Ճանճերի մասին

Ճանճերն իմ անեծքն են:

Քանի դեռ աշխարհում թեկուզև մի ճանճ կա, ես չեմ կարող հանգիստ ապրել: Ամեն շունչ քաշելիս ես պիտի պատկերացնեմ, որ օդի հյուլեներից մեկնումեկը ճանճերի արտաշնչածն է, և որ շուտով այդ թունավոր բացիլը կհայտնվի իմ բջիջների մեջ: Ներշնչածս օդի հետ կմտնի թոքերս, ապա կներծծի արյանս մեջ, հետո կհասնի մարմնիս մի որևէ կետին: Բուն կդնի վերջույթներիս կամ լյարդիս կամ էլ ուղեղիս մի անկյունում և ահավոր ցավերով կսկսի խոշտանգել իմ առողջ մարմինը: Բայց մարմնիս կորստյան վտանգը չէ իմ մտահոգության պատճառը, այլ այն փաստի հստակ գիտակցումը, որ մի օր նրանք տիրելու են իմ սրտին, հոգուն, մտքին և զորությանը: Այդ ահավոր սև ամպն ինձ խելագարության կհասցնի, քանզի սպառվում է հոգուս ուժը նրանց դեմն առնելու համար: Եվ նույնիսկ գերեզմանում ես չեմ ազատվի այդ ահավոր անեծքից, որովհետև մարմինս հող պիտի դառնա նրանց թրթուրների ատամների տակ մաղվելով և աղիներում գալարվելով:

Ես անկարող էի մոռանալ նրանց: Նրանք շախմատի սևուսպիտակ տախտակի էին վերածել աչքերիս լույսը՝ այն համատարած մաքուր անվերջությունը, որ սփռված էր իմ շուրջը, քանի դեռ ես անտեղյակ էի նրանց գոյությունից: Հետո նրանք ներխուժեցին իմ ձայնային տարածությունը, և տիեզերական այն համապարփակ լռությունը, որ իմ հոգու երաժշտությունն էր, վարակվեց այդ սև բզզյունի թունավոր հաճախությամբ: Եվ ես այլևս անկարող եղա օտարել նրանց հոգուս ականջներից: Միամտաբար փորձեցի արգոնավորդների օրինակով մոմով շաղախել ականջներս, որ վերջապես ազատվեմ այդ ատելի ֆոնից, բայց ավա՜ղ. այն արդեն փոխանցվել էր իմ ներքին զգայարաններին, ձուլվել գանգիս ոսկորներին ու խառնվել բջիջներիս թրթռոցին:

Հետո նրանք մտան իմ քիթը, և նրանց հոտն այլևս մնաց իմ մեջ: Նույնիսկ Վարդի բույրի մեջ ես զգում էի նրանց սև հոտը: Հետո հասկացա, որ համերն էլ ընկալում եմ նրանց միջոցով: Նույնիսկ մեղրը ճաշակելիս իմ ուղեղից դուրս չէր գալիս «ճանճ» բառը, և ինձ թվում էր, թե ես նրանց ոտնահետքերն եմ լիզում: Հաջորդ կորուստը շոշափելիքս էր: Ես նողկում էի որևէ բանի դիպչելուց. չլինի թե նախքան ինձ մի սև ճանճ իր կնճիթով ու թաթերով դիպած լիներ այդ առարկային: Այսպիսով նրանք վերջնականապես գրավեցին իմ զգայարանները:

Ես օր ու գիշեր նրանց մասին էի մտածում` փորձելով մերժել նրանց վերաբերվող ամեն ինչ: Եվ ես շուտով հասկացա, որ նրանց ձևով եմ ընկալում աշխարհը. ասել է` իմ գիտակցությունը ևս տեղի տվեց ճանճային բանականությանը: Մի գիշեր էլ, երբ ես սիրով էի զբաղված Օնայի հետ, հեշտանքի պահին իմ թոքերից եկող օդի հորձանքը փոխանակ սիրո բառեր ծներ, ուղղակի բզզյունի վերածվեց: Հաջորդ պահին ես հասկացա, որ ճանճերը գերիշխանություն են հաստատել նաև իմ ենթագիտակցության վրա:

* * *

Նրանց հաղթանակը կատարյալ էր: Ես դարձել էի ճանճ: Եվ միայն երբեմն առ երբեմն բաբախող ատելության զարկերակն էր հիշեցնում ինձ, որ, երբ ես մարդ էի, ճանճերն իմ անեծքն էին: Այս ահավոր երկվությունից ազատվելու համար ես նախ փորձեցի խորացնել իմ ատելությունը, բայց դրա հետևանքն եղավ այն, որ իմ կերպարանափոխության ցիկլը կրկնվեց` էլ ավելի խորացնելով բարդույթներս: Ուստի զարմանալի թող չթվա, որ հոգուս ցավը մեղմելու համար ես սկսեցի սիրել իմ թշնամիներին: Այո՛, ես սկսեցի սիրել ճանճերին:

Իմ սերը նախ ինքնասիրություն էր: Երբ ես սկսեցի սիրել իմ ճանճային հատկանիշները, թեթևության մի ալիք անցավ միջովս, ու փոքր-ինչ խոնջացավ իմ այլայլված եսը: Հետո իմ սերը դարձավ սեր ընկերոջ հանդեպ: Հետո ես մի քայլ էլ առաջ գնացի և կրկին սիրեցի ինձ: Ավելին, ես սկսեցի սիրել իմ միջի ճանճին իր բոլոր համամասնություններով: Իսկ երբ ոչլիարժեքության ստվերն էր իջնում վրաս` ես ինձ սփոփում էի այն հին իմաստությամբ, որ ոչինչ ճանճային խորթ չէ ինձ: Ընդսմին, ես ուրախ էի, որ ձերբազատվել եմ մարդկային երեսապաշտությունից. չէ՞ որ ոչ մի ճանճ չի պառկում տակառի մեջ ու մյուսներին քարոզում հետևել իր օրինակին: Եվ փառք Արարչին, որ ինձ զերծ է պահել սատանայի որոգայթներից: Եվ ես անապատում քառասուն օր քաղցելու կարիք չունեմ Լույսը Խավարից զանազանելու համաը: Ես մաքուր եմ: Ես սիրում եմ ինձ: Ես սիրում եմ ճանճերին:

Իսկ մարդիկ իմ անեծքն են:

Երբ սա հասկացա, դադարեցրի իմ անհեթեթ ուժային պայքարը ճանճային բնազդներիս դեմ: Նաև հասկացա, որ քանի դեռ աշխարհում թեկուզև մի մարդ կա, ես չեմ կարող հանգիստ ապրել: Ամեն շունչ քաշելիս ես պիտի պատկերացնեմ, որ օդի հյուլեներից մեկնումեկը մարդկանց արտաշնչածն է, և որ շուտով այդ թունավոր բացիլը կհայտնվի իմ բջիջների մեջ: Ներշնչածս օդի հետ կմտնի թոքերս, ապա կներծծի արյանս մեջ, հետո կհասնի մարմնիս մի որևէ կետին: Բուն կդնի վերջույթներիս կամ լյարդիս կամ էլ ուղեղիս մի անկյունում և ահավոր ցավերով կսկսի խոշտանգել իմ առողջ մարմինը: Բայց մարմնիս կորստյան վտանգը չէ իմ մտահոգության պատճառը, այլ այն փաստի հստակ գիտակցումը, որ մի օր նրանք տիրելու են իմ սրտին, հոգուն, մտքին և զորությանը: Այդ ահավոր սև ամբոխն ինձ խելագարության կհասցնի, քանզի սպառվում է հոգուս ուժը նրանց դեմն առնելու համար: Եվ նույնիսկ գերեզմանում ես չեմ ազատվի այդ ահավոր անեծքից, որովհետև մարմինս հող պիտի դառնա նրանց ոտքերի տակ տրորվելով:

Ես անկարող էի մոռանալ նրանց: Իմ ատելությունը մարդկանց հանդեպ այնքան մեծ էր, որ ես աստիճանաբար սկսեցի կորցնել ինքնատիրապետումս և նույնիսկ չզգացի, թե ինչպես մարդիկ գրավեցին իմ էության միջնաբերդը` ենթագիտակցությունս: Մի գիշեր, երբ ես սիրով էի զբաղված Օնայի հետ, հեշտանքի պահին ես հևացի` Սիրելի՜ս, ու հաջորդ պահին զարմանքով զգացի, որ մարդկային մի բացիլ թափանցեց ենթագիտակցությանս մեջ ու սկսեց հրեշային արագությամբ բազմանալ: (Այդ պահին կապույտ մի լույս առկայծեց ենթագիտակցությանս մեջ):

Ես լարեցի ուղեղս և սկսեցի որոնել մարդկային գիտակցության նկուն օղակները: Այնքան հզոր էր ինձ առաջնորդող ատելությունը մարդու և սերը ճանճի հանդեպ, որ ես ուղղակի վարակվեցի մարդկային մտածելակերպով և սկսեցի խորհել նրա ձևով: Այսպիսով նրանք գրավեցին նաև իմ գիտակցությունը: (Ու կապույտ մի շող լուսավորեց գիտակցությանս դաշտը):

Հետո հերթը հասավ զգայարաններիս, որոնք մեկը մյուսի հետևից տեղի տվեցին մարդկային ռեցիսիվներին: Վերջինը իմ Լույսն էր, երբ շախմատի երբեմնի սևուսպիտակ դաշտը վերածվեց համատարած սպիտակի` կապույտ երանգով շաղախված: (Մի խենթ ասում էր, թե կապույտի վրա ճանճեր չեն նստում):

Այդ պահին ատելությունը լքեց ինձ: Ու ես հասկացա, որ ատելությունը չի կարող դարձի և փրկության ճանապարհ լինել, բայց միայն սերը: Ես մոտեցա հայելուն ու նորից տեսա Մարդուն: Ու շշնջացի ես ծնկաչոք. «Ներիր ինձ, խնդրում եմ: Մեղանչեցի Երկնքի և քո առաջ և այլևս արժանի չեմ որդիդ կոչվելու…»: Ու արցունքները հոսեցին հայելու մակերևույթով: Ու ճանճերի բզզյունը մարեց սոխակների դայլայլի կապույտ հավերժության մեջ: