Ես կռացա և առանց շտապելու ձգեցի նրբաքուղերս:
Կրկնակի ոլորեցի և կապեցի ժապավենի ձևով:
Կանգնեցի և նայեցի շառագունող հորիզոնի կողմը:
Հետո հայացքս բարձրացրի վեր:
Շուրթերիս անլսելի բառեր հայտնվեցին, իսկ դեմքիս երկնքից իջած սպիտակ աղավնու թևը դիպավ:
Ինչ-որ բառեր լսվեցին երկնքից, որ շատ քչերի ականջին հասան:
Ու, թեև շրջապատում ոչ ոք չկար, ես վեր պարզեցի դրոշս, որ բոլորը կարողանան տեսնել այն:
Մարմինս թեթևակի առաջ հրեցի և աջ ոտքով կատարեցի իմ առաջին քայլը այս հողի վրա:
Ու հողը ընկրկեց` զգալով իմ քայլի ծանրությունը, ուժը և զորությունը:
Հետո դրեցի ձախը:
Նորից աջը:
Եվ, դրոշս բարձր պարզած, վազեցի դեպի երկնքի սպիտակ ամպը:
Եվ չորս դիս սփռված արձանների մեջ սառած ու քարացած հոգիները սկսեցին հալվել ինձնից ճառագող Լույսի փառքից:
Առաջին մարդիկ, որ հանդիպեցին իմ ճանապարհին, կեղտոտ մայթի վրա հավաքված ձկնավաճառներն էին:
Ես ժպտացի նրանց, և նրանք` սիրավառ ու սարսափած դրոշիցս թափվող Լույսից, թողեցին ձկնով լի զամբյուղները ու վազեցին իմ ետևից:
Հաջորդ փողոցի վրա դրոշիս Լույսը վառեց ու ցնդեցրեց հացի հերթ կանգնած մարդկանց վրայի փոշին ու բորբոսը:
Նրանք պոկվեցին մայթից ու մեծ ու փոքր վազեցին իմ ետևից:
Հետո կույրեր ու կաղեր, մեռածներ ու մահամերձներ վազեցին իմ ետևից:
Թագավորներ ու մուրացկաններ, կույսեր ու բոզեր, վաճառականներ ու աղքատներ, ասպետներ ու ավազակներ, պալատականներ ու շրջմոլիկներ, բժիշկներ ու մարդասպաններ վազեցին իմ ետևից:
Ես շատերին կանչեցի, բայց քչերին ընտրեցի:
Ու, երբ արեգակի առաջին ֆոտոնն իր հետ բերեց Լուսաբացի ինֆորմացիան, Մեծ Քաղաքի բնակիչներից ամենամաքուրները վազում էին իմ ետևից դեպի Երկնքի սպիտակ ամպը, դեպի Օլիմպոս, դեպի մագնիսի պես իրեն ձգող Փառքը:
Ես երեք օր ու երեք գիշեր պիտի Օլիմպոսի բազմապատիվ հյուրը լինեմ: