…Վերջնականապես ուժասպառ լյարդս կրծող Արծվի հեգնոտ հայացքից` ես ատեցի շղթաներս: Ավելի ատեցի, քան Օլիմպոսի տիրակալին, քանզի ինձ կաշկանդողն ու տանջողը հենց շղթաներն էին, թեև նրանք իրենք էլ դատապարտված էին Բարձրյալի կամքով: Ֆիզիկական ցավի ու հոգեկան ունայնության իրար հաջորդող պահերին ես զրուցում էի նրանց հետ` փորձելով բարձրացնել ինձ նրանց աչքերին, շարժել նրանց գութը, անդորր ու թեթևություն հայցել տառապանքներիս դիմաց: Սկզբում նրանք լսում էին ինձ, լսում արժանապատվությամբ ու խանդաղատանքով, բայց երբ մարմնական և հոգեկան կտտանքներս վերջնականապես ջարդեցին պայքարող բազուկներիս համառությունը, նրանք իրենք էլ հարբեցին անգործության մահացու թույնով ու գրկեցին վերջույթներս ծուլորեն ու անթաքույց քամահրանքով: Ու դեռ երկա՜ր օրեր, շաբաթներ ու ամիսներ պիտի անցնեին, մինչ ես կհասկանայի, թե զուր է իմ այն հույսը, որ բոսորագույն ժանկը ավելի շուտ Հեփեստոսի կռած շղթաները կվերածի հողի, քան Արծիվը կկրծի-կլափի արյունածին լյարդս…
Երբ սա հասկացա, աչքերովս հոսեցին արցունքները: Ո՛չ թե լքվածության կամ մենակության, այլ ամենասպան հուսահատության արցունքները: Եվ նույնիսկ Փառքի դափնին, որով օծել էին գլուխս գետնաքարշ ու բարոյազուրկ մարդիկ, անկարող էր ակնթարթ իսկ մեղմել աստղերի արահետները տենչող հոգուս խռովքն ու ցավը: Բայց, ավա՜ղ, բզկտված մարմինս ու մեռնող կամքս այլևս անկարող էին որևէ կերպ օգնել ինձ: Եվ միայն Հույսն էր դեռ կենսունակ իմ մեջ: Ժողովելով համակ հույսս տակավին թփրտացող սրտիս սահմաններից ներս, ես օգնության կանչեցի Գայթակղության հրեշտակին:
Արնաքամ ուղեղս արդեն չէր գործում, ուստի սրտիս զգայարաններով Հերակլեսին թելադրեցի իմ միակ ցանկությունը: Զօր ու գիշեր ինձ տանջող շղթաները գայթակղվեցին արյանս ծփանքով, գույնով ու հոտով, ու Զևսից թաքուն պոկեցին այդ խնձորը: Այն, ինչ չէր հաջողվել Տիեզերքի չափումներին` ժամանակին ու տարածությանը, ի կատար ածեց Գայթակղության հրեշտակը: Նրա մահացու գինով համեմված արյունս մի վայրկյանում փշրեց, ժանկով պատեց ու հող դարձրեց ինձ այդքա՜ն ատելի շղթաները: Ու ստացա տենչածս` Ազատությունը…
* * *
Օ՜, եթե ես Հոմերոսը կամ Սոֆոկլեսը լինեի` մարդկության հավերժական սեփականությունը կդարձնեի այն համապարփակ անդորրն ու հոգեկան վերելքը, որոնցով օծվեցին վերածնված միտքս, վերստին արյանս կարմիրով հագեցող գիտակցությունս և շղթայազերծ ենթագիտակցությունս: Բայց, ավա՜ղ, ես ընդամենը մի նախկին շղթայակապ ստրուկ էի և չէի տիրապետում բառերն իրար հյուսելու աստվածային արվեստին: Ընդսմին, երգող հոգիս չէր կշտանում իր և մարմնիս ազատությունը փառաբանելուց: Ես ճախրում էի մի աստղից մյուսը, վազում Հարդագողի ճանապարհով, երգերս սփռում Տիեզերքով մեկ ու ձուլվում նրա յոթ չափումներին` առաջինից անցնելով երկրորդին, ապա` հաջորդին, մինչև յոթերորդը, հետո ինձ համար կրկին բացահայտում առաջինը` նոր ձևերում ու նոր գույներով: Վայելում էի Ազատությունս` չցանկանալով նույնիսկ հիշել ձյունագագաթ լեռների ցուրտն ու լյարդս կրծող Արծվի հեգնոտ հայացքը: Ու շուտով մոռացա այդ ամենը. ուղղակի աճյունափոշու պես ցրեցի Տիեզերքի սև անվերջություններում անցյալիս վերաբերվող ամեն մի հուշ ու միտք:
Բայց այն պահին, երբ դարձա Ազատության շրջագնդի միակ կենտրոնը Տիեզերքում, մի անծանոթ ունայնություն համակեց ինձ, որ շուտով զիջեց իր տեղը համատարած անտարբերությանը, ապա` ինքնասպանության չար խորհրդին: Վախի ճիրաններից ինձ պոկելով` ես մեծագույն զգուշությամբ ու ներքին աննկարագրելի տագնապով բացեցի հոգուս աչքերը ու սարսափահար տեսա, որ… (ու՛ժ տվեք ինձ, Հավերժական Աստվածներ) ձեռքերիս փոխարեն ուսերիցս երկաթե շղթաներ են կախված: Թափ տվեցի ինձ այդ զարհուրելի տեսիլքը ցրելու համար, բայց, ավա՜ղ, դա տեսիլք չէր, և ոչ էլ ինքնախաբկանք կամ զգայուն երևակայությանս հանճարը: Հոգուս մի անկյունում հիրավի ծվարել էին այդ շղթաները, և գոյություն չուներ մի որևէ ճեղք, որ դուրս շպրտեի նրանց. չէ՞ որ ես, ձեռք բերելով Ազատությունը, նույնացել էի անսկիզբ ու անվերջ Տիեզերքին: Ուստի ես ինքստինքյան ու ճարահատյալ հաշտվեցի այն դշխեմ մտքին, որ շղթաներն իմ մի մասն են, հոգուս անմահ վանդակի մշտարթուն ճաղերը…
Հետո սկսեցին խելահեղության նոպաները: Ես ոչ մի կերպ չէի համակերպվում Ազատությանս նկրտումներին: Նա, դուրս կորզվելով իմ ազդեցությունից, սկսեց վախեցնել ինձ: Եվ ես, ճախրելով մի աստղից մյուսը, այլևս չէի վառվում այն անհատնում եռանդով ու հիացմունքի հրով, որ ճառագում էին ինձնից շղթաներից ֆիզիկապես ազատվելու առաջին պահին: Ազատությունն ինձ համար սկսեց օտար դառնալ, ապա` սարսափելի: Հետո նա հուսահատություն ու ցավ ծնող մի անվերջ ընկերք դարձավ ինձ համար: Տիեզերքի անվերջության մեջ ես սկսեցի ճնշվել ինչպես Հովհաննես Մկրտչի բռան մեջ սեղմված մորեխի սիրտը: Սրտիս անձկությունը գնալով անտանելի էր դառնում, ուստի թող զարմանալի չթվա, որ ես սկսեցի նախընտրել ծովի ավազի հաշվելիությունը Տիեզերքի զուգորդությունների անհաշվելի բազմություններին: Անսահման այդ վանդակում մի պատ էի փնտրում, որը գոնե մի քանի րոպե թմրադեղի պես կփոխարիներ այն հեռավոր ձյունագագաթ լեռներին… Կորել-գնացել էին Ապահովությունն ու Վստահությունը: Մնացել էին միայն Վախն ու Ունայնությունը: Ազատության հրաշքն ինձ համար վերածվել էր մի մեծ հարցական նշանի` Աբսուրդի…
* * *
Եթե դուք Տիեզերքով ճամփորդելիս աղի կաթիլներ գտնեք` չզարմանաք. դրանք իմ արցունքներն են` զոհաբերված Անձկությանը և Հուսահատությանը…
* * *
…Հետո ես գլխիկոր, բայց ներքին կարոտով ու ուրախության ակնկալիքով, վերադարձա ծովից-ծով ձգվող ձյունագագաթ լեռների գիրկը: Հեռվից նրանք տեսան ինձ ու գթացին: Ես կանչեցի Հեփեստոսին և խնդրեցի երկաթե շղթաներով ինձ կրկին գամել այս հավերժական բազալտներին: Ու, երբ հոգուս շղթաներին կրկին փոխարինեցին իրեղեն շղթաները, ես լիասիրտ շունչ քաշեցի ու լսեցի Տիեզերքի զարկերակի համաչափ բաբախյունը:
* * *
Ահա ճախրելով գալիս է Արծիվը, որ կտցի լյարդս: Բայց ես ուրախ եմ, չէ՞ որ այդ ցավից միայն կբորբոքվի ծարավս Ազատության: