Նախաբան

«Զրադաշտի անտիպներից» ժողովածուն մեկ գործ է, թեև կազմված է առանձին նովելերից: Ուստի պատահական չէ, որ տարբեր հատվածներում կրկնվում են գործող անձինք, մեջբերումները, հանգամանքները, մյուս կապող օղակները: Քնարական հերոսի դերում հենց ընթերցողն է: Կարծում եմ` նա իրեն հարազատ ո՛չ մեկ միտք կամ գաղափար կգտնի այս գրքում: Ամեն դեպքում, համարյա յուրաքանչյուր նովելում, երբ Ա-ն խոսում է Բ-ի հետ կամ մասին, միշտ ենթադրվում է Գ-ի թաքնված ներկայությունը և, երբեմն, ուղղակի առնչությունը թեմային: Մյուս կողմից, յուրաքանչյուր կերպարի ետևում իրական անձնավորություն է կանգնած: Նրանց հայտնագործելու ազատությունը դարձյալ վստահվում է ընթերցողի երևակայությանն ու հանճարի չափին: Միակ նկատառումն այն է, որ «Զրադաշտի անտիպներից» ժողովածուն ընկալվի որպես մեկ ամբողջություն, որը ոչ այնքան փորձում է բացատրել աշխարհը, որքան արտացոլել այն, թեև, անկասկած, դա չի արվել լավագույն ձևով: Մի բան կասկածից վեր է. եթե ամեն ինչ իդեալական լիներ այս աշխարհում, ապա «Զրադաշտի անտիպներիցը»  պարզապես չէր ստեղծվի:

Երբ որոշում ես պատկերել աշխարհը, սկսում ես մանկական խճանկարի պես երևակայությանդ սահմաններում գտնվող տարածությունը լցնել քո տեսածով ու զգացածով: Աստիճանաբար այդ նկարն ամբողջանում է, և հանկարծ զարմանքով հայտնաբերում ես, որ, ինչպես Բորխեսն էր ասում, ինքդ քեզ ես պատկերել: Ու, թեև առայժմ ամբողջական չէ այդ խճանկարը, այսուամենայնիվ տեղ-տեղ նրա հատվածներն արդեն միացած են իրար ու լրացնում են մեկը մյուսին:

Եվ վերջին մեկնաբանությունը. գրեթե բոլոր նովելները դիտավորյալ հագեցված են սիմվոլիզմով, իրական անցքերով ու դեմքերով: Ընդսմին, «Զրադաշտի անտիպներիցը»  գրական-գեղարվեստական գործ է, և թող հենց այդպես էլ ընկալվի:

Համբերություն քեզ, ընթերցող:

Հեղինակ

ապրիլ 1997 թ.