻԿ – (Խոժոռելով դեմքը): – Չե՛մ ցանկանա: Ես սիրում եմ ձեզ:
ԱԴԱՄ – Մենք էլ քեզ ենք շատ սիրում, բայց ամեն մարդու կյանքում մի օր է գալիս, երբ նա առանձնանում է իր ծնողների ընտանիքից ու ինքն իր ընտանիքը կազմում:
ԱՂՋԻԿ – (Տխուր մտածմունքների մեջ): – Լա՜վ, լա՜վ… Բայց ձեզանից ոչ շատ հեռու, որ ամեն օր տեսնեմ ու միասին խաղանք:
ԱԴԱՄ – (Ժպիտով): Կարծում եմ այդ տարիքում արդեն չես ցանկանա խաղալ: Կամ էլ` ամուսնուդ հետ կխաղաս, բալիկներիդ:
ԱՂՋԻԿ – Բայց մենք իրար հաճախ կտեսնենք, չէ՞:
ԱԴԱՄ – Այո, իհարկե: Ամեն հնարավոր առիթով:
ԱՂՋԻԿ – Լավ, հասկացա… Դե պառկիր ու հանգստացիր, պապա: Իսկ ես կկարդամ Փոքրիկ Իշխանի մասին: Չէ՛, Ջելսոմինոյի մասին… Կամ էլ, չէ՛, Փոքրիկ Իշխանի:
ԱԴԱՄ – Դու կողմնորոշվիր:
ԱՂՋԻԿ –Արդեն կողմնորոշվեցի: Ջելսոմինոյի մասին կկարդամ: Կամ էլ` Փոքրիկ Իշխանի…
ԱԴԱՄ – (Ժպտալով) – Երկուսն էլ լավն են: Երկուսն էլ կարդա:
ԱՂՋԻԿ – Իսկ դու հիշու՞մ ես Փոքրիկ Իշխանի ու աղվեսի զրույցը:
ԱԴԱՄ – Հիշեցրու…
ԱՂՋԻԿ – Երբ Փոքրիկ Իշխանն ու աղվեսը մտերմանում են, աղվեսն ասում է` Մարդը հավիտյան պատասխանատվություն է կրում նրանց համար, ում ընտելացրել է:
Ադամը լուռ նայում է աղջկան ու պատասխանելու բառեր չի գտնում:
ԱՂՋԻԿ – Դե լավ, քնիր, պապա: Ու շատ չմտածես: Պատկերացրու ծովն ու արագ կքնես: Կամ էլ` գառնուկներին հաշվիր:
ԱԴԱՄ – Ես այդ գառնուկներին արդեն անուն առ անուն գիտեմ… Բոլորին անխտիր: Դե լավ, մի քիչ պառկեմ-հանգստանամ: Դու կարդա:
Ադամը կրկին հայացք է նետում պատից կախված բնանկարին ու պառկում անկողնուն: Աղջիկը ձեռքն է առնում գիրքը, բացում մի էջ ու ընկղմված սկսում կարդալ:
Վարագույր
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 3
Նույն ստորգետնյա կիսամութ նկուղ-ապաստարան է: Ադամը նստած է սեղանի մոտ ու նայում է պատից կախված բնանկարին: Սեղանին մի գիրք է դրված ու կոմպոտի բաժակը: Աղջիկը քնած է պատի տակ դրված մահճակալին: Դռան թեթև ճռռոց է լսվում ու ներս է մտնում Ռոբերտը: Սեղանին է դնում ռադիոն ու մի սպիտակ սրվակ:
ՌՈԲԵՐՏ – Բարի լույս, հարևան:
ԱԴԱՄ – Ցածր խոսիր` աղջիկս քնած է: Բարի լույս: Չնայած դեռ կեսգիշեր է: Դու ինչու՞ քնած չես:
ՌՈԲԵՐՏ – Աղջիկդ հաստա՞տ քնած է:
ԱԴԱՄ – Այո: Ինչու՞ ես հարցնում:
ՌՈԲԵՐՏ – Կարոտել եմ: Կուզեի մի քիչ զրուցել ու խաղալ հետը: Լավն է աղջիկդ: Շատ լուսավոր երեխա է:
ԱԴԱՄ – (Անքթիթ նայելով Ռոբերտի աչքերին): Դու մտքինդ ասա: Քամի՛ մի արա:
ՌՈԲԵՐՏ – (Ցույց տալով սպիտակ սրվակը): Մկնդեղը ետ եմ բերել: Դրանով զբաղվելու ժամանակ չեղավ:
ԱԴԱՄ – Բա ինչո՞վ էիր զբաղված:
ՌՈԲԵՐՏ – (Ավելի ցածրացնելով ձայնը): Ռադիոն լուր տվեց: Կարճ ալիքի վրա մի փոքրիկ հաղորդագրություն լսեցի վերջապես:
ԱԴԱՄ – (Անհանգիստ): Դե ասա՛, համբերություն չունեմ:
ՌՈԲԵՐՏ – Պաշտոնական հաղորդագրություն էր: Մի քանի անգամ ընթերցեցին:
ԱԴԱՄ – Շու՛տ արա, բուն նյութին անցիր:
ՌՈԲԵՐՏ – Ասացին, որ ամեն ինչ ավերված է հիմնահատակ ամբողջ աշխարհում: Որևէ տեղ փոքրիշատե մեծ ու ապահով տարածություններ չեն մնացել: Այսինքն, որքան որ հնարավոր է եղել պարզել անցած օրերի ընթացքում: Արդեն չեմ էլ հիշում` քանի՞ օր է անցել:
ԱԴԱՄ – 36… Այսօր 37-րդ օրն է: Էլ ի՞նչ ասացին:
ՌՈԲԵՐՏ – Ասացին, որ որևէ օգնություն պետք չէ սպասել: Ովքեր ինչ-որ կերպ փրկվել ու պատսպարվել են, թող փորձեն մնալ իրենց տեղերում, քանի որ գնալու տեղ չկա:
ԱԴԱՄ – (Հեգնախառն ժպիտով): Իսկ ազգային գվարդիան ու փրկարարներն օգնության չե՞ն շտապում:
ՌՈԲԵՐՏ – (Իջեցնելով հայացքը): Որևէ օգնություն չի լինելու:
ԱԴԱՄ – Լավ լուրեր են, խոսք չունեմ:
Երկուսն էլ լռում են ու նայում վար:
ՌՈԲԵՐՏ – Գիտե՞ս ինչ ուզեցի:
ԱԴԱՄ – Ի՞նչ: Մի՞թե արքայախնձորի թանձրահեղուկով եփված սաղմոն` ծաղկակաղամբի ու ծնեբեկի խավարտով:
ՌՈԲԵՐՏ – Ծիծաղում ես ինձ վրա…
ԱԴԱՄ – Չէ, ի՜նչ ծիծաղ: Գերմանական գարեջուրն էլ սառնարանում է: Մի շիշ էլ ինձ համար կբերես:
ՌՈԲԵՐՏ – Աչքիս վրա:
Կրկին երկուսն էլ լռում են ու նայում սեղանին:
ՌՈԲԵՐՏ – Ուզեցի ծխել…
ԱԴԱՄ – Մոռացի՛ր դրա մասին: Օդը հազիվ է բավականացնում:
ՌՈԲԵՐՏ – Դե հա, գիտեմ… Իմիջիայլոց ասացի:
ԱԴԱՄ – Ախ, Ռոբերտ, Ռոբերտ…Տարօրինակ մարդ ես: Բենջամին Բաթընի պես օր-օրի ջահելանում ես քո ցանկությունների հարցում: Մնաց մի լավ աղջիկ գտնենք ու ամուսնացնենք քեզ: Միգուցե մի քիչ խելքդ գլուխդ հավաքես դրանցի հետո:
ՌՈԲԵՐՏ – Երևի: Բայց լավ աղջիկ արդեն չենք գտնի:
ԱԴԱՄ – Ինձ թվում է` ընդհանրապես աղջիկ չենք գտնի: Լավ կամ վատ:
ՌՈԲԵՐՏ – Վատի հետ չեմ ամուսնանա: Չեմ կարող: Հո ինքնանպատա՞կ չէ:
ԱԴԱՄ – Ինքնանպատակ չէ: Հանուն մարդկային գենոֆոնդի պահպանման:
ՌՈԲԵՐՏ – Խնդրում եմ քեզ…
ԱԴԱՄ – Ի՞նչ է: Մի՞թե տեղ հասավ:
ՌՈԲԵՐՏ – Հասավ…
ԱԴԱՄ – Էլ չե՞ս ուզում դուրս գալ ու միանալ փրկվածներին:
ՌՈԲԵՐՏ – Մի՛ հեգնիր, խնդրում եմ: Ես ունեի այդ հույսը: Մի՞թե վատ բան է հույսով ապրելը:
ԱԴԱՄ – Հրաշալի բան է: Իրականում բոլոր մարդիկ են հույսով ու երազներով ապրում: Պարզապես մի մասի համար դրանք տապակած մսից ու գարեջրից այն կողմ չեն անցնում, իսկ մյուսների համար այս տիեզերքն էլ փոքր է: Բարեբախտաբար, վերջիններս քիչ են:
ՌՈԲԵՐՏ – Սոված եմ…
ԱԴԱՄ – Ճագարի տապակած միս կա: Կեր: Կոմպոտին ձեռք չտաս: Աղջկաս համար է:
ՌՈԲԵՐՏ – (Ծոր տալով): Ճագա՜րի միս… Զզվեցի այդ առնետներից:
ԱԴԱՄ – Ցածր խոսիր:
ՌՈԲԵՐՏ – Իսկ պաքսիմատ չի՞ մնացել: Կամ բրինձ:
ԱԴԱՄ – Ամեն ինչ վերջացել է, Ռոբերտ:
ՌՈԲԵՐՏ – Պարզ է… Դե լավ: Վերջիվերջո, միայն հացով չի ապրում մարդը:
ԱԴԱՄ – Ճիշտ ես: Կարելի է նաև հուշերով ու երազանքներով ապրել:
ՌՈԲԵՐՏ – Հուշերով, որ անցան ու գնացին: Երազանքներով, որոնք երբեք չեն իրականանա:
ԱԴԱՄ – Իսկ, եթե գաղտնիք չէ, ինչ երազանք ունես դու: Սաղմոնը, գարեջուրը և ծխախոտը չհաշված, իհարկե:
ՌՈԲԵՐՏ – Չգիտեմ… Մի քանի շատ պարզ բաներ: Կուզեի լեռնադահուկային սպորտով զբաղվել: (Ես պաշտում եմ արագությունը): Կուզեի Հիմալայներն ու Տիբեթը տեսնել: Առեղծվածային Շամբալա երկիրը: Լսե՞լ ես դրա մասին:
ԱԴԱՄ – Լսել եմ:
ՌՈԲԵՐՏ – Եթե ես, դու ու աղջիկդ մի հրաշքով հասնեինք այնտեղ… Ես գրեթե վստահ եմ, որ այնտեղ կյանքը շարունակվում է, քանի որ շատ բարձր ու անհասանելի տեղ է: Մի տեղ կարդացել եմ, որ այնտեղ որոշակի միկրոկլիմա է ձևավորվել, և այդ փոքրիկ աշխարհը որևէ կապ չունի այս մեծ աշխարհի հետ: Այնտեղ անգամ ձնային մարդ կամ, ինչպես շերպերն են ասում, ետի է ապրում: Միգուցե հնարավոր լիներ այնտեղ գոյատևել մարդու պես:
ԱԴԱՄ – Եթե անգամ այդ երկիրը գոյություն ունի և պահպանվել է, միևնույնն է` այդտեղ հասնել չենք կարող:
ՌՈԲԵՐՏ – Մի ցանկություն էլ ունեմ:
ԱԴԱՄ – Ասա, լսում եմ:
ՌՈԲԵՐՏ – Կուզեի քո աղջկա պես աղջիկ ունենալ:
Ադամը զարմացած նայում է Ռոբերտին:
ԱԴԱՄ – Դրա համար գոնե ամուսնանալ է պետք: (Ձայնն իջեցնելով): Թեև, խոսքը մեր մեջ, առանց ամուսնանալու էլ կարելի է:
ՌՈԲԵՐՏ – Նորից ծիծաղում ես ինձ վրա: Իսկ ես շատ լուրջ եմ ասում: Մտքիցս դուրս չի գալիս քո պատմածը աղջկադ մասին:
ԱԴԱՄ – Ռոբերտ, հայր լինելը մեծագույն պատասխանատվություն է:
ՌՈԲԵՐՏ – Ես դա զգում եմ: Չգիտեմ ինչու` երեկ զգացի, որ ես պատրաստ եմ հայր դառնալ: Անկեղծ ասած, միշտ այդ պատասխանատվությունից եմ խուսափել: Նախ` կնոջս հանդեպ, ապա` երեխաներիս: Բայց քո պատմելուց հետո մի ներքին վստահություն ու անգամ պահանջ ի հայտ եկավ: Ես ցանկացա ընտանիք կազմել ու երեխաներ ունենալ: Ես, եթե կուզես, անգամ ցանկանում եմ այդ պատասխանատվությունը ստանձնել: Եկել է իմ աստեղային ժամը:
ԱԴԱՄ – Ճիշտ պահ ես ընտրել ու ճիշտ տեղ` ցանկությունդ ի կատար ածելու համար: Հանդարտվի՜ր, Ռոբերտ, խնդրում եմ քեզ:
ՌՈԲԵՐՏ – Քո ձայնը տաք տեղից է գալիս: Դու այսպիսի լավ աղջիկ ունես արդեն…
ԱԴԱՄ – (Բորբոքված): Հիմա՜ր… Եվ ի՞նչ պիտի անեիր քո աղջկան հիմա: Լուսավոր ապագայի մասի՞ն պատմեիր: Թե՞ Շամբալայի:
ՌՈԲԵՐՏ – Մի բան կպատմեի: Դա էական չէ: Հեքիաթ կկարդայի նրա համար:
ԱԴԱՄ – (Դաժան քմծիծաղով): – Իսկ վա՞ղը: Երբ վերջանային ջուրն ու «Ճագարի միսը»: Ի՞նչ էիր պատմելու վաղը: Իսկ հինգ օր ա՞նց, երբ աղջիկդ սովից ու ծարավից գալարվեր ու լաց լիներ: Իսկ ի՞նչ էիր պատմելու աղջկադ նրա վաղվա օրվա մասին, կորած կամ արհավիրքի զոհ դարձած կնոջդ ու տղայիդ մասին: Ասա՛ ինձ, Ռոբերտ, խոստովանի՛ր, ի՞նչ էիր պատմելու:
Երկուսն էլ լռում են: Ռոբերտը նայում է քնած աղջկան, իսկ Ադամը` պատից կախված բնանկարին:
ՌՈԲԵՐՏ – Ծխել եմ ուզում:
ԱԴԱՄ – Դուրս արի դուրս և ծխիր: Կարող ես չշտապել վերադառնալ: Զմայլվիր մայրամուտով ու զով օդով:
Կրկին լռում են:
ՌՈԲԵՐՏ – Գոնե մի երաժշտություն լիներ: Այդ ռադիոն էլ…
ԱԴԱՄ – Կարող ենք երգել:
ՌՈԲԵՐՏ – Դու կարո՞ղ ես երգել:
ԱԴԱՄ – Կարող եմ քթիս տակ մեղեդի արտաբերել: Երգելու շնորհք չունեմ:
ՌՈԲԵՐՏ – Դե մի բան երգիր քթիդ տակ:
Ադամը սկսում է ինչ-որ մեղեդի մրմնջալ:
ՌՈԲԵՐՏ – Սա ինչ գործ է…
ԱԴԱՄ – Բեթհովենի «Առնետը»
ՌՈԲԵՐՏ – Լա՜վն է… (Ժպտալով) Եվ շատ արդիական` առնետի մասին:
ԱԴԱՄ – (Շատ ցածր ու մի քիչ բաղաձայն երգում է): «Շրջում եմ ես երկրե երկիր, առնետս միշտ ինձ հետ է…»
Ռոբերտն ուշադիր լսում է:
ԱԴԱՄ – (Ընդհատելով երգը): Տղայիս ու աղջկաս համար շատ եմ երգել քնելուց առաջ… Եթե հիմա մի հրաշք լիներ, ապա կուզեի Վագների «Լոհենգրինի նախերգանքը» լսել:
ՌՈԲԵՐՏ – Երբեք չեմ լսել:
ԱԴԱՄ – Երևի արդեն չես էլ լսի…
ՌՈԲԵՐՏ – Չե՞ս կարող երգել մեղեդին:
ԱԴԱՄ – Դա հնարավոր չէ, Ռոբերտ: «Լոհենգրինն» աստվածային երաժշտությունն է: Ինքս շատ աստվածապաշտ չեմ, բայց ներքուստ վստահ եմ, որ հենց աստվածներն են Վագներին թելադրել այդ նոտաները: Դրանում միայն հավերժական սկիզբ է: Ավարտ կամ մահ չկա: Շարունակ լվնում է տարածությունն իրենով: Ոչ մի դատարկ կետ չի մնում: Վերջում ամեն ինչ դանդաղ թաղվում է լռության մեջ: Այն Մեծ լռության, որը բոլոր մեղեդիների սկիզբն է, տիեզերական ակունքը: «Լոհենգրինի նախերգանքը» լսելուց հետո հարցեր չեն մնում: Այն չէ, որ հնչում են բոլոր հարցերիդ պատասխանները: Պարզապես հարցերն ու դրանց պատասխաններն անիմաստ են դառնում: Դա օդում կախված հավերժությունն է, աստվածային երգչախմբի ձոներգը անսկիզբ ու անեզր աշխարհին: Դա տիեզերքի զարթոնքի երգն է ու, միաժամանակ, օրորոցայինը: Այդ ութ-ինը պայմանական րոպեների ընթացքում ժամանակն էլ է կանգ առնում:
ՌՈԲԵՐՏ – Շա՜տ կուզեի լսել…
ԱԴԱՄ – Ես էլ… Ավելի տանելի կլիներ կյանքը այս անսկիզբ ու անվերջ նկուղում:
Կրկին լռում են:
ԱԴԱՄ – Իսկ ինչու՞ դու ինձ չես հարցնում, թե ե՛ս ինչ ցանկություններ ունեմ: Մի՞թե քեզ հետաքրքիր չեն համեստ հարևանիդ համեստ ցանկությունները:
ՌՈԲԵՐՏ – Շատ հետաքրքիր են: Պարզապես ինձ թվաց, թե չես ցանկանա խոսել դրանց մասին:
ԱԴԱՄ – Պատկերացրու, որ Վագներին հիշելուց հետո մեջս նման ցանկություն արթնացավ:
ՌՈԲԵՐՏ – Դե ասա:
ԱԴԱՄ – Դե լավ: Միայն թե ավելորդ հարցեր ու ռեպլիկներ քեզ թույլ չտաս:
ՌՈԲԵՐՏ – Խոստանում եմ:
ԱԴԱՄ – Կցանկանայի աղջկաս հետ ծով գնալ: Իսկական, մեծ ծով կամ անգամ օվկիանոս: Դու ծով տեսե՞լ ես:
ՌՈԲԵՐՏ – Ոչ…
ԱԴԱՄ – Ես տեսել եմ մի անգամ… Դա երազ է, Ռոբերտ, իրական երազ: Դա Վագներ է և «Լոհենգրին»… Ծովը երջանկություն է: Ինձ թվում է` հնարավոր չէ հասնել նրան: Կարելի է միայն ձգտել… Ծովը հողի պես է:
ՌՈԲԵՐՏ – Հողի պե՞ս:
ԱԴԱՄ – Այո, հողի պես: Հողը կանչում է քեզ, ու դու սիրահարված վազում ես դեպի նա: Հետո ջրում ես այն, խնամում, ու նա քեզ առատ բերք ու բարիք է տալիս, ծաղիկներ ու այլ հրաշքներ: Իսկ, երբ ծերանում ես, նա սիրով առնում է քեզ իր գիրկը ու փայփայում իր մեջ, որ հանգիստ քնես քո երազների գրկում: Այդպես է նաև ծովը…
ՌՈԲԵՐՏ – Այսօր շատ ես փիլիսոփայում, հարևան:
ԱԴԱՄ – (Գրեթե աննշմար ծիծաղով): – Երևի եղանակից է:
ՌՈԲԵՐՏ – Հաստա՛տ:
ԱԴԱՄ – Երբ քեզ հարցրեցի քո իղձերի մասին, բնականաբար նույն հարցն ինձ տվեցի: Եվ, թող զարմանալի չհնչի, պատասխան չգտա, Ռոբերտ: Դե չեմ խոսում անիրական ինչ-որ բաների մասին` փրկարարներ, Շամբալա, և այլն: Իրատեսական բաներից եմ մտածում: Ես երևի ամեն ինչ արել եմ: Զավակներ ունեմ, տուն կառուցել եմ, ծառ տնկել եմ… Մնում է խառնվեմ հողին: Կամ էլ ծովին, եթե, իհարկե, հասնեմ նրան:
ՌՈԲԵՐՏ – Նման բաներ մի՛ ասա, խնդրում եմ:
ԱԴԱՄ – (Կարծես չլսելով Ռոբերտին): Բայց մի ցանկություն էլ ծնվեց: Կուզեի աղջկաս հետ միասին «Լոհենգրինի նախերգանքը» լսել: Բռնել նրա ձեռքը ու թաղվել աստվածային այդ հնչյունների մեջ:
ՌՈԲԵՐՏ – Մենք լուծու՛մ կգտնենք: Հո չե՞նք հոտելու այստեղ: Անպայման կգտնենք: Դու աղջկադ հետ ծով կգնաս ու Վագներ կլսես, իսկ ես կգտնեմ մեկին, ով ինձ զավակ կպարգևի: Աղջիկ կամ տղա, միևնույնն է:
ԱԴԱՄ – (Ժպտալով): Ի՜նչ լավն ես դու, Ռոբերտ: Երանի՜…
ՌՈԲԵՐՏ – Երանի ի՞նչ:
ԱԴԱՄ – Ոչինչ:
ՌՈԲԵՐՏ – Դե լա՜վ, ասա…
ԱԴԱՄ – Երանի թե քո ասած Շամբալան իրական լիներ ու հասանելի:
ՌՈԲԵՐՏ – Լսիր, հարևան: Դու՛ ես ինձ ասել, որ ամեն մի ճանապարհ սկսում է առաջին քայլից:
ԱԴԱՄ – Դա բազմաթիվ մեծ մտածողներ են ասել: Ես պարզապես կրկնել եմ:
ՌՈԲԵՐՏ – Ինչևէ: Հիմա դու ինձ կօգնես գլխիս քաշել հակագազը, հագնել այդ հատուկ արտահագուստը, ու ես դուրս կգամ հետախուզության: Քայլախոսով կապի մեջ կլինենք: Եթե բան չստացվեց` կվերադառնամ: Ինձ ներս կընդունե՞ս:
ԱԴԱՄ – Ախր դա գրեթե հաստատ մահ է, Ռոբերտ: Ինչպե՞ս կարող եմ քեզ թույլ տալ: Ո՛չ, մտքի՛ցդ անգամ հանիր:
ՌՈԲԵՐՏ – Միգուցե դու ավելի խելացի ու փորձառու ես, բայց ես մի մեծ առավելություն ունեմ:
ԱԴԱՄ – Եվ դա ո՞րն է:
ՌՈԲԵՐՏ – Ես ջահել եմ: Խենթության միայն ջահելներն են ունակ: Իսկ անելանելի վիճակներում միայն խենթությունը կարող է փրկել…
ԱԴԱՄ – Ես անգամ չգիտեմ ինչ ասել…
ՌՈԲԵՐՏ – Եթե անգամ մեկ միլիոներորդ հնարավորություն կա, ես պետք է օգտագործեմ այն: Այլապես երբեք ինձ չեմ ների, եթե մահկանացուս այս նկուղում կնքեմ` սովից ու ծարավից նվաղած:
ԱԴԱՄ – Ռոբերտ, դու տաքարյուն ես, բայց կարծում եմ ճիշտը սպասելն է:
ՌՈԲԵՐՏ – Սպասել ինչի՞ն: Ինքդ էիր ասում` որևէ փրկության ապավինելը հիմա մանկամտություն է: Ես կգնամ և կփորձեմ ինչ էլ որ լինի: Օգնի՛ր ինձ, խնդրում եմ:
Ռոբերտը պահարանից հանում է հանդերձանքը, իսկ Ադամը նրան օգնում է հագնել: Վերջում մի-մի քայլախոս են վերցնում և Ադամը բացում է հարևան նկուղի երկաթե դռնակը:
ԱԴԱՄ – Դուռը ամուր կփակես քո ետևից: Երբ վերադառնաս` ամուր ծեծիր քարով կամ փայտով: Ես կլսեմ ու կբացեմ: Եվ չմոռանաս քայլախոսով կապ տալ պարբերաբար: Հիմա ցերեկ է, պիտի որ մի բան երևա:
Ռոբերտը գլխով է անում, շրջվում ու դուրսգալիս դռնով: Ադամը խնամքով փակում է դուռը ու հոգնած նստում աթոռին: Մի հայացք է նետում քնած աղջկա կողմը ու թուլացնում նավթավառի լույսը: Քիչ անց քայլախոսից լսվում է Ռոբերտի խշխշացող ձայնը.
ՌՈԲԵՐՏ – Ադամ, հարևան, լսու՞մ ես ինձ…
ԱԴԱՄ – (Անհանգիստ): Այո՛, լսու՛մ եմ, Ռոբերտ, ասա՛:
ՌՈԲԵՐՏ – Ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ: Համատարած փոշու ամպ է… Լույս գրեթե չի ընկնում… Ամենուր դիակներ են… Ոչ մի կանգուն բան չկա… Ամեն ինչ այրված է… Լիքը առնետներ… Հսկայական առնետներ… Լսու՞մ ես…
ԱԴԱՄ – Լսու՛մ եմ, ասա՛:
ՌՈԲԵՐՏ – Ադամ, ես լավ չեմ… Սիրտս խառնում է, աչքերիս առաջը մթնում է, գլուխս պտտվում է…. Ադա՜մ… Ոտքերիս ասես ծանր քարեր են կապել… Չեմ կարողանում քայլել… Ադամ, օգնի՜ր ինձ… Ես չեմ կարողանում…
ԱԴԱՄ – Ռոբերտ, շտա՛պ վերադարձիր դռնակի մոտ… Լսու՞մ ես: Շտապ վերադարձիր: Ես մոտենում եմ: Ես քեզ կօգնեմ… Չհանձնվե՛ս….
ՌՈԲԵՐՏ – (Նվաղ ու մարող ձայնով): Ադամ, ես չեմ կարող… Առնետները հարձակվում են վրա… Ների՜ր ինձ… Խնդրում եմ…. Վերջին խնդրանքս…
ԱԴԱՄ – Ասա, Ռոբերտ…
ՌՈԲԵՐՏ – Աղջկադ կպատմես ծովի ու Վագների մասին … Խոստանու՞մ ես…
ԱԴԱՄ – Խոստանու՛մ եմ: Բայց դու փորձիր գոնե սողալ դեպի դռնակը… Ռոբերտ, խոսի՛ր, մի՛ լռիր, Ռոբերտ…. Գոնե մի բա՛ռ ասա… Ռոբե՛րտ…
Լռություն է: Ոչ մի ձայն Ռոբերտի կողմից: Ադամը ցած է դնում քայլախոսն ու կախում գլուխը… Միառժամանակ մնում է այդ դիրքում, ապա մեղմաձայն երգում է:
ԱԴԱՄ – «Շրջում եմ ես երկրե երկիր, առնետս միշտ ինձ հետ է…»
Կրկին լռում է ու նայում սեղանին դրված սպիտակ սրվակին: Հետո բարձրանում է նստած տեղից, մոտենում աղջկան, կռանում, շոյում մազերը ու համբուրում գլուխը:
ԱԴԱՄ – «Շրջում եմ ես երկրե երկիր, առնետս միշտ ինձ հետ է…»
Կրկին մոտենում է սեղանին, վերցնում սպիտակ սրվակը, բացում ու կեսը լցնում աղջկա կոմպոտի մեջ ու գդալով ջանասիրաբար խառնում: Ապա թափով գլխին է քաշում սրվակի մեջ մնացածը: Իջեցնում է նավթավառի լույսը ու քթի տակ երգելով մոտենում իր մահճակալին, պառկում մեջքի վրա ու ծածկվում ինչ-որ փալասով: Հայացքը հառում է պատից կախված բնանկարին, որի վրա ինչ-որ թեթև լույս է ընկնում:
Շատ ցածր սկսում է նվագել Վագների «Լոհենգրինի նախերգանքը»: Ձայնը գնալով բարձրանում է, իսկ բեմին աստիճանաբար տիրում է խավարը:
Վարագույր
ՎԵՐՋ