Դե մի՛ եղեք այդքան երեսապաշտ ու կեղծավոր: Եթե ձեր հոգու ուժը չի հերիքում բնավորության այդ մանր քաղքենիական գծերը ջնջելու և անհետ կորցնելու համար, ապա գոնե այնքան քաջ եղեք, որ ընդունեք ձեզ այնպես` ինչպես կաք: Չէ՞ որ աշխարհն էլ դուք ձեզ համար արտացոլում եք ձեր հայելու մեջ և աստվածացնում եք այդ հայելին: Չէ՞ որ աշխարհն էլ իրեն տեսնում է այդ հայելու մեջ և ճանաչում է իրեն ձեր աչքերով: Դե ուրեմն, եթե դուք ստոր եք ու գետնաքարշ, և դա այլևս ձեր գեների մեջ է գրված, գոնե այնքան համարձակ եղեք, որ հայելու մեջ նայեք ձեր աչքերին ու ասեք ես ստոր եմ ու գետնաքարշ: Ճանաչեք ինքներդ ձեզ, եթե ուզում եք ճանաչել Աշխարհը: Իսկ դրա առաջին քայլը ինքն իրեն չխաբելն է:
Դուք ասում եք, թե սիրում եք շներին: Հա-հա-հա… Գիտե՜մ ձեր սերը: Տեսել եմ միշտ և հիմա էլ տեսնում եմ: Տեսնում եմ, թե ինչպես եք ժամերով սանրում ձեր շան մազերը: Տեսնում եմ, թե ինչպես եք համբուրում նրա շնային մռութը: Տեսնում եմ, թե ինչ անկեղծությամբ եք խոսում նրա հետ ու պատմում այն բաների մասին, որ նույնիսկ Խաչի առաջ չեք բացում: Տեսնում եմ, թե ինչպես եք ձեր սրբությունները շների առաջ դնում: Տեսնում եմ: Տեսնում եմ, թե ինչպես եք ձեր շան համար ուրիշ շուն ընտրում և կողքից վայելում նրանց շնային սերը: Երևի դուք շնություն անելն էլ շներից եք սովորել, հա՞… Բայց գոնե այդ պահին մի անգամ մտածե՞լ եք, որ ոչնչով չեք տարբերվում շներից: Չէ՛, սխալ եմ ասում, թե չեք տարբերվում: Տարբերվու՛մ եք,- դուք շներից էլ շնացել եք: Դուք ավելի շուն եք, քան շները: Շներին կարելի է չափել ձեր միավորներով: Շունը շուն է և որքան ավելի շնային` այնքան ավելի լավն է նա: Բայց դուք ծնվել եք մարդու կերպարով և նմանությամբ, և ապա իջել շան բնազդների մակարդակին: Թե՞ կարծում եք, որ ձեզ իջեցնելով` իրականում բարձրացնում եք: Միամի՜տ շնացածներ, ուշքի՛ եկեք: Շուն եք դուք և ընդսմին գոնե քաջ եղեք խոստովանելու, որ շուն եք` շնային բնազդներով ու ձգտումներով: Դե մի՛ եղեք այդքան երեսապաշտ ու կեղծավոր:
Ի՞նչ է ձեր սերը, որ զավակներ չի ծնում: Ու՞ր է կորչում նրա էներգիան` այն ահռելի էներգիան, որը միայն սիրո մեջ կարող է լինել: Եթե սերը ոչինչ չի ծնում, էլ ու՞մ է պետք այդ հաշմանդամ սերը: Դե ասեք ինձ, շնասերներ, ինչու՞ ձեր սիրուց որդիներ չեն ծնվում: Ես գիտեմ` շներն առողջ են, ուրեմն` հիվանդությունը ձեր մեջ է: Միգուցե՞ դուք տառապում եք հոգեկան իմպոտենցիայով: Բայց, շնորհիվ ձեր կուրության, ոչ միայն չեք տեսնում ձեր ախտը, այլև հաճույք եք ստանում դրանից… Ձեր ախտը ձեր ստոր ու գետնաքարշ սրտիկներում է, ուստի զարմանալի չէ, որ ձեր աստվածը շունն է: Այդ ո՞ր շուն Ամուրն է կծել ձեզ` իր թունավոր թուքը մզելով ձեր` տակավին փոքրաթիվ կապույտ գնդիկներ պարունակող կարմիր արյան մեջ: Անպտուղ մի թզենի է ձեր սերը, որը պիտի կտրվի ու կրակը նետվի: Դրանով գոնե կրակի աստծուն կծառայեք, որն, համենայնդեպս, ավելի բարձր է, քան շների աստվածը: Բայց ին՞չ եմ ասում,- դուք չեք էլ սիրում ձեր աստծուն` այդ շուն աստծուն: Դուք վատ հավատացյալներ եք: Ձեր սուտ առաքյալները խաբել են ձեզ: Ձեր շնային դրախտում դուք բարձր չեք լինելու, այլ շներից էլ ցածր, քանի որ ով այս աշխարհում տեր է` մյուսում ծառա է լինելու: Ահա՛ ձեզ հայտնությունը: Տեսե՛ք և հավատացե՛ք:
Դե թողե՜ք այդ զզվելի կեղծավորությունը: Գիտե՜մ, գիտեմ, որ ատում եք կատուներին: Տեսել եմ, թե ինչպես եք քարով խփում նրանց, երբ ձեր սիրելի շները հաչում են նրանց վրա: Բայց որքա՜ն ողորմելի եք դուք: Ձեր ատելության մեջ էլ հետևողական չեք, այլ դարձյալ` խարդախ ու շահամոլ: Այդ դու՛ք եք ասում, թե ատում եք կատուներին: Դե խոստովանե՛ք, քանի՜ անգամ եք նախանձել կատուների ճկուն մեջքը շոյողներին: Քանի՜ անգամ եք տենչացել, որ ձեր շնիկները գեթ մի անգամ կատվի պես փարվեին ձեր ոտքերին` ձեզ խաղի կանչելով: Սիրու՛մ եք շներին: Սիրում եք շներին և կատուներին իբրև սիրուհի՞ եք պահում: Եվ դեռ վիրավորվում եք, երբ ձեզ երեսապաշտ ու կեղծավո՞ր եմ անվանում…
Եթե ձեր սրտերում գոնե մի քիչ խիզախություն լիներ, դուք կուրախանայիք նրա համար, որ ես ձեզ երեսապաշտ ու կեղծավոր եմ անվանում: Եվ, եթե հիրավի ձգտեիք սիրո, ապա ինձ կընդունեիք որպես այդ սիրո մարգարե ու իմ բերած ուսմունքը կդավանեիք:
Լսե՛ք իմ խոսքը և իմացեք, թե ինչպես եմ ես խոսքը գործ դարձնում: Ես սիրում եմ շներին, բայց ոչ այնպես` ինչպես դուք եք սիրում: Ես այնպես եմ սիրում, որ իմ սիրուց զավակներ ծնվեն: Այնպիսի զավակներ, որոնք իրենք էլ սիրեն շներին: Ես շների տերն եմ և ուժեղ եմ նրանցից: Ես միշտ շրջում եմ նրանց մեջ, փնտրում-գտնում ամենաթույլերին և նրանց հանդեպ ցուցաբերում իմ մեծ սերը: Ես օգնում եմ թույլ շներին մահանալ, և դա իմ սիրո առհավատչյան է: Մյուս շները, ճշտորեն մեկնաբանելով շնային օրենքները, վառվում են վտանգավոր եզրից հնարավորին չափ հեռանալու բնազդով և ձգտում են հասնել ամենաուժեղներին, որոնց ես ամեն օր թարմ մսով եմ կերակրում: Իմ առաքելության ընթացքում ես զգալիորեն բարելավել եմ շների որակը` նրանց մեջ զարգացնելով հենց շնային բնազդները: Շները Մայր-բնության զավակներն են և ես թողնում եմ, որ նրանք բնության օրենքներով էլ ապրեն: Ոչի՜նչ, որ թույլերը կորչում են. դա իմ նվերն է շներին: Ես սիրում եմ նրանց, և իմ սերը լավ զավակներ է ծնում` ի տարբերություն ձեր սիրո, որը միայն քաոսի ու անբարոյականության սերմեր է ցանում:
Սիրե՛ք շներին ինչպես ձեր անձը: Սպանե՛ք նրանց ձեր մեջ: Դրանով կփրկեք թե՛ նրանց, թե` ձեզ: