(Միայն մորս է հայտնի, թե որքան եմ ես տառապել)…
…Հավիտենական խավարի մեջ խարխափող կույրի նման ես փնտրում էի իմ Սիրուն` երազներիցս ծնված իմ կեսին: Օր ու գիշեր, ամեն րոպե ու վայրկյան, ցերեկները` ուղեղով ու աչքերով, գիշերները` հոգուս թափառական քայլերում, անգիտակցության մեջ` ենթագիտակցությանս չլռող զգայարաններով ես փնտրում էի նրան: Փնտրում էի` ինչպես կույրն իր գավազանը կամ թե մի որևիցէ պատ է փնտրում, փնտրում էի` ինչպես մայրն իր «զոհված§ որդուն է փնտրում, փնտրում էի` ինչպես ալքիմիկոսը փիլիսոփայական քարն է փնտրում, փնտրում էի` ինչպես ախոյանի դեմ կանգնած ռազմիկն իր կորած սուրն է փնտրում…
Էլդորադոյի գանձերը գտած Կորտեսը, թերևս, այնքան չէր ուրախանա, որքան ես, եթե գտնեի իմ Սիրուն… Եվ անքննին հոգեկան տառապանքիս առհավատչյան էին օր-օրի ավելի ու ավելի դեղնող մաշկս և աչքերիս ծիածանաթաղանթների խորքում կուտակվող մոլի դաժանությունը: Եվ ինձնից բուսնող բոլոր սիրային ճառագայթները անդրադառնում էին` զարնվելով անլույս խավարին. խավար, որի մեջ կորչում է ոչ միայն այն, ինչ փնտրում ես, այլև` գտնելու հույսը: Եվ ո՛չ գինին, ո՛չ էլ ափիոնը ի վիճակի չէին թեկուզ մեկ ակնթարթ զսպել հոգուս ցավը, որ գերեզմանի անխոնջ որդի պես օր ու գիշեր կրծում էր հոգուս լույսը և մտքիս պայծառությունը: Իսկ զգացմունքներս այնքան էին սրվել, որ կարող էի անգամ միլիոնանոց ամբոխի մեջ հոտառությամբ գտնել Նրան, և կամ լսել Նրա ոտնաձայները նույն միլիոնանոց ամբոխի քաոսային քայլերի որոտի մեջ, եթե Նա լիներ: Բայց նույնիսկ տարերայնորեն ծնունդ առնող յոթերորդ զգայարանս չկարողացավ օգնել ինձ, այլ ընդհակառակը` ենթագիտակցությանս ենթագիտակցության մեջ ծնվել ու հզորանում էր այն միտքը, որ ես երբեք չեմ գտնելու նրան. համենայնդեպս այնտեղ, որտեղ փնտրում եմ:
Հոգուս գույներից ու աշխարհի ծաղիկներից ու Երգերի Երգից քանդակված գեղեցկուհուս անդրիին նույնիսկ Օլիմպոսի հզոր աստվածները չկարողացան շունչ պարգևել, իսկ Եհովայից ես վախենում էի խնդրել, պարզապես վախենում էի…
Եվ այլևս անհույս, որ երբևէ կգտնեմ Նրան դրսում, ես սկսեցի փնտրել Նրան իմ մեջ: Վերածննդի նկարիչների վրձնի գույները շա՜տ համեստ կթվային` ի համեմատություն այն գույների, որոնցով ես էի պատկերում իմ սիրո էակին: Եվ զոհեր էի մատուցում Ափրոդիտեին, որ նա հանկարծ չնախանձի իմ սրտում հառնող էակի գեղեցկությանը և, փշրելով Նրա պատկերը, իմ սիրո տվայտանքները չդարձնի դատարկության մեջ խեղդվող ձայն:
Կուրացած հանդեպ արտաքին աշխարհի` աչքերս բացվեցին դեպի իմ ներսը: Եվ այն ամենը, ինչ չկար իմ դրսում (համենայնդեպս` չկար ինձ համար), սկսեց ուրվագծվել իմ ներսում: Հետո այդ պատկերները սկսեցին կենդանանալ, ապա` խոսել և զրուցել ինձ հետ: Ու երբ հարազատներս հաճախ ինձ տանում էին հոգեբույժի մոտ` պատճառաբանելով, թե ես զրուցում եմ ինքս ինձ հետ, ես աշխատում էի հնարավորին չափ անբռնազբոսիկ և բնական երևալ: Այսուհանդերձ, այնպիսի ճշտությամբ էի որսում հոգեբույժի հարցերի գաղտնի իմաստները և տալիս այնքան դիպուկ պատասխաններ, որ նա ինձ հանգիստ ազատ էր արձակում` նույնիսկ հոգու խորքում կասկածի չենթարկելով իմ առողջ բանականությունը: Իսկ ես, քթիս տակ ժպտալով, կրկին շտապում էի առանձնանալ, որ մենակ մնամ Սիրուս և ինձ հետ: Ու զրուցում էի նրա հետ ու վայելում այդ անապական անդորրը որպես չվերջացող հոգեկան հեշտանք:
Ու մի օր ես բերկրանքով հայտնաբերեցի, որ իմ մեջ արդեն ծնվել է Նա` իմ Սերը, ու ես հոգուս միլիարդավոր աքսոններով կապված եմ Նրան: Նա իմ մեջ էր, իմ ամեն բջջիջում: Իմ յուրաքանչյուր մտքի ու գաղափարի ընկերքն էր Նա: Ես երազում էի առանց աչքերս փակելու` ինչպես Էդգարն էր ինձ սովորեցրել: Վառվում էի սիրուց ու առավոտները հաճախ արթնանում էի գիշերվա երազների շնչով հարբած ու երազախաբությունից դեռևս թաց առնանդամով:
Ու երևի հենց երազներումս էլ կշարունակվեին իմ կիսապլատոնական սիրային արկածները, եթե մի օր ես հանկարծ իմ մերկությամբ չկանգնեի հայելու առաջ: Օ՜, երկնային ուժեր, մի՞թե սա ես եմ… Հայացքս փոխված է, դեմքս` նույնպես: Մաշկս կարծես նրբացել է, կոնքս` լայնացել, ուսերս` նեղացել: Թևերս բարակել են: Կուրծքս մի տեսակ դուրս է ցցվել ու փափկացել: Բայց ամենաանսպասելի նորությունը դեռ առջևում էր: Մի առավոտ ես արթնացա արյունով ողողված անկողնում: Մի քանի րոպե ես ապշահար նայում էի և փորձում գտնել մաշկիս վիրավորված հատվածը: Բայց հանկարծ մի անծանոթ ու հաճելի ցավ զգացի որովայնիս խորքում: Հաջորդ պահին շոշափեցի ոտքերիս միացման տեղը, և վերջին կասկածս փարատվեց. ես աղջիկ էի դարձել…
* * *
Երբ անցավ հոգեկան ադապտացիայի առաջին շրջանը, ես զգացի, որ այլևս յուրովի եմ ընկալում շրջապատս և առարկաները: Ինձ սկսել էին հետաքրքրել այնպիսի բաներ, որ նախկինում ես չէի էլ նկատում: Դա իմ մեջ ծնված սիրուհիս էր խաղում շրջապատի և ինքն իր հետ: Ես այլևս երկու հոգի էի` մի մարմնի մեջ: Եվ այն մշտական ներքին պայքարը, որ կար այդ երկուսի միջև, ուժ ու էներգիա էր հաղորդում ինձ: Ես դարձա մեկ միավորառանց զրոների և առանց տոկոսների, մի կատարյալ ամբողջություն, որի մեջ պարփակված են իր սկիզբն ու վերջը, սպիտակն ու սևը, վերևն ու ներքևը, տառապանքի ցավն ու քաղցրությունը: Եվ ես հրճվում էի, հրճվում` ինչպես իր գավազանը կամ թե մի որևիցէ պատ գտած կույրն է հրճվում, հրճվում էի` ինչպես իր «զոհված» որդուն գտած մայրն է հրճվում, հրճվում էի` ինչպես փիլիսոփայական քարը գտած ալքիմիկոսն է հրճվում, և հրճվում էի` ինչպես իր ախոյանի դեմ կանգնած ռազմիկն է հրճվում` մոտալուտ հաղթանակի ձայնը անսալով և սպանելու մարմաջով այսահարված…
Եվ ես հասկացա, որ սիրահարված եմ, որ սիրում եմ… ինձ, ինքս` ինձ: Ու հիմա օր ու գիշեր տառապում էի, քանզի չգիտեի ինչպե՞ս սիրո խոստովանություն անեմ ինքս ինձ, ինչպե՞ս այդ պահին նայեմ աչքերիս, ի՞նչ խոսքեր շշնջամ, որ հավատամ ինքս ինձ, ինչպե՞ս բռնեմ ձեռքս և ինչպե՞ս համբուրեմ շուրթերս… Հոգեկան երկվությունս տանջում էր ինձ, և այդ տանջանքից ես հաճույք էի ստանում: Եվ հանուն այդ հաճույքի ինձ ստիպում էի կրկին տառապել…
* * *
Ամեն ինչ ինքստինքյան ստացվեց: Ես մոտեցա հայելուն և առանց վախի նշույլի նայեցի աչքերիս մեջ: Ես դուրս եկա հայելու միջից և կանգնեցի իմ առջև: Նայեցի աչքերիս մեջ: Հետո բռնեցի ձեռքս և մոտեցրի շուրթերիս: Հետո` առաջին համբույրը, հետո` երկրորդը, որն այլևս չընդհատվեց: Ես գրկեցի ինձ և տարա դեպի անկողնակալ…
Մեկ լուսին անց զգացի, որ հղի եմ:
Ես ուրախ ու երջանիկ եմ իբրև մայր և հպարտ իբրև հայր: Ես սիրում եմ ինձ: Ես իմ կինն եմ և տղամարդը: Եվ դա իմ կատարելությունն է: Իսկ ինչ վերաբերվում է մորս` Ֆրոյդին, կարծում եմ` նա ինձ կհասկանա. չէ՞ որ ես նրա գաղափարից ծնված անառակ որդին եմ:
(Հավատա՛, սիրելիդ իմ մայր, ես շա՜տ եմ տառապել պանդխտության մեջ: Բայց ես վերադարձա, մա՛յր: Ես սիրում եմ քեզ շա՜տ և սիրում եմ ինձ: Եվ անունս էլ քո անունն է: Գրկի’ր ինձ, մայր, չէ՞ որ ես հերմաֆրոյդիտ եմ):