Ծուխը

Մաշկս սարսռաց, ու ալիքը տարածվեց բոլոր բջիջներովս: Ու հյուսվածքներս ցնցվեցին` ազդարարելով նորի գալուստը:

Ես դուրս սողացի իմ կապանքներից ու տեսա, որ փողոցներովս ծուխ է հոսում: Ու ծուխը դանդաղաքայլ, խխունջի արագությամբ, տարածվում էր աջ ու ձախ` ընդարձակելով իր տիրապետության սահմանները:

Հետո զգացի, որ այդ ճերմակ ծուխը լցվում է աչքերս, ականջներս, ու արագանում է բջիջներիս թրթռոցը: Ու, երբ լեզվիս վրա զգացի նրա հպանցիկ մածուցիկությունը, հասկացա, որ ծխի քուլաները կոկորդովս հոսում-լցվում են թոքերս:

Վերջում ծուխը մտավ ռունգերս, ու ես վերջնականապես խրտնեցի: Սկսեցի վազել փողոցներով: Սկզբում ծուխը նոսր էր ու ծանծաղ, բայց քանի առաջանում էի` նա ավելի խիտ ու խորունկ էր դառնում: Սրտիս ահագնացող բաբախյունը մատնում էր, որ մոտենում եմ էպիկենտրոնին: Ծուխն իմ ականջներից, աչքերից, ռունգերից, բերանից ու մաշկիս միլիոնավոր կետերից սողոսկում էր ներս ու շղթայական պարպումով բազմապատկում բջիջներիս հորդացող էներգիան…

…Եվս մի քայլ, էլի մեկը…

…Ու տեսա Օնային: Նրանից ելնող սպիտակ ծուխը մտավ ուղեղս, ու գիտակցությունս ճերմակ գոլորշով ու դեղին օղակներով լցվեց: Ու մարմինս հարբեց Օնայի ծխով…

Գիշերն արթնացա ականջներումս մոլեգնող կարկաչյունից: Արյունս էր եռում երակներումս: Ու տեսա, որ կիսաբաց օդանցքից կաթնագույն ծուխը լցվում է սենյակս, թափվում հատակին, ապա հոսելով բարձրանում մահճակալիս վրա ու սողոսկում մարմնիս պատերից ներս…

Իմ անկողնում գիշերը ես որոնեցի իմ հոգու սիրածին: Ես որոնեցի նրան, բայց չգտա: Ու խենթացած բեռից այս չար մենության ես դուրս վազեցի քաղաքի հրապարակներն ու փողոցները, որ գտնեմ Ծուխը, նախքան նրանով այրվելս: Ծխով հարբած բոլոր զգայարաններս դավաճանում էին ինձ, ուստի ճեղքեցի կուրծքս ու վեր պարզեցի բոցավառվող սիրտս, որ իր հոտով գտնեմ Օնային: Ու երբ գտա, նրա մաշկը սարսռաց ու ալիքը վազեց հևացող մարմնի բոլոր բջիջներով: Ու հյուսվածքները ցնցվեցին` ազդարարելով Ափրոդիտեի մոտիկ ներկայությունը: Ու սարսռաց ծուխը ու գալարվեց վայրենի մոլուցքով… Ու իմ սրտից ելնող ճաճանչները ոսկի անձրևի ձևով դողացին ծխի կաթնահամ քուլաներում…