Իմ Մաշկը հրաշալի է: Օ՜, ոչ, մի՛ ասեք, թե այն մաքուր է ինչպես Լեռան գագաթին ննջող ձյան երազը: Ընդհակառակը, այդ երազը ջինջ ու անապական է, ինչպես իմ Մաշկը: Ո՛չ մի մազ, ո՛չ մի բիծ, ո՛չ մի արատ: Ինչպես Միրոնի կերտած հերոսների ու հերոսուհիների մարմարյա մաշկի երազը: Նույնիսկ մայրս` Օլիմպոսի ամենազոր տիրակալ Զևսը, և զարմուհիս` Ափրոդիտեն, նախանձում են ինձ, քանզի լուսավոր է Մաշկս ու լուսավորում է համայն Տիեզերքը, երբ ես ելնում եմ շորերիս միջից ու իմ ծնյալ փառքով կանգնում Լեռան գագաթին:
Ես սիրում եմ իմ Մաշկը ու խանդում: Եվ հենց Խանդից ծնվեցին առաջին կասկածներս, որ իմ կործանման պատճառը դարձան: Ես խանդեցի Աստվածների ու Աստվածուհիների հայացքները: Խանդեցի վավաշոտ հայացքով Լեռանը, որի անզուսպ տռփանքը զօր ու գիշեր չէր դադարում գայթակղել իմ Մաշկը: Խանդեցի աստղերին, որոնք իրենց երազներում տենչում էին գողանալ Մաշկիս շլացուցիչ փայլը: Ես խանդեցի արեգակին ու լուսնին, որոնք ուժ ու էներգիա էին կորզում իմ Մաշկի փայլից:
Ինձ թվում էր, որ այդ վավաշոտ հայացքներից, որոնց խորքում միայն նախանձ ու ցանկություն կար, կծկվում ու սեղմվում էր իմ հրաշալի Մաշկը: Եվ, նույնիսկ երևակայությանս հեռավոր ու մշուշոտ անդաստաններում չհանդուրժելով այն չարագույժ միտքը, որ նախանձոտ ու վավաշոտ հայացքները Նեմեյան առյուծի պես անդրադարձնող իմ չքնաղ Մաշկը մի օր պիտի քայքայվի Հիդրայի թույնից, ես լքեցի Օլիմպոսի դրախտը և փակվեցի մի խավար խցում, որը կապված էր արտաքին աշխարհին միայն մի փոքրիկ օդանցքով:
Սկզբում հրաշալի էի զգում ինձ: Ֆիզիկապես կաշկանդված` հոգիս վայելում էր ազատության անծանոթ ու քաղցր հմայքը: Եվ Մաշկս այլևս ազատված էր բոլոր վավաշոտ հայացքներից: Եվ շագրենի կաշվի պես օր-օրի ջլատվող ուժերս դադարել էին սպառվել, և ես ինձ զգում էի ապահով ու երջանիկ: Ես Մաշկիս գերին էի, Մաշկս` փառքիս, Փառքս` իմ: Ու այսպես կշարունակվեր իմ երջանկությունը, եթե բախտն իմ դժխեմ օձի դարանակալ դյութանքով ինձ չուղարկեր Էպիմեթևսի կարասից դուրս թռած Խանդը:
Ես սկսեցի խանդել օդը: Այն օդը, որը լուսավորում էր թոքերս ու ուղեղս: Այն օդը, որը միլիոնավոր կետերում հպվում էր Մաշկիս ու կենակցում նրա հետ` իմ միամիտ հայացքի ներքո: Ու ես, անիծելով օդը, պոմպի օգնությամբ դուրս մղեցի նրա բոլոր մոլեկուլներն իմ սենյակից ու հանգստացած շունչ քաշեցի: Խանդի նզովքին փոխարինելու եկան Արվեստն ու Երգը: Ու ես նոր ներբողներ ընծայեցի իմ Մաշկին: Ու վերջ չէր ունենա իմ տիեզերական սիրո տվայտանքը, եթե Հալլեի գիսաստղի պես ինձ կրկին չայցելեր Խանդը:
Օդից առավել վտանգավոր ախոյան ունեմ ես` Լույսը, որի միլիարդավոր ֆոտոնները, ներս լցվելով այս անիծյալ օդանցքից, կենակցում են Մաշկիս հետ նրա բոլոր կետերում: Եվ ես` միամիտս, չէի նկատում, որ սերս տանում են ինձնից: Աճապարանքից սայթաքելով, բարկությունից դողացող ձեռքերով ես շաղախ եմ շինում ու ծեփում օդանցքը:
Վե՛րջ: Հիմա միայն ես եմ մաշկիս տերը: Նա իմ հարճն է, իսկ ծեփված օդանցքը ու պատերը` իմ ներքինիները, որոնցից ոչ մի վտանգ չկա և չի կարող լինել: Եվ ես կշարունակեի երջանիկ կյանքս սիրուս հետ և առանց Խանդի, եթե մի օր սարսափով չնկատեի, որ Մաշկս սկսել է բորբոսնել:
Այս ահավոր նորությունից խելքս թռցրած` ես սկսեցի ձեռքերովս քանդել շաղախված օդանցքը: Եվ, երբ եղունգներիս տակից հոսեցին արյան կաթիլները, առաջին ֆոտոնը ներս հոսեց բացված անցքից, հետո` երկրորդը, ապա` մյուսները, հազարները… Թեկուզև խանդեմ, բայց չեմ հանդուրժի, որ փչանա իմ գեղանի Մաշկը: Նա Ոսկեգեղմից էլ թանկ է ինձ, շագրենի կաշվից էլ, Օլիմպոսից էլ…
Բայց, օ՜ սարսափ, լույսի հետ սկսում է մուր նստել Մաշկիս վրա: Ես փակում եմ ափերս, որ գոնե նրանք մաքուր մնան, բայց զուր է: Ոչինչ չի օգնում: Տիեզերական երրորդ արագությամբ մաշկս պատվում է սև մրի շերտով, որը կուպրի պես կպչուն է: Ես խելացնոր շարժումներով փշրում եմ ապակին ու նրանով սկսում քերել մաշկս այդ նզովյալ մրից: Բայց դա էլ չի օգնում: Փոխարենը վախիս կաթիլներն են խառնվում սև մրի գիշերվան, ու Մաշկս պատվում է ճահճի մրուրով:
Ես, շագրենի կաշվից մնացած փոքրիկ կտորը փրկելու հույսով, դիմում եմ ծայրահեղ միջոցին` փակում եմ աչքերս, որ չտեսնեմ սիրեցյալիս մահը: Բայց հաջորդ պահին, երբ աներևույթ ցնդում է ինքնահաշտեցման պատրանքը, ես` սարսափից խելակորույս, նկատում եմ, որ մուրը ոչ միայն դրսից է նստած Մաշկիս, այլև` ներսի կողմից: Եվ այդ մուրը դուրս է գալիս սրտիս միջից, այն սրտից, ուր Սերս էր ծագում:
Ու ես` տարաբախտ կույրս, հանում եմ սիրտս, որ ազատվեմ սիրուս կորուստի տառապանքից ու փրկեմ շագրենի կաշվի մասին գոնե իմ հուշերը: Հաջորդ պահին հոգիս թևածում է Օլիմպոսի կաճառի վրա, և ես նոր միայն նկատում եմ, որ մուրն ու փոշին հոգուս վրա են նստած, իսկ Լեռան գագաթին ննջող ձյան երազը մաքուր է ինչպես երկրի վրա ընկած իմ Մաշկը…