Ալպինիստը

Ես սիրում եմ բարձրանալ լեռների գագաթները: Եվ ամենակարևորն ինձ համար հենց բարձրանալն է: Երբ արագությունդ հաճախ չի գերազանցում մեկ րոպեում մեկ սանտիմետրը, բայց յոթանասունհինգ կիլոգրամանոց մարմնիդ ամեն մի բջիջով զգում ես այդ գերլարման քաղցրությունն ու պոտենցիալ էներգիայիդ աճը: Նայելով լեռանը ես զգում եմ, որ կբարձրանամ, կհաղթեմ հանուն մի վեհ ցանկության: Բայց այնպես էլ է լինում, որ նախքան բարձրանալը մի անքննին տհաճ զգացում է համակում ինձ. Աստված իմ, հանուն ինչի՞ է այդքան տառապանքը…

…Հիմա ես նստած եմ հերթական լեռան գագաթին ու ծխում եմ: Ես շա՜տ եմ սիրում ծխել, շա՜տ… (Ծխի կաթնագույն ամպը դուրս է հոսում բերանիցս ու ծուլորեն ցրվում սառը օդում): Ես նվաճեցի այս գագաթն էլ, բայց տխուր եմ: Տխուր եմ, քանզի պիտի իջնեմ: Այլևս հաճելի չէ այստեղ մնալը: Ասենք` առաջին պահից էլ զզվելի էր այս պարտված, ոտքերիս առջև պառկած գագաթը: Ես խղճում եմ նրան, նա նողկալի է: Եվ, եթե մի քիչ էլ մնամ այստեղ` կգժվեմ: Ու զզվանքով հայացք եմ նետում շրջապատիս գագաթներին` արդեն պարտված և սարսափով իմ հաղթանակին սպասող: Ես ծխախոտի մնացորդը գցում եմ գետնին և կոշիկիս պտտողական շարժումով գլորում խճերի ու հողի խորքը: Թքում եմ թոքերիս ու կոկորդիս ողջ զորությամբ:

Սկսում եմ իջնել: Սիրտս անհանգիստ թփրտում է: Չգիտեմ էլ ինչու ոտքերս վստահ չեմ դնում քարի ելուստներին: Շփոթվում եմ: Գլուխս պտտվում է: Սիրտս խառնում է…

Բայց ամենասարսափելին այն է, որ մտքիս հեռավոր մի անկյունում, ենթագիտակցությանս մթին ծալքերում մի գաղափար է սկսում ուրվագծվել, որ իր սահմռկեցուցիչ էությամբ ջլատում է համբերությանս նկուն թելերն ու սղոցում նեյրոններս: Ա՜հ, ես արդեն զգում եմ նրա ծակծկող հայացքն ամեն կողմից: Քարերը, որոնցից կառչել եմ, ասես հոսանքի աղբյուրներ լինեն. հոսանքի, որն անցնում է ուղիղ սրտիս միջով:

Նա Լեռն է: Բարձրանալիս մոտալուտ հաղթանակի գաղափարն էր ջերմացնում իմ հիվանդ երևակայությունը, բայց ես չէի զգում, որ թակարդ եմ հյուսում ինքս ինձ համար: Չէ՞ որ ստիպված պիտի լինեմ իջնել. ինչքա՞ն կարող եմ մնալ գագաթին` ըմբոշխնելով հաղթանակի քաղցրությունը և չմտածելով վայրէջքի մասին: Ու հիմա` իջնելով, սողալով, զգում եմ պոտենցիալ էներգիայիս արտահոսքը յոթանասունհինգ կիլոգրամանոց մարմնիս պատերի միջից: Բայց ավելի արագ գոլորշանում ու անվերադարձ ցնդում է հաղթանակիս պատրանքը: Ո՛չ, հիմա Լեռն է հաղթում ինձ, և դա դաշույնի հարված չէ, որ հաճելի մոռացում պարգևի: Դա կրիայի քայլերով առաջ ընթացող Հաղթանակն է` վստահ ու աներեր: Եվ որքան էլ անկոտրում լինի Աքիլլեսի գեներով ինձ փոխանցված քար վճռականությունս` միևնույնն է` կհաղթի ինձ այդ կրիան իր մահացու հանդարտությամբ: Եվ Լեռան հաղթանակի հիմնն է հնչում ականջներումս: Էլ չեմ դիմանա: Նա հզոր է: Նա ուժեղ է ինձնից: Հիմա նա հեգնանքով է նայում ինձ` երբեմնի հզոր գլադիատորիս…

Ու այս փորձության ճիրաններում փրկություն փնտրող ենթագիտակցությանս որոնումները պսակվում են աղոտ մի հույսով… Սիրտս դադարում է մուրճի հարվածներ տեղալ պատերին: Մի պահ անշարժանում եմ ու նորից  սկսում բարձրանալ: Վեր, ավելի վեր, միայն թե չզգամ նզովյալ Լեռան հեգնոտ հայացքը: Հիմա արդեն նորից ես եմ հաղթում: Կամ էլ գոնե ինձ խաբում եմ դրանով: Ահա նորից գագաթին եմ: Նորից ծխում եմ: Բայց հիմա արդեն պարզ հասկանում եմ, որ պիտի իջնեմ, պիտի դուրս գամ այս թակարդից: Մի բան պարզ է. չեմ կարող առաջվա պես սողալով իջնել: Ուստի մնում է միակ ելքը: Օդում սիրտս կպայթի, և Լեռն այլևս չի վայելի իմ տառապանքը:

Ես ուզում էի շահել այս խաղը, բայց շահելու մասին մտածելն այլևս անիմաստ է: Իսկ պարտվել ես չեմ ուզում, չեմ կարող: Ո՞նց պիտի նայեմ լեռներին պարտվելուց հետո, ո՞նց պիտի նայեմ ալպինիստների աչքերի խորքը: Գրողը տանի, ուրեմն ես միշտ էլ պարտվել եմ, մինչդեռ կոնյակով էի նշում «հաղթանակներս»: Ստալկեր եմ ես…

Լավ, ես կամ, թե չկամ արդեն էական չէ: Իսկ մյու՞ս ալպինիստները: Նրանք ի վերջո, որը` շուտ, որը` ուշ, պիտի հասկանան են այս խաղի դառն իմաստը ու գահավիժեն ներքև` չցանկանալով պարտվել, չցանկանալով հաշտվել դրա հետ… Բայց նրանք չեն կարող չմտնել խաղի մեջ: Նրանք անպայման պիտի բարձրանան` չհավատալով իջնելուն: Դա նրանց էությունն է: Չէ՞ որ նրանք ալպինիստներ են: