Առյուծն ու Մարդը

(առասպել)

Այո, ես մեղսագործ եմ: Իմ մե՞ղքը… Օ՜, արյունս սառում է երակներումս, երբ փորձում եմ մտաբերել: Աշխարհն իր արարման օրից ոչ լսել էր և ոչ էլ տեսել նման խայտառակ հանդգնություն. ես սափրել էր գլուխս, որ տարբերվեմ մարդկանցից: Նույնիսկ Տոլեդոյից ժամանած հավատաքննիչները հանձն չառան դատել ինձ և թշվառականիս հանձնեցին Ալիգիերի անունով ֆլորենցիացի դահճի ձեռքը: Այդ անգութ հրեշը լա՜վ գիտեր իր գործը: Նա ինձ ուղիղ տարավ իր ստեղծած իններորդ պարունակը և մի այնպիսի ահավոր պատիժ մոգոնոց հեք տարաբախտիս համար, որ ես նախանձով հիշեցի Սիզիփոսին ու դանայուհիներին:

Ֆլորենցիացին անծայրածիր անապատի կենտրոնում մետաղե ճաղերից երեսուներեք քայլ երկարությամբ բարձր մի պատ կանգնեցրեց, որի կենտրոնում դռնակ բացեց: Նա ինձ տեղադրեց այդ թափանցիկ պատի մի կողմում, իսկ մյուս կողմում արձակեց մի քաղցած առյուծ: Ու չքվեց դահիճս` ինձ հանձնելով երկաթե ճաղերի և առյուծի քմահաճույքին: Եվ դժոխային մի խաղ սկսվեց իմ, Առյուծի և երկաթե ճաղերի միջև…

Քաղցը Առյուծին մոլեգին ու կատաղի էր դարձրել: Եվ որքան վայրագ ու հանդուգն էր Առյուծը, նույնքան նվաղ ու խեղճացած էի ես: Նա առավ ձյունափայլ մաշկիս վրա դեռևս չչորացած արյանս հոտը և վազեց, որ շրջանցի պատը և հոշոտի ինձ: Ա՜խ, եթե ես հիրավի զերծ լինեի ինձ այդքան ատելի մարդկային արժեքներից, որոնք ցանկացել էր թոթափել գլուխս սափրելով, ապա ձեռաց կհաշտվեի անխուսափելիին ու անհապաղ կօտարեի ինձնից ապրելու և մաքառելու սին մղումը ու սիրովս կմեղմեի Առյուծի վայրենի քաղցը (ա՜յ թե կուրախանար Սիզիփոսի ցնդած տարեգիրը): Բայց ոչ, խորամանկ էր իմ դահիճը, որ ամեն ինչ հաշվարկել էր կատարյալ նրբությամբ ու հետևողականորեն: Մարդկային փոքրոգի բնազդներս գործեցին իրենց ողջ զորությամբ. ես վայրկյանապես գտա իմ միակ հնարավոր քայլը: Քանի որ փախչելով փրկվելն անհնար էր, բացեցի ճաղավոր դռնակը և մյուս կողմն անցա: Առյուծը մի պահ վարանեց` չհասկանալով, թե ինչ կատարվեց, ապա իր ամեհի մագիլներով փորեց իմ հոտով ներծծված ավազը: Հետո թուք ու գոլորշի ժայթող երախը մոտեցրեց ճաղերին ու մռնչաց վիրավոր ցասումով: Ես փակեցի ականջներս, որ չխլանամ: Հաջորդ պահին Առյուծը դարձյալ թափ հավաքեց ու վազեց պատը շրջանցելու: Մեկ վայրկյան անց, երբ նա հասավ ճաղերի ծայրին, ես կրկին անցա դռնակով ու հայտնվեցի մյուս կողմում:

Այս խաղը շարունակվեց ժամեր ու օրեր, շաբաթներ ու ամիսներ… Իմ գլուխը դարձյալ ծածկվեց մազերով, ու ես այդ պահին լացակումած մտածեցի, որ առավել մարդացած եմ, քան առաջ էի, չէ՞ որ հիմա ինձ երկու ամենանողկալի մարդկային բնազդներն էին առաջնորդում` վախը մահվան հանդեպ և մազածածկ մաշկս: Բայց, մյուս կողմից, չէ՞ որ հենց մահը կարող էր փրկել ինձ այդ անվերջանալի հոգեկան ու ֆիզիկական հալածանքից… Ես անկարող էի հեռանալ ճաղերից (այդ դեպքում Առյուծը կլափեր ինձ), ուստի մնում էի ճաղերին կառչած, որոնք միաժամանակ իմ բանտն ու փրկությունն էին այդ անծայրածիր անապատում…

* * *

Մի օր Առյուծը վազեց հեռու, այնքան հեռու, որ կորավ իմ տեսադաշտից: Ես նախ ուրախացա` մտածելով, որ ազատվեցի իմ բանտից, բայց հաջորդ պահին աննկարագրելի ափսոսանքով գլխի ընկա, որ անհնար է հեռանալ ճաղերից. չէ՞ որ կարող էի անապատում Առյուծին հանդիպել: Այդ դեպքում, ճաղերից այդքան հեռու, ի՞նչը կփրկեր ինձ … Ու մինչ ես խարխափում էի իրարամերժ մտքերի մեջ, Առյուծը դանդաղաքայլ վերադարձավ ճաղերին` առաջվանից էլ ավելի թախծոտ ու հոգնած աչքերով…

* * *

Հենց այդ ժամանակ էր, որ ես կրկնեցի իմ ահավոր մեղքը և ուղղակի մատներով պոկոտեցի գլխիս մազերը: Կարկամեցին մարդկային բնազդներս, և այսքան ամիսներ ինձ տանջող տագնապն ու անքնությունը նահանջեցին ինձնից: Ես կռացա ու նայեցի ճաղերի մյուս կողմում պառկած Առյուծի  դեղին հոգնած աչքերին: Ու ալեվետ ծով տեսա նրա աչքերում: Մի ամբողջ շաբաթ մենք նայում էինք իրար աչքերի մեջ, և այդ ընթացքում ծովը հանդարտվեց, ու համատարած անդորրը թագավորեց նրա վրա: Հետո Առյուծի աչքերում իմ աչքերը գտա ու տեսա, որ նրանց միջից ցնդել է վախը: Ես փռվեցի տաք ավազներին ու խոր քուն մտա առանց անհանգստանալու, որ Առյուծը կշրջանցի ճաղերը ու կհոշոտի իմ տակավին ճերմակափայլ մարմինը: Ու երազումս սիրամարգ տեսա, որն ամբողջովին աչքերով էր ծածկված: Այդ աչքերը նայում էին ինձ ու ցողվում արցունքներով…

Երբ արթնացա` Առյուծը պառկած էր նույն դիրքում: Մենք կրկին նայեցինք իրար աչքերի մեջ: Մի ամբողջ ամիս մենք զննում էինք միմյանց աչքերը: Ու ծովից զատ նշաններ տեսանք ու դեմքեր ու սիրամարգներ ու հազարավոր արեգակներ ու երկաթաճաղ վանդակներ տեսանք… Ու մեկ ամիս անց Առյուծը շրջեց հայացքը, որ ես ուրիշ ոչինչ չտեսնեմ, բայց մի մեծ կաթիլ պոկվեց նրա աչքերից ու պայթեց տաք ավազի վրա:

-Առյու՜ծ, -շշնջացի ես, -վերադարձիր քո ծովերին: Լքի՛ր այս անիծյալ ճաղերը, Առյու՜ծ…

Առյուծը միանգամից չպատասխանեց: Մի քանի ամիս լռեց, ապա ասաց.

– Եթե ես հեռանամ` կդադարեմ առյուծ լինելուց: Չէ՞ որ ես ոչ միայն անապատում ու ծովերում եմ ապրում, այլև քո մեջ ու ֆլորենցիացի դահճի հուշերում: Եթե ես հեռանամ` ինչ-որ տեղ կմեռնեմ` քո մեջ կամ էլ մի ուրիշ տեղ: Մինչդեռ ոչ ես և ոչ էլ ինձ սպասող ծովերը իմ մահը չենք փնտրում… Մի անգամ ես արդեն փորձել եմ տարբերվել մյուս առյուծներից, բայց ի՞նչ եմ շահել դրանից. լոկ այս ճաղերի և քո մելամաղձոտ հարևանությունը: Օ՜, ոչ, Մարդ, բավական է, բավական…

Բայց ես չեմ ուզում, որ դու տառապես, Առյուծ… Ես քեզ սիրում եմ…

– Սիրու՞մ ես… Ուրեմն, սպանի՛ր ինձ, Մարդ…

Ես տեղիցս ելա, որ շրջանցեմ պատը, բայց կատարվեց անսպասելին. Առյուծն աճապարանքով բացեց դռնակը և անցավ ճաղերի մյուս կողմը: Ես վազեցի նրա կողմը, բայց նա նորից պատսպարվեց: Այս անհեթեթ խաղը շարունակվեց ժամեր ու օրեր, շաբաթներ ու ամիսներ… Ու հոգնեցինք մենք ու ուժակորույս փռվեցինք եռացող ավազներին: Ես, մեջքիս վրա պառկած, նայում էի սակավաամպ երկնքին ու այնտեղ էլ  առյուծներ ու ճաղեր տեսա: Հետո ամպակերտ առյուծներն ու ճաղերն աղճատվեցին ու կորան: Ես շրջվեցի Առյուծի կողմը: Նա իր ծանր գլուխը հենել էր թաթերին ու փակել աչքերը: Մի քանի րոպե անց նա ծանր հառաչեց և նրա ռունգերից ելած օդի հորձանքը ցրիվ տվեց ավազի դեղին հատիկները:

* * *

– Բայց դու ինչու՞ վերադարձար, Առյուծ…

– Եթե ես հեռանամ և լքեմ քեզ ու ճաղերը` կկորչի թե՛ քո, թե՛ նրանց գոյության իմաստը: Դուք կկորցնեք ձեր ազատությունը, քանզի ես հիմա իրական առյուծ եմ, և դու հստակ գիտես ինչում է մարմնավորված քո վախը: Իսկ երբ ես հեռանամ` կդառնամ քո մշտնջենական մղձավանջը: Ինձ դու առերես չես տեսնի, բայց ամեն ինչում առյուծներ ես տեսնելու, ուստի ես և այս խայտառակ ճաղերը ոչ միայն քո բանտն ենք և բանտապահը, այլև քո ազատությունը… Հենց դա էր պատճառը, որ ես վերադարձա այստեղ… Կարոտը չէր պատճառը. կարոտը ես վաղուց եմ սպանել` ծվատելով իմ մագիլներով ու ժանիքներով: Մի՛ մեղադրիր ինձ, Մարդ, այլ հասկացիր, որ ես չեմ կարող հեռանալ: Ես էլ քեզ պես զոհ եմ:

– Ուրեմն սպանի՛ր ինձ, Առյու՜ծ, աղերսում եմ քեզ…

– Ես չեմ կարող, Մարդ, և դու դա գիտես: Քանի դեռ դու մարդ ես և ես առյուծ, մեր միջև պիտի շարունակվի այս զազրելի խաղը, որում երկուսս էլ թե՛ շահող ենք, թե՛ պարտվող: Եվ ոչ էլ դու կարող ես հեռանալ կամ մեռցնել ինձ: Եթե դա այդքան հեշտ լիներ, ինչու՞ պիտի տառապեին Սիզիփոսն ու նրա ցնդած տարեգիրը: Տեսնու՞մ ես ինչպես են գլորում քարը դեպի Օլիմպոսի բարձունքը: Որքան էլ սափրես գլուխդ` չես կարեղ ազատվել այն մազերից, որ քո ուղեղում  են ու ենթագիտակցությանդ մեջ … Ավելի լավ է` մտածիր, որ ես, դու և ճաղերը մի ամբողջություն ենք, որին տրված չէ տարանջատվել, իսկ ծովերը ունայն են, մեր երևակայության անիրական հեշտանքը, անուրջ ու տեսիլք… Ավելի լավ է դու՛ հեռացիր, Մարդ: Չէ՞ որ դու էլ ունես քո փափագած ծովերը: Ես չեմ ուզում, որ դու տառապես…

– Ես չեմ կարող, Առյուծ: Դու դա գիտես: Ես փորձեցի ազատվել մարդու բնազդներից, և դրա համար դատապարտվեցի այսպիսի կտտանքների: Սափրեցի գլուխս, բայց չկարողացա օտարել մարդկային արժեքները: Ես արդեն ծերանում եմ, և մազերս թափվում են, բայց ենթագիտակցությանս ու գեներիս մեջ տակավին արթուն են մազերն ու նրանց արմատները: Դա իմ ստվերն է, որ աստղերի լույսի տակ միշտ հետապնդելու է ինձ: Ես հանել եմ իմ աչքը և կտրել եմ ձեռքս, բայց անկարող եմ մոռանալ մազերս… Ների՛ր ինձ, Առյուծ, ես անկարող եմ քեզ օգնել: Հիրավի, ավելի լավ է համակերպվել այն մտքին, որ ես, դու և այս անխոս ճաղերը մի երրորդություն ենք, որը այլ կերպ գոյություն չունի, քանի մեր միասնության մեջ: Ների՜ր ինձ, Առյուծ, ների՛ր ինձ…

Առյուծը նայեց հեռուները ու մի քանի տարի ոչինչ չասաց: Հետո հանկարծ հարցրեց.

– Իսկ դու հիշու՞մ ես` երբ փոքր էիր հայրդ քեզ ինչով էր կերակրում:

– Հիշում եմ, առյուծի սրտով ու լյարդով, որ առյուծի պես քաջակորով ու ամեհի լինեմ:

– Իսկ ինձ համար հայրս մարդու սիրտ ու լյարդ էր բերում, որ մարդու պես ուժեղ ու անվախ լինեմ…

* * *

Անցավ ևս մի քանի տարի մինչ Առյուծը նորից դիմեց ինձ.

– Ասա՛ ինձ, Մարդ, խոստովանիր, դու վախենու՞մ ես ինձնից:

– Այո: Ես նայում եմ քո ամեհի ժանիքներին ու մագիլներին, ու սարսափի սառը քրտինքն է պատում ինձ: Ականջներումս քո մռնչոցի արձագանքն է ու փշոտ լեզվիդ խշխշոցը ձյունափայլ մաշկիս վրա:

– Բայց չէ՞ որ իմ ամբողջ դաժանությունը արտաքուստ է: Իմ ժանիքներն ու մագիլներն հենց այնպիսին են, ինչպիսին նրանց էությունն է, մինչդեռ ո՞վ գիտե ինչ դավեր են թաքնված քո արտաքուստ չքմեղ ատամների և դաշնամուրի ստեղների վրա նրբացած եղունգների ետևում: Իսկ քո լեզուն և շուրթերը…

– Իմ լեզուն և շուրթերը Օնային սիրելու համար են:

– Իսկ դու տեսե՞լ ես Առյուծուհու երազները… Նա հիմա իմ փշոտ լեզվի քնքուշ գգվանքն ու ժանիքներիս ու մագիլներիս սիրախտիտ խաղն է կարոտում: Եվ նա չի կարող սպանել իր կարոտը, քանի որ նրա սերն ավելի ուժեղ է, քան մարդը, քան առյուծը, քան ճաղերն ու ֆլորենցիացի դահիճը: Եթե ես ու դու էլ կարողանայինք այդպես սիրել, մեր ծովերը վաղուց մեր կողքին կլինեին…

* * *

Դարեր անց Ալիգիերի անունով ֆլորենցիացի դահճի հուշերն ընթերցող մարդիկ և առյուծները իններորդ պարունակում մի անապատ տեսան, նրա կենտրոնում` երեսուներեք քայլ երկարությամբ ժանգաշերտ, որի մի կողմում առյուծի կմախք էր ընկած, իսկ մյուս կողմում` մարդու:

Նրանց ոսկորներից ծովի հոտ էր գալիս…