Տխրությունս ցրելու համար ես որոշեցի առանձնանալ բոլորից: Մի աթոռ գնեցի, դրեցի սենյակիս կենտրոնում, նստեցի և խորհեցի իմ մասին: Ու շուտով հասկացա, որ տխրությանս ակունքը իմ սերն է` իմ մեծ ու անշահախնդիր սերը առնետների հանդեպ: Կամ էլ` Վախը, որ մշտապես բնակվում է իմ սրտում, ու ես չեմ կարողանում օտարել նրան: Նա ապրում է իմ մեջ ու կրծում հոգիս: Ցերեկները, երբ ես ոգեշնչվում ու կայտառանում եմ լույսով, նա առնետների պես թաքնվում է հյուսվածքներիս մթին բավիղներում, իսկ, երբ գիշերվա հրեշտակները ազդարարում են խավարի թագավորության գալուստը իմ դրսի և ներսի աշխարհներում, Վախը դարձյալ դուրս է սողոսկում իր դամբարանից ու առնետների հետ միասին տիրանում իմ տարածությանն ու ժամանակին: Ուստի պատահական չէ, որ մի օր ես ատեցի արեգակի տակին աշխատած աշխատանքս, որ թողնելու եմ ինձնից հետո եկող առնետների համար: Հետո լուռ ու վայրագ ատելությանը հաջորդեց գերեզմանային տխրությունս: Հենց այդ պահին էր, որ ես որոշեցի առանձնանալ բոլորից, մի աթոռ գնել, նստել նրա վրա և խորհել իմ մասին:
Առաջին լուսավոր միտքը, որ այցելեց ինձ, ժամանակի մասին էր: Ու ես հիշեցի, որ ամեն բանի ժամանակ կա և ժամանակ` երկնքի տակի բոլոր ձեռնարկների: Իսկ ժամանակի սկիզբը այն մառախլապատ օրն էր, երբ ես Բարձրյալի հրամանով տապան կառուցեցի: Ու, մինչ զբաղված էի կատուներին, փղերին, շներին և ճանճերին փրկելով, առնետների մի զույգ իմ աչքից թաքուն սպրդեց տապանի հզոր դռներից ներս: Ես միանգամից չնկատեցի այդ մոխրագույն գարշելիներին, որ փախան գեհենի դատաստանից, այլ ներքուստ զգացի, որ Վախի սերմը ընկավ ջրհեղեղից պարարտացող ենթագիտակցությանս հողի վրա: Ու այդ փոքրիկ հատիկը, տապանիս ետնախորշերում պատսպարված ցորենի հատիկները կրծող առնետների լկտիությունից հանդգնացած, ծիլ տվեց, բողբոջեց իմ մեջ ու դանդաղ, բայց վստահորեն սկսեց ծծել կյանքիս բջիջները:
Հետո, երբ աղավնին անվերադարձորեն լքեց տապանս, ես Լեռան գագաթին բացեցի նավիս հսկա դռները, ու, մյուս կենդանիներից հետո և երբ արդեն հանգել էին արեգակի և անուշահոտ պատարագիս խարույկի բոցերը, այդ ժանտաբեր տականքները խավարի ու բանսարկուի թևի տակ դուրս եկան ու ցրվեցին երկրով մեկ: Բայց դա սիրելու և ծիծաղելու ժամանակն էր, ուստի թող հասկացվի գինովցած ծերուկիս անհոգությունը: Հասկացվել եմ ակնկալում, բայց ներում չեմ աղերսում, քանզի ո՞վ կարող է ներել իմ անփույթ վարքը, որի շնորհիվ առնետների գեները խառնվեցին մարդկային ցեղիս ակունքներին… Եվ ո՞վ կարող է մեղմել իմ տխրությունը, որը հիմա, երբ նստել եմ այս աթոռի վրա սենյակիս կենտրոնում, աչքերիս ու հոգուս բջիջներից առատ արցունքներ է քամում…
Հետո նրանք բազմացան, հոխորտացան իմ թուլակամությունից, գրավեցին Բաբելոնի ամայացած պալատներն ու աշտարակով սկսեցին սողալ վեր` դեպի Օլիմպոսի բարձունքը: Եվ ես վստահ չեմ` նրանք էին ոգևորում իմ մեջ բնակվող Վախին, թե հակառակը, բայց փաստն այն է, որ Վախը, առնետների նվաճումներին համընթաց, իմ ներսում ընդլայնում էր իր տիրապետության սահմաններն ու գերիշխանության ոլորտները: Ընդսմին, ես բավականաչափ ուժեղ էի և պատրաստ էի մի բարդուղիմեոսյան գիշերվա ընթացքում առնետներից միայն նրանց մասին իմ հուշերը թողնել: Բայց ես աններելի անհոգություն ցուցաբերեցի, որը պատճառաբանեցի առնետների հանդեպ իմ սիրով ու չարին դեմ չկանգնելու միտումով, թեև իրականում ինձ կռվից ու պայքարից ետ պահողը Վախն էր, որն արդեն այնքան էր հզորացել իմ ներսում, որ առանց մեծ ջանքերի իրեն էր ենթարկում իմ խանդավառությունն ու կամքը: Ուստի այդ հարմար պահին ես նույնիսկ փորձ չարեցի անցնել Ռուբիկոնը, բայց հենց իրենք` առնետները լողալով կտրեցին-անցան իրենց կաշկանդող պղտոր գետը ու մտան Եգիպտոս: Ես հեռվից դիտում էի նրանց հաղթարշավն ու մխիթարում ինձ այն սին գաղափարով, որ ես սիրում եմ առնետներին, ուստի Նեղոսի հորձանուտում հանգիստ խղճով սուզեցի իմ կախարդական սրինգը: Իսկ, երբ առնետները ներխուժեցին բուրգեր, խժռեցին երկնամերձ թագավորներին ու իրենց դժոխամետ հարստությունը հիմնեցին քրմերի հազարամյա իմաստության ավերակների վրա, իմ ներսում թմբիրի պես տարածվեցին Վախի ամենահաս արմատները, ու ինձ այլևս ոչինչ չէր մնում, քան շրջել հայացքս, որ չարթնանա փոթորկվող ինքնասիրությունս:
Հետո առնետների ոհմակը մտավ Հունաստան, ապա` Հռոմ, և Գերմարդը վերջնականապես զիջեց իր դիրքերը գորշ, բայց կենսունակ մահկանացուին: Բայց ամենասարսափելին Պարթենոնի ու Կոլիզեումի անկումը չէին, այլ այն, որ հենց ի՛մ մեջ ապրող Գերմարդը վարակվեց անցողիկության ու ժամանակավորության ախտով: Իսկ Վախը դուրս սողաց իր ապաստարանից ու անցավ բացահայտ պայքարի իմ մեջ տապալված արիացի կայսեր գահն ու փառքը զավթելու համար: Եվ տկար էր իմ կամքը անհնազանդություն դրսևորելու համար, քանզի արդեն ջարդվել էին իմ մեջ լեգիոների վճռականությունն ու սպարտացու կամքը:
Ու թեև ես փորձում էի պարտություններս հավասարակշռել առնետների հանդեպ իմ շինծու սիրով, ենթագիտակցությունս շշնջում էր, որ տխրությանս աղբյուրը Վախն է, որն արդեն այնքան էր զորացել, որ, հիրավի, այլևս ե՛ս էի նրա մասը: Դա պատերազմի ժամանակն էր, բայց ես նախընտրեցի խաղաղությունը առանց պատերազմի, ուստի իմ խաղաղությունը պարտվածի բաժինն էր: (Այս պահին իմ աչքերից կրկին հորդում են տխրությանս աներևույթ արցունքները, որ հոսում են աթոռի ճաղերով ցած ու լճանում առնետների ծերտով ու ոտնահետքերով պղծված հատակի վրա: Բայց է՛լ ավելի անհուն է իմ վիշտը, քանզի չկա այն բարի երեցը, որ մխիթարի թշվառիս)…
Հետո աշխարհին տիրեց խավար ու մռայլ միջնադարը: Հավատաքննության խարույկները փոխարինեցին սուրբ պատարագի անուշահոտ կրակներին, իսկ սիրո հրաշքին` ժանտախտի համաճարակները: Առնետները մտան տաճարներ, այլասերեցին խաչերի սրբությունը ու, գազազած արյան հոտից ու գույնից, արշավեցին արևելք` դեպի Մեծ Քաղաք: Ես, միամիտս, հավատացած էի, թե նրանք ինձ չեն վնասում ի նշան երախտագիտության իրենց հանդեպ իմ տածած սիրո, բայց հանկարծ հասկացա, որ առնետները պարզապես արհամարհում են ինձ, քանզի ես համարյա նրանցից մեկն եմ դարձել` անձև ու մոխրագույն: Ու ես, ներքին անհուն ափսոսանքով, համակերպվում եմ այն դժնի մտքին, որ անվերադարձ անցել է պատերազմի ժամանակը: Եվ հիմա արդեն միայն ողբերը կարող են ամոքել իմ անսահման տխրությունն ու վիշտը, քանզի Վախը խլացրել է ինձ այն աստիճան, որ չեմ լսում ո՛չ անապատում կանչողի ձայնը, և ո՛չ էլ յոթ կնիքները բացող առյուծի մոտեցող մռնչյունը: Եվ արդեն անբուժելի ժանտախտով է հիվանդ ջրհեղեղից դեռ լրիվ չչորացած հողը: Եվ նսեմացել է իմ միջի Գերմարդը մինչև հիվանդ մահկանացու:
Ու հիմա բոլորից առանձնացած նստել եմ սենյակիս կենտրոնում դրված աթոռին, լաց եմ լինում ու ատելությամբ լցվում կյանքի հանդեպ, որովհետև զզվելի են ինձ համար արեգակի տակ եղած բոլոր գործերը, քանզի առնետներին եմ թողնելու հանճարիս անգին պտուղները: Եվ մահն էլ չի թեթևացնի իմ վիշտը, որովհետև ո՞վ գիտե, թե իմ հոգին վերև է գնալու, իսկ առնետներինը` ցած…
Ես հիմա ափսոսանքով նայում եմ Օլիմպոսի տակավին կուսական բարձունքը գրոհող առնետներին և նրանց ոտնահետքերով ու ծերտով ապականված աշխարհին, որին իմ սին սերը կործանեց: Օ՜հ, անսահման է իմ մեղքը…
(Միգուցե կա մեկը, որ հասկանում է իմ վիշտը, թերևս կգա նա, որ կկիսի իմ հոգնությունը, բայց ո՞վ կցրի իմ անսահման տխրությունը)…