Կարտոֆիլ ուտողները

Ես անկիրթ եմ: Եվ երևի հենց դա է պատճառը, որ փիլիսոփայություն կոչեցյալն ինձ համար նույնքան ունայն է ու անհեթեթ, որքան վարդը: Պասկալի շրջագունդն ինձ ոչինչ չի ասում, իսկ Խայամն ու Նարեկացին դատարկ բառեր են. նույնքան դատարկ, որքան անամպ երկինքը կամ եփած կարտոֆիլի կեղևը: Բայց այդ ամենի անգոյությունն ինձ համար էական չէ, քանի որ առանց դրանց էլ կյանքս հրաշալի է անցնում: Ես պարզ ու հասարակ մարդ եմ: Ճիշտ է` ապրուստս մի քիչ ծանր է, բայց փոխարենը կերածս հացն արդար է: Ասենք` մեր կողմերում հաց համարյա չեն էլ ուտում: Մեր կերածը հիմնականում կարտոֆիլ է:

Արդեն ասացի, որ անկիրթ եմ (կրթությանս պակասը թույլ է տալիս դա խոստովանել): Շատ բան չգիտեմ, բայց ամեն ինչ գիտեմ կարտոֆիլի մասին: Գաղափար իսկ չունեմ պատճառականության մասին, բայց մի՞թե դա ինձ խանգարում է ապրել: Ամենևի՛ն: Ես նույնիսկ մտածում եմ, որ լա՛վ է, որ չգիտեմ այդ ամենը. Չէ՞ որ դա ինձ համար դատարկ ու փուչ աշխարհ է: Ոչ մի պատկերացում չունեմ դիալեկտիկայի օրենքների մասին, բայց և ցանկություն չունեմ գլուխս դրանցով ծանրաբեռնելու: Մեր կյանքը կարտոֆիլի պես է` միշտ եղել է և կլինի: Եվ ինչպես պապիս պապն է կարտոֆիլ ցանել ու կերել, այնպես էլ թոռանս թոռն է ցանելու և ուտելու: Ես չունեմ հարցեր, ուստի և պատասխաններ չեմ ակնկալում: Առավոտյան գնում եմ դաշտ, երեկոյան ընթրում ընտանիքիս հետ և ապա պառկում քնելու: Անկողնում մտածում եմ վաղվա անելիքների և կնոջս ստինքների մասին, որ ինձ եփած կարտոֆիլներ են հիշեցնում: Այդ մտքերի վրա էլ գալիս է քունս:

Կիրակի օրերը եկեղեցի եմ գնում: Եվ աղոթում եմ, որ եղանակը լավը լինի և կարտոֆիլի բերքն` առատ: Այսպես էլ անցնում են օրերս: Էլ ինչի համար ուղեղս ծանրաբեռնեմ Բերկլիի գաղափարներով կամ դաշտի տեսությամբ: Ինձ համար մի՛ դաշտ գոյություն ունի. դա այն դաշտն է, ուր կարտոֆիլի բերքն է հասնում: Մնացածը սուտ է, դատարկ ու անհեթեթ:

Մի անգամ ինձ մի նկարիչ հյուր եկավ ու խնդրեց նկարել տունս: Հյուրիս պատվելու համար ես համաձայնեցի, որ նա պատկերի ընտանիքս ընթրիքի պահին: Սեղանին կարտոֆիլից բացի կարգադրեցի թեյ էլ դնել. թող այդ նկարիչը տեսնի ու զարմանա, թե ինչ լավ եմ ապրում ես: Նա երկար աշխատեց` մի քանի ժամ: Կարծում եմ նկարը հաջող էր ստացվել, մանավանդ` կարտոոֆիլը: Հետո նկարիչը գնաց ու այլևս չերևաց մեր կողմերում: Հետո, շատ ուշ իմացա, որ նա խելքը թռցրել է ու հոգին ավանդել հոգեբուժարանում: Խե՜ղճ մարդ… Պատմում էին, թե նա շարունակ զառանցել է կարտոֆիլ ուտողների մասին: Ասել է, իբր իր ներսում կարտոֆիլ ուտող մի մարդ կա: Փորձել է ամեն կերպ ազատվել այդ ուրվականից: Մի անգամ նրան թվացել է, թե կարտոֆիլ ուտողն իր ականջի մեջ է: Վերցրել է ածելին ու կտրել ականջը, որովհետև մի շիզոֆրենիկ ասել էր նրան` եթե մի անդամդ գայթակղեցնում է քեզ, պոկիր քեզնից և դեն նետիր… Ու մի պահ հանգստացել է նկարիչը, կարծելով, թե ազատվեց այլասերված երկվորյակից: Բայց, երբ ուշքի է եկել, նորից իր ներսում կարտոֆիլ ուտող է տեսել: Ու խելքը թռցրել է խեղճը ու այդպես էլ մեռել հիվանդանեցում: Այսպիսի բաներ…

Բայց ես շեղվեցի, շարունակեմ միտքս կարտոֆիլի մասին: Վաղ գարնանը, երբ գետինը սկսում է տաքանալ, մենք ամբողջ ընտանիքով փորում-փխրեցնում ենք հողը, արխեր բացում, թաղում կարտոֆիլի առողջ պալարները, ջրում, ծածկում հողով ու սպասում: Մի-երկու շաբաթից դուրս են գալիս առաջին ծիլերը, հետո տերևներն են դուրս գալիս, ու դաշտը կանաչում է: Այդ ժամանակ սկսում է աշխատանքի հաջորդ փուլը: Հետո մյուսը մինչև գալիս է կարտոֆիլը հողից հանելու օրը: Հանելու ընթացքում, երբ ուշադրություն եմ դարձնում, որ մի հին պալարից մի քանի նորն են դուրս եկել, համեմատում եմ կնոջս ու երեխաներիս հետ: Դա էլ իմ փիլիսոփայությունն է:

Իսկ նկարչին աշխատում եմ չհիշել: Շուտով ընթրիքի ժամն է. Ինչու՞ այդ հիմար մտքերը փչացնեն ախորժակս ու տրամադրությունս: Չէ, լավ է, որ անկիրթ եմ: Շա՜տ  փիլիսոփաներ կնախանձեին իմ մաքուր խիղճն ու անչար գոյությունը: