Տաճարաշինություն

Տաճար եմ շինում, որ թռչեմ: Ինձ շատ բան պետք չէ. մի քանի քար, մի քանի խաչքար, որ ցանեմ Տաճարիս շուրջը, մի քանի կիսաչոր տուղտ, որ խրեմ գմբեթի քարերի արանքը, կոմիտասյան մի երգ, որ հրեշտակներս երգեն Տաճարիս խորանում, ու մի քանի մոմ, որ սև ներկեմ խորանի տաքացող քարերը:

Սկզբում ստեղծեցի երկինքն ու երկիրը: Եվ երկիրն անձև ու դատարկ էր, և խավար կար անդունդի վրա: Եվ ասացի` Եղիցի Լույս: Ու Լույս եղավ ու Լույսով լցրեց տիեզերքը, որ Տաճարս լուսավոր լինի ու լուսավորի չորս բոլորը: Օր առաջին:

Հաջորդ օրը բաժանեցի իրարից հողն ու ջուրը: Սուրբ լեռան լանջերին մի պարտեզ տնկեցի ու օծեցի այն Դրախտի այգի անունով, քանզի այնտեղ չորս գետերի պես իրար պիտի  խառնվեին Լույսն ու Խավարը, Արշալույսն ու Մայրամուտը, Սկիզբն ու Վերջը, Բերկրանքն ու Ցավը, Կյանքն ու Մահը, Քաղցրն ու Դառը, Մանկան իմաստությունն ու Ծերունու մանկամտությունը: Օրհնեցի այդ տեղը ու պարուրեցի այն անչարության քողով: Ու որձաքարից գցեցի Տաճարիս հիմքը, որ անձրևն ու քամին երբեք չկարողանան կործանել այն: Օր երկրորդ:

Հետո երկու մեծ լուսատուներ շինեցի. մեծ լուսավորը` ցերեկին իշխելու համար և փոքր լուսավորը` գիշերին իշխելու համար: Ու դրեցի դրանք երկնքում, որ Լույսը Խավարից բաժանեն: Ապա բազալտ քարեր պոկեցի, տաշեցի եղունգներովս: Սուրբ Հոգիս խառնեցի Լեռան գագաթին կաթնացած մանանային, շաղախ հունցեցի ու կապեցի Տաճարիս սրբատաշ հիմնագոտին բազալտ քարերով: Օր երրորդ:

Ու, երբ Ծիրանենու բույրով հարբած վաղորդայնի ցողերը սրբեցին գիշերվա մութը, Ես սկսեցի Տաճարիս պատերը կանգնեցնել: Դրախտի օդը ծծած վարդագույն քարից խորանարդներ տաշեցի ու, ինչպես մի մանուկ, շարեցի մեկը մյուսի վրա: Ու երբ ծարավեցի, ասացի, որ աղբյուր բացվի Տաճարիս կողքին: Ու աղբյուր բխեց քաղցրահամ ջրով: Օրհնեցի ջուրը և այն լճակը, ու հոսում-լցվում էր աղբյուրիս ջուրը: Ու կարմիր պուտերով ձուկ ստեղծեցի, օրհնեցի այն ու հրամայեցի բազմանալ ու լցնել քաղցրահամ լճակը: Օր չորրորդ:

Հետո գմբեթ կապեցի Տաճարիս գլխին ու կիսաչոր տուղտերը խրեցի գմբեթի քարերի արանքը: Իսկ պատերին խաղող ու նուռ ու այբուբեն կերտեցի ու խոյի գլուխ դրեցի սյուների վրա: Մաշված խաչքարները փռեցի Տաճարիս պատերի տակ, որ չկորչի Տաճար բերող արահետը գիշերվա մթնում: Ու հրամայեցի հրեշտակներիս, որ կոմիտասյան պատարագով փառաբանեն արարումիս խորհուրդը խորին: Օր հինգերորդ:

Ու տխրեցի վեցերորդ օրվա լուսաբացից առաջ, քանզի այդ օրը իմ միածին որդուն խաչ պիտի հանեի Տաճարիս գագաթին: Տվեցի նրան իմ ողջ բարեհաճությունը ու մի պահ թողեցի նրան, որ մատաղ լինի ի սեր իմ ստեղծածի: Ու վարագույրը երկու կես եղավ, ու դողաց մոմերի լույսը խորանի սևացող պատերի հառաչից: Օր վեցերորդ:

Եվ յոթերորդ օրը հանգստացա իմ կատարած բարի գործից: Ու նայելով տեսա, որ Ինքս Ինձ եմ կերտել այս յոթ օրում` Իմ պատկերով և նմանությամբ: Օրհնեցի յոթերորդ օրը և սրբեցի այն: Ապա շունչ փչեցի Տաճարիս մեջ ու նա կենդանի հոգի եղավ: Ես շա՜տ սիրեցի իմ կառուցած Տաճարը ու կնքեցի այն իմ սուրբ անունով` Մարդ: Եվ կատարվեցին երկինքն ու երկիրը և նրանց բոլոր զարդերը որպես մեծ փայլատակություն Իմ փառահեղ կառույցի վրա: