Տարվա եղանակները

Երբ բացվեցին աչքերս և մայրս ինձ կրծքից կտրեց, ես ճամփա ելա ու նայեցի վեր: Ու տեսա Արեգակը երկնքում: Հարբեցի նրա լույսով ու մանկան բյուրեղյա անկեղծությամբ հարցրի ինքս ինձ` ինչու՞ է ծագում Արեգակը ու լուսավորում ամեն ինչ: Ապա ներսումս ջերմություն զգացի, նայեցի ներս ու տեսա, որ Լույսն իմ ներսում է: Արեգակը ծագել ու լուսավորում է աշխարհը, քանի որ իմ միջի արեգակն է ծագել ու լուսավորում աշխարհը:

Երբ Արեգակը մայր մտավ, երկնքում ծնվեցին աստղերը: Ու մինչ ես, պատանու ռոմանտիզմով ոգեշնչված, աստղերից սիրո բառեր էի հյուսում ու ճախրում նրանց զմրուխտե վեհության մեջ, հարց տվի ինքս ինձ` ինչու՞ են փայլում աստղերը ու պատմում Սիրո մասին: Ապա, ուշադիր նայելով տեսա, որ աստղերն իմ ներսում են փայլում: Եվ դա է պատճառը, որ երկնակամարը ժայթքել է աստղահեղուկով:

Հետո ես ոսկեկուռ զրահով ու սաղավարտով գնում էի փոշոտ ճանապարհով, խեղդվում փոշուց ու այն հավերժական հարցից, թե ինչու է ճամփան փոշեպատ: Եվ, իմաստությամբ զննելով ներսս, տեսա, որ իմ ներսում էլ ճանապարհները փոշով են պատված: Եվ հենց դա է պատճառը, որ դրսում էլ փոշի է նստած: Ապա ես սուրս պարզած մտա կռվի դաշտ ու սկսեցի կոտորել աջ ու ձախ: Եվ զինվորի կամքով ու վճռականությամբ հարցրի ինքս ինձ, թե ինչից է սկսվում պատերազմը: Այդ պահին իմաստության ճաճանչը լուսավորեց ներսս ու ես տեսա այն ահավոր պատերազմն ու զարհուրելի սպանդը, որ իմ մեջ էին: Եվ այս դրսի ճակատամարտն իմ ներսում հարատևող պատերազմի խամրած արձագանքը թվաց միայն:

Ամառվա կեսերին հանդիպեցի Օնային: Խենթացա նրա գեղեցկությամբ ու վառվեցի ցանկության հրով: Ու մինչ խառնվում էին իմ ու նրա ակունքները, ես հարցրի ինքս ինձ` ո՞վ է արարել գեղեցկագույնը գեղեցիկների մեջ, ո՞վ է քանդակել բնության այս հրաշքը: Եվ ենթագիտակցությունս պատասխանեց, որ ես Օնային նախ իմ մեջ եմ ծնել, և դրանից հետո է նա միայն փառավորվել դրսի աշխարհում: Եվ Արարիչը նրա պատկերը հոգուս գույներից, սրտից կրակից ու մարմնիս հևքից է կերտել:

Հետո իմ ներսում ամպեր հավաքվեցին ու ծածկեցին երկնքի աստղերը: Ու, երբ ամպերը շատացան ու խժռեցին երկինքը, անձրևի կաթիլները հոսեցին քունքերիս վրայով: Սիրտս սարսռաց, ու ես նայեցի վեր, որ տեսնեմ, թե որտեղ են ծնվում անձրևի կաթիլները: Ու տեսա, որ նրանք իմ ուղեղում են ծնվում ու թափվում ցած: Ու իմ ներսում տեղացող անձրևից վարարեցին այս աշխարհի գետերը:

Հետո ձյուն եկավ, երբ ես, կորացած մեջքով ու ձեռքիս ձեռնափայտ, հոսում էի դեպի Վերջը: Ու ես տասնամյակների պարգևած իմաստությամբ հարցրի ինքս ինձ, թե որտեղից է այս ձյունը: Ու, թեև աչքերիս լույսն արդեն խամրում էր, բայց տեսա, որ ձյունն իմ մեջ է նստում: Իջնում է իմ երկինքներից ու իր լուռ հպումով պաղացնում բջիջներիս թրթռոցը: Եվ իմ ներսում տեղացող ձյունն է պատճառը, որ ոտքերիս տակի ճանապարհն էլ ծածկվում է ձյան ճերմակ մերկությամբ:

Ու, երբ ճանապարհիս վերջում հանդիպեցի Մահվան հրեշտակին, հարցրի նրան, թե որտեղից է եկել: Նա հոգոց հանեց, ժպտաց ու ասաց. «Այն օրը, երբ մայրդ կտրեց քեզ կրծքից ու ճամփա դրեց, ես արդեն քո մեջ էի, զինվոր: Բայց մի՛ վհատվիր, չէ՞ որ դու քո մեջ Արարչին էլ ես ստեղծել»: