Տոնը

Բաբելոնում այսօր տոն է: Դրա առհավատչյան են ծաղկազարդ փողոցներն ու առավոտից հնչող շեփորները, ծնծղաներն ու բամբիռները: Եվ բոլոր փողոցներով` Կոմիտասի պողոտայով, Պրոսպեկտ Միրայով, Ելիսեյան Դաշտերով ու Ուոլլ Սթրիթով մարդկանց խառնիճաղանճ ամբոխները շտապում են դեպի Բաբելոնի գլխավոր հրապարակը, ուր կայանալու է այսօրվա տոնի ամենամեծ արարողությունը:

Մարդկանցով լցվող հրապարակի կենտրոնում բեմահարթակ է պատրաստված: Նրա վրա փայտի երեք մեծ խրձեր են կիտված, որոնցից յուրաքանչյուրի կենտրոնում մի ցից է կանգնեցրած: Նշանակված ժամին հնչում է շեփորների կոչը` ազդարարելով հանդիսության սկիզբը: Քաղաքի հիմնի հնչյունները դեռ չէին մարել օդում, երբ սպառազեն զինվորները սկսեցին մարդկային ամբոխի միջով ճանապարհ բանալ դեպի բեմահարթակը: Նրանց ետևից գնում էին բանտապահները` տանելով երեք մահապարտներին` Կլավդիոսին, Նիկողայոսին և Ջորդանոյին: Սրանք քայլում էին հպարտ, հայացքները բարձր պահած` փորձելով մարդկանց համոզել, թե իրենք չեն վախենում և դրանով իսկ ցրել իրենց սեփական վախը:

Բայց Վախը կա՛: Եվ անհնար է այդ ժպտադեմ ու սարսափասփյուռ հրեշտակին համոզել, որ նա, այսինքն` ինքը, գոյություն չունի: Նա ունի՛ գոյություն: Եվ, նախքան իր զոհի աչքերին նայելը, իր գալստյան շեփորն է հնչեցնում նրա սրտում: Եվ այդ դժոխային հիմնից նույնիսկ առյուծի սիրտը հավի սրտիկ է դառնում: Եվ հիմա այդ դժխեմ հրեշտակը` Վախը, թևանցուկ արած Մահվան հրեշտակին, ժպտում է դեպ իրեն քայլող Կլավդիոսին, Նիկողայոսին և Ջորդանոյին: Եվ այս երեքի սրտերում երբեմնի հպարտ զգացմունքների փոխարեն լոկ մի բան է մնացել` Էպիմեթևսի կարասի տականքը` որպես վախկոտների ասպարը բոլոր կողմերից իրենց ճնշող Վախի դեմ: Եվ չկա Արիադնեն, որ իր կծիկի ծայրը տա սրանց, մինչդեռ ընդամենը մի քանի ժամ առաջ այս ողորմելի երրորդությունը` այս երեքը, մարդկանց շռայլորեն իրենց հորինած կծիկներն էին բաժանում` Տիեզերքի խավար լաբիրինթոսներում կողմնորոշվելու համար: Բայց պարզվեց, որ նրանք, բոլորին բաժանելով, մոռացել են իրենց էլ բաժին հանել: Մոռացե՞լ են… Հա-հա-հա… Բժի՛շկ, բուժիր ինքդ քեզ… Չէ՛, այդ իրենք են փորձում մտածել, թե մոռացել են: Պանդորայի թողած տականքն է ասում` մոռացել են, բայց երբեք ոչ բեմահարթակի մոտ կանգնած հրեշտակների աչքերի արտահայտությունը…

Ես հիշում եմ իմ սիրելի որդու խաչելությունը Գողգոթայի բարձունքին: Վերջին պահին նա կարկառեց ձեռքերն առ ինձ ու կանչեց իմ անունը: Եվ ես վերցրի իմ որդուն, հանեցի տիեզերական մթին լաբիրինթոսից ու նստեցրի կողքիս: Իսկ դուք ու՞մ եք կարկառելու ձեր ձեռքերը, ձեզ ո՞վ պիտի հանի Տիեզերքի խավարչտին բավիղների անծայրածիր խավարից: Ինչու՞ իմ Լույսը չընտրեցիք, միամիտ մոլորյալներ… Լայն ճանապարհ կառուցեցիք ձեզ համար, ուստի հիմա ստիպված եք մինչև վերջին նաքարակիտը վճարել…

Զինվորները կրակ տվին փայտերին: Ծուխը բարձրացավ, խառնվեց Կլավդիոսի ճերմակ մազերին, Նիկողայոսի ալեխառն մազերին ու Ջորդանոյի սև մազերին:

Շուտով, երբ շեփորների որոտի մեջ լռեց այս երեք թշվառների գոռոցը, երբ կրակն այրեց նրանց միսն ու ուղեղները, և քամին այդ ժանտ օդը ցրեց քաղաքի վրայից, նրանք կրկին շարվեցին իմ առջև: Այս անգամ` հայացքները կախ ու ձեռքերով դեմքները ծածկած: Ես մի քանի րոպե նայում էի նրանց: Ու, երբ հերթական անգամ հայացքս կանգնեց նրանցից կրտսերի վրա, հարցրի.

– Եվ դու՞, Ջորդանո…

Նա ոչինչ չասաց: Ընկավ գետնին, բռունցքներով սեղմեց հողը ու աղիողորմ լաց եղավ: