Իմ առջև կանգնած է Բաբելոնի միլիոնանոց բանակը` ամբոխը սպառազեն հսկաների, որոնց մասնագիտությունը սպանելն է: Նրանց աչքերում միայն ահասարսուռ վճռականություն կա ու կամք: Նրանց ահեղ հայացքից անգամ Տրոյայի աստվածակուռ պատերը կփոշիանային: Նրանց զրահների աղմուկից, երբ նրանք քայլում են, ցնցվում ու փշաքաղվում են Տիեզերքի սև խոռոչները: Երբ նրանք գետից ջուր են խմում, գետը ցամաքում է: Նրանց երկաթե բազուկներում արյան փոխարեն հալված պողպատ ու լավա է հոսում, իսկ ուղեղներում մի միտք է մրրիկի պես պտտվում` սպանել…
Իմ առջև կանգնած է Բաբելոնի միլիոնանոց բանակը. բանակ, որը գրավել ու ավերել է համայն Տիեզերքը, իսկ հիմա պատրաստվում է գրավել նաև իմ փոքրիկ մոլորակը: Պատրաստվում է տրորել իմ Վարդը և սպանել ինձ` Փոքրիկ Իշխանիս: Նրանք բաոբաբից էլ վտանգավոր են, մեծահասակներից էլ, մայիսյան բզեզներից էլ: Բայց ես ժպտում եմ նրանց, և նրանք սարսափում են իմ ժպիտից: Ես նայում եմ նրանց աչքերին, և վախն իր ճանկերն է խրում նրանց հոգում: Մի՞թե կարծում էիք, որ ես` Հռոմի հզորագույն գլադիատորս, կվախենամ ձեզնից և ձեր զրահների աղմուկից… Ես խղճում եմ ձեզ, քանզի ես արդեն հաղթել եմ ձեզ իմ ներսում, բայց դուք դա չգիտեք: Ես մերկ մարմնով կանգնել եմ ձեր առջև ու հեգնանքով ժպտում եմ: Խղճում եմ ձեզ, որ ձեր քաղաքը առնետներին պիտի թողնեք…
Եվ, երբ այս խառնամբոխը` լոկ հույսի ու պատահականության պատրանքին ապավինած, սկսում է շարժվել դեպի ինձ, ես առանց շտապելու կռանում եմ, վերցնում մի մեծ քար ու թափով նետում զորքի կենտրոնը: Մի աննկարագրելի քաոս է սկսվում. բաբելոնցի զինվորները կոտորում են մեկը մյուսին մինչև վերջին մարդը… Ես ժողովում եմ նրանց դիակները ինչպես աշնան տերևներ և այրում: Վառվող մսերի հոտը հասնում է Բաբելոն` գուժելով Մարաթոնի ավարտը և բաբելոնյան միլիոնանոց բանակի պարտությունը: Իմ` Փոքրիկ Իշխանիս, հայացքից և նետած քարից ընկավ մեծն Բաբելոնը, որ եղել էր բնակավայր դևերի ու արգելանոց ամեն տեսակ պիղծ ոգիների ու ապահով ապաստարան ամեն տեսակ անմաքուր ոգիների, քանի որ նրա կատաղի պոռնկության գինուց հարբեցին բոլոր ազգերը և երկրի թագավորները, որոնք պոռնկություն արեցին նրա հետ:
Ես` Փոքրիկ Իշխանս, ապրում եմ իմ մոլորակի վրա` Գառնուկիս ու Վարդի հետ: Ես սիրում էի ձեզ` ինչպես մայրամուտն եմ սիրում: Ես կուզեի նայել ձեր աչքերին` ինչպես մայր մտնող արեգակին եմ նայում: Ես կուզեի թափառել Բաբելոնի փողոցներում` իմ Վարդից զատ ուրիշ գեղեցկուհի գտնելու գաղտնի ցանկությամբ: Բայց դուք սուր բարձրացրիք իմ դեմ և սրից ընկաք: Ես ձեզ շա՜տ էի սիրում: Ինչու՞ դուք էլ ինձ չսիրեցիք: Գոնե Հարբեցողի պես լինեիք` ապրեիք առանց ուրիշներին դատելու դժնի մտադրության…
Հիմա ես ըմբոշխնում եմ մայրամուտը և ափսոսանքով նայում երբեմնի հզոր քաղաքի երկարող ստվերներին: Հիմա առնետներն են իշխելու ձեր պալատներում, և ձեր նոր ծնվելիք որդիները չեն ճանաչելու իրենց հայրերին, չեն ժառանգելու ձեր պողպատե կամքը ու ցրվելու են Տիեզերքով մեկ, քանզի նրանց լեզուներն էլ պիտի խառնեմ…
Ես` Փոքրիկ Իշխանս, հիմա նստել եմ մոլորակիս վրա ու ըմբոշխնում եմ մայրամուտը: Ու սիրով լի սիրտս խնդրանքով է դիմում ձեզ. Մի՛ սարքեք աշտարակներ դեպի իմ փոքրիկ մոլորակը: Ես ինքս ձեզ հյուր կբերեմ այստեղ, եթե իմ ուղարկած Լույսից բոցավառվեն ձեր սրտերը: Եվ, երբ ինձ հյուր գաք, կթողնեմ, որ նստեք Գառնուկիս մոտ և հոտ քաշեք իմ Վարդից: Եվ դուք կունենաք իմ ողջ բարեհաճությունը: