(ՂՈՒԿԱՍ, ԺԵ)
ԴՐԱՄԱ ՄԵԿԱՐԱՐՎԱԾՈՎ
Գործող անձինք.
Հայրը,
Ավագ որդին,
Կրտսեր որդին:
(Բացվում է վարագույրը: Կանգնած է հայրը` դեմքով դեպի հանդիսատեսը: Նրա ետևում ավագ որդին է: Կրտսեր որդին ծնկի է իջած հոր առջև:)
Պատմում է կրտսեր եղբայրը.
Հայրս երկու որդի ուներ: Ես, որ կրտսերն էի, մի օր հորս ասացի. հա՛յր, տու՛ր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը: Եվ հայրս ունեցվածքը բաժանեց մեզ: Քիչ օրեր հետո, ես, փողի վերածելով ամեն ինչ, գնացի հեռու աշխարհ և այնտեղ վատնեցի իմ ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էի ապրում: Եվ երբ ամեն ինչ սպառեցի, այդ երկրում սաստիկ սով եղավ, և ես սկսեցի չքավոր դառնալ: Գնացի դիմեցի այդ երկրի քաղաքացիներից մեկին, և սա ուղարկեց ինձ իր ագարակը` խոզեր արածեցնելու: Եվ ես ցանկանում էի իմ որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ ինձ չէր տալիս: Ապա խելքի եկա և ասացի. քանի՜ վարձկաններ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, և ես այստեղ սովամահ կորչում եմ: Վեր կենամ գնամ իմ հոր մոտ և նրան ասեմ. հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ և այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրու՛ իբրև քո վարձկաններից մեկը:
Եվ վեր կացա, եկա իմ հոր մոտ: Եվ մինչդեռ հեռու էի, հայրս տեսավ ինձ և գթաց. Վեր կացավ և վազեց ինձ ընդառաջ, ընկավ իմ պարանոցով և համբուրեց ինձ: Եվ ես ասացի նրան. հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու: Այդժամ հայրս իր ծառաներին ասաց. անմիջապես հանեցե՛ք սրա նախկին պատմուճանը և հագցրե՛ք սրան, մատանին սրա մատը դրե՛ք և սրա ոտքերին` կոշիկներ: Բերե՛ք պարարտ եզը, մորթեցե՛ք, ուտենք և ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց:
Պատմում է ավագ եղբայրը.
Հայրս երկու որդի ուներ: Մի օր կրտսեր եղբայրս հորս ասաց. հա’յր, տու՛ր ինձ քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը: Եվ հայրս ունեցվածքը բաժանեց մեր մեջ: Քիչ օրեր հետո եղբայրս, փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ, և բոլորս հավատացած էինք, որ նա մեռած է ու կորած:
Բայց մի օր էլ, երբ ես ագարակից գալիս էի և տանը մոտեցա` երգերի և պարերի ձայն լսեցի: Եվ ինձ մոտ կանչելով հորս ծառաներից մեկին` հարցրի, թե դա ի՞նչ է: Եվ ծառան ինձ ասաց. քո եղբայրը եկել է, և քո հայրը մորթեց պարարտ եզը, քանի որ ողջ ու առողջ ընդունեց նրան: Ես բարկացա և չէի ուզում ներս մտնել, իսկ հայրս դուրս ելնելով` աղաչում էր ինձ: Եվ ես ասացի հորս. այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ և երբեք քո հրամանները զանց չեմ արել: Բայց դու ինձ երբեք մի ուլ չտվիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի: Երբ եկավ քո կրտսեր որդին, որը քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր:
Հայրս ինձ պատասխանեց. որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է: Բայց պետք էր ուրախ լինել և ցնծալ, որովհետև քո եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց…
Պատմում է հայրը.
Ես երկու որդի ունեի: Մի օր կրտսերս ասաց ինձ. հա՛յր, տու՛ր ինձ քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը: Եվ ես ունեցվածքս բաժանեցի նրանց մեջ: Քիչ օրեր հետո, կրտսեր որդիս, փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ, և ես մտածում էի, որ նա մեռած է և կորած: Բայց մի օր էլ հեռվից տեսա նրան և գթացի. վեր կացա և վազեցի նրան ընդառաջ, ընկա պարանոցով և համբուրեցի նրան: Եվ որդիս ասաց ինձ. հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու:
Ես ասացի իմ ծառային. անմիջապես հանեցեք այս որդուս նախկին պատմուճանը և հագցրեք նրան, մատանին նրա մատը դրեք և նրա ոտքերին` կոշիկներ: Բերե՛ք պարարտ եզը, մորթեցե՛ք, ուտենք և ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց: Եվ սկսեցինք ուրախանալ:
Իսկ իմ ավագ որդին այդ ժամանակ ագարակում էր: Եվ մինչ գալիս էր և տանը մոտեցավ, լսեց երգերի ու պարերի ձայնը և չէր ցանկանում ներս մտնել: Եվ ես դուրս ելնելով` աղաչում էի նրան: Իսկ նա պատասխանեց և ասաց ինձ. «Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ և երբեք քո հրամանները զանց չեմ արել: Բայց դու ինձ երբեք մի ուլ չտվիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի: Երբ եկավ քո կրտսեր որդին, որը քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր»:
Եվ ես պատասխանեցի որդուս և ասացի նրան. «Որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է: Բայց պետք էր ուրախ լինել և ցնծալ, որովհետև քո եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց»…
(վարագույր)