Ես սնոտիապաշտ չեմ և չունեմ նախապաշարումներ: Ես հավատում եմ միայն ինձ: Բայց այն չարաբաստիկ օրը, երբ նետի պես ուղիղ մայրուղու վերջում ճամփաբաժանի եկա, մտքովս անցավ, որ այս խոտորումը իմ ճակատագրի ուղիղ գիծն էլ է պառակտելու: Ու մինչ մտորում էի աջ գնամ թե ձախ, զգացի, որ ինքնությանս համապարփակ սահմանների մեջ պառակտման մի սերմ ընկավ: Ու այդ կետից ալիքները տարածվեցին ներդաշնակությունս դաշտով: Ենթագիտակցորեն ափսոսացի, որ չունեմ Օծյալի հավատը գալիք փոթորիկը սանձելու համար, բայց ի՞նչ կարող էի անել, երբ ականջներս միայն իմ ձայնն էին լսում, իսկ աչքերս ինձնից հեռու չէին տեսնում… Ես նույնիսկ հորիզոնի գծի վրա հառնող Տաճարը չտեսա…
…Եվ ճամփաբաժանի վրա կանգնած առաջին անգամ ընկալեցի իմ աջ և ձախ կեսերը ու անսացի նրանց մանկական թոթովանքը: Ու զարմանքով հայտնաբերեցի, որ այսքան ժամանակ իմ մեջ երկու ես է ապրել, պարզապես մայրուղու օրորոցային անդորրը թմրեցրել էր նրանց անհատականությունը: Ու հիմա, ճամփաբաժանի վրա, այդ զույգ եղբայրները թոթափեցին ինքնահաշտեցման մելամաղձությունը, ու յուրաքանչյուրը վառեց ինքնահաստատման իր ջահը: Ու որքան էլ հեզ ու հաշտվող լինեի ես` նրանց մայրը, նույնքան ամբարիշտ ու ըմբոստ էին իմ զույգ որդիները: Ուստի տարօրինակ չէ, որ այն ամենը, ինչ ետևում ձգվող մայրուղու վրա միավորել ու հաշտեցրել էր զույգերին, ճամփաբաժանի վրա փոխեց իր դեմքը ու դարձավ անտագոնիզմի մի ամվերջանալի աղբյուր: Աջ և ձախ կեսերս իմ հայելու մեջ տեսան ու ատեցին մեկմեկու ու խոստովանեցին, որ երբեք չեն ճանաչել մեկը մյուսին, ասել է` նրանց համատեղությունը կույրի համակերպվածություն էր ընդամենը: Իսկ հիմա բացվեցին նրանց աչքերը ժամանակի ամենակարող հպումից, ու հասկացան երկվորյակները, որ երբեք չեն սիրել իրար: Հիրավի, ի՞նչ միասնության, ու՞ր է թե սիրո, մասին է խոսքը, եթե նրանցից մեկը խաղարարար էր, մյուսը պատերազմատենչ, մեկը մագաղաթի մատյաններ էր հորինում, մյուսը սիրում էր դրանք այրել, մեկը վարդեր էր ցանում, մյուսը տրորում էր դրանք իր հաղթարշավներում, մեկը ուղղափառ էր, մյուսը` հեթանոս…
Ու ես, այլևս անկարող միավորելու իմ մեջ կրակն ու ջուրը, ինքստինքյան համակերպվեցի բաժանության խորհրդին ու ակամայից ենթարկվեցի ինքնասպան հակասություններիս բնական լուծմանը: Ու ճամփաբաժանի վրա երկունքի ահավոր ցավերով կիսվեցի միջիցս ու ծնունդ տվեցի իմ երկվորյակներին: Ու Աջը գնաց աջ ճանապարհով, իսկ Ձախը` ձախ…
Աջը իր ճանապարհին պատերազմներ մոգոնեց ու իր հեթանոս քայլերի տակ տրորեց վարդերն ու այրեց մագաղաթները, մինչդեռ Ձախը խաղաղություն քարոզեց ու իր մագաղաթյա ներբողներով ուղղափառություն ու վարդեր ավետեց: Ու երջանկության անծանոթ մի ժպիտ սահեց երկվորյակների երեսով, ազատության ու ներդաշնակության մի կատարյալ անդորր: Եվ միակ բանը, որ դեռ միավորում էր երկվորյակներին, ես էի` նրանց մայրը: Բայց նրանք ուժեղ որդիներ էին և բացարձակ անկախ էին նախապաշարումներից: Եվ ոչ էլ կարոտի սնոտիապաշտությունն էր մթագնում յուրաքանչյուրի հավատը իր հանդեպ: Եվ թե՛ Աջի, և թե՛ Ձախի միակ մտահոգությունն այն էր, որ մի այլ ճանապարհով իր այլասերված եղբայրն է գնում ու քստմնելի արարքներով գունազրկում իր փառապանծ կերպարը: Շուտով ազատության կատարելությունը սկսեց ձանձրացնել երկվորյակներին, քանզի դարձել էր ինքնանպատակ ու անհեթեթ: Ներդաշնակությունը սպառել էր իրեն և անկարող էր նոր արժեքներ հորինել: Որոնումների անգոյությունը մթագնել էր անհատականության փիլիսոփայությունը: Եվ լույսն այլևս քաղցր չէր, քանի որ չկար խավարը: Եվ ազատությունը, այն մեծագույն գանձը, որ գիշեր ու զօր երազել էր նրանցից ամեն մեկը նախքան ատելի եղբորից հեռանալը, կորցրել էր իր աստվածային հմայքը, քանի որ չկար ընտրության հանճարը: Չկար միտքը սնուցող հակասությունը, այլ կար ներդաշնակության կանաչ ծիլերը հոշոտող ունայնությունը…
Այս ներքին հակասություննները ընդվզում սփռեցին երկվորյակների մեջ, ու նրանք հասկացան, որ իրենց ճակատագրերի գծերն էլ կրկին բեկվելու են: Նրանք զգացին, ապա հասկացան, որ չեն կարող ապրել առանց մեկը մյուսի ու կանգ առան իրենց հաղթարշավներում: Ապա շրջվեցին ու քայլեցին իրար ընդառաջ: Հետո վազեցին, գտան իրար, փարվեցին ու ձուլվեցին մեկը մյուսի մեջ: Դարձյալ մի մարմին եղան, թեև տարբեր հոգիներով: Ու պատմեցին իրար իրենց մենակության մասին: Առաջին պահին Աջն ու Ձախը դեռ անջատ էին, բայց այնքան հուժկու էր կարոտը, որ հաջորդ պահին նրանք մոռացան վարվեցողության սեթևեթները ու դիֆուզվեցին իրար մեջ:
Ես կրկին ամբողջացա, ու դադարեց փոթորիկն իմ մեջ: Մնացին միայն իմ փիլիսոփայության ջերմային ալիքները, որ սերվում էին իմ հակասությունների միասնությունից ու սնուցվում իմ կեսերի ներքին ընդվզումներից: Ու անվերադարձ չորացավ իմ ներդաշնակության դաշտում խոյացած պառակտման ծառը: Ու ես ինքնահաշտեցման ճանապարհով շարունակեցի իմ կիսատ ուղին դեպի Տաճարը…