Մոցարտ և Սալիերի

Սիրելիդ իմ Անտոնիո,

Միայն դու կարող ես արդարացնել իմ սերը: Դու կայցելես ինձ վաղը երեկոյան, բայց ես արդեն իսկ զգում եմ քո խրոխտ քայլերի նրբին արձագանքը սրտիս պատերի մեջ: Վաղուց եմ լսում: Դեռ մորս արգանդում ես անգիտակցորեն սպասում էի քեզ ու կարոտում քո հզոր ձեռքերի գգվանքը: Ու խանդում էի դաշնամուրի լույսումութ ստեղները, երբ քո մատներն էին դիպչում նրանց: Ու մորս արգանդում խլրտում էր սիրտս սիրո ակնկալիքով, փակ աչքերս ջուր էին կտրում քեզ տեսնելու փափագից, իսկ շուրթերս շշնջում ու ճչում էին քո անունը, քո կանչող ու տանջող անունը:

* * *

…Միայն դու գիտես, թե ինչը ինձ ստիպեց նստել դաշնամուրի առաջ ու փարվել նրա քնքուշ ելևէջներին իմ փոքրիկ մատներով: Այդ ժամանակ ես շատ փոքր էի ու չէի հասականում ինձ կանչող այդ ուժը և անկարող էի բացատրել այդ հզոր դաշտի խորհուրդը: Պարզապես իմ մանուկ հոգու կանչն էր դա: Մինչ իմ հասակակից տղաները բառերից առաջին սիրո բանաստեղծություններն էին հյուսում, ես սրտիս կարոտը փորձում էի հանել դաշնամուրի հետ զրուցելով ու հոգուս գաղտնիքները նրան վստահելով: Ու իմ մատների ծայրերից բխող զգացմունքները ստեղների թրթռոցով հաղորդվում էին դաշնամուրին ու անտեսանելի գգվանքով դողացնում նրա սրտի լարերը: Դաշնամուրի հոգեպարար դաշտը եթերային քամու պես մտնում էր իմ մեջ ու մեղվի հոլանի խաղով հափշտակում սիրուս ծաղիկների նեկտար հատիկները: Այդ խաղից զվարթանում էր սիրտս: Արյունս լեռնային արագահոս վտակի պես կարկաչում էր երակներումս, իսկ ենթագիտակցությանս ծաղիկները հարբում էին սիրո բերկրանքից ու հղանում նորանոր գույներով: Այդ գույները ճախրում էին իմ մեջ, հոգուս ծփանքով մոդուլացվում սրտիս բաբախյունին, ապա մատներիս խաղով գուրգուրում դաշնամուրի սպասող ստեղները, դառնում լույսումութ նոտաներ ու լցնում Տիեզերքը…

Քնելուցս առաջ մայրս ինձ համար Երգ Երգոցն էր կարդում: Հետո համբուրում էր ինձ ու մաղթում բարի գիշեր: Այդ երկա՜ր ու բարի գիշերվա ընթացքում երգերի երգն էր հնչում ականջներումս սրտիս մեջ, իսկ հոգիս աստղերը հաշվելով թափառում էր դաշնամուրի ստեղների լույսումութ լաբիրինթոսում: Այդ հրաշք բավիղի հայելիներում ես տեսնում էի ձիեր, ծառեր, մարգագետիններ, ստեղներ, մորս դեմքը, արշալույսն ու մայրամուտը, քաղաքում շրջող խրոխտ պահապաններին, առնետներ, կատուներ, փայտահատներ, ամպեր, գրիչ ու թուղթ` վրան կիսատ մի երգ, արևն ու լուսինը, աստղեր, մանուկներ, աստղե՜ր, ջարդված մի վարդ, տաքությամբ շնչող բուխարու կրակը, մութ անտառում ոռնացող մի գայլ, արտասվաթոր Տիրամորը, Խաչն ուսերին կրող տառապյալ մի հոգի ու շա՜տ ծաղիկներ… Ես քաղում էի այդ ծաղիլներից, պսակ հյուսում ու թագադրում ինձ ծաղկե պսակով: Իսկ առավոտյան կրկին շտապում էի դաշնամուրի մոտ ու պատմում նրան իմ գունագեղ երազները: Սրտիս ու հոգուս գեղադիտակում արտացոլված աշխարհը դառնում էր երգող ստեղներ, դառնում ձայն ու լցնում Տիեզերքը:

Իմ մեջ աստիճանաբար խտանում էին աշխարհի գույները, կուտակվում ու լցնում իմ Տիեզերքը նրբին երանգներով, լույս ու ստվերի նոր խաղերով:  Մի օր, այդ խաղերից մեկի ժամանակ, անսովոր թփրտաց սիրտս: Ու արյանս շառաչյունը մի նոր հնչյուն ավելացրեց երակներիս, թվում էր` համապարփակ սիմֆոնիային: Ինքնաբուխ մի նոտա ծնվեց մատներիս տակից, հետո` մյուսը, ու էլի…

Այդ ծնվող ռիթմը նախ հանդարտ էր, բայց լիովին ղեկավարում էր իմ փթթող էներգիան: Նա, երազիս գույներով շպարված, պտտվում էր իմ մեջ, մատներիս հպումով անցնում դաշնամուրին, պաղանում նրա արծաթ լարերի վրա, հետո լարերից կրկին անցնում լույսումութ ստեղներին, նրանց պարով փարվում մատներիս ու արձագանքում իմ մեջ: Այս ցիկլը կրկնվում էր` ստեղծելով շնաշխարհիկ մի ռիթմ: Այդ ռիթմը լրիվ կլանեց ինձ, և մատներս ղեկավարող ուղեղս աստիճանաբար զիջեց իր տեղը սրտիս, ապա հոգուս, ու հետո` ենթագիտակցությանս: Ամեն ինչ սկսվեց կատարվել ինձնից անկախ: Փուլ առ փուլ ռիթմը սկսեց արագնանալ` կրկնելով միևնույն ցիկլը իմ և տիեզերական դաշնամուրի միջև: Ես ծածկեցի աչքերս, որ հավասարակշռությունս չկորցնեմ: Մեղեդու զարգացմանը զուգընթաց իմ ու դաշնամուրի կապն ավելի ու ավելի ենթագիտակցական էր դառնում: Երազիս մութ անտառներում ոռնացող գայլի բնազդներն էին այլևս կառավարում մեզ: Հաջորդ պահին գիտակցությունս պարուրվեց անթափանց շղարշով, մարմնիս բոլոր բջջիջները` մազերիս ծայրից մինչև ոտքերիս եղունգները, թրթռացին անզուսպ դողով ու իրենց ահավոր էներգիան մղեցին դեպի որովայնիս խորքը: Ու լուծվեց կուլմինացիան ահավոր ռեզոնանսով…

Հետո եկավ կինը ու խաղաղության ու հանդարտության հետ բերեց իմ երկվության ծիլերը: Շուտով խաղաղությունս դարձավ թվացյալ, ու ես տառապում էի, քանզի երկփեղկվել էր իմ գույների աշխարհը: Ու ես Տիեզերքը պատկերելու համար այլևս երկու ներկակալ էի օգտագործում` դաշնամուրն ու կինը, և չունեի դրանք համատեղելու հնարավորությունը: Նախնական ոգևորությունս և անճարակ փորձերս ոչինչ չտվեցին. չծաղկեց կնոջ մեկնած խնձորից բուսած ծառը: Ամուլ էր այդ տնկին ինձ համար: Սիրտս ու հոգիս սեր էին փնտրում և այդ անօգուտ որոնումներից մարմինս էլ օր-օրի չորանում ու վայրենանում էր անխնամ պարտեզի պես: Եվ տիեզերական ոգեշունչ ռիթմերի նրբին հարմոնիկները սկսել էին գոլորշանալ ու անվերադարձ ցնդել իմ մեջ կուտակվող հոգեկան էներգիայի չհորդացող լավայում: Եկող կանանցից և ոչ մեկն իվիճակի չէր ըմբռնել ու արդարացնել իմ սիրո եռանդը, ուժն ու խորությունը, զգացմունքներիս մաքրությունն ու անկեղծությունը, հոգուս կարոտն ու սրտիս հույզը…

Քնելուց առաջ կարդում էի Երգ Երգոցը, ու փակվում էին սպասումից կուրացող արքերս: Մղձավանջն էր պարուրում հոգնած երևակայությունս ու ուժի ահագնությունից խոնջացած զգացմունքներս: Ու ենթագիտակցությունս երազիս հայելիներում նկարում էր ձիեր, ծառեր, մարգագետիններ, ստեղներ, մորս դեմքն արցունքապատ, արշալույսն ու մայրամուտը, քաղաքում շրջող հոգնած պահապաններին, մի առնետ, կատուների ոհմակ, ուժասպառ փայտահատներ, հեռացող ամպեր, գրիչ ու մի սև թուղթ, արևն ու լուսինը, աստղեր, վշտոտ մանուկներ, աստղե՜ր, փշոտ մի վարդենի` առանց ծաղիկների, բուխարու մարող կրակը, մութ անտառներում ոռնացող մի գայլ, արտասվաթոր Տիրամորը, Խաչն ուսերին կրող տառապյալ մի հոգի ու շա՜տ սև ու սպիտակ ծաղիկներ… Ես քաղում էի այդ ծաղիկներից ու թագադրում ինձ ծաղկե պսակով, բայց հաջորդ պահին արյուն էր հոսում քունքերովս ցած: Ես ձեռքերս սարսափահար տանում էի դեպի գլուխս ու ոռնում ցավից, քանզի ծաղիկների փոխարեն փշե պսակ էր իմ գլխին: Ու ոռնում էր հոգիս ռեքվիեմի հնչյուններով, ու արթնանում էի ես հուսահատ ու հոգնած…

Ես հայելի էի փնտրում պատկերս տեսնելու համար: Երաժշտությունը եղավ հոգուս հայելին, բայց պատկերը կատարյալ դարձնելու համար սրտիս արտացոլանքն էլ էր պետք: Ես դա փորձեցի գտնել կնոջ մեջ, բայց, ավա՜ղ, կինն ինձ համար չդարձավ այն տիեզերական հայելին, որի մեջ ակնկալում էի տեսնել զգացմունքներիս արտացոլումը: Ուստի ես մերժեցի կնոջը. նա ինձ այլևս հետաքրքիր չէր: Նա երկրային բնության ծնունդ էր, մինչդեռ իմ զգացմունքները նրբացած էին ու երկնամերձ… Հենց այդ պահին էր, որ ես կրկին հայտնագործեցի քեզ: Օտարելով կնոջը` ես ճանաչեցի քեզ…

* * *

Սիրելիդ իմ Անտոնիո, դու՛, միայն դու կարող ես արդարացնել իմ սերը: Վաղը երեկոյան դու կայցելես ինձ, բայց ես արդեն իսկ զգում եմ քո խրոխտ քայլերի նրբին արձագանքը սրտիս պատերի մեջ: Երբ գաս` մենք գինի կխմենք, ապա ես դաշնամուրի վրա կերգեմ քեզ համար իմ սիրո ներբողները: Դու կհասկանաս իմ սերն ու կըմբռնես իմ զգացմունքները: Քո նրբազգաց հոգին կպարուրի սրտիս ու հոգուս խորունկ էությունը, ու ես կրկին ենթագիտակցական մի անզուսպ հեշտանք կապրեմ: Ու դաշնամուրի լույսումութ ստեղները կդողան Սիրուս պոռթկումից ու բջիջներիս թրթռոցից…

Իսկ երբ կհեռանաս` ես կըմպեմ թունախառն գինին, քանզի արդեն իմ գնալու ժամը կլինի, որովհետև ես արդեն գտել եմ այն, ինչ փնտրում էի ողջ կյանքումս. ես գտել եմ Սերը: Սիրում եմ քեզ, Անտոնիո, սիրում եմ քեզ…

Հավերժ քո` Վոլֆգանգ

4 դեկտեմբերի 1791