Ճորտը

Կոլիզեում լույսերը հանգան, և ես կուլիսներից վազքով դուրս եկա ու կանգնեցի բեմահարթակի կենտրոնում: Ես նկատեցի, որ մարզադաշտը լեփ-լեցուն է. ոչ մի ազատ տեղ չկար ոչ միայն նստատեղերում, այլև միջանցքներում և հարակից մասերում: Այսօր միլիոնավոր մարդիկ թողել են իրենց գործերն ու հոգսերը ու եկել են դիտելու իմ պրեմիերան` առաջին և վերջին ներկայացումս: Ես նույնիսկ նկատեցի ինձ ծանոթ մի քանի պոռնիկների, որոնք, թողած իրենց հրաշալի զբաղմունքը, եկել էին տեսնելու այսօր այստեղ կատարվելիքը: Մարզադաշտի մյուս հատվածում ես տեսա մեծահարուստներին, որոնց աչքերի արտահայտությունը ոչնչով չէր տարբերվում պոռնիկների աչքերի արտահայտությունից, թեև նրանք դիտմամբ պոռնիկներից հեռու էին նստել` իրենց չվարկաբեկելու համար: Հայացքս բարձրացրի այնտեղ, ուր պատվավոր հյուրերին է վայել նստել: Տեսա Տիեզերքի բոլոր թագավորություններից ժամանած տիրակալներին` իրենց նաժիշտներով շրջապատված: Նրանք, իբրև ուխտագնացություն, բոկոտն կտրել-անցել են միլիոնավոր լուսատարիներ, խանձվել են արևի տակ ու փշաքաղվել ցրտից: Իրենք իրենց զրկել են փառքի արձագանքը վայելելու աստվածային հաճույքից ու եկել-բազմել են այս չոր նստարաններին, որ տեսնեն այն, ինչ այսօր կատարվելու է այստեղ: Տեսա Նապոլեոնին, որ քառասուն դար ինձ էր նայում Եգիպտոսի բուրգերի բարձունքից…

Հալացքս պտտեցնելով տրիբունաներում` մի հեռավոր անկյունում տեսա մորս: Նա նստել էր մենակ, հիվանդանոցի խալաթով փաթաթված ու աղոթում էր: Միայն ես հասկացա, որ նա աղոթում է: Նա հուզվում է, քանզի ամբողջ կյանքում այս րոպեին է սպասել: Ու քարոզել է իր հավատը բոլորին: Նա սպասել է, տառապել է ու համբերել, ուստի այսօր նա առատ վարձատրություն կստանա` որպես պարգև իր համբերության և սիրո: Ու մայրս լուռ նստած աղոթում է ու սպասում այդքան տարիներ իր սպասածին:

Մարզադաշտում բոլոր լույսերը հանգան, միայն չորս հզոր լուսարձակներ լուսավորում էին այն ինը քառակուսի մետրը, որի կենտրոնում կանգնած էի ես: Ոչ մի շշուկ չկար: Անգամ քամին ակնածանքով լռել էր: Տասնյակ միլիոնավոր հանդիսատեսը քար կտրած նայում էին բեմահարթակի կենտրոնում կանգնածին` ինձ: Ես հայացքս բարձրացրի վեր` դեպի Երկինք, ու տեսնելով այն, ինչ ակնկալում էի տեսնել, զգացի, որ ուժերս հազարապատկվեցին, և Երկնքից ոսկե անձրևի ձևով Հորս օրհնանքն իջավ վրաս: Ես արձակեցի գոտիս ու դեն նետեցի պատմուճանս: Մնացի Ադամի հագուստով: Մաշկս երևի փայլում էր, որովհետև երբ պատմուճանս հանեցի, նկատեցի, որ թեթևակի լուսավորվեցին տրիբունաները: Բայց թե՛ առաջին շարքում նստած Միքելանջելոյի, թե՛ քիչ հեռու նստած պոռնիկների աչքերում համարյա ոչինչ չփոխվեց. նրանք մոռացել էին իրենց` երկրորդ անգամ գտնելու հույսով: Վերածնվելու գաղտնի հույսով: Ես կռացա, վերցրի հատակին դրված սուրը և առանց ձեռքս դողալու կտրեցի ձախ ձեռքիս երակը:

Քառասուն դար հյուսվածքներովս պտտվող արյունը սկսեց կաթել ցած: Եվ այդ բոսորագույն հեղուկի կաթած տեղերում քարն ու երկաթը եռում էին, ապա ծածկվում ժանկով ու մեռնում: Նույնիսկ Լերնեյան հիդրայի ամենասպան թույնը անվնաս հյութ կլիներ իմ արյան համեմատությամբ. չէ՞ որ վերջինիս մեջ էին կուտակված քառասուն դարերի ընթացքում տասնյակ միլիարդավոր մարդկանցից ժողովված մաղձն ու չարությունը, որոնք իրենց քրոմոսոմներով էին այլևս նստած իմ արյան կարմիր գնդիկների մեջ:

Ես քառասուն դար շրջել եմ մարդկանց մեջ Տիեզերքի բոլոր անկյուններում և որպես հիշատակ ամենուր նրանցից վերցրել եմ լոկ մի բան` այն, ինչ իրենք շատ են ունեցել (որ չվնասեմ նրանց)` նրանց մաղձն ու ատելությունը: Եվ, քանի որ Տիեզերքի ճամփորդին վայել չէ որևէ պարկ ունենալ, այդ առատ նվերները լցրել եմ ուղղակի արյանս մեջ: Եվ այսպես` քառասուն դար: Եվ մարդիկ ինձ հոժարակամ են բաժին հանել իրենց ունեցածից, ուստի այսօր իմ հինգ լիտր արյան մեջ միլիոնավոր տոննաներ մաղձ կա ու նույնքան ատելություն ու չարություն: Եվ դա է պատճառը, որ ժանտ օդն է տարածվել չորս բոլորս, իսկ բաց երակիցս հոսող կարմրաշեկ լավան, որն իր ողջ ծավալով եռում ու ծառս է լինում, թվում է` չի վերջանալու: Եվ ես, բոլոր ուժերս լարած, քամում եմ իմ միջից ճորտի արյունը, որ քառասուն դար ողողել է հյուսվածքներս ու մթնացրել ուղեղս: Այսօր հասել է այն պահը, երբ ես համայն Տիեզերքի դեսպաններին, այդ թվում` Միքելանջելոյին և պոռնիկներին, կապացուցեմ, որ կարող եմ անել դա` քամել իմ միջից ճորտի բոսորագույն արյունը մինչև վերջին կարմիր գնդիկը: Ու, բոլոր մկանններս պրկած, ես ամեն մի բջջիջովս արտամղում եմ քառասուն դար շռայլորեն ստացած նվերները` ճորտի արյան հետ միասին: Ու դևերն են դուրս ելնում միջիցս ու, մտնելով խոզերի մեջ, խեղդվում արյանս փրփրոտ ծովի ալիքներում: Եվ նույնիսկ Բեհեղզեբուղը, որը տեղ է գրավել պատվավոր հյուրերի շարքում, լռելյայն ու անզոր դիտում է բեմի վրա կատարվող հրաշքը: Եվ, եթե նա նույնիսկ հրամայի իր հպատակներին, ո՞ր մեկը կհանդգնի դիմագրավել իմ անսասան կամքը, որը հիմա լոկ մի բան գիտի` քամել ճորտին իմ միջից: Ու ես քամում եմ քրտինք կտրած, բայց անհատնում եռանդով: Ու երակիցս հոսող Ստիքսի ջրերը գնալով պակասում են ու ծանծաղում: Սա արդեն այն փրփրաբաշ սարսափելի գետը չէ, այլ ընդամենը մի փոքրիկ առվակ: Բայց ես խանդավառությունից չեմ կորցնում գլուխս, այլ նույն համառությամբ շարունակում եմ քամել միջիցս ճորտի ատելի էությունը: Դա այն սարսափելի բաոբաբն է, որը մի ծույլ ժամանակին ալարեց արմատախիլ անել: Դա չար պտուղ տվող այն ծառն է, որը մարդիկ, փոխանակ արմատախիլ անելու և կրակը նետելու, ջրեցին ու մեծացրին: Եվ ցայսօր առատ պտուղներ էր տալիս այդ ծառը` քաղցր ու թունավոր: Ու հիմա ես, իմ մեջ հավաքած բոլոր մարդկանց սրտերի աղբը, քամում եմ հյուսվածքներս, որ մի հյուլե իսկ չմնա ստրկական ատելության ու մաղձի: Բայց ամենակարևորն այն է, որ Քառասուն դարերից ի վեր մարդիկ այսօր առաջին անգամ տեսան ու հավատացին, որ հնարավոր է սպանել ճորտին: Դա իմ նվերն է նրանց:

…Արդեն վերջին կաթիլներն են թափվում բաց երակիցս: Բայց կամքս անսասան է` մինչև վերջին կարմիր գարշանքը չի լքում ուղեղս, լյարդս, թոքերս ու մյուս անդամներս: Ահա և վերջ. իմ մեջ մեռավ ճորտը: Միայն հիշողությանս մեջ է այն դեռ տեղ-տեղ ապրում, բայց այնտեղ էլ նա արագորեն ցամաքում է ու անհետ կորչում: Միայն ենթագիտակցությունս է դեռ փորձում համառել, բայց ես նրան էլ կհաղթեմ: Ես վերցնում եմ կողքիս դրված հինգ լիտրանոց ոսկե կուժը, որը ոսկուց, կնդրուկից ու զմուռսից է կերտված, և նրա միջի կապույտ աստվածային արյունը, որից ամբրոսիայի բուրմունքն է տարածվում, լցնում եմ երակիս մեջ ու փակում վերքս: Փոխվում է հայացքս ու փոխվում եմ ես: Կրկին վառվում են Կոլիզեումի լույսերը ու տասնյակ միլիոնավոր հանդիսատեսը սկսում է լքել մարզադաշտը: Եվ բոլորի աչքերում դարձյալ նույն արտահայտություն է` ափսոսանք, ակնածանք ու հույս: Նույնիսկ Միքելանջելոյի ու պոռնիկների…

Եվ, երբ բոլորը դուրս են գալիս, հսկա մարզադաշտում մնում ենք միայն ես ու մայրս` Չեխովը: Նրա աչքերում շողում են երջանկության արցունքները: Նա հպարտությամբ նայում է ինձ, ապա կանչում Գաբրիելին, որը մորս տանում է այնտեղ, ուր նա քառասուն դար երազում էր գնալ, բայց միայն իմ պրեմիերային էր սպասում: