Պատերի մասին

Ես նստել եմ անշարժ` այն դիրքում, որ մայրս` Ռոդենն է ինձ ծնել. ծանր գլուխս հենած ձեռքիս, ձեռքս` ծնկիս, ծունկս` սրունքիս միջով հատակին, հայացքս էլ` ծանր, գետնին հառած: Եվ իմ բրոնզե հյուսվածքներում պատերի հոտն է տարածվել: Ես ձուլվել եմ հատակին` իմ խոր արմատներով ծծելով պատերի մոխրագույն, մեռյալ հոտը: Եվ իմ երակներում կարմիր գնդիկների փոխարեն պատերի սպիտակ գաջն է հոսում:

Ոչ մի պատուհան, ոչ մի օդանցք, ոչ մի դուռ, ոչ մի ծակ, և միակ քուրմը, որը լրիվ չի ենթարկվում պատերին, իմ թափառական հոգու երևակայությունն է` ենթագիտակցությունս: Անսահման հեռվից նրա կուրացող աչքերին մի լույս է հասնում ու սկսում է ծիլ արձակել մոխրացող ուղեղիս բորբոսնած տեսիլքներում: Եվ, ինչպես նավաբեկ թշվառը ձեռք կգցեր ծովի փրփուրին, փրկություն որոնող ենթաերևակայությունս փարվում է այդ դժգույն ու տակավին անշունչ ֆոտոնին:

* * *

Պատերը ճաքճքել են, և այդ ճեղքերի մեջ խավարասերներ են ապրում, որ գետերի պես հոսում են ճեղքերի միջով, ետ դառնում ու նորից հոսում: Եվ ես սարսափում եմ այն անվերջանալի գաղափարից, որ պատերը չորս հատ չեն, այլ շա՜տ, միլիարդավոր պատեր, որ Մեծ Պայթյունից գնում են դեպի ավելի մեծ պայթյունը: Եվ, ամրակուռ սպարտացիների նման փաղանգ կազմած, հռոմեացի լեգիոների գերդաժան հայացքով զինված, նրանք շրջապատել են ինձ և, նիզակներն ինձ հառած և վահաններով ու սաղավարտներով պաշտպանված, ներքին սարսափով սպասում են, որ ապստամբեմ իրենց դեմ: Սարսափում են, քանզի չեն ճանաչում ինձ և իմ հորը, այլ միայն գիտեն, որ մայրս անառակ Ռոդենն է եղել:

Ես բարձրացնում եմ երաժշտությունը, որ քնած հարևաններս չարթնանան, վերցնում եմ ծանր մուրճը ու սկսում փշրել պատերը: Ու, երբ փոշիացած գաջը ցրվում է, սարսափով նկատում եմ, որ պատերն իրենք էլ պատերի մեջ են: Ուժասպառ, անկարողությունից հուսահատված և հուսահատությունից անկարողացած, ընկնում եմ գետնին ու գրկում հինգերորդ պատը` հատակը, որն Անթեոսի պես ծծում է Գեայի անսպառ ուժը: Ու սկսում եմ լաց լինել, և արցունքներս հասնում են ճեղքերին, դրանցով հոսում-բարձրանում վեր` դեպի առաստաղը` իրենց դղյակներում խեղդելով խավարասերներին: (Նրանք մեծ դիվանագետներ էին, որ դաշն էին կնքել խավարի ու պատերի հետ, բայց հաշվի չառան, որ ժամանակին Ալեքսանդր Մեծն էլ է կենակցել մորս` Ռոդենի հետ, ուստի ես էլ գիտեմ հանգույցներ կտրել):

Եվ արցունքներիցս առաստաղին ցեխաջրի պես մի ջրափոս է առաջանում, քանզի մուր կար նստած առաստաղին և Եգիպտոսից քամու բերած փոշի ու ավազ: Եվ առաստաղը սկսում է ճաքճքել և այդ ճեղքերից աստղերն են սկսում երևալ` իբրև մեծ փայլատակություն այս փառահեղ կառույցի վրա, այս միլիարդավոր պատերի վրա: Չորս պատ և երկու առաստաղ (կամ երկու հատակ):

Եվ ատոմային ռումբի պես էներգիա ճառագող ուղեղիցս բուսնող լարումը հասնում է ճեղքերին, և նրանք սկսում են առնետների պես բազմանալ: Այնքան են շատանում, որ այլևս ոչ թե ճեղքերն են պատերի մեջ, այլ պատերը` ճեղքերի: Ու սենյակս վանդակ է դառնում, ահեղ պատերը` նվաստ ճաղեր, որոնց միջով անմնացորդ ցնդում է գաջի մոխրագույն հոտը:

Ահեղ պատերին հաղթելուց հետո այս խղճուկ ճաղերն ինձ մանկան խաղ են հիշեցնում: Ես լավ գիտեմ, թե ինչպես է պետք հաղթել նրանց. իմ պոռնկությամբ, որ մորիցս եմ ժառանգել: Ես կշոյեմ ճաղերը, և նրանք, հանուն ինձ հետ կենակցելու, կպառկեն ոտքերիս առաջ` խեղճ ու արատավոր:

Բայց մի պահ հայացքս հասնում է ճաղերից դուրս սփռված արձաններին, և ուղեղս անմիջապես նոր գաղափարով է հղանում: Ու ես, մոռացած, որ բոլոր հյուսվածքներս բրոնզից են ձուլված, իսկ երակներումս դեռ չի չորացել գաջի մոխրագույն հոտը, սկսում եմ խելագարի պես համբուրել երբեմնի ատելի ճաղերը որպես սուրբ խաչեր: Հերթով երկրպագում եմ բոլոր ճաղերին` նրանց առաջ ծնկի իջած: Արցունքներիցս, այս անգամ երջանկության, շաղախ եմ շինում ու հատակից սկսում եմ չորս կողմս նոր պատեր կանգնեցնել: Ու համբուրում եմ պատերը, որ գերել են ինձ, ու դեմ եմ անում մյուս այտս, որ կրկին վայելեմ նրանց ապտակի քաղցրությունը: Երկար աղոթում եմ բոլոր պատերի համար ու օրհնում նրանց ճաքերը: Եվ, կրկին ափսոսալով խավարասերներին, գաջ եմ քաշում պատերի վրա: Հետո հանգստացած շունչ եմ քաշում, երբ երակներումս կրկին հոսում է սպիտակ գաջը: Հրճվում եմ երջանկությունից, քանզի հասկացա, որ ես չեմ գերին այս միլիարդավոր պատերի և նրանց կաշկանդող գերպատի` Տիեզերքի, այլ Տիեզերքը համայն, որ դուրս է պատերիցս, գերին է իմ: