Կատուների մասին

Եթե ես ասեմ, որ ատում եմ կատուներին` համարյա ոչինչ ասած չեմ լինի: Եթե ասեմ, որ զզվում եմ` դա ավելի շուտ նման կլինի ինքնախոստովանության: Եվ ոչ էլ արհամարհանքը կարող է բնութագրել իմ վերաբերմունքը նրանց հանդեպ, քանի որ արհամարհանքն առավելապես միակողմանի հարաբերություն է ենթադրում, մինչդեռ ոչ միայն ես էի խորշում կատուներից, այլև նրանք, ինչպես ինձ էր թվում, չէին վառվում իմ հանդեպ տածած անսահման սիրուց:

Ես չեմ կարող բացատրել, թե երբ, ինչից և ինչու ծնվեց իմ խորշանքը նրանց հանդեպ. պարզապես ի սկզբանե դա այդպես էր: Իսկ, երբ տարիների ընթացքում հասունացա մտքով և հոգով, իմ զգացմունքներն էլ զարգացան, և այլևս ոչ թե հավատս էր զգացմունքներիս գերին, այլ զգացմունքներս իրենք էին գերել միտքս, հոգիս ու հավատս: Բայց ես ազատ էի իմ չափումների մեջ, և հենց ազատությունս էր, թերևս, ամենից շատ նեղվում կատուների կեցության փաստից: Նրանք, եթե նույնիսկ դուրս էին իմ տեսադաշտից (իսկ ես ամեն ինչ անում էի, որ նրանք դուրս լինեն իմ տեսադաշտից), եթե ինձ երբեմն հաջողվում էր դուրս քշել նրանց իմ գիտակցությունից և չմտածել նրանց մասին, ապա ես ոչինչ չէի կարող անել մյուս կոորդինատիս հետ` նրանք հավերժորեն ապրում էին իմ ենթագիտակցության մեջ:

Կատուները վազում էին ու մլավում և իրենց զազրելի ճիրաններով ճանկռոտում ենթագիտակցությանս նրբին թաղանթները` սարսափելի խոցեր առաջացնելով ենթագիտակցությանս և գիտակցությանս սահմանների վրա: Նրանք միլիոններով գալիս էին երազներումս և կրծում հոգուս վճիտ լույսը` չթողնելով նրան վայելել երազներիս գույնզգույն հեքիաթների հրաշքը, և հոգուս դեգերումները դառնում էին անուժ ջղաձգումներ: Ես արթնանում էի սառը քրտինքի մեջ այրվելով ու անիծում դժոխքի այդ վիժվածքների սև ամպը:

Նրանք հատ-հատ չէին գալիս, այլ` լղոզված և նույնիսկ սահման էլ չունեին, այլ բացարձակ սև մարմնի պես կլանում ու խժռում էին իմ կապույտ երկինքը` չթողնելով, որ մոտենամ իմ աղավնիներին ու խառնվեմ նրանց կրծքի ջերմությանն ու թևերի ճերմակին: Եվ իմ երգը դադարել էր ծնվել, այլ դարձել էր շիզոֆրենիայով հիվանդ թմբկահարի թմբուկի հարվածներից կազմված աղմուկ: Մինչդեռ ջահել սիրտս երազում էր սեր երգել ու սպիտակ աղավնու թևերով այն ուղարկել աստղերին: Իսկ կատուների սև պարսը փակել էր ինձնից երկինքների լազուրը ու սև խոռոչի պես կրծում էր իմ սերն ու լույսը: Նրանք, բուն դնելով իմ ենթագիտակցության տաք պալատներում, լկտիաբար հրաժարվում էին որսալ ու ոչնչացնել այդ տաք պալատներում ապրող մկներին, այլ կրծում էին հենց իմ միտքն ու հոգին` ինչ-որ անհայտ անցքերից թափանցելով գիտակցությանս մեջ: Ու, երբ ես թմրամտքերով էի ողողում գիտակցությանս տարտարոսը` նրանց խեղդելու, գոնե միառժամանակ նրանց լռեցնելու կամ կորցնելու հույսով, նրանք կրկին փախչում էին ենթագիտակցությանս մեջ` ինձ զրկելով, թվում է, միակ հույսից և անձնատուր անելով հուսահատությանը և մռայլ մտածումներին: Կատուները ոչ միայն իմ մեջ էին, այլև դրսում: Եվ ոչ միայն իմ մեջ էին, այլև ինձնից էլ ներս. ծվարել էին երթագիտակցությանս մեջ ու խաղում էին նրա քրոմոսոմների հետ: Նրանցից մեկնումեկի նզովյալ ճանկը վաղ թե ուշ անկասկած այնպես կխառներ ԴՆԹ-ներիս կոմբինացիաները, որ ես ինքս կծածկվեի սև բրդով ու նրանց պես պոչավոր հրեշ կդառնայի: Եվ մեկ ուրիշը կսկսեր ինձ ատել իր մեջ: Այս խառնիճաղանճ մտքերն ինձ հասցրին հուսահատության եզրը, և երբ ես արդեն սկսել էի գահավիժել ներքև, մի աղոտ, բայց հզոր գաղափար ինձ առավ իր ձեռքերին, փայփայեց ու հույս ներարկեց ինձ:

Ես ի լուր համայն Տիեզերքի հայտարարեցի իմ մահվան մասին ու պառկեցի սև պատանի վրա մի հսկայական դահլիճում: Ես խնդրել էի Հիպնոսին, որ ինձ շնորհի իր տաղանդի ամբողջ փառքը: Եվ, երբ աշխարհիս բոլոր կատուները եկան հոտ քաշելու իմ դիակից և դրսում այլևս ոչ մի կատու չմնաց, քուրմերն իմ հրամանով փակեցին դահլիճի կաղնե դռները` ինձ մենակ թողնելով բոլոր կատուների հետ: Ապա ես «հարություն» առա, կանգնեցի և կատուների զարմացած հայացքների ներքո բացեցի աչքերս: Եվ, տեսնելով իմ ժպիտը, կատուներն ամեն ինչ հասկացան, բայց արդեն շա՜տ ուշ էր ինչ-որ բան փոխելու համար: Ես Հերովդեսից էլ հերովդացա և ի կատար ածեցի աշխարհիս մեծագույն ոճիրը` ուղղակի ատամներով կրծեցի բոլոր կատուների վզիկները մինչև որ այս աշխարհում ոչ մի կատու չմնաց: Լեշերն այրեցի և փոշին ուղարկեցի դժոխքի դաշտերը պարարտացնելու: Թող ների ինձ Արարիչը:

Այլևս վերջ. կատուները, վերանալով աշխարհիս երեսից, սկսեցին վերանալ և իմ մեջ: Դա էր իմ ծրագրի նպատակը: Ես դաժան դատով դատեցի նրանց, մեծ մեղք գործեցի, բայց փոխարենը առհավետ ազատվեցի նրանց գարշելի գոյությունից: Ես ազատվեցի ոչ միայն նրանց հայացքներից և մլավոցներից, այլև գիտակցությունս և ենթագիտակցությունս թեթևացած շունչ քաշեցին ու մաքրվեցին ինչպես ոսկին է մաքրվում կրակով: Ոչ մի բիծ, ոչ մի հետք ինձ այլևս չէին հիշեցնում նրանց սև ամպն ու սև էությունը: Ուրախ էի անսահման…

* * *

Բայց անցավ այս երջանկության մեղրամիսը և մի անորոշ զգացում բուն դրեց իմ սրտում, ոչ այն է` ափսոսանք, ոչ այն է` կարոտ, ոչ այն է` վախ: Աստիճանաբար այդ անորոշ տագնապն ուրվագծվեց ու աղոտ սիլուետից վերաճեց հստակորեն ուրվագծված պատկերի: Գործված մեղքի զգացումն էր դա: Բայց համարձակությունս չէր հերիքում հետևողականորեն այդ մեղքը թոթափելու համար: Եվ այժմ ես տառապում էի սեփական անզորության ու վախի ճիրաններում: Դատելով կատուներին ու դատապարտելով նրանց` ես ինքստինքյան դատապարտեցի ինձ անվերջանալի հոգեկան խոշտանգումների: Ու համոզված չեմ, որ կատուների պատճառած խորշանքն ավելին էր, քան գործածս մեղքի ծանրությունը խղճիս վրա: Ես դատեցի կատուներին և ինչ դատով որ դատեցի` նույն դատով էլ դատվեցի: Մի օր ինձ և ինձպեսներին կանչեցին մի մեծ դահլիճ, և, երբ բոլորս մտանք ներս, դրսից ամուր փակեցին դռները: Հետո ի լուր բոլորիս հայտարարեցին, որ մենք ազդում ենք ոմն մեկի նյարդերի, գիտակցության և ենթագիտակցության վրա ու կտրեցին բոլորիս կոկորդները: Մինչև վերջին շունը…