Մարդկության պատմությունը մի քարի պատմություն է: Ո՞վ է հիշում այն ստրուկի անունը, որը դրեց Քեոփսի բուրգի միլիոներորդ քարը: Միգուցե միայն այդ քա՞րը… Ուստի իմ մեջ է մարդկության ամբողջ գիտելիքը: Միայն ես գիտեմ, թե ինչպես է կառուցվել բուրգը: Ինչպես է նրա ամեն մի քարը կտրվել քարհանքում, տեղափոխվել անապատ ու տեղադրվել իր նախորդի կողքին:
Երբ մարդկությունը վերանա, ուրիշ քաղաքակրթությունից մի հնագետ է անցնելու Նեղոսի հովտով, պեղելու է Քեոփսի բուրգը, զարմանալու է ինքը և զարմացնելու է բոլորին: Ու հենց քարերից է իմանալու այն ստրուկի անունը, որը դրել է Քեոփսի բուրգի միլիոներորդ քարը: Այդ քարը կենակցել է իր հարևան քարի հետ, ու մի դաժան պատմություն է ծնվել նրանց սիրուց: Այդ պատմությունը ապրում է մյուս քարերի մեջ էլ ու ասում է, որ մարդկության պատմությունը և իմաստությունը պարփակված են մի քարի մեջ:
Ամեն ինչ ուզում է իր գոյությամբ հաստատվել, ուստի ես էլ միշտ ձգտել եմ քար մնալ: Նույնիսկ հաց չցանակացա դառնալ, որովհետև դրանով կայլասերվեր ու կաղճատվեր մարդկության ուղղափառ փիլիսոփայությունը: Եվ անցան ժամանակները, բայց ես քար մնացի: Ինձ էլ դեն նետեցին ուրիշ քարերի պես: Հետո փոխվեցին ժամանակները, ու մեզ կրկին ժողովեցին, որ բուրգ և սֆինքս դառնանք ի փառս աստվածների: Հետո ինձ վրա խաչ փորագրեցին ու, փոխանակ խաչն ուղարկողին պաշտելու, խաչքարները աստվածացրին: Իսկ ինձ վրա մնացին ինձ քաշող ստրուկի արյան շիթերը, ինձ մշակող վարպետի մուրճի հարվածների ձայնը և ժամանակի պատկերները: Ու հաճախ ինձ անարգեցին մարդիկ, բայց ես լռելյայն կուլ տվեցի վիրավորանքները ու անկյունաքար դարձա, որ հիշեմ մարդկանց բարի և չար գործերը:
Ես էի, որ փրկեցի յոլքոսցի գետնված հերոսին, օգնեցի կոտորել վիշապածին ռազմիկներին ու մարդկության սեփականությունը դարձրի աստվածապարգև ոսկեգեղմը: Ափսո՜ս, որ մարդիկ երբեք չհասկացան դրա խորհուրդը… Ավելին, նրանք քարը քարի վրա շարելով աշտարակ կանգնեցրին իրենց անվան համար ու արհամարհեցին աստվածներին:
Ես էի, որ մխրճվեցի փղշտացի հսկայի ճակատը ու մեռցրի նրան: Ի՛մ կամքը չէր դա, բայց ինձ անչափ հաճո էր ի վերուստ ինձ ընձեռված այդ առաքելությունը: Եվ այդ օրը ճակատագրական մի բեկում մտավ մարդկության պատմության մեջ, որն ընդամենը մի քարի պատմություն է:
Ինձնով քարկոծեցին մեղավորներին ու ինձնով հուշարձան կանգնեցրին փառապանծներին: Ինձնով քաղաքներ կառուցվեցին և, երբ շնորհ չգտան Բարձրյալի առաջ, իմ բեկորների տակ գտան իրենց մահկանացուն: Ինձնից կերտվեց մարդը և մահից հետո դարձյալ քար կդառնա: Նրա աճյունի վրա քարե սալ կդնեն, ու նրա պատմությունը կդառնա այդ քարե սալը:
Եվ, ով ուզում է իր տունը հաստատ ու ամուր լինի, ինձ վրա պիտի կառուցի: Ու կառուցեցին մարդիկ ինձ վրա ու ինձանով: Բուրգեր ու վանքեր, աշտարակներ ու կամուրջներ, հաղթական կամարներ ու դամբարաններ կառուցեցին: Փիլիսոփաներն ինձ իրենց թալիսմանը օծեցին, ու գիտությունը զարգացավ իմ ոգեշնչմամբ: Առաջինը ես զառ դարձա և մարդկանց ճակատագրի մեջ պատահականության տարրը մտցրի:
Ես էի, որ մի հիմարի թեթև ձեռքով ընկա փոսը, և աշխարհի իմաստունները հավաքվեցին ու չկարողացան ինձ հանել փոսից: Իսկ Բարձրյալը քարե տախտակների վրա մարդկության պատվիրանները գրեց, ու մարդիկ իրենց ապագան ինձ վրա տեսան, ուստի ես ոչ միայն պատմությունն եմ, այլև գալիքի բանալին…
Բայց ավա՜ղ, մարդիկ չհասկացան ո՛չ ոսկեգեղմի, ո՛չ խաչքարների, և ոչ էլ քարե տախտակների իմաստն ու խորհուրդը: Քանդեցին բուրգերն ու վանքերը, աշտարակներն ու կամուրջները, հաղթական կամարներն ու դամբարանները և բազալտի օծված խորանարդիկներից իրենց համար խրճիթներ և անասնագոմեր ծեփեցին… Ես Ռոզեթյան քար դարձա, որ մարդիկ կարդան ինձ ու վերհիշեն աստվածներին, բայց նրանք դարձյալ կույր մնացին…
Ես, որ ծնվել եմ միլիարդավոր տարիներ առաջ, կոփվել եմ լավայի բոցերում ու թրծվել հավերժական ձյուների տակ սրբազան լեռների գագաթներին: Հետո կամա՜ց գլորվել եմ ներքև, դարձել բուրգեր, քարե տախտակներ ու խաչքարներ… Ես մարդկության պատմության կրողն եմ. պատմություն, որը ոսկեդարից մինչև երկաթի դար է ձգվում և պարփակում է իր մեջ մարդկանց իմաստությունն ու անխոհեմությունը: Ու այսօր միլիոնավոր սիզիփոսներ ինձ փորձում են գլորել վեր` դեպի Օլիմպոսի բարձունքը, որ իրենց պատմությունը դարձյալ մոտենա աստվածներին…
Եվ այդ բոլոր ժամանակները, որոնց միջով միլիարդավոր մարդիկ են անցել և անցնելու, իրենց պատմությունը չէ, այլ մի քարի պատմություն է…