Երաշտ

Ես ցանեցի ցորենի հատիկները…

Ու երկա՜ր սպասեցի անձրևին, բայց նա չկար:

Մի չոր մրրիկ անցավ իմ միջով, ու կանաչն ամենուր դեղին դարձավ: Հետո դեղինը ճաքճքեց, այրվեց երկնքի կարմիրով ու թափվեց ցած: Իսկ ներքևում ճաքճքած ու խորշոմած կարմիրը խառնվեց հողին, ու ամեն ինչ համատարած մի գույն դարձավ:

Ես երկա՜ր սպասեցի անձրևին, բայց նա չկար:

Հետո կանաչ ու կապույտ գետերն անգույն դարձան, ձուլվեցին օդին ու փոշեգույն քամիներին: Ու ճաքճքեցին իմ ափերը, ու չորացան գետերիս հուները: Եվ իմ սառցագույն աղբյուրները քարի մոխրագույն դաշտ դարձան: Իմ մարգագետիններից փախան գառնուկները: Իսկ հողի ճեղքերի մեջ կարիճներ ու օձեր բուն դրեցին: Ու սաղարթախիտ սոսիների փոխարեն փուշ ու տատասկ բուսնեց իմ անդաստաններում:

Ես դեռ սպասում էի անձրևին, բայց նա չկար:

Մի օր էլ իմ մաշկը ճաքճքեց, հողագույն դարձավ, ու ես խառնվեցի հողին` աչքերս հառած դեղին երկնքին ու անձրև շշնջացող շուրթերով: Չորացան իմ ոսկեգույն ցորենները, գետնի գույնը ստացան, խառնվեցին քար ու հողին ու առանց ջրի փոշիացան ժամանակի մեջ:

Ու դաշտի մեջ իմ աչքերից արցունքի կաթիլներ հոսեցին հողագույն այտերիս վրայով ու չորացան` հողին չհասած…

Շա՜տ տարիներ անց երկինքներից անձրևներ թափվեցին: Ու անդաստանները ծածկվեցին կանաչով, շնկշնկացին սոսիները, քչքչացին առվակները, վերադարձան գառնուկները, ու երգեցին սոխակները: Նորից ծփացին իմ ոսկեգույն ցորենները ու կանչեցին ինձ: Ու քամին պատասխան բերեց.

Զով դաշտի մեջ
մի վարդ ծաղկեց
մուգ արնագույն ծաղիկներով…