Կար-չկար մի լավ քաղաք կար: Ու այդ լավ քաղաքում մի լուսավոր փողոց կար: Այդ լուսավոր փողոցի վրա վարպետները մի գեղեցիկ շենք էին կառուցել: Այդ գեղեցիկ շենքի չորրորդ հարկում մի դատարկ միսենյականոց բնակարան կար: Ասենք դա բնակարանի նման էլ չէր. պարզապես մի մեծ սենյակ էր` մուտքի դռնով ու լուսավոր փողոցի վրա բացվող մեծ պատուհանով: Բայցևայնպես, նրա լրիվ անունն էր` լավ քաղաքի լուսավոր փողոցի գեղեցիկ շենքի չորրորդ հարկի միսենյականոց բնակարան:
Այդ սենյակը միայն մի բան գիտեր` սպասել: Նա սպասում էր այն բաղձալի օրվան, երբ բանալին կպտտվեր փականքի մեջ, դուռը ճռռոցով կբացվեր ու ներս կմտներ իր տերը: Ու սպասում էր բնակարանը: Նախ սրտատրոփ, ապա` ավելի փիլիսոփայորեն, հետո` համակերպված իր սպասմանը:
Մի աշնանային երեկո նա հատկապես անհամբեր էր սպասում: Դրսում, մթնշաղի հուշերում թաքնված լուսավոր փողոցի վրա, երկինքները անձրև էին մաղում, բարակ ու լուսավոր մի անձրև: Ու դիմացի մայթի խունացած նեոնային ցուցանակը ևս հուզմունքից թրթռում էր թաց մայթի վրա: Ու այդ բոլոր տեսիլքները նրան պատմում էին, որ հիմա բանալին կպտտվի փականքի մեջ, դուռը ճռռոցով կբացվի ու ներս կմտնի իր տերը` թաց մազերով մի աղջկա հետ: Ու նրանք հենց հատակի վրա, քանի որ սենյակում ոչ մի կահույք չկա, իրար սիրո խոսքեր ու համբույրներ կշշնջան… Ու այդ պահին սենյակի պատերի, առաստաղի ու հատակի մեջ շատացավ ադրենալինը: Ու սպասումը քարացավ, ու աշխարհի երջանկությունը մակարդվեց մինչև սենյակի պատերը…
Նա տագնապած դուրս նայեց ու տեսավ, որ լուսավոր փողոցը դատարկվել է: Ու արցունքները հոսեցին պատուհանի լուսավոր ապակիների վրայով… Հետո, երևի չներծծված ադրենալինից, սկսեցին ճռճռալ հատակի նրբատախտակները, ու պատերը սենյակին իր իսկ բանտը թվացին: Բայց քաղաքի պես մաքուր ու փողոցի պես լուսավոր էր նրա սիրտը: Ուստի նա շարունակում էր սպասել: Չէ՞ որ արդարացել է իր պես միլիոնավոր սենյակների սպասումը: Չէ՞ որ մի օր բանալին պտտվել է նրանց փականքի մեջ, ու ներս են մտել նրանց տերերը: Ու ժայթքել է միլիոնավոր սենյակների սպասումի արբունքը: Ու իրենց մարմնի ջերմն ու զովն են տվել այդ անվերջանալի սենյակներն իրենց տերերին, որոնք միշտ մտնում են իրենց սենյակները ժպիտով ու ուրախության ակնկալիքով: Պատից կախում են իրենց հոր ու մոր սևուսպիտակ լուսանկարը ու հետո սիրով են զբաղվում իրենց հոր ու մոր հայացքի ներքո: Իսկ հայրն ու մայրը նայում են իրենց որդուն ու նրա գրկում հևացող վարսագեղ ու սիրափողփող գեղեցկուհուն ու հիշում այն հին օրերի լավ քաղաքի ամենալուսավոր փողոցի վրա կառուցված գեղեցիկ շենքի չորրորդ հարկի գողտրիկ սենյակը, ուր իրենք էլ սիրով էին զբաղվում իրենց ծնողների սևուսպիտակ հայացքի տակ…
Ու երազում էր սենյակը ու սպասում: Բայց, միգուցե, ինքը շա՞տ չի սպասում… Միգուցե չկանչող ու թու՞յլ է իր սպասումը… Թե՞ ընդհակառակը` չափից դուրս զորավոր է իր ցանկությունը, ու տերը ենթազգայորեն վախենու՞մ է իր գիրկը գալ: Կամ էլ մի հիմար Պինոքիո կորցրել կամ վաճառել է իր դռան բանալին, ու հիմա պարթևատես ու գեղանի տիրոջ փոխարեն մի պառաված ու ամուլ կրկեսատե՞ր է մտնելու իր մեջ: Մտնելու է այլանդակ շարժուձևով, առանց սիրո կախարդական խոսքերի բացելու է իր դուռը, ցավ ու կոպտություն է բերելու սիրացնոր քնքշության փոխարեն ու հետո խռմփացնելու է` մեջքով իրեն դարձած… Այս պատկերի ահից փշաքաղվեցին սենյակի պատերը: Նույնիսկ ճռճռացող հատակը սարսափից լռեց…
Բայց չէ՞ որ ինքն այնքան սեր ունի տալու իր տիրոջը, ավելի շատ, քան մի որևէ այլ սենյակ: Մի տաք երեկո բանալին կպտտվի փականքի մեջ, դուռը ճռռոցով կբացվի, նա հոգնած ներս կմտնի ու իր սև կոստյումով անուժ կփռվի տաք հատակին: Այդ ժամանակ սենյակը նրբաքայլ կմոտենա նրան ու անձայն հպումով կհանի նրա կոշիկները, կարձակի փողկապի հանգույցը ու վերնաշապիկի վերին կոճակը: Ու իր մեղմ ձայնով, դիմացի մայթի նեոնային ցուցանակի խունացած լույսով թաթախուն, նրան բարի գիշեր կմաղթի: Նա իր թրթռացող մատներով կբռնի տիրոջ մեծ ու ամուր ձեռքը ու անձայն կպատմի նրան այն հեքիաթները, որ տեսել է իր մաքուր աչքերով լուսավոր փողոցի վրա: Հետո քնքուշ գգվանքով կհպվի տիրոջը ու նրա ականջին կշշնջա սիրո խոսքեր: Կպատմի, թե ինչպես է երազել նրա ձեռքերի ուժն ու մատների հանդարտ մոլուցքը: Կպատմի, թե ինչքան է անքուն լիալուսնի գիշերներին հևոցով սպասել, որ բանալին պտտվի փականքի մեջ, դուռը ճռռոցով բացվի, ներս մտնի իր տերը, մի ամուր մեխ խփի իր չորս պատերի ամենաթեժ կետին ու կախի սևուսպիտակ լուսանկարը: Ու ինքը կներկի իր քաջաբազուկ տիրոջը իր երջանկության ներկակալի կաթնաբույր թրթռոցով… Եվ այնքան է թրծվել իր սերը սպասումի բոցերում, որ ինքը պատրաստ է ոչ միայն հանդուրժել, այլև ինչ-որ ձևով փայփայել այդ դալուկ ձեռքերով ու հեշտաթույր վարսերով գեղեցկուհու անցողիկ գոյությունը անգամ… Հիրավի, ի՜նչ են նրա սիրային վտիտ խաղերը իր սիրային փիլիսոփայության խաղերի հանդեպ: Մի՞թե դա մի ժամանակավրեպ անհեթեթություն չէ իր զգացմունքի հավերժության կողքին, մի թույլ մակդիր Սեր կոչվող հավերժությանը կառչած… Եվ մի հիմար Պինոքիո, որն անհանդուրժելի անզգուշությամբ կորցրել կամ վաճառել է սենյակի բանալին, կարոտի ու սպասումի այս հանճարը նսեմաբար խանդ է հորջորջելու: Եվ ոչ ոք չի էլ իմանալու, ու՞ր մնաց թե հասկանալու, այս լավ քաղաքի լուսավոր փողոցի գեղեցիկ շենքի չորրորդ հարկում ապրող միսենյականոց բնակարանի չհորդած սիրո հեքիաթը…
Ու չմակարդված սիրո բառերից ու չներծծված ադրենալինից ճաքճքեցին նրա պատերը, ու սևուսպիտակ մի լուսանկար չսքողեց նրանց մերկությունը: Պատուհանի ապակին պատվեց զգացմունքների ու սրտի հևքի փոշով, ու սենյակը չտեսավ լուսավոր փողոցով հոսող կանաչ ժամանակի ծփանքը: Ու քարացավ նրա սպասումը, ու ինքն էլ սպասումից քարացավ: Ու լռեց նրա սիրո փիլիսոփայությունը, քանի որ այլևս չէր լսում ո’չ փականքի մեջ պտտվող բանալու ձայնը, ո’չ դռան ճռճռոցը, և ո’չ էլ իր տիրոջ գալստյան տեսիլքը:
* * *
Բանալին պտտվեց փականքի մեջ, դուռը Ճռռալով բացվեց, ու ներս մտավ կրկեսատերը: Նա այլանդակ շարժուձևով ներխուժեց սենյակ, պառկեց հատակին ու, ինքնաբավարարումով զբաղվելուց հետո, խռմփացրեց` մեջքը դեպի սենյակը դարձրած: