(Ցուրտն աներևույթ հոգու պես թափանցում է մարմնիս մեջ, սողոսկում բոլոր հյուսվածքներիս բջիջների ցիտոպլազմաների խորքը և, այնտեղ ոչ մի տաք անկյուն չգտնելով, դուրս է հոսում մարմնիցս, թափվում մայթի ասֆալտին, խառնվում ջրափոսում քնած տեսիլքներին… Հետո հեգնանքով նայեց հեռվում կաղկանձող էգ շանը` որպես իր պոտենցիալ զոհին, աչքերը պտտեցրեց մայթին թափված մարդկանց վրա ու, անիծելով իր ցուրտ բախտը, բարկությամբ ֆշշացրեց: Ծառերից մի քանի դեղնած տերևներ ահից ցած ընկան…
Ցուրտն իմ պես տաք անկյուն է փնտրում: Նրա համար ես սոսկ մայթի մի կտորն եմ և ոչինչ ավելի: Չեմ տարբերվում ո՛չ գույնով և ո՛չ էլ ջերմաստճանով: Ես քար եմ: Ներսս համասեռ է` չկան ո՛չ երակներ, ո՛չ արյուն, ո՛չ ուղեղ: Ներսս մոխրագույն կիսաթաց զանգված է, և միայն ենթագիտակցությունս է պուլսարի նման երբեմն առ երբեմն աղոտ ազդանշաններ ուղարկում մարմնիս բոլոր ծայրերը: Ու, թեև չեմ հասկանում, որովհետև ուղեղս սառել է, բայց ենթագիտակցորեն զգում եմ, որ ես չեմ ուզում մայթի մի կտորը լինել: Այդ մտքի ուրվականն իսկ խորթ է ինձ և անտանելի: Ես չեմ ուզում մայթ լինել, որի վրա քայլում են, որի վրա թքում են, որի վրա անձրև ու ձյուն է գալիս, և որը մռայլ մոխրագույն է` անձրևաջրով ու ցեխով շպարված: Ներսիս դրսում արև է վառվում: Ու ես չեմ ուզում մայթի թեկուզև ամենալավ կտորը լինել: Բայց նստել եմ ինչպես մայրս` Ռոդենն է ինձ ծնել. գլուխս` ծանր, հայացքս հառած մայթի ցեխին: Ու երազում եմ նմանվել զույգ եղբորս. թեկուզ առանց գլխի, բայց քայլող… Դեդալոսը պիտի մայրս լիներ…
Հիշում եմ վաղուց կարդացած մի միտք. Արա քարերին այն, ինչ կուզեիր, որ նրանք անեին քեզ: Սկսում եմ նայել քարերին, ապա` զարմանալ, որ նրանք ինձ նման են: Հետո նկատում եմ նրանց ձեռքերը, որքերը, գլուխները: Զարմանքով պարզում եմ, որ նրանք մարդիկ են: Եվ սկսում եմ հասկանալ ու սիրել նրանց:
Մեկը մի պառավ կին է` գլխաշորով, մյուսը` չսափրված տղամարդ, երրորդը` ինձ պես մի տղա: Քիչ այն կողմ պպզել է մի պապիկ` գլանակն ատամների արանքում: Հետո` երկու կին են կանգնած ու բամբասում են ինձնից: Հետո էլի ուրիշները, շատերը… Երկար հերթ է` հացի հերթ: Լրիվ տարբեր մարդիկ են, որոնք բոլորն էլ հաց են ուզում գնել ու ատում են ցուրտը):
* * *
Ինձնից մի քանի քայլ այն կողմ մի աղջիկ է կանգնած, որը մյուսներից տարբերվում է նրանով, որ պուլսարի նման երբեմն առ երբեմն գաղտնի հայացքներ է նետում իմ կողմը: Ես նայում եմ նրա կոշիկներին ու դանդաղ բարձրացնում հայացքս: Երկար, համաչափ ոտքեր` նրբորեն արտահայտված սրունքներով, որ քամու պես ձուլվում են շքեղ ազդրերին: Մինի փեշի տակից ընդգծված է գեղեցիկ հետույքը: Հարթ փոր, հետո` ձիգ և ամուր կուրծք` քիպ զգեստի տակ հազիվ շնչող կիսագնդերով: Հոլանի պարանոց, թափված մազեր, բարակ ձեռքեր, որ վերջանում են հոսող կաթիլների նմանվող մատներով:
Ես ուժեղ եմ: Ես կարող եմ նայել քո աչքերին ու ժպտալ նրանց խորքում: Դու վստահում ես ինձ, Օնա: Դու զզվում ես մայթից, քարերից ու… հացից: Ցուրտ է, բայց դու վառվում ես: Մթության մեջ հուրհրատում է քո աչքերի բոցը, և Ցուրտը սարսափում է քո մաշկի միջից ելնող էներգիայի պոռթկումից: Դու խելագարվում ես, Օնա: Ոչ մի միտք չի գալիս ուղեղդ: Մշուշ է, որ վառվում է ջերմությանդ հոսքերի մեջ:
Եվ գոլորշացող ջերմությունդ թափվում է մայթին ու կրկին բարձրանում վեր, Լաոկոոնի օձերի պես փաթաթվում մարմնիդ, մտնում մեջդ, հոսում կոնքերիդ վրայով, մտնում փեշիդ տակ, սահում ստինքներիդ արանքով, ոլորվում պարանոցիդ շուրջը, հասնում շուրթերիդ, լցվում ականջներդ, խառնվում մազերիդ ու նորից հոսում ներքև` մեջքովդ, ստինքներիդ վրայով, փորիդ ու կոնքերիդ չորս բոլորով, հետույքիդ վրայով, ոտքերովդ` ազդրերով, սրունքներով, կոճերով հասնում մատներիդ, անդրադառնում և նորից նույն ճանապարհով բարձրանում վեր` միլիոնավոր կետերում կենակցելով մաշկիդ հետ` դրսում և ներսում: Եվ այդ հրաշեկ լավան վառում է քեզ, Օնա:
Դու փակում ես աչքերդ: Ձեռքերով շոյում ես կոնքդ և ստինքներիդ ծայրերը: Փակում ես աչքերդ, որ չտեսնես մոխրագույն մայթը: Քեզ հաճելի է ջերմությանդ պտույտը մարմնովդ մեկ, բայց դու ինձ ես սպասում, Օնա…
Ու ես, ոչինչ չհասկանալով, մեկնում եմ ձեռքս դեպի քեզ, ու, երբ մատներիս ծայրերը հասնում են քո մատներին, քո մեջ խենթացած էներգիան վերջապես մտնում է իմ մեջ, խառնվում իմի հետ ու սկսում է կանչել քեզ: Քո ձեռքերը փաթաթվում են իմ շուրջը, ու շուրթերդ դանդաղ, բայց վստահորեն հպվում են իմ շուրթերին: Իմ ձեռքերը շոյում են մազերդ, ականջներդ, պարանոցդ, մեջքդ, կոնքերդ, հետույքդ, ազդրերդ ու սրունքներդ ու ոտքերիդ թաթերը…
(Մայթի վրա թափված քարերը շրջվել են մեր կողմը):
Ես քանդում եմ շորիդ կոճակները հանգիստ, առանց շտապելու (հաց դեռ չեն ստացել): Անձրևանոցս փռում եմ մայթին: Հանում եմ կոշիկներդ, հետո` փեշդ, հետո` նրբորեն, առանց մաշկիդ դիպչելու, հանում եմ կրծքակալդ, վարտիքդ, և դու, Օնա, քո ողջ շքեղությամբ կանգնում ես իմ առջև ու չես վախենում նայել աչքերիս: Ու, թեև փակվում են աչքերդ, կոպերիդ տակից ես զգում եմ խելագար շարժումներով շորերս պատռող հայացքդ: Մատներդ դողում են նրանց մեջ պարփակված էներգիայի հևքից: Ողջ մարմնով ցնցվում ես: Թվում է` չես դիմանա, բայց հզոր են իմ ձեռքերը, որ գրկել են քեզ: Քո մերկ մարմինը փարվել է իմ մարմնին, և սիրո էներգիան միլիարդավոր հպման կետերով ելումուտ է անում քո միջից իմ մեջ, իմ միջից քո մեջ:
Դու թույլ ես, Օնա, և, եթե ես իմ հզոր բազուկներով չգրկեմ քեզ, դու կընկնես և այլևս հավիտյան վեր չես կենա:
Ես քեզ պառկեցնում եմ մայթի վրա` չդադարելով համբուրել քեզ: Համբուրում եմ քեզ ոտքից գլուխ: Մազերդ, ու այտերդ, ու ականջներդ, ու շուրթերդ, ու պարանոցդ, նորից կոպերդ, ու քիթդ, ու ծնոտդ, ու կզակդ, ու պարանոցդ, ու ուսերդ, ու փորդ, ու կոնքերդ, ու կոնքերդ, ու կոնքերդ, ու մատներդ, ու նորից կոնքերդ, ու ազդրերդ, ու սրունքներդ, ու ոտքերիդ մատները, ու նորից մազերդ…
Ու քո տաք մարմինը վիրավոր օձի նման գալարվում է իմ գրկում: Դու էլ ինձ ես համբուրում, Օնա: Ոտքից գլուխ, գլխից ոտքեր, ոտքից գլուխ, ու գլխից ոտքեր, ու նորից նույնը, ու նորից, ու նորից…
(Քարերը, որ ավելի ու ավելի են նմանվում մարդկանց, շրջապատել են մեզ ու անխոս նայում են: Նույնիսկ մեր հարևան շենքի երկրորդ հարկի լուսամուտից նայող շիզոֆրենիկ տղան, որ սկզբում գլուխը հանդիմանանքով շրջել էր, հիմա ուշադիր նայում է ինձ ու քեզ` մեզ: Ու ես կարծես ժպիտի պես մի ստվեր եմ նկատում նրա հոգնած դեմքին)…
Ու մայթի վրա, ցեխ ու ջրի մեջ պառկած, ցեխն ու ջուրը չնկատելով, անձրևի կաթիլների տակ ես տիրանում եմ քեզ, Օնա: Եվ ցնցվում է քո մարմինը, երբ երկար ու ձիգ տարիներ քո մեջ կուտակված էներգիան դուրս է հորդում քեզնից: Եվ դու հանգստանում ես: Հետո նորից ու նորից, ու նորից, Օնա… Ու հիմա դու թքած ունես թե՛ անձրևի, թե՛ քամու, թե՛ ուշադիր մեզ զննող մարդկանց, թե՛ հացի, թե՛ այս մոխրագույն ու թաց մայթի վրա, ու դու կին դարձար, Օնա: Եվ փշրվեցին զօր ու գիշեր քեզ կաշկանդող աներևույթ կապանքները: Եվ քո ճիչը հաղթեց քամու ոռնոցը, քո ջերմությունը հաղթեց Ցրտին, և քո մաշկի բուրմունքը հաղթեց մոխրագույն ու թաց մայթի ցեխը…
Դու կանգնեցիր: Հագար վարտիքդ, կրծքակալդ, փեշդ, կոշիկներդ, զգեստդ: Կրկին համբուրեցիր շուրթերս ու քամու հետ պարելով բարձրացար դեպի քո լուսաբացի աղջամուղջը…
* * *
(Մայթին թափված քարերը երկար նայեցին քո ետևից, իսկ բամբասող երկու կանանցից մեկը հեկեկաց ու լաց եղավ… Անկյունում նստած պապիկը, որ չէր դադարում ծխել, աչքով արեց ինձ ու ժպտաց… Խանութում հաց էին ստացել ու սպասում էին հաճախորդներին, բայց չգիտես ինչու ոչ ոք չէր շտապում գնել: Մայթի վրա հավաքված մարդկանց մեջ ինչ-որ բան էր ծնվում. երևի նախանձ կամ խանդաղատանք քայլող զույգ եղբոր հանդեպ)…