Դիմակը

Նախ ես հանդիսատես էի: Նստում էի վերջին շարքերից մեկում ու փորձում կիսաձայն հեգել դերասանների խոսքը, որ հղկված էր հազարամյակների ընթացքում: Հետո, երբ փոքր-ինչ հասունացա, սկսեցի տեղ գրավել առաջին շարքերում, ուր ավելի հստակ էին լսվում մեծերի խրատները, ու բեմի փոշու հատիկներն էին հասնում: Ես արդեն սովորել էի լռելյայն խոսել ու իմ մեջ արտասանում էի ողբերգակների տողերը նախքան բեմից ինձ կհասներ վարպետների ձայնը: Ու մի օր էլ, երբ ես արդեն սկսել էի հաղորդակցվել իմաստությանը և հանճարեղ բաներին, տեղ գրավեցի առաջին շարքում: Ու առաջին անգամ ես լսեցի դերասանի հառաչը, թեև վառվում էր սիրտս հիացմունքից, սպասումից ու փորձության ծարավից:

Հետո բարձրացա բեմ ու սկսեցի խաղալ` նախ կրկնելով արդեն լսածս, ապա փորձելով ինքս գտնել անհրաժեշտ բառերը: Ու, թեև ես չէի տեսնում հանդիսատեսին, քանի որ աչքերս շլացնում էր լուսարձակների լույսը, բայց իմ ողջ էությամբ զգում էի նրա մշտական ներկայությունը: Ու գիտեի, որ վերջին շարքերում նստած մի մանուկ փորձում է կիսաձայն հեգել իմ արտասանած բառերը: Նաև գիտեի, որ կուլիսների վարագույրների ետևից իմ խաղն են դիտում արդեն ալեհեր ու խռպոտած ձայնով վարպետները: Եվ իզուր էի հայացք նետում հուշարարի կողմը. նա ինձ այլևս ոչինչ չէր ասում: Ու ես հասկացա, որ մենակ եմ և դատապարտված եմ խաղալու իմ դերը: Հպարտությունս չէր թողնում վերադառնալ հանդիսատեսի մոտ և նորից լինել նրանցից մեկը: Եվ ոչ էլ կարող էի ժամանակից շուտ մտնել կուլիսներ:

Երկփեղկվել էր իմ էությունը, և ես անկարող էի իմ բնական վիճակով գրավել բախտի այդ կշեռքի նժարներից որևէ մեկի կողմը: Ցանկանում էի պահպանել իմ ներքին եսը, բայց միաժամանակ ինձ պետք էր հաշտեցման եզրեր գտնել մյուս` արտաքին եսիս հետ: Հոգեկան խարխափումների այս հորձանուտում չխորտակվելու համար ես օգտագործեցի իմ վերջին հնարավորությունը և որոշեցի դիմակ կրել: Դա իմ միակ փրկությունն էր, իմ վերջին զենքը կամ վահանը կեղծիքի և ինքնախաբեության դեմ: Ես գործի դրեցի իմ ողջ հանճարը և մաքուր դեմքս պահպանելու համար մի կատարյալ դիմակ կերտեցի:

Հայացքը դաժան սարքեցի, աչքերի արտահայտությունը` վայրագ և թափանցող, քիթը` մեծ, որ լավ հոտոտեմ շուրջ բոլորս: Ականջները այնպես ծեփեցի, որ լսեմ ամեն մի շշուկ, որ օգտակար է ինձ և անդրադարձնեմ անպետք հնչյունները: Բերանին հազիվ նշմարվող մի ժպիտ նկարեցի, որ միայն կինը պիտի կարողանար ընկալել: Մի հոնքը խոժոռեցի, որ լրացնի դաժանությունս, իսկ մյուսին զարմանքի արտահայտություն տվեցի, որ գայթակղեմ անզգույշներին:

Եվ այս հոյակերտ դիմակով շարունակեցի կիսատ թողած խաղս: Ու զարմացրի բոլորին իմ վարպետությամբ, քանզի դիմակս մեծ ճկունություն էր տրամադրում ինձ ամենատարբեր էպիզոդներում հաղթելու կամ գոնե չպարտվելու համար: Ես համարձակորեն խաղացի կեղծիքի ու խաբեության դերերը ու ծափեր կորզեցի հանդիսատեսից: Ընդսմին, այս բազմահազար ծափերն ու ծաղիկներն ու փառքի դափնեպսակը չէին, որ ուրախացնում էին ինձ, այլ այն բանի գիտակցումը, որ ես, հագնելով այս հրաշալի դիմակը, պաշտպանում ու պահպանում եմ իմ բարի ու ազնիվ դեմքը: Ու որքան էլ մուր ու կեղտ նստեն իմ դիմակին այս կեղտոտ բեմի կեղտոտ փոշուց, միևնույնն է` իմ մաքուր դեմքը չի պղծվի ու այլասերվի: Ու մի օր, գարնանային մի պայծառ օր, ես դեն կշպրտեմ այս գարշելի դիմակը, ինչպես պալատ վերադարձած ծպտյալ շահը կեղծ դերվիշի շորերը, ու իմ ծնեալ փառքով նորից կնայեմ մարդկանց դեմքերին: Ու կմոռանամ այս անիծյալ բեմը, ուր աշտարակաշինությունից ի վեր իրար են խառնված կյանքն ու մահը, ծիծաղն ու լացը, ճշմարիտն ու սուտը, ազնվությունն ու կեղծիքը, լույսն ու խավարը, հույսն ու տագնապը, սերն ու ատելությունը, իմաստությունն ու հիմարությունը, բարին ու չարը…

Եվ այս ամենի գիտակցումը ինձ ներքին անսահման անդորր ու հրճվանք էր պարգևում: Ու բեմի պարտադրած խաղերը ես ընկալում էի լոկ իբրև ժամանակավոր անհեթեթություն: Եվ այս ներքին տոնը, որ իմ մեջ էր ինձ ուժ ու եռանդ էր տալիս ներկայացումը վերելքով շարունակելու համար:

* * *

Ու եկավ այդ սպասված օրը, երբ արտասանեցի իմ վերջին մենախոսությունը…

Ու հառաչեցի ես, ու փակվեց վարագույրը: Ու ծափերով որոտաց դահլիճը, իսկ ես ծիծաղեցի ինքս ինձ, քանզի գտել էի բոլոր բևեռներն իրարից բաժանելու սրամիտ ու պարզ մի ձև` դիմակը, որն ինձ ավելի լավ էր պաշտպանում, քան կանանց մեջ թաքնված Աքիլլեսին իր մտացածին անունը: Հետո բացվեց վարագույրը, ու ես խոնարհվեցի հանդիսատեսի առջև: Ու այդ պահին նկատեցի առաջին շարքում նստած մի երիտասարդի, որի աչքերում կարդացի հիացմունք, սպասում և փորձության ծարավ…

Հետո մտա կուլիսներ ու շտապեցի իմ հանդերձարանը: Լիաթոք քրքջացի: Ներսից կողպեցի դուռը, նստեցի մեծ հայելու առջև ու, հաղթանակի հիմնը երգելով, պատռեցի այսքան տարի դեմքս սքողած դիմակը: Նայեցի հայելու մեջ ու սարսափահար ճչացի. հայելուց ինձ էր նայում մի դեմք, որն ուներ դաժան հայացք, վայրագ և թափանցող աչքեր, մեծ քիթ ու ականջներ, հազիվ նշմարվող ժպիտով մի բերան, որ միայն կինը կկարողանար նշմարել, հոնքերից մեկը խոժոռած էր և լրացնում էր դաժան հայացքը, իսկ մյուսը զարմացած էր, որ հեշտությամբ կգրավեր անզգույշներին… Մի պահ ինձ թվաց, թե մոռացել եմ հանել դիմակս: Զույգ ձեռքերիս եղունգներով քերեցի երեսս, բայց գոռացի ցավից, և արյան կաթիլները հոսեցին այտերիս վրայով: Ու ես հասկացա, որ խաբված եմ, որ խաբել եմ ինքս ինձ ամենադաժան ստով…

Փորձեցի վերադառնալ բեմ և նորից խաղալ իմ դերը, բայց արդեն շա՜տ ուշ էր. ոտքերս թուլացել էին, բազուկներս` նվաղել, կամքս` տկարացել: Ու անսահման ունայնությունը համակեց ինձ, երբ հասկացա, որ իմ առաջ այլևս միայն մի դուռ է բաց` թատրոնի ետնամուտքը, որից այն կողմ կամ հավիտենական Լույս է, կամ հավիտենական խավար…