Սոսիները դեռ հիշում են ինձ…
Ազատության հանդեպ իմ սերը նրանցից եմ ժառանգել: Ուստի ի՞նչը կարող է բանտել իմ նկրտումները: Ազատությունն իմ բնազդն է, իմ էգոն և, եթե դա չունեմ, ինչի՞ս են իմ մարգարիտները… Ինձ շրջապատող միլիոնավոր առարկաները իմ տրամաբանությունը հայեցողական չեն դարձնում, այլ էությունս են առարկայացնում: Ինչի՞ս են պետք իմ թագավորության բոլոր գանձերը, եթե ես խեղդվում եմ դրանց մեջ: Ես չեմ զանազանում զմրուխտի հանճարն ու ոսկու փայլն, որովհետև դրանք ինձ բիբ ու աչքի լույս են դարձել…
Ես տոն եմ հայտարարել այն օրը, երբ գրեթե բնազդով, որ սոսիներից է ինձ անցել, պատուհանից դուրս նետեցի իմ գրիչը: Նրան հետևեց սպիտակամած սևահոգի թուղթը: Հետո դուրս ելա փողոց ու միագույն ամբոխի մեջ ձուլեցի քանոններս ու գրքերս, սեղանս, աթոռս, մահճակալս ու մնացած աղբը, որ ջրիկացրել էր կապույտ արյունս: Չմոռացա նաև պատերի ծեփը, առաստաղի փոշին և հատակի մանրատախտակը խեղդել ամբոխի թունավոր աղքատության մեջ: Այդ պահին մի հի՜ն անդորր հիշեցի, ու իմ նախնի սոսիների շրշյունը սահեց ականջներումս…
Մեծ Քաղաքում ես գլադիատոր եմ եղել, ուստի գիտեմ կռվելու արվեստը: Հաջորդ հարվածս հասավ իմ կուսությունն ու մաքրությունը սքողող հագուստիս: Ես պատառոտեցի այդ խառնիճաղանճ շղթաները ու նետեցի պատուհանիս տակ խռնված կապարե ամբոխին, որը վավաշոտ ընչաքաղցությամբ լափեց դրանք: Հետո փախա սարերը, որ ազատվեմ ամբոխից. չէ՞ որ մարգարեն իր հայրենիքում տեղ չունի: Դիոնիսոսը սափրեց մարմնիս մազերը, ու ես շա՜տ մոտ զգացի ինձ կանչող սոսիների ախորժալուր կապույտը:
Սոսիները դեռ սպասում են ինձ…
Հետո զգացի, որ ձեռքերս գայթակղվում են ծառերի վրա հասած պտուղներով, ու կտրեցի ձեռքերս, որ չկորցնեմ ինձ: Ու արյանս մեջ կապույտ գնդիկների պղպջոցը լսեցի: Հետո ոտքերս գայթակղվեցին բաքոսուհիների գեղեցկությամբ, ու ես հրաժարվեցի ոտքերիցս հօգուտ ինձ: Ապա գլուխս թաթախվեց ամբոխային իմաստակության մեջ, ուստի ես այն էլ զոհաբերեցի աստվածներին: Իսկ կուրծքս պոկվեց ինձնից, երբ հրաժարվեցի ամբոխի հոգևոր բորոտությամբ հագեցած օդը ծծելուց: Ու ինձ մնաց կապույտ հոգիս, ու ազատության սրբապսակը օծեց իմ պատկերը: Ես օրհնեցի աստվածներին ու նրանց ստեղծած ամեն ինչը:
Սոսիները դեռ պատմում են ինձ…
Հետո կանչեցի մարմնիս անդամները ու միաձուլեցի նրանց առողջ հոգուս շուրջը: Ու թարմությունն ու կայտառությունը ծփացին մարմնիս մեջ, որ առաջ իմ բեռն էր դարձել: Գլխիս ոսկեգանգուր մազեր եկան, որոնցից ես զոհաբերեցի աստվածներին և սոսիներին…
Հետո ետ կանչեցի առարկաները և ինձ ծառա ու ճորտ դարձրի: Եվ նրանք հպարտ ու խանդաղատանքով տարան այդ մեծ պատասխանատվությունը: Վերջում գտա սպիտակափառ թուղթը և նրա վրա կապույտ ծառեր ու աստվածներ պատկերեցի:
Սոսիները դեռ կարոտում են ինձ…