Մի անգամ փղերը քնեցին ու երազ տեսան:
Ու տեսան իրենց երազում, որ իրենք ես եմ:
Ու տխրեցին փղերը:
Ու արցունքները երազում հոսեցին նրանց աչքերից:
Իսկ երբ առավոտյան արթնացան` երազը չցնդեց, այլ մնաց իմ ձևի մեջ:
Ուրեմն` ես փղերի երազն եմ:
Ահավոր ու ծանր` մղձավանջներով լի երազը, քանզի փղերն արթնացան սառը քրտինքի մեջ կորած: Վազեցին հեռու` նախ խրտնած, ապա անելիքը չիմացողի և վիճակը չըմբռնողի անվճռականությամբ: Կրկին կանգ առան դաշտի կենտրոնում, կանչեցին իրար: Մոտեցան իրար ու սկսեցին սիրով զբաղվել ու պատմել այն ահավոր պատկերները, որ տեսել էին իրենց երազում: Պատմում էին ոչ թե մի ճղճիմ հետաքրքրասիրությունից դրդված (այդ դեպքում նրանց երազը կպարունակեր քաղքենու այլանդակ գենը և գունավորի փոխարեն սևուսպիտակ կլիներ), այլ ահավոր սարսափը ցրելու համար: Իսկ այդ սարսափը ես էի` փղերի երազը:
Լուսաշաղախ դաշտի միջով դեպի Արևը վազող ոսկեհեր մանուկ էին տեսել նրանք: Հետո այդ մանուկը ձեռքը թուր էր վերցրել ու այդ թրով մորթել Բեթղեհեմի բոլոր նորածիններին բացառությամբ մեկի, որին պտտեցրել էր Աշխարհով մեկ ու Դարերի միջով ու խաչ հանել ավազակների հարևանությամբ: (Փղերը շարունակում էին սիրով զբաղվել ու պատմել երազի մյուս դրվագները):
Մյուս սարսափելի պատկերը Ծառի մոտ էր, երբ ոսկեհեր մանուկը վերցրեց Օձերի մեկնած խնձորը ու կերավ: Ու այդ պահին նա սկսեց մեռնել, իսկ Փղերը ահից քարացան: Ու փոքր-ինչ խամրեցին երազի գույները, ու նեխած մսի հոտ տարածվեց փղերի երազում:
Հետո այդ ոսկեհեր մանուկը կռացավ ու Վարդը պոկեց: Ու, երբ հոտ քաշեց Վարդից, արյան հոտով լցվեց ողջ երազը, ու հորիզոնը արնագույն դարձավ, իսկ երազը` մուգ կարմիր` համարյա սև: Այդ պահին փղերը հեշտանքի հասան: Ու, երբ սերմնահեղուկը ժայթքեց որձ փղի առնանդամից, հորիզոնը բացարձակ սև դարձավ, իսկ ես` փղերի երազը, սլացա թունելի միջով դեպի անսահման Լույսը…
Ու լաց եղան փղերը ու ուրախացան, որ մոռացան իրենց երազը: Ու երբ նրանք` հեշտանքից ուժասպառ, փռվել էին կանաչներին, ու սոխակների երգն էր արձագանքում նրանց մեջ, ես մարմին դարձա, դանդաղաքայլ մոտեցա նրանց ու ոտքերովս ջարդեցի նրանց գլուխները: Փղերն իրենք երազ դարձան ու թռան-գնացին հեռու-հեռու, դեպի տաք Տիեզերքները…
Իսկ ես Վարդից հոտ քաշեցի, պառկեցի դաշտի մեջ ու քնեցի:
Ու երազ տեսա:
Ու տեսա իմ երազում, որ ես փղեր եմ:
Ու տխրեցի ես:
Ու արցունքները երազում հոսեցին իմ աչքերից:
Իսկ երբ առավոտյան արթնացա` երազս չցնդեց, այլ մնաց փղերի ձևի մեջ:
Ուրեմն` փղերն իմ երազն են:
Ահավոր ու ծանր` մղձավանջներով լի երազը, քանզի ես արթնացա սառը քրտինքի մեջ կորած: Վազեցի հեռու` նախ խրտնած, ապա անելիքը չիմացողի և վիճակը չըմբռնողի անվճռականությամբ: Կրկին կանգ առա դաշտի կենտրոնում, կանչեցի Օնային: Երբ նա մոտեցավ` սկսեցինք սիրով զբաղվել, ու պատմեցի նրան այն ահավոր պատկերները, որ տեսել էի երազում: Պատմում էի ոչ թե մի ճղճիմ հետաքրքրասիրությունից դրդված (այդ դեպքում իմ երազը կպարունակեր քաղքենու այլանդակ գենը և գունավորի փոխարեն սևուսպիտակ կլիներ), այլ ահավոր սարսափս ցրելու համար: Իսկ այդ սարսափը փղերն էի` իմ երազը:
Լուսաշաղախ դաշտի միջով դեպի Արևը վազող ոսկեմաշկ մի փղիկ էի տեսել ես: Հետո այդ փղիկը ձեռքը թուր էր վերցրել ու այդ թրով մորթել Բեթղեհեմի բոլոր նորածիններին բացառությամբ մեկի, որին պտտեցրել էր Աշխարհով մեկ ու Դարերի միջով ու խաչ հանել ավազակների հարևանությամբ: (Ես և Օնան շարունակում էինք սիրով զբաղվել, ու ես պատմում էի երազիս մյուս դրվագները):
Մյուս սարսափելի պատկերը Ծառի մոտ էր, երբ ոսկեմաշկ փղիկը վերցրեց Օձերի մեկնած խնձորը ու կերավ: Ու այդ պահին նա սկսեց մեռնել, իսկ ես ահից քարացա: Ու փոքր-ինչ խամրեցին երազիս գույները, ու նեխած մսի հոտ տարածվեց իմ երազում:
Հետո այդ ոսկեմաշկ փղիկը կռացավ ու Վարդը պոկեց: Ու, երբ հոտ քաշեց Վարդից, արյան հոտով լցվեց ողջ երազը, ու հորիզոնը արնագույն դարձավ, իսկ երազս` մուգ կարմիր` համարյա սև: Այդ պահին ես և Օնան հեշտանքի հասանք: Ու, երբ սերմնահեղուկը ժայթքեց իմ առնանդամից, հորիզոնը բացարձակ սև դարձավ, իսկ փղերը` իմ երազը, սլացան թունելի միջով դեպի անսահման Լույսը…
Ու լաց եղա ես ու ուրախացա, որ մոռացա իմ երազը: Ու երբ ես` հեշտանքից ուժասպառ, փռվել էի կանաչներին, ու սոխակների երգն էր արձագանքում իմ մեջ, փղերը մարմին դարձան, դանդաղաքայլ մոտեցան ինձ ու ոտքերովս ջարդեցին գլուխս: Ու ես ինքս երազ դարձա ու թռա-գնացի հեռու-հեռու, դեպի տաք Տիեզերքները…
Իսկ փղերը Վարդից հոտ քաշեցին, պառկեցին դաշտի մեջ ու քնեցին:
Ու երազ տեսան:
Ու տեսան իրենց երազում, որ իրենք ես եմ:
Ու տխրեցին փղերը:
Ու արցունքները երազում հոսեցին նրանց աչքերից:
Իսկ երբ առավոտյան արթնացան` երազը չցնդեց, այլ մնաց իմ ձևի մեջ:
Ուրեմն` ես փղերի երազն եմ: