Մետամորֆոզներ

Ես փախա շուկայի ճանճերից, փախա` խլացած մեծ մարդկանց աղմուկից և խոցոտված` փոքրերի խայթոցներից: Փախա դեպի իմ մենակությունը, որ հագուրդ տամ անսահման եսասիրությանս ու մի փոքր խորհեմ իմ մասին:

Տատասկներից ու սուր քարերից արյունլվա ոտքերով ես եկա ու կանգնեցի Կաթիլի առաջ: Ու մինչ հոգիս փոթորկվում էր` ճանճերի թունավոր բզզյունի մեջ սոխակի դայլայլը լսելու կարոտով, հանճարս պարուրեց Կաթիլը ու նրա հայելային մակերևույթից արտացոլվեց իմ մեջ: Ու ես եղա Կաթիլի պես` մաքուր ու համապարփակ: Ու Տիեզերքը արտացոլվեց իմ մեջ: Ու ես, հասկանալով Կաթիլը, հասկացա ողջ Տիեզերքը` իր սև խոռոչներով ու անստվեր Լույսով: Բայց կատարելության տենչը հանգիստ չէր տալիս ինձ: Ես սիրեցի Կաթիլը ու նմանվեցի նրան: Հետո ատեցի Կաթիլը, քանի որ ինձ շա՜տ փոքր թվաց այդ մաքուր ու համապարփակ Տիեզերքը:

Տատասկներից ու սուր քարերից արյունլվա ոտքերով ես եկա ու կանգնեցի Գետի ափին: Հոգիս զմայլվեց նրա չլռող կարկաչյունով: Հետո պարուրեց հոսող ջրի կոհակները ու իմ մեջ անդրադարձրեց նրանց ողջ էությունը: Ու ես եղա Գետի պես` արագահոս ու կարկաչուն: Նրանից սովորեցի քարերի մեջ հուն բացելու խորհուրդը: Ու ես, հասկանալով Գետը, հասկացա համայն Տիեզերքը: Բայց այս անդորրն էլ երկար չտևեց. իմ մեջ դարձյալ ծիլ տվեց ու ծաղկեց կատարելության անհագուրդ փափագը: Ես սիրեցի Գետը ու նմանվեցի նրան: Հետո ատեցի Գետը, քանի որ ինձ չափազանց մարդկային թվաց վերից վար հոսելու նրա խառնվածքը:

Տատասկներից ու սուր քարերից արյունլվա ոտքերով ես եկա ու կանգնեցի Ծովի ափին: Ու, մինչ միտքս տարուբերվում էր ալիքների վրա, հոգիս ընկալեց նրանց մեղմաշունչ ծփանքը ու այդ ծփանքով արտացոլվեց իմ մեջ: Ու ես եղա Ծովի պես` հանդարտ ու հզոր: Տիեզերքը նորովի պատկերվեց իմ մեջ` Ծովի գույներով: Ու ես, հասկանալով Ծովը, նորից հայտնագործեցի Տիեզերքը` իր Լուսաբացով ու մայրամուտով: Բայց կատարելության ծարավը դեռ տանջում էր պապագ էությունս: Ես սիրեցի Ծովը ու նմանվեցի նրան: Հետո ատեցի Ծովը, քանի որ նա սառն էր ու մշուշապատ:

Տատասկներից ու սուր քարերից արյունլվա ոտքերով ես եկա ու կանգնեցի Ճահճի մոտ: Ու, մինչ միտքս մի որևէ պատկեր էր փնտրում` նրանից կառչելու համար, հոգիս գլորվեց գարշահոտ մրուրի վրայով ու իմ մեջ արտացոլեց այդ ժանտ բորբոսը: Ու ես եղա Ճահճի պես` ստոր ու դժոխամետ: Տիեզերքը յուրովի պատկերվեց ինձ. իբրև մի ամսահման ճահիճ: Ու ես, ճանաչելով Ճահիճը, ճանաչեցի համայն Տիեզերքը: Դժվար էր հեռանալ Ճահճից, քանի որ մարդկայինս շա՜տ հարազատորեն էր կապվել նրան, այն աստիճան, որ սիրեցի Ճահիճը: Բայց այդ պահին աստվածային մի կայծ լուսավորեց ատելությունս Ճահճի հանդեպ, ու ես հեռացա նրանից:

Տատասկներից ու սուր քարերից արյունլվա ոտքերով ես եկա ու կանգնեցի Օվկիանոսի ափին: Ու, մինչ գիտակցությունս ու սիրտս կարոտում էին Ճահիճն իր գարշահոտ մրուրով, հոգիս ճախրեց Օվկիանոսի վրա ու արտացոլեց իմ մեջ նրա զորությունը: Ու ես եղա Օվկիանոսի պես` մեծ ու խոհամիտ: Տիեզերքն արտացոլվեց իմ մեջ նոր` Օվկիանոսի չափումներով: Ու ես, հասկանալով Օվկիանոսը, հասկացա ողջ Տիեզերքը` իր անսահման խորությամբ ու անվերջ ժամանակով: Ես շա՜տ սիրեցի Օվկիանոսը ու նմանվեցի նրան:  Բայց նրա պես անչափ էր իմ ձգտումը կատարելության: Հենց դա էր պատճառը, որ ես ատեցի Օվկիանոսը: Ատեցի, որ հեռանամ նրանից, քանի որ ինձ ավելի մեծ պատերազմ էր պետք` ավելի մեծ հաղթանակ տոնելու համար:

Տատասկներից ու սուր քարերից արյունլվա ոտքերով ես դարձյալ եկա ու կանգնեցի Կաթիլի առաջ: Ու, մինչ միտքս բորբոքվում էր պատերազմի մարմաջով, էությունս պարուրեց Կաթիլը ու նրա հայելային մակերևույթից արտացոլվեց իմ մեջ: Ու ես կրկին եղա Կաթիլի պես` մաքուր ու համապարփակ` որպես կատարելության հանճարը…