Խաղեր Կրակի հետ

Մանուկ էի, երբ սիրեցի խաղալ Կրակի հետ: Նրա հրաշեկ բոցերը նմանեցնում էի երևակայությանս ծնունդ առարկաներին ու հրճվում իմ գյուտերով: Մի անգամ էլ, երբ զբոսնում էի Նեղոսի հովտում, հեռվից այրվող մորենին տեսա ու վերջնականապես սիրահարվեցի Կրակին:

Հետո ձեռքս կավի կտոր ընկավ: Այն թրծեցի Կրակի բոցերում ու կուլա ծեփեցի: Նրա վրա գեղեցկուհի Օնային, Աքիլլեսին ու նշաններ պատկերեցի: Կրակի ջերմությունն ու ուժը մնացին այդ պատկերների մեջ, ու հազարամյակների ընթացքում չխամրեցին ո՛չ Օնայի գեղեցկությունը, ո՛չ Աքիլլեսի փառքը և ո՛չ էլ նշանների խորհուրդը: Ես այս հրաշքը վերագրեցի Կրակի աստվածային բնությանը: Ատրուշան հիմնեցի ու պաշտեցի Կրակը: Ու մինչ նրա հրաշեկ վարսերը նմանեցնում էի երևակայությանս թռչուններին, գերվեցի այդ վարսերի խաղով…

Ու հենց իբրև խաղ, իբրև մի զավեշտ, հրկիզեցի Հեփեսոսի տաճարը Արտեմիսում: Ու քրքջացինք ես ու Կրակը, քանզի մարդկանց դեմքերին հիմար վրեժխնդրությունից զատ այլ բան չտեսանք…

Հետո հրկիզեցի Հռոմը, որ իմ սիրո օրհներգը ձոնեմ Կրակին: Ու Կրակի հետ պար եկա բոցածուփ պալատներում ու ճաշակեցի նրա այրող համբույը: Հարբեցի, գերվեցի նրանով, ու նոր մոլությամբ մտա խաղի մեջ: Ու, խառնամբոխի հիմար զգացմունքները չհանդուրժելով, հրի ճարակ դարձրի նրանց Սոդոմն ու Գոմորը…

Միջնադարում հավատաքննության բոցերի վրա փորձի համար մի քանի հերետիկոս խորովեցի, ու ինձ դուր եկավ այդ խաղն էլ: Պատերազմներ մոգոնեցի ու հրձիգեցի աշխարհները ու մոլի բավականությունից սրբեցի ճակատիս քրտինքը: Դիակիզարաններ կառուցեցի ու Կրակից փախչող միլիոնավոր մարդկանցից անուշահոտ պատարագ մատուցեցի իմ սիրեցյալին: Ու հաճույքից ոռնացինք ես ու Կրակը ու այրվող աշխարհների բոցերում մեր երևակայության քանքարները տեսանք…

Հետո, Սիրո դիմակով ծպտված, երկինքները ու կանանց սրտերը հրկիզեցի: Ու հրճվեցի այդ անզուգական մայրամուտով…

Այդ գիշեր, երբ աստղերի փայլից վառվում էր տիեզերքը, ես սերս խոստովանեցի Կրակին: Նա ծիծաղեց ու պարզեց ձեռքերը: Ես իմ շուրթերով գրկեցի նրա բորբ շուրթերը ու այրվեցի նրանց մուժ լեզվակներում…

Ասում են` հետո Կրակը իմ աճյունափոշին շաղ է տվել աշխարհի չորս կողմերում, որ գոնե մեկը ժառանգի իր հետ խաղալու իմ մոլեռանդությունը…